Mane Minasyan

Հայաստան ասելիս

Փոքր տարիքում, երբ այս նույն ամսաթիվն էր մոտենում, վերցնում էի հանրագիտարաններն ու պատմության գրքերը, սկսում փորփրել անցյալն ու իր գաղտնիքները:

Այս տարի, քանի որ մի քիչ մեծացել եմ, ուզում եմ խոսել այն մարդկանց հետ, ովքեր տեսել են Հայաստանը ոչ անկախ տարիներին, տեսել ու ապրել են անկախ Հայաստանում, այն մարդկանց հետ, ովքեր կյանքի գնով են պահպանել այդ անկախությունն, ու այն մարդկանց, ովքեր ծնվել ու ապրում են անկախ Հայաստանում, ովքեր տերն են այս անկախ Հայաստանի:

Ուզում եմ հասկանալ այս 25 տարվա պատմությունը, ուզում եմ իրենց հպարտ աչքերը տեսնել Հայաստան ասելիս:

Ուզում եմ ու այդպես էլ անում եմ:
Վերցրեցի  թուղթն ու գրիչը, ու քայլերս ուղղեցի դեպի ուսուցչանոց: Ուսուցչանոցի աթոռներն ազատ էին, սակայն ես պետք է գտնեի դպրոցի քայլող հանրագիտարանին՝ պատմագետ Վերա Խաչատրյանին: Քայլերս ուղղվում են դեպի այն դասարան, որտեղ, ըստ դասացուցակի նա դաս է պարապում:
Դուռը կիսաբաց էր, միջանցքի լռության մեջ լսվում էր միայն նրա ձայնը. «Անկախությունը յուրաքանչյուր հայի համար դարերով  երազած օդ ու ջրի նման անհրաժեշտ մի իրողություն է»… Ըհը, թեման էլ համապատասխանում է:
Մտնում եմ ներս ու անմիջապես հարցնում.

-Իսկ ի՞նչ տվեց այդ անկախությունը:

-Անկախությունը մեզ տվեց անկախ հայրենիք, առաջին հերթին, որտեղ ես երազում էի ապրել ազատ, կենսամակարդակը բարձր հայրենիքում` հայրենի հողի վրա, բայց ինչպես մեր հայոց մեծերից մեկն է ասել. «Ես  այսօր համոզվեցի,  որ պետությունը պատկանում է իշխանությանը, իսկ երբ վտանգ է սպառնում այդ տարածքին, այն վեր է ածվում հայրենիքի և տրվում հասարակ ժողովրդին»:

-Իսկ ի՞նչ կորցրեցինք անկախացման ընթացքում:

-Այս ընթացքում հայ ժողովուրդը կորցրեց այն բավականին բարձր մակարդակի հասած սոցիալական ապահով վիճակն ու կենսամակարդակը: Ճիշտ է, նվաճումներ ունեցանք շատ բնագավառներում, բայց այն միջին բարձր սոցիալական վիճակը, որում գտնվում էին մեր ժողովրդի 90%-ից ավելին, այսօր չկա: Այսօր կա հասարակության բևեռացում` մի բուռ վերնախավ ու մեծամասնականների խիստ ցածր կենսամակարդակ, որը անհանդուրժելի է յուրաքանչյուր դեմոկրատական երկրում:

-Մի՞թե արժեր այս տառապանքի ուղին անցնել:

-Արժեր, գտնում եմ, որ արժեր, որովհետև ինչ-որ տեղ հույսի նշույլ ունեմ, որ կշտկվի, կուղղվի ամեն ինչ, որ պղտորված ջրերը դեռ կպարզեն,  որ ջրի հատակի ծանր քարերը դեռ կերևան:

Եվ կունենանք այն, ինչ-որ երազել են դարերով մեր ժողովրդի լավագույն զավակները, ինչի համար պայքարել են, ինչի համար ամենաթանկն են տվել` կյանքը: Կյանքն են տվել, եթե դա չլինի, ապրելն անիմաստ է դառնում:

 Արժեր, ոչ անկախ Հայաստանը տեսած այս կնոջ աչքերի փայլն իրոք արժեր տեսնել: Ու այդ պահին մտածում եմ, եթե նույն հարցին պատասխանի պատերազմի ժամանակ հորը կորցրած, պատերազմի մասնակցած մարդը, նրա աչքե՞րն  էլ այսպես կփայլեն:
Դուրս եմ գալիս դասարանից ու շտապում գտնել դպրոցի ՆԶՊ-ի ուսուցիչ պարոն Վարդանյանին:

-Պարոն Վարդանյան, արդյո՞ք սա Անկախ Հայաստան է:

-Վստահ եմ իմ ու ինձանից հետո եկող սերնդի վրա, որովհետև ճանաչելով նրանց, շփվելով նրանց հետ, հասկացել եմ, որ նրանք են կերտելու ու տանելու դեպի հզորացման մեր պետությունը: Մեր անկախությունը մենք պահպանելու ենք:

-Քառօրյա պատերազմի ժամանակ գտնվում էիք առաջնագծում, ի՞նչն էր Ձեզ այնտեղ հասցրել:

-Ապրիլյան դեպքերին մասնակցելն արդեն ինքնին ասում է, թե ես ինչու էի գնացել այնտեղ. հայրենիքը պաշտպանելու: Ես չէի գնացել զոհվելու, այլ պաշտպանելու հայրենիքս: Չնայած կարող եմ ասել, որ հայրս էլ է զոհվել հանուն հայրենիքի, իսկ ես նրա որդին եմ, ընդամենը:

Փայլեցին, նրա աչքերն էլ փայլեցին, իմն էլ երևի փայլեց, երբ լսեցի, որ մենք նույնպես արժանի զավակ ենք այս հզոր պետությանը: Հասակակիցներիս աչքերի փայլն էլ եմ ուզում տեսնել: Քայլում եմ դեպի դասարան:

Կանգնում եմ մեջտեղում ու հարցնում.

-Ի՞նչ եք զգում Հայաստան ասելիս:

-Հայաստան ասելիս հպարտություն եմ զգում,- Վահեն էր, նրա աչքերն էլ փայլեցին:

Ձանգում եմ մտերիմներիցս մեկին.

-Միլ, Հայաստան ասելիս ի՞նչ ես զգում:


-Մա՞ն, ինչի՞ ես միանգամից էդ հարցը տալիս: Սեր եմ զգում, պարզ չի՞:

Փայլեցին, ևս մի հայի աչքեր փայլեցին…

Իմն էլ է փայլում,  առավոտայն ինձ հուզող հարցի պատասխանն եմ գտել, հա, առավոտյան մտածում էի` արդյո՞ք սա Անկախ Հայաստանն է,  հիմա հաստատ կարող եմ ասել, որ, Այո, սա է հենց Անկախ Հայաստանը:

Շնորհավոր իմ ու քո, մեր Հայաստանի անկախացման 25 ամյակը:

milena khachikyan

Երբ առջեւում անկախության օրն է

«Պիտի գնաս տուն ու գրես: Պիտի թողնես ամեն տեսակ դաս կամ պարապմունք, թողնես ու գրես: Պիտի էնպես գրես, որ կարդան ու ծայրեծայր զգան, որ կարդան ու… Հավատան քեզ»:

-Կարո՞ղ ես, փորձի՛ր,- կրկնում էի ինձուինձ ողջ ճանապարհին:

Երեկոյանում էր: Դուրս էի եկել տանից ու չէի կարողանում հասնել ուզածս տեղը: Դե պարզ է՝ խցանում էր: Սովորական բան է երեկոյան Երևանում, հատկապես, երբ առջևում անկախության օրն է:

Ուրեմն՝ Իսակովի պողոտայում էի: Ինձ համար մի կողմ քաշված՝ Բրել էի լսում.

Ne me quitte pas,
ne me quitte pas,
ne me…

«Ու տուն կդառնանք հաղթությամբ էսպես,
ծափով-ծիծաղով ախպերս ու ես…»

Գլուխս բարձրացրի՝ Բրելին ընդհատելով: Պատուհանիս մյուս կողմում ՊՆ ավտոբուսներից էր, ներսում՝ մի խումբ զինվորներ: Ժպտում էին ու երգում, երգում էին ու ժպտում: Ներքին ինչ-որ խաղ կար իրենց մեջ, ինչ-որ անհոգ վիճակ, որ պարտավորեցնում էր էդքան լուրջ չլինել: Մինչ կհասցնեի ժպտալ, ավտոբուսը առաջ ընկավ՝ իր հետ տանելով հազար ու մի սպասում, հազար ու մի երազ:

«Անկախության տոնի նախապատրաստական միջոցառումներին են եկել երևի », – մտածեցի ինձուինձ:

Խցանումը դեռ շարունակվում էր, երբ մեզ զուգահեռ երևաց երկրորդ ավտոբուսը: Էստեղ տղաները լուրջ էին, քիչումիչ ժպտում էին, բայց լուրջ էին ավելի: Թվում էր՝ պարտավորեցնում էին զգոն լինելու, լինելու միշտ պատրաստ գրեթե ամենին:

Շարունակում էի նայել պատուհանից, երբ խցանման մեջ հայտնված մեքենաներից մեկի դուռը բացվեց, և մի կին շտապելով դուրս եկավ էնտեղից: Զարմացա, չգիտեի՝ ինչն ինչոց է: Մեկ էլ տեսնեմ՝ մոտեցավ տղաներին, պատուհանի միջով երկու տուփ ծխախոտ փոխանցեց և արագ վերադարձավ իր մեքենան: Ես չգիտեմ՝ ինչպես գրեմ էս սիրուն պահի մասին, որ չփչացնեմ, որ լիարժեք փոխանցեմ տեսածս մարդկայինը:

Ամերիկահայ Վիլյամը ասում էր՝ փնտրիր ամենուրեք բարին և ժպտա կեցության անծայր խնդության ու գաղտնիքի հանդեպ: Ես սրանից ուժեղ բարություն կգտնեի՞, իսկ զինվորի ժպիտից ուժեղ խնդությո՞ւն:

Տղաները վերցրին ծխախոտը որքան զարմացած, նույնքան էլ սիրով: Երևում էր, թե իր փոքրիկ քայլով էդ կինն ինչպես շոյեց ինքն իրեն, դե տղաների մասին էլ չասեմ:

Մի քանի րոպեից տեսադաշտս փոխվեց, ականջակալներիս երգը՝ ևս:

И на рассвете вперёд уходит рота солдат
Уходит, чтоб победить и чтобы не умирать
Ты дай им там прикурить, товарищ старший сержант
Я верю в душу твою солдат, солдат, солдат.

Լյուբեն է՝ երբեք չհնացող իր երգերով…

Օրվա վերջում, երբ անցնում էի նույն ճանապարհի հակառակ ուղղությամբ, տեսա նույն ավտոբուսներն արդեն լրիվ դատարկ, տեսա ու հասկացա, որ պարտավորեցնող է ապրելը: Էսքան բան:

Պիտի գայի տուն ու գրեի: Պիտի թողնեի ամեն տեսակ դաս կամ պարապմունք, թողնեի ու գրեի: Պիտի էնպես գրեի, որ կարդային ու ծայրեծայր զգային, որ կարդային ու հավատային ինձ… Հավատային վաղվա օրվան:

marta minasyan

Ընտրությունները Սիսիանում

Երևի բոլորիդ ծանոթ է այն երևույթը, որ յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ (խոսքը միայն նախագահի ընտրությունների մասին չէ) այս տարի մեր քաղաքում էլ քաղաքապետի ընտրություններն են կայանում: Ես առաջին անգամն է, որ ակտիվորեն հետևում եմ այդ ամենի ընթացքին:

Ես գիտեի, որ մեր քաղաքում բոլորը միմյանց ճանաչում են: Սակայն այս անգամ ավելին էր. քաղաքացիները չափազանց լավ տեղյակ են մեկը մյուսից, և քանի որ հիմա քաղաքապետի ընտրություններ են, նրանք խոսում են թեկնածուներից:

Ինչ ասես չիմացանք այդ մարդկանց մասին: Էլ չեմ ասում, որ զանազան հոդվածներ են գրվում նրանց մասին: Կային բազմաթիվ հոդվածներ` քննադատական, գովաբանող, օրինակ` «Քաղաքապետի  աթոռին քրեական հանցագործ», «Քաղաքիս դիմագիծը», ինչպես նաև թեկնածուներին ներկայացնող  լուսանկարներ և այլն:

Քաղաքապետի ընտրություններին  զուգահեռ անցկացվում են Սիսիանի ավագանու ընտրություններ, և սա ինձ համար փոքր ինչ  ցավոտ հարց է: Ավագանու թեկնածուները հիմնականում երիտասարդ են: Իմ բախտը բերել է, որ ընտրելու իրավունք չունեմ: Դա լավ է նրանով, որ չեմ տատանվի, թե ում ընտրեմ, քանի  որ ես ճանաչում և հավատում եմ գրեթե բոլոր ուժերին և  բոլորին շատ եմ հավանում: Մեկի մասին իմանալուց հետո իմանում եմ մյուսի մասին: Օրինակ, այսօր ևս նոր ավագանու թեկնածուի պաստառ տեսա  և նրան ևս  հաջողություն մաղթեցի:

Ինչ ասեմ…Առաջին տարին հետևեցի ընտրություններին և բավական շատ բան իմացա մեր քաղաքի բնակիչների մասին:

Հաջողություն եմ մաղթում բոլորին: Թող իսկապես ընտրվեն նրան, ովքեր իրենց խոստումները կիրագործեն:

narek babayan

Աղվերանի մեդիա ճամբար. Սենց էլի

Բարև։ Եթե դու կարդում ես այս նյութս, ուրեմն դու կամ ուղղակի 17-ի հետևորդ ես ու հանդիպել ես այս նյութիս, կամ էլ իմ ծանոթներից ես, ով ինձ հարցրել է, թե ինչի մասին էր մեր ճամբարը, ոնց անցավ ու ինչ արեցինք, ես էլ ալարելով պատասխանել, ասել եմ, որ գաս ու կարդաս  այս նյութս։ Դե, կամ էլ երկուսը մեկում։

Սկսեմ դրանից, ինչը բոլորը գիտեն։ Մեր ճամբարի նպատակը սաներին ավելի հմտացնելն էր ֆոտոյի, կինոյի ու լրագրության մեջ։ Դե, դա ճամբարի չոր ու ցամաք սխեման է։ Իրականում ճամբարը մեզ երևի ամեն ինչ տվեց։ Այսպես ասած՝ կատարելագործեց մեզ։ Իմ կարծիքով, դրա համար մեզ ամենաշատը պետք էր ուղղակի շփվել ուրիշ մարդկանց հետ, ինչը «Մանանա» թիմը լիովին ապահովեց։ Դե, հո մենակ էդ չէ՞ր, սենց որ խոսեմ, մի գիրք կգրեմ, կդառնամ գրող, ողջ կյանքս ինձ կտամ գիրք ու գրչին, ազատ ժամանակ չեմ ունենա։ Այնպես որ, իմացեք. անմոռանալի լավ էր, ում հասնեմ, պատմելու եմ,եթե չալարեմ էլի։

Դե լավ, երկար չծավալվեմ, խոսելս չի գալիս։ Կարոտում եմ բոլորին ու ամեն ինչ՝ սկսած միստիկ Պ տառից, ավարտած մեր սենյակակից տղաներով։ Էհ, ինչ արած։ Հո հավերժ չէ՞ր լինի էս ամենը։ Մի օր պիտի ավարտվեր, էլի։ Գնամ սրտաճմլիկ «փոստեր» անեմ` նվնվանք։

Աղվերանի մեդիա ճամբար. Հարազատ դարձած դահլիճը

Արդեն ժամը 13:30 է: Ես վաղուց արդեն նախաճաշել եմ և անհամբերությամբ սպասում եմ, թե երբ են հայտարարելու, որ հավաքվում ենք կոնֆերանս դահլիճում: Դեռ այսպիսի բան չէր եղել, որ նախաճաշից այսքան անցնի, և մենք դեռ ազատ լինենք: Չեմ հասկանում, ո՞ւր են ընկերներս, որ իրենց ժպիտներով ինձ էլ են ստիպում ժպտալ: Գուցե բոլորը քնա՞ծ են մնացել, բայց այսքա՜ն երկար: Անհնար է: Իսկ եթե պատրաստվում են ֆոտոարշավի կամ ֆիլմի նկարահանման: Այդ դեպքում ինչո՞ւ ինձ էլ չեն ասել: Ինչո՞ւ եմ ես այստեղ նստած սպասում և չեմ պատրաստվում:

Ա՜խ, հա՜: Ոնց էի մոռացել: Մենք արդեն տանն ենք: Եվ ես արդեն պետք է գործեմ իմ սեփական օրակարգով, ոչ թե ճամբարի: Էլ անընդհատ չեմ նայելու օրակարգին, որ տեսնեմ՝ ով է գալու վարպետության դասի: Էլ անհամբերությամբ չեմ սպասելու «ազատ ժամանց»  կետին ու մտածելու, թե այսօր ինչ խաղ ենք խաղալու: Գիտեք, երևի տանը մի հարմար անկյուն գտնեմ ու անունը դնեմ կոնֆերանս: Այդ անկյունը պետք է լինի տրամադրող, աշխատանքային, բայց միևնույն ժամանակ, չճնշող ու շատ հաճելի:

Բայց չէ: Մի կարևոր բան պակաս կլինի՝ մարդիկ, ովքեր ինձ շրջապաըում էին կոնֆերանսում: Իսկ ինչպես գիտեք, կոնֆերանսը երբեք այսքա՜ն հաճելի վայր չէր լինի, եթե ես մենակ լինեի այնտեղ, և չլինեին իմ սիրելի ընկերները: Այն շատ թանկ էր, որովհետև բոլորս միասին էինք՝ մեր մեծ ընտանիքով:

anush mkrtchyan

Աղվերանի մեդիա ճամբար. Գայանեն

Երևի գիտեք, որ Աղվերանում էի, «Մանանայի» մեդիա ճամբարին: Նախքան ճամբարը որոշվել էր, թե ով ում սենյակից է լինելու և սկսեցին հայտարարել սենյակակիցներիս անունները: Լսեցի Գայանեի անունը: Հայացքով փնտրեցի ու գտա ժպտերես, երևի իմ հասակի մի աղջկա, ով իմանալով, որ իրար սենյակից ենք լինելու, հեռվից ինձ ձեռքով արեց՝ որպես ծանոթության նշան:  Հետո մի քանի բառ էլ խոսեցինք ու արդեն Աղվերան հասանք, մտանք սենյակ ու …

Դե ինչ են անում աղջիկները, երբ նոր են ծանոթանում, դուք պատկերացրեք…

Հիմա այն մասին, թե ով է Գայանեն: Ինձ համար Գայանեն աշխարհի ամենաքնքուշ էակներից է, սակայն միաժամանակ ուժեղ մարդ է, նպատակասլաց ու սիրում է օգնել: Դեռ բերանս չեմ բացել, որ մի բան ուզեմ, ու Գայանեն ասում է.

-Հա ջան:

Ուղղակի այսպես կավարտեմ.

-Գայ, ես քեզ շատ սիրեցի, միշտ ժպտա, կսպասեմ քո նյութերին 17-ում ու նոր հանդիպման:

serine harutyunyan

Աղվերանի մեդիա ճամբար. Զորացրվեցինք, բա հետո ՞

«Էրեխեք, լավ էլի, թողեք հանգիստ զորացրվենք, գնանք»: Այս արտահայտությունը կարելի էր լսել մեդիա ճամբարի շատ մասնակիցներից, հատկապես՝ Էլյանորայից, երբ ինչ-որ մեկը փորձում էր անկարգություն անել: Դե, հիմա ասեմ, ախր, այ երեխեք ջան, կարո՞ղ է` խելոք չմնայինք, չզորացրեին: Հաստատ հյուրանոցում չէին պահի, բայց նույնիսկ եթե «պատժախուց» ուղարկեին, գոնե իրար հետ կլինեինք: Առօրյան համեմված կլիներ Ժորայի ու իր աշակերտների յուրահատուկ պարերով, Եվայի ծիծաղելի ու վարակիչ ծիծաղով, Սարգսի հարցերով, Մարթայի մարզասրահ գնալու կոչերով, Հռիփսիմեի հաց չուտելով ու էլի լիքը անմոռանալի բաներով: Հա՜, ու իհարկե, «պատժախցի» ներքևի հարևանների բողոքներով:
Երեխեք, արդեն կարոտել եմ, կարոտել եմ մեզ միասին: Կարոտել եմ մեր ճաշարանը, մեր կոնֆերանսը: Անգամ միջանցքով ուշացած դեպի կոնֆերանս վազելն եմ կարոտել: Նյութ գրելու պատճառով գիշերը չքնելն եմ կարոտել: Կարոտել եմ, ու թեկուզ միայն ձեզ նորից տեսնելու համար ծույլիկություն չեմ անելու, նյութեր եմ գրելու, ֆոտոներ ու վիդեոներ եմ անելու: Անպայման, մի օր էլի տեսնելու եմ ձեզ: Տեսնելու եմ մեզ, միասին:
«Էրեխեք, լավ էլի, թողեք հանգիստ զորացրվենք»: Զորացրվեցինք, բա հետո՞…

Լուսանկարը՝ Մարիա Պողոսյանի

Ցախի օրեր

Գաղտնիք չէ, որ գյուղում ձմեռը ամառվանից է սկսում: Ամռանը պատրաստում ենք մրգային կոմպոտներ, չրեր, մուրաբաներ… և կտրում ենք ցախ: Ցախ կտրելն իմ ամենասիրելի զբաղմունքներից մեկն է աշխարհում: Կտրում են հիմնականում ամռանը և վաղ աշնանը: Վերջերս գնեցինք մոտ 5 խորանարդ մետր վառելափայտ: Դե, բնականաբար, ես միայնակ չկոտրեցի ամբողջը: Գործին միացան եղբայրս, հայրս, և գյուղի տղերքը: Մինչև գիշեր կեսը կոտրեցինք: Կոտրելու ընթացքում միտք հղացավ նկարել անիմացիոն ֆիլմ: Երևի կարիք չկա ասելու, արդեն հասկացաք, որ ֆիլմի հետ կապված բոլոր հմտությունները սովորել եմ մեդիա ճամբարում՝ ուրիշ որտե՞ղ…

Առավոտյան վաղ արթնացա, լվացվեցի, վերցրի հեռախոսն ու իջա բակ: Մի գլդորան օգտագործեցի որպես եռոտանի: Փայտերի օգնությամբ հարմարեցրի հետախոսը դրա վրա: Ու սկսեցի դասավորել փայտերը:

Ամեն փայտ դնելուց հետո գալիս ու նկարում էի:  Այնուհետև մոնտաժեցի ֆիլմը: Ֆիլմի հետ կապված ամբողջ աշխատանքը կատարվել է երեք ժամում: Թե՛ նկարահանումը, թե՛ մոնտաժը ես եմ արել: Հուսամ կհավանեք: Բարի դիտում :

 

anush hovhannisyan

Աղվերանի մեդիա ճամբար. Մենք միասին ենք

Է~հ, երեխեք, չեք պատկերացնի` ոնց եմ ձեզ կարոտել: Սարգսի վերջին հոդվածից հետո, ի դեպ այն արցունքն աչքերիս կարդացի, ուզում եմ ասել` ապրես, Սաք, հավես բաներ հիշեցրիր: Զգացի, որ ամեն օր ավելի եմ կապվում ձեզ հետ ու անսահման կարոտում եմ: Կարոտում եմ Ժորայի հավես պարելը, Արմանի թևնոցի անընդհատ որոնումներն եմ կարոտում, բա Եվայի ծիծաղը… Երբ նստեցինք ավտոբուս ասացի.

-Եվա, մի ծիծաղի, էլի:

-Հիշեցրեք, իջնելուց մի լավ խնդամ:

Ու այդպես էլ մոռացանք հիշացնել խոստումի մասին: Ամբողջ ճանապարհին լուռ էի, չէի խոսում, շատ տխուր էի, անընդհատ հիշում էի Խաչիկի ասածը, որ առավոտը վերջին նախաճաշին ասաց.

-Ես պայուսակս չեմ հավաքել ու հույս ունեմ, հեսա ասելու են, որ կատակ են անում, ու էլի մեկ շաբաթ էստեղ ենք մնալու:

Է~հ, Խաչ, մինչև հիմա հավատում եմ, որ կզանգեն, կասեն` կատակ ենք արել, հետ եկեք…

Ընկեր Լիլիթ, հիշո՞ւմ եք, որ բակում ասացիք.

-Երեխեք, էս չե՞ք լացում, իզո՞ւր էինք գրել օրակարգի վերջին կետը:

Հիմա վստահ ասում եմ. արդարացված էր այդ կետը, ըստ որի` 12:30 հեռացող ավտոբուս, գրկախառնություն, լաց ու կոծ…

Շատ դժվար բաժանումից հետո ինձ միայն հույս էր տալիս այն, որ ես, Լյուբան, Աննան ու Անուշը միասին եկանք Արմավիր: Նստեցինք տաքսի, և վարորդը, ըստ ավանդության, բացեց զրույցը.

-Էրեխեք էս հանգստանալո՞ւ եք գնում:

-Չէ՛, հանգստանալուց ենք գալիս,- չորսով միանգամից պատասխանեցինք, ու երևի խեղճ վարորդը անգամ վախեցավ միահամուռ մեր խոսքից:

Հետո  Արմավիր-Երևան երթուղայինի մեջ մարդիկ խոսում էին.

-Տեսնես` էս երեխեքը որտեղի՞ց են գալիս պայուսակներով:

Ու ես որոշեցի բավարարել մարդկանց հետաքրքրասիրությունը.

-Աղվերանից ենք գալիս, մեդիա ճամբարից:

-Հա՜,- բայց ինձ թվաց, որ էլի բաներ էին ուզում հարցնել:

Իսկ արդեն ավտոկայանում, երբ պապիկիս էի սպասում, տաքսու վարորդներից մեկը իրերս տեսնելով, ասաց.

-Այ բալա, էս սենց վեշերով «լագերի՞ց» ես գալիս:

-Չէ ,- շփոթված ու չհասկանալով, թե «լագերը» որն է, ասացի,- բայց դա ո՞րն ա:

-Դե, ճամբարը, էլի,- ծիծաղեց:

-Հա՜, հա, պապի ջան, բայց էդ մեդիա ճամբար էր:

Պապին երևի չհասկացավ, մեդիա ճամբարն ինչ է, ու շարունակեց.

-Բա ծրագիրն ի՞նչ էր:

-Ֆոտո, վիդեո և լրագրություն:

Իմ պատասխանին հետևեց զննող հայացք, երևի լրագրությունը նպաստեց պապիի դեմքի արտահայտության փոփոխությանը:

Ավելի ուշ երեկոյան հեռախոսիս զանգ եկավ, անծանոթ համար էր, կասկածելով վերցրի.

-Ալո՞։

-Ան, Ռուզիկն ա ճամբարից, սպասի անակնկալ ունեմ քեզ համար:

Սիրտս սկսեց արագ բաբախել ու մեկ էլ հանկարծ հեռախոսի մյուս կողմում լսում եմ Աստղիկի ձայնը:

-Ի՜, էս ո՞նց, չհասկացա` իրար հե՞տ եք ,- իսկ իրենք միայն ծիծաղում էին: Երևի մեկ ժամ խոսեցինք, չէինք կարողանում անջատել, բայց քանի որ բոլորս էլ անսահման քնել էինք ուզում, ստիպված անջատեցինք:

Իսկ տուն մտնելուց հետո Ժորային տուն եմ ուղեկցել իմ հաղորդագրություններով:

Է՜հ, երեխեք, բոլորիդ բարբառները հերթով հիշում եմ ու բոլորիդ հոդվածները կարդալուց լսում եմ ձեր ձայները:

Anna Andreasyan

Ասք փոքրիկ Ջեկոյի մասին

Ես փոքր ժամանակ շատ էի ուզում շուն ունենալ: Ճիշտն ասած, ես բոլոր ժամանակներում էլ այդ ցանկությունը ունեցել եմ: Դե, ո՞վ շուն չի սիրում՝ միայն ալերգիա ունեցողները և ես, միայն այն դեպքերում, երբ նրանց հանդիպում եմ մենակ և նրանք կապած չեն: Այդ ժամանակ ես ուղղակի ատում եմ նրանց, ավելի շուտ նրանց տերերին, որ պատասխանատվություն չեն կրում իրենց շների համար, և ինձ միշտ սարսափահար վիճակի մեջ են գցում: Լավ, ոնց որ շեղվում եմ բուն թեմայից: Սա առանձին հոդվածի թեմա է: Ուզում էի պատմել շանս մասին:

Ընդհանրապես, երբ մի բան եմ ուզում, այնքան եմ ասում, մինչև նպատակիս հասնում եմ: Եվ այսպես՝ ամենօրյա երկար ճառերի և համոզիչ ձևակերպումների շնորհիվ, իմ տանեցիք վերջապես տեղի տվեցին, և ինձ համար մի փոքրիկ շուն բերեցին, հազիվ մեկ ամսեկան: Նա արժանացավ փառավոր ընդունելության մեր կողմից, մասնավորապես` իմ: Ես նրան կոչեցի Ջեկո՝ ի պատիվ մեր հարևանի սարսափազդու շան: Այն ժամանակ ինձ թվում էր, որ եթե Ջեկո ավագը իմանա այդ մասին՝ իմ հանդեպ լավ կտրամադրվի, ու ես էլ իրենից վախենալու պատճառ չեմ ունենա: Ցավոք՝ ես սխալվում էի:

Ջեկոն սպիտակ՝ շագանակագույն պուտերով շունիկ էր: Եվ քանի, որ Ջեկոն մենակ կձանձրանար՝  նրան ընկերացավ իր տարիքի մի կատու, որի ամբողջ գերդաստանը մեր բակում էր մեծացել, և ինքն էլ ինքնըստինքյան ապրում էր մեր բակում՝ իր նախնիների տանը՝ չխախտելով իր պապերից ժառանգած ավանդույթը: Կատուն անուն չուներ, որովհետև ես փոքր ժամանակ մտածում էի, թե միայն շներն են անուն ունենում: Իսկ կատուներին ուղղակի կանչում ենք՝  փիսո-փիսո ասելով: Նրանք մեծանում էին միասին հաշտ ու համերաշխ՝ խախտելով բոլոր կարծրատիպերը այն մասին, թե շներն ու կատուները իրար հետ «յոլա» չեն գնում: Ամբողջ օրը խաղում էին:

Մենք Ջեկոյի համար բուն էինք սարքել, իսկ մայրս նրա համար վերմակ, ներքնակ ու բարձ էր կարել: Ես ամեն երեկո, երբ կարծում էի, թե Ջեկոյի քնելու ժամն է՝ նրան պառկեցնում էի իր անկողնում՝ միշտ հուսալով, որ երբ առավոտյան գնամ նրա մոտ, նա նույն վիճակում կլինի: Բայց ստացվում էր հակառակ պատկերը: Նա այնպես էր խառնած լինում անկողինը, որ ես հասնում էի բարկության գագաթնակետին: Եվ իրական բարձը օգտագործելու փոխարեն որպես բարձ օգտագործում էր կատվին: Չնայած այդ հարցում չեմ մեղադրում: Ես էլ դեմ չէի լինի այդքան փափուկ բարձ ունենալուն:

Մի դեպք էլ պատմեմ: Միշտ տեսնում էի, որ բոլորը իրենց շներին տանում են զբոսանքի՝ որոշեցի ես էլ հետ չմնամ: Իմ խաղալիքից շան վզի կապոցը անցկացրի Ջեկոյի վզին ու տուկի թելով կապեցի, որ տանեմ զբոսանքի: Էն էլ պարզվեց Ջեկոն շատ էր սիրում ազատությունը, թույլ չտվեց:

Այսպես ուրախ ու անհոգ ես ու Ջեկոն ապրում էինք: Նա բակում, ես՝ տանը:  Սակայն մի օր մեր հարևանի տղան, չգիտեմ, որ հովերով տարված, որոշել էր իր հրաձգարանի հրացանը  փորձարկել կենդանիների վրա: Եվ նրա զոհը դարձավ իմ Ջեկոն: Նա իմ աչքի առաջ մի կաղկանձ արձակեց, վազեց, ապա ընկավ ու սատկեց: Ես ուղղակի ողբում էի: Չափազանց ծանր տարա նրա սատկելը: Ամեն օր մտածում էի` ինչպես վրեժ լուծեմ նրա համար: Ու մինչև օրս էլ չեմ կարողանում առանց տխրելու ու զայրանալու հիշել այս պատմությունը:

Հ.Գ. Հետո ես ևս մեկ շուն ունեցա, բայց նրա հետ չկապվեցի այնպես, ինչպես Ջեկոյիս հետ: Առաջինը միշտ էլ ուրիշ է լինում ու տարբերվում է: