Sunshine-ն ու մենք

Առավոտյան արթնանում եմ, միացնում համակարգիչս ու մտնում ֆեյսբուք.

-Միլ, բարի լույս: Ո՞նց ես:

-Ջան, բարև: Լավ եմ, դո՞ւ:

-Լավ եմ: Տես` ինչ երգ եմ սովորել:

Ուղարկում եմ բառերն ու մինչ այդ արված ձայնագրությունը, որտեղ երգում եմ դաշնամուրի նվագակցությամբ:

-Աաաա, դզեեց…

-Էս առաջին տունն ա, էս` երկրորդ: Կրկներգ չունի: Կգրե՞ս:

-Անպայման:

Հետո լիքը ուրիշ թեմաներից ենք խոսում, թե նախորդ օրն ինչ եղավ, հաջորդ օրը ինչքան լավ պիտի անցնի, թե ոնց էսինչը դուրս եկավ դպրոցից, որ արտերկիր գնա, ու թե ոնց ստացվեց, որ մաթեմի ուսուցիչը հրաժարվեց մեզ դաս տալուց:
Մեկ էլ երեկոյան, էլի համակարգչի դիմաց եմ, տեսնում եմ, որ նամակ ունեմ` Միլուշն ա.

«Տես լավ ա՞: Կարանք փոփոխենք մի երկու ակորդ»:

«Էս ինչ լավն ա: Բայց էստեղ դիր «բացիր» բառը, էս տողն էլ թող երկու անգամ կրկնվի»:

Երգը սարքում ենք ու դրանից հետո, ինչքան իրար տեսնում ենք, փորձում ենք, ուղղումներ ենք անում: Ու մի անգամ էլ ընկերուհուս տանն էինք, երբ Միլուշը սկսեց երաժշտությունը նվագել իր կիթառով, մենք էլ իրար նայեցինք ու սկսեցինք երգել: Ընկերուհուս արձագանքից հո չէինք ոգևորվել ու ուրախացել.

-Որ տուն գնաք, էս երգի լինքը կուղարկեք:

-Հա, բանը… Ը… Դե, էս մենք ենք գրել:

Էստեղ իր զարմանքն ու հպարտաուրախությունն էլ խառնվում են իրար: Հետո անցնում են օրեր:
Եղվարդում էստրադային խումբ ունենք ու ապրիլի վերջին համերգ պիտի ունենայինք մեր դպրոցի դահլիճում: Մեր երգը երգում ենք մեր ղեկավարի համար ու ինքն էլ ուրախացած ասում է, որ հենց էդ երգով էլ սկսենք համերգը: Հիմա պատկերացնու՞մ եք մեր ուրախությունը: Աննկարագրելի բան է, լուրջ եմ ասում:

Մինչ էս ամենը, էս երգի ստեղծվելը ու էս համերգը, որոշում ենք խումբ ունենալ: Անունն ենք մտածում ենք միասին.

-Իսկ եթե Sun, կամ թե Shine, արևոտ մի բան էլի:

Ասում եմ.

- Չէ, չէ: Sunshine:

Վերջ, անունն էլ ենք որոշում, ֆեյսբուքում մի «լայք փեյջ» ենք բացում ու էնտեղ տեղադրում նախկինում արած, արդեն վաղուց հայտնի երգերի քավրները (cover), որոնք մինչ էդ յութուբերների աչքի առաջ էին լինում: Մեր ընկերներն էլ էջը տարածում են, հետն էլ մեր արած քավրներն են տարածում, ու էդպես ստացվում է, որ մենք Music Band ենք:

Հաա, ասեմ, որ երգի անունը շատ պատահաբար ենք որոշել: Բեմ էինք բարձրացել, համերգի փորձերն էինք անում, ու պետք է ներկայացնեին երգի անունը: Մեկ էլ նայեցի Միլուշի դեմքին, ու միանգամից ասաց` «Շողանք միասին», դե, ես էլ համաձայնվեցի: Ավելի համահունչ անուն չէր կարող լինել:

Ու երգի հետ կապված մի պատմություն էլ պատմեմ: Ինձ համար Երևանի փողոցներով քայլում եմ, մեկ էլ մի աղջիկ երգում է.

-Ճախրենք հասնենք արևին, լույս տարածենք միասին….

Չեմ հասկանում, թե հետս ինչ է կատարվում: Ո՞նց, ախր էս մեր երգն է, մեր եր-գը, մերը: Էս աղջիկը որտեղի՞ց գիտի, է: Այ մարդ, երգում է: Ու էս ամենն իմ մտքով վայրկյանների ընթացքում է անցնում: Չեմ դիմանում, արագ շրջվում եմ, երգի հենց հաջորդ տողն եմ երգում, ու ինքը ինձ ժպտում է, ես էլ իրեն ձեռքով եմ անում ու տուն գալիս:  Գալիս եմ ու արագ զանգում եմ Միլուշին.

-Միլլլ… Մենակ իմանաս` ինչ եղավ:

-Ի՞նչ:

Սկսում եմ պատմել: Հա, ու ես բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչ ենք զգում մենք էդ պահերին, ինչ է մեզ հետ կատարվում, ոնց ենք ուրախանում: Դրանք էմոցիաներ են, որոնք ուղղակի տեսնել է պետք, տեսնել:

Էլ ձեր գլուխը չտանեմ, եթե էս ամենից հետո, մի քիչ հետաքրքրություն առաջացավ ձեզ մոտ, համ խմբի անունը գիտեք,  համ` երգի, կարող եք ֆեյսբուքում ու յութուբում էլ գտնել, լսել ու ձեր կարծիքն ասել:

vahe stepanyan

Գովք գրպանի

Այ դու: Հա, հա հենց դու: Երբևէ մտածած կա՞ս` ինչի համար ա գրպանը: Նոր ես էի մտածում:

Մտածում եմ…

Օրինակ, դու երբևէ մտածե՞լ ես, թե ինչքա՞ն կարող ես ապրել առանց գրպանների: Հա, լավ: Կյանքը գրպանից կախված չէ, ինչ խոսք: Բայց, բայց… Բայց ախր, մի կողմից` լրիվ ուրիշ կլիներ կյանքդ: Թե՞ դու ձեռքերդ գրպաններդ չես դնում: Անհնար ա: Գոնե ասեք` երբ ձեռքերդ առանց անհրաժեշտության դնում եք գրպաններդ, ի՞նչ եք զգում: Կամ` ի՞նչ եք մտածում: Ինչո՞ւ դրեցի: Երբ ձեռքդ դնում ես գրպանդ… Մի տեսակ` եսիմ … Ինքնավստահ ես, չէ՞ զգում քեզ:

Դու գրպանումդ պահում ես երթուղայինի համար առանձին դրած 100 դրամդ: Մյուսը պահում է տան բանալին: Մյուսը` ուղղակի հեռախոսն է դրել այնտեղ: Իսկ ոմանց մոտ ուղղակի աղբ է: Դե, բայց էդ աղբն էլ հո հասարակ չի՞: Մի հատ արևածաղկի սերմ մնացել է ամառվանից՝ երբ գիշերը ընկերներիդ հետ էիր զրուցում: Մի հատ երկար մազ էլ մնացել է քրոջդ մազակալից, էն որ «ներվերն էիր էլի ուտում», դրել էիր գրպանդ, իսկ քույրդ կատաղած փնտրում էր: Բա էն «շուրուպը» որտեղի՞ց: Էն թղթի կտորը: Էն կոնֆետի թուղթը…

Էհ, էհ: Հազար-հազար հիշողություններ: Բա… Գրպանից կարա մի հատ գիրք դուրս գա: Ուղղակի մի հատ լավ փորփրի …

Ի՞նչ ա ինձ համար գրպանը: Մնացել ա փոքրիկ քարերով լցնել, որ «ռագատկից» կրակես…  Լիքը, լիքը…

ani baxumyan

Եթե «ջանը» կա

Ես Անին եմ: Ապրում եմ Էջմիածնում: 16 տարեկան, բայց արդեն ուսանողուհի եմ: Այս տարի ավարտել եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեան դպրոցը և ընդունվել Հայաստանում Ֆրանսիական համալսարանի կառավարման բաժին: Հաճախում եմ ֆուտբոլի. սիրում եմ սպորտով զբաղվել, չնայած այնքան էլ մեծ ժամանակ չեմ հատկացնում:

Բնավորությանս մասին դժվարանում եմ խոսել, բայց ընկերներս ինձ ճանաչում են որպես բարի ու պարզ անձնավորություն (մեկ-մեկ ասում են՝ բարությունս ինձ շատ է խանգարում): Ամեն ինչում հասարակն եմ սիրում. օրիգինալներն արդեն անասելի շատացել են: Չափազանց լավատես եմ: Սիրում եմ կյանքը, մարդկանց, սիրում եմ ժպտալ ու ժպիտ նվիրել: Ինձ համար չկան խնդիրներ, որ չլուծվեն մի բաժակ թեյով ու նվեր ստացած անկեղծ ժպիտով:

Մարդիկ չափազանց ուշ են հասկանում իրենց ունեցածի արժեքը. ահա թե ինչն է ինձ հուզում: Աշխարհում օրական քանի՜-քանի երեխաներ լույս աշխարհ չեն գալիս տարբեր պատճառներով, իսկ մեզ տրված է լույսը տեսնելու այդ հնարավորությունը: Մենք հուսահատվում ենք չնչին խնդիրներից`չհասցնելով գնահատել այն, ինչ ունենք: Աչքեր ունենք, ձեռքեր, ոտքեր, ունենք բանականություն. մենք մարդ ենք ծնվել… Ամեն ծնվողի չի տրված նման մեծ պարգև: Գիշերը նայեք երկնքին ու կզգաք, որ անծայր տիեզերքում, ժամանակի հավերժության մեջ մենք ունենք ընդամենը սպառվող ու կարճ ժամանակ` վայելելու այն, ինչ տեսնում ենք: Իսկ ի՞նչ են անում մեզնից շատերը: Սպանում են այն ժամանակը, որ տրված է իրենց, այն ժամանակը, որ կարող էր մեկ ուրիշի կյանք լցնել, մեկի համար լույսը տեսնելու հնարավորություն դառնալ:

Այս մտքերիս մեղավորը մի պապիկ էր. մի անգամ իր բերանից լսեցի. «Ինչի՞ չոռ ասենք, եթե Ջան-ը կա»:

Ինձ հուզողը հենց սա է, իրոք, մարդկանց կյանքից հենց այս Ջան-ն է պակասում:

Քարից հաց քամող հայը

Իմ պատմության հերոսը Վայոց ձոր մարզի Արենի գյուղի բնակիչ Հայկ Ոսկանյանն է: Բայց նրա մասին մի քիչ հետո: Նախ մի փոքր նրա բնակավայրի մասին: Այս գյուղի անվանումն արդեն իսկ շատ բան է ասում նրանց, ովքեր նախընտրում են Արենի խաղողի տեսակից պատրաստված գինին, ովքեր հետաքրքրված են նախամարդու ձեռքով պատրաստված ամենահին կաշվե կոշիկի գտնվելու վայրով: Իսկ ընդհանուր առմամբ այս գյուղի բնակիչներն աչքի են ընկնում իրենց աշխատասիրությամբ և օժտված են հայ մարդու համար բնութագրական դարձած վաճառականի արհեստով: Այդ տեսանկյունից ինձ պազապես հիացրել է Հայկ պապիկը: Նա մերօրյա բիզնեսմեն – մենատնտես է, ով զբաղվում է խաղողագործությամբ: Եթե մեկ օր ձեզ հաջողվի հյուրընկալել նրան, դուք կհրաժարվեք այն մտքից, որ մեր օրերում օրնիբուն չարչարվող գյուղացին ապրուստ չի կարողանում ստեղծել:

Գյուղից դուրս, սարի փեշին մի գողտրիկ անկյունում նա իր ընտանիքի անդամների հետ միասին կառուցեց իր օջախը, հիմնեց խաղողի այգին ու սեփական փոքրիկ գինետունը:

Լուսանկարը` Անի Կարապետյանի

Լուսանկարը` Անի Կարապետյանի

Հիմա կմտածեք մասնագիտությամբ գյուղատնտեսի մասին եմ խոսում, մինչ դեռ իմ պատմության հերոսը երկար տարիներ վարորդի փորձ ունեցող, սակայն հայրենի հողը սիրող մարդ էր, ով մեծ երազանք էր փայփայում իր սրտում: Հիմա այդ երազանքը իրականություն է դարձել. իր ձեռքերով մշակած սեփական այգու խաղողից ավանդական՝ մեր պապենական եղանակով խաղողից գինի է ստանում և հենց իր տարածքում կառուցված հյուրատանն էլ հյուրասիրում իր այցելուներին:

Լուսանկարը` Անի Կարապետյանի

Լուսանկարը` Անի Կարապետյանի

Նա մասնակցում է տարբեր ագրոծրագրերի, ունի շատ հետաքրքիր գաղափարներ, և որ ամենակարևորնն է, ունի մեծ հավատ իր գործի նկատմամբ:
Հ. Գ. Կարծում եմ, որ այս մարդը լավագույն օրինակ կարող է դառնալ շատ ու շատ մարդկանց համար:

norayr shoghikyan

Հեռանալուց առաջ բարձրացեք Եռաբլուր

Երբեք Եռաբլուր ոչ տոնական օրերին չէի այցելել: Երբ այստեղ միայնակ ես լինում, միայն այդ պահին ես հասկանում այդ տարածքի իրական էներգետիկայի ողջ հզորությունը: Եռաբլուրի խոսուն լռության մեջ անցկացնելով մի քանի րոպե, սկսում ես վերաիմաստավորել կյանքդ ու հասկանում, որ պետք է ապրել այնպես, որ այստեղ ամփոփված յուրաքանչյուր հերոսի ընդհատված կյանքը շարունակվի նաև քեզանով…

Այս հսկա բարձունքում տարածությունն ու ժամանակը միանում են քամուն, որն իր հետ բերում է այստեղ հանգչող հայորդիների հերոսական շունչը, անցնում ծառերի ու երակներիս միջով և սրընթաց իջնում քաղաքի վրա: Եռաբլուրի բարձունքում իր մարտական ընկերների կողքին հանգչում է Կարո Քահքեջյանը, ում ընկերներն անվանում էին «Սպիտակ արջ»:  Կարոն ծնվել էր հայրենիքից բազում կիլոմետրեր հեռու, ապրել այլ երկրում, սակայն տեղեկանալով Արցախին սպառնացող վտանգի մասին, թողել էր ուսումն ու սիրած աղջկան և շտապել կամավորագրվելու հայրենի հողը պաշտպանելուն: Կարոյի ու մյուս քաջ հայորդիների արյունով պահպանվեց ու ներկվեց մեր հայրենիքը, որի ժառանգներն ու հաջորդ պահապանները մենք ենք:

Մի քանի րոպե անցկացնելով հերոսների շիրիմների կողքին, վերադառնում եմ տուն, իսկ ճանապարհն անցնում է օդանավակայան տանող մայրուղու կողքով: Հսկա մայրուղով մեծ արագությամբ օդանավակայան են շտապում բազմաթիվ մեքենաներ, որոնք լցված են ճամպրուկներով, իսկ ապակիների միջից երևում են մանկահասակ երեխաների տխուր դեմքերը, որոնց ծնողները նրանց տանում են իրենց սեփական հայրենիքից, այն հայրենիքից, որի ժառանգորդն ու ապագա պաշտպաններն են: Դեպի օդանավակայան գնացող այդ ընտանիքներից յուրաքանչյուրի հետ վառվում ու մոխրանում է նաև մեր պատմության հսկա գրքի դեռ չգրված էջերից մեկը:

Այսօր մեր առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկն արտագաղթն է: Վերջին 15 տարվա ընթացքում պաշտոնական տվյալներով Հայաստանն անվերադարձ լքել է 217 911 մարդ` իրական թվերը շատ ավելի մեծ են: Գնացողների մեջ զգալի մաս են կազմում նաև երեխաները, ովքեր դեռ պետք է ապրեին և սերունդներ տային այս հողում: Յուրաքանչյուր մեկնող պայքարելու փոխարեն գերադասում է ավելի հեշտ ճանապարհը` լավագույն կյանքի ակնկալիքով առանց վարանելու լքելով Կարոյի, Քյարամի, Մոնթեի, Ազատի և այլ հերոս տղաների արյունով ներկված հողը, որի պաշտպանությունը նաև իրենց էր ավանդված:

seda harutynyan-2

Երջանկացրեք ինձ

Երջանիկ եմ։ Կյանքում չէի մտածի, որ մի պստիկ բանից էսքան կուրախանամ։ Որ ընդամենը մի խոսակցություն` իմ մեջ, էսքան սեր կարթնացնի։ Հա, սեր։ Սեր «Մանանայի» հանդեպ։ Հիմա կասեք` էլի սկսեց «Մանանան» գովել, բայց որ իմանաք` ինչ ա՜ եղել․․․

Առավոտյան` ժամը տասնմեկին արթնացա։ Հագնվեցի ու տանից դուրս եկա` ուղևորվելով դեպի մեր Հրազդանի «Ռայկոմի»  Միկրո տանող`միշտ  մարդաշատ կանգառը։ Ինչպես միշտ` «վճարիր հարյուր դրամ` գրկիր ում ուզում ես» արտահայտությունը միտքս եկավ  ու սկսեցի ծիծաղել։ Ծիծաղում էի  ոչ թե էդ արտահայտության, այլ այն բանի վրա, որ եթե վարորդը կանգներ հաջորդ կանգառում ու մեզ հրամայեր հայավարի  խտանալ, ես արդեն, կամաց -կամաց կճզմվեի։ Ինչ, որ է։ Վատ, թե լավ, հասա հիվանդանոց։ Հիմա կասեք` ի՞նչ ա եղել։ Ոչ մի լուրջ բան։ Պետք է թղթեր վերցնեի, որ կարողանայի գործերս նոր ուսումնական հաստատություն տալ։ Բարձրացա, ու ինչպես միշտ` վերջին աստիճանին ոտքս դնելիս, գլուխս մի քիչ երկարացրի, որ տեսնեմ ինձնից առաջ կանգնած` կռվարար կանանց թիվը։ Սովորականի պես`  յոթ-ութ հոգի, բայց էդ, ինձ համար մի ամբողջ անվերջություն թվաց…«Մի հատ, հերթ կանգնեք», «Վերջինը մենք ենք»,  «Էրեխեն սոված ա» , «Ես ճնշում ունեմ, թող ես մտնեմ, բալա ջան»… Արտահայտություններ, որ ամեն անգամ լսելիս` ուզում եմ առանց  դիմացինիս տարիքին նայելու ասել․ «Դե, սթրվե′ք էլի, ձեզ էլ կհասնեն»։

Ու գալիս ա իմ ժամը, բայց վախենում եմ նույնիսկ  բռնակին կպնել` կարծելով, որ ոնց ուրիշների` էդպես էլ  իմ հետևից , «անշնորհք» վիրավորանք կնետեն:
Երբ վերջապես ավարտեցի, վերցրի թղթերս  ու գնացի հարազատ կանգառ, եկավ  շատ սիրելի երրորդ համարի «պազիկը»։ Բարձրացա` ու տեսնելով նստած ջահել տղաների,  ուրախացա` մտածելով․«Ջա~ն, հիմա մեկը կզիջի` կնստեմ»։ Բայց, ո′չ, սիրելիներս։ Մեր Հրազդանի տղաները (ոչ բոլորը)  ասես մանկապարտեզ չեն գնացել ու հարգել չգիտեն։
Մի երկու կանգառ անց մի աղջիկ բարձրացավ։ Նայեց աչքերիս ու միանգամից ասաց․ «Ես քեզ ճանաչեցի»։ Իհարկե մի քիչ շփոթված հարցուփորձ արեցի, ու պարզվեց, որ էդ աղջիկը կարդացել ա իմ 17-ում հրապարակված հոդվածները ու դուրը շատ ա եկել։ Ու, ինչ հաճույք, որ ինձ արդեն ճանաչում են։ Ճիշտ ա, մի քիչ անհարմար պայմաններում, բայց, դե։ Պարզվեց, որ էդ աղջկա անունը Սրբուհի ա։ Ու եթե ինքն իմանար, թե իր` «Ես քեզ ճանաչեցի» արտահայտությունն ինձ ինչ երջանկություն պարգևեց, հաստատ, հաճախ կասեր, որովհետև շատ բարի ու լավատես աղջիկ էր։
Ժողովու՛րդ, եթե դուք Հրազդանից եք ու հենց հիմա կարդում եք այս տողերը, բայց  ինձ չեք ճանաչում, հո′գ չէ։ Երջանկացրեք ինձ։ Դրսում տեսնելիս մոտեցեք ու ասեք, որ կարդալով հոդվածներս` ճանաչեցիք ինձ։ Կարող եք ստորագրություն էլ ուզել: Իսկ եթե անկեղծ, դա իմ ամենաերջանիկ օրերից մեկն էր։ Ու էդ ամբողջ օրը մերոնց մոտ գլուխ եմ գովացել` ասելով, թե  հայտնի աղջիկ ունեք, հպարտացե′ք։

«Ֆեյսբուքը»

Անիի հետ քայլում եմ փողոցով ու հանկարծ նկատում եմ վազվզող երեխաներին: Մի պահ կանգ եմ առնում, հետո մոտենում եմ նրանց: Հանում եմ ապարատն ու… Թուուուուուհ, էլի չստացվեց:

-Այ էրեխեք, ինչի՞ լրջացաք, վա՞յ:

Ապարատի ազդեցությունն է: Ես նայում եմ Անիին, իմ չարագուշակ հայացքն արդեն ամեն ինչ ասում է:

Լուսանկարը` Եվա Խեչոյանի

Լուսանկարը` Եվա Խեչոյանի

-Հա, ես ի՞նչ անեմ, Եվա:

-Չգիտեմ, երգում ես, պարում ես, մի բան ես անում, որ էրեխեքը խնդան:

Հանկարծ նկատում եմ երեխաներից մեկի վախեցած հայացքը:

-Մեզ ֆեյսբուք ես քցելո՞ւ:

Լուսանկարը` Եվա Խեչոյանի

Լուսանկարը` Եվա Խեչոյանի

Անկախ ինձանից լրջանում եմ, քանի որ տղան «ֆեյսբուք» բառն արտասանում է ամենայն լրջությամբ, ու ինձ թվում է, որ այդ «ֆեյսբուք»-ը մի ահավոր չբացահայտված առեղծված է այս երեխաների համար:

-Չէ հա, ի՞նչ ֆեյսբուք, ուղղակի նկարում եմ,- ասում եմ ես, ու չեմ կարողանում զսպել ծիծաղս:

Երեխաները նորից աշխուժանում են ու ծիծաղում ինձ հետ, քանի որ ես չեմ պատրաստվում գցել նրանց «ֆեյսբուք»-ի «սարսափելի աշխարհը»:

Լուսանկարը` Եվա Խեչոյանի

Լուսանկարը` Եվա Խեչոյանի

Anahit nazaryan

Մոռացված իրականություն

Ամառը  մոտ  է  վերջին:  Ամբողջ  գյուղը    տարված  է   իր  հոգսերով.  եռուզեռ  է:
Երեխաները  չեն  համբերում,  թե  երբ  են   վերջացնելու  նախաճաշը, արագ-արագ  օգնելու  ծնողներին  ու  վազելու  դեպի  դրախտ՝  ընկերների  մոտ,  շարունակելու  իրենց  անհոգ  խաղը:  Չէ’:  Սա  ընդամենը  իմ  երևակայությունն  էր: Կամ  գուցե  վաղուց  մոռացված  պատմություն,  որը  լսել  եմ  իմ  ավագ  ընկերներից:  Գուցե:  Հիմա  պատկերն  այլ  է.  արագ  վերջացնել  նախաճաշն  ու  գրավել  համակարգիչը,  մինչ  տանեցիները  չեն  նկատել:
Փոխվում  են  ժամանակները, փոխվում   են  բարքերը: Այլևս  չեն  հետաքրքրում  բակի  խաղերը,  չկան  ակտիվ  գոռում-գոչյունները:  Արդեն  անցել են  այն  ժամանակները,  երբ,  ինչպես  մեծերն  էին  պատմում,  հավաքվում  էին ,  խաղում  աշխարհի  հայտնի-անհայտ  խաղերը,  հնարում  նորերը,  ջերմ  զրուցում,  անում  մանկական  չարաճճիություններ,  վազում,  թռչկոտում,  բռնում  ու  փախչում, վիճում ու  հաշտվում:  Երջանիկ  էին: Մոռանում  էին   ժամանակի,  տան  ու  անգամ  Երկրի  գոյության  մասին: Ու  երբ  տուն  էին  կանչում՝ վաղուց  մթնել  էր,  չէին  ցանկանում   գնալ. Ախր,  ինչպե՞ս  կտրվեն  ընկերներից:
Կարոտի,  ափսոսանքի, գուցե  զայրույթի  մի  ճիչ  հավաքվել  է ,  կարծում  եմ  ոչ  միայն  իմ,  նաև  շատ  այլ  իմ  հասակակիցների  կոկորդում:

Դո’ւրս  եկեք, խաղացե’ք  ու  վայելե’ք  մանկությունը.  մանկության  գնացքը  շարժվում  է  շատ  արագ:

nina shahmuradyan

Դաղալի գլուխը ծակ ա

Հի՜նգ…Վե՜ց …Յո՜թ…Ու՜թ…Ի՜նը…

-Կպել ա՜…

-Չի կպել, ուղղակի քսվել ա:

-Աա՜, թող քո ասածը լինի, մեկ ա` դաղալի գլուխը ծակ ա: Մտեք…

-Գետնային տուր, պաս չտաս:

-Վա՜յ, ինձ ես ասում, դու ես տալիս: Տուր` թող Նելլին խփի, հա՛…

Վստահ եմ, էսպիսի խոսակցությունների դուք էլ մասնակից, կամ վատագույն դեպքում, ականատես եղել եք: Հիշո՞ւմ եք, ի՜նչ լավ էր:

Այն խաղերը, փոքրիկ վեճերը, ծիծաղի պոռթկումները, ««չեմ խաղումները», անմոռանալի պահերը, հրաշալի՜ մանկությունը:

Այնքա՜ն եմ ուրախանում, երբ պառկում ու սկսում եմ գիրք կարդալ գնդակի անվերջ հարվածների ու երեխաների գոռգոռոցների տակ: Իսկ ինչքա՜ն է կրկնապատկվում ուրախությունս, երբ ընկերուհիներս ինձ են կանչում դուրս ու ասում` «Գնդակդ կբերե՞ս»:

Հիշում եմ մանկությունս, երբ ես համակարգչի «երես» չէի տեսնում, ու ժամը հինգից հետո, ամբողջովին լսողություն դարձած, սպասում էի, թե երբ են գալու ընկերուհիներս ու կոկորդները պատռելով գոռալու` «Նի-նա՜»:

Իսկ հիմա էլ էդպես չի: Հիմա այդ բացականչությունները հազվագյուտ են: Հիմա մանկության խաղերի ընտրությունն ավելի մեծ է: Հիմա երեխաները էլ չեն վիճում «բադեր» են խաղալու, թե` «պախկվոցի»: Ես չեմ ասում, թե բակում էլ երեխաներ չկան: Ո՛չ, նրանք միշտ կան: Բայց հիմա նրանք ավելի ուրախ են համարում խաղալ համակարգչով ու առցանց, ու բակ չիջնելու դեպքում շատ չեն նեղվում: Հիմա ես չեմ տեսնում նրանց աչքերի մեջ այն, ինչ որ կար մեր մոտ: Նրանց աչքերը չեն փայլում:

Էնպես, ինչպես մերն էր փայլում: Նրանք մեր օգնության կարիքն ունեն:

Եկեք օգնենք նրանց համտեսել մանկության իսկական համը: Չէ՞ որ մենք գիտե՛նք ինչպիսին է այն: Միասին իջնենք բակ, սովորեցնենք մեր խաղերը:

tatevik haroyan

Մարդկանց մեջ պակասել է բարությունը

Ներկայացնում եմ  հարցազրույց  պապիկիս՝ 66-ամյա Խաչիկ Մանուկյանի հետ:
Պապս օրինակ է ինձ համար, նրա նպատակասլացությունը թևեր է տալիս ինձ, որ ես էլ լինեմ այդպիսին:

-Պա′պ,պատմիր քո մասին, որտե՞ղ ես ծնվել և ինչպե՞ս է անցել մանկությունդ:

-Ես ծնվել եմ Ապարանի շրջանի Բուժական գյուղում, մեծ ընտանիքում: Ապրել, մեծացել եմ Բուժականում, 8-ամյա կրթություն ստացել, բայց միջնակարգ կրթությունս ստացել եմ հարևան`Երնջատապ կոչվող գյուղում` Եղիշե Չարենցի անվան դպրոցում: Դրանից հետո աշխատել եմ կոլտնտեսության վարչությունում, տարբեր գործեր եմ կատարել: Էն ժամանակ ասում էին՝ կոլխոզը գյուղացու ընդհանուր տնտեսությունն  է, դա կոմունիստական համակարգի լոզունգն էր, իհարկե: Ապա, 1969 թվականին մեկնել եմ խորհրդային բանակ և 2 տարի ծառայել եմ: Ինձ տարան Ռուսաստանի խորքերը` Մարիյսկի ինքնավար մարզ է կոչվում: Յոշկարոլա քաղաքում էի`Մոսկվայից 2500 կմ դեպի   հյուսիս:

-Պա՛պ, ասացիր, որ ձեր ընտանիքը մեծ էր: Քանի՞ քույր-եղբայր էիք:

- Մեր ընտանիքը իրոք մեծ էր,  հորս անունը՝ Մարգար էր, մորս անունը` Լուսիկ: Տանը 6 տղա և 2 աղջիկ էին մեծանում: Ես եղել եմ նախավերջին զավակը: Քույրերիս հետ շատ չեմ ապրել, որովհետև   շուտ են ամուսնացել`մինչև իմ ծնվելը: Եղբայրներիցս մեծ էին: Իրենցից հետո ծնվել է մեծ եղբայրս՝ Հարությունը, ապա Նորիկը, Նուրիջանը, Մարատը, ես և փոքր եղբայրս՝ Վաչագանը:

-Եթե տանը շատ  տղաներ կան, հնարավոր չէ, որ ինչ-որ հետաքրքիր միջադեպ, զվարճալի մի բան չլինի, կհիշե՞ս նման մի դեպք:

-Եղբայրներիս հետ, տարբեր առիթներով, հաճախակի էինք վեճի բռնվում:  Ոնց որ ասած, օրվա հաճելի ու հետաքրքիր պահերն էին: Կարծես, այդպես էլ պետք է լիներ: Հիշում եմ… Մի   անգամ եղբորս հետ նստած էինք թոնրի մոտ` ոտքներս կախել էինք մեջը, որ տաքանանք` հաց թխելուց հետո թոնիրը շատ տաք է լինում: Ես իրեն խաբեցի ու  ձեռքի տանձը խլեցի: Ու քանի որ խաբվել էր` ծիծաղեցի վրան: Ինքն էլ զայրացավ ու իմ ոտքը կպցրեց թոնրի տաք պատին: Ես ձայն հանեցի, որ մաման ու պապան գային ու իրեն ծեծեին: Բայց, ընդանրապես, եղբայրներով շատ սիրով էինք ու եթե կռվում էինք, ընդհարվում, դա ընդամենը 20 րոպե էր տևում` լացում էինք,  հետո միանգամից հաշտվում:

-Պա՛պ, ասացիր, որ ծառայել ես սովետական բանակում, հետո աշխատել, բայց գիտեմ, որ  աշխատել ես մանկուց, ինչպե՞ս ստացվեց:

-Ես իմ  առաջին  գումարը վաստակել եմ, երբ 7-8 տարեկան էի: Այն ժամանակ Արարատյան դաշտավայրից գալիս էին մեր լեռնային գոտիներ, նաև  Բուժական` փայտ տանելու: Փայտ էին կտրում` խաղողի վազերին որպես հենանոց ծառայեցնելու համար: Ես գնում, օգնում էի, և ինձ վարձատրում էին: Շատ լավ եմ հիշում, երբ ստացա առաջին գումարը, տվեցի մայրիկիս, որ դրանով ալյուր գնի և հաց պատրաստի բոլորիս համար:

-Բանակ գնալ-գալուց հետո ինչո՞վ ես զբաղվել:

-Երբ վերադարձա բանակից, արդեն 21 տարեկան էի, 2 ամիս հանգստացա, հետո գնացի Երևան` աշխատանք փնտրելու: Այն ժամանակ Երևանում շինարարության նախարարություն կար՝ «Գյուղշինը», որը գտնվում էր Արաբկիր համայնքում: Ընդունվեցի որպես վարորդ, աշխատեցի  6 տարի, հետո տեղափոխվեցի Աշտարակի «Գյուղշին»: Դրանից հետո տեղափոխվել եմ Նաիրի շրջանի Զորավանի խոշոր եղջերավոր անասունների բտման կայան` որպես վարորդ:

-Եղե՞լ ես արտասահմանյան որևէ երկրում Ո՞ր երկիրն է քեզ դուր եկել և ինչո՞ւ:

-Այո՛, եղել եմ Չեխոսլովակիայում` 15 օրով, Հունգարիա եմ գնացել 40 օրով` հիմնարկն էր գործուղել: Հետո, հիմնարկի կողմից  աշխատանքի եմ մեկնել Ռուսաստան, Լեհաստան,  Բուլղարիա, Մակեդոնիա, Թուրքիա, և′ հանգստանալու, և′ աշխատելու նպատակով: Երկրներից  ինձ շատ էր դուր եկել Չեխոսլովակիաննիր հնություններով, մայրաքաղաքը` Պրագան,  որը գրեթե ամբողջությամբ կառուցված է ջրի վրա, որտեղով շատ գետեր են անցնում և շատ գեղեցիկ կամուրջներ կան:

-Այդքան շրջել ես տարբեր երկրներում, ծանոթացել ես շատ մարդկանց հետ, ի՞նչն ես ամենից շատ գնահատում մարդկանց մեջ:

-Մարդիկ, իհարկե, պետք է լինեն ազնիվ և արդար: Չպետք է լինեն խարդախ և խաբեբա: Յուրաքանչյուրը պետք է կարողանա իրեն դրսևորել, եթե բոլորն այդպիսին լինեն, մարդիկ հանգիստ և հանդարտ կապրեն… Դա է կյանքի կարևոր հիմքը: Իսկ եթե անազնիվ լինեն, իրարից գողանան` ներքին պատերազմ,  ջախջախում կլինի և՛ մարդկության համար, և՛ ամեն ինչում:

-Պապ, ի՞նչ ես կարծում, ի՞նչն է պակասում մարդկանց:

-Մեր  ժամանակներում ահավոր պակասել է բարությունը, իսկ նենգամտությունը և թշնամությունը շատ է: Իհարկե, դա գալիս է մարդկանց սոցիալական անապահովությունից, բայց դա հիմնավոր արդարացում չէ: