marat sirunyan

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

Կյանքն անիրավ, այնպե՜ս, մեզ կապում է իրար,

Որ այդ անխիղճ կապի ձեռքից պրծում չկա,

Հետո ինքն իր արած անմտության համար,

Քմծիծաղ է տալիս ու հեգնում է՝ չկա՜…

 

Հետո չար կատակով բաժանում է նա մեզ,

Հույս տալով, թե մի օր խլածը հետ կտա,

Ու երբ որ ուշացած հասկանում ենք՝ խաբեց,

Ծիծաղում է ուժգին ու կանչում է՝ չե՜մ տա…

 

Ու մենք կրկին անճար, սպասում ենք հույսով,

Թե գոնե նա ինքը ինչ-որ կերպ ետ կգա,

Բայց կյանքի չար խաղով, անիրական կապով,

Մեզ կապվածն այդպես էլ, ա՜խ, չկա ու չկա…

 

Մարատ Սիրունց

ՄԵՐ ԳՅՈՒՂՆ ԷՍ Է

-Երանի Գերմանիայում կամ Ֆրանսիայում ծնված լինեի։

Սա ես եմ, և իմ երազանքը ութ-ինը տարի առաջ՝ ութ-ինը տարեկանում, երբ դեռ չգիտեի անգամ, թե որտեղ են այդ երկրները կամ ինչպիսինն են, ուղղակի լսել էի, որ իմ մի քանի հարազատներ այնտեղ են ապրում ու շատ գոհ են։

-Վայ, ինչի մեր գյուղից լավ տեղ կա՞։

Սա էլի ես եմ, բայց հիմա՝ 17 տարեկանում։ Վիճում եմ մի քանի դասընկերներիս հետ, որոնք բողոքում են գյուղից։ Ես չեմ ասում, որ պետք է հավիտյան մնանք գյուղում և ոչ մի քայլ չանենք, ուղղակի սիրել ու պահպանել այն պարտավոր ենք բոլորս։

Իսկ ո՞րն է այդ գյուղը։ Դա Ոսկեհատն է՝ Արագածոտնի մարզի։ Չեմ ասի տնտեսապես գերզարգացած, մեծ ու շքեղ գյուղ է, բայց բնակիչների համար անչափ թանկ է ու սիրելի։

Գյուղս այնքան էլ ծեր չէ։ Առաջին բնակիչները եղել են տատիս ու պապիս ծնողներն ու նրանց հասակակիցները։ Գաղթել են Արևմտյան Հայաստանից ու տուն կառուցել այստեղ՝ Ամբերդ գետի ափին (գյուղացիները անվանում են նաև Համբերդ)։ Գետը, որը սկիզբ է առնում Արագած սարից, գյուղի գլխավոր հարստություններից մեկն է։ Մարդկանց ոչ այնքան հայտնի, սակայն գյուղի համար արժեքավոր կոթողներից է նաև Ճգնավորի այրը։ Քարայր-կացարանը գտնվում է գյուղի հյուսիս-արևելյան հատվածում, 12-19-րդ դարի շինություն է։ Թեև այրը այնքան էլ մեծ հռչակ չի վայելում, այնուամենայնիվ միգուցե այստեղ ժամանակին ճգնել է մեծ փիլիսոփաներից կամ պատմիչներից մեկը։

Այժմ մեր էքսկուրսիան ավարտենք գյուղի ամենագլխավոր ու ամենակարևոր կոթողով։ Սուրբ Սարգիս եկեղեցի-ամրոցը համարվում է մեր գյուղի հոգևոր կենտրոնը։ Եկեղեցու մասին հստակ տեղեկություններ չկան, բայց կարծիքներ կան, որ այն կարող է հասնել մինչև 14-15-րդ դար։

Գյուղում հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։ Մշակում են տարբեր տեսակի մրգեր և բանջարեղեն։ Հնում շատ են մշակել հատկապես «Ոսկեհատ» անունով խաղողը։ Գյուղացիների խոսքով, հենց դրա համար էլ գյուղը անվանել են Ոսկեհատ։ Ի դեպ, Ոսկեհատի հին անվանումը եղել է Բադրինջ (ըստ մեծերի՝ ծաղկի անուն է)։

Սա է մեր գյուղը՝ փոքր, բայց հարազատ։ Հա, մոռացա գլուխ գովել։ Ես զտարյուն ոսկեհատցի եմ, այսինքն, իմ մայրիկի հայրն ու մայրը և հայրիկի հայրն ու մայրը՝ չորս տատիկներս ու պապիկներս, ծնվել են հենց այս գյուղում՝ գրեթե նույն թաղամասում։ Հայրս նույնպես այս մասին հպարտությամբ է խոսում։

Եվս մեկ տեղեկություն՝ գյուղում կա երիտասարդական հասարակական կազմակերպություն՝ «Ոսկեհատը»։ Այն հիմնադրվել է գյուղի երիտասարդների ջանքերով և ակտիվ գործունեություն է ծավալում, կազմակերպում է ամենամյա ազգային-բակային ճամբարներ և այլն։

mariam tonoyan

Լուսին է

Փողոցն անցնելիս լուսացույցի անտանելի ծվծվոցի ներքո անփույթ մի քայլ և բոսորագույն սանդալի փոկը կտրվեց, ու մնացյալ ճանապարհը ստիպված էր մեկ ոտքը բոբիկ անցնել։ Նա կգերադասեր, որ ձմեռ լիներ, աղմկոտ ձյան ճրթճրթոցով տարված՝ իր առջև կտեսներ միայն տաք հագուստներով փաթաթված, պսպղուն աչքերով ինչ-որ ուրվականների և ստիպված չէր լինի հանդուրժել այդ շոգից մերկացած, անժպիտ, զգացմունք չարտահայտող դեմքերը։ Դեռ ոչ մի պահ չէր կարողացել ընտելանալ, հարմարվել այն տարածությանն ու ժամանակին, որում ծնվել էր, ինչպես ինքն էր ասում՝ հայտնվել պատահաբար։ Այժմ էլ մի պահ մտածեց, որ ոտաբոբիկ քայլելը, թերևս, ավելի հարմար է, բայց հանկարծ իրեն այդ տարօրինակ մտքի վրա բռնացնելով, ժպտաց։ Երբ հասավ մայթին, ձեռքը թեթև սահքով գլխին մոտեցրեց, հրաշեկ մազերն ազատեց կապանքներից ու, ծնկելով գետնին, մազակապն անցկացրեց ոտքի վրա այնպես, որ այն ոտքին կպած պահի իր անպիտան սանդալը, հետո վեր բարձրանալով՝ շարունակեց քայլել։ Թվում էր, թե բոլորի ուշադրությունն իրեն է սևեռված, բոլորն ականատես են իր ձախորդությանը, բոլորը պատրաստ են կարեկցել։ Ախ, ինչպե՜ս էր ատում այդ սին կարեկցանքը։ Թեև ոչ ոք չէր էլ նկատել, որ նրա ոտքի վրա ինչ-որ բան սովորականից տարբեր է, ոչ ոքի նա չէր էլ հետաքրքրում։

Փողոցից ծխի անտանելի, բայցև ախորժելի հոտ էր գալիս։ Մոտակա արագ սննդի կետից երկու աղջիկ դուրս եկան՝ ձեռքներում տաք-տաք բրդուճներ, կտրեցին նրա ճանապարհը, ու նրանցից մեկը, որն ավելի բարձրահասակ էր, անփութորեն կծեց բրդուճը։ Մատներին թափված մայոնեզը նրան զվարճություն պատճառեց, ու լիքը բերանով սկսեց քրքջալ և ինչ-որ բան պատմել մյուս աղջկան։ Տգեղ էր այդ ամենը։

Նա հանկարծ հիշեց, որ այդ բառով երբեմն իրեն էին նկարագրում։ Նա տգեղ էր։ Բայց տգե՞ղ էր արդյոք։ Ոչ, ամենևին, նա մնացել էր այնպիսին, ինչպիսին ի բնե էր, նա սիրում էր իրեն այդպիսին և օտար էր համարում ցանկացած շպար, ցանկացած ժամանակակից ու կարճակյաց նորաձևություն։ Բերա՞նն էր մեծ, գուցե ժպտալուց էր։ Նա չէր կարող չժպտալ, ժպտալու այնքա՜ն շատ պատճառներ ուներ։ Իսկ իր ժպիտի պատճառով իրեն սիրահարված երազկոտի տեղ էին դնում։ Ատամնե՞րն էին ծուռումուռ, ոչի՜նչ, նա այդպես էլ կարողանում էր ծամել, այդպես էլ իր ժպիտը հոլիվուդյան կթվար, եթե այն սրտաբուխ էր ու ազնիվ։ Շա՞տ էր բարձրահասակ, նիհա՞ր էր, կամ գե՞ր, հոգնած տե՞սք ուներ, լավ չէ՞ր հագնվում… Հիմարությո՛ւն։

«Երբ ես ծնվել եմ,- հիշում էր ամեն անգամ,-մայրս ինձ նայել ու հիացմունքով ասել է՝ լուսին է։ Լուսինը նրա համար կանացի գեղեցկությամբ օժտված ամենագեղեցիկ երկնային մարմինն էր։ Լուսինե. այդպես էլ կոչեց ինձ։ Գեղեցկության մասին դատելիս ու՞մ ավելի պետք է հավատամ, եթե ոչ մորս»։

Ավտոբուսի մեջ հրմշտոց էր։ Շոգի պատճառով բոլորն ավելի տաքարյուն էին դարձել. տղամարդիկ սկսեցին հայհոյել միմյանց, վարորդը բարկացավ, արգելակեց ու դուրս հրավիրեց նրանց։ Պատուհանից այն կողմ՝ սահող անշունչ շենքերն անուններ ունեին, նրանցից քչերն էին հայեր, անգլերեն բառերով ցուցանակները լղոզվում էին ապակուն, ապա կորչում էին, կորչում ընթացքի մեջ։ Ամեն ինչ իր կաղապարն ուներ այդ քաղաքում, մարդիկ պետք է տարբերվել փորձելու մոլուցքով միանման դառնային, կենդանիներին պետք էր զբոսնելու տանել՝ ճանապարհը ինքդ որոշելով, բառերն ու խոսքերը ասես հստակ սահմանված լինեին յուրաքանչյուր դեպքի համար, նույնիսկ բնության ամենահամառ ներկայացուցիչները՝ ծառերն էին այստեղ կաղապարված՝ ասֆալտի մեջ բացված մի կտոր հողով բավարարվելով։ Տգեղ էր այդ ամենը։

Լուսինեի համար ամեն մերժելի բան այդ օրն ընդգծված կերպով էր ներկայանում։ Պատճառն իր երազն էր։ Երազում նորմալ կյանք էր տեսել և չէր կարողանում առօրյա մղձավանջից արթնանալ ու դարձյալ այնտեղ հայտնվել։ Տեսել էր, թե ինչպես է բարակավիզ ու կապուտաչյա մանուշակներով պատված բլրակի հետևից արևը թևերը պարզած վեր ելնում՝ գրկելու կապույտը, հավերժությունը։ Նույն պահին գյուղական մի խրճիթում քնից արթնանալով ձեռքերը տարածել էր քնաթաթախ աղջնակը, որն շտապում էր բերքահավաքի գնալ ու բաց չթողնել ժամադրության այդ ծածուկ առիթը՝ գրկելու իր սիրեցյալին, հավերժությունը…

Երազից մանրամասներ չէր հիշում, բայց այն իր հետևից մանկություն հիշեցնող դաղձի բույր էր թողել, որ չէր առնում ոչ մի ասֆալտից։ Իսկ ու՞ր էր իր սիրելին, իր հավերժությունը։

-Անունս Լուսինե է,- ժպիտով ասել էր նրան առաջին հանդիպման ժամանակ, երբ թվացել էր, որ գտել է իրեն ամենահամապատասխան մարդուն այդ սխալ ժամանակներում։

-Քեզ Լյուսի կասեմ,-որոշել էր տղան անմիջապես։

-Օքեյ,-պատասխանել էր նա և միայն  հետո՝ փողոցն անցնելիս, լուսացույցի անտանելի ծվծվոցի ներքո վճռել, որ այլևս երբեք չեն հանդիպի։ Ապա անփույթ մի քայլ, և բոսորագույն սանդալի փոկը կտրվեց…

Երիտասարդական գրականագիտական մրցույթ

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը՝ Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության, Սիդայի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում և «Գրական կայարան» գրական, մշակութային հասարակական կազմակերպությունը հայտարարում են «Երիտասարդական գրականագիտական մրցույթ»։Ծրագրի նպատակը երիտասարդների շրջանում գրաքննադատական հմտությունների զարգացումն է՝ ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունների մասին գրախոսականներ գրելու միջոցով։

Ծրագրի շրջանակներում հանրապետության չորս քաղաքներում՝ Վանաձոր, Իջևան, Մարտունի, Վայք (Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզեր), կկազմակերպվեն մեկօրյա դասընթացներ, որոնց ընթացքում ոլորտի մասնագետները՝ գրողներ կամ գրականագետներ, երիտասարդներին կսովորեցնեն ընթերցանության ու գրախոսության հմտությունները։ Դասընթացներից հետո երիտասարդները կգրեն գրախոսականներ և ընտրված լավագույն մասնակիցները կստանան դրամական մրցանակներ։

Ծրագրի արդյունքում երիտասարդները կծանոթանան ժամանակակից գրողների ստեղծագործություններին, ձեռք կբերեն գրագետ ընթերցանության և գրաքննադատական տեքստեր գրելու հմտություններ։

Մրցույթին կարող են մասնակցել 17-30 տարեկան ՀՀ քաղաքացիները։ Մրցույթին մասնակցությունը բաց կլինի՝ դասընթացին չմասնակցած պատանիներն ու երիտասարդները նույնպես կկարողանան ուղարկել իրենց գրախոսությունները։

Մրցույթին գրանցվելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով։

Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է՝ 2021թ․ հոկտեմբերի 15-ը:

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 099028700 հեռախոսահամարով կամ գրել նամակ kayaran.contest@gmail.com էլ․հասցեին։