Ինչն է ինձ հուզում. Արագածոտնի մարզ

Արագածոտնի մարզի պատանիները խորհում են իրենց հուզող հարցերի մասին

Ինձ հուզում է այն, որ Հայաստանում շատ անապահով ընտանիքներ կան: Անապահովությունը սկսվում է  գործազրկությունից: Մարդիկ ցանկանում են աշխատել, սակայն աշխատատեղեր չկան: Դրա համար էլ Հայաստանում օրեցօր ավելանում է արտագաղթը` հայերը մեկնում են օտար երկրներ:

Ես ցանկանում եմ, որ Հայաստանում տարբեր  գործարաններ բացվեն, ստեղծվեն աշխատատեղեր, մտածեն գործազուրկների մասին, բարձր աշխատավարձ տան, որպեսզի մարդիկ չլքեն իրենց հայրենիքը և չհեռանան Հայաստանից:

Սայրանուշ Մնացականյան, գ. Փարպի, 16 տ.

 ***

Ես շատ եմ սիրում այն վայրը, որտեղ ծնվել եմ, և հենց դա է պատճառը, որ հիմա ցանկանում եմ Ագարակի հիմնախնդիրների մասին խոսել: Շատ տարիներ են պահանջվել Ագարակը գեղեցկացնելու համար ու շատերը, ովքեր ծնվել են այստեղ, աջակցել են գյուղի զարգացմանը:  Թեև այս ամենին, Ագարակը,  ինչպես Հայաստանի այլ գյուղեր, ունի իր ներքին` «տնական» խնդիրները, որոնք  լուծում  են պահանջում:  Խնդիրը, որի մասին ցանկանում եմ խոսել, շատ կարևոր է և գրեթե բոլոր գյուղերում է  առկա, գյուղի լուսավորության հարցն է: Մեզ մոտ երբեք չի եղել գիշերային լուսավորություն: Երեկոյան ժամերին`հատկապես ձմռանը, պարզապես անհնար է տնից դուրս գալ, թեև մտածելակերպ էլ կա` էս ուշ ժամին որտեղի՞ց ես գալիս, կամ ո՞ւր ես  գնում:

Շատ անգամ մարդիկ վախենալով են հասնում տուն, հատկապես աշակերտները,  երբ ուշ ժամերին  վերադառնում են պարապմունքներից:  Կարծում եմ, համայնքապետարանը պետք է ուշադրություն դարձնի և միջոցներ ձեռնարկի այս հարցը լուծելու համար , որն այնքան էլ դժվար չէ: Դա  կհեշտացնի մարդկանց կյանքը, կնվազեն գողություններն ու հանցագործությունների քանակը:

Արփինե Խաչատրյան,  գ. Ագարակ, 15 տ.

 

***

Ինձ հուզում է իմ երկրի և իմ քաղաքի մթնոլորտային աղտոտվածությունը: Պատուհանից նայում եմ դուրս ու մտածում, թե ինչպես է մարդն աղտոտում շրջակա միջավայրը:   Նայում եմ  քաղաքիս` ամենուրեք մեքենաներ են, ու հիշում եմ  աշխարհագրության ուսուցչուհու  խոսքերը. «Ավտոտրանսպորտին բաժին է ընկնում մթնոլորտի աղտոտման հիմնական մասը»:

Հայաստանում այսօր էլ շատ են  ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանում արտադրված ավտոմեքենաները:   Դա նշանակում է, որ երկրի ավտոմոբիլային հավաքակազմը հնացել է, ինչի  պատճառով էլ ավելացել է արտանետումների քանակը: Մենք վատ օդ ենք շնչում, որը  կարող է վատ ազդեցություն  ունենալ մեր  և ապագա սերունդների առողջության վրա:

Վերջին տարիներին քաղաքային փոխադրամիջոցներից դուրս  մղվեց էկոլոգիապես մաքուր տրանսպորտը, սակայն ներկայումս  ձեռնարկվում են միջոցներ` երկրի տրասպորտային համակարգը բարելավելու համար:

Այսպես… Պատուհանից դուրս եմ նայում ու նկատում, թե ինչպես է մի տղա ձեռքի աղբը գցում գետնին: Մի փոքրիկ էլ` տեսնելով,  վազում, վերցնում է թուղթն ու  գցում աղբարկղը: Ես ուզում եմ մարդիկ հասկանան, որ անգամ  փոքրիկ,  անզգույշ քայլով վնասում են բնությունը և մթնոլորտը:

Լուսինե Հարությունյան, ք. Աշտարակ, 16 տ.

***

Մեր գյուղում կան բազմաթիվ խնդիրներ, սակայն ինձ համար կարևոր է, որ մեզ մոտ ժամանցի կենտրոններ բացվեն: Ճիշտ է, կան տեսարժան վայրեր՝ հուշարձաններ, պուրակներ և այլն, բայց  դա  քիչ է, որովհետև  չկան սրճարաններ, կամ ակումբներ, որտեղ մարդիկ կկարողանան հավաքվել ու զրուցել: Կցանկանայի, որ նման վայրեր լինեն երիտասարդների համար, որտեղ նրանք  կանցկացնեն իրենց ազատ ժամանակը:

Արուսյակ Իգնաթևոսյան, գ. Սասունիկ, 16 տ.

 

 ***

Երջանկություն ասվածը յուրաքանչյուրիս ընկալմամբ տարբեր է: Բոլորս էլ  ցանկանում ենք անհոգ և երջանիկ մանկություն  ունենալ: Թվում է` երջանիկ լինելը հեշտ է, բայց ոչ բոլորին է ի վերուստ տրված այդպիսի կյանք:

Ինձ հուզող հարցերից մեկը. եկեք   ուշադրություն դարձնենք այն երեխաներին, ովքեր չունեն իրենց երազած մանկությունը: Ցանկությունս է` միասնական ջանքերով ստեղծել բարեգործական կենտրոններ, որոնք կօգնեն մանկատան երեխաներին ` քիչ թե շատ մանկության երջանիկ օրեր ունենալ: Օգնենք նրանց հասնել գոնե մի երազանքի՝ պարգևելով խինդ և ուրախություն: Կազմակերպենք հետաքրքիր միջոցառումներ, ինչու չէ, նաև ճամփորդություններ դեպի տեսարժան վայրեր՝  նրանց մեկ օրը հիշարժան դարձնելու համար:

 

Մեսրոպ Ալեքսանյան, գ. Կարբի, 16 տ.

 

 ***

Ես շատ եմ տեսնում ծխախոտ օգտագործող չափահաս  մարդկանց,  բայց վերջերս  նկատել եմ, որ  իմ շրջապատում անչափահասները` իմ հասակակիցները, նույնպես ծխում են: Վերջերս դպրոցում  ուշադրությունս գրավեցին երեք տղաներ, ովքեր միշտ ուշացած էին  ներկայանում դասերին: Մտածում էի, որ ուղղակի դանդաղաշարժ են, բայց ավելի ուշ իմացա, որ  ծխում են և  այդ պատճառով էլ ուշանում են դասերից: Ընդամենը տասնվեց տարեկան, բայց օրն  առանց ծխախոտի չեն պատկերացնում  և վնասում  են իրենց առողջությունը: Նրանց պետք է բացատրել, որ դա վատ սովորություն է, որից պետք է հրաժարվեն քանի դեռ շուտ է:

Գևորգ Հովհաննիսյան, գ. Կարբի, 16 տ.

 ***

Ուզում եմ   անդրադառնալ մեր ժամանակների աղտոտված փողոցներին: Ի՞նչ են մտածում այդ մասին բնապահպանական մարմինները: Քայլում ես փողոցով և ամենուր  աղբի ես հանդիպում:  Ուզում եմ, որ համապատասխան վայրերում աղբամաններ տեղադրվեն: Ես ապրում եմ Փարպի գյուղում, որտեղ արդեն մի քանի տարի է, աղբամաններ չկան: Փոխարենը`շաբաթական երկու անգամ, շրջում են աղբահավաք մեքենաներն  ու հավաքում բնակիչների կուտակած աղբը: Իմ  կարծիքով, շաբաթական երկու անգամը  շատ քիչ է, որ  գյուղն ամբողջությամբ մաքրվի: Ցանկանում եմ, որ այդ  մեքենան ոչ միայն կենտրոնական, այլ նաև մյուս` երկրորդական փողոցներին ուշադրություն դարձնի: Ամենուր  կուտակված  աղբը գարշահոտություն է տարածում հատկապես շոգ եղանակին, ինչի  պատճառով էլ երեխաները չեն կարողանում դուրս գալ բակ՝ խաղալու:

Ես շատ եմ ուզում, որ իմ գյուղը մաքուր ու գեղեցիկ լինի :

Սոնա Կարպովա, գ. Փարպի, 16 տ.   

 ***

Ես ապրում եմ Ագարակ գյուղում: Ագարակն ունի բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնց մասին  պետք է խոսել և իրազեկել մարդկանց: Բայց հիմա ուզում  եմ անդրադառնալ մի խնդրի , որը հուզում է և՛ ինձ, և՛ իմ ընկերներին: Դա  ժամանցային վայրերի իսպառ բացակայությունն է գյուղում: Ես և ընկերներս շատ կցանկանայինք, որ մեզ մոտ էլ լինեին կարաոկե-ակումբներ, սրճարաններ, ակումբներ, որտեղ կիրականացվեին տարբեր խաղեր, միջոցառումներ և ծրագրեր:

Կարծում եմ, պետք է համայնքապետարանը  ուշադրություն դարձնի այս խնդրին: Այդ դեպքում, գյուղացիները  իրենց ազատ ժամանակն ավելի հետաքրքիր անցկացնելու և լիցքաթափվելու հնարավորություն կունենան:

Լենա Խաչատրյան, գ.Ագարակ, 17 տ.

***

Ես քսանամյա Էմման եմ: Ուսանողուհի եմ: Ինձ հուզում են բազմաթիվ երևույթներ, որոնք տեղի են ունենում և դեռ կունենան: Սակայն  ամենից շատ, ինձ հուզում է սովորելուց հետո աշխատանք  չգտնելու  տխուր հեռանկարը:

Ինչպես յուրաքանչյուր ուսանող, ես նույնպես կանգնած եմ այդ խնդրի առաջ: Շատ հաճախ  մտածում եմ. « Բա որ չկարողանա՞մ աշխատանք գտնել, բա, որ չստացվի՞, բա որ այս հինգ տարիները ջուրն ընկնեն»:

Առջևում դեռ երկու տարի էլ ունեմ, բայց արդեն անհանգստանում եմ: Պատճառն այն  է, որ շատ-շատերը մնում են առանց մասնագիտական աշխատանքի և այլ գործերով են զբաղվում: Իսկ ո՞ւր մնաց  այդ չորս-հինգ տարիների տքնաջան աշխատանքը, սովորելը  և գիտելիքները: Ինչքան էլ ասենք, թե կարևորը ուսում ստանալն է, բայց երբ չես ունենում համապատասխան գործ, այդ տարիները մի տեսակ ապարդյուն են թվում: Եվ ի՞նչ անել:

Հուսալով շարունակել մնացած երկու տարի՞ն, թե՞ թողնել, որ հիասթափությունը հաղթանակի:

Էմմա Թովմասյան, ք, Աշտարակ, 20 տ.

Մենախոսություն

Ինչ կլիներ, եթե ես լինեի «տրոլիկ»։ Այս հարցը կարող է մի քիչ տարօրինակ թվալ, բայց իրականում շատ անգամներ եմ այդ հարցը տվել ինքս ինձ։ Չէ՞ որ միշտ էլ հետաքրքիր է` եթե ես ես չլինեի, ապա ո՞վ կամ ի՞նչ կլինեի։ Իմ դեպքում ընտրությունը ընկնում է «տրոլիկի» վրա։ Եթե լինեի տրոլիկ, միշտ կլինեի շատ ուրախ ու հավեսով կաշխատեի։ Իսկ ուրիշ տրոլիկներին տեսնելուց կբարևեի ու կանցնեի առաջ։ Չնայած կուզենայի կանգնել ու երկար-բարակ խոսել, բայց խցանումներ կառաջանային, ու բոլորին կխանգարեի։ Ինչքան լավ է՝ ամեն  օր էքսկուրսիա իմ սիրած քաղաքով՝ իմ ծանոթ ու սիրած փողոցներով։

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Մի քիչ էլ իմ մասին։ Այնքան էլ մեծ չեմ՝ 5 տարեկան, և դե իհարկե՝ գերմանուհի։ Իմիջիայլոց, իմ ծնողներն էլ են գերմանացի, բայց ցավալի է, որ ես այնտեղ շատ քիչ եմ ապրել ու համարյա բան չեմ հիշում, քանի որ կես տարեկան էի, երբ ինձ տեղափոխել են Հայաստան, և դրանից հետո իմ տունը այստեղ է։

Այս աշխատանքն ինձ ստիպում է ապրել այստեղ ու այս պահով: Այս աշխատանքի մեջ ինձ շատ է դուր գալիս, որ ես  տարբեր տարիքի մարդկանց համար էքսկուրսիաներ եմ կազմակերպում: Առաջ մնածում էի, թե ոչ բոլորին են դուր գալիս իմ էքսկուրսիաները ու չէի հասկանում` ինչու են մարդիկ տխուր: Հիմա էլ հաճախ տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ լալիս, տխրում, բայց մեծանալով հասկացա, որ կյանքը շատ դժվար է, և շատ մարդիկ, մանավանդ մեծահասակները, այնքան էլ լավ չեն ապրում, կարոտում են իրենց երեխաներին ու թոռներին, որոնք կամ ուշ-ուշ են այցելում նրանց, կամ էլ ընդհանրապես մոռացել են: Բայց կյանքը շարունակվում է, և երբ գալիս է իմ ամենասիրած եղանակը՝ աշունը, ամեն ինչ դառնում է ավելի սիրուն, ուրախ. կյանքը վերածվում է մի հեքիաթի, ու ես կարծես չեմ նկատում բոլոր դժվարությունները: Հանկարծ գլխիս մի տերև է ընկնում, իսկ ամբողջ օրը անձրև է գալիս: Է՜հ, ի՜նչ լավ է: Չեմ պատկերացնում, թե ո՞վ կարող էի լինել, եթե ոչ «տրոլիկ»:

Mane Babajanyan

Ժամանակն անզոր է

Ամեն ինչ սկսվեց չորս ամիս առաջ: Ընկերուհիներիցս մեկի ծննդյան օրը մտերմացա նրա դասընկերուհու՝ Սյուզիի հետ, ով բոլորովին նոր մարդ էր մեր շրջապատում: Այդ օրվանից հետո ես և նա էլ ավելի մտերմացանք: Հետո ստացվեց այնպես,  որ ես տեղափոխվեցի նրանց դասարան, և այժմ մենք մտերիմ ընկերուհիներ ենք: Իրականում մենք շատ տարբեր մարդիկ ենք, ու հենց դա էլ միավորում է մեզ,  որովհետև մենք լրացնում ենք միմյանց,  ինչպես ասում են, մեկը սիրտն է, մյուսը՝  ուղեղը: Մենք մեզ իրար հետ շատ լավ ենք զգում,  քանի որ ազատորեն կարող ենք խոսել ամեն ինչի մասին և վստահ լինել,  որ միմյանց հասկանում ենք ու կարող ենք օգնել իրար: Ամեն ինչ հրաշալի էր, ավագ դպրոց գալով ես հենց այդպես էլ պատկերացնում էի՝ կգնամ նոր դպրոց, կծանոթանամ նոր մարդկանց հետ ու գուցե կգտնեմ այն ընկերուհուն, ում հետ ազատորեն կկարողանամ խոսել իմ զգացմունքների ու հույզերի մասին:  Եվ կարծես իմ պատկերացումներն իրականացել էին,  թվում էր, թե ոչ-ոք չի կարող բաժանել մեզ,  սակայն… Մեր մտերմանալուց ընդամենը երկու ամիս անց ես իմացա,  որ ամռանը նրանց ընտանիքը գնալու է Հայաստանից՝ իր հոր մոտ:  Այդ ժամանակ ամեն ինչ փոխվեց, աշխարհը կարծես դադարեց գոյություն ունենալուց, ու առաջին հերթին ես ինքս փոխվեցի: 

Դա ինձ համար շատ ծանր հարված էր, որից հետո ամեն բան խառնվեց իրար: Սյուզին և ուզում է գնալ, և՝ ոչ: Ուզում է գնալ, քանի որ քաջ գիտակցում է, որ հորից հեռու ապրելն անհնար է,  իսկ ուզում է մնալ,  որովհետև այստեղ շատ բան է թողնելու՝ մի ողջ կյանք, հուշեր,  երազներ և վերջապես մարդիկ, առանց որոնց շատ դժվար կլինի իր համար:

Երբ հարցնում եմ իրեն՝ ասում է,  որ ամենից շատ կկարոտի շրջապատը՝ ընկերներին: Դե, իսկ ես… Ես ամեն ինչ կտայի, որ նա մնար,  քանի որ առանց իրեն դժվարանում եմ պատկերացնել ինձ: Այս մի քանի ամիսների ընթացքում մենք շատ ենք մտերմացել,  ու հիմա ես պարզապես չեմ ուզում կորցնել նրան: Այդ լուրն իմանալու օրից ի վեր ես չեմ կարողանում հաշտվել այն մտքի հետ,  որ գուցե էլ երբեք չհանդիպեմ նրան,  չկարողանամ նայել աչքերին ու ասել, թե ինչ եմ մտածում: Չկարողանամ տեսնել ինձ այդքան հարազատ դարձած ժպիտը…

Մնում է հավատալ,  որ հեռավորությունը չի կարող բաժանել մեզ: Վերջում մի բան եմ ուզում ասել բոլոր նրանց,  ովքեր երբևէ կհայտնվեն նույն իրավիճակում՝ երբեք չհանձնվեք ու թույլ չտաք,  որ ժամանակն ու տարածությունը խանգարեն ձեզ:

Հ.Գ. Սյուզ,  եթե դու կարդաս սա, իմացիր,  որ անկախ հանգամանքներից դու ինձ համար ամեն ինչ ես, ու առանց քեզ ինձ համար շատ դժվար կլինի: Ոչ ժամանակը,  ոչ էլ անգամ տարածությունը չեն կարող խանգարել մեր ընկերությանը: Քեզ միշտ կկարոտեմ ու կսպասեմ,  որ մի օր այստեղ ամեն ինչ առաջվանը կլինի, ու ես էլի կտեսնեմ ինձ այդքան հարազատ ու ջերմ դարձած ժպիտդ:

Ամառը ապրելու համար է…

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Երկու բան կա աշխարհում ինձ համար, որ ես կարողանամ զգալ` ապրում եմ` ջուր և քամի, այսինքն` չգիտեմ դա անվանել քամի, թե պարզապես օդ: Ինձ համար այդ երկու տարրերը կարծես իմ մի մասնիկը լինեն, որոնք ցանկացած պահի կարող են ինձ հանգստացնել, կարող են ինձ սթափեցնել և միևնույն ժամանակ, անասելի ուրախություն պատճառել… Պատկերացրեք` քայլում եք մի մեծ դաշտով ու ամբողջ ուժով փորձում եք ներս քաշել շրջապատի մաքուր օդը` կրկին ու կրկին կարծես չհագենալով, կարծես վախենալով, որ, եթե մի վայրկյան հանկարծ փորձեք դադար առնել հանգստի համար, ձեր ուրախությունը կպակասի: Եվ, հանկարծ, ձեր ընկերուհիներից մեկը առաջակում է չկորցնել պահը, օգտվել առիթից, որ դաշտում ոչ ոք չկա և գլխապատառ վազել` ձևացնելով, թե շուն է ընկել ձեր հետևից: Վազել այնպես, որ քամին, ինքն էլ չդիմանալով ձեր արագությանը, իր սառնությամբ կտրի ձեր դեմքը: Բայց ոչ, չի կարելի կանգ առնել. մոռացա՞ք շան մասին: Վազում ենք ամբողջ ուժով, շնչակտուր և հևալով, բայց ոչ, դա մեզ տհաճություն չի պատճառում. բոլորի դեմքին լայն ժպիտն է միայն երևում, և ոչ ոք չի կարողանում խոսել: Հիշում եք երևակայական շանը: Հանկարծ նա դառնում է իրականություն, հիմա արդեն իրոք պետք է վախենալ, բայց դուք վախը փոխարինում եք ծիծաղով, մեկ էլ հանկարծ կարողանում եք ազատվել ձեզ հետևող շնից… Այ, հիմա կարելի է մի լավ շունչ քաշել և ծիծաղել ձեր` իրար հետևող հիմարությունների վրա… Հուսամ, ինձ հաջողվեց ստիպել, որ գոնե մի պահ ձեզ մի քիչ պատկերացնեք մեր «Խելագար հնգյակի» (խոստանում եմ մեկ-մեկ ձեզ տանել մեր մանկություն, ինչու ոչ, նաև մեր օրերը և առավել մանրամասն պատմել մեր այս «ավազակախմբի» մասին) փոխարեն… Գիտեք, ինչ-որ բան հենց այնպես չեն սիրում: Ես ամառը սիրում եմ, այն էլ` շատ-շատ, որովհետև դրանից ավելի սիրում եմ մեր «խելագար հնգյակին»:                                                                                                                                               …Ամառը խենթությունների համար է, ամառը ապրելու համար է…

hripsime baloyan

Փոփոխական եղանակ

Ընդամենը օրեր առաջ Գյումրին վայելում էր տաք ու հաճելի եղանակ: Բոլորը դռները բացել էին և փոխարենը վարագույրներ կախել: Բակից լսվում էր երեխաների աղմուկը, տատիկների բամբասանքը, պապիկների նարդիի զառերի կտկտոցը, մայրիկների բղավոցը. «Այ՛ տղա, հերի՛ք է, տուն արի, դաս էրա»:  Իսկ հայրիկները բացել էին ավտոտնակի դռները և իրենց մեքենաներով էին զբաղված: Ես էլ որոշեցի զգեստապահարանիս մեջ լուրջ փոփոխություններ անել: Դուրս հանեցի «աշուն-ձմեռ» հավաքածուս՝ տեղը զիջելով «գարուն-ամառ» հավաքածուիս, ապա մայրիկիս ձայնը լսելով՝ դուրս եկա սենյակից.

-Ի՞նչ կենեիր ըտկան վախտ սենյակդ:

-Հեչ, մա՛մ, շորերս կդասավորեի:

-Էլի քանդե՞լ էիր սաղ:

-Չէ, մա՛մ, հակառակ, կարևոր գործ էրեցի:

-Ի՞նչ գործ:

-Կարճթև շորերս եմ առաջ բերել, ձմեռայինները՝ հավաքել:

-Բալա՛, էս եղանակը փոփոխական է, շուտ է հըլը:

-Չէ հա, արդեն տաքցել է լրիվ:

-Լավ, դու գիտես, հետո չըսես` չըսեց:

-Ահա:

Ու կրկին գնացի սենյակ, որպեսզի վաղվա օրվա հագուստ որոշեմ: Որոշեցի: Ասեմ, որ «գարուն-ամառ» հավաքածուից էր:

Եկավ հաջորդ օրը: Արթնացա, սովորականի պես նախաճաշ, լվացվել:

Հերթը հագուստինն էր, ու կրկին մայրիկի ձայնը լսվեց.

-Դուրսը սառնամանիք է, երեկվա որոշածդ շորերը չհագնիս:

Ի՞նչն է սառնամանիք, հնարավոր չէ` վստահ ասացի:

-Ել դուրս, տես,- ոչ պակաս վստահ ավելացրեց մայրիկս:

Համոզվելու համար դուրս եկա բակ, ապա վազեցի սենյակ: Տակն ու վրա արեցի ամբողջ պահարանը, գտա ձմեռային տաք հագուստներիցս մեկը: Չեք պատկերացնի, թե ինչպես էր փոխվել եղանակը: Ուղղակի անբացատրելի է այդ պահը, երբ նախորդ օրը տա՜ք, շո՜գ, պայծա՜ռ, իսկ հաջորդող օրը՝ քամի՜, մռա՜յլ , ցու՜րտ…

Իսկ երբ դասից եկա տուն, տանեցիները կարգադրեցին սենյակս կարգի բերել, և ես ստիպված եղա ամբողջը հետ դասավորել:

Ինչն է ինձ հուզում. Արագածոտնի մարզ

Արագածոտնի մարզի պատանիները խորհում են իրենց հուզող հարցերի մասին

Ես ապրում եմ Աշտարակում: Իմ քաղաքում կան մի շարք հարցեր, որոնք հուզում են ինձ: Դրանցից մեկն այն է, որ այստեղ  քիչ են ժամանցի վայրերը, չկան սրճարաններ ու զբոսայգիներ: Ճիշտ է, կան տեսարժան վայրեր, բայց մի քանիսն  են, ու ամեն անգամ` նույն տեղը գնալով,  մարդիկ ձանձրանում են: Կցանկանայի, որ ժամանցի կենտրոններ ստեղծվեին երիտասարդների համար, որ նրանք կարողանային հետաքրքիր անցկացնել ազատ ժամանակը:

Ինձ շատ է հուզում նաև մեր ապագան, ինչպե՞ս կկառուցվի այն հետագայում: Ի՞նչ դերակատարում և ներդրում կարող է ունենալ  մեզնից  յուրաքանչյուրը` մեր երկիրն ու համայնքը զարգացնելու գործում:

Արսեն Կարապետյան, ք. Աշտարակ, 16 տ.

***

Ես Նորան եմ ` Ոսկեվազից: Ինձ հուզում է մի շատ լուրջ և արդիական հարց. որտե՞ղ շարունակեմ ուսումս, որ  ապագայում կարողանամ համապատասխան աշխատանք գտնել: Մեր  այսօրվա  աշխատաշուկայում գործ  գտնելը  դժվար է: Ի՞նչ է սպասվում մեզ: Այս  հարցը շատերին է մտահոգում ու  հետաքրքրում: Մարդիկ սովորում են, բայց չեն կարողանում ապրել, աշխատել և ստեղծագործել:

Մեր գյուղը  շատ մոտ է Երևանին, և բոլորն էլ կարողանում են սովորել, բայց մեր երկրում չեն կարողանում գտնել իրենց ապագան:  Ես փորձում եմ իմ ապագան այնպես կառուցել, որ կարողանամ մնալ և ապրել իմ ծննդավայրում:

Նորա Վարդանյան, գ. Ոսկեվազ, 16 տ.

***

Ինձ ամենից շատ հուզում է իմ երկրի ապագան` իմ և հայ փոքրիկների ապագան… Ինչպիսի՞ն կլինի մեր կյանքը  հետագայում… Ես շատ եմ մտածում այդ մասին: Մտածում եմ` ի՞նչ կլինի, եթե աշակերտները  դպրոցում չսովորեն, կամ  ի՞նչ  կյանքով է  ապրելու մեր երկիրը: Ես շատ եմ ուզում, որ բոլոր աշակերտները լավ սովորեն և պիտանի մարդիկ դառնան Հայաստանի համար:

Մեր ապագան մեր ձեռքերում է, և եթե լավ սովորենք, ապա կունենանք լավ ապագա:

Վալենտինա Առաքելյան , գ.Փարպի, 13 տ.

***

Ես շատ եմ սիրում իմ ծննդավայրը, իմ գյուղը: Եվ ինձ շատ է հուզում մեր գյուղի անբարեկարգ վիճակը: Մեր գյուղը` Ոսկեհատը, դեռ  ամբողջովին գազաֆիկացված չէ: Ճանապարհները, բացի կենտրոնականից, ասֆալտապատված չեն: Առևտրի կենտրոնները շատ չեն, իսկ ժամանցի վայրեր ընդհանրապես չկան: Բացի այդ, չեն պահպանվում սանիտարական պայմանները, ինչի հետևանքով մեր հիասքանչ Ամբերդ գետի ափերը դարձել են աղբանոց: Բայց ես հուսով եմ, որ մի օր մեր գյուղը կձերբազատվի վերը նշված  բոլոր խնդիրներից:

Լիանա Հովհաննիսյան, գյուղ Ոսկեհատ, 15 տ.

***

Ինձ շատ բաներ են հուզում, բայց շատ անգամ չեմ կարողանում այդ հարցերին ճիշտ լուծում տալ:

Ինձ հուզում է մեր հայրենակիցների  արտագաղթը: Բոլորը փորձում են իրենց տունը ուրիշ տեղ փնտրել՝ թողնելով իրենց պապական Հայաստանը:

Բայց օրերս հասկացա, որ շատ զարմանալի է մեր ազգը, երբ Հայաստանը խաղաղ է մարդիկ արտագաղթում են, բայց բավական է, որ վտանգվի մեր երկիրը` սկսում են ներգաղթել՝ մեր մի կտոր հողը պաշտպանելու համար:

Փոքր թվացող բաներ էլ են ինձ հուզում: Օրինակ` ինձ հուզում էր մեր բակի շնիկը: Ես նրա հաչոցից  ամեն առավոտ արթնանում էի, իսկ երբեմն էլ գիշերն էի արթնանում:  Նա ընդամենը մի անպաշտպան շնիկ էր, որը չէր հասկանում  և ընդունում մեր հարևան Վարդանը  և ամեն օր վիճում էր ինձ հետ, դուրս  գալիս, գոռգոռում:

Մի անգամ նույնիսկ հարվածեց կենդանուն, ու  շնիկը մի կերպ էր ոտքի վրա կանգնում:  Որոշ ժամանակից շունը   կորավ, ու ես այլևս չգտա նրան: Ինձ հուզում է շատ ու շատ այդպիսի շնիկների ճակատագրերը, որոնց հետ վատ են վարվում անսիրտ մարդիկ:

Մայրանուշ Եղիազարյան, ք. Աշտարակ, 14 տ.

***

Ամենից շատ ինձ  հուզում և անհանգստացնում է բնության աղտոտվածությունը: Շատ-շատ են այդպիսի դեպքերը… Մարդիկ շահագործում են բնության տված բարիքները, և օգտվելով այդ ամենից, միշտ աղտոտում և փչացնում են շրջակա միջավայրը: Չեն փորձում այդ ամենը հավաքել ու մաքրել: Միայն, երբ դպրոցներում, քաղաքներում տեղի են ունենում շաբաթօրյակներ, այդ ժամանակ մի փոքր մաքրում են  աղբը: Մնացած դեպքերում մարդիկ միայն վնաս են հասցնում բնությանը, բայց և անխնա օգտագործում  նրա բարիքները:

Վիոլետա Մկրտչյան, գ. Կարբի, 15 տ.

***

Անտարբերություն  աշխարհի, մարդկանց, սեփական երջանկության ու կյանքի նկատմամբ, ահա թե ինչն է ինձ հուզում:

Մարդիկ շարունակ փորձել են հասնել կատարյալին ու ձգտելով դրան` կորցրել ամենակարևորը՝ մարդկային ջերմությունը:

Փողոցում քնող, սոված, մարդասպան, անհոգի, սեփական շահի համար ապրող մարդիկ…

Սիրում են ու չեն ասում, չեն սիրում ու սեր են խոստովանում, դավաճանում են հավատարիմներին ու հավատարիմ մնում դավաճաններին: Անտարբեր են համամարդկային խնդիրների նկատմամբ: Որդին սպանում է հորը, հայրը սպանում է որդուն, ու մենք անտարբեր ենք այս ամենի` մնացած ամեն ինչի ու ամենքի նկատմամբ:

Գոնե սերը փրկվեր, սիրեին ու ասեին, պայքարեին ու հասնեին: Չնայած, եթե սերը փրկված լիներ, ամեն ինչ չէր հասնի այս աստիճանի: Մարդի՛կ, սիրեք ու դադարե՛ք անտարբեր լինել, նախ ինքներդ ձեր, հետո՝ աշխարհի նկատմամբ:

Հայկանուշ Մարգարյան, գ. Սասունիկ, 15 տ. 

marine ghahramanyan portert

Պատմում է պապիկս

«1982 թվականին աշխատում էի Ներքին Կարմիրաղբյուրի կուլտուրայի տան տնօրեն: Մեկ ամսով ինձ ուղարկեցին Երևան` կուլտուրայի ինստիտուտին կից վերապատրաստման դասընթացների: Մեզ տեղավորեցին սննդի արդյունաբերության տեխնիկումի հանրակացարանում: Ինձ հետ սենյակում էր մնում Իջևանի պիոներ տան տնօրեն Սերյոժա Սուքիասյանը:

Մի օր դուրս եկանք զբոսնելու: Սերյոժան ասաց` կուզե՞ս տեսնել Արամայիս Սահակյանին: Իհարկե` ուրախացած ասացի ես: Սերյոժան մտավ առաջին պատահած հեռախոսախցիկը և զանգահարեց Արամայիս Սահակյանին ու ասաց, որ ուզում է իրեն տեսնել: Սահակյանն ասաց, որ մայրը հիվանդ է, դեղ էր պատվիրել, որ Մոսկվայից բերեն, գնում է դեղը օդանավակայանից վերցնի: Մեկ ժամ հետո կլինի «Ոզնի» ամսագրի խմբագրությունում: Արամայիս Սահակյանը «Ոզնի» ամսագրի գլխավոր խմբագիրն էր: Բավականին ժամանակ ունեինք: Մտանք մոտակա սրճարան, որպեսզի ժամանակը շուտ անցնի: Պայմանավորված ժամին արդեն խմբագրությունում էինք: Առաջինը մեզ հանդիպեց քարտուղարուհին:

Բարևելուց հետո դիմեց ընկերոջս. «Դուք Սերյոժա՞ն եք»: «Այո»,- պատասխանեց ընկերս: «Կարող եք մտնել»,- ասաց քարտուղարուհին: Առանց դուռը ծեծելու ընկերս ներս մտավ: «Կարո՞ղ եմ ես էլ մտնել: Մենք միասին ենք»,- ասացի ես:

Քարտուղարուհին ժպտաց և ասաց` իհարկե:

Ես ներս մտա: Սերյոժան ու Արամայիս Սահակյանը գրկախառնվեցին, կարոտի խոսքեր փոխանակեցին: Իսկ մենք ձեռքով բարևցինք իրար: Առաջարկեց նստել: Ընկերս և Արամայիս Սահակյանը սկսեցին զրուցել: Ես որտեղ նստած էի, սեղանի ձախ կողմում դրված էր այն ժամանակի «Սալյուտ» անունով սիգարետ և լուցկի: Ձեռքով մի փոքր տուփը հրեցի: Արամայիս Սահակյանն ասաց. «Երիտասարդ, ծխո՞ղ եք»: Ասացի` այո: Ասաց. «Մեզ մոտ ծխում են, կարող եք օգտվել», և սեղանին դրեց մոխրամանը: Ես շնորհակալություն հայտնեցի, բայց չծխեցի: Հարցրեց` որտեղի՞ց եք: Ասացի` Շամշադինից եմ: Ասաց, որ ինքը Շամշադինում շատ ընկերներ ունի: Մոտ կես ժամ զրուցելուց հետո մենք հրաժեշտ տվեցինք «ամենայն հայոց Ոզնուն» և դուրս եկանք: Դուրս գալուց նա ինձ նվիրեց «Ոզնու» վերջին համարը, որը դեռ չէր առաքվել: Երբ վերադարձանք հանրակացարան, ընկերներիս մոտ պարծեցա, որ տեսել եմ Արամայիս Սահակյանին: Անցել են տարիներ, բայց իմ հիշողության մեջ թարմ է մնում Արամայիս Սահակյանի հետ հանդիպումս»,-պատմեց պապիկս’ Ալբերտ Ղահրամանյանը:

Էշի գոլն ու Էլակ սարը

Ջուջևանը սահմանից ուղիղ գծով չորս կմ հեռավորության վրա է գտնվում, և կրակոցի ձայները պարզ լսվում են գյուղում: Սակայն գյուղում կյանքը շատ հետաքրքիր է անցնում, որովհետև ամռանը երեխաներով ծնողներից թաքուն գնում էնք Էշի գոլը լողանալու:

Էշի գոլը իր անվանումը ստացել է,երբ մի անգամ շատ տարիներ առաջ մի ավանակ ընկել է գետի մեջ և խեղդվել ջրում: Հենց այդտեղից գետը ստացել է իր անվանումը` Էշի գոլ:

Գյուղացիները մեկ-մեկ կատակ են անում ու Էշի գոլին անվանում «Ավանակի ջրափոս»:

Մեր գյուղից շատերը լողալ են սովորել հենց Էշի գոլում ինչպես ես: Էշի գոլը շատ մեծ չէ, ունի մեկ-երկու մետր խորություն, լայնությունը երեքից-չորս մետր է:

Գոլը շատ հեռու է, այդ պաճառով ծնողները թույլ չեն տալիս, որ գնանք Էշի գոլը, իսկ երբ իմանում են, որ թաքուն ենք գնացել, «շան տուր» են տալիս: Բայց մենք էլի չենք լսում ու էլի գնում ենք:

Էշի գոլից երևում է Էլակ սարը, որտեղից երևում է ողջ գյուղը, նաև շատ հեռվում երևում է Ադրբեջանը,Վրաստանը և կողքի գյուղերը: Էլակի վրա է գտնվում  Հայաստանի ամեաթունավոր օձը:

Ջուջևանը շատ հետաքրքիր և գեղեցիկ գյուղ է, և ես շատ ուրախ եմ, որ ծնվել եմ հենց Ջուջևանում…

hasmik givargizyan

Ուրիշի արկածները իմ գլխում

Ու եթե դու որևէ գիրք ես կարդացել ու չես պատկերացրել քեզ գրքի գլխավոր հերոսի դերում՝ գոնե գրքի որևէ հատվածում, կարծում եմ գիրքը բավական լավը չի եղել: Մենք բոլորս էլ ուզում ենք լինել այդ հերոսների փոխարեն, ունենալ շատ խնդիրներ, որոնք մենք կլուծենք խիզախորեն և հաղթանակած դուրս կգանք այդ պատմությունից՝ անցնելով մյուսին:

Երբ կարդում եմ նախորդ դարի կամ ավելի վաղ շրջանի գրքեր, ցանկանում եմ վերադառնալ և ապրել այդ ժամանակաշրջանում: Ինձ թվում է, այնտեղ մարդիկ ավելի հեշտ են ապրել, չնայած ամեն ժամանակ ունի իր բարդությունները, ուրեմն ավելի ճիշտ կլինի ասել, որ այն ժամանակվա արկածները տարբերվում են այժմյան արկածներից:

Հիմա մեզ համար արկած է ինչ-որ տեղ գնալը, նոր վայրեր տեսնելը, իսկ այն ժամանակներում արկած ասվածը լայն հասկացություն էր: Երեխաները փախչում էին տնից ու գնում ուր խելքներին փչեր՝ չմտածելով հետևանքների, իրենց հարազատների և ամենակարևորը՝ իրենց մասին: Եթե կարդաք կամ արդեն կարդացել եք Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» և «Հեքլբերի Ֆիննի արկածները» գրքերը, ապա կհասկանաք, թե ինչ եմ ուզում ասել:

Չնայած այդ երկու պատմություններն էլ լավ են ավարտվում, բայց այդ լավ ավարտին հասնելու համար հերոսները ստիպված են լինում շա՜տ երկար ու դժվար ճանապարհ անցնել:

21-րդ դարի սերունդը կունենա՞ր նման համարձակություն: Ես ինքս չունեմ, և ընդհանրապես պատճառ չունեմ տնից փախչելու համար, այնպես որ արկածներ պետք է փնտրեմ ուրիշ տեղ: Ու եթե գրածս ձանձրացրեց քեզ, ուրեմն դու այդպես էլ չհասկացար, թե ինչ նկատի ունեի ես, կամ էլ հետ եմ վարժվել լավ նյութեր գրելուն և պետք է ուղղեմ սխալս:

Հայաստանի գյուղերը. Բերդավան, Տավուշի մարզ