


Օտարություն
Ձմեռ է… Ցուրտն ու բուքը վրա են հասել: Փողոցներում մարդկային ոչ մի հետք չես գտնի: Կարծես գյուղը պատված լինի հավերժական սառույցով, իսկ այդ սառույցը «հալեցնողներ» են պետք: Չկան այդ «հալեցնողները»: Կարծում եմ, նրանք հիմա դեգերում են օտար ափերում: Ախր, այնտեղի սառույցները արդեն հալեցնողներ կան…
Կրկին քայլում եմ փողոցով: Մարդկային ոչ մի հետք: Գուցե այդ հետքերը ձյան տակ փնտրեմ: Ես հետքեր գտա, բայց դրանք նման չեն մարդկային հետքերի: Դրանք կենդանու հետքեր են: Ահա մի փոքրիկ փիսիկ կծկվել է մեր դարպասի մոտ: Դողում է: Գուցե քաղցած է: Լավ: «Փիսո, փիսո»: Ես կերակրում եմ նրան, նա արդեն չի դողում: Իր համար տաքուկ տեղ է գտել ու ննջում է: Իմ գլխում անընդհատ նույն միտքն է պտտվում. «Ո՞ւր են մարդիկ»: «Դա ամենևին քո գործը չէ »,-ասում է ուղեղս: «Ոչ, քո գործն է»,- ասում է սիրտս: Ասում են` միշտ պետք է սրտին լսել…
Ներս եմ մտնում տուն: Տատիկս նստել է բազմոցին և հայացքը հառել մի կետի: Աչքերը լցված են, շուրջը լռություն է տիրում: Միայն վառարանի կրակի ճարճատյունն է խախտում այդ հանդիսավոր լռությունը: Մի ավելի հզոր ձայն խախտեց այդ լռությունը:
-Տատ, ի՞նչա եղել:
-Է, բալա ջան, խոխորցս մհար եմ մտածըմ: Տեսնես` շտե՞ղ են, հի՞նչ են անըմ, լա՞վ են, թե՞ չէ: Օտարության մեջ ապրիլը փիս պանա, բալաս:
Ահա ինձ այդքան հուզող հարցի պատասխանը: Փաստորեն մարդիկ օտարության մեջ են: Մի պահ հիշեցի փիսիկին: Իմ մտածմունքը խախտեց տատիկիս ձայնը:
-Հեսա տու էլ կմեծանաս, օտարության մեջ կիլես, կգիդաս, էտ հինչ պանա:
Երկուսս էլ լռեցինք:Նորից լսվում էր կրակի ճարճատյունը:Եվ միայն դա էր խախտում մեր հանդիսավոր լռությունը:
Ո՞րն է իմ շահը

Լուսանկարը՝ Մարիամ Հայրապետյանի
Մի օր արձակուրդներին պետք է գիշերեի տատիկիս տանը: Պատահականություն չէր երևի, հենց այդ երեկո պետք է Ամասիայի Սուրբ Գևորգ եկեղեցու երիտասարդաց միության շրջանակներում Սուրբ Ծննդի կապակցությամբ նվերներ բաժանեինք Ամասիայի երեխաներին: Ստացվեց այնպես, որ այդ աշխատանքը շատ երկար տևեց, ու ես ամբողջ օրը մի խումբ երիտասարդների հետ տնետուն շրջելով նվերներ էի բաժանում: Սա տևեց մի ամբողջ օր, մինչև ուշ երեկո: Դե, գիտեք, Ամասիայի ձմեռը: Ավելի ճիշտ, շատ հեռու է քաղաքաբնակների պատկերացումներից: Ձյուն` 1-3 մետր բարձրությամբ, ջերմաստիճանի անկում մինչև -30 աստիճան: Բնականաբար ճանապարհները, մեղմ ասած, անանցանելի էին, ու մենք կտրելով անցնում էինք մինչև գոտկատեղ հասնող ձյան միջով: Բայց չէր տրտնջում մեզանից և ոչ մեկը: Մենք բաժանեցինք նվերները: Արդեն շատ ուշ էր, ու ես վերադարձա տուն: Մտա տուն, մինչ վերարկուս էի հանում, նկատեցի, որ տատիկս երկար ինձ է նայում: Որոշեցի սպասել մինչև կխոսի: Ու խոսեց.

Լուսանկարը՝ Մարիամ Հայրապետյանի
-Բալա ջան, էսքան որ կտանջվիս, քյարդ ո՞րն է:
Ես ճիշտն ասած, շատ զայրացա այդ հարցից, բայց զսպեցի ինձ: Որոշեցի գոռալու փոխարեն բացատրել, թե «քյարս որն է»:
-Տատ, արի նստի, հլը: Լսե, էս կյանքում կարևորը քյարը չէ: Էն, որ դու մարդուն, փոքրիկ մարդուն, ժպիտ կպարգևես, ու ինքը երջանկությամբ ու հույսով լի աչքերով քեզի կնայե, հավատա, դուրից ավել քյար հնարավոր չէ ունենալ: Էն, որ ես գուկամ մոտդ, ու դու ընձի գրկաբաց կընդունես, դիկ է իմ ուրախությունս, այլ ոչ էն, որ դու քո թոշակիցդ ընձի բաժին կհանես: Է՜ տատ ջան, դու շատ լավ ընձի կհասկնաս:
Տատիկս ժպտաց, գրկեց գլուխս ու.
-Վա՜յ, բալես, բալես…

Լուսանկարը՝ Մարիամ Հայրապետյանի

Եվ այսպես մինչև ամառ
Հո՜ւհ: Հազիվ, վերջապես վերջացան մեր այդքան սիրելի ու այդքան ձանձրալի արձակուրդները։ Ընդհանրապես արձակուրդները տալիս են նրա համար, որպեսզի մարդիկ՝ այս պարագայում աշակերտները, չակերտավոր ասած հանգստանան, բայց այս անգամ այդպես չէր։
Մեր և մեր հարևան պետություններում տարածվեց H1N1 վիրուսը։ Դե լավ, մի կողմ դնենք տխուր թեմաները ու շարունակենք։ Այդ վիրուսի պատճառով էլ երկարաձգվեցին արձակուրդները։ Ու այդ արձակուրդը ոչ թե հանգստանալու, այլ ավելի շատ հոգնելու առիթ հանդիսացավ։
Եվ այսպես, սկսվեց ամենաանտանելի երևույթը, դե ես միշտ էլ չեմ սիրել դա։ Արթնանալ վաղ առավոտյան, մինչդեռ արձակուրդներին՝ քնի՛ր ինչքան ուզում ես, նստի՛ր ինչքան ուզում ես, խաղա՛ ինչքան ուզում ես․․․ Բայց դե ձմռանը առավելագույնը 1 ժամից ավել չի լինում դրսում կանգնել, առավել ևս խաղալ։
Դե, ինչպես միշտ զարթուցիչը ապտակեց ինձ, և ես վեր թռա անկողնուցս։ Գնացի դպրոց, բարևեցի բոլորին ում հանդիպեցի ու հեռվում նկատեցի Բորիսին։ Մեր երկուսի միջև բարև բառը հարաբերական է ասված, ձեռքով-ոտքով, աչքով-ունքով, վերև-ներքև ու տենց մի երեսուն վայրկյան, մինչև ավարտվեց մեր այդ «ծիսակարգը»։ Դասերը լավից-վատից վերջացան։ Ճանապարհին տղաների հետ խոսելով ու մտովի կիսվելով մեր ամանորյա սեղանի պարունակությամբ ու կարոտելով այդ համով օրերը, գնում էինք տուն։ Իսկ երբ ոգևորված խոսում ենք ինչ-որ համով կամ հետաքրքիր բաներից, հասնում եմ տուն դասերի ավարտից մեկ ժամ անց, մինչդեռ դպրոցից տուն տասը րոպեի ճանապարհ է։
Մտա տուն հոգնած, սոված, ընկա բազմոցին, հանգստացա, ճաշեցի, օրս անցկացրեցի ու հիմա նստած գրիչը ձեռքիս գրում եմ այն մասին, ինչը հենց նոր դուք կարդացիք։
Հ․Գ․ Դե արի ու ամեն օր զարթուցիչի ապտակին դիմացիր մինչև ամառ։

Բարեկամավանի, խնդիրների և իմ մասին
Ես Մարիամ Ղարագյոզյանն եմ: Ծնվել եմ Տավուշի մարզի սահմանամանապահ Բարեկամավան գյուղում: 21 տարեկան եմ: Սովորում եմ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ֆինանսների կառավարում մասնագիտության 4-րդ կուրսում: Օրվա մեծ մասը դասերովս եմ զբաղվում: Ազատ ժամանակս օգտագործում եմ հիմնականում գիրք կարդալու վրա: Տարվա ամենասիրելի եղանակն աշունն է: Ի՞նչը կարող է ավելի լավ լինել, քան երբ դրսում անձրև է, իսկ ես տաք սուրճի հետ միասին վայելում եմ լավ գիրքը (ի դեպ, նախընտրելի է գիրքը լինի հին ու մաշված… Հին գրքերի հոտը անչափ սիրում եմ): Չեմ կարող առանձնացնել մի գիրք, որն ամենաշատն եմ սիրում: Դժվար ընտրություն է: Չեմ սիրում, երբ ստում են, չեն գնահատում մարդուն և ուշանում են: Հավատում եմ, որ երազանքներն իրականանում են: Ես էլ ունեմ շատ երազանքներ, նպատակներ: Երազանքներիցս մեկն է, որ լինեմ Հայաստանի բոլոր պատմամշակութային վայրերում: Ամենագլխավոր երազանքս ու նպատակս է գնալ Արևմտյան Հայաստան, որը հուսով եմ կիրականանա շուտով: Հիմա չեմ աշխատում, սակայն փնտրում եմ աշխատանք: Ես ինձ համարում եմ երջանիկ մարդ… Հարազատներս առողջ են, ես առողջ եմ, ունեմ վստահելի ու նվիրված ընկերուհիներ, երազանքներս իրականանում են ու նորերն են հայտնվում… Եվ ունեմ հնարավորություն ավելիին հասնելու…
Ցավոք սրտի, այսօր կյանքում շատ խնդիրներ ու հուզող հարցեր կան, որոնց կողքով չես կարող անտարբեր անցնել: Երբ նայում եմ շուրջս, բոլորի մոտ ինչ որ լուրջ խնդիր կա` սկսած առողջությունից, մարդկային հարաբերություններից մինչև ավելի գլոբալ խնդիրներ: Սակայն այս բոլոր խնդիրներից զատ, ինձ համար ամենացավոտ ու օր-օրի անլուծելի դառնող խնիրը, դա սահմանին տիրող իրավիճակն է:
Մինչև դպրոցս ավարտելը ապրել եմ ծննդավայրումս` Բարեկամավանում, որը ՀՀ պետական սահմանից հեռու է ընդամենը 1 կմ: Սա արդեն ամեն ինչ ասում է գյուղի խնդիրների մասին: Կրակոցներից երբեք չեմ վախեցել, վախեցել եմ դրանց հետևանքներից: Ամեն անգամ, երբ կրակում էին, մտածում էի, որ հանկարծ ևս մի ընտանիք դուրս չգա գյուղից: Գյուղս օր օրի մաշվում է: Աշխատանք չկա, նույնիսկ գյուղատնտեսությամբ զբաղվելն է վտանգավոր. հողատարածքների մի մասը գտնվում է ադրբեջանցիների նշանառության տակ: Գյուղից շատ ընտանիքներ են հեռացել: Միայն 2015 թվականին 6 ընտանիք է դուրս եկել գյուղից, որի հետևանքով դպրոցի աշակերտներն են քչանում` ընդամենը 22 աշակերտ: Դպրոցն ունի նաև կադրային խնդիր: Անգլերենի ուսուցիչ չունենք: Նման վիճակ է նաև սահմանամերձ գրեթե բոլոր գյուղերում: Հայրենիքը սկսվում է սահմանից, բայց փաստորեն ոչ բոլորն են այդպես մտածում: Անուշադրության մատնված գյուղերը մաշվում են, խնդիրները մնում անլուծելի:
Կարող եմ անվերջ խոսել սահմանի խնդիրների մասին… Շատ-շատ են:
Եվս մեկ կարևոր խնդիր է բնակչության գործազրկությունը: Ավարտում ես ու գնում խանութում աշխատելու: Ուղղակի ծիծաղելի է ու ցավալի իրականություն: Իսկ ինչո՞ւ խանութում, որովհետև լավ ծանոթ կամ աշխատանքային փորձ չունես: Իսկ աշխատանքային փորձն ինչպե՞ս ձեռք բերես, երբ ոչ մեկը քեզ չի ընդունում: Ես ինքս շուտով կավարտեմ, ու արդեն իսկ կանգնած եմ մեծ խնդրի առջև, որտեղ դիմեմ, որ աշխատանքի ընդունեն: Տարբեր տեղեր ուղարկել եմ կենսագրականս, բայց իհարկե, անպատասխան:

Որքան էի կարոտել
Ահա և վերջ մինչև ժամը տասնմեկին քնելուն,առանց մտահոգությունների մեր կյանքին: Վերջապես հայտնվեցինք դպրոցում: Դե առավոտյան մի կերպ իմ քաղցր քնից ելնելով, ինչպես միշտ առաջին ժամից ուշացած, հասա դպրոց: Ի ուրախություն ինձ, ուսուցիչը դեռ դասարան չէր մտել: Մի լավ կարոտս առա ընկերներիցս, կիսով չափ իմացա նրանց արկածների մասին, և հանկարծ ընկեր Շահգելդյանը մտավ դասարան, և մենք սկսեցինք հայոց լեզվի դասը: Սկզբի քսան րոպեն միմյանց հետ էինք խոսում և նույնիսկ չէինք էլ նկատում ուսուցչին, բայց հանկարծ լսվեց նրա ձայնը, և մենք լռեցինք: Պարզվեց համարյա ամբողջ դասարանի կեսը անցածը չի հիշում, և մենք սկսեցինք կրկնել անցածը, հետո նոր դաս հանձնարարվեց, և մենք նշեցինք տնային աշխատանքը: Զանգը հնչեց, և մենք բոլորս միասին ուրախ տեղներիցս վեր թռանք կիսատ-պռատ լսելով ուսուցչի վերջին հանձնարարությունները: Բոլորս ուրախ էինք դպրոց վերադառնալու համար: Հաջորդ երկու ժամերը պարզվեց, որ հանրահաշիվ է, և մենք շատ տխրեցինք, որովհետև հանրահաշիվ այդքան էլ չենք սիրում՝մանավանդ երկուշաբթի օրը, որովհետև երկու ժամ ունենք: Դասարան մտավ մեր սիրելի ընկեր Օհանջանյանը: Նա շատ խիստ, բայց միևնույն ժամանակ, շատ լավ դասատու է: Դե մի քիչ քննարկեցինք արձակուրդները, հետո անցանք դասին: «Մեկ միանդամով բազմանդամներ»,- բարձր ասաց ընկեր Օհանջանյանը: Է՜հ, ի՞նչ, ամեն կողմից լսվեցին տարբեր ձայներ: Առաջին ժամին գրեցինք հաշվեկանոնը և դրա հետ մեկտեղ մեր մտքի գրատախտակին նաև՝ նկատողությունները: Երբ ուսուցիչը նկատողություն արեց երեխաներից մեկին, ասելով. «Դե, հերիք է, էլի, լռեք»,- ես պատահաբար գրեցի. «Բազմանդամներ են կոչվում` դե, լռեք, էլի»: Երբ դա կարդացի, սկսեցի ծիծաղել, իսկ երբ ուսուցչի հայացքը դեպի ինձ ուղղվեց, ես այդ ծիծաղը զսպեցի: Դասամիջոցներին մեզ ծիծաղեցնող աղջիկների զույգը՝ Արփինեն և Լիանան, մեզ ապահովեցին բարձր տրամադրություն: Ես տուն եկա դպրոցից մեկ ժամ շուտ, որովհետև ֆիզկուլտուրա այդպես էլ չարեցինք: Եկա տուն բարձր տրամադրությամբ:
Ուրախացա լիաթոք և կարոտս առա դպրոցից:

Մարդիկ իրական կյանքում
Ամեն մարդ ունի իր դերն այս կյանքում. մեկը խոհարար է, մեկը` շինարար, մյուսը՝ տնօրեն կամ ուրիշ ինչ որ բան: Հիմնականում մենք ճանաչում ենք նրանց հենց այնպիսին, ինչպիսին տեսնում ենք: Դե իրենց պաշտոնով կամ մասնագիտությամբ, էլի: Բայց շատերի մտքով չի էլ անցնում, որ նրանք մեզ պես մարդիկ են: Իհարկե, մենք գիտենք, որ նրանք ամուսնացած են, երեխաներ ու թոռներ ունեն, բայց թե ինչպես են նրանց հետ շփվում՝ չենք պատկերացնում:
Վերջերս քայլում էի փողոցով ու մի պաշտոնյա մարդու տեսա՝ իր թոռնիկի հետ: Բոլորը նրան գիտեն որպես խիստ և լուրջ մարդու: Սակայն այդ ժամանակ նա բոլորովին նման չէր մեր իմացած մարդուն: Նա շատ քնքուշ և բարի խաղում էր իր թոռնիկի հետ, համբերատար կերպով պատասխանում նրա բոլոր հարցերին: Նա նստեցրեց փոքրիկին ճոճանակին և սկսեց ճոճել, պատմելով, երևի, մի հետաքրքիր պատմություն, քանի որ թոռնիկն իրեն ուշադիր լսում էր և բա՜րձր ծիծաղում: Այնքան հաճելի տեսարան էր: Ես կանգնել էի ու նայում էի նրանց, հիշելով իմ մանկությունը, և բոլոր այն հետաքրքիր դեպքերը, որոնք կապված են պապիկիս հետ:
Երբ դուրս եկա հիշողությունների քարանձավից, տեսա, որ պաշտոնյան ու իր թոռնիկը արդեն հեռացել են, մինչ ես վերապրում էի իմ կյանքի երջանիկ պահերից մի քանիսը: Այդ դեպքը ստիպեց ինձ հասկանալ, որ մարդիկ այնպիսին չեն, ինչպիսին առաջին հայացքից են թվում: Երբեմն նրանք ավելի բարի կամ խիստ են, ավելի քնքուշ և հասկացող: Երբեմն նրանք ուղղակի քողարկվում են: Այնպես որ, պետք չէ մարդկանց որևէ բան վերագրել առանց ճանաչելու:

Մենակ մնալուց վատ բան չկա
17.am-ի նյութերն էի կարդում, ու պատահական տեսա իմ համագյուղացի Սերոժի նյութը: Վերնագիրը կարդալուց հետո, հետաքրքրություն առաջացավ, թե ինչ է գրել: Բացեցի և կարդացի: Նա գրել էր, թե տանը մենակ մնալուց լավ բան չկա, իսկ եթե անկեղծ, ես նրա հետ մի փոքր համամիտ չեմ: Կարծում եմ, ամենաանտանելի բաներից մեկը մենակությունն է: Երբ կարդացի վերջացրեցի նյութը, մի դեպք հիշեցի, երբ տանը մենակ էի մնացել: Տատիկս գնացել էր քույրիկներիս հյուր, իսկ պապիկս և եղբայրս չեմ հիշում, թե ուր էին գնացել: Տեղս չէի գտնում: Համակարգչով ֆիլմեր դիտեցի, դասերս սովորեցի, հարևանի տուն գնացի, բայց էլի օրս չէր անցնում: Որոշեցի թխվածք թխել: Շատ լավ ստացվեց: Զանգեցի մորական կողմից տատիկիս և ասացի , որ գա թխվածք ուտելու: Համոզված էի, որ կգա, բայց երբ ասաց, որ զբաղված է և չի կարող գալ, ես շատ տխրեցի:
Արդեն մթնել էր, և ես վախենում էի մթությունից, տանը մենակ մնալուց: Որոշեցի կրկին գնալ հարևանի տուն: Գնացի, մի որոշ ժամանակ մնացի, իսկ հետո նրանք ինձ չարախնդորեն ասացին.
-Անի ջան, քել ծեր տուն:
-Ինչի՞: Մնամ մի քիչ, մինչև տատիկս գա:
-Մեյ տեղ եյ էթալ, քել ծեր տուն,- ասացին նրանք:
-Լավ, դե որ տեղ եք գնում, գնամ մեր տուն,- ասացի ես:
Մի երկու ժամ անց դուրս եկա տանից, և տեսա, որ նրանք ոչ մի տեղ էլ չեն գնացել, պարզապես նրանք չցանկացան, որ մնամ իրենց տանը:
Ում համար է տունը կառուցվել

Լուսանկարը՝ Նանե Դանիելյանի
Վայոց ձորի պատանի թղթակիցներով գնացել էինք գյուղ Մալիշկա նկարահանման, որը Հայաստանի ամենամեծ գյուղերից մեկն է:
Փողոցները խուլ էին, կարծես բնակչություն չլիներ, մարդ էինք ման գալիս որ «չըրխկացնեինք»: Մեղավորը նաև եղանակն էր, որ բոլորին տուն էր տարել, տեղավորել տաք վառարանների մոտ:
Շատ գնացինք-քիչ գնացինք, մեկ էլ, ըհը` հանդիպեցինք Լավրենտ պապիկին ու Անիկ տատիկին:
Անմիջապես վազեցի և սկսեցի զրույցի թեմա փնտրել:
Հարցրեցի.
-Պապի, կարո՞ղ եմ ձեզ նկարել:
-Հա, բալա ջան, մաշինիս հետ նկարի, որ տելեվիզրով ցույց տաս:
-Պապի, ձեր անունն ի՞նչ է:
-Խալիվոր:
-Խալիվո՞ր,- մի պահ զարմացա, թե ինչպես կարող է մարդու անունը Խալիվոր լինի: Ու հետաքրքրությունից ելնելով հարցրեցի.
-Պապի, բայց ինչի՞ Խալիվոր:
-ԷԷհհհ, դե քիչ ա մնացել:
Իմ ու Խալիվոր պապի զրույցը «շաքարով կտրեց» Անիկ տատը:
-Այ մարդ, ո՞վ ա էս նախշունը:
-Էկել են մեզ նկարեն
-Բալա ջան, ուրեմն ասեմ. ես ու Լավրենտս ուղիղ հիսուն տարի ա, ինչ իրար խետ էյ: Նայի, բալա ջան, նայի. էս տան քարերը մենք ենք դրել իրար վրա` ես ու Լավրենտս: Երկու տղա ունեմ, մի աղջիկ, էսօր էլ աղջկաս ճամփեցի Մոսկվա: Հիմա մենակ եմ մնացել Խալիվորիս հետ: Տասը թոռ ունեմ, բայց կեսին չեմ տեսել: Բա սենց էլ կյա՞նք կլինի: Մարդ մտածում ա` գնա ուրիշ երկիր, մի կողմից էլ` ո՞նց թողնեմ, ոնց… Բա մեր քյոռփեքը ընչի համար են գնում ծառայելու:
Անիկ տատին փորձում էի հանգստացնել, իսկ նա շարունակեց.
-Բալա ջան, չմոռանաս գրել` Անիկ և Լավրենտ Այվազյաններ:
Ինչ հետաքրքիր է, չէ, մարդիկ իրար հետ ապրում են մի ամբողջ կյանք, իսկ կյանքի վերջում այսքան տխուր հարցականներ, որոնք այլևս չեն կարողանում լուծել:

Հե՞շտ է արդյոք լինել աշակերտ
Հե՞շտ է արդյոք լինել աշակերտ։ Լինել աշակերտ, նշանակում է՝ ամեն օր սովորել ու բացահայտել նոր ու նոր բաներ, բացահայտել տարբեր գիտությունների գաղտնիքներ։ Այս հարցին կա միայն մի պատասխան՝ դժվար է։ Իհարկե դժվար է ամեն օր սովորել, հիշել, վարժվել։ Հնարավոր է, որ որոշ առարկաներ դժվար տրվեն, այդ դժվարությունները հաղթահարելու համար պետք է աշխատել, աշխատել ու աշխատել։ Ամենակարևորը՝ պետք չէ վհատվել, պատրաստ եղեք, քանզի դուք սխալվելու, սխալվելու ու էլի սխալվելու եք։ Առանց սխալվելու ինչ-որ բան սովորելն անհնար է։ Եթե նույնիսկ հնարավոր է, ապա առանց սխալների սովորածը դուք շատ շուտ կմոռանաք, քանզի այդ սխալների միջոցով է ձեր սովորածը տպավորվում ձեր մեջ։ Իմ կարծիքով, սովորելն այդքան դժվար չէր լինի, եթե ուսումնական օրերը միօրինակ չլինեին։ Դե իհարկե, սովորելն ավելի հեշտ է դառնում, երբ ուզելով ես սովորում։ Ստիպված ինչ-որ բան սովորելուց դժվար բան չկա։ Սակայն դա չի նշանակում, որ եթե սիրում ես՝ ապա պետք չէ շատ աշխատել։ Աշխատել միշտ էլ պետք է։
Ինչպես սպորտում կամ ուրիշ բնագավառներում, հաջողությունների հասնելու համար պետք է շատ ջանքեր գործադրել, նույնն էլ ուսման մեջ է։ Պետք է հաղթահարել այդ դժվարությունները, «մարիոյի» փուլերի պես, քանզի խաղի վերջում դուք կստանաք խոշոր մրցանակ, տվյալ դեպքում՝ լավ ապագա։ Մի ռուսական ասացվածք կա. «Ուսման արմատը դառն է, բայց արդյունքը՝ քաղցր»։
Մի խոսքով, աշակերտ լինելն ամենևին էլ հեշտ բան չէ, սակայն, անկասկած, կարևոր է։ Լավ կամ վատ աշակերտ լինելն է որոշում ձեր ապագան։