boris israyelyan

Շիլան կամ սիլան

Փոքր էի, հիշում եմ, պապիկս ասաց, որ զանգահարենք և հրավիրենք հորեղբորս ընտանիքին մեր տուն: Վազեցի հեռախոսի մոտ, զանգեցի նրանց և հրավիրեցի մեր տուն:  Վառարանի կողքին նստած էի, երբ լսեցի ոտնաձայներ, վազեցի դուրս նրանց դիմավորելու: Բոլորը եկան և նստեցին վառարանի կողքին: Նրանք զրուցում էին, իսկ ես խաղում էի խաղալիքներով: Հանկարծ խոհանոցից ինձ հարազատ ու համեղ հոտ եկավ: Առանց բան ասելու վազեցի խոհանոց տեսնելու, թե մայրիկս ինչ է պատրաստում: 

-Մա՜մ, մա՜մ, ի՞նչ ես եփում:

-Շիլա, գնա խաղա, հենց եփի` կբերեմ:

Ուրախացա և վազեցի հյուրերի մոտ: Հորեղբորս կինը ինձ հարցրեց.

-Ապերս, մամադ ո՞ւր ա,  բա:

-Շիլա ա եփում, հիմա կբերի` կուտենք:

Մտածեցի` մի քիչ կատակ անեմ, մոտեցա նրան ու հարցրի.

-Համեստ տոտա, սիլա կուտե՞ս (մտածեց, թե շիլայի մասին է խոսքը):

-Հա, ինչի՞ չեմ ուտի…

Եվ ես իմ ամբողջ ուժով ապտակեցի նրան: Բոլորը ծիծաղեցին, բայց հետո բարկացան ինձ վրա:

Որոշ ժամանակ անց մայրս բերեց շիլան, և ես նորից հարցրի

-Համեստ տոտա, շիլա կուտե՞ս:

-Չէ:

-Ինչի՞:

-Նոր կերա, էլ ի՞նչ ուտեմ:

Շատ տարիներ են անցել, բայց ամեն անգամ, երբ նրանք գալիս են մեր տուն, միշտ հիշում են այդ դեպքը և ծիծաղում ինձ վրա:

Իսկ ես հորեղբորս կնոջը տեսնելով միշտ ամաչում եմ իմ հիմար կատակի համար:

lilit kirakosyan

Բոնին

Ամեն արձակուրդների ընտանիքով գնում ենք գյուղ` տատիկին ու պապիկին այցելության:

Հերթական ամառային երեկոն էր: Ես ու տատս բակում հավերին էինք կեր տալիս, երբ հանկարծ  դուռը բացվեց ու բակ մտավ քույրս` մի փոքրիկ շնիկ ձեռքին: Շանը տեսնելով  տատս միանգամից հարցրեց, թե որտեղից է գտել նրան: Քույրս ասաց, որ մի պապիկ է նվիրել: Այդ օրվանից շունը, որին մենք կոչեցինք Բոնի, դարձավ մեր տան անդամ:

Չնայած Բոնին փոքրիկ էր, բայց ես վախենում էի նրանից և խուսափում էի նրա հետ շփվելուց, և երբ Բոնին ինձ մոտենում էր` ճչալով փախնում էի: Բոնիին բոլորիցս շատ տատիկս էր սիրում, սակայն չէր խոստովանում դա: Այդ իսկ պատճառով նա ամեն անգամ ինձ կանչում էր  և ասում. «Լիլո ջան, էս շունը քեզ շատ ա սիրում և ուզում ա քեզ հետ խաղա, իսկ դու գոռում ու փախչում ես»:

Ես հասկանում էի, որ տատս ամեն անգամ այդ խոսքերը ասում էր, որպեսզի իմ պատճառով  Բոնիին չմեկուսացնեն: Քանի որ իմ ամեն բղավոցից հետո խեղճ Բոնիին տանում ու փակում էին մինչև ես տուն վերադառնամ: Բոնին նվնվում էր, և տատիկս դրանից շատ էր նեղվում:
Շատ էին լինում առավոտներ, երբ արթնանում էի տատիկիս բղավոցներից: Պարզվում էր, որ Բոնին է կորել: Բոլորս արագ հագնվում էինք և դուրս գալիս փնտրելու: Հետո տեսնում էինք, որ գյուղի մի ծայրից տատս՝ ցեխոտ Բոնիին գրկած, Բոնիի վրա բարկացած հանդիմանելով գալիս է: Նա բերում էր շանը, լողացնում և, որպես պատիժ,  թույլ չէր տալիս  դուրս գալ տնից: Սակայն պատիժը երկար չէր տևում, և Բոնին նորից փախչում էր: Չարաճճի Բոնին գյուղում ընկերներ էր ձեռք բերել և ամեն պահ ցանկանում էր գնալ նրանց մոտ:

Այս արձակուրդներին էլ գյուղում էի: Բոնին առաջվա նման ապրում է տատիկիս ու պապիկիս հետ, իսկ նրանք երեխայի պես սիրում են շանը: Ի դեպ, իմ վախն էլ կարծես թե անցել է, և ես նույնպես սկսել եմ սիրել նրան ինչպես բոլորը:

Երբ իմ ձեռքում կա ֆոտոխցիկ, իսկ Ջերմուկում ձմեռ է

Կիրակի

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Ամեն անգամ, երբ տնից դուրս եմ գալիս, լսում եմ այս խոսքերը.

-Սոնա, ո՞ւր ես գնում:
-Մամ, գնում եմ երգի ու պարի պարապմունքի:
-Մի գնա, մնա տանը` դասերդ սովորի:
-Մի օր քեզ տանը չտեսանք,- ասում է հայրիկս:

Երկար համոզելուց հետո հասնում եմ իմ ուզածին, և ինձ թողնում են, որ գնամ: Մայրիկս, ինչպես միշտ, ասում է այս խոսքերը.

-Շուտ կգաս:
-Լավ, մամ:

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

…Արդեն հինգ տարի է, ինչ հաճախում եմ երգի և պարի խմբակներ: Սովորում ենք եկեղեցական երգեր (շարականներ) և ժողովրդական պարեր: Մեծ հաճույքով եմ գնում պարապմունքների: Եկեղեցական երգեր երգելը ինձ համար հոգևոր սնունդ է: Ամեն կիրակի գնալով պատարագի, աղոթելով և երգելով, մի տեսակ հանգստանում եմ, և ինձ ավելի լավ եմ զգում:
Պատարագի խորհուրդներից մեկը  ապաշխարելն է: Մենք լսում ենք քահանայի հետևյալ խոսքերը և աղոթում ենք, զղջալով մեր գործած մեղքերի համար.

-Մեղա ամենասուրբ Երրորդություն, Հայր, Որդի և Սուրբ Հոգի… Մեղա Աստծո…
-Մեղա Աստծո:
-Աստված թողություն շնորհեց ձեզ:

Այս ընթացքում բոլորը մտաբերում են իրենց կատարած սխալները, զղջում դրանց համար` փորձելով այլևս չկրկնել դրանք:

Հիմա կասեք` ի՞նչ է, պարն է՞լ է հոգևոր սնունդ: Կասեմ, որ այո, համենայնդեպս ինձ համար: Երբ պարում եմ ժողովրդական պարեր, հասկանում եմ, որ մարդկանց փոխանցում եմ մի ողջ ազգի մշակույթ, որը եկել է դարերի խորքից: Երբ հագնում եմ հայկական տարազը, հասկանում եմ, թե ինչ հարուստ է մեր մշակույթը: Եվ վերջապես, պար ներկայացնելով ես իմ հերթին պահպանում և տարածում եմ մեր ազգային մշակույթը…

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Հավատացած եղեք,  որ հոգևոր արժեքները շատ ավելի մեծ և կարևոր նշանակություն ունեն, քան նյութական արժեքները: Նյութական արժեքները կարող են անհետանալ անգամ մեկ վայրկյանում, իսկ հոգևոր արժեքները մնայուն են: Դրանք իրենց մեջ արտացոլում են մեր ազգի պատմությունը, մշակույթը և բնութագիրը:

Այսօր կիրակի է: Վաղ առավոտյան ես դարձյալ գնալու եմ Սուրբ Պատարագի, երգելու եմ, խորհելու և հաղորդվելու մեր պապերի ժառանգությանը:

Անցորդներ

Լուսանկարը՝ Մարինա Աբրահամյանի

Լուսանկարը՝ Մարինա Աբրահամյանի

Այդքան ծանոթ բարևը

Մի անգամ քայլում էի փողոցով ու տեսա ինձ  ծանոթ մեկին, բայց երկուսս էլ չբարևեցինք միմյանց: Շատ էի ազդվել ու անդադար մտածում էի, թե ինչու չբարևեցի նրան:
Ախր շատ վատ էր, այնպես անցանք իրար կողքից, որ կարծես չէինք էլ ճանաչում միմյանց:
Հավատացեք, շատ նեղվեցի ու հետո էլ հասկացա, որ մենք հաճախ չենք բարևում իրար:
Ինչո՞ւ:
Բարև: Սա այն յուրահատուկ բառերից ու երևի թե մարդու ստեղծած ամենագեղեցիկ ու խորիմաստ բառն է: Բարի և արև բառերից կազմված այս բառը, չգիտես ինչու դարձել է մեր անբաժան մասը: Մեր պապերը կամենում էին բարություն և տալիս արևը բոլորին, ավելի ճիշտ նրանց, ում ճանաչում էին: Բարև-ը հաճախ մեզ երջանկացնում է, մենք սպասում ենք ակամա այդ բարևին, բայց գուցե նաև մենք այդ բարև-ը ասում ենք մարդկանց քաղաքավարությունից դրդված, երբեմն անգիտակցաբար, ու ցավոք մարդիկ դա չեն նկատում:
Ուզում եմ, որ մարդիկ ասեն` բարև, ոչ թե այն պատճառով, որ ճանաչում են այդ մարդուն, այլ նրա համար, որ բարին են կամենում: Ուզում եմ, որ յուրաքանչյուրս գնահատենք այդ բարևը, թեկուզ չգիտենք ինչու է այդ բառը հնչում դիմացինի շուրթերից, բայց ոչինչ պատահական չի լինում: Այն գուցե և կերջանկացնի որևէ մեկին, այդ բարևը օգնում է մարդուն հասկանալ, որ նրան սիրում ու նկատում են, որ նա կարևոր է:

Անահիտ Հակոբյան, 14տ., Գյումրի

***

Մի փոքր ժպիտ

Քայլում ես փողոցներով ու տեսնում մարդկանց տխուր ու դժգոհ հայացքները: Շատ քչերի դեմքին կտեսնես ուրախ ու բավարարված հայացք: Վատն այն է, որ գիտակցում ես, թե այդ հայացքների տակ ինչ է թաքնված: Ուզածս մի փոքր ժպիտ է… Դժվար չէ կոտրել դեմքին ընդգծված այդ տխրությունն ու սառնությունը: Պետք է ընդամենը թողնել այդ տխրությունը սրտի խորքում ու մարդկանց մեջ ժպիտով կանգնել ու կամեցող հայացքով նայել: Ուզում եմ, որ մարդիկ չչարանան միմյանց հանդեպ, բարություն ու սեր եմ ուզում: Չեմ ուզում, որ մարդկանց սրտերում նախանձ ու բարկություն լցված լինի: Կարևորը, որ մենք կամքի ուժ ունենանք և լավատես լինենք: Մի կողմ թողնենք սրտերում կուտակված բարկությունը: Նայենք մեր շուրջը ու կտեսնենք, որ եթե կան վատ հանգամանքներ, որոնք մեզ տխրեցնում են, ապա չմոռանանք, որ կա բարին ու լավը: Այն, որ ամեն օր արթնանում ենք, շնչում, քայլում ու խոսում, այն որ մեր ծնողներն ու սիրելիները մեր կողքին են, դա արդեն ժպտալու մեծ պատճառ է:

Ժամանակը կարճ է, և ամեն անցած վայրկյան այլևս ետ չի գալիս: Ուզում եմ, որ սիրենք իրար և նայենք միմյանց աչքերին մի փոքր ժպիտով:

Նինա Բաղոյան,  15 տ., Ստեփանավան

Ազատեկցի Մարիամը

Լուսանկարը՝Լիլիթ Աթանյանի

Լուսանկարը՝Լիլիթ Աթանյանի

Ճիշտ լուսանկարելու գաղտնիքներին տիրապետելը մի բան է, իսկ այն գործնականում կիրառելը` այլ: Դրա համար «Մանանա» կենտրոնի Վայոց ձորի պատանի թղթակիցներով ուղևորվեցինք գյուղ Ազատեկ: Քանի որ մեզանից ոչ ոք ծանոթ չէր գյուղին, մեզ օգնության հասավ Մարիամ անունով մի աշխույժ աղջիկ: Նա մեզ ուղեկցեց մի տուն, որտեղ ապրում էին տարեց ամուսինները` Աիդա տատը և Ռազմիկ պապը: Նրանք մեզ հրավիրեցին տաք թեյ խմելու: Մենք սկսեցինք նկարել մեր շուրջը եղած ամեն ինչ: Հետո, օգտվելով Աիդա տատի հյուրասիրած ընկույզից, շարժվեցինք առաջ, ու Մարիամի ուղեկցությամբ գնացինք դեպի գյուղի վերջնամասը, քանի որ Մարիամը ցանկանում էր մեզ ցույց տալ իրենց գյուղի կովերին ու ոչխարներին: Մի քանի ֆոտո անելուց հետո գնացինք գյուղի եկեղեցի: Ճանապարհին մեզ շատ օգնեցին Մարիամի խորհուրդները: Օրինակ, երբ մեր դեմ դուրս եկավ մի մարդ, Մարիամը պտտվեց ու ասաց, որ նրանից հեռու մնանք, քանի որ սթափ վիճակում չէ: Լսելով Մարիամին, մենք շարժվեցինք առաջ:

Ճանապարհին կանգ առանք, որպեսզի նկարենք իր տան շեմքին կանգնած մի պապիկի, ինչը պապիկին այդքան էլ դուր չեկավ: Երբ մոտեցանք զրուցելու, նա հանգիստ ձայնով ասաց, որ խելքներս հավաքենք գլուխներս և գնանք: Առանց պնդելու հեռացանք այնտեղից և փոքր-ինչ քայլելուց հետո հասանք եկեղեցի: Եկեղեցու զանգը` ըստ Մարիամի, նոր էր, իսկ հնի մասին ոչինչ չասաց: Ներսում նա մեզ որոշ բաներ պատմեց եկեղեցու մասին, ինչպես նաև ասաց, որ եկեղեցին յոթ ամիս առաջ են մաքրել: Երբ դուրս եկանք եկեղեցուց, նա ասաց, որ ուզում է մեզ ցույց տալ գյուղի հին տները ու ընկավ առաջ: Հետևելով նրան, հասանք տների մոտ: Դրանք իրոք շատ հին էին ու կոկիկ: Այդպիսինն էր նաև Մարիամի հորեղբոր տունը: Հետո եկավ մեր  վերադառնալու ժամանակը: Ճանապարհին հանդիպեցինք նաև Մարիամի տատիկին: Մի կերպ համոզելով նկարեցինք նրան, ու ընկանք առաջ: Հասնելով մեքենային, մենք շնորհակալություն ասացինք Մարիամին, ու մեկ անգամ ևս խնդրեցինք թույլ տա, որ իրեն լուսանկարենք, բայց նա մերժելով բոլորիս, ասաց, որ նկարվել չի սիրում: Այ քեզ բան, բոլորին ինքն էր համոզում, որ լուսանկարվեն, իսկ ինքը չէր համոզվում:

Հետդարձին վերլուծում էինք մեր ֆոտոարշավը, և բոլորս միակարծիք էինք, որ առանց Մարիամի մեր օրը հաջողված չէր լինի:

Մարիամ, եթե կարդում ես այս տողերը, բոլորիս անունից շնորհակալություն:

Լուսանկարը՝Լիլիթ Աթանյանի

Լուսանկարը՝Լիլիթ Աթանյանի

seryoja baboyan

Տանը մենակ

Մարդիկ ասում են, որ մենակությունից վատ բան չկա։ Ես համաձայն եմ դրա հետ։

Ես սիրում եմ տանը մենակ մնալ, վայելել այն ամենը, ինչն իմ շուրջն է, իհարկե չափի մեջ։ Բոլորը զարմանում են, որ ես սիրում եմ տանը մենակ մնալ։ Մի անգամ տանը նորից մենակ էի։ Մեր հարևան Քնար տոտան եկավ մեր տուն և հարցրեց․

-Սերոժ ջան, մամադ տուննի՞։

Ասաց, որ կարևոր բան է ասելու։ Ես պատասխանեցի, որ տանը չի ու նաև ասացի, որ մի քանի ժամից կգա, ծնունդի է հրավիրված։ Հետո հարցրեց ինձ․

-Բը, տատիդ ուրի՞։

-Նա էլ է մայրիկիս հետ։

-Լավ։

Գնաց, ուղիղ կես ժամ անց նորից եկավ։ Հարցրեց, չե՞ն եկել, ասացի` ոչ։ Գնաց, նորից կես ժամ անց եկավ, նորից նույն հարցը, նորից նույն պատասխանը։ Չորրորդ անգամ եկավ և ասաց հետևյալը․

-Տնաշենի տղը, տու չե՞ս վախենալ, բը որ իկյան քոնը տանե՞ն։

Ես չկարողացա պահել ծիծաղս, հինգ րոպե անդադար ծիծաղում էի։

-Քնար տոտա, ինձ տանում են` ի՞նչ անեն։

-Եսի՞մ, մեկ էլ տըսար։

-Քնար տոտա, ի՞նչ էիր հարցնում, ասացիր` կարևոր բան ես ասում։

-Խա, Սերոժ ջան, կոֆե եմ էր ուզել։

Դե արի ու մի ասա, այ Քնար տոտա, դրա ի՞նչն էր կարևոր։

Ես վատ եմ զգում, երբ լսում եմ, որ զավակները իրենց տարեց ծնողներին թողնում են մենակության մեջ և գնում առանձին ապրելու։ Այո՛, մենակությունը տհաճ երևույթ է, և ոչ մեկին չեմ ցանկանա, որ հայտնվի այդ իրավիճակում։ Բաց երբ այդ մենակությունը տևում է մի քանի ժամ, այն էլ իմ նման մարդու մոտ, այդ դեպքում դա ընդամենը երազելու, մտքերը հավաքելու և լռելու լավ առիթ է:

Չնայած, Քնար տոտան էլի կես ժամը մեկ կգա ու չի թողնի… 

Չգրելու մասին

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Առաջարկում եմ սա պարզապես չկարդաս, հա, հա, համակարգչիդ մկնիկը շարժիր, ու թող տառերը բարձրանան վերև ու անհետանան, բայց դե եթե համառում ես ու շարունակում ես կարդալ, քեզ մի բան կասեմ: Լսիր, ընկերս, եթե գոնե մեկ-երկու անգամ գրիչը չես վերցրել ձեռքդ ու կրծքավանդակիդ ներսում կատարվող, դե էն ալիքի պես առաջ եկող ու մի քանի վայրկյան հետո ետ գնացող երևույթները բառերի տեսքով դիմացդ տեսնելու փորձ չես արել, ուրեմն, զգացած չես լինի էն, ինչ գրել եմ էստեղ. առաջին նախադասությանը լուրջ վերաբերվիր, սա ասում եմ միայն քո մասին մտածելուց ելնելով, որ կարդալուց հետո չասես, թե անիմաստ մի քանի րոպե ծախսեցիր: Իսկ եթե գրիչը ծանոթ ա ձեռքիդ, երակներդ հարմարվել են վերջինիս կոշտությանը, ուրեմն, արի հասկանանք իրար:

Չգիտեմ, ինչքան ժամանակ ա անցել, բայց եթե գրիչին լավ տիրապետող մեկին տայիր այդ նույն ժամանակը, համոզված եմ, մի երկու ընենց բան կգրեր, որ տեղդ չէիր գտնի, բայց ես մենակ կարողացա էդ ժամանակի մեջ առատ վերջակետներ ու ստորակետներ շարել իրար կողքի, ուրիշ ոչ մի բան, ոչ մի՝ գոնե մի կարգին նախադասություն:

Հիմա որոշեցի իբր թե գրել, գրում եմ, որ օրվա վերջում, երբ կարդամ էս բառերը, ասեմ. հա դե մի բան գրեցի: Երևի էս պարզ նախադասությունները գրելը ավելի լավ է, քան չգրելը: Որովհետև, երբ երկար ժամանակ չես գրում, զգում ես մի բառ գրելու անհնարինությունը, դրա համար էլ գնահատում ես գրածդ: Իսկ այդ անհնարինությունը զգացել եմ ամեն անգամ՝ սպասելով, որ դադարեն տան խոսակցությունները, սենյակի պատուհանից այն կողմ՝ փողոցում, տարածվող ձայները, որոնց ականջ դնելով իմ մեջ մտածում եմ՝ թե եթե իրենք՝ իրենց կողքինների հետ բարձր զրուցողները, ծիծաղողները, խանութների դիմաց իրենց ապրանքները վաճառելու համար գովք անողները, մեքենաների վարորդները, ովքեր պատեհ-անպատեհ սեղմում են  ուղեղի թշնամու՝ էդ գրողի տարած ազդանշանի արձակվող ձայնը, ու ընդհանրապես փողոցում առաջացող ձայնի հեղինակը, եթե իմանար, որ իր ձայնը խանգարում է իմպեսների՝ իրենց սենյակում կուչեկած գրելուն, կլռեի՞ն, կարծում եմ՝ չէ:

Այս ամենի մասին նստած մտածում եմ՝ ոչնչով զբաղվելուց առաջացած չաղ հոգնածության մեջ ու գնալով համոզվում, որ նորից այլընտրանքային տարբերակ չգտնելով, փորձում եմ չգրելս արդարացնել, իսկ եթե մեկը մեր պես՝ յանի գրողներիս, չգրելու համար մղված արդարցումների այդ յուրահատուկ պայքարին օգտագործվող երևակայությանը կասկածանքով կմոտենա, ապա կսխալվի, քանի որ գրել փորձող, բայց չստացվող մարդու մթագնող երևակայությունը հապճեպորեն վերադառնում է երբեմնի տեսքին, եթե կուզեք իմանալ, նաև գերազանցում երբեմնի, այսպես կոչված, երևակայական թռիչքի ամենաբարձր սանդղակը:
Մի քանի օր առաջ էր, երևի, նորից, գրասեղանի մոտ հալածված մարմնիս ու հոգուս հոգեվարքն էի փորագրում տետրի վրա, այնքան դանդաղաշարժ ու ծանրաքարշ շարժումներով, երբ մեջքիս հետևում ինչ-որ շողք՝ կարծես ոտքերը խրելով սենյակի օդի փափուկ ամպերի մեջ, մոտեցավ, կռացավ ուսիս վրա, շշնջաց մուսա բառը ու չքացավ:
Ըհըն, նորից էդ հիմարությունը,- գոռում էր ողջ ներսս: Եթե անկեղծ լինեմ, ես լիովին համաձայն եմ ներսիս հետ, հա, գրողի ծոցը նրա մուսան: Տասնյակ օրեր եմ անցկացրել էդ անտեր մուսան ինչ-որ մի տեղ գտնելու համար, ման եմ եկել փողոցներում՝ մարդկանց երեսներին տեսնելու համար, փորձել եմ գտնել մայրուղիներում, փողոցի շրջադարձերին, գետնանցումներում, գրադարաններում, համալսարանի մեծ ու փոքր լսարաններում, ավտոբուսներում, համբույրների, գինու ու գարեջրի շշերի, փաբերում ծխելու ու լավ երաժշտություն լսելու, ինչ-որ մեկին գրկելու, ինչ-որ սեր անելու, երկաթգծերում մենակ ու երկար քայլելու, դատարկ ու կիսաքանդ շենքերում նստելու, կտուրներում լուսաբաց ու մայրամուտ դիմավորելու, փողոցներում շունչը կտրվելու չափ վազելու մեջ, երբ դադար եմ տվել միայն այն ժամանակ, երբ հաջորդ քայլս գետնին տապալվելը կլիներ, բայց փոխանակ այս ամենից հետո բառերը, պատկերները, ապրումները, հույզերը երակներում սլացող արյան պես թղթի վրա հորդելու զգացողություն ծնեին մեջս, ունենում էի՝ թոքերս բերանովս դուրս թափելու զգացողություն, ու էդ ամենից հետո մի կարճ ու թեթևացնող փխսումից հետո վերադառնում էի տուն: Ու ամենավատը էն էր, որ հետդարձին չեմ խնայել լինել աներես ու համարձակվել եմ պայքարից դաղված վիճակում գլուխս բարձրացնել ու հայացքս քսել կապույտ երկնքին, մոխրագույն կտուրներին: Որից հետո եկել եմ տուն, բացել սենյակի պատուհանը, միացրել երաժշտություն, փռվել գետնին, ու շարունակ նայել դատարկ առաստաղին՝ ներսումս չշեղվելու հրաման տալով, որ հանկարծ չնայեմ անկյունում դրված տետր ու գրչին, որը այդպիսի պահերին փոխակերվում է ոճրագործիքների, ինչպես Ռասկոլնիկովը կացնին կնայեր այն ակնածանքով, որ դա գործի դնելուց հետո ստանալու է նոր կոչում՝ մարդասպանի կոչումը, ու դա կամ կերջանկացներ իր սպասելիքները կամ՝ հակառակը, և այդ միտքը վայրկյանների մեջ պարբերաբար համարձակության ու անհամարձակության բջիջներ էր առաջացնում ուղեղում՝ նախքան գլխավոր գործողությանը անցնելը, այդպես էլ ես էի վախենում գործի դնել գրիչը, որպեսզի հանկարծ չդառնամ չգրող, չդառնամ մեկը, ում մոտ կրկին չստացվեց մի բան գրելը:
Իսկ հիմա որքանով եմ չգրող, որքանով չի ստացվել գրածս, արդեն էական չի, փաստը այն է, որ դեռ գրիչս ձեռքումս պինդ բռնած եմ ու ցանկություն չունեմ, որպես չստացված գործողության գործիք, դեն նետել, կորցնել տեսադաշտից… Որովհետև գործողությունը կրկին սկսում է ինձ դուր գալ:

Կտոր մը զվարճանք

Առավոտյան արթնացա ժամը 12:00-ին և հասկացա, որ ուշացել եմ  բատիկայի պարապմունքից:

-Ա՜հ, մա՛մ, էլի չեք արթնացրել:

-Գիշերվա հազարին ես քնում, ուզում ես արթնանա՞ս, համ էլ` ես ի՞նչ իմանամ, որ դու պարապմունք ունես:

-Լա՜վ, լա՜վ, սպասիր զանգեմ Նանեին:

Մոռացա ասել, որ Նանեն ամենամոտ ընկերուհիներիցս է, նրա հետ եմ գնում բատիկայի պարապմունքի:

Զանգերը գնում էին, բայց խոսափողը վերցնող չկար: Հանկարծ.

-Ա՜լո, ո՞վ ա:

-Նա՛ն, ես եմ, դու էլ ե՞ս քնած մնացել:

-Հա, մոռացել էի, որ պարապմունք ունենք, բա դու ո՞ւր ես:

-Տանն եմ, ես էլ էի մոռացել: Լա՛վ, արի արագ հագնվենք, իջնենք:

-Լա՛վ, կգաս ստադիոնի մոտ:

Ճանապարհին հանդիպեցինք իրար ու վազելով, շնչակտուր հասանք տեղ: Ու ի՞նչ, տեսնում ենք՝ դուռը փակ է և զանգելով ընկեր Նելլիին՝ իմանում ենք, որ պարապմունքը ժամը 15:00-ին է: Ճիշտ է, շատ ենք հիասթափվում, բայց մի քիչ մտածելով՝ որոշում ենք նորից չբարձրանալ տուն և ժամանակը միասին անցկացնել: Բարեբախտաբար, զարմանալիորեն մեր ծնողները համաձայնվում են:

Որոշում ենք շրջել խանութներով, բայց Եղեգնաձորում այդ հետաքրքրությունը մեկ ժամ հետո ավարտվում է: Այդ օրը առատ ձյուն էր գալիս, մենք էլ ամբողջովին թրջված էինք ու սոված: Մեր սիրելի «պրյանիկներից» ենք գնում ու մտնելով խանութներից մեկը` սկսում ենք տաքանալ: Մեր միտքը հանկարծ փայլատակում է. որոշում ենք պայթուցիկներ գնել: Ճիշտ է, դա միշտ մանկամտություն եմ համարել, բայց այս անգամ, ինչպես ասում են, «հավեսս էկավ»: Մեր գումարը չէր բավարարում. մտածում էինք՝ ինչպես գումար հայթայթել: Մեր բախտը բերեց, որ Նանեի մայրիկը մոտակայքում էր: Վերջապես հասանք մեր նպատակին: Ամենուրեք մեր գմփգմփոցներն էին լսվում:

Ես որոշեցի, ինչպես մենք ենք ասում, «ծաղիկ-բոմբ» հավաքել ամենամարդաշատ վայրում: Արդեն շատ ուշ էր, ես վառել էի այն, երբ Նանեն բացականչեց.

-Է՜ս մարդաշատ տեղո՞ւմ:

Սկսեց պայթել, բոլորը մեզ էին նայում, բայց, մեկ է, մենք չէինք կարողանում զսպել մեր ծիծաղը, քանի որ մի տղա դրա մոտով անցնելիս ու չնկատելով այն՝ ուղղակի լեղաճաք էր եղել: Իսկ մենք անհոգ ուրախանում էինք: Լավ բան չենք արել, բայց մտածում եմ, որ մեկ-մեկ կարելի է այսպես ուրախանալ: Մանավանդ, երբ բոլորը զարմացած նայում են, որ այդ անկարգության հեղինակը մենք ենք` միշտ խելացի, կարգապահ ու դաստիարակված աղջիկներս:

Վերջապես եկավ մեր երկար սպասված ժամը՝ 15:00-ն: Մենք մի պահ նայեցինք իրար, լրջացանք ու քայլեցինք դեպի առաջնորդարան՝ պարապմունքի:

Երանի ամեն առավոտ արթնանային, ասեին. «Գնանք աշխատանքի»

Իմ առաջին  հարցազրույցը  Զառիթափ գյուղի բնակիչ Գոհար Սարգսյանի հետ

Մենք գտնվում էինք Վայոց Ձորի Զառիթափ գյուղում: Երեխաների մեծ մասն առաջին անգամ էր այստեղ (այդ թվում նաև ես), մենք շրջում էինք գյուղով նկարելով ամեն բան, ինչ մեզ դուր էր գալիս: «Մանանա» կենտրոնի դասընթացներում մենք սովորել էինք, թե ինչպես հարցազրույց վարել: Եվ հիմա փնտրում էինք մարդկանց, որպեսզի կիրառենք մեր գիտելիքները: Բոլորս կարծես օտարերկրյա զբոսաշրջիկ նայում էինք շուրջ բոլորը, որպեսզի գեթ մի մարդ գտնեինք մեր ստացած գիտելիքները օգտագործելու համար: Շատ ցուրտ էր, և դրսում ոչ ոք չէր երևում: Հանկարծ լսվեց մի ձայն.

-Երեխե՜ք, մարդ ենք ճարել, շուտ եկեք:

Լուսանկարը՝ Անի Շահբազյանի

Լուսանկարը՝ Անի Շահբազյանի

Մենք բոլորս վազելով գնացինք: Առաջինը տեսա երկու տղամարդկանց, որոնք բակում պատրաստում էին հայկական ավանդական խորոված: Մինչ մենք լուսանկարում էինք, դուրս եկավ մի տատիկ` ձեռքին մեծ կաթսա: Նա զարմացած հարցրեց.

-Էս ի՞նչ ա, ինչի՞ եք նկարում:

Երեխաներից ոչ ոք ձայն չէր հանում, և ես սկսեցի նրան բացատրել:

-Մենք պատանի թղթակից ենք, սովորում ենք, թե ինչպես ճիշտ լուսանկարել, իսկ այսօր մենք նկարում ենք գյուղական կյանքը: Դուք մեզ շատ կօգնեք, եթե թույլ տաք ձեզ և ձեր տունը նկարենք: Կարելի՞ է,- շնչակտուր հարցրեցի ես:

-Դե, սպասեք, գնամ փոխվեմ` գամ… Սենց ալրոտ… Մի րոպե սպասեք:

-Չէ, չէ, պետք չի փոխվել: Չէ որ մենք նկարում ենք գյուղական կյանքը, իսկ դուք գյուղում այսպիսինն եք: Սիրում եմ գյուղական անկեղծությունը:

-Դե լավ, եկեք տուն: Ի՞նչ եք կանգնել: Եկեք նկարեք, մենք էլ ձեզ կհյուրասիրենք:

Լուսանկարը՝ Սոնա Թումանյանի

Լուսանկարը՝ Սոնա Թումանյանի

Դե ինչ, մեր սպասված ընտանիքին մենք հանդիպեցինք: Դրսում  ցուրտ էր, և հաճելի էր տան ջերմ մթնոլորտը բոլոր առումներով: Տանը կար երեք երեխա: Նրանք սկզբից չէին խոսում, իսկ հետո ընտելացան մեզ հետ: Մինչ ես նրանց նկարում էի, մտածեցի, որ կարող եմ գիտելիքներս օգտագործել և անցկացրեցի հարցազրույց ընտանիքի տատիկի`  Գոհար Սարգսյանի հետ: Նա սիրով համաձայնվեց:

-Քանի՞ տարեկան եք և երբվանի՞ց եք այս գյուղում ապրում:

-Ես 58 տարեկան եմ, ամուսնացել եմ, եկել եմ էս գյուղ և 1976 թվականից էս գյուղում եմ ապրում:

-Ա’յ, օրինակ, երբ առաջին անգամ եկաք գյուղ, ի՞նչ էիք զգում, հիշո՞ւմ եք ձեր առաջին օրը, երբ եկաք:

-Հա, ոնց չեմ հիշում: Հենց եկա, մեծ պլաններ ունեի, հենց հաջորդ օրն էլ հարսանիք էր: Էս գյուղը շատ տարիներ առաջ շրջկենտրոն էր:

-Իսկ ի՞նչ է նշանակում շրջկենտրոն:

-Դե, մեր գյուղը համարյա թե քաղաք էր. անասուն չէին պահում, կար հիվանդանոց, կար մանկապարտեզ, կային երթուղային ավտոբուսներ: Մի խոսքով, մարդիկ ապրում էին շատ կուլտուրական: Բայց հետո, երբ շրջկենտրոնը տեղափոխվեց Վայք, ամեն ինչ փոխվեց:

-Ի՞նչ էիք աշխատում երիտասարդ հասակում:

-Աշխատել եմ Վայքում` խաղալիքների գործարանում: Շատ էի սիրում էդ գործը: Ինչ խաղալիք, որ պատրաստում էինք, առաջինը մենք էինք խաղում, նոր հետո փաթեթավորում:

-Իսկ ինչո՞ւ թողեցիք ձեր գործը:

-Ես չեմ թողել էդ գործը: Անկախությունից հետո գործարանը չկարողացավ աշխատել`քանդվեց: Մենք էլ բնականաբար դուրս մնացինք: Մինչև այսօր էլ գործարանը չի գործում:

-Իսկ այժմ ի՞նչ կուզեիք աշխատել:

-Շատ կուզեի զբաղվել իմ առաջին աշխատանքով: Ես սովորել եմ ու աշխատել եմ մատանու քարեր պատրաստելու գործով: Շատ եմ սիրել էդ աշխատանքը, որովհետև ամեն ուրախ առիթի` կնունքի, հարսանիքի, նշանդրեքի մեջ դու քո ներդրումն ունեիր, ու կարողանում էիր ուրախացնել մարդկանց:

-Իսկ հիմա ինչո՞վ եք զբաղվում:

-Հիմա մենք անասնապահ ենք ու հողագործ: Տենց ենք ապրում, ու էսօր էլ մի անասուն ենք մորթել, որ ծախենք:

-Դուք ունե՞ք ընտանիքի անդամ, որ արտագնա աշխատանքի է:

-Չէ, աղջիկ ջան, բոլորն էլ այստեղ են: Աղջիկներս էլ են այստեղ` մեկը գյուղում ա, մեկը` Վայքում ա: Տղայիս հետ միասին ենք ապրում շատ հաշտ-համերաշխ:

-Ի՞նչ կուզեիք, որ գյուղում փոխվեր:

-Կուզեի, որ ստեղծվեին աշխատատեղեր, որպեսզի բոլորն աշխատեին: Գյուղի ընդամենը շատ քիչ մասն է աշխատում: Մի մասը գյուղապետարանում, մի քանի  հոգի  մանկապարտեզում ու դպրոցում: Էս են մեր աշխատատեղերը:  Փորձել եմ լավաշ թխել ու վաճառել,  բայց չի ստացվել:

-Ի՞նչն էր ձեզ խանգարել:

-Մի երկու անգամ թխելուց վախեցա, որ հարկայինը կգա, հետո` օգուտ չէր տալիս:

-Կուզենայի՞ք ինչ-որ բան ավելացնել ձեր մասին:

-Ես կուզենայի, որ երեխաների ապագան ավելի լավը լիներ: Թեկուզ չսովորեին, բայց մի արհեստ ունենային, աշխատանք ունենային: Ամեն առավոտ արթնանային, ասեին. «Գնանք աշխատանքի», որ կարողանային իրենց ընտանիքները պահել: Այնպես չլինի, որ առավոտյան վեր կենային ասեին. «Ոնց անենք, որ մեր ընտանիքները պահենք»:

Լուսանկարը՝ Նոնա Բարսեղյանի

Լուսանկարը՝ Նոնա Բարսեղյանի

Ես բազմաթիվ հարցեր ունեի նրան տալու, բայց ափսոս, ժամանակը սուղ էր: Ասեմ, որ ես հասցրեցի փորձել նրանց սեփական ձեռքերով պատրաստված կոմպոտը:  Գոհար տատիկն ուզում էր, որ մենք մնայինք և օգտվեինք իրենց գյուղի բարիքներից, սակայն պետք է վերադառնայինք:

Տիկին Գոհարի հետ հարցազրույցից ես հասկացա, որ ապրելու վայրը նշանակություն չունի` ինչ-որ բան ստեղծելու, երջանիկ լինելու, աշխատելու և խաղաղ ապրելու համար, եթե ունես ընտանիք, որտեղ կա համերաշխություն և բոլորն իրար սիրում են: