Մանկությանս անուշ պատառիկները

Լուսանկարը՝ Էլիզաբեթ Խուդավերդյանի

Լուսանկարը՝ Էլիզաբեթ Խուդավերդյանի

Երբ փոքր էի, առհասարակ, չէի սիրում խաղալ իմ հասակակիցների հետ, մանկապարտեզ էի հաճախում, սակայն, այնտեղ նույնպես հազվադեպ էի խաղում, ավելի հաճախ դաշնամուր էի նվագում. երազանքս էր դառնալ աշխարհահռչակ դաշնակահարուհի: Տանը երգում էի և ստիպում, որ բոլորն ինձ ծափահարեն:
Հիմա, երբ հիշում եմ մանկությունս, աչքիս առաջ են հայտնվում տատիս տանն անցկացրած ջերմ ու պայծառ օրերը: Օրեր, որոնք կմնան հիշողությանս մեջ հավերժ: Ամռան արձակուրդին սիրում էի հաճախ այցի գնալ տատիս ու պապիս: Ինձ համար այդ օրերը տոնական էին: Դարպասից ներս մտնելուն պես զգում էի թարմ հացի բույրը, առաջ էի անցնում և տեսնում թաղամասի՝ փռան մոտ հավաքված կանանց: Տատս, տաք հացը ձեռքին, անմիջապես ինձ ընդառաջ էր գալիս, այնուհետև՝ ինձ տանում էր կանանց մոտ ու նրանց հպարտորեն պատմում, թե որքան բանաստեղծություն գիտեմ: Այդ ընթացքում ես ուրախ-ուրախ համտեսում էի հացի պատառիկները:
Այդ տաք հացի պատառիկները կյանքիս ամենաջերմ ու անուշ պատառներն էին:
Երեկոյան ես ու տատս շաշկի էինք խաղում, որի ընթացքում նա մի քանի անգամ քնում ու արթնանում էր, երբեմն սկսում էր իմ քարերով խաղալ, ես ծիծաղում էի մանկական զրնգուն ծիծաղով, սակայն, ոչինչ չէի ասում նրան, չնայած՝ նա այդպես ինձնից առաջ էր անցնում: Պապս լուռ հետևում էր մեր խաղին, իսկ երբ տատս հաղթում էր ինձ՝ հպարտանում էր իր կնոջով և շարունակում ոգեշնչել նրան: Խաղից հետո տատիս խնդրում էի, որ ինձ համար արտասաներ իր սիրելի բանաստեղծություններից: Նա այնքա˜ն սիրով ու քնքշությամբ էր դրանք արտասանում: Ես մի տեսակ բարի նախանձով լսում էի նրան և երազում՝ մի օր էլ ես այդքան բան իմանամ: Կարծում եմ գրքի հանդեպ իմ սերը ծնվեց հենց այդ ժամանակ:
Չեմ կարծում, որ երբևէ կարող եմ այդչափ քնքշանք ու ջերմություն ստանալ, որքան ստացել եմ տատիս տանը:

Անսպասելի և սպասված ձյունը

Լուսանկարը՝ Հարություն Հայրապետյանի

Լուսանկարը՝ Հարություն Հայրապետյանի

Եվ այսպես, աշնան օրերից մեկն էր՝ նոյեմբերի 11-ը: Մենք վերադառնում էինք Գյումրիից Ամասիա: Այնտեղ անձրև էր, բայց հենց դուրս եկանք Գյումրիից, տեսանք, որ ամեն ինչ ծածկված է ձյունով: Սկսվել էր փոթորիկ: Մենք շատ զգուշորեն էինք առաջ ընթանում, քանի որ մեքենայի անվադողերը ամառային էին:
Հակառակ դրան, մեքենայում ուրախ մթնոլորտ էր: Մենք բարձր տրամադրություն ունեինք, քանի որ դրսում ձյուն էր: Մենք տարբեր խաղեր էինք խաղում, և հանկարծ մեքենան ճոճվեց: Դուրս եկանք մեքենայից և տեսանք, որ մեքենան սահել է ճանապարհից դուրս: Վարորդը հազիվ էր կարողացել մեզ փրկել:
Այդ պահին մենք չզգացինք պահի լրջությունը, բայց երբ հասկացանք, թե ինչ է կատարվել, խորը մտածմունքի մեջ ընկանք: 
Մեքենան չէր կարող առաջ շարժվել, և այդ պատճառով մենք ուրիշ մեքենա կանչեցինք, որ գա մեզ տանի: Մեքենան մեզ վերցրեց, և մենք շարունակեցինք ճանապարհը:
Առաջ ընթանալով տեսանք, թե քանի մեքենա էր դուրս եկել ճանապարհից: Վարորդները ստիպված էին մեքենաները ճանապարհին թողնել և ոտքով առաջ ընթանալ:
Չնայած անսպասելի ձյունը հաճելի էր, բայց ամեն ինչ իր ժամանակին պետք է լինի:
Լուսանկարը՝ Հարություն Հայրապետյանի

Լուսանկարը՝ Հարություն Հայրապետյանի


Արդեն երկու օր է հանրապետությունում ձմեռվա գալուն պես ձյունը նույնպես եկավ: Ուրախանում ենք, ճիշտ է, բայց շատ ենք խնդրում բոլոր նրանց, ովքեր երթևեկում են ձնոտ ճանապարհներով. զգույշ եղեք, թե ձեզ համար, թե բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը վստահել են ձեզ:
Լուսանկարը՝ Հարություն Հայրապետյանի

Լուսանկարը՝ Հարություն Հայրապետյանի

Ապարան. Ինչն է ինձ հուզում իմ քաղաքում

Ապրելով Ապարանում մի շարք հարցեր կան, որ հուզում են ինձ իմ քաղաքում: Դրանցից մեկն այն է, որ Ապարան քաղաքում չկան սրճարաններ, զբոսայգիներ: Ճիշտ է, կան տեսարժան վայրեր, բայց դրանց թիվը այնքան սակավաթիվ է, որ ամեն անգամ նույն տեղը գնալով մարդը ձանձրանում է:
Կցանկանայի, որ լինեին այնպիսի վայրեր, որտեղ երիտասարդները կարողանային անցկացնել իրենց ազատ ժամանակը:
Ինձ հուզում է նաև այն հարցը, որ մեր քաղաքում չկան ժամանակակից պարի դասընթացներ, դա հիմնահարց կամ հիմնախնդիր չէ, բայց պարզապես հաճելի կլիներ, եթե լինեին տարբեր հետաքրքրությունների դասընթացներ, և դա ինչ-որ չափով ինձ հուզում է:
Կուզենայի, որ լիներ մեծ գրախանութ, որտեղ կգտնեի ինձ անհրաժեշտ բոլոր գրքերը:

Մերի Բաղդասարյան

***

Ինձ հուզում է այն փաստը, որ Ապարանում ապրում են երիտասարդներ, որոնք օժտված են տարբեր հմտություններով, սակայն չեն կարողանում զարգացնելև կիրառել դրանք: Մեկը` երաժիշտ, մյուսը` նկարիչ, դերասան… Միշտ ինձ մտահոգել է, թե ինչու չի ստեղծվում մի այնպիսի կազմակերպություն, որտեղ այդ երիտասարդները կամ պատանիները կարողանան իրենց տաղանդը ի ցույց դնել:

Անուշ Սիմոնյան

***

Ինձ հուզում է Ապարանի ժամանցային կյանքը բարելավելու խնդիրը: Լավ կլիներ, եթե մեր քաղաքում կառուցվեին սպորտային սրահներ, մշակութային կենտրոններ, ժամանցի վայրեր: Ապարան քաղաքում կան տաղանդավոր պատանիներ, բայց չունեն պայմաններ դրանք դրսևորելու համար:

Անուշիկ Սարգսյան

***

Բավական հուզող հարց է մարդկանց ինֆորմացված լինելը: Ճիշտ է, գործում են լրատվական բավական շատ աղբյուրներ, բայց այնքան էլ լավ չեն գործում: Շատ ժամանակ Հայաստանում տեղի ունեցած և ունեցող դեպքերի մասին տեղեկանում ենք, օրինակ, ռուսական ԶԼՄ-ներից և միայն շատ քիչ դեպքերում` հայկականներից: Էլ չեմ խոսում այն մասին, որ մարզերի մասին տեղեկություններ հազվադեպ կգտնես:

Արեգ Հակոբյան

***

Կարելի է ասել, որ ինձ հուզում է մեր ապագան: Հետաքրքիր է, թե մեր այսօրվա երիտասարդությունը ինչպես է տեսնում իր ապագան և ինչ է ցանկանում ձեռնարկել այդ ուղղությամբ:

Արևիկ Պետրոսյան

***

Իմ քաղաքում` Ապարանում, չկա այնպիսի ակումբ, կազմակերպություն, որտեղ կարող ենք հաճախել և սովորել լրագրություն, խորհուրդներ ստանալ մեր առաջին լրագրողական փորձերն անելիս: Վստահ եմ, որ շատ երեխաների հուզում է այդ հարցը, և հուսամ, որ հետագայում նման հնարավորություն մեզ կընձեռվի:

Արմինե Սահակյան

***

Ինձ հուզում է մեր ապագան, թե ինչպես կկառուցվի, ու հետագայում յուրաքանչյուրս ինչ դերակատարում կարող ենք ունենալ և ինչ ներդրում կարող ենք անել` զարգացնելու համար մեր համայնքը ու երկիրը: Հայաստանը գտնվում է ոչ բարենպաստ իրավիճակում, և յուրաքանչյուրիս ներդրած լուման կարող է լինել օգտակար:

Աստղիկ Մամբրեյան

***

«Ապարանի ջուր» արտահայտությամբ մեր քաղաքը որպես որակյալ ջրի աղբյուր է համարվում հայաստանցիների համար: Սակայն հենց Ապարանում ջուրը չի տրամադրվում շուրջօրյա:

Անուշ Ավագյան

***

Ապարանի դպրոցականներից շատերն ունեն դերասանական ունակություններ, սակայն ցավոք, մեր քաղաքում չկա թատրոն, թատերական խմբակներ: Հաճախ երեխաները կազմակերպում են ներկայացումներ, ինչպես նաև հումորային երեկույթներ: Օրինակ, Ապարանի ավագ դպրոցի 11բ դասարանի աշակերտները ներկայացրել էին «Ոտքի, դատարանն է գալիս» ներկայացումը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանությանը: Աշակերտները սիրով այլ ներկայացումներ էլ կբեմադրեին, եթե լինեին համապատասխան մասնագետներ, որոնք խորհուրդներ կտային բեմադրելիս:

Գոհար Կարապետյան

***

Մեր համայնքում չունենք այնպիսի ակումբներ, որտեղ կարող ենք ազատորեն արտահայտել մեր մտքերը և գաղափարները: Կցանկանայի, որպեսզի լրագրության դասընթացներ լինեն: Անձամբ ինձ հետաքրքրում է լրագրության հետ կապված ամեն ինչ: Հա, ի դեպ նշեմ, որ ես ունեմ գրված հոդվածներ Վիկիպեդիայում:

Գոհար Սահակյան

***

Ես Հայկուհի Քոչարյանն եմ, տասնվեց տարեկան: Սովորում եմ Ապարանի ավագ դպրոցում, XI դասարանում: Ունեմ շատ նպատակներ, որոնց ձգտում եմ հասնել: Մեծ ցանկություն ունեմ, որ Ապարանում տեղի ունեցած ամեն ինչ հասանելի լինի Հայաստանի բոլոր տարածաշրջանների մարդկանց: Ես եղել եմ Հայաստանի տարբեր շրջաններում և նկատել, որ Ապարանի մասին շատ քչերը տեղեկություն ունեն:

Հայկուհի Քոչարյան

***

Ես ցանկանում եմ դիմել ծառատունկների համար: Մեր քաղաքում ծառերը քիչ են, բայց շատ տեսակներ կան, որոնք աճում են Ապարանում: Լավ կլիներ պուրակներ լինեին տարբեր հուշարձանների շրջակայքում: Ապարանի հերոսամարտի հուշահամալիրի մոտ, որտեղ երթևեկությունը շատ է, օդ արտանետվող CO2- ի քանակը ավելի մեծ է:
Ես անհանգստանում եմ նաև Քասախ գետի աղտոտվածության համար: Եթե գետը մաքրվի, քաղաքին կպարգևի գեղեցկություն, ինչու չէ, նաև ամռանը և ձմռանը ճահճացում չի լինի դրա ափերին:

Ժենյա Հովհաննիսյան

***

Ապարանում չկան ստորտային դահլիճներ: Եթե լինեին, դպրոցականները ազատ ժամանակ կզբաղվեին սպորտով, այլ ոչ թե կծխեին, կամ պարապ թրև կգային: Ապարանում չկա զբոսայգի: Ինչու Հայաստանի համարյա բոլոր քաղաքներում կան զբոսայգիներ, իսկ Ապարանում չկա:

Կարեն Ղազարյան

***

Ինչպես կարելի է երիտասարդության մեջ մցնել հետաքրքրություն ուսման նկատմամբ: Ինպես ավելի հետքրքիր դարձնել ուսումը և ինչպես կարելի է ձեռք բերել բազմակողմանի գիտելիքներ որոնք չխանգարեն մեկը մյուսին:

Լիլիթ Սարգսյան

***

Ապարանն իմ ծննդավայրն է, և այստեղ ինձ շատ լավ եմ զգում իմ հարազատ մարդկանց շրջապատում: Բայց միայն այդքանը: Սակայն Ապարանում չկան ժամանցի կենտրոններ, որտեղ հնարավոր լինի հետաքրքիր անցկացնել ժամանակը ընկերների հետ: Ցավոք, մեր քաղաքը զբոսնելու վայրեր էլ չունի: Շատ կցանկանայի, որ ունենայինք զբոսայգի, որտեղ կարելի կլիներ զբոսնել, երեխաները կարուսել նստեին:

Ծովինար Գևորգյան

***

Ինձ հուզում են այն հարցերը, որոնք կապված են մարդու ինքնազարգացման հետ: Օրինակ, թատրոնը, տարբեր ոճերի պարային խմբակները և այլն: Ինձ հուզում է նաև կրթության հարցը: Օրինակ, խելացի աշակերտներին հնարավորություն տրվեր ուսումը շարունակելու տարբեր քաղաքներում: Ճիշտ է, մենք ապրում ենք այնպիսի քաղաքում, որտեղ օդը մաքուր է, բայց այնուամենայնիվ, առողջ ապրելակերպ ունենալու համար անհրաժեշտ են սպորտային ակումբներ:

Վարդուհի Բարսեղյան

Սեր, բնություն և խաղաղություն

Այս նոյեմբերի 27-ն իմ կյանքում տարբերվեց մյուս բոլոր նոյեմբերների քսանյոթներից նրանով, որ վաղ առավոտյան իմ մի քանի ընկերների հետ ճամփա ընկա Եղեգնաձոր` ծառատունկի: Ծառատունկով հիմնվելու էր մի նոր պուրակ, որը կրելու էր Խաղաղության պուրակ անվանումը: Ծառատունկն սկսվեց հետևյալ խոսքերով. «Մեր մոլորակի մեծագույն սպառնալիքներն այսօր թերևս երկուսն են` բնապահպանական խնդիրներն ու պատերազմները, ահաբեկչությունները: Մեզանից յուրաքանչյուրը պատասխանատու է այս խնդիրների լուծման համար: Մեր մոլորակը սկսվում է մեր հայրենիքից, մեր բակից, մեր տնից: Մենք հիմնում ենք խաղաղության պուրակ մեր բակում: Թող մեր տնկած ծառերի «խաղաղության» ծիլերը սփռվեն ամբողջ մոլորակով» և ուղեկցվեց մանկապարտեզի երեխաների խաղաղությանն ու հայրենիքին նվիրված երգերով: 
Պուրակի հարակից շենքում նույն ժամանակ հարսանիք էր, և ծառատունկի մասնակիցները որոշեցին հարսին ու փեսային հրավիրել ծառ տնկելու հենց իրենց բակում հիմնվող պուրակում:

Սա իմ կյանքի առաջին ծառատունկն էր: Ծառ տնկելը չի կարելի համեմատել ոչ մի ուրիշ բանի հետ: Հենց այդ ժամանակ է, որ գիտակցում ես, թե ինչ հեշտ է օգնել բնությանն ապրել: Իմ կյանքի առաջին ծառատունկը կոչված էր միավորելու երկու երնեկ` բնությունն ու խաղաղությունը: Բայց արի ու տես, որ ստացվեց երեքը. սեր, բնություն և խաղաղություն: 





Հումորը մեզնից անպակաս

Ողջույն բոլորին: Հուսով եմ, որ բոլորիդ տրամադրությունը լավ է: Իսկ եթե կան մարդիկ, ում տրամադրությունը այդքան էլ լավ չէ, ես ցանկանում եմ իմ փոքրիկ նյութով բարձրացնել այն: Ինչպես շատ տեղերում, այնպես էլ մեր գյուղում, եղել են շատ զվարճալի և հետաքրքիր պատմություններ, իհարկե, մեր տատիկների և պապիկների մասնակցությամբ: Թեև ծանր կյանքին և բազում դժվարություններին, հումորը նրանցից անպակաս է եղել:
Վերջերս մի գիրք գտա «Ծիծաղում է Դարբասը» վերնագրով (հեղինակ`Սմբատ Ղազարյան), որտեղ զետեղված են հումորային պատմություններ մեր գյուղի մեծերի մասին: Ուզում եմ ձեզ ներկայացնել մի քանի զվարճալի պատմություններ այդ գրքից և հուսով եմ, որ դրանք կարդալուց հետո ձեր դեմքին ժպիտ կհայտնվի:

***
Ավտովարորդ Սուրեն Զաքարյանին (պապիկիս) համագյուղացիներից մեկը հարցնում է. –Զաքարյան, մաշինավ շտե՞ղ ես քինում: -Ջիվիր Քար սարի կովաբուծական ֆերման: -Վեր մի պան խնդրեմ, կանե՞ս: -Հի՞նչ: -Կուլան տամ, Ակնաղբյուրից մի կուլա ջուր պիր ինձ մհար, սերտս ոզում ա: -Խնամի ջան, հինչ ասես կանեմ, բայց էտ մինը կարալ չեմ: -Խե՞: -Ակնաղբյուրի ջուրը նախագահի կարգադրությամբ խառնըմ են կոլխոզի կաթին, հանձնըմ պետությանը,- լրջորեն պատասխանում է Զաքարյանը:

***

Պապն իր երկու տարեկան թոռան հետ նույն ափսեից կեռաս էր ուտում, պապը`փունջ-փունջ, թոռը`հատ-հատ: Երբ ափսեն կիսով չափ պակասեց, թոռը լացակումած նայեց պապին ու ասաց. -Պապի~կ ջան, մեկ-մեկ կեր, կխեղդվես:

***
Վարսիկին ուղարկեցին քաղաք`բժշկական ուսումնարան ընդունվելու: Վարսիկը գնաց ու ետ եկավ: Չէր կարողացել ընդունվել: -Հի՞նչ իլավ, բալա,- հարցնում է հուզված հայրը: -Կտրեցին: -Հինչի՞ց: -Թթուներից: -Կարացի՞ր ոչ պատասխանես: -Պատասխանեցի: -Հի՞նչ ասիր: -Ասի` կաղամբի թթու, վարունգի թթու, տանձի թթու, սարի շուշանի թթու: -Ճըխթթոն (թթու դրած բազուկ) ասա՞լ չես: -Չէ: -Ասըմա` չէ… Լավ էլ ըրալ են, վեր կտրալ են:

***

Թագուհի մայրիկի դեղնակտուց աքլորը թառել էր դարպասի վրա, վզի երակները ձգել ու այնպես էր կանչում երկինքն ի վեր, ասես ուզում էր արար աշխարհքին տեղյակ պահել, որ ինքն էլ է աքլորավարի կանչել սովորել.
-Ծու~ղ-րու-ղու~…
-Սրան տեսեք, դիպլոմն ա պակաս, վեր դիպլոմ էլ ունենա, պառլամենտի անդամ կտառնա,- ասում է Թագուհի մայրիկը:

Հ. Գ. Հեղինակը գրել է գրական հայերենով, սակայն ես գրել եմ մեր բարբառով, քանի որ չեմ ուզում, որ մեր բարբառը վերանա: Թող այն փոխանցվի սերունդներին և դարերով պահպանվի:

Ընդամենը ձու և շաքար

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի-Հը՞, Ամա’յ, չպրծա՞ր,- ցավեցնում էինք Ամայի գլուխը` չհամբերելով, թե երբ է պատրաստ լինելու «գոգլին»: Եթե չգիտեք, թե ինչ է այն, ասեմ, որ ընդամենը հարած ձու և շաքար: Շա~տ պարզ է չէ՞ թվում: Բայց մեզ համար Ամայի` գոգլի պատրաստելը մի տոնախմբություն էր: Ամայը ձեռքով երկա՜ր-երկա՜ր հարում էր ձուն, իսկ մենք` յոթ թոռներս, նստում էինք նրա շուրջը ու րոպեն մեկ հարցնում.
-Հը՞, Ամա’յ, չպրծա՞ր…
Ու երբ գոգլին պատրաստ էր լինում, յոթ թոռներով, ամեն մեկս մի կտոր հաց բռնած, հերթ էինք կանգնում ու սպասում մեր հերթին, որ Ամայը մեր ձեռքի հացին մի քանի գդալ գոգլի քսի: Երբ մեզնից մի անկարգ հերթը խախտում էր, Ամայն ասում էր.
-Չարդ տանեմ, սպասի…
Մեր բաժին գոգլին ստանալուց հետո մենք ոչ թե ուտում, այլ խժռում էինք: Երբ վերջացնում էինք, Ամայը մտածում էր, մտածում ու ասում.
-Ակոս նվեզ ա (թուլակազմ), հիլ արեք` իրան մի հատ էլ տամ:
Ու երբ եղբայրս իր երկրորդ բաժինն էր ուտում, վեցով նայում էինք մեկ նրան, մեկ` Ամային: Ամայը, ով իր կյանքում միշտ էլ սիրել է հավասարությունը, մեզ էլ երկրորդ բաժինը տալիս ու հանգիստ սրտով նստում, հանգստանում:
Այս ամենը այսօրվա պես եմ հիշում: Հիմա էլ եմ շատ ուզում Ամայի պատրաստած գոգլուց ուտել, բայց Ամայը արդեն հասակն առել է, էլ ձեռքերում ուժ չկա: Հիմա ես եմ գոգլի պատրաստողը, ու երբեմն ինձ հետ այդ գործում մրցում է նախկին «նվեզ» Ակոն` Սարգիսը: Բայց մենք ոչ թե ձեռքով ենք հարում, այլ էլեկտրական հարիչով: Եվ ինչքան էլ չարչարվում ենք, մեկ է, չենք կարողանում Ամայի նման պատրաստել:
Ընդամենը ձու և շաքար…

Ֆուտբոլային կրքեր

Սովորական մի օր, սովորական երեկոյան լուրեր: Բայց ահա հաղորդավարը` ավարտելով շախմատի, թենիսի ու մնացած բոլոր սպորտաձևերի մասին լուրերը, հայտնեց, որ վաղը 20:00-ին կկայանա Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպումը:

Պապս ուշադիր լսեց ու, մի անգամ ևս համոզվելու համար, բարձր կրկնեց.

-Ժամը 8-ի՞ն:

-Հա, պապի, վաղը ժամը 8-ին:

Հաջորդ օրը ժամը 7-ին ես, ինչպես ամեն ինձ հետաքրքրող ֆուտբոլային հանդիպումից առաջ գնացի խանութ և գնեցի բոլոր Lays-երը, եկա ու «դիրքավորվեցի» բազմոցին: Պապին էլ իր հերթին էր պատրաստվել: Նրա նոր բացված ծխախոտի տուփն ու մոխրամանը հուշում էին թեժ երեկոյի մասին:

Մրցավարը սուլեց, ու սկսվեց. սկսվեց խաղը ստադիոնում ու սկսվեց իմ ու պապիս հակամարտությունը: Պապս, ճիշտ է, Հայաստանի թիմի կողմից է, բայց նրա բերանից մենակ կլսես էնպիսի արտահայտություններ, որոնք ուղղված են մերոնց.
– Այ քյոռ, էն հո՞ւր ես պաս տալ։ Էշի քուռակ, հո սամայլոտ չե՞ս զարկել, ընչե՞ս զարկել օդ… Խաղալ չեն իմանալ, էլ հեսա գոլ կզարկեն վրաներս:
Իսկ ես տաքանալով հակահարված եմ տալիս պապիս.
- Հեսա տսի բմբլահան ենք անելու, մերոնք, որ վիզ տնեն, մե վարկյանում գոլ կխփեն:
Ու էսպես մինչև 90-րդ րոպեն, մինչ իմ ու Հայաստանի հավաքականի պարտությունը: Իսկ վերջում պապս, գոհ իր կանխագուշակումից, ասում է.

-Բը որ ասիմ՝ տայ խաղացողը չեն, տրիր ես, հակաճառես ես:

Ու էսպես ամեն խաղի ժամանակ:




Ձմեռ է գալիս. ինչով տաքանալ

Լուսանկարը՝ Դավիթ Այվազյանի

Լուսանկարը՝ Դավիթ Այվազյանի

Արդեն վերջանում է աշնան վերջին ամիսը` նոյեմբերը, իր հետ բերելով բազմաթիվ հոգսեր և խնդիրներ, որոնց մասին արժե մտածել: Խոսքը ամենացուրտ և միաժամանակ ամենագեղեցիկ եղանակի` ձմռան նախապատրաստությունների մասին է: Հայերը այն եզակի ժողովուրդներից են, ովքեր ձմռանը նախապատրաստվում են շատ շուտ` տվյալ դեպքում ամառվանից: Ամռանը մրգից մուրաբա են պահածոյացնում` ձմռան համար, մրգային լավաշներ են պատրաստում և չրեր: Աշնանն էլ գալիս է բանջարեղենի պահածոյի և թթվի ժամանակը: Իսկ աշնան վերջին ամիսներին, հիմնականում` կարտոֆիլ, պանիր ու մեղր են գնում` ձմռան համար:
Ձմեռ է գալիս, բայց ձյան փաթիլներով, գեղեցիկ ճերմակ տեսարաններով, ձմեռային ուրախ խաղեր խաղալու հրճվանք անգամ երեխաների մեջ չկա: Բոլորը մտահոգ են, թե ինչպես են ջեռուցելու տունը: Դե, էլ ինչ ձմեռ առանց վառարանի: Վերջերս շատ անձրևներ են դիտվում, և մարդկանց որոշ մասն արդեն տներում վառարան է տեղադրել, իսկ որոշ մասը դեռ ոչ, քանի որ գումար է տնտեսում ցրտաշունչ ձմռան համար: Սակայն խնդիր է` ինչով տաքանալ, որը մտածելու տեղիք է տալիս: Հիմա դժվար է կողմնորոշվել թե ինչո՞վ տաքանալ, որ և շահավետ լինի, և օգտակար: Գրեթե բոլոր գյուղական համայնքներում խնդիրն արդեն գտել է իր լուծումը, որովհետև միշտ փայտե վառարան է տեղադրվում, իսկ լեռնային վայրերում անցել են աթար վառելուն: Բայց խոսքն այլ է քաղաքային բնակավայրերի դեպքում: Որոշ տներում ևս բնակիչները տեղադրում են փայտյա վառարաններ, բայց ոչ բոլորը կարող են տեղադրել, որովհետև բոլոր տներում չէ, որ առկա է փայտյա վառարան տեղադրելու հնարավորություն և հարմարություն: Փայտյա վառարանով տաքացող ընտանիքները բացի դրանից օգտագործում են նաև էլեկտրական վառարան: Իսկ մնացածն օգտագործում են նույն էլեկտրական և գազի վառարանները: Սակայն այս երկուսը ձեռնտու չեն, որովհետև օգտագործած ծախսի գումարը չվճարելու դեպքում (անգամ եթե իսկապես գտնվում ես ֆինանսական ծանր վիճակում) գազազրկվում կամ հոսանքազրկվում են, և մինչև վճարելը մնում են ցրտի մեջ: Իսկ նրանք, ովքեր խնայում են տունը ջեռուցելու վրա, հիվանդանում են, որն էլ իր հերթին ավելի մեծ խնդիրներ է հարուցում ապագայում: Ես շատ եմ մտածում այս մասին, և չգիտեմ` ինչ լուծում կա սրան:
Արդեն ցուրտ է: Շատ տներում դեռ դիմանում են…
Տա Աստված, որ ոչ մի երեխա կամ մեծահասակ չհիվադանա ցրտի պատճառով, և  թող բոլորը այս ցուրտ ամիսները անցկացնեն տաք և առողջ պայմաններում: