
Լուսանկարը՝ Աստղիկ Ավետիսյանի
Բանդիվանը գտնվում է Ախուրյան գետի ձախափնյա քարքարուտ սարահարթի վրա՝ շրջապատված դաշտերով: Բանդիվան գյուղի հողային տարածությունը կազմում է 1076,84 հա: Այն ունի 64 տնտեսություն, 278 բնակիչ: Կլիմայական պայմանները անբարենպաստ են. ձմեռը խստաշունչ ու երկարատև է, ամառը՝ զով ու կարճատև, տեղումները՝ բավարար: Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ: Գյուղն ունի միջնակարգ դպրոց, գրադարան, բուժկետ և ակումբ: Կանգուն է գյուղի՝ 1909 թ. կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին: Բանդիվանցիների նախնիները եկել են Կարսի մարզի Տեկոր գյուղից՝ 1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ:

Լուսանկարը՝ Աստղիկ Ավետիսյանի
Բանդիվան անունն առաջացել է Կարսի մարզի Բենդեվան գյուղի անունից: Գյուղն անվանվել է նաև Պենտավան, Պանտավան, Բանդիվան: Պենտավանը հիմնադրվել է մ.թ.ա. 4-5–րդ դարերում: Բանդիվանն ընդարձակվել է Ներքին Բանդիվանի հաշվին: Վերջինս դասվում է Կիկլոպյան ամրոցների շարքին, զբաղեցնում է 6 հա տարածք: Այն գտնվում է քարաժայռի վրա՝ շրջապատված կիկլոպյան պարսպով: Գյուղում գործել է 5 ձիթհանք, Ախուրյան գետի ափին եղել է ջրաղաց: Մինչ օրս պահպանված է Ներքին Բանդիվանը՝ իր մասունքներով և զարմանահրաշ բուսական աշխարհով: Կանգուն են Կիկլոպյան ամրոցը, տների հիմքերը, գետնափոր ամբարները, գերեզմանատունը, մի քանի խաչքարեր:

Լուսանկարը՝ Աստղիկ Ավետիսյանի
Շրջապատի բնապատկերը ամբողջացնում են Ախուրյան գետը և Մաղարա քարայրը: Տեղացիների մեծ մասը, թուրքերի հետապնդումներից մազապուրծ լինելով, թաքնվել են Մաղարա քարայրում: Քարայրն այսօր էլ հիացնում է իր խորհրդավոր ու հպարտ կեցվածքով:
Պատմական դեպքերի հետևանքով բնակչության թիվը փոփոխվել է: 1831թ. Բանդիվանն ուներ 213, 1877թ.` 806, 1914թ.` 1054, 1926թ.՝ 128, 1957թ. 376 բնակիչ: 1960 թ. գյուղը դատարկվում է: Բնակչությունը տեղափոխվում է Վերին Բանդիվան և Հայաստանի այլ վայրեր:

Լուսանկարը՝ Աստղիկ Ավետիսյանի
Գյուղում կան բազմաթիվ սառնորակ աղբյուրներ, որոնցից առանձնահատուկ է Զորավոր աղբյուրը ( շրջանում միակ աղբյուրն էր, որ բնակչությանը ապահովում էր խմելու ջրով): Ասում են, աղբյուրը ցամաքել է 1915թ., երբ աղբյուրից փորձել է ջուր խմել թուրք ասկյարը:
1988թ. Սպիտակի երկրաշարժի հետևանքով փոխվում է Բանդիվանի խմելու ջրի հունը: Խախտվում են կառույցների հիմքերը, փլվում մի քանի շինություններ, այդ թվում՝ մանկապարտեզի հյուսիսային հատվածը:
Ուկրաինայի հովանավորությամբ և անմիջական մասնակցությամբ Բանդիվանը հիմնովին վերակառուցվել է:
2007 թ. հիմնադրվել է «Բանդիվան կաթ» ՍՊԸ-ն, որը մինչ օրս զբաղվում է կաթնամթերքի, մսամթերքի (խոզի միս) արտադրությամբ, անասնապահությամբ: Ընկերությունը Գերմանիայից և Չեխոսլովակիայից ներկրել է հոշտեին ցեղատեսակի կովեր:


Այս տարի ամռան երկրորդ՝ ամենաշոգ ժամանակը ես անցկացրել եմ Արզական գյուղում։ Այդ գյուղը հայտնի է իր հանքային ջրերով, որոնք շատ օգտակար են մարդու առողջության համար։ Մենք ընտանիքով այնտեղ հաճախ ենք գնացել, բայց անընդհատ կես օրով, իսկ իմ մայրիկը ուզում էր ավելի երկար ժամանակով: Նա արդեն որերորդ տարին ուզում էր այնտեղ գնալ մեկ շաբաթով, բայց անընդհատ չէր ստացվում։
Ամռանը նրանք երկու ամիս են հանգստանում, որովհետև ձմռանը նրանք միայն մի ամսին են գնում, այն էլ դժվարությամբ, որովհետև ճանապարհները փակ են լինում առատ ձյան պատճառով։ Աշակերտները քայլում են ավտոմեքենաների անիվների տեղերով։ Բայց դրա փոխարեն նրանք անընդհատ ձնագնդիկ են խաղում, իսկ ամռանը դպրոցի բակում աճող ծառերի մրգերն են ուտում։ Կյանքը եռում է նաև մշակույթի տանը, որը ցավոք սրտի, ի տարբերություն դպրոցի, վատ վիճակում է։ Նրա մի մասը չի օգտագործվում, ավերված վիճակի պատճառով։ Մեծ դահլիճը, որը Երևանի դպրոցների դահլիճներից ավելի մեծ էր ու հարմար համերգների համար, դժբախտաբար գտնվում էր չօգտագործվող մասում։ Դահլիճի պատուհանները ջարդված էին, բեմի վրա վտանգավոր էր բարձրանալ, բեմի վերևը թռչունները բույն էին հյուսել, իսկ միջանցքի պատերին գրված էին անուններ և այլն։ Բայց մյուս մասնաշենքը օգտագործվում էր, և համարյա բոլոր երեխաները գնում էին այնտեղ դասերի. մեկը` դաշնամուրի, մյուսը` պարի, կլառնետի, թմբուկի, սոլֆեջիոյի, շախմատի, ասեղնագործության և այլն։ Ուսուցիչներից շատերը տեղացի էին։ Ընկերուհիներս ասում են, որ նրանք շատ են բարձրացրել մշակույթի տան վերանորոգման հարցը, բայց միևնույն է, ապարդյուն։ Ուղղակի բանն այն է, որ նույնիսկ նորը սարքել պետք չէ, միայն նորոգել, որը հաստատ շատ ծախսատար չէ պետության համար։ Դպրոցի մոտակայքում մանկապարտեզն էր և հոսպիտալը։ Որոնց դիմաց էլ Անհայտ զինվորի հուշարձանն է։ Գյուղում, սարերի մեջ կա նաև եկեղեցի, որը չունի քահանա և եկեղեցական ծեսեր չեն կատարվում։ Սակայն սրբատեղին ունի իր ուխտի օրը, և ամեն ամառ գյուղի բնակիչները գնում են այնտեղ ուխտի: Ուխտի օրը նրանք մեծ շուքով են նշում։
Չնայած նրան, որ Արզականը ինձ շատ էր դուր եկել, միևնույն է, ես ուզում էի վերադառնալ Երևան, իմ տուն, իմ փողոց, իմ դպրոց։



