Մեդիա Ճամբար. Օր առաջին

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

«Մանանա» կենտրոնը Սերբիայի Մեդիա կրթության կենտրոնի հետ համատեղ  հուլիսի 15-23-ը նախաձեռնել է Մեդիա Ճամբար։ Ճամբարը կազմակերպվում է “Երիտասարդների արտահայտման ազատության խթանումը քաղաքացիական լրագրության միջոցով” ծրագրի շրջանակներում, որը ֆինանասավորվում է Եվրոպական Միության կողմից։ Ճամբարի ընթացքում հայ և սերբ երիտասարդները հնարավորություն կունենան աշխատելու միասին ֆիլմերի, ֆոտոպատմությունների եւ հոդվածների վրա, կիսվելու գաղափարներով և մտքերով: Այսօր ճամբարի առաջին օրն էր, ու թեև մեր սերբ ընկերները դեռևս չեն միացել մեզ, բայց,  մեր՝ Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի www. 17.am կայքի թղթակիցներիս շրջանում արդեն սկսվել են ակտիվ քննարկումները, ստեղծագործական գաղափարներն ու բանավեճերը: 

Ու մինչ  ճամբարում ստեղծագործական մթնոլորտ էր, որոշեցինք կիսվել մեր առաջին տպավորություններով: Եվ այսպես, օր առաջին, լիքը տպավորություններ ու… 

-Սկսել եմ համագործակցել «Մանանայի» հետ 2014 թվականից, երբ Վայոց Ձորի մարզի այն պատանիների հետ, ովքեր ուզում էին դառնալ պատանի թղթակից, անց էին կացվում  մեդիա-դասընթացներ: Այդ ժամանակվանից մինչ այսօր թղթակից եմ: Հիմնականում գրում եմ, ֆոտոներ էլ եմ անում, բայց այդքան էլ չի ստացվում, ավելի նախընտրում եմ գրելը: Մեծ սպասելիքներով եկել եմ մեդիա ճամբար, այս ստեղծագործական կոլորիտը շատ կարևոր է, երբ ուզում ես ստեղծագոծել, կապ չունի՝ գրել, թե ֆոտո անել: Ուզում եմ շատ գրել և գրելու եմ:

Լուսինե Կարապետյան, Վայք

 

-Սիրում եմ լուսանկարել, պատանի թղթակից եմ արդեն երկու տարի: Սկզբում ֆոտոն հոբի էր, բայց հիմա ուզում եմ զբաղվել պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ: Սպասելիքներս են այս ճամբարից՝ հնարավորություն ստանալ խորացնել գիտելիքներս ֆոտոյի, կինոյի, ժուռնալիստիկայի ոլորտներում: Ավելի շատ ուզում եմ մասնագիտանալ ֆոտոյի մեջ և, իհարկե, կինոյի:

Հռիփսիմե Եղիազարյան, Հրազդան

 

-«Մանանայի» հետ սկսել եմ համագործակցել մոտ 2-3 տարի առաջ: Գրել եմ մի քանի հոդվածներ, որոնք տպագրվել են «Խաբարբզիկում»: Նկարել ենք մի քանի ֆիլմեր, դրանցից մեկը՝ «Դեպի փոփոխություններ» ֆիլմը «Ես եմ» միջազգային կինոփառատոնում դարձել է մրցնակակիր: Այսօր ճամբարի առաջին օրն էր, շատ հետաքրքիր անցավ: Ակնկալում եմ նոր գիտելիքներ ձեռք բերել՝ հատկապես կինոյի բնագավառում:

Սամվել Մքոյան, Վանաձոր 

 

-Ավելի շատ սիրում եմ ժուռնալիստիկա, քան ֆոտո, կամ կինո: Այսօր առաջին օրն էր մեդիա ճամբարի, և ես շատ մեծ ակնկալիքներ ունեմ: Մեջս ինչ-որ քնած գաղափարներ կային, որոնք մեծ թափ առան, ընդլայնվեց մտահորիզոնս: Ավելի շատ ուզում եմ գրել, խորանալ ժուռնալիստիկայի մեջ: Ուզում եմ գրել զինվորական գործերի, երիտասարդների բանակ գնալու և հայրենիքը պաշտպանելու գործի, զինվորների հոգեկան վիճակի մասին:

Մանե Սարգսյան, Ճամբարակ

 

-Ես արդեն 2 տարի է թղթակցում եմ www.17.am կայքին: Այս ճամբարի ընթացքում ուզում եմ հասցնել այն ամենը, ինչ կա օրակարգում, ուզում եմ ընդգրկվել բոլոր աշխատանքներում, որպեսզի ավելի խորացնեմ գիտելիքներս: Ուզում եմ ճամբարից միայն լավ հիշողություններ մնան, և հուսով եմ սերբերի հետ կունենանք հետաքրքիր մշակութային փոխանակություն:

Վարսեր Զաքարյան, Իջևան

 

-Ակնկալում եմ ստեղծագործական եռանդուն կյանք, կրեատիվ օրեր, հետաքրքիր դասընթացներ, հետաքրքիր ֆիլմեր: Շատ ուրախ եմ, որ համագործակցում ենք սերբերի հետ: Շատ եմ կարևորում ճամբարի թեման, շատ կարևոր է ազատությունը: Ինքնաարտահայտման ազատությունը Հայաստանում շատ արդիական թեմա է, ուզում եմ այն լայն մասշտաբ ստանա, որ երիտասարդները չվախենան արտահայտվել, քանի որ դրանից է կախված մեր երկրի ապագան: Ուզում եմ շատ ֆոտոնախագծեր անենք, սոցիալական թեմաներով ֆիլմեր նկարենք:

Լիլի Նալբանդյան, Գյումրի 

Ես տարբերվելու համար չեմ անում

Լուսանկարը՝ Էլիանորա Սարգսյանի

Լուսանկարը՝ Էլիանորա Սարգսյանի

-Բայց էս աղջիկը… Ինչ մի տեսակ ուրիշ ա, չէ՞,- ասաց ընկերուհիս, երբ ինչպես միշտ երկար դասամիջոցին բուֆետում ուսումնասիրում էինք բոլորին: 

-Հա,- համաձայնեցի ես` շարունակելով զննել «տարբերվող» աղջկան:

Ոչ մի արտասովոր բան  նրա վրա չկար: Երկար ժամանակ չէի հասկանում, թե ինչով է նա այդքան տարբեր մեզնից:

-Բա սրա մազերը,- շարունակվում էր քննարկումը,- օրը մի գույն ա ներկում:

-Աչքերի գույնը բա, բնակա՞ն ա:

-Մարիամին ցույց տվեք, կասի,- ընկերուհիներս հեռախոսով մեր դպրոցից անծանոթ աղջկա նկար ցույց տվեցին:

-Գունավոր լինզաներ են,- արդեն պրոֆեսիոնալի պես որակավորեցի ես:

«Ինչի՞ են բոլորը ուզում մի անսովոր բան անեն,- մտածեցի ես և հայացքս ընկավ իմ բազմաթիվ թևնոցների վրա: -Չէ, չէ, հաստատ չէ: Ես տարբերվելու համար չեմ արել: Ուղղակի դուր է գալիս, շատ թևնոցներ եմ կապում: Դե հա, գունավոր լինզաներով աղջիկն էլ նույնը կասի: Չէ, բայց թևնոցն ու լինզան նույնը չի, ինքը հաստատ տարբերվելու համար ա արել,- շարունակում եմ ինքս ինձ խոսել ես,- վրայից էլ երևում է, որ ձևիստի մեկն է»:

-Ինչո՞վ էր ուրիշ որ,- կարծես քնից արթնացա ես:

-Ո՞վ,- ընկերուհիներս արդեն լրիվ ուրիշ բանից էին խոսում:

-Էն աղջիկը, որ ոչ մի արտասովոր բան չուներ:

-Դե, եսիմ…

Լռեցի և շարունակեցի զննել բուֆետում հավաքված ամբոխին: Մեկը ամեն օր գեղեցիկ զգեստով և սանրվածքով է դպրոց գալիս, մյուսը հակառակը` աղջիկ է, բայց տղայի նման է հագնվում: Համարյա բոլորը իրենց մազերից մի փունջ ուրիշ գույն են ներկել, և ես էլ ինքս ինձ հաճախ եմ բռնացնում այն մտքի վրա, որ ես էլ այդպես կուզեի: Մեկը չափից դուրս մեծ ականջակալներով է միշտ, իսկ մյուսը իմ նման` բազմաթիվ թևնոցներով: Նայեցի, թե ինչպես է «տարբերվող» աղջիկը դուրս գալիս բուֆետից, և հասկացա, թե ինչով է նա այդքան տարբերվում: Նա ոչ մի բան չէր արել անսովոր կամ օրիգինալ լինելու համար: Ոչ մազերն է ներկել, ոչ վառ գույներով հագնվել և ոչ էլ կոպիտ է խոսում, «բնավորությամբ աղջիկ» երևալու համար: Եվ այս միօրինակ «տարբերվող» ամբոխի մեջ դարձել է իսկապես տարբերվող: Մտածում եմ, որ նա ճիշտ է անում, բայց, միևնույնն է, թևնոցներիցս չեմ հրաժարվի: Ես տարբերվելու համար չեմ անում:

Շատ կարևոր հարցեր

Այսօր մեզ՝ երիտասարդներիս, շրջապատում են բազմաթիվ խնդիրներ, որոնցից ես կցանկանայի առանձնացնել մասնագիտական կողմնորոշումը: Մեզանից շատերը մտածում են բարձրագույն կրթություն ստանալու մասին, ինչ գնով էլ որ դա լինի,առանց քննարկելու այն խնդիրները, որոնք առաջանում են ուսումն ավարտելուց հետո: Այդպիսիք են, օրինակ, աշխատանքի, աշխատատեղերի, մասնագետների պահանջարկի հետ կապված խնդիրները:

Ճիշտ մասնագիտություն ընտրելու համար անհրաժեշտ է նկատի ունենալ մի շարք հարցեր: Դրանք ես պայմանականորեն կարող եմ բաժանել  2 խմբի՝ մինչև բուհ ընդունվելը (մոտ ապագայում) առաջ քաշվող հարցեր, ինչպիսիք են, օրինակ, բուհ ընդունվելը, սովորելը, վճարելը և այլն, և բուհ ընդունվելուց հետո առաջացող խնդիրներ:

Առաջին դեպքում, ինչպես արդեն նշեցի, շատերի համար խնդիր է ընդունվելը: Ես դա համարում եմ ոչ մեծ պրոբլեմ, որովհետև մեր կրթական համակարգը, իմ կարծիքով, չի կարևորում որակը, ինչը չափազանց հեշտացնում է ընդունվելը, կոպիտ ասած, «լցնում է դատարկ տեղերը»: Սրա մասին ես պատկերացում կազմում եմ շատ ցածր մակարդակի վրա կազմակերպվող քննություններից: Սա ինքնախաբեություն է, ոչ թե գիտելիքի ստուգում: Առաջին դեպքի տակ կարող ենք քննարկել նաև ուսման վարձը, ինչը գրեթե հավասար է աշխատավարձի այն չափին, որը կարող են կուտակել այդ ամիսների ընդացքում:

Երկրորդ դեպքը, որի մասին ուզում եմ խոսել, արդեն վերաբերվում է հետուսումնական  շրջանին: Ուսումն ավարտելուց հետո շատ երիտասարդներ չեն աշխատում իրենց մասնագիտությամբ: Սրա պատճառները տարբեր են: Դա կարող է լինել մասնագետների քիչ պահանջարկը, աշխատատեղերի սահմանափակ լինելը, աշխատավարձի չափը կամ էլ վատ մասնագետ լինելը:

Այս և այլ հարցերի հետ անհրաժեշտ է հաշվի նստել մինչ մասնագիտություն ընտրելը, որպեսզի սովորենք հնարավորինս հեշտ և ունենանք աշխատանք:

Տատիկիս տան դարպասներից ներս

Իմ հայրենի գյուղը Աղավնաձորն է: Այնտեղ ամեն ինչ այնքան հանգիստ ու խաղաղ է, և դա միգուցե գալիս է անունից, քանի որ աղավնին խաղաղության խորհրդանիշն է: Կյանքիս առաջին տարիները այնտեղ եմ անցկացրել: Չնայած նրան, որ հետագայում մենք տեղափոխվել ենք քաղաք, սակայն դրանից հետո էլ այն շարունակել է մնալ շատ հարազատ: Դա գալիս է նաև նրանից, որ հայրս երբեք էլ թույլ չի տվել, որ մենք հեռանանք մեր արմատներից: Այնտեղ ամեն ինչ ինձ հիշեցնում է իմ մանկությունը: Ամեն անգամ, երբ գնում ենք տատիկիս տուն և դարպասներից ներս ենք մտնում, ես հիշում եմ, թե ինչպես էի փոքր ժամանակ բոլորից գաղտնի թաքնվում դրանց ետևում, որ երբ տատիկս դուրս գար ինչ-որ տեղ գնալու, նրա հետ գնայի. նա ինձ չէր կարողանում մերժել: Իսկ պապիկիս արդեն բավականին ծեր բեռնատար մեքենան ինձ հիշեցնում է, թե ինչպես էր մեր մեծ ընտանիքը բարձրանում դրա թափքը և խոսելով ու ծիծաղելով սար բարձրանում: Երբ մտնում եմ տատիկիս մառանը, ինձ թվում է, լսում եմ հին օրերից ինձ հասնող այդ ծիծաղը, երգը, ուրախ ճիչերը:  Այն ժամանակ մեր տանը բոլորը երջանիկ էին:

Ամառային դպրոցը արդեն գործում է

Լուսանկարը՝ Մուշեղ Վարդանյանի

Հանգիստ նստած եմ համակարգչի առաջ, հանկարծ մեկը ստատուս գրեց մեր կենտրոնի խմբում՝ «Ժամը 6-ին լինեք կենտրոնում: Ճամբարի համար բան կա քննարկելու»:

Միանգամից առաջին արձագանքը եղավ.

-Մենակ 6-ին չէ, էլի, հարմար չի:

-Բա ե՞րբ:

-Մի քիչ ուշ:

-Լավ:

Վերջապես ժամը որոշեցինք, ուզում էի դուրս գալ, հանկարծ Ասպրամը գրեց.

«Երեխեք ջան, sorry, այսօր չէ, բայց վաղը ամբողջ օրը էստեղ եմ, կհավաքվենք»:

Լավ էլի, Ասպրամ, հազիվ բոլորս կայինք, բայց դե ինչ արած, պիտի սպասենք:

Եկավ հաջորդ օրվա մեր պայմանավորված ժամը, եկանք հավաքվեցինք:

-Սոնան ուրա՞:

-Ջրծաղիկ ա:

-Դինո՞ւլը:

-Պարապմունքի:

-Լավ, շրջանավարտներին հասկացանք, բա Նազիկն ու Դավի՞թը:

-Չգիտեմ:

Ինչպես միշտ մենք ենք` ես, Աննան, Վազգենը, Ասպրամը, Լուսինեն:

-Մուշ, կհիշե՞ս ինչ ենք արել անցյալ տարվա պարագաները:

-Ի՞նչ պարագա,- զարմացած հարցրի ես:

-Դե, անցյալ տարվա ճամբարի իրերը:

-Հաա, դրանք լցրեցինք2 արկղի մեջ ու դրեցինք էն սենյակում:

-Դե գնա բեր:

-Լավ էլի, ինչի՞ ես, միչև գտնեեե՜մ…

-Չէ, դու արա, դու լավ գիտես ինչը որտեղ ա:

-Էտ ո՞նց:

-Դե, դու ես դրել:

Ես անցնում եմ իմ գործին, իրենք`  իրենց: Դժվարությամբ, բայց գտա` ինչ ուզում էինք:

-Լավ, հիմա ինձ բացատրեք, թե ինչ ենք անում:

-Դե, առաջին օրը կծանոթանանք ու կսկսենք խաղեր խաղալը:

-Հաջորդ օրը … Կեսը կիջնեն մարզադաշտ` նախավարժանքի, կեսը կգան այստեղ պարելու:

-Հետո՞:

-Այ, հետոն բարդ ա: Իտալերեն, աշխարհագրություն, անգլերեն, նորաձևություն, թատրոն: Պիտի սրանք տեղավորեն օրերի մեջ, որ իրար հետևից չլինի ու լինի շաբաթական 2-3 անգամ:

-Բա ֆոտո՞ն:

-Ֆոտոն ամենաբարդն ա: Ապարատների պակաս ունենք:

-Դե սևը, մոխրագույնը, մեկ էլ` իրենց կասենք բերեն:

-Բայց ի՞նչ պիտի անես ֆոտոյի ժամանակ:

-Դե, մի օրը կբացատրեմ լուսանկարելու հիմունքները, մի 2 հատ կնկարենք, երկրորդ դասին արդեն շատ ֆոտոներ կանենք:

Այսպես գրել ջնջելով, թղթեր փչացնելով մի քանի օրվա դասացուցակը գրեցինք, ու մեզնից մեկն ասաց.

-Բերեք հիմա թողնենք, վաղը էլի կհավաքվենք:

Բոլորս գնացինք տուն հանգստանալու:

Լուսանկարը՝ Մուշեղ Վարդանյանի

Հանգիստ նստած եմ համակարգչի առաջ, հանկարծ մեկը ստաստուս գրեց մեր կենտրոնի խմբում. «Ժամը 4-ին կգաք կենտրոն: Ճամբարի մնացած օրերի դասացուցակը կազմելու»:

Ու այսպես մի քանի օր իրար հետևից: Մեր ճամբարն արդեն սկսել է գործել Վայքի երեխաների համար:  Մենք` ավագ դասարանցի ջոկատավարներս վաղ առավոտից իրագործում ենք մեր կազմած պլանները: Երեխաների դուր է գալիս, ժամանակն ուրախ և իմաստալից է անցնում: Իսկ ճամբարից հետո մենք նորից այսպես կհավաքվենք, որպեսզի ամփոփենք ամառային դպրոցի արդյունքները:

Ամառ, փոփոխություններ և թարմություն

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Ամառն իրոք որ տրամադրություն է բերում,  փոխում մարդկանց, նոր շունչ հաղորդում… Երևի գյուտ չարեցի, բայց այս հայտնի ճշմարտությունը ես միայն այս տարի զգացի իմ հայրենի Գյումրիում…

Աշնանը կամ առավել ևս ձմռանը, երբ ցուրտ է, տխուր են երկինքը, եղանակը, հետևաբար նաև մարդիկ էին տխրում, թվում էր՝ ապրում ես անմարդաբնակ մի վայրում, որտեղ ոչ ոք չկա, ոչ մի հետաքրքրություն ու ոչինչ: Մեր կենտրոնական վայրերում, ինչպես օրինակ, Վարդանանց կամ Թատերական հրապարակներում, այս եղանակներին մատների վրա կարելի էր հաշվել մարդկանց. այն տպավորությունն էր, ասես քաղաքում ոչ ոք չի ապրում: Դե մենք էլ՝ դիմորդներս, նկատելով ոչ ցանկալի երևույթը, արդեն թևավոր խոսքեր էինք ստեղծել, օրինակ.

-Լեննագան վեցից հետո մենակ պարապողներն էն, էն էլ պարապմունքից տուն կէրթան…

Վերջ այս գորշ պատկերին…

Հիմա ամառ է: Ամեն ինչ փոխվել է. քիչ թե շատ փոխվել են մարդիկ, դեմքերը, գույները, տրամադրությունը…

Ամենուր տեսնում ես ուրախ, վառվռուն երիտասարդների, պաղպաղակ վայելող ժպտերես մանչուկների, նարդի խաղացող ծերերի, ինչ-որ հետաքրքիր խմբերի (մեկը կիթառ է նվագում, մյուսը` երգում, երրորդը պարում), քննության շտապող ուսանողների, ինձ պես միասնական քննությունները հանձնած ուրախ ու երջանիկ դիմորդների և ընդհանրապես ամառվա անուշ բույրը վայելող մարդկանց…

Ախր, շա~տ համահունչ են ամառն ու Գյումրին…

Մի գնա, ամառ:

Թող որ հեքիաթը երբեք չավարտվի անկախ եղանակից…

Հ.Գ. էս քննություններից հէդո ըմբէս չէ, օր լավագույն նյութն է, բայց կարևորը լավ տրամադրություն կստէղծէ, ԸԲԸ…

suren

Անկախ ամեն ինչից

Բոլորս էլ կարող ենք ազատ երգել, պարել, զվարճանալ, սպորտի գնալ, կրթություն ստանալ, մի խոսքով` ազատ ապրել: Գլխավոր խնդիրն ազատության ընկալումն է, որովհետև յուրաքանչյուր ոք ստեղծում է իր ազատության սահմանները և ունի ազատության մասին իր պատկերացումները:

Սակայն միշտ չէ, որ կյանքն այսպես շռայլ է ազատության հարցում: Հաճախ անձը զրկվում է խոսքի և ինքնաարտահայտման ազատությունից, ինչը ազատության անքակտելի տարատեսակներից մեկն է:

Ինքնաարտահայտումը ինձ համար մի հայելի է, որին նայելով՝ կարող եմ կարծիք հայտնել դիմացինիս մասին, ըմբռնել նրա դիքորոշումներն ու նախասիրությունները, համաձայնել կամ չհամաձայնել իր հետ: Սահմանափակելով ինքնաարտահայտման ազատությունը՝ կարելի է հասնել միայն մի բանի` բռնապետության, որտեղ «ազատություն» հասկացությունը այլևս անպատեհ է և չսպասված…

Անկախ ամեն ինչից, մեզանից յուրաքանչյուրը ինքնաարտահայտվում է՝ գտնելով սեփական մտքերը ռեալիզացնելու որևէ եղանակ: Ինքնաարտահայտման ձևերը բազմաթիվ են, բազմաթիվ են նաև անհատի նախընտրած տարբերակները: Ինձ համար ամենահարմար եղանակը գրելն է: Լինում են դեպքեր, սակայն, երբ մտքերս ու զգացմունքներս արտահայտում եմ բանավոր խոսքով: Գրելով ես ինձ ավելի վստահ եմ զգում. ավելին, ենթադրում եմ, որ ինչ-որ մեկը գրածս մի պահ կկարդա, նույնիսկ եթե այդ ինչ-որ մեկը լինեմ հենց ես: Հաճախ եմ մտածում՝ եթե բոլոր մտքերս գրի առնեի, ապա գրասեղանիս կունենայի հաստափոր խորիմաստ և հիմար մտքերի  մի մատյան:

Երկրորդ միջոցը լուսանկարելն է: Երբ ինչ-որ բան չեմ կարող խոսքով նկարագրել, օգնության է գալիս լուսանկարը, և մի քանի վայրկյանում հավերժանում են զգացմունքներս:

Իսկ վերջում՝ փորձված խուրհուրդս. արտահայտեք ձեր մտքերն անկախ ամեն ինչից, վայրից և ժամանակից…

Երազանքս

Սովորական ընտանեկան երեկո էր: Հայրս համակարգչով նորություններ էր կարդում, իսկ մենք` երեխաներս, հորս «մեծ աղջկա»` մայրիկիս գլխավորությամբ հեռուստացույց էինք դիտում: Հետաքրքիր ֆիլմ չկար: Մայրս սկսեց փոխել ալիքները և կանգ առավ ռուսական մի ալիքի վրա: Ֆիլմ էին ցուցադրում հատուկ ծառայության ջոկատայինների մասին: Տեսնելով այդ ֆիլմը, հոգումս ամեն ինչ տակնուվրա եղավ: Ախր, նոր էի համակերպվել այն մտքի հետ, որ չեմ գնալու ռազմական ուղղությամբ ու նորից: Նորից իմ ներքին ձայնը սկսեց ինձ հետ վիճել:

«Ինչո՞ւ չես ուզում գնալ քո երազանքի հետևից: Ինչո՞ւ»:

Նորից սկսեցի համոզել հորս: Բայց ապարդյուն:

Ասում էի` ի՞նչ նշանակություն ունի` ես աղջիկ եմ, թե՞ տղա: Կարևորը ցանկություն ունեմ ծառայելու, ցանկություն ունեմ պաշտպանելու սահմանները, հզորացնելու իմ հայրենիքի բանակը:

Մի պահ ընկա մտքերիս, ավելի ճիշտ, երազանքներիս գիրկը, ու վերացա իրականությունից:

Այո, դա ես եմ: Ես: Այդ համազգեստով, զենքը ձեռքին քայլող աղջիկը ես եմ: Քայլում եմ հպարտ, գյուխս բարձր, մեջքս ձիգ: Ինչո՞ւ պետք է կախեմ գլուխս, ինչո՞ւ: Մի՞թե մենք` հայերս, իրավունք ունենք կախելու մեր գլուխը: Ոչ, ոչ ու հազար անգամ էլ ոչ: Քայլում եմ կողքովս զինվորներ են անցնում:

Զինվորնե՜ր… Ինձ համար արդեն նշանակություն չունի զինվորը աղջիկ է, թե տղա:

Հոգնած եմ, ախր, հենց նոր եմ իջել դիրքերից: Չհասցրեցի հանգստանալ, շտապ պետք է գնամ: Ինձ կանչում են:

Կրակոց… Գնդակների փողից դուրս գալու այդ արագության տակ լսվող ձայնը, ասես իմ սրտի ձայնը լինի: Ամեն ինչ հանդարտվեց: Մենք պաշտպանեցինք մեր սահմանները: Թշնամին նահանջեց: Հանկարծ լսեցի հորս ձայնը և ետ եկա երազանքներիցս, իմ աշխարհից, իմ անկյունից:

Հիմա արդեն որոշում կայացնելու ժամանակը եկել է: Ես որոշեցի, որ չպետք է հանձնվեմ, պետք է պայքարեմ: Պայքարեմ, բայց ո՞ւմ դեմ` հո՞րս: Ոչ, այդ պայքարը հավասարազոր կլինի պարտության: Մեծ հաջողությամբ կպայքարեի թշնամու դեմ, բայց ոչ հորս: Հայրս անցել է այն  ուղին, որը որ մեծ պատասխանատվությամբ կուզենայի և ուզում եմ ես անցնել:

Ինքնության որոնման ճանապարհին

Յուրաքանչյուր մարդ ցանկացած տարիքում կարիք ունի ինքնաարտահայտման: Տարբեր մարդիկ տարբեր կերպ են փորձում ինքնաարտահայտվել, հետևաբար ինքնաարտահայտման հարթակները ու ձևերը միշտ չէ, որ նույնն են: Օրինակ, իմ տարիքի մեկը կարող է ինքնահաստատվել լավ սովորելով, մյուսը` ասենք, լավ  պարել, երգել  իմանալով կամ այլ հմտություն կիրառելով, հաջորդը՝ հասարակական ակտիվություններում  ներգրավվելով, մեկ ուրիշը՝ հասարակության մեջ ագրեսիվ վարք դրսևորելով կամ, ասենք, ծխելով ու ոգելից խմիչք օգտագործելով: Սակայն կարծում եմ, որ խնդիրը տվյալ պարագայում ճիշտ  հարթակ գտնելու մեջ է: Եվ ինչու ոչ, նաև հասանելիության: Սահմանամերձ գյուղում ապրող իմ տարեկիցը չունի այն հնարավորությունները, ինչ, ասենք, ես կամ օրինակ` ես չունեմ այն հնարավորությունները, ինչ  Երևանում ապրող իմ տարեկիցը: Տվյալ պարագայում  մեզանից յուրաքանչյուրն ունի բնությունից օժտված նույն կարողությունները, բայց  ինքնաարտահայտման ձևերը սահմանափակ են մեզանից շատերի համար: Երևույթը կարելի է դիտարկել նաև այլ կողմից: Խնդիրը նաև քո կարծիքը չամաչել արտահայտելու, ճիշտ ներկայացնելու, չկոմպլեքսավորվելու մեջ է, իսկ դա յուրահատուկ մշակույթ է, դաստիարակություն, որ պետք է ձևավորվի դեռ փոքր հասակից: Խնդիրն այն է, թե ինչպես սովորեցնել երիտասարդին խելամտորեն արտահայտել իր տեսակետը, ինչպես օգտվել եղած ինֆորմացիայից, ինչպես կիրառել այն: Որպես ամփոփում, ինքնաարտահայտման ազատությունը ինձ համար հասանելիությունն է և դրանից ազատ  ու ճիշտ օգտվելու կարողությունը:

Ինձ համար ինքնաարտահայտման յուրահատուկ պլատֆորմ միշտ եղել է բեմը: Սիրում եմ նաև հասարակական գործերում ներգրավվել, մասնակցել տարբեր ծրագրերի, իմ կարողությունները դնել մրցության մեջ: Վերջին տարիներին իմ և իմ տարեկիցներին ինքնաարտահայտման հարթակ տվեց նաև «Մանանա» կենտրոնի  ծրագիրը, հատկապես www.17.am  կայքը, որտեղ մենք բոլորս հնարավորություն ստացանք ազատ արտահայտել մեր մտքերը, կիսվել մեր փորձով, խոսել մեզ հուզող  խնդիրների մասին ֆիլմերի, լուսանկարների և հոդվածների տեսքով: Դա ինձ հնարավորություն տվեց բացահայտել իմ կարողությունները, զարգացնել ստեղծագործական, վերլուծական  կարողություններս, մտնել հասարակական շփումների մեջ, այսինքն՝ լավագույնս ինքնաարտահայտվել:

Ամռան մի օր Մեծամորում