Արձակուրդ

Ամառ: Առավոտ: Ու հանկարծ հեռախոսը իր զիլ ձայնով խանգարում է քաղցր քունս:
-Վահ, բարլուս, իջի մեր թաղ:
-Ի՞նչ կա է ձեր թաղը:
-Այ մարդ, դու իջի` մի բան կանենք:
-Մամ, իջա Աշենց:
-Հացդ կեր` նոր…

Ի՞նչ հաց, ի՞նչ բան, արդեն ճամփի կեսին եմ: Էս շոգին Աշոտի մտքին մի բան կարար լիներ:
-Քել գնացինք`Արմենին կանչենք:
Արդեն ես, Աշոտն ու Արմենը Ռաֆենց բակում ենք:
- Հելի էլ էտ կոմպի դեմից:
-Ա, դե հելնեմ, ի՞նչ անենք:
-Հելի` իջանք գետ …

Արդեն հասնում ենք:
-Պլատինա՞, թե՞ Լանդիկ…
-Լանդիկ շուտվանից չենք գնացե,- Աշոտն առաջարկեց. իր ամենասիրելի լողանալու տեղն էր:
-Լավ, էթանք Լանդիկ, հետո կիջնենք Պլատինա:

Մարդ չկար, մենք էինք:
-Աաաաա… Էս ինչ սառն էր,- արդեն ավազին պառկած ասաց Ռաֆոն:

Ու էդպես շլորի, ծիրանի ու դեղձի ծառերից կախվելով հասանք Պլատինա: Ինչպես միշտ, շատ մարդ կար:
-Էթում եմ` պատից քցվեմ,- մեր միջից ամենալավ լողացողը Ռաֆոն էր:

Արմենենց տուն հաց կերանք ու տներով: Ավելի ճիշտ, թաղերով: Ֆուտբոլ, հեծանիվ, ռոլիկ ու ուրիշ մանր-մունր բաների ժամանակն ա:

-Վահե, արի` հացդ կեր:
-Ա, մամ, սոված չեմ:
Իրականում վրաս ծամելու ուժ էլ չի մնացել: Մի կերպ հասա սենյակ ու քնեցի մինչև առավոտ:

-Ալո…

Մի քաղաքի պատմություն

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Անտառապատ սարեր, սառնորակ ջրեր, հայկական կոթողներ…

Հայաստանի անտառների  հյուսիսային թագուհի: Այդպես եմ անվանում իմ ծննդավայրը, իմ Դիլիջանը: Թեև 10 տարուց ավել է ապրում եմ Վայքում, մեկ է, չեմ մոռացել ու չեմ մոռանա իմ ծննդավայրը: Երբ գնում եմ Դիլիջան, միանգամից սկսում եմ խոսել, այսպես ասած, «դիլիջաներեն»: Երբ հարցնում են, թե որտեղից եմ, պատասխանում եմ` հայրական արմատներով Խոյ, Սալմաստ, իսկ ծննդավայրով՝ Դիլիջանից:

Դիլիջան բոլորն էլ գնացել են, բայց քչերը գիտեն նրա անվան պատմությունը: Դա զրույց է, որը լսել եմ իմ մեծերից: Ժամանակներ առաջ, երբ Դիլիջան քաղաքի տեղում սաղարթախիտ անտառներ էին, այնտեղ փոքրիկ տնակներից մեկի մեջ ապրում էր մի փայտահատ իր կնոջ հետ: Նրանք երկար տարիներ երեխա չեն ունենում: Բայց օրերից մի օր նրանք ուենում են մի տղա, անվանում նրան Դելի: Դելին քիչ էր տնից դուրս գալիս, իսկ եթե դուրս էլ գալիս էր, ապա շատ հեռու չէր գնում: Երբ Դելին 7 տարեկան է դառնում, նրա ծնողները նրան թողնում են տանը և գնում փայտ կոտրելու: Դելին որոշում է մինչև ծնողների վերադառնալը տեսնել շրջակա անտառը: Նա սկսում է քայլել անտառով ու չի նկատում, որ շատ է հեռանում տնից ու վերջնականապես կորչում: Ծնողները վերադառնում են տուն և տեսնում, որ Դելին չկա: Հայրը սկսում է փնտրել նրան անտառում կանչելով` Դելի՜ ջան, Դելի՜ ջան, սակայն չի գտնում: Եվ այդ տարածքի  անունը մնում է Դելիջան: Հետագայում անունը ձևափոխվում է` դառնալով Դիլիջան:

Այս զրույցը լսել եմ 6 տարի առաջ, երբ փոքր էի, մի քիչ լավ չեմ հիշում, բայց ավելի լավ է  մի քիչ վատ, քան ընդհանրապես չիմանալ: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրը պետք է իր ծննդավայրի պատմությունը իմանա:

Ձեզ տեսնենք, տղաներ և աղջիկներ

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի

Եթե մայիսյան մի օր մեր դպրոցում տեսնեք զինվորական համազգեստով հուզված երեխաների այս ու այն կողմ գնալիս, հանկարծ չզարմանաք: Արդեն երկար տարիներ մենք էլ չենք զարմանում: Բանն այն է, որ մեր դպրոցում կա մի ավանդույթ. բոլոր 10-րդ դասարանցիները, նվիրված մայիսյան հաղթանակներին, մասնակցում են «Ձեզ տեսնենք, տղաներ և աղջիկներ» ռազմահայրենասիրական մրցույթին:

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի

Չեմ հիշում այդ միջոցառումը երբ է սկսել մեր դպրոցում, բայց չորս տարի հետևելով ավագ սերունդներին, միշտ սպասում էի այն օրվան, որ մենք էլ վերջապես մասնակցենք այդ մեծ մրցույթին…Մրցո՞ւյթ, ոչ այնքան… Մենք երբեք չենք մոռանում, որ ապրում ենք սահմանամերձ գոտում, որտեղ ամեն պահ լարված է, ապա պիտի ինքներս էլ իմանանք, թե ինչպես պաշտպանվել, ինչպես ցուցաբերել առաջին օգնություն և այլն: Սա շատ կարևոր է սահմանում ապրող ամեն երեխայի համար:  Մրցույթի ժամանակ ցուցաբերում ենք առաջին օգնություն, կրակում ենք, կատարում ավտոմատի ոչ լրիվ քանդում, հավաքում, շարային, պահեստատուփի լիցքավորում ու մի շարք այլ բաներ: Երեխաները դրանք հաճախ կատարում են այնպիսի վարպետությամբ, կարծես հենց այդպես էլ պետք է լիներ, նույնիսկ միայն ներկա գտնվելով այդ մրցույթին: Ցավոք, դեռ սահմանին հնչում են կրակոցներ, որոնց արձագանքը հասնում է նաև մեր քաղաք, և մեծերն էլ պատմում են, թե ինչքան զոհերից ու կարելի էր խուսափել, եթե սահմանամերձ գոտիներում ապրողները տիրապետեին քաղաքացիական պաշտպանության հմտություններին: Եվ այդ դառը փորձն էլ ստիպել է, որ այսօր պատրաստ լինել ամեն արհավիրքի: Եթե գաք Ճամբարակ և բախտ վիճակվի ներկա գտնվելու այդ մրցույթին, կարող եք համոզվել, որ  մենք միշտ պատրաստ կանգնած ենք սահմանին, դուք ապահով ձեռքերում եք:

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի

 

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի

Բարի երթ

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Այսօր հանրապետության բոլոր դպրոցներում հնչելու է վերջին զանգը բոլոր տասներկուերորդցիների համար: Մենք նույնպես հուզված ենք, չէ որ այսօր Հայաստանի պատանի թղթակիցների ցանցը ևս  ունի շրջանավարտներ:

Ռիմա Պետրոսյան, Գեւորգ Մարգարյան, Լիլի Նալբանդյան, Լեյլի Թադեւոսյան, Արմենուհի Ունուսյան, Վահագն Հովհաննիսյան, Էլմիրա Հովհաննիսյան, Մարիամ Ներկարարյան, Շուշանիկ Հարությունյան, Նաիրա Մարկոսյան, Տաթեւիկ Թադեւոսյան, Լիլիթ Բալաբեկյան, Թագուհի Վարդանյան, Սիլվա Խանսանամյան, Անի Կարապետյան, Մերի Սարգսյան, Մանե Սարգսյան Ա., Մարիաննա Գեւորգյան, Տաթեւիկ Խաչատրյան, Սյուզաննա Խառատյան, Սիրուշ Մկրտչյան, Սվետա Սարգսյան, Լիլիթ Սարգսյան, Գոհար Մարտիրոսյան, Նարե Դավթյան, Լիլիթ Ավանեսյան, Լուսինե Համբարձումյան, Մանե Թումանյան, Աստղիկ Իսրայելյան, Աիդա Մովսիսյան, Հասմիկ Հակոբյան, Մարտին Մովսիսյան, Վարդուհի Լեւոնյան, Սուսաննա Մարդումյան, Լիանա Ծովանյան, Էլիզաբեթ Խուդավերդյան, Սոնա Ղեւոնդյան, Լիանա Դավթյան, Տիգրան Չիբուխչյան, Սուսաննա Գալստյան, Նառա Սոլոյան, Վիրաբ Հայրապետյան, Թերեզա Հայրապետյան, Մոնիկա Բարսեղյան, Աննա Այվազյան, Սոնա Նալբանդյան, Վերոնիկա Հովսեփյան, Լիլիթ Մանուկյան, Նարե Դալլաքյան, Լենա Մանուսարյան, Ալիկ Գրիգորյան, Էմմանուել Մկրտումյան, Սամվել Մքոյան, Դիանա Ղազարյան, Արփինե Աղավելյան, Սյուզաննա Քոսյան, Անի Ավագյան

Շնորհավորում ենք, սիրելիներ: Մենք հավատում ենք, դուք այն սերունդն եք, որը գալիս է լի եռանդով ու լավատեսությամբ, նոր փոփոխությունների վճռականությամբ:  Սա առաջին քննություն է այդ ճանապարհին, որը համոզված ենք,  հաջողությամբ կհաղթահարեք: Հավատացեք ինքներդ ձեզ, հավատացեք ձեր ուժերին և հավատացեք այն առաքելությանը, որ դրել եք ձեր առաջ: Բարի երթ:

Պտույտ մը Հրազդանի թաղերուն մեջ

Լուսանկարը՝ Մարիամ Ներկարարյանի

Լուսանկարը՝ Մարիամ Ներկարարյանի

Գարնանային արձակուրդներն էին: Աչքերս բացեցի և հասկացա, որ այդ օրվա համար առանձնապես ոչ մի պլան չունեմ: Որոշեցի վերցնել հեծանիվս ու գնալ փոքրիկ շրջագայության Հրազդանի փողոցներով: Սկզբում զբոսնում էի այն վայրերով, որտեղ անցել է մանկությունս: Կանգ առա ու սկսեցի լուսանկարել բնությունը, շինությունները: Լուսանկարելիս, երբ տարվել էի շինության մասին մտքերով, ականջիս տակ խռպոտ և հետաքրքրական մի ձայն լսվեց.

- Ազիզ, դու վի՞ր թոռն ես:

Անմիջապես  շրջվեցի, և ուղիղ դիմացս հայտնվեց մորուքով, անատամ, ստորին ծնոտը փոքր-ինչ առաջ, սա էլ հերիք չէր, ձախ աչքն էլ կիսաբաց, ճաղատ մի ծերուկ: Մի քանի վայրկյան անշարժ կանգնելուց հետո ծերուկը շարունակեց:

- Էդ տելեվիզորը ի՞նչ էս անում:

Սթափվելով պատասխանեցի.

- Պապի պլանշետա:

Սակայն մի որոշ ժամանակ  անորոշ հայացքով նայելուց հետո ծերուկը հարցրեց.

- Պպպլանշետն ի՞նչ ա:

-Դե պլանշետը սմարթֆոնի մեծ տեսակն ա:

- Հ~ա, հասկացա, բա սմարթֆորդն ի՞նչ ա:

- Դե, խելացի հեռախոս:

- Բա ես գիտեմ թոռս ա խելացի, հա, ու էն, ինչ են ասում, օլինպիադաներ ա հաղթել:

- Չէ, պա’պի, պլանշետս հաստատ օլիմպիադայի չի մասնակցի, բայց դե թոռդ էլ էսպես լավ չի կարողանա նկարել:

- Բա էդ մենակ նկարումա՞ :

- Պապի կարող էս մարդկանց զանգել, համացանց մտնել, նկարներով փոխանակվել…

- Հասկացա, թոռս էլ դրանից ունի, գնամ թող նկարներս ուղարկի Ռուսաստան` տղերքս ընդեղ են:

Րոպեներն անցնում էին, իսկ ծերուկը ավելի ու ավելի հետաքրքրասեր էր դառնում, իսկ իմ ժամանակն անսահմանափակ չէր, այդ իսկ պատճառով եկավ հրաժեշտի ժամանակը:

- Պապի’, ես գնամ` արդեն ուշ է:

- Հաջողություն քեզ, ա’զիզ ջան:

Ճանապարհին մտքերով ապագայում էի. ինձնից երկու սերունդ փոքր երիտասարդն ինձ հետ ինչի՞ց պիտի խոսի…

Արտագնացության մեկ այլ երեսը

Լուսանկարը՝ Տաթեւիկ Տեր-Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Տաթեւիկ Տեր-Հովհաննիսյանի

Երբեմն ծնողները  մեկնելով արտագնա աշխատանքի իրենց երեխաներին էլ են տանում իրենց հետ: Այսպիսի բախտ ինձ էլ է բաժին հասել: Վեց տարեկան էի, երբ մեկնեցինք Ռուսաստանի Դաշնություն: Ութ տարեկանում գնացի առաջին դասարան և բնականաբար իմ համադասարանցիներից բավականին մեծ էի երևում: Ավարտելով այնտեղ երրորդ դասարանը, մենք վերադարձանք Հայաստան: Անշուշտ դա ինձ  համար հեղափոխություն էր, բայց միևնույն ժամանակ անչափ հետաքրքիր: Երբ եկավ սեպտեմբեր ամիսը, ինձ տարան դպրոց, այս անգամ արդեն Հայաստանում: Իմ ծնողները ինձ չէին ասել, որ ինձ մի դասարան ցածր են նստացրել: Այսպես ասած, դա «անակնկալ» էր ինձ համար: Սկզբում ես ինձ կաշկանդված էի զգում: Անսովոր էր, ինչ խոսք, երբեմն նաև անտանելի: Շուրջս բոլորը ինձանից  բավականին փոքր էին, մենք խոսելու թեմա չունեինք, ընդհանուր հետաքրքրություններ չունեինք: Բայց շուտով մի փոքր դժվարությամբ ես հարմարվեցի: Այժմ իմ հասկակակիցները պատրաստվում են ավարտել դպրոցը, իսկ ես դեռ ութերորդ դասարանում եմ: Առաջ շատ էի մտահոգվում, իսկ այժմ ՝ ոչ:

Այս ամենը պատմեցի, որ ծնողներն իմանան, թե հաճախ ինչ դժավությունների առաջ են կանգնեցնում իրենց զավակներին, երբ որոշում են գնալ արտերկիր` աշխատելու:

astghik ghazaryan

Ինչ դառնալ

Շատ եմ դժվարանում մասնագիտական ընտրության հարցում, որովհետև ինչ մասնագիտություն էլ որ ընտրեմ, գյուղում հեռանկարային չէ: Միայն կրթական ոլորտում կարող ես աշխատանք գտնել, այն էլ, երբ որ եղած մասնագետները թոշակի անցնեն: Օրինակ՝ մայրս քսան տարի է արդեն սպասում է իր հերթին դպրոցում աշխատելու համար: Ներկա պահին մեր ընտանիքում կայուն աշխատանք ունեցող մարդ չկա: Նույն պատկերն է ամբողջ գյուղում. բոլորը գոյատևում են արտագնա աշխատանքի շնորհիվ: Մի պահ կար, որ երազում էի բժիշկ դառնալ, բայց հասունանալով սկսեցի ռեալ մտածել: Երևանում ապրել և այդքան ուսման վարձ վճարել՝ իմ ընտանիքի ուժերից վեր է:

Հիմա ուզում եմ լեզվաբան դառնալ, բայց առանց հետին մտքերի: Ես ունեմ մի հիանալի դասղեկ, որը լեզվաբան է: Լինելով հմուտ իր մասնագիտության մեջ՝ նա նաև հիանալի անձնավորություն է, օժտված բոլոր բարոյական արժեքներով: Կարելի է ասել, որ նա իմ իդեալն է: Պաշտելով նրան, սիրելով մոր պես՝ միշտ էլ ցանկացել եմ նմանվել նրան:Ես կարծես վարակվել եմ նրա սիրով, որը տածում է հայոց լեզվի հանդեպ: