- Լուսանկարը՝ Մարիամ Ներկարարյանի
- Լուսանկարը՝ Լուսինե Բաղդասարյանի
- Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի
- Լուսանկարը՝ Մարիամ Ներկարարյանի
- Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի
Լուսինե Կարապետյան, Վայոց ձորի մարզ, ք. Վայք
-Ինչպե՞ս դարձար Պատանի թղթակիցների ցանցի անդամ:
-Դպրոցում տեղեկատվության ժանրի ներկայացուցիչն եմ, ակտիվներից մեկն եմ: Տնօրենն ինձ տեղեկացրեց պատանի թղթակիցների դասընթացների մասին, և ես, Աշոտի, Մուշեղի ու ևս 2 հոգու հետ միասին, եկա Եղեգնաձոր՝ մասնակցելու:
-Այս կարճ ժամանակի ընթացքում ամենակարևորը ի՞նչ է տվել քեզ ցանցը:
-Ամենակարևորը ազատ ստեղծագործելու կարողությունն է, որը ես կարող եմ կիրառել ամենուր: Ես ունեմ բլոգ, որտեղ տեղադրված են իմ հեղինակած բանաստեղծությունները, պատմվածքները, նովելները: Դրանց մեջ տարերությունները շատ են: Մի մասը գրել եմ նախքան «Մանանա» հաճախելը, մյուս մասը՝ «Մանանայից» հետո: Հիմա զգում եմ, որ գրում եմ ավելի լավ, ավելի ազատ ու անկաշկանդ:
-Այս դասընթացները, պատանի թղթակից դառնալը քո մասնագիտական կողմնորոշման հարցում ինչ-որ ներդրում ունի՞:
-Անկեղծ ասած՝ ամենասկզբում որոշել էի դառնալ իրավաբան, հետո՝ լրագրող, ֆոտոլրագրող, բժիշկ: Եվ հիմա կանգ եմ առել դեսպանի մասնագիտության վրա, բայց այնուամենայնիվ, չեմ հարգում մարդկանց, ովքեր ունեն մեկ մասնագիտություն և իրենց փորձում են միայն մեկ բնագավառում: Ես ինձ փորձել եմ տարբեր բնագավառներում: Լրագրությունը ինձ շատ է դուր գալիս և հաստատ այն չեմ թողնի:
Հարցազրույցը գրի առավ Միլենա Խաչիկյանը
Աղջիկ մը երջանիկ դեմքով ու առանց կոսմետիկայի, քայլում է փողոցներով, քայլում է երկար ու հեռու, պահի տակ՝ վազելով ու թռչկոտելով, պահի տակ՝ կանգ առնելով ու զգալով օդի ուղղությունը… Ոչինչ պետք չէ երջանիկ լինելու համար: Իսկ քամին խառնում է մազերը, արևը էլ ավելի պայծառացնում աղջկա դեմքը լուսավոր: Քայլում է հեռու ու անհայտ ուղղություններով ու ժպտում ամբողջ ճամփին: Ժպիտը դեմքից չի կորչում… Իսկ անցորդների տարօրինակ հայացքները՝ բոլորը մի դեմքով են, նույնիսկ անդեմ են: Քայլում է մի աղջիկ, որի ծիծաղն ու լացը շատ նման են, նույնիսկ կարելի է շփոթել: Իսկ ընդհանրապես ծիծաղն ու լացը շատ նման են, եթե խորանաս… Երկուսն էլ զգացմունքների ճիչ են: Մանավանդ ուժեղ լացն ու ծիծաղը: Ուժեղ ծիծաղը արցունքների է հասցնում՝ հիշեցի տատիկիս… Իսկ ուժեղ լացը՝ այնքան ուժեղ ու այնքան ճչացող, նրա նոտաները ուժեղ ծիծաղի նոտաների հետ են համահունչ:
Բայց ամենից շատ ես սիրում եմ ժպիտը… Ժպիտը արցունքների միջից: Մի՞թե ավելի գեղեցիկ ու ավելի ուժեղ բան կա: Իմ կարծիքով, երջանկության արցունքների քիմիական բաղադրությունը լրիվ այլ է: Նրանք աղի չեն…
Իսկ այդ առեղծվածային ժպիտը խլացնում է շրջակա աղմուկը: Աշխարհը կորցնում է իր հողն ու հատակը, կա միայն արև, երկինք ու կանաչ գույն… Չէ, շատ գույներ: Ու պահը չի անցնում, կարծես, կողքին կլինի ամբողջ ճանապարհին: Ասում են՝ միայն դժբախտներն են հանճարեղ, բայց ահա տեսեք՝ ծնվում է մի կայծ, երկար անձրևներից հետո… Այդ կայծը ունի միամիտ, բայց շատ ուժգին տենչանք՝ դառնալ անմար կրակ… Իսկ աղջիկը քայլում է անմտորեն ու խելագար, վերջնականորեն ու անվերադարձ սիրահարված կյանքին…
Այն հարցերը, որոնք հուզում են մեզ
«Մտքերդ հավաքի՛ր, գրիչդ վերցրու ու սկսիր գրել նոր նյութդ,- մենախոսում եմ ես,- մի՛ մտածիր, գուցե այս անգամ ստացվի, այս անգամ հավանես գրածդ,- շարունակում եմ, տետրս բացելով»:
Վերջերս, ամեն անգամ նյութ գրելիս պետք է երկար տրամադրվել և փորձել, քանի որ, ինքս էլ չգիտեմ, թե ինչու դժվարությամբ է հիմա ստացվում գրելը, և գրեթե ոչ մի անգամ արդյունքը դուրս չի գալիս: Ու ամենաշատն ինձ հուզում է, թե ի՞նչն է իմ ստեղծագործական ճգնաժամի պատճառը: Ցավոք, չեմ կարողանում հասկանալ: Ինչ թեմա էլ լինում է, միևնույն է, ինձ թվում է, որ այդ հարցի շուրջ գրել ոչինչ չի լինի և անիմաստ կլինի, բոլոր մտքերս մի վայրկյանում դատարկվում են, բացի մեկից` «Միևնույն է չես կարողանալու լավ նյութ գրել»: Այդ մտքին հաջորդում են մյուսները` «Ախր, ինչու՞ չեմ կարող, միշտ էլ կարողացել եմ, կստացվի, հիմա կապացուցեմ, որ կստացվի», բայց թեմայի վերաբերյալ ոչ մի միտք չի գալիս, և երկար նստում եմ տետրս բաց, գրիչս ձեռքս, մտքերում` խառնաշփոթ: Երկար դադարից հետո երբեմն ստացվում է լավ խորհել թեմայի շուրջ և ինչ որ նյութ գրել, երբեմն էլ` ոչ: Անգամ, երբ մտածում եմ ինչ-որ ազատ թեմայով նյութ գրելու մասին, բոլոր թեմաները և մտքերը միանգամից դատարկվում են կամ էլ անհետաքրքիր թվում:
«Ամեն ինչ անցողիկ է»,- հանգստացնելով ինքս ինձ, փակում եմ տետրս, որի թերթի մաքրությանը խանգարում է միայն չգրված նյութի վերնագիրը:
Այն հարցերը, որոնք հուզում են ծնողներին
-Չգիտեմ, թե այսօր ինչ եմ եփելու,- լսեցի մայրիկիս ձայնը` մտնելով խոհանոց:
-Մի բան եփիր,- ասաց պապիկս:
-Հեշտ ես ասում, մեզ ի՞նչ կա, ամեն ինչ էլ ուտում ենք, երեխաներն են հարցը` ամեն ինչ չի, որ ուտում են: Մեկը մի բանը սիրում ա, մյուսը` չէ: Լավ եկար,- շարունակեց մայրիկս նայելով ինձ, -ի՞նչ կուզեք եփեմ:
-Եսիմ,- կարճ պատասխանեցի ես:
-Այսի՞նքն` եսիմ:
-Դե գոնե որոշ տարբերակներ ասա, որոշեմ:
-Օրինակ, հավի միսը ջեռոցում, եփած, ճաշի մեջ, թե՞ տապակած: Հետն էլ փլավ:
-Ինձ` մեկ ա:
-Եղբորդ հետ խորհրդակցիր, արի, ասա:
-Լավ,- ասացի ես ու քայլեցի դեպի սենյակ, որպեսզի այդ կարևոր հարցին լուծում գտնենք: Ճանապարհին մտածում էի, թե ինչքան դժվար է ամեն օր մտածել, թե ինչ եփել, երբ ուտողները իմ և եղբորս նման ամեն ինչ չէ, որ ուտում են: Ինչքան դժվար է ամեն անգամ մի նոր ճաշատեսակ գտնել կամ մտածել, որպեսզի չհոգնենք ուտելիքից: Ինչքան դժվար է, երբ ես ու եղբայրս ի վերջո նույն հայտարարի չենք գալիս, և ամեն մեկիս համար մայրիկն առանձին բան է պատրաստում: Մտնելով սենյակ և նայելով եղբորս` ուղղեցի նրան այդ ճակատագրական հարցս:
-Երևի հավի մսով ճաշ,- պատասխանեց նա:
-Է~, իսկ եթե տապակա՞ծ հավ,- առաջարկեցի ես, չհավանելով նրա պատասխանը:
Մի քանի րոպե ամեն մեկն առաջարկում էր իր տարբերակը և համոզում, թե ինչու հենց այն: Ի վերջո գալիս ենք մի հայտարարի, և ես վերադառնում եմ խոհանոց, որ ասեմ մայրիկին, թե ինչ է եփելու: Մեր որոշումն ասելուց հետո մայրիկը կրկին դիմում է ինձ.
-Դե, դա ճաշի համար, բա հիմա ի՞նչ կուտեք:
-Հիմա՞,- զարմանում եմ ես,- եսիմ: Դժվար բան ես ասում: Մի մտածիր, մի բան կուտենք, հիմա սոված չենք,- ասում եմ ես արագ ու դուրս գալիս խոհանոցից, մտածելով, որ տատիկիս հայրը ինչ-որ տեղ ճիշտ էր ասում, որ լավ կլիներ, եթե մարդիկ ստեղծեին այնպիսի հաբեր, որ խմեինք կամ ծամեինք և կշտանայինք: Այդպես իսկապես, իմ կարծիքով, և՛ մեզ ավելի հեշտ կլիներ, և՛ մայրիկներին:

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի
Չարենցավան. շատերն այս անվանումը լսելիս անմիջապես պատկերացնում են գանգրահեր տղայի արձանը, իսկ ոմանք էլ իրենց առջև տեսնում են մի լուսավոր և հույսերով լի քաղաք, որի պատմությունը սկսվեց 1947թ ապրիլի 23-ին: Երիտասարդ քաղաքը հիմնվեց արդյունաբերական նպատակներով, սակայն այն զերծ չէր նաև հոգևոր մշակույթի կենտրոններից, որոնց մեջ իր ուրույն տեղն է գրավել նոր սերնդի կողմից մոռացված կինոթատրոնը: Ես, լինելով իմ քաղաքի նոր սերնդի ներկայացուցիչ, իմ պարտքն եմ համարում արծարծել մեր կինոթատրոնի պատմությունը: Ինչո՞ւ պետք է այսօր Չարենցավանի երիտասարդությունը ժամանակ անցկացնելու, ֆիլմեր դիտելու համար գնա Երևան, մինչդեռ իր հարազատ քաղաքում առկա է կինոթատրոնի պատրաստի շինությունը…

Լուսանկարը՝ Նաիրի Խալափյանի
Այն հիմնադրվել է 1966թ.-ին: Երկար փնտրտուքներից հետո ինձ հաջողվեց զրուցել մի կնոջ՝ Անահիտ Բունիաթյանի հետ, որը ընտանիքի հետ իր փոքրիկ ներդրումն է ունեցել շինության կառուցման գործում: Ամուսինը և որդին կառուցել են առաստաղը, իսկ նա ջուր է կրել շինարարության համար: Կինոթատրոնի տնօրենը եղել է ՍոնյաԿարապետյանը, ով ջանք չի խնայել իր աշխատանքի բարեհաջող ընթացքի համար: Կինոթատրոնի դահլիճը ծառայում էր նաև մշակութային այլ միջոցառումներին: Այստեղ ելույթ են ունեցել Հայաստանի և արտերկրի նշանավոր արտիստները, ինչպիսիք էին` Վալենտինա Տոլկունովան, Աշոտ Ղազարյանը և այլոք: Խորհրդային Միության տարիներին լեփ-լեցուն էր կինոդահլիճը իր 600 նստատեղերով: Նույնիսկ կային մարդիկ, ովքեր տեղերի բացակայության պատճառով մոտ երկուսուկես ժամ ոտքի վրա էին անցկացնում: Ցուցադրվել են թե հայկական, թե սովետական և թե արտասահմանյան ֆիլմեր: Տիկին Անահիտը ինձ հայտնեց, որ կինոմեխանիկը եղել է Վահան Աբաջանյանը, ով այժմ աշխատում է եկեղեցում : Ես ուրախությամբ քայլերս ուղղեցի դեպի եկեղեցի, որտեղ էլ հանդիպեցի նրան: Ծերունին լսելով ինձ՝ սկսեց մեծ ոգևորությամբ և սիրով պատմել իր սիրելի աշխատանքի մասին: Նա ամեն կերպ ջանացել է, որ լավագույն և նոր ֆիլմերը ցուցադրվեն նախ Չարենցավանում, հետո նոր մայրաքաղաքում: Ես մի պահ հուզվեցի, երբ իմացա, որ Վահան պապիկը, հույս ունենալով վերադառնալ իր սիրելի աշխատանքին, խնամքով պահել էր հին մաշված կինոժապավենները: Նա պատմեց ինձ նաև կինոթատրոնի բակի մասին, որը, չգիտես ինչու, այժմ կոչվում է «Էշակ մեյդան»: Ես ամեն կերպ ձգտեցի իմանալ, թե ինչու: Պարզվեց, որ կինոթատրոնի գործունեության դադարումից հետո այստեղ սկսել են հավաքվել և զրուցել բազմաթիվ անգործ մարդիկ: Անցորդներից մեկը, տեսնելով օրեր շարունակ այնտեղ հավաքվող անգործ մարդկանց, բացականչել է. «Պարապ անբաններով հավաքվել եք, ի՞նչ է, սա էշակ մեյդա՞ն է»: Ահա այսպես էլ կինոթատրոնի հարակից հրապարակի անունը մնացել է «Էշակ մեյդան», այսինքն՝ պարապ մարդկանց հանգրվանատեղի: Իհարկե, անվանումը տարածում է գտել միայն հասարակության շրջանում:

Լուսանկարը՝ Անի Կարապետյանի
Վարպետ Վահանը մեծ սիրով և պատասխանատվությամբ է կատարել իր աշխատանքը շուրջ 40 տարի՝ թողնելով նախորդ սերնդին լուսավոր հիշողություններ:
Կվերականգնվի՞ մի օր Չարենցավանի կինոթատրոնը: Շատ կուզենայինք, բայց այս հարցի պատասխանը ոչ ոք չտվեց:

Լուսանկարը՝ Էմմա Շահնազարյանի
Դուք գիտե՞ք, թե որտեղ է գտնվում Վազաշեն գյուղը: Վազաշենը գտնվում է Տավուշի մարզում: Ես յոթ տարի սովորել եմ Վազաշեն գյուղում: Իսկ 2014 թվականին եկել եմ Մեծամոր: Վազաշենում ուսումը լավ չէր, շատ առարկաներ ուսուցիչ չունեին: Եկա այստեղ ուսման մեջ առաջադիմություն ձեռք բերելու համար: Հայրս, եղբայրս և մայրս գյուղում են: Քույրս, ով ինձանից երկու տարի է մեծ, լավ ուսում ստանալու համար արդեն չորս տարի է սովորում է Մեծամորում: Հիմա ես ու քույրս այստեղ միասին ենք ապրում:
Ինձ շատ հուզում է Տավուշի մարզի Վազաշեն գյուղի վիճակը: Այնտեղ չկան աշխատատեղեր, մարդիկ աշխատանք չունեն և միայն փարոսների ու թոշակների միջոցով են իրենց ընտանիքները պահում: Ամեն օր մտածում եմ նրանց մասին: Եթե կարողանայի ինչ-որ բան ավելացնել գյուղում, ապա առաջինը աշխատատեղեր կստեղծեի: Եթե մարդիկ աշխատանք ունենան, իրենք էլ բոլորի պես կապրեն, ու ինձ նման ստիպված չեն լինի հեռանալ գյուղից ու ամբողջ օրը ընտանիքս, գյուղս, ընկերներիս կարոտել:
-Հաս, հեչ մտածե՞լ ես…
Քրոջս դեմքի արտահայտությունը փոխվեց, կարծես արդեն գիտեր, որ մի հիմար բան եմ ասելու:
-Ջուրը, երբ եռում ա, ուղղակի պղպջակներ են չէ՞ լինում, չի բարձրանում, բայց հերիք ա մի քիչ սուրճ լցնես մեջը, անմիջապես բարձրանում ա: Ուրեմն, հետաքրքիր բան ա, չէ՞ սուրճը,- միևնույնն է, շարունակում եմ ես:
Քույրս չի պատասխանում, լուռ շարունակում է լուրջ դեմքով ինչ-որ բան գրել:
-Բա գիտե՞ս, եղջերուները զգում են իրենց եղջյուրներին նստած միջատներին: Պատկերացնո՞ւմ ես, իրենց մե՜ծ եղջյուրներին: Բոլոր ճանճերին: Հատ-հատ: Պատկերացնո՞ւմ ես, ինչքան դժվար ա իրենց…
-Պարա՞պ ես,- խիստ ընդհատեց ինձ քույրս:
Ես նայեցի տետրիս: Տնայինս ինքն իրեն չէր գրվելու, իսկ ես շարունակում էի պատկերացնել միջատին իր եղջյուրներից քշել փորձող մի եղջերուի: Շատ զվարճալի պատկեր էր, բայց մեղքս էլ էր գալիս այդ եղջերուն: Հանկարծ մի հիմար ցանկություն առաջացավ` եղջերուների եղջյուրներից ճանճերին քշել: Երանի դա լիներ իմ մասնագիտությունը, ապրել չգիտեմ որտեղ եղջերուների հետ ու նրանց եղջյուրների վրայից միջատ քշել: Հետո հիշեցի, որ եղջերուները ապրում են ցուրտ տեղերում, որտեղ միջատներ չկան, և հանգիստ շունչ քաշեցի: Ուրեմն, ո՞վ է հայտնաբերել, որ եղջերուները զգում են: Ո՞ւմ մտքով է անցել այդպիսի փորձ անել: Բայց չէ՞ որ եղնիկները միայն ցուրտ տեղերում չեն ապրում: Հայաստանում էլ կան: Ուրեմն տեղին մասնագիտություն եմ ընտրել:
-Ի՞նչ ես դեբիլացել,- ասում եմ ինքս ինձ և հայտնաբերելով, որ արդեն մի ժամից ավելի է մտածում եմ ինչ-որ եղջերուների մասին, անցնում եմ զառամյալ տնայինիս:

Լուսանկարը՝ Ջեմմա Այվազյանի
1826 թվին իմ նախնիները ռուս-թուրքական պատերազմի ժամանակ գաղթել են Դութաղ քաղաքից և հասել են մինչև Թալին: Պապիկս բացատրեց, թե ինչ է նշանակում Դութաղ: Դութաղ նշանակում է` «երկու թաղամաս»: Իմ ծնողները պատմում են, որ իմ պապի պապը Թալինի հիմնադիրն է, ծնողներս նրա պատվին են իմ անունը դրել, և ես շատ ուրախ եմ ու հպարտ: Պապիկս միշտ պատմում էր, որ իրենց գերդաստանը միշտ ուզեցել է վերադառնալ ծննդավայր: Նաև պապիկս ասում էր, որ Թալինի ջրի համը շատ նման է Դութաղի ջրին, և ես չէի հավատում:
Վերջերս հորեղբայրս այցելել էր պապերիս երկիրը և իր հետ բերել էր Դութաղի ջուրն ու հողը: Երբ ես խմեցի այդ ջուրը, իսկ հետո Թալինի ջուրը, հասկացա, որ պապիկս ճիշտ էր ասում, և ես զարմացա, որ Դութաղը Թալինից այդքան հեռու է, բայց ջրերի համը նույնն է:
Երևի հենց ջրի համն է ստիպել դութաղցիներին կանգ առնել Թալինում և նոր տուն կառուցել: