Բարի, ժպտերես շփում

-Բարև

-Բարև, ոնց ես 

-Ես լավ եմ, դու ոնց ես, ինչի՞ դասի չես գալիս, կարոտում եմ շաաատ: (K)- (ֆեյսբուքահամբույր):

-Հիվանդ եմ, որ լավանամ, կգամ, ջան: Ես էլ քեզ եմ կարոտել:

Այսպես շարունակվում էր իմ ջերմ ու ժպիտաշատ զրույցը իմ դասարանցու հետ ֆեյսբուքում: Մի քանի օր հետո ես դասի գնացի, մի քանի հոգի ոգևորված ընդունեցին, ասացին, որ կարոտել էին, իսկ այդ աղջիկը նույնիսկ չբարևեց: Նայում էի նրան, որ գոնե ինքն էլ ինձ նայեր, որ բարևեի ու ասեի, որ իր վերջին ուղարկած տեսահոլովակը շատ լավն էր, իսկ նա ուղղակի նստած էր: Գուցե  ես ֆեյսբուքում ավելի լավն էի, քան իրականումՉգիտեմ, բայց այդ դեպքից հետո ես էլ չեմ պատասխանում նրա ֆեյսբուքյան նամակներին:  

Մեղրաձոր

Լուսանկարը՝ Արփինե Հակոբյանի

Լուսանկարը՝ Արփինե Հակոբյանի

Մեր գյուղը ծվարել է Ծաղկունյաց և Փամբակ լեռնաշղթաների միջև: Գյուղում ամենաառաջին բնակչությունը, այսպես ասած գյուղի հիմնադիրները, եղել են մի խումբ գաղթականներ, ովքեր եկել են Բայազետ նահանգի Կոգովիտ գավառի Արծափ գյուղաքաղաքից, 1829 թվականին:

Նշեմ, որ գյուղս կոչվում է Մեղրաձոր, իսկ ավելի վաղ ժամանակներում այն կոչվել է Թայչարուխ: Նախկին անվանումն ունի մի քանի բացատրություն: Առաջինը՝ քանի որ գյուղը գտնվում է երկու՝ Մարմարիկ և Փամբակ գետերի հատման կետում: Մյուս բացատրության համաձայն, իբր մի անցորդ կամրջի վրայով անցնելիս կորցրել է չարոխի մեկը, իսկ «թայ» նշանակում է հենց զույգի մեկը:

Մեր գյուղը շատ նշանավոր է հատկապես իր տաղանդներով: Գյուղում ունեինք չորս-հինգ պատմաբաններ, գիտնականներ: Գյուղը հատկապես վերջերս սկսել է ծաղկել: Արդեն մի քանի տարի է, ինչ գյուղում գործում է Սբ. Աստվածածին եկեղեցին, որը ևս հանդիսանում է գյուղի բնակչությանը համախմբող կենտրոն: Եկեղեցու շնորհիվ գյուղի բնակչության մեջ կրկին արթնացել է հոգևոր կյանքի գիտակցությունը, ավելի մոտեցել են եկեղեցուն:

Գյուղի անմիջապես գլխավերևում անխավար ու անսասան կանգնած է ևս մեկ եկեղեցի, որը, ճիշտ է, չի գործում, բայց մեծ համբավ ունի և գյուղի բնակչությունը բարձրանում է այդ եկեղեցին, մոմ վառում, աղոթում: Գյուղն ունի իր ուխտի օրը, այդ տոնը նշում է ողջ գյուղը:

Գյուղի մշակութային կենտրոնի ջանքերով և դպրոցի աջակցությամբ կազմակերպվում են մի շարք միջոցառումներ, հավաքույթներ: Հատկապես գյուղի համար կարևոր նշանակություն ունեն կազմակերպվող շաբաթօրյակները, որի ընթացքում գյուղի բնակչությունը համախմբվում և մաքրում է գյուղը աղտոտումից:

Գյուղի երիտասարդությունը ևս շատ ակտիվ մասնակցություն ունի գյուղում ընթացող բոլոր արարողություններին: Երիտասարդները մասնակցում են հավաքների, խմբակների:

Գյուղացիների ապրուստի հիմնական միջոցը հողագործությունն ու անասնապահությունն է, ինչպես նաև գյուղում գործող «Մեղրաձոր Գոլդ» ոսկու հանքը, որը մեծ համբավ է ձեռք բերել ողջ աշխարհում: Չնայած՝ գյուղում դրությունը բավականին լավ է, այնուամենայնիվ, գյուղում կան այնպիսի ընտանիքներ, որոնք ապրում են սոցիալական ծանր պայմաններում:

Գյուղում ակտիվ գործունեություն են ծավալում և ժամանակին գործել են մի շարք հասարակական կազմակերպություններ, խմբակներ:

Ինչպես ցանկացած բնակավայրում, այնպես էլ մեր գյուղում անպակաս են վեճերն ու կռիվները, որոնք վերջում հիմնականում բավականին ծիծաղելի ավարտ են ունենում:

Գյուղի ակտիվ կյանքն ապահովում են դպրոցը, մանկապարտեզը, մշակութային կենտրոնը և մասնավոր այլ շինություններ:

Կապան

Ջանֆիդա

Լուսանկարը՝ Շուշանիկ Հարությունյանի

Լուսանկարը՝ Շուշանիկ Հարությունյանի

Իմ գյուղը Ջանֆիդան է, որը գտնվում է Արմավիրի մարզում: Իմ գյուղի հետ կապված շատ հետաքրքիր պատմություններ կան: Օրինակ, գյուղի անվանումն առաջացել է, երբ տեղացի ֆիդայիները մենամարտել են թուրքերի հետ, և, երբ հաղթել են, գյուղացիները գոռացել են ,ջան, ֆիդայիներե: Եվ գյուղը հետագայում անվանափոխվել է Ջանֆիդա: Գյուղը սահմանամերձ է, և գյուղից դեպի Արաքս գետը երկու քայլ է: Քանի որ ջանֆիդացիները իրենց լեզվով ծըռ (ծուռ) են, շատ պատմություններ են հորինել Արաքս գետի մասին, բայց դրանցից մեկը գիտեմ: Ասում են, որ իսկական հայը, երբ մտնում է Արաքս, գետի ջուրը տաքանում է, բայց երբ այլազգի մեկն է մտնում, ջուրը սառչում է: Գյուղում կա նաև մի լիճ, որն անվանում են Ավազանոց: Երբ լիճը սկսեց ճահճանալ, ոչ ոք ուշադրություն չդարձրեց, շարունակում էին առաջվա պես մտնել լողալու: Լողացողներից համարյա ոչ մեկը չփրկվեց: Լիճը սկսեցին կոչել Մահվան ճահճուտ: Ջանֆիդան տարբերվում է բոլոր գյուղերից իր մրգաշատ այգիներով, հյութալի վարունգով և քաղցր սոխով:

Մի պատմություն հիշեցի: Մի ամառային օր եղբայրներիս հետ որոշեցինք հարևանի այգուց խնձոր գողանալ: Ժամը մոտ տասն էր: Հաղթահարելով հարևանի բոլոր թակարդները՝ վերջապես հասանք խնձորենիներին և սկսեցինք քաղել: Այնքան քաղեցինք, որ չգիտեինք, թե ինչպես ենք տանելու: Մտածեցինք և որոշեցինք: Շապիկները դրեցինք տաբատների տակ և գնացինք մեզ մոտ ապրող բարեկամներից մեկի տուն: Եվ զարմացանք, քանի որ քաղել էինք մոտ յոթ կիլոգրամ խնձոր:

Հաջողության բանաձեւը

Լուսանկարը՝ Գեղամ Մադադթյանի

Լուսանկարը՝ Գեղամ Մադադթյանի

Մարդուն հաջողության հասնելու համար պետք են շատ բաներ, օրինակ, աշխատասիրություն: Ենթադրենք, աշակերտը պետք է մասնակցի օլիմպիադայի, և ուզում է, որ մրցանակ ստանա: Դրա համար նա պետք է շատ աշխատի:

Երբ ես երաժշտական դպրոցում առաջին դասարան էի, ինձ հայտնեցին, որ երեք օրից քննություններ են լինելու: Ես շատ տխրեցի: Մտածում էի, թե ինչ եմ անելու, ինչպես եմ նվագելու և վախենում էի, որ շատ ցածր կստանամ: Սակայն հաջորդ օրվանից ես գնում էի դպրոց, պարապում էի ուսուցչիս հետ: Իսկ երբ քննություն հանձնեցի, տնօրենն ասաց, որ գոհ է ինձնից, և ես հասա հաջողության:

Սիրակ Կիրակոսյան

* * *

Ինձ համար հաջողության բանաձևը իմ կարծիքով աշխատասիրությունն է: Ես, իհարկե, այդքան աշխատասեր չեմ, ես մեծ հաջողությունների չեմ հասել, սակայն, գիտակցում եմ, որ առանց աշխատասիրության ոչնչի չեմ հասնի: Ես արդեն չորս տարի մասնակցում եմ «Կենգուրուին» և երկու տարի առաջ շատ աշխատելու շնորհիվ հասա արդյունքի՝ հավաքելով բարձր միավորներ և հասկացա, որ բոլոր հաջողությունների բանաձևը աշխատասիրությունն է: Արդեն որոշ չափով դասերիս հետ կապված և կենցաղում հասնում եմ արդյունքի: Հաջողության հասնելը շատ բարդ չէ և մեծ նպատակասլացությամբ կարող ես հասնել հաջողության:

Վահագ Մարտիրոսյան

* * *

Երևի թե սկսեմ մի պատմությունից։ Մի օր անգլերենի ուսուցչուհիս զանգեց ինձ, և ասաց, որ մի ծրագիր կա, որը իր մեջ ներառում է երկու տարվա անվճար անգլերենի դասընթացներ։ Այդ զանգը նա արեց մեկ տարի առաջ, և ասեմ, որ այդ զանգից հետո շատ բան է փոխվել իմ կյանքում։ Ես որոշեցի, որ պետք է անպայման օգտվեմ այդ հնարավորությունից։ Այդպես էլ արեցի։ Ճամբարակից մասնակցում էին մոտ 40 աշակերտ, որից պետք է ընտրվեին 20-ը։ Մեզ երկու խմբի բաժանեցին, և ես առաջին խմբի հետ էի։ Այդ կազմակերպության տնօրենը ասաց, որ ընտրելու է ակտիվ երեխաներին, և սկսեց հարցեր բարձրացնել, որոնք մենք պետք է քննարկեինք և հայտնեինք մեր կարծիքը։ Ես դեռ մեկ տարի առաջ շատ էի վախենում կարծիքս հայտնել, ինքնավստահ չէի, և այդ քննարկումների ժամանակ, այսպես ասած ես իմ կարծիքը հայտնում էի մտքումս։ Անգլերենիս ուսուցչուհին իմանալով իմ այդ բնավորության մասին, անընդհատ ինձ էր նայում և ասում, որ խոսեմ, բայց ես ոչ մի բառ չէի արտասանում։ Դե պարզ է, որ այդ ծրագիրը չանցա, զրկվեցի այդպիսի հնարավորությունից, և չեք պատկերացնի, թե ինչքան էի նեղվել, թե տանը ինչքան մտածեցի այդ օրվա մասին։ Եվ որոշեցի, որ պետք է ծրագրերի մասնակցեմ, և փորձեմ խոսել, կարծիքս հայտնել։ Այդ օրվանից հետո դպրոցում ցանկացած ծրագրի մասնակցում էի։ Ընկերներիս, քրոջս օգնությամբ, ինքնագնահատականս և վստահությունս բարձրացան։ Արդեն մասնակցելով ծրագրերի միջոցառումների ինձ ազատ էի զգում, ազատ հայտնում էի կարծիքս և մտածում եմ , ախ, եթե այդ ծրագիրը հիմա լիներ։ Այդ օրը հիշում եմ, որ հենց այս դասասենյակում էի նստած, հաստատ համոզված եմ, որ այդ ընթացքում դեմքս ամբողջությամբ կարմիր է եղել, ինձ համոզում էի, որ խոսեմ, մտքումս ձևակերպում էի, թե ինչ՞ պետք է ասեմ, բայց կամ չէի ասում, կամ այնքան ցածր էի խոսում, որ ոչ ոք չեր լսում։ Վերջում արդեն գլուխս առել  էի ձեռքերիս մեջ, և քիչ էր մնում լացեի։ Իհարկե, երբ տուն հասա դաս էլ արեցի, և մայրս ասաց, որ լավ կլինի չանցնեմ, դա ինձ դաս կլինի հաջորդ անգամ խոսելու և ազատ պահելու համար։ Իհարկե այդ ժամանակ մայրիկից նեղացա, բայց հետո հասկացա, որ շատ ճիշտ էր։

Նելլի Խաչատրյան

Ինչ ընտրել. այս է խնդիրը

Լուսանկարը՝ Էլեն Հարությունյանի

Լուսանկարը՝ Էլեն Հարությունյանի

Ես սովորում եմ իներորդ դասարանում և շուտով պետք է որոշում կայացնեմ իմ մասնագիտության հարցում: Այժմ ինձ ամենաշատը հուզում էայն հարցը, թե ինչ հոսքում եմ ուզում սովորել և ինչ մասնագիտություն պետք է ընտրեմ: Ես դպրոցում լավ եմ սովորում, և այդ պատճառով ինձ համար դժվար է մասնագիտություն ընտրելը: Որոշ առարկաներ սիրում եմ, օրինակ, կենսաբանությունը, ռուսերենը, սակայն կան առարկաներ, որոնք էլ չեմ սիրում` քիմիա, ֆիզիկա, պատմություն, աշխարհագրություն: Տնտեսագետ չեմ ուզում դառնալ, քանի որ այդ ճյուղով սովորողները շատ են, բնագիտություն էլ չեմ ուզում, որովհետև քիմիա ու ֆիզիկա չեմ սիրում: Լավ կլիներ, դպրոցներում գործեին մասնագիտական կողմնորոշման խմբակներ, որպեսզի մենք իմանայինք, թե ինչ մասնագիտություններ կան, ինչ մասնագետներ են անհրաժեշտ մեր երկրում, ինչ հատկանիշներ և գիտելիքներ պետք է ունենա մարդը, որպեսզի կարողանա այս կամ այն մասնագիտությունը ընտրել:

Իսկ առայժմ ես չեմ կողմնորոշվում, թե ինչ մասնագիտություն ընտրել:

Արկած որոնողները

Լուսանկարը՝ Գեղամ Մադաթյանի

Լուսանկարը՝ Գեղամ Մադաթյանի

Երևի 6-րդ դասարան էինք: Հնչեց զանգը և բոլորս դահլիճից վազեցինք հանդերձարան՝ փոխվելու: Շուտով աղջիկների հանդերձարանում աղմուկ բարձրացավ: Աղջիկներից մեկը երգում էր, մյուսը՝ շտապ-շտապ հագնվում, մի քանի հոգի հավաքված բամբասում էին ինչ-որ մեկից, մեկ ուրիշը՝ դասագիրքը ձեռքին փորձում էր դասը կրկնել:

-Հիմա ի՞ նչ դաս ա լինելու,- աղմուկի միջից լսվեց մի ձայն:

-Աշխարհագրություն,- իջեցնելով գիրքը պատասխանեց կրկնողը:

-Դասը սովորել ե՞ ք,-շարունակվեց խոսակցությունը:

-Շատ դժվար էր, ես չեմ կարողացել,-բողոքեց աղջիկներից մեկը:

-Եթե հարցնի, տակից դուրս կգամ,-լսվեց մեկ այլ ձայն:

-Հա, սովորել եմ, բայց ձեռքով չեմ պատասխանի,-խոսեց երրորդը:

-Երեխե՛ք, բան մտածեցի: էկեք մի քիչ դանդաղ գնանք, կասենք, որ փոխվում էինք, դրա պատճառով ուշացանք: Դասից անցած կլինի, բայց համ էլ շատ բան բաց չենք թողնի:

-Հա՛, եկեք,- փայլեցին բոլորիս աչքերը՝ հոյակապ գաղափարից:

Հնչեց զանգը, որը ասում էր աշխարհագրության դասը սկսվելու «գույժը»: Մենք սկսեցինք է՛լ ավելի դանդաղ փոխվել: Երբ բոլորս փոխվեցինք, դուրս եկանք հանդերձարանից: Երկու մանր քայլ անում էինք, տասը վայրկյան զրուցում:

Մենք այդ պահին չգիտես ինչու, շատ ուրախ էինք և ունեինք բարձր տրամադրություն: Ի վերջո, մանր քայլերով հասանք դասարանի դռան մոտ: Երևի 10-20 րոպե դասից անցել էր: Մեզնից մեկը դուռը թակեց, բացեց, և բոլորս մտանք ներս՝ ասելով, որ փոխվում էինք, այդ պատճառով էլ ուշացանք: Մենք ցույց տվեցինք մեր ֆիզկուլտուրայի տոպրակները՝ որպես ապացույց, միևնույն պահին, փորձելով թաքցնել մեր անիմաստ ժպիտները:

-Այդ ինչպե՞ ս է եղել, որ տղաներն ավելի շուտ են եկել, քան դուք: Ինչու իրենց մոտ ֆիզկուլտուրա չէ՞ ր: Իրենք չէի՞ն փոխվում:

Մեր ժպիտները կորան: Մենք լրջացած և լուռ կանգնած էինք: Որոշները գլուխները կախեցին:

-Նստե՛ք, դուք արդեն մատյանում ձեր «երկուսները» ստացել եք:

Այդ լուրը ցնցեց մեզ, քանի որ կանգնածներիցս մեծ մասը գերազանցիկ էին, և այդ երկուսը շատ բան էր փոխում:

Նստելով՝ աղջիկների մի մասը սկսեց լաց լինել: Ես նույնպես գերազանցիկ էի, և այդ «երկուսն» ինձ համար էլ էր շատ բան փոխում: Ես հուզված էի, սակայն արտաքինից պահպանում էի հանգստություն: Քանի որ ես նստում էի ուսուցչի դիմաց, ինձ հստակ երևում էր մատյանի պարունակությունը: Ես անցա գործի՝ աչքերով խորացա մատյանի մեջ: Համոզվելով, որ բացված է աշխարհագրության էջը, սկսեցի նայել թվանշանների բաժինը: Տեսա, որ ոչ մի «երկուս» էլ չկար դրված: Աչքերս բարձրացրեցի մատյանից և սկսեցի տարածել ստացածս նոր տեղեկությունը.

-Աղջիկներ, չկան մատյանում «երկուսներ»:

-Հաստա՞ տ,- տարբեր կողմերից լսվեցին շշուկներ:

-Հա՛, հաստատ,-ևս մեկ անգամ աչքիս տակով նայեցի մատյանը:

Շուտով զանգը հնչեց:

-Էլ նման բան չկրկնվի,- ասաց ուսուցչուհին և դուրս եկավ դասարանից:

Մենք հաստատ համոզվելու համար բացեցինք մատյանը՝ իրոք, «երկուսներ» չկային: Մենք միասին ժպտացինք:

Իհարկե, այդ օրը շատ հետաքրքիր էր, արկածային, ու մեր առաջին փորձն էր աղջիկների ամբողջ խմբով չնստել դասի մի մասին, սակայն դա նաև մեր վերջին փորձն էր միասին դասերից այդքան ուշանալու:

Աթոռի, տրամաբանության և աշխարհի մասին

Տարվա սկզբում ստանալով մեր դասացուցակը՝ բոլորս մի լավ զարմացանք՝ կարդալով չորեքշաբթի օրվա վերջին դասը՝ տրամաբանություն: Ոչ մեկս տեղյակ չէինք, որ դասացուցակում ավելացում էր լինելու՝ այն էլ այդքան տարօրինակ ու անսովոր առարկա: Դասղեկս մեզ հայտնեց, որ տրամաբանություն մեզ դասավանդելու է դասախոս՝ ուղարկված համալսարանից: Այստեղ մեր հետաքրքրասիրությունը կրկնապատկվեց՝ այժմ մեզ հետաքրքիր էր ոչ միայն այն, թե ինչ է իրենից ներկայացնում նոր առարկան, այլև այն, թե ով է լինելու մեր դասախոսը: Վերջապես եկավ երկար սպասված չորեքշաբթին: Մենք անընդհատ մտածում էինք դասախոսի մասին:

-Իսկ ի՞նչ եք մտածում, տղա՞ ա, թե՞ աղջիկ,- վերջապես երեխաներից մեկը բարձրաձայնեց բոլորիս հուզող հարցը:

-Աղջիկ ա, բոյով, սիրուն,- երազեցին տղաները:

-Չէ, կին ա, մեծ ու չաղ, անդուր,- կատակեցին մյուսները:

-Իսկ իմ կարծիքով միջին տարիքի տղամարդ ա, ահավոր սրամիտ ու հումորով,- ասացի ես:

Երբ վերջապես եկավ յոթերորդ ժամը, պարզվեց, որ մեր դասախոսը չի եկել: Կամ դպրոցի տեղն էր մոռացել, կամ ժամերը խառնել: Հուսահատված գնացինք տուն: Մինչ մյուս չորեքշաբթի ամեն օր ինձ սկսում էր ավելի հետաքրքրել նոր առարկան: Մյուս չորեքշաբթի նորից սկսվել էր դասախոսի արտաքին տեսքի նկարագրության գուշակությունները, երբ դասարան մտավ դասղեկս: Նա մենակ չէր:

-Էս տղեն ո՞վ ա,- հանգիստ արտահայտվեցին ոմանք, մտածելով, որ մտնողը 12-րդ դասարանցի է:

Պարզվեց, որ «էդ տղեն» մեր դասախոսն էր: Առաջին ժամին նա անդադար քայլում էր և խոսում տարբեր հասկացությունների մասին: Նրան լսելը շատ հաճելի էր, խոստովանում եմ, դա մասամբ կարող է նաև պայմանավորված լինել իմ աղջիկ լինելով: Դասի վերջում նա մեզ հանձնարարեց մտածել աթոռի մասին, որի մասին խոսել էինք դասի ժամանակ: Մենք մի ամբողջ շաբաթ կատակեցինք աթոռի վերաբերյալ, բայց մյուս չորեքշաբթի օրը պարզվեց, որ բոլորս էլ կատակով կամ լուրջ, կամ կեսկատակ-կեսլուրջ մտածել էինք աթոռի մասին:

Թթուջուր

-Հայրիկ կպատմե՞ս քո ծննդավայրի մասին:

-Ծննդավայրս Գեղարքունիքի մարզի գյուղ Թթուջուրն է:

-Իսկ ինչո՞ւ է գյուղը Թթուջուր կոչվում:

-Գյուղը Թթուջուր է կոչվում, որովհետև գյուղի տարածքում գոյություն ունի հանքային ջրի աղբյուր:

-Իսկ մինչ գյուղը Թթուջուր անվանելը, գյուղը ուրիշ անուն ունեցե՞լ է:

-Բոլոր անունները կապված են եղել հանքային ջրի հետ:

-Անուններից որևէ մեկը կարո՞ղ ես ասել:

-Ղութուբուլաղ, Ջրդիսան:

-Ե՞րբ է հիմնադրվել այդ գյուղը:

-Ներկայիս Թթուջուր գյուղի բնակչությունը վերաբնակեցվել է Տավուշի մարզի Չորաթան գյուղից 1920 թվականին` Հայաստանի խորհրդայնացումից հետո: Տեղում առաջ էլ եղել է գյուղ, որի մասին վկայում են հին գերեզմանները: Գյուղը գտնվում է Գետիկ գետի աջ ափին:

-Իսկ ինչո՞ւ գյուղում հանքային ջրի վերամշակման գործարան չի կառուցվել:

-Թթուջուրը տարբեր տարիներին համապատասխան մասնագետների կողմից ենթարկվել է մասնագիտական հետազոտման, սակայն, ինչ-ինչ պատճառներով վերամշակման գործարան չի կառուցվել:

-Իսկ ի՞նչ յուրահատկություն ունի այդ ջուրը:

-Ջուրը իր մեջ պարունակում է երկաթի մեծ քանակություն, հաճելի է խմել շոգ, արևոտ եղանակին: