Սոնիկ տատիկը յոթանասունհինգ տարեկան է: Ես հաճախ եմ տեսնում նրան պատշգամբում նստած: Նա ապրում է երկրորդ հարկում, և ամեն երեկո հենց պատշգամբից ջրում է բակի ծաղիկները: Միշտ բարի ժպիտով զրուցում է ծանոթների հետ, զրուցում: Նա երբեք բակ չի իջնում, որպեսզի հիանա իր պարտեզի ծաղիկներով, քանի որ գամված է հաշմանդամի սայլակին: Միշտ հիանում եմ նրա լավատեսությամբ և բարությամբ, դրա համար էլ որոշեցի այցելել նրան և զրուցել:
-Դպրոց հաճախե՞լ եք:
-Ոչ, ես դպրոց չեմ հաճախել: Երկու տարեկան հասակում ստացա մանկական ուղեղային կաթված, և այդ ընթացքում՝ 1941թ-ին, հայրս մեկնեց Հայրենական Մեծ պատերազմ, և ես դպրոց չգնացի:
-Ինչպե՞ս և ու՞մ օգնությամբ եք սովորել գրել, կարդալ, հաշվել և այլն:
-Ես տառերը ինքնուրույն եմ սովորել իմ հասակակից երեխաներից`տուն-տունիկ խաղալով, կամ երբ նրանք դպրոցից գալիս էին, ցույց էին տալիս, թե ինչ տառեր են սովորել: Ես էլ ցանկություն ունեի սովորելու և նրանց հետ սովորում էի և հայերեն, և ռուսերեն տառերը:
-Ո՞ր տարիքից եք մենակ ապրել և կարողացել ինքնուրույն հոգալ Ձեր կարիքները:
-Միշտ ապրել եմ իմ հայրական տանը, եղբորս մահից հետո ինձ բնակարան տվեցին, և ես էլ որոշեցի մենակ ապրել, որպեսզի եղբորս ընտանիքին չխանգարեմ: Մայրս նույնպես եկավ ինձ հետ, և մենք միասին ապրեցինք մինչև 1993 թվականը: Հետո մայրս մահացավ, և ես սկսեցի մենակ ապրել: Բայց երբեք չեմ հուսահատվում, քանի որ շատ եմ սիրում կյանքը, սիրում եմ բնությունը, կենդանիներին, մարդկանց:
-Ո՞րն է տան Ձեր ամենասիրած անկյունը:
-Իմ ամենասիրած անկյունը իմ պատշգամբն է, որտեղ ես կարողանում եմ մաքուր օդ շնչել և նայել փողոցով անցնող մարդկանց:
-Ինչո՞վ եք զբաղվում ողջ օրը:
-Ես տառերից բացի նաև ինքնուրույն կարուձև եմ սովորել: Ազատ ժամանակ կարուձևով եմ զբաղվում: Այն ժամանակ խանութներում հագուստեղեն չկար, միայն կտորեղեն էր, մարդիկ իրենց հագուստները այլ երկրներից էին գնում կամ իրենք էին կարում: Այդ ժամանակ ես կարում էի հագուստներ և տալիս խանութներին: Այդ գումարով խնամում էի նաև մորս: Ես նաև զբաղվում եմ ասեղնագործությամբ: Դա նույնպես ինքնուրույն եմ սովորել: Եթե ինչ-որ բան սիրում ես, ապա շատ հեշտությամբ կարող ես սովորել, միայն պետք է մի քիչ սիրես և պատկերացնես:
-Ցուցահանդեսների մասնակցե՞լ եք:
-Երևանում տեղի է ունեցել հաշմանդամների աշխատանքների ցուցահանդես, և ինձ ասել էին, որ մասնակցեմ: Ես այդ ցուցահանդեսից դիպլոմ եմ ստացել:
-Ի՞նչ երաժշտություն եք լսում և ո՞վ է Ձեր սիրելի երգիչը կամ երգչուհին:
-Ես գուսանական երգեր եմ լսում, հատկապես՝ Սայաթ-Նովա: Իմ սիրած երգչուհիներն են Օֆելյա Համբարձումյանը, Արաքսյա Գյուրզադյանը:
-Ի՞նչ խորհուրդ կտաք առողջական խնդիրներ ունեցող մարդկանց, ովքեր շատ հուսահատված են:
-Ես ունեմ շատ հաշմանդամ ընկերներ, ես նրանց հետ հեռախոսով խոսում եմ, ասում եմ, որ չամաչեն իրենց վիճակից, խոսում եմ արվեստից և լավ-լավ խորհուրդներ եմ տալիս: Ես ողջ կյանքում չեմ հուսահատվել: Միշտ աշխատել եմ, չեմ ցանկացել որևէ մեկին նեղություն տալ: Ձեռքի աշխատանքներով ոչ միայն իմ կարիքներն եմ հոգում, այլև երբեք պարապ չեմ մնում:
-Ի՞նչ կմաղթեք ինձ և իմ հասակակիցներին:
-Ես ձեզ մաղթում եմ հաջողություն, լավ սովորեք և լավ մարդ դարձեք: Նաև կավելացնեմ` լավ վարվեք մարդկանց հետ, ուշադրություն դարձրեք տան և շրջապատի գեղեցկությանը:

Ես ապրում եմ Վանաձորում: Վանաձորը մեծությամբ 3-րդ քաղաքն է հանրապետությունում: Ի տարբերություն միայն քսաներորդ դարում կառուցված քաղաքների, Վանաձորը հարյուրամյակներ առաջ է հիմնադրվել: Իմ քաղաքն ունեցել է մի քանի անուն` 13-րդ դարում քաղաքը անվանել են Ղարաքիլիսա, որը նշանակում է Սև եկեղեցի, հետո 1935-ին վերանվանվել է Կիրովական, իսկ 1991-ից` Վանաձոր: Ոչ բոլորը կարող են պարծենալ, որ իրենց քաղաքը և’ առողջարանային, և’ արդյունաբերական կենտրոն է: Իմ բնակավայրը չեմ կարող ասել, որ թերություններից զերծ մնացած քաղաք է, մանավանդ 1988-ի երկրաշարժից հետո Վանաձորը նույնպես դարձավ աղետի գոտի, և մինչև այսօր էլ կարող եք տեսնել երկրաշարժից հետո մնացած փլատակներ, բազմաթիվ տնակավաններ, որտեղ դեռևս շարունակում են ապրել աղետյալ ընտանիքներ: Ասացի` արդյունաբերական քաղաք, բայց երևի սովորույթի ուժով, քանի որ այսօր չեն աշխատում նաև գործարանները, ու նախկին բանվորներն ու ինժեներները կամ զբաղվում են մանր առևտրով, կամ վաղուց բռնել են արտագաղթի ճամփան: Մենք` վանաձորցիներս, չնայած այս ամենին, սիրում ենք մեր քաղաքը և կարծում ենք, որ ցանկացած մարդ այցելելով Վանաձոր, հեռանում է լավ տպավորություններով: Վանաձորը հարուստ է հնագիտական հուշարձաններով: Վանաձորում գործում է երկու բարձրագույն ուսումնական հաստատություն: Չնայած դրան, երիտասարդների մեծ մասը ձգտում է գնալ մայրաքաղաք սովորելու: Մեղմ կլիման և զովաշունչ բնությունը Վանաձորը դարձնում է բուժման և հանգստի համար ցանկալի վայր: Հատկապես ամառվա ամիսներին քաղաքը աշխուժանում է, երիտասարդանում, քանի որ Վանաձոր են վերադառնում ուսանողները, արտագաղթած վանաձորցիների երեխաները, ինչպես նաև բազմաթիվ հովեկներ, որոնք երեկոյան խումբ-խումբ զբոսնում են, զրուցում, ծիծաղում: Երանի միշտ այդպես լիներ:








































-Ես Մայիս Դավթյանն եմ, ծնվել եմ Կապան քաղաքում 1951 թվականին: Նախնական կրթությունը ստացել եմ Կապանի No3 դպրոցում, այնուհետեւ սովորել եմ երաժշտական քոլեջում ջութակի բաժնում ավարտել եմ 1974 թվականին:
-Իսկ ովքե՞ր էին խմբի անդամները:
Հետաքրքիր է մարդկանց առեղծվածը. ծնվում են գիտնականներ, գրողներ, դյուցազուններ, բժիշկներ: Մեկը փայլում է խելքով, մյուսը` ուժով և համառությամբ: