Արի
Էռնեստ Հեմինգուեյն ասել է . «Աշխարհը լավ տեղ է և պայքարելու համար՝ արժանի»:
Ֆինչերի ֆիլմի հերոսն էլ սա մեջբերելով՝ ասաց.
- Ես համաձայն եմ երկրորդ մասի հետ:
Եվ եթե ամեն բան նախօրոք որոշված է, կամ կյանքիս բնույթն էնպիսին է, որ տակավին մեզ ծալում, ճմռթում ու թողնում է քամիների քմահաճույքին, որ վերքեր է բացում՝ չթողնելով չորացնել, որ տալիս է այն, ինչն այդքան պետք է ու հաջորդ վայրկյանին խլում՝ թողնելով մեզ՝ ինքներս մեզ, կորած ու ցնորված՝ հրեշների մեջ. թողնելով մեզ երբեք չլցվող փոսեր, դատարկություններ ու սև խոռոչներ, որոնց մեջ հայտնի չէ, թե ինչ կգտնվի կամ չի գտնվի էլ երբեք. դատարկություններ, որ ամեն աշուն ու գարուն լցվում են ջրով՝ կեղտաջրով: Հետո խոնավացած ցեխ են դառնում, տարածվում ամբողջ մարմնով ու էությամբ մեկ: Եվ չկա մի մեծություն և չկա մի իմաստ մեծագույն. միայն գուշակում ու սպասում, և հույս ու անօգնականություն: Մի՞թե սխալ տեղ ենք մենք ընկել կամ սխալ ենք ստեղծվել մենք:
Մի կյանքում այդքան սիրուն ու չհասկացված, այդքան սիրված ու չգնահատված, այդքան իմացած, բայց դեռ ոչինչ նույնիսկ չգուշակած, այդքան ապրած ու չապրած, մի կյանք ու այդքան չկյանք, չկանք, կանք ու չկանք:
Եվ սփոփանքներ անհիմն՝ այդքան վատշաքար ու այդքան օդանման անտեսանելի և այդքան օդանման շնչելի ու անհրաժեշտ: Եվ սիրունություններ՝ այդքան մոտիկ ու հեռու, այդքան ապրեցնող ու վայրկյանահորդ: Եվ մարդ՝ այդքան դաժան ու անտեր. մարդ՝ այդքան մութ ու փայլուն՝ ասես մի փոքր տիեզերք, մարդ՝ այդքան մարդ, և մարդ՝ տմարդի՝ մի բուռ աստղափոշում:
Փոքր ու թույլ, մեծ ու մեծագործ, իմաստուն և անտեղյակ ու ցնորված՝ կյանքից ու գիժ՝ կյանքով, արի՜, արի փնտրենք իմաստներ ու պահենք սիրուն՝ սիրով ու մարդկությամբ մեր. ե՜կ գնանք ու գտնենք գնացածների համար հարմար մի տեղ: Սպասի՜ր ինձ, որ սփոփենք մեր հոգին ելևէջաափոշով ու օշարակաչրով մի տաք ու քամոտ երեկոյի, երբ աստղերն ունեն մարդանուններ, խոտը՝ գույնն ապագայի, որ ցույց չի տա լուսինը գիշերվա վազքին մեր ու փախուստին, և օդն անցյալաբույր է ու լռությունն՝ ամայի:
Բռնի՜ր ձեռքս, ընկե՛ր հողամարմին. մե՜կ, երկու, երեք և վերջ, մեկ, երկու, երեք և …
Հայրենասիրության գաղափարը
Հայրենիքը այն տարածքն է, որտեղ որևէ ժողովուրդ, ազգ կամ էթնիկ խումբ ապրում է՝ կերտելով իր պատմությունը, ազգային ինքնագիտակցությունը, սերունդներին է ժառանգում իր ազգային արժեքները։ Հայրենասիրությունը հայրենիքի նկատմամբ անսահման սերն է, այդ տարածքը հայրենիք անվանելու իրավունքի գնահատումը, հայրենիքի համար ամեն ինչ անելու պատրաստակամությունն է։
Այսօր հայրենասիրական երաժշտության փոխարեն լսում են այնպիսի երաժշտություն, որի իմաստը նույնիսկ հեղինակը չի հասկանում, հայրենասիրության մասին իրենց կարծիքը արտահայտող որևէ մեկին անվանում են մեծամիտ։ Սա այս իրավիճակի շատ օրինակներից միայն երկուսն են, բայց եթե ուշադիր դիտենք, կգտնենք շատ խնդիրներ։ Մարդու համար հայրենիք ունենալը պարգև է, և հայրենասիրությունը արտահայտելը՝ չոտնահարվող իրավունք։ Մարդկանց մեծ մասը չունեցածն ու կորցրածն է գնահատում, բայց հայրենասեր մարդը այն գնահատում է միշտ, և անկիրթ մարդը հնարավոր է, որ նույնիսկ չհասկանա հայրենիք բառի իմաստը։
Նաև եկեք հասկանանք, թե երբ են իրոք արտահայտում հայրենասիրությունը և երբ են դերասանական արվեստով զբաղվում։ Սա պարզելը շատ հեշտ է։ Երբ մարդու ասածը համապատասխանում է գործունեության հետ, այսինքն, երբ մարդը իր գործով ամեն օր օգնում է իր հայրենիքին, այդ մարդը հայրենասեր է, հակառակ դեպքում՝ ապագա Օսկարի մրցանակակիր։ Հայրենասիրական ստեղծագործությունը արվեստի բարձրագույն դրսևորումներից մեկն է, և այն պետք է գնահատել, սովորել, վերլուծել, հասկանալ, սիրել։ Հայրենասիրական ստեղծագործությունը կարդալիս, լսելիս, տեսնելիս պետք է ազդվենք, ձգվենք և ոգեշնչվենք, որպեսզի հայրենիքի պաշտպանության ու բարգավաճման մեջ ունենանք մեր փոգրագույն ներդրումը։ Պետք է երգենք «Հայ քաջերը», Արաբոյի երգը, Գևորգ Չավուշի երգը, պարենք յարխուշտա, քոչարի։ Հայրենասիրական ստեղծագործությունը ազգային ինքնագիտակցության պահպանման հիմքերից է։
Գարնանային առկայծումներ

Նամակ հրաժեշտից առաջ
Շատ տարիներ հետո, երբ փողոցում լքված ու միայնակ կանգնած կլինես, մի անծանոթ քեզ ծրարով մաշված նամակ կփոխանցի: Չտանջվե՛ս զուր, ծրարը շուռ ու մուռ չտաս, միևնույն է, ո՛չ հասցե ես գտնելու, ո՛չ էլ անուն կամ պիտակ: Երբ չգտնես ոչինչ, նույն վայրկյանին կհասկանաս, որ ես եմ քեզ տարիներ առաջ նամակ գրել ու ծրարել, խնամքով թաքցրել բոլորի աչքից հեռու, մի փականով պահարանում դրած, վստահ իմանալով՝ մի օր քեզ կհասնի:
Կնայես շուրջբոլորդ, հասկանալով, որ ոչ ոք չտեսավ, կանհետանաս փողոցից: Կսլանաս տուն, արագ բարձրանալով ձեր տան աստիճանները, կգնաս սենյակ, ներսից դուռը կկողպես, որպեսզի ոչ ոք չխանգարի ընթերցելուդ: Հենց այդ պահին խլացնող զանգ կհնչի, մի պահ կքարանաս, հետո սթափվելով կպատասխանես անհասցե զանգին, բայց ոչ ոք չի խոսի, միայն կհամոզվեմ, որ նամակը ձեռքումդ է:
Լսափողը կկախես ու կվերադառնաս սեղանի մոտ, նամակը ձեռքդ կառնես, ու հենց այդ պահին ամեն ինչ երկրի երեսից ջնջող անձրև կսկսվի: Չես հասկանա, թե ինչ է կատարվում, ինչո՞ւ է ամեն ինչ սկսել շուրջդ իրար խառնվել: Անձրևի ձայնից կխլանաս, հասկանալով ու զգալով, թե ինչպես եմ ես տարիներ առաջ խլացել, ու քո ներսն էլ տակնուվրա կլինի:
Ու միևնույն է, վախենալով, ամեն դեպքում կբացես նամակը, ու ամեն նախադասության հետ քո ներսում ինչ-որ բան կկոտրվի, սրտխփոցդ կուժեղանա ու մարմինդ կցավի, ասես տարիների հոգնությունը իջավ ուսերիդ: Ու այդ ժամանակ կհասկանաս, թե ինչքան ուժեղ էր իմ սիրտը ցավում, որ անհրաժեշտ պահին այդպես էլ չհասկացար, կներե՛ս, չուզեցիր հասկանալ:
Այո՛, այդ ես եմ եղել: Որ ոչ մի անգամ քեզ չանհանգստացրի ու չիմացար` ինչ է հոգսը:
Ու հիմա էլ, ոչինչ չեմ ասելու, ամեն ինչ կգտնես տողերի արանքում, ու չհարցնես՝ որտե՞ղ սխալվեցի:
Շղթայված հանդիսատես
Անվերջ մտքեր։ Դու։ Կողքովդ անցնող կյանքը։
Կյանքը կողքովդ անցնում է, իսկ դու կտրված ես աշխարհից։ Մարդիկ, րոպեները, ժամերը, օրերը կողքովդ քայլում են կամ վատագույն դեպքում՝ վազում։ Իսկ դու՞… Դու միայն նայում ես նրանց, քո աշխարհը գրկել ու բաց չես թողնում։
Կյանքը քեզ հրում է իրենից դուրս, ու դու մնում ես միայն հանդիսատեսի կարգավիճակում։
Մարդիկ քեզ չեն հասկանում, դու՝ իրենց։ Կյանքը անվերջ գնում է կողքովդ ու անգամ չի էլ բարևում։ Ու դու ստիպված մենակ նայում ես, իսկ վայրկյանները օրեր են դառնում, օրերը՝ ժամեր, ժամերը՝ շաբաթներ, շաբաթնե՞րը…
Ի տարբերություն կյանքի՝ մտքերդ երբեք քեզ չեն մոռանում։ Ո՛չ քեզ են դուրս հրում իրենցից, ո՜չ էլ դու ես կարողանում իրենցից դուրս գալ։ Ու իրենք քեզ դարձնում են իրենց գերին, ու դու շղթայված մնում ես մտքերիդ բանտում և ճաղերի միջից նայում անվերջ վազող կյանքին։
Դու պիտի դուրս գաս բանտիցդ, որը ինքդ քո մեջ ես ստեղծել, բայց իրական բանտի ճաղերը կոտրելը, շղթաները քանդելը ավելի հեշտ է, քան թե ինքդ քո միջից դուրս գալը, շղթաներդ պոկելը, մի կերպ կյանքի հետևից վազել հասցնելդ։
Կյանքը վազում է։ Հաղթանակ է տոնում մրցավազքում։ Կկարողանա՞ս քանդել շղթաներդ…
Ժամկետանց նոթեր. ձյուն, երկրաշարժ, գրպանահատ
Բոլոր պատմությունները ճիշտ են, պատահական համընկնումներ չկան, իսկ կերպարներն իրական են: Նոթերն արել եմ տարվա ընթացքում և որոշ ժամանակ անց որոշել եմ միացնել մեկ նյութի մեջ:
Հունվարի 20: Նոթեր այն մասին, թե ինչպես էի ինձ զգում Մակոտո Սինկայի նկարած կերպարներից մեկը
Գիտե՞ս, այն գնդաձև ապակե խաղալիքները: Երբ թափ ես տալիս, ներսում ձյուն է գալիս: Ու նայում ես, թե գնդի ներսում ինչպես են ձյան փաթիլներ իջնում: Հանգիստ ու բավարարված ես զգում:
Երեկ հայտնվեցի այդ գնդի ներսում: Այն տնակի մեջ էի, որտեղից կարելի է նայել, թե ինչպես է ձյուն թափվում՝ առանց կանգառի, փոքր ու արագ փաթիլներով: Օնլայն դասի ժամանակ երբեմն ստուգում էի՝ ձյունը շարունակվու՞մ է:
Կեսօրին եղբայրս գրեց ինձ բանակից: Բացեցի պատուհանը ու նկարեցի, թե ինչ սիրուն ձյուն է գալիս: Իսկ երեկոյան, երբ արդեն հեռախոսով խոսում էինք, այն դեռ շարունակվում էր: Ինձ հանգիստ ու բավարարված էի զգում: Մի ամբողջ օր տևացող ձյունը բավական է հանդարտվելու համար:
Այսօր առավոտյան տատիկը, ինչպես միշտ, բացեց պատուհանը ու հացի փշուրները լցրեց պատշգամբի ներքևի երկաթին: Երեք վայրկյան հազիվ անցած լիներ, երբ մի քանի անվախ ու արդեն ամեն օր կեր ստանալու սովոր ճնճղուկ թռցրին հացի փշրանքները ու հետ վերադարձան ծառի ձյունոտ ճյուղին: Նրանց օրինակին հետևեցին ավելի զգույշ ու անփորձները, երբ տատիկն արդեն փակել էր պատուհանը:
Երկու օր է՝ ձյուն է գալիս: Այսօր դասերը ժամը 6 անց կես են ավարտվում: Բայց մինչև այդ դասի սկիզբը, ունեմ երեք ժամ ժամանակ: Մտա Ֆեյսբուքի էջը: Այսօր նախկին դասարանցիս՝ Գոռը, պետք է 19 տարեկան դառնար: Փակեցի:
Իջա բակ՝ հաց առնելու: Ձյունը շարունակվում է: Երկու տարեկան Եվան իր առաջին ձնեմարդն է սարքում: Բակի տղամարդիկ թեթև բաճկոններ հագած հավաքվել են մեր բակի խանութի դիմաց: Մտա ներս: Արտակ ձյաձյան դրսում այդ տղամարդկանց հետ ինչ-որ բանավեճի մեջ էր: Մոտ քսան վայրկյան անց եկավ:
Նայեցի իր հետ խանութ մտնող ակնոցավոր տղային: Իր տարիքից փոքր էր երևում: Չգիտես ինչու, որոշեցի, որ պետք չէր նրան ծխախոտ վաճառել: Ձայնի մեջ անորոշություն կար:
Մակոտո Սինկայի «5 սանտիմետր վայրկյանում» անիմեում նկարված ձյունից ոգեշնչված
Փետրվարի 6: Նոթեր այն մասին, թե ինչ էի անում այն երկրաշարժի ժամանակ, որը համարյա ոչ մեկը չէր նկատել
-Լիլիթ, ո՞նց ես: Մի քանի րոպե առաջ երկրաշարժ էր,- ասաց հայրիկը հեռախոսով:
-Լու՞րջ, չեմ զգացել,- զարմացա ես ու սկսեցի հիշել, թե ինչ էի անում այդ ժամանակ:
Ընկերուհուս տանն էի: Բազմոցին նստած զրուցում էի նրա մայրիկի հետ: Մի քանի րոպե առաջ ընկերուհուս սենյակում էի: Ոչ մի տարօրինակ բան չէի զգացել, բացի ինչ-որ ձայնից, որը, ինձ թվացել էր, որ վերևի հարևանների բնակարանից է գալիս:
-Մի քիչ առաջ երկրաշարժ զգացի՞ր,- հարցրի ես ընկերուհուս, երբ վերադարձավ իր սենյակից:
-Չէ: Երկրաշա՞րժ ա էղել:
Երբ վերադարձա տուն, սեղանին դրած արդեն իսկ ոչ ստաբիլ գրքերը շուռ էին եկել, իսկ ֆրանսերենիս տետրի կազմը պոկվել էր:
Փետրվարի 13: Նոթեր այն մասին, թե ինչ էի անում այն երկրաշարժի ժամանակ, որը զգացել էին անգամ այն մարդիկ, ովքեր կյանքում երբեք երկրաշարժ չեն զգացել
-Նանուլ, էսօր քանի՞ հոգի ա գալու:
-4 հոգու եմ կանչել: Խաղեր կխաղանք, պիցցա կպատվիրենք, կխոսանք,- պատասխանեց քույրս (հորեղբորս աղջիկը):
-Հավես ա,- ասացի ես:
Ժամը երկուսն էր: Մինչև փարթին դեռ երկու ժամ կար: Զբոսնեցինք, գնացինք խանութ:
-Արդեն ժամը երեքն ա:
-Պետք ա մի քիչ շուտ կանչեի,- ասաց Նանեն:
Քանի որ ոչինչ չկար անելու, որոշեցինք կարաոկե կազմակերպել: Կարաոկեն միշտ էլ լավ միտք է, մանավանդ, որ երկուսս էլ երգել չգիտենք ու մի ժամ անց փարթի ենք անելու:
-Էլ ի՞նչ կարելի ա երգել:
-Հեսա ասեմ: Սպասի: Չասես: “When I’m 64”ը,- ասացի ես՝ հաստատ իմանալով, որ քույրս հենց դա էր ուզում առաջարկել (դե, այդ երգն էլ ունի իր պատմությունը):
-Հենց էդ էլ ուզում էի ասել,- ասաց քույրս:
«Թխի թող գա արեցինք» ու սկսեցինք բաղաձայնել:
-Էս ի՞նչ էր,- հարցրեց քույրս՝ զարմացած դեմքով:
Հետո, ինչպես հիմնականում սարսափ ֆիլմերում է լինում, այդ խոսքերից հետո նայեցինք իրար:
-Ի՞նչ ա,- հարցրի ես:
Բնականաբար, ինչպես կինոների սցենարներում, ցնցումը կրկնվեց: Բայց այս անգամ ցնցումն այնքան ուժեղ էր, որ մի պահ թվաց, որ գլուխս պտտվում է: Ֆիլմերի՝ երկրաշարժի ժամանակ շարժվող կառույցի տեսարանը բավականին մոտ է իրականությանը:
Մինչ փորձում էի ընդունել ու ընկալել, թե ինչ է տեղի ունենում, քույրս գոռաց.
-Դուրս: Դուրս ենք գալիս:
-Թռանք,- կրկնեցի ես՝ շատ լավ հասկանալով, որ ոչ մի նորմալ մարդ վեցերորդ հարկից չի իջնի երկրաշարժի ժամանակ:
Ենթագիտակցաբար ես զգում էի, որ այդ ուժեղ ցնցումը այսօր միակն էր: Կամ էլ ուղղակի չէի ուզում մտածել ուրիշ բանի մասին: Երևի քրոջս հայացքն էր, որ ստիպեց ինձ այդ քայլին գնալ:
Արդեն լավ չեմ հիշում այդ զգացողությունը: Վախի նման մի բան, որը տևեց ընդամենը մի ակնթարթ: Հասկացա, որ վախը չի փրկի, վերցրի քրոջս ձեռքը և վազեցի: Ոչ մի բանի մասին չէի մտածում, ուղղակի վազում էի այնքան արագ, որ ֆիզկուլտուրայի նորմատիվների ժամանակ ուսուցիչս կհպարտանար ինձնով:
Բակում արդեն մարդիկ կային:
-Ցուրտ ա,- ասացի ես, չնայած, ի տարբերություն քրոջս, վերցրել էի վերարկուս:
Բակի բնակիչները կանգնել էին ուղիղ շենքի տակ: Երևի էդպես ավելի ապահով էին զգում կամ էլ իրենց շենքը այնքան էին սիրում, որ չէին ուզում հրաժեշտ տալ:
-Սոված եմ: Կարո՞ղ ա արդեն մտնենք ներս: Իմաստ չկա ուղիղ շենքի տակ կանգնել,- սկսեցի բողոքել, երբ արդեն աննպատակ ման գալուց հետո կանգնել էինք շենքի տակ:
Ժամը հինգն էր: Փարթիին մի հոգի եկավ: Հա, ինքը երևի միակ մարդն էր, որ կյանքում երբեք երկրաշարժ չի զգացել:
Մարտի 11: Նոթեր այն մասին, թե ինչ դետեկտիվ պատմության մեջ ընկա, մինչև համալսարան հասնելը
-Վարորդ, մի հատ կանգնեք, էլի,- ասաց կանգնած ուղևորներից մեկը:
Այդ կնոջ ձայնի մեջ անհանգստության տոն զգացի, չնայած ականջներումս լսվող հարդ ռոքին ու պատուհանից երևացող անձրևին: Տնից մի քիչ շուտ էի դուրս եկել, որ չուշանայի դասերից:
-Ի՞նչ ա էղել,- ասաց մի քանի մարդ միաժամանակ:
-Պայուսակիս ցեպը բաց էր: Դրամապանակս չկա: Խնդրում եմ՝ անկեղծ ասեք, թե ով ա վերցրել, հետ վերադարձրեք:
Նստած էի պատուհանի մոտ՝ առաջին շարքում: Հայացքս թեքեցի աջ: Գողը մեծ հավանականությամբ տղամարդ է: Կնոջ մոտակայքում երկու տղամարդ էին կանգնած: Նրանք միանգամից դարձան իմ երկու կասկածյալները, եթե իհարկե միասին չեն աշխատում:
-Հետ տվեք դրամապանակս: Մինչև չվերադարձնեք, չենք շարժվի,- շարունակեց կինը:
-Ե՞ս… Ես ինչի՞ պետք ա գողացած լինեի: Ես բան չեմ արել… Ձեր պայուսակը բաց էր: Ձե՞ռ եք առնում,- ասաց կասկածյալ համար 1-ը, որն ավելի մոտ էր կանգնած կնոջը՝ նյարդային շարժումներ անելով և կակազելով:
-Բայց ինչի՞ եք դուք ինչ-որ մեկին անհիմն մեղադրում,- հանկարծ սկսեց խոսել մի կին ուղևոր,-ձեր պայուսակը բաց էր: Կարող ա դրամապանակը տանն եք մոռացել:
8:35: Եթե մոտ հինգ րոպե էլ կանգնած մնանք, հնարավոր է՝ ուշանամ:
Բոլորի ուշադրությունը կնոջ վրա էր: Բոլորն էլ գնում էին աշխատանքի կամ դասի: Երկրորդ կասկածյալի շուրթերին հայտնվեց թեթև ժպիտ: Մի ակնթարթ, որը կարող էին նկատել միայն նրա կողքին կանգնած աղջիկը և առաջին շարքում նստածները: Անգամ «Մահվան տետրի» Լայթը հինգ տարի զսպել էր իր ժպիտը, մինչև բացահայտվելն ու վերջնականապես խելագարվելու պատճառով թեթև քմծիծաղը շնչահեղձ լինելու աստիճան ծիծաղի վերածելը:
-Հլը երկա՞ր եք դրամապանակը ման գալու,- հարցրեց վարորդը:
Այն վարկածը, որ կինը հնարավոր է դրամապանակը տանն է մոռացել, դարձավ գրեթե ճշմարտություն բոլորի համար:
Վարորդն այլևս չէր կարող սպասել: Շարունակեց ճանապարհը:
-Մի հատ զանգեք, ճշտեք, հնարավոր ա տանն եք թողել ու անիմաստ կասկածում եք:
Մի քանի վայրկյան անց կասկածյալ համար 2-ը իջավ առաջին իսկ կանգառում, իսկ կասկածյալ համար մեկը տեղափոխվեց վարորդի կողքին՝ դռան մոտ:
Ժամանակին հասա համալսարան:
Հայրենիքիս նման Մարին
Ասում եք՝ վերջացել է պատերազմը, այո՞: Գիտե՞ք՝ իրական պատերազմը սկսվում է ռազմական գործողություններից հետո, երբ արդեն լուռ են զենքերը, բայց մենք ու մեր ցաված հոգիները չենք կարողանում լռել և անդադար մեր ներսում կռիվ ենք տալիս բոլորի՝ նենգ թշնամու, անտարբեր աշխարհի ու մեր անհաջող ճակատագրի հետ: Կանցնեն տարիներ, իհարկե, մենք կրկին շարունակելու ենք ժպտալ, ուրախանալ, ապրել մեզ բաժին հասած կյանքը, բայց, միևնույնն է, մենք միշտ հետադարձ հայացք ենք գցելու 2020 թվական և մեծ ցավով ու երախտագիտությամբ հիշելու ենք մեր հերոսներին:
Արցախի Շահումյանի շրջանի Ականաբերդ գյուղից մեզ մոտ` Լոռու մարզի Ճոճկան գյուղ վերաբնակված մի ընտանիք, ամեն օր իմ աչքի առաջ լինելով, թույլ չի տալիս հանգցնել ներսումս եղած՝ պատերազմի վառած կրակը: Որքա՜ն հարցեր ունեի, որքա՜ն պատասխաններ էի ակնկալում ստանալ նրանցից: Այդ ընտանիքի երիտասարդ կինը՝ 25-ամյա Մարին, չմերժեց իմ խնդրանքը և պատմեց այն ամենը, ինչ կատարվել էր իրենց հետ: Սառած հայացքով և թաց աչքերով մի ուղղությամբ էր նայում, տեղ-տեղ կորցնում էր ինքնատիրապետումը, չէր կարողանում զսպել իրեն և արտասվում էր այնպես դառնագին, որ այդ աչքերը ողջ կյանքում մոռանալ չեմ կարող: Այդ պահին նա ինձ համար իմ կորցրած հայրենիքն էր, իմ Արցախն էր, որին անասելի ցավ էին պատճառել:
Նախքան սկսելը, ես խնդրեցի թույլ տալ` ձայնագրել ողջ պատմությունը: Ափսոս, որ չեք կարող տեսնել նրա աչքերը և լսել դողացող ձայնը, երբ պատմում էր այս ամենը:
«Ամսի 27-ի առավոտյան ժամը 7-ին արթնացել ենք կրակոցների ձայնից: Մի պահ մտածեցի, թե ամպի ձայներն են: Ամուսնուս ասացի, որ դուրս գա, տեսնի, թե ինչ ձայներ են՝ եղանակի՞ց է, թե՞ էլի հարձակվել են: Ապրիլյանի ժամանակ էլ է այդպես եղել: Ամուսինս ասաց, որ ամպը չէ, էլի կրակոցներ են: Ասացի, որ գնա հարևանի տուն, եթե մեր հարևանը, ով ծառայող էր ու արձակուրդի մեջ էր, տանն է, ուրեմն վտանգավոր չէ, զորավարժություններ են երևի, իսկ եթե կանչած լինեն իրեն, ուրեմն վիճակը էլի սրվել է: Ամուսինս գնաց, մոտ կես ժամ սպասեցի, բայց դեռ չէր գալիս: Էլ չհամբերեցի, ես էլ գնացի նրա հետևից: Գնացի տեսա, որ մեկը մեկից ավելի տխուր են, սրտներից արյուն էր գալիս, Մոսին՝ հարևանս, ասաց, որ էլի վիճակը սրվել է, ու ինքը գնաց, իր մեքենան էլ թողեց, որ եթե տեսնենք վիճակը չի հանգստանում, երեխաներին վերցնենք ու գնանք:
Ամուսինս գնացել է գյուղապետարան, ասել, որ իրեն տանեն կռիվ, չեն ուզեցել տանեն, բայց կռվով-դավով գնացել է: Զանգել էի մամայիս, հարցնում էի՝ ինչ է անում, ասաց, որ գնում է հոն քաղելու, ասացի՝ հարձակվել են, ի՞նչ հոն, շորերը, փաստաթղթերը հավաքի, որ ամեն պահի պատրաստ լինեն դուրս գալուն: Մայրս ասաց՝ չէ՛, չեն թողնի գյուղից դուրս գանք: Մամայիս հետ կռվեցի. ես լացում էի, ասում էի` կրակոցներ են, իսկ ինքը գնում էր հոնի: Ամուսինս եկավ, ասաց, որ հավաք է, իր անունն էլ են գրել, հարցրեցի՝ գրե՞լ են, թե՞ գրել է տվել: Ապրիլյանի ժամանակ էլ իրեն չեն տարել, որովհետև ինքը փաստաթուղթ ունի, որ իրեն իրավունք չունեն պատերազմ տանելու, ասաց՝ չէ՛, գրել են: Ճիշտը չասաց, գիտեր, որ եթե ճիշտը ասեր, չէի թողնի… Եկավ մեզ հաջող արեց ու գնաց, հագին բարակ շորեր էին, հետը ոչինչ չվերցրեց, ասաց, որ պապայիս ասել է, պապան մեզ կտանի գյուղից, ամեն ինչ լավ կլինի, ու գնաց… Ես տանը մնացել եմ երեք անչափահաս երեխաների՝ 15-ամյա քրոջս ու երկու երեխաներիս հետ: Սկսեցինք լացել, բայց հույսներս չէինք կտրում: Գյուղից դուրս գալիս էլ էլի հավատում էինք, որ մի քանի օր է տևելու, ամեն ինչ լավ կլինի, էլի կվերադառնանք մեր գյուղ, մեր տուն: Մինչև հիմա էլ այդ հույսն ու հավատը ունենք, որ ամեն ինչ լավ է լինելու, մեր հողերը հետ են տալու, մեր գյուղը նորից մերն է լինելու, բայց մեր մեջ առաջվա ուժն ու եռանդը չկա, այն կոտրվել է: Ամուսինս, եղբայրս, հարազատներս կռվի գոտում էին, ու մեր մեջ էլ սիրտ չմնաց, և իրենց այդքան տանջանքն ու չարչարանքը մի վայրկյանում հօդս ցնդեց. դա շատ ցավոտ էր:
Մեր հողերը չտային, թեկուզ զգուշացնեին, ասեին՝ մի կռվեք, հողերը տալիս ենք: Այդքան զոհերը, մեր տասնութ տարեկան տղերքի արյունը մնաց թուրքի ձեռքին, հիմա այդ թափած արյունի վրայով թուրքն է քայլում…
Պապաս իմ ընտանիքը արդեն տարել էր Չարենցավան, ես էլ պապայիս հետ պետք է գնայի: Արդեն մթնում էր, ուշ էր, գյուղի ժողովրդի կեսը արդեն դուրս էր եկել, լացելով գնացել եմ ու հարևանուհուս խնդրել, որ իրենց հետ գյուղից դուրս գամ: Իրենց հետ մինչև Վարդենիս եկել ենք, Վարդենիսում հորս հորեղբոր տղան մեզ դիմավորել է, տարել իրենց տուն, մի քանի ժամ հանգստացել ենք, հետո մեզ տարել է կողքի գյուղի իր հայրական տուն, երեք օր այդտեղ մնացել ենք: Պայմաններ չի եղել, ջուրը երեք օրը մեկ էին տալիս, երեխաների կեսը հատակին էին քնում: Հինգ ընտանիքով՝ քսանմեկ հոգով, մի տան մեջ էինք մնում: Հետո հորեղբորս աղջիկը տեսավ, որ ի վիճակի չենք այդտեղ մնալու մինչև պատերազմի վերջ, մարդիկ գտավ, որ մեզ օգնեն: Մեզ տարան Չարենցավանի կողքի գյուղ, երկհարկանի մեծ տուն կար, վարձեցին, ու այդտեղ մնացինք մինչև կռվի վերջը, բայց թե ինչեր են անցել մեր գլխով, մենակ Աստված գիտի… Երեք օր ամուսնուցս լուր չեմ ստացել: Հղի վիճակում, մի կերպ սրան-նրան հարցուփորձ անելով՝ գտել եմ, դրանից հետո երեխաները հիվանդացան, ես ընկա անկողին, շատ տանջանքներով ենք անցկացրել պատերազմի օրերը: Եղբայրս է երկու անգամ վիրավորվել, և ամենադժվարը հենց նոյեմբերի 9-ին էր: Քնել էի արդեն, քույրս եկավ, ասաց՝ հանգիստ քնել եմ, վեր կենամ, աչքերս բացեցի, ասաց, որ կռիվը վերջացել է, ուրախ-ուրախ ասացի՝ վերջ, ամենքս գնում ենք մեր տուն, ասաց՝ չէ՛, չենք գնում, հողերը հանձնած է: Ամենամեծ հարվածը այդ պահին եմ ստացել, որ իմացել եմ՝ տուն-տեղս, ամեն ինչս կորցրել եմ: Հինգ օր ժամանակ տվեցին, որ գնանք մեր տան մեջ ունեցածը հանենք: Լավ հիշում եմ, որ նոյեմբերի 13-ին հղի վիճակում նստել եմ մեքենան ու քրոջս հետ գնացել: Նախ գնացել եմ իմ եղբոր հուշարձանի մոտ, որ զոհվել է էլի թուրքերի պատճառով: Ես մեկ տարի ցանկացել եմ ծաղիկներ վերցնել ու գնալ, բայց ամեն անգամ մի բան խանգարել է, չեմ կարողացել գնալ, նկարներով տեսել էի, թե քարը ոնց են սարքել, բայց երբ մտա, տեսա, որ հուշարձանի տեղը դատարկ է, քարը չկա… 2014 թվականին մենք մեծ հարված ենք ստացել ու այդ հարվածին շատ մեծ դժվարությամբ դիմացանք: 2014-ի հուլիսին Քարվաճառում ադրբեջանցի դիվերսանտները սպանել էին 17-ամյա եղբորս՝ Սմբատ Ցականյանին: Խաբեությամբ նրան պատանդ էին վերցրել, հետո սպանել: Հիմա եղբորս սպանողներին ազատ են արձակել, փոխարինել հայ գերիների հետ:
Եվ հիմա էլ այդքանը հաղթահարելուց հետո, նորից անցանք այդ ամենի միջով, ավելի լավ կլիներ հենց առաջին օրվանից տային հողերը, երևի այդքան ցավ չէինք ապրի, քան հիմա:
Գնացել եմ տանս մեջ ունեցածը վերցրել ու մեծ դժվարությամբ եմ հետ եկել, որովհետև թողնում էի իմ տունը, հողը… Ինչ էլ ուզում է լինի, ուր էլ գնաս, հա՛, մեր երկիրն է, մեր հայերն են, բայց քո տունն ուրիշ է: Մայրս ասաց, որ մտնեմ մեր հայրական տուն, այնտեղ բավականին շատ մեղր ունեինք, տանեի մեզ հետ, որ գոնե որոշ ժամանակ կարողանանք ապրել, բայց երբ մտա մեր տուն, տեսա այն դատարկ է, ամեն ինչ ավերված…
Ամիսներ հետո եկել ենք Ճոճկան, շատ դժվարությամբ ենք եկել ու հասել այստեղ, տեղից տեղ ենք փոխել, սկզբում Շամլուղ էինք գնացել, որ այնտեղ մնանք, բայց ընդամենը մի գիշեր մնացինք, չէի կարողանում հարմարվել, դժվար էր: Ամուսնուս ընկերոջ եղբայրը առաջարկեց, որ գանք Ճոճկան ու իր հայրական տանը մնանք: Եկանք, տեղավորվեցինք, մեծ քույրս երկու երեխաներիս տարավ իրենց գյուղ, ես ամուսնուս հետ մենակ մնացի… Ամբողջ օրը չորս պատի մեջ, շատ տխուր… Ոչ մի տեսակի պայմաններ չկային, ջուրը ձեռքով էինք բերում, շատ դժվարությամբ ենք այս ամենից դուրս եկել: Հետո գնացի Ստեփանավան, տեղի հիվանդանոցում ծննդաբերեցի, մի քանի օր այնտեղ մնալուց հետո էլի եկանք Ճոճկան: Փոքրի հետ շատ դժվար էր. փայտ չկար, որ տաքանայինք, ջուր չկար, որ երեխային լողացնեի, շորերը լվանայի, ամուսինս հարևանի տնից էր ջուր բերում, մոտ տասնհինգից քսան օր փոքր երեխայիս հետ այդ պայմաններում մնացինք: Այն կարգավիճակում էինք, որ բոստանից փայտի կտորներ էինք հավաքում, որ սենյակը մի փոքր տաքացնենք, չմրսի երեխան: Հետո հասկացանք, որ էլ չենք կարող այսպես, ուրիշ տուն գտանք, նորից տեղափոխվեցինք, նորից մեր ողջ ունեցածը տարանք, այն էլ փոքր երեխաների հետ, շատ դժվար էր: Մի կերպ եկանք, տեղավորվեցինք… Չգիտեմ, երևի ամեն ինչ լավ կլինի, մենք արդեն հարմարվում ենք գյուղի, միջավայրի հետ, արդեն ծանոթություն ենք ձեռք բերել, շատ ուրախ կլինենք, որ էլի այդ ամենի միջով չանցնենք»:
Մարին շարուկանում է ժպտալ և իր ժպիտով մեզ էլ հուսադրել: Եվ ես ավելի եմ համոզվում, որ իսկապես, նա շատ նման է հայրենիքիս. ապրել է այսքան ցավ, պատերազմի հետևանքները զգացել սեփական մաշկի վրա, բայց ապագայի հանդեպ ունեցած հույսից չի զրկվել:
Ո՛չ, պատերազմը չի լռել: Լռել են միայն զենքերը, բայց մեր՝ այս ամենը կրկին չապրելու հույսով ու անմար երազանքով լցված սրտերը երբեք չեն լռի:

Սերգեյ Կոզլով. Եթե ես ընդհանրապես չկամ
Տեր Կյուրեղ քահանա Տալյանի հիշատակին
Մի փոքր էլ` և աստղերը կբոցավառվեն, և դուրս կլողա լուսինն ու կսահի` ճոճվելով աշնանային խաղաղ դաշտերի վրայով: Հետո լուսինը անտառից ներս կնայի, մի քիչ կանգ կառնի` կառչելով ամենաբարձր եղևնու գագաթից, և հենց այդ ժամանակ Ոզնին ու Արջուկը նրան կտեսնեն:
-Տես,- կասի Ոզնին:
-Ըհը,- կասի Արջուկը: Իսկ լուսինն ավելի վեր կելնի ու ողջ աշխարհը կողողի իր սառը գունատ լույսով:
Այսպես էր այս ցուրտ աշնան բոլոր երեկոները: Եվ ամեն երեկո Ոզնին ու Արջուկը միասին էին. կամ Ոզնին էր այցելում Արջուկին, կամ Արջուկն էր այցելում Ոզնուն և ինչ-որ բանի մասին խոսում էին: Ահա այսօր էլ Ոզնին ասաց Արջուկին.
-Բայց ինչ լավ է, չէ՞, որ մենք իրար ունենք,- Արջուկը տմբացրեց գլխով,- միայն պատկերացրու. ես չկամ, դու նստած ես մենակ և ոչ ոք չկա, որ զրուցես հետը:
-Բա դու որտե՞ղ ես:
-Իսկ ես չկամ:
-Էդպես չի լինում,-առարկեց Արջուկը:
-Ես էլ եմ էդպես կարծում,-ասաց Ոզնին,- բայց հանկարծ այնպես ստացվի, որ ես չլինեմ: Դու մենակ ես: Ի՞նչ կանես, հը՞:
-Կգնամ քեզ մոտ:
-Ո՞ւր:
-Ո՞նց թե ուր: Քո տուն: Կգամ ու կասեմ. «Ոզնի, այդ ինչո՞ւ չեկար»: Եվ դու կասես…
-Այ քեզ հիմար: Ո՞նց կարող եմ ես ասել, եթե ես չկամ:
-Եթե դու տանը չես, ուրեմն գնացել ես իմ տուն: Հետ կդառնամ իմ տուն: Իսկ դու այնտեղ ես… Եվ կսկսեմ…
-Ի՞նչ:
-Հանդիմանել:
-Ինչի՞ համար:
-Ո՞նց թե` ինչի: Նրա համար, որ էնպես չես արել, ինչպես պայմանավորվել էինք:
-Իսկ ի՞նչ էինք պայմանավորվել:
-Ես ի՞նչ իմանամ: Բայց դու պիտի կամ ինձ մոտ լինես, կամ քո տանը:
-Բայց ախր ես ընդհանրապես չկամ, հասկանո՞ւմ ես:
-Ո՞նց թե չկաս, ահա նստած ես:
-Դա ես հիմա եմ նստած, իսկ եթե ես ընդհանրապես չլինեմ, որտե՞ղ կլինեմ:
-Կամ իմ տանը, կամ քո:
-Դա այն դեպքում, եթե ես կամ:
-Դե հա,-ասաց Արջուկը:
-Իսկ եթե ես ընդհանրապես չլինե՞մ:
-Այդ ժամանակ դու նստած կլինես գետափին ու կնայես լուսնին:
-Գետափին էլ չկամ:
-Էդ դեպքում դու գնացել ես ինչ-որ տեղ և դեռ չես վերադարձել: Ես կվազեմ, ողջ անտառը ոտի տակ կտամ ու քեզ կգտնեմ:
-Դու արդեն ամեն տեղ փնտրել ես,-ասաց Ոզնին,- բայց ինձ չես գտել:
-Կվազեմ հարևան անտառ:
-Ես այնտեղ էլ չկամ:
-Ամեն բան տակնուվրա կանեմ ու քեզ կգտնեմ:
-Չկամ ես, ոչ մի տեղ չկամ:
-Այդ դեպքում, այդ դեպքում… Այդ դեպքում ես կվազեմ դեպի դաշտը,-ասաց Արջուկը,-և կբղավեմ. «Ոոոոզնիիիի…», և դու ինձ կլսես ու կբղավես. «Արջուուուկ»: Դե ահա:
-Ոչ,-ասաց Ոզնին,-ես ոչ մի կաթիլ չկամ: Հասկանո՞ւմ ես:
-Ի՞նչ ես կպել ինձանից,-բարկացավ Արջուկը,- եթե դու չկաս, ուրեմն ես էլ չկամ: Հասկացա՞ր:
-Չէ, դու կաս, բայց ես չկամ:
Արջուկը լռեց ու մռայլվեց:
-Արջուկ, այ Արջուկ,-Արջուկը չպատասխանեց:
Նա նայում էր, թե ինչպես է լուսինը, որ բարձրացել էր անտառի վրա, իր սառը լույսը հեղում իր ու Ոզնու վրա:

































