Դարաբասից մինչև Դարբաս. մաս 2

Մանկության հուշեր 

Մի օր, շատ գեղեցիկ օր, ես և մեր հարևան Արմենը իր հեծանիվն էինք վերանորոգում, մեկ էլ՝ ինչ: Էս Արմենի պապին, ընկած մի հավի հետևից, ուզում էր բռներ ու մորթեր: Էս խեղճ հավը մտավ երկար խողովակը և խցանեց այն։ Էս մեր խելոք Վալոդ պապը ջուրը կապեց, եկավ հավը հավաքած՝ դուրս եկավ: Վալոդ պապը հավին բռնեց ու տեղնուտեղը վզքաշ արեց:

Դա եղել է իմ լավ հուշերից մեկը…

Վաչագան Ջավադյան, 10-րդ դասարան

***

Հայրենի գյու

Դարբասի գյուղապետարանի աշխատակից Սենիկ Միքայելյանի պատմածից

Սյունյաց աշխարհի մի գողտրիկ անկյունում է գտնվում իմ հայրենի, հինավուրց գյուղը: Գյուղն ունի հնագույն պատմություն։ Այն բազմիցս ենթարկվել է օտարների ասպատակումներին: Իր գոյության ընթացքում մի քանի անգամ ենթարկվել է նաև տեղահանության, սակայն ամեն անգամ հայրենի հողի կանչով մեր գյուղացիները վերադարձել են իրենց բնօրրանը: Գյուղի նախաշեմին գտնվող գերեզմանատան խաչքարերը վկայում են գյուղի պատմության հազարամյակից ավելի գոյությունը: Տարբեր պատմիչներ իրենց աշխատություններում նշում են, որ մինչև 16-րդ դարը գյուղը անվանվել է Ըղվերձ (Ըղուերձ), և ունեցել է շուրջ 700 հայկական ընտանիք, այնուհետև մոնղոլ-թաթարների և թուրք-սելջուկների հարձակումների ընթացքում վերանվանվել է Դարաբաս. թարգմանաբար Դարաբաս նշանակում է՝ ձորը գրավված է՝ «դարանը բաստ է»: 16-17-րդ դարերում Դարաբասը համարվել է վանքապատկան գյուղ, որը ենթարկվել է Տաթևի հոգևոր կենտրոնին: Գյուղից ունեցել ենք հոգևոր առաջնորդներ, որոնցից է եղել Գրիգոր Ըղվերձեցին, ում միջնորդությամբ Դարաբասը համարվել է Տաթևի վանքի դատական ատյան:

19-րդ դարի սկզբին գյուղում բնակվել են նաև թուրքեր, որոնք կազմել են բնակչության 70%-ը: Հայ-թուրքական ընդհարումների պատճառով թուրքերը մի քանի անգամ վտարվել են հայերի կողմից, սակայն կրկին վերադարձել են իրենց օթևանները: 1905 թվականին գյուղի քահանա Մարտիրոսի ջանքերով որոշում կայացվեց վերջին անգամ դուրս քշել թուրքերին: Ժողովի ժամանակ, որը տեղի էր ունենում Մարտիրոս քահանայի ղարադամում (հին տուն), թուրքերը, կանխազգալով հայերի մտադրությունների մասին, հարձակվում են ժողովականների վրա և 1905 թվականի դեկտեմբերի 26-ին գլխատում Մարտիրոս քահանային: Այդ ամենից հայ բնակչությունը չի կոտրվում, այլ իրագործում է իր մտադրությունը․ նրանք վերջնականապես թուրքերին քշում են մեր գյուղից՝ այրելով նրանց բնակարանները և կոտրատելով նրանց այգիները, որպեսզի վերադարձի հույս չունենան: Այդ դեպքից մինչև այսօր գյուղում ապրում են միայն հայերը:

1949 թ․-ին ՀՀ Գերագույն խորհրդի որոշմամբ Դարաբասը վերանվանվել է Դարբաս: Խորհրդային տարիներին գյուղը սկսել է ծաղկել ու զարգանալ, այդ ամենի հետ միաժամանակ Ստալինյան բռնապետության տարիներին գյուղից արտաքսվել է 7 ընտանիք՝ իբրև հակահեղափոխականներ: Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1943-1945թթ․) պատերազմ են մեկնել 260 համագյուղացիներ, որոնցից 84-ը զոհվել են պատերազմի տարիներին: Ի հիշատակ նրանց 1965 թվականին գյուղում կառուցվել է հուշարձան-կոթող:

Սիսիանի նախկին տարածաշրջանում Դարբասի Նոր Եռանդ կոչվող կոլտնտեսությունը գյուղական մթերքի արտադրությամբ համարվում էր ամենազարգացածը: Դարբասի միջնակարգ դպրոցը առաջադիմական բարձր հեղինակություն էր վայելում տարածաշրջանում: 1970-1980 թթ․-ին դպրոցում սովորում էր 270-300 աշակերտ, որոնցից յուրաքանչյուր տարի բուհ էր ընդունվում 15-18 աշակերտ: Դարբասցիների կրթության արդյունքում Սիսիանի շրջանի 24 տնտեսություններից 12-ի ղեկավարները դարբասցիներ էին, շրջանի շինարարական, արդյունաբերական, մշակույթի ու մյուս ոլորտներում դարբասցիները ներգրավված էին ղեկավար պաշտոններում:

1990-ական թվականներին ՀՀ-ի անկախացման և հեղափոխության թոհուբոհի մեջ խմորված էր նաև Դարբաս համայնքը: Համայնքի բոլոր բնակիչները օգտվեցին սեփականաշնորհման իրավունքից: Այսօր համայնքում ապրող 260 ընտանիքներ շարունակում են ապրել ու արարել իրենց սեփական հողից գոյացած միջոցներով: Գյուղը շարունակում է զարգանալ ու շենանալ ժամանակի ոգուն ու պահանջներին համահունչ: Դարբասը տարածաշրջանում գտնվում է իր բարձրության վրա գյուղի սոցիալ-տնտեսական և մշակութային ոլորտներով, ինչի համար կարևոր նշանակություն ունեցան բարերար Արամ և Արմեն Ստեփանյան եղբայրների ներդրումները: Նրանց ջանքերով գյուղում կառուցվեց Ս.Ստեփանոս եկեղեցին, որը փոխարինեց նախկինում Դարբասում գտնվող 7 եկեղեցիներին, միաժամանակ կառուցեցին երկու գործարան՝ ստեղծելով աշխատատեղեր, ինչը խթան հանդիսացավ կանխելու գյուղացիների արտագաղթը:

Մենք հպարտ ենք մեր գյուղով ու լցված ենք հույս ու հավատով, նրա պայծառ ապագայով:

Մերի Ղուկասյան

***

Մի կյանքի պատմություն

Սաքոյի Վալյայի պատմածը

Հինգ տարեկանըմս կորցրել եմ մորս։ Տասնհենգ տարեկանըմս կորցրել եմ հորս։ Եղբայր չեմ ունեցել։ Ունեցել եմ չորս քուր։ Չորսն ալ ռուսական ըղջկերք են իլալ, հերս էր պիրալ պատերազմից՝ զոհված ծնողների երեխեք։ Ինը աղջիկ ենք իլալ մեր տան։ Բոլորին հերս կրթություն տվավ, ինձ չըհսցրեց։ Տասնհենգ տրեկան եմ իլալ, վեր հերս մահացալ ա։ Ծանոթացա մի բանակայինի հետ։ Ճիշտն ասած, ես չեմ ծանոթացալ, խորթ մերս բոստանումը գործ էր անըմ։ Էդ տղան էլ բանակըմն էր։ Եկավ, մամայիս օգնեց՝ խորթ մորս, խորթ մերս էլ պիրավ տուն, հաց տվավ, ծանոթացավ մորս հետ։ Ես Բաքու եմ եղել, իսկ ինքը՝ հերանցս տանը Լինքորանըմը։ Տրանից հետո էդ տղան քինացալ ա, եկալ, քինացալ ա, եկալ, նկարս տեսալ ա պատան կախ, ասալ ա՝ էդ աղջիկը ստե՞ղ ա, երկու տարի ա ես էդ ըղջկան հետևում եմ, բայց չեմ մոտիկացալ։ Ուղղակի հեռուանցը, որպեսզի էդ ըղջկանը նի եկող չիլի։ Մտածալ եմ, որ բանակից պրծնեմ, էդ ըղջկանը կամ տանեմ։ Մերս ետ տառավ, թե՝ էդ աղջիկը իմ աղջիկս ա, բայց ես խորթ մերն եմ, ինքը Բաքու ա՝ իրա քրոջը տանը, ընդե ա կարդըմ։ Հետո տեղափոխվեցի հերանցս յանը, ընդեղ քինացի դպրոց։ Չթողաց ավարտեմ յոթերորդ դասարանս, ինձ եկավ պիրավ։ Խաբեցին ինձ, ասացին՝ էդ տղին յէր ենք ունում՝ որպես ախպեր։ Էդ տղան մի տարի քինաց-եկավ, ոչ ես եմ խուսցրալ, ոչ ինքը, ես երդված եմ իլալ հորս, վեր բանակայինի անունը անգամ տալու չեմ։ Նա համար, որ արդար բանակային չկա, բայց էդ տղան իրան էնքան խելուք էր պահըմ, որպես ախպեր հարգըմ ենք, բայց ես չէի խուսցնըմ, իմ մերս շատ հարգըմ էր, ինքն էլ մորս էր հարգըմ, քիվորցսալ էր հարգըմ։ Քիվորցս մինը Բեռլին էր՝ Գերմանիա։ Իմացավ տա մասին, ընդեղից ջղայնացավ քրոջս վիրա, որ ոչ մի բանակայինի իմ քուրս չի քինալու։ Խորթ մերս լսեց տա մասին, Սաքոյին ասեց՝ էդ տղուն, որ քուրը որ եկավ՝ չի թողալու։ Յոթերորդ դասարանըմը, որ պիտի քննություն տամ, դիպլոմս ստանամ, չթողաց քինամ դպրոց։ Մի աֆիցեր կար քավոր կաղնեց իրան, ինքն ալ երդվավ, որ էդ ըղջկանը սրտանց ա օզըմ։ Էկավ էդ տղան, էդ աֆիցերը երդում տվավ, ասեց, եթե էդ ըղջկանը մի մազը ծռվի, էդ տղուն հետ միասին տասը տարի բանտ եմ նըստիլու։ Ու տհենց ալ որոշեցիմ՝ որպես ախպեր։ Դե, օրերից մի օր դասավորըմ են, որ ես իրա հետ ամուսնանամ։ Դե, վերջը ըտենց դասավորվեց կյանքս էդ տղուն հետ։ Էկանք տուս, էկանք Դարաբաս։ Եկա Դարաբաս գյուղը, շատ աղքատ էր, հաց էլ չկար, որ ժողովուրդը օտեր, ձավարով էին ապրըմ։ Հացը շատ քիչ էր։ Դե, վերջը քվերքս ինձ օգնեցին, վայենի չաստը օգնեց, շենք սարքեցինք, վերջը ապրըմ ենք մինչև սօր։ Հիմա էլ նորից որբ եմ մնացալ․ ո՛չ մայր ունեմ, ո՛չ եղբայր, ո՛չ ամուսին, ո՛չ էլ ոչ մի բան։

***

Իմ պապը

Ուզում եմ պատմել իմ պապիկի մասին։ Պապիկս ծնվել է 1952 թվականի հուլիսի 4-ին՝ Դարբաս գյուղում։ 1974 թվականին եղել է Դարբասի միջնակարգ դպրոցի տնօրեն։ Մինչև այս տարվա հոկտեմբերի ութը մեր դպրոցի տնօրենն է եղել։ Նա համեստ, բարի և հարգված մարդ է մեր գյուղում։ Ես ոչ մի անգամ նրա բարձր ձայնը չեմ լսել։ Դպրոցում բոլորը նրան հարգում ու սիրում են։ Բարձր դասարանցիները միշտ ասում են․ «Ընկեր Օհանյանը լավ մարդ է»։ Պապս պատմության ուսուցիչ է։ Ես նրան շատ եմ սիրում, մանավանդ՝ իր համեստությունը։Պապիկս բացի մանկավարժ լինելուց նաև դերասան է եղել։ Մի անգամ բեմում ներկայացման ժամանակ ոստիկանները իբր պապիկիս տարել են, և հայրս դահլիճից լաց լինելովգոռացել է. -Պապայիս մի՜ տարեք, պապայիս մի՛ տարեք։

Ամբողջ դահլիճը թողել է ներկայացումը և զբաղվել հայրիկովս, որը երկար ժամանակ չի հանգստացել: Մտածել է, որ պապիկիս իսկապես տարել են։ Երևի այն, ինչ իրական է՝արվեստ է:

Զարմանում եմ, որ բողոքում են տնօրեններից, ցույցեր անում։ Ինձ թվում է՝ պապիկս երբեք այդ առիթը չի տվել։ Դրա համար էլ նրան շատ եմ սիրում և հպարտանում եմ նրանով։ Սիրում եմ քեզ, պապիկս։

Նվարդ Ռուբենյան

***

 Իմ եղբայրը

Ես Ռազմիկն եմ։ Գյուղում ինձ Ռազմո են ասում։ Ունեմ ուսանող քույրիկ և մի շատ քաղցր եղբայր, ով արդեն երկու տարեկան է։ Եղբորս ծնունդը մեզ շատ ուրախացրեց։ Ասես մի արև մտավ մեր տուն և էլ երբեք դուրս չի գալու։ Ես ու քույրս մեծ էինք, նրա հայտնվելը մեր տան մեջ մի անասելի ուրախություն էր, էլ ես ճագարներիս ու շանս հետ չեմ խաղում։ Իմ միակ խաղալիքը իմ եղբայրն է, ինձանից ուղիղ տասնչորս տարի փոքր։ Ուզում եմ մայրիկիս ու հայրիկիս շնորհակալություն հայտնել, որ ինձ մի գանձ են պարգևել։

Ռազմիկ Առաքելյան