Մարի Բաղդասարյանի բոլոր հրապարակումները

Mari Baghdasaryan malishka

Ցանկություններով նախորդ ձմեռների…

Եվս մի տարի անցավ: Մի քիչ ուրախ, մի քիչ տխուր օրերով, անցավ, ու թողեց վառ օրերի հիշողությունները: Եվս մի տարի անցավ, ու ավելի մոտեցավ համալսարանին հրաժեշտ տալու օրը: Սկզբում հրաժեշտ ենք տալիս մանկապարտեզին, մանկական խաղերին, հետո` դպրոցին, դպրոցական օրերի կատակները, խնջույքները, էքսկուրսիաները ու դրանցից մնացած ամենավառ հիշողությունները մնում են մեզ հետ: Մենք շարունակում ենք հիշել դասարանցիներին, ուսուցիչներին, ամիսներ անց պատահական հանդիպում ենք փողոցում` բարևում, մի քանի բառ փոխանակում: Բայց շատ բան է փոխվում դպրոցից հետո, դպրոցի փոխարեն գնում ենք համալսարան, ընդունվում ենք տարբեր բուհեր, տարբեր մասնագիտություններ ենք ձեռք բերում:

Գիտեք ինչո՞ւ եմ Նոր տարվա շեմին այսքանը գրում, որովհետև չգիտեմ ինչու, հենց այսօր զգացի, որ ժամանակը արագ է անցնում, որ ամիսներ անց կավարտեմ համալսարանը, ու հիշողություններս կավելանան:
Կհիշեմ ոչ միայն համալսարանում անցկացրած ուրախ օրերը, պահերը, այլ բուհի մյուս ուսանողների կատակները, որոնց հետ միասին նույն լսարանում էինք հաճախ նստում, մինչ դասախոսները կսկսեին տալ հանձնարարությունները: Ծանոթանում էինք, պատմում նախասիրություններից:
2018 թվականը ինձ նվիրեց նոր ընկերներ` ծանոթացա տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց հետ, որոնք շաբաթների ընթացքում դարձան հարազատ մարդիկ:
2018-ը ինձ տվեց մուսա, տվեց մտքեր, որոնցով համալրեցի իմ բանաստեղծությունների գրքի էջերը: Գուցե շարունակեմ գրել 2019 թվականին, եթե իհարկե հասցնեմ: Ասում եմ եթե, որովհետև ինձ սպասվում են խիստ գրաֆիկով ամիսներ` քննություններ, դիպլոմայինի պաշտպանություն, ինչու ոչ, նաև նոր հոդվածներ, հարցազրույցներ ամենատարբեր մարդկանց հետ, նպատակներ, որոնց պետք է հասնեմ քայլ առ քայլ, նոր մտահղացումներ ու հետաքրքիր ծրագրեր, որոնք պետք է կյանքի կոչվեն հենց 2019 թվականին:
Հա, չմոռանամ ասել նաև, որ եթե ապրում եք տխուր հիշողություններով, դրանք թողեք
2018-ում, ու Նոր տարին սկսեք երազանքներով, ուրախ տրամադրությամբ: Թույլ մի տվեք, որ անցյալը մուտք գործի նոր տարի, և գունավոր գրչի փոխարեն, սև թանաքով խզբզի ձեր կյանքի էջերին ու գողանա ձեր ժպիտը:
Իսկ նախորդ ձմեռների երազանքները, նպատակները ու բոլոր ցանկությունները տեղափոխեք 2019 թվական և կյանքի կոչեք…

Եվ մի քանի տող Արմեն Սարգսյանի «Չկարդացած գրքեր փոխարեն» բանաստեղծությունների ժողովածուից.

Տոներին քաղաքը լի է
նախորդ ձմեռների ցանկություններով,
և ձյունը չի դադարում ընկնել
ավելի բարձր լեռներում՝
այս փոքրիկ բակերից հեռու՝
ցանկություններով նախորդ ձմեռների…

Հեղափոխության դեմքերն ու դեպքերը

Նոյեմբերի 11-ին Եղեգնաձորի Մշակույթի տանը տեղի ունեցավ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից կազմակերպած «Հեղափոխության դեմքերն ու դեպքերը» և արվեստագետ Հռիփսիմե Հովհաննիսյանի «ՄԵՆՔ» խորագիրը կրող ցուցահանդեսը:

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի ներկայացուցիչ Անուշիկ Ռշտունին ասաց.

-Նախ ողջունում եմ բոլորիդ և շնորհակալություն եմ հայտնում ցուցահանդեսին ներկա գտնվելու համար: Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո՝ մայիս ամսին, մենք բաց հայտարարություն տվեցինք, և խնդրեցինք մեզ ուղարկել բոլոր այն նկարները, որոնք արվել են հեղափոխության օրերին: Իրականում խիստ չափանիշներ չունեինք, մենք ուզում էինք ստանալ Հայաստանի հպարտ քաղաքացիների աչքով արված լուսանկարներ: Դուք տեսնում եք լուսանկարների մի մասը, իրականում դրանք շատ շատ են, մենք կարողացանք տպել և ներկայացնել միայն այն լուսանկարները, որոնք ունեն բարձր որակ, այնուհետև վերցրեցինք մեր ցուցահանդեսը, և սկսեցինք շրջել Հայաստանի տարբեր մարզերով, որովհետև մարզերում ապրող շատ մարդիկ հնարավորություն չեն ունեցել հեղափոխության օրերին Երևանում լինելու:

Ցուցահանդեսը հասցրել է արդեն հյուրընկալվել՝ Գյումրիում, Իջևանում, Էջմիածնում,  Վեդիում, Մարտունիում։ Այս անգամ կանգառը Վայոց Ձորի մարզն է։ Մենք մեծ սիրով ներկայացնում ենք մեր ցուցահանդեսը Եղեգնաձորում: Ես շատ ուրախ եմ, որ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը ներկա է այս ցուցահանդեսին: Ներկաները կարող են գտնել մարզպետին լուսանկարներում:
Եվ իզուր չէ, որ մեր ցուցահանդեսը կրում է «Հեղափոխության դեմքերն ու դեպքերը» խորագիրը: Մարզպետ Տրդատ Սարգսյանը այդ հեղափոխության դեմքերից մեկն է եղել: Եվ ես մեծ սիրով խոսքը փոխանցում եմ նրան:
-Ես շնորհակալություն եմ հայտնում Ձեզ այս ցուցահանդեսը Եղեգնաձոր բերելու համար: Երբ առաջին անգամ ցուցահանդեսը եղավ Երևանում, հեղափոխությունը նոր էր իր արդյունքին հասել, և այն ժամանակ ցուցահանդեսն այն ազդեցությունը չունեցավ ինչ-որ հիմա: Ես չգիտեմ այսօրվա ցուցահանդեսի ներկաներից շատերը ունեցե՞լ են մասնակցություն հեղափոխությանը, եղե՞լ են հրապարակում թե ոչ, զգացե՞լ են այն հույզերն ու ապրումները, որոնք մենք ունեցել ենք այդ օրերին: Բայց հիմա նկարներին նայելով վերհիշում եմ այդ օրերը, և շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ Անուշիկ Ռշտունի, ցուցահանդեսը կազմակերպելու համար,- ասաց Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը:

Կարևորելով հեղափոխության արժեքների տարածումը և այդ օրերի համախմբվածության պայքարի մթնոլորտի ու գաղափարի վառ պահելու հրամայականը՝ ցուցահանդեսը մինչև տարեվերջ կներկայացվի նաև Հայաստանի այլ քաղաքներում։

Mari Baghdasaryan malishka

Հորինելով աշնան մեղեդին

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Ինչ-որ տեղ աշունը շտապել է, ինչ-որ տեղ՝ ուշացել։

Աշնան ու անձրևի մասին գրելը դարձել է առօրյան լրացնող զբաղմունք։ Ժամանակի ընթացքում կուտակված մտքերը այցի են գալիս նոր աշուններում։ Հա, համալսարան գնալու ճանապարհին հասցնում եմ երգեր լսել։ Դա մոտ երկու ժամ է տևում, այդ երկու ժամում լինում է այնպես, որ նույն երգը մի քանի անգամ եմ լսում, երևի նմանեցնում եմ ապրումներիս։

Օրեր առաջ Ջերմուկում էի։ Ցուրտ էր, ձյուն էր եկել, ճոպանուղու վերևում ձյան շերտ էր մնացել, արևին երևի չէր հաջողվել այն հալեցնել։

Գունավոր անտառը մի քանի մետր բարձրությունից հեքիաթային էր թվում։ Եթե անկեղծ, չեմ սիրում նույն վայրը մի քանի անգամ գնալ, ձանձրալի է։ Մենք հաճախ շտապում ենք ինչ-որ տեղ, ինչ-որ մեկի հետ հանդիպման, ուշանալ չենք սիրում, սպասեցնել՝ նույնպես, բայց ուրիշ ի՞նչ ձևով կարելի է հասկանալ, որ ինչ-որ մեկը միշտ կսպասի քեզ՝ հաշվի չառնելով անձրևն ու ձյունը, որ քաղաքի աղմուկից հեռու ինչ-որ սրճարանում, ինչ-որ մեկը նախօրոք թեյ կամ տաք շոկոլադ է պատվիրել, ու քեզ է սպասում։ Մտքերս եկան ու խառնվեցին իրար, ինչ-որ բան պակասում է, ինչ-որ մեկը հեռու է կիլոմետրերով։ Պակասում է ժամացույցս, որ երեք տարի ձեռքիս կապված էի թողել, և որը կոտրվեց շաբաթներ առաջ։ Պակասում է մեկն, ով ինչ-որ ժամանակ աշնան մեղեդին էր հորինում։

Այսպես խառը մտքերով շարունակում եմ քայլերս, կոնկրետ ինչ-որ տեղ չեմ գնում, բայց Գորիսում մի տեղ կա, որտեղ մուսաս հաճախ է այցելում, ի դեպ, միշտ հուշում է, որ շարունակեմ գրել գիրքս։ Ապագա քննի՞չ, լրագրո՞ղ, թե՞ գրող, հիմա մուսայիս ո՞նց բացատրեմ, որ ինքս էլ չեմ կողմնորոշվում, ու արդեն նոր մասնագիտություն ընտրելու մասին եմ մտածում։

Նայում եմ շուրջս՝ անծանոթ մարդիկ են, անծանոթ հայացքներ։ Իսկ նստարաններից մեկին տակառը ձեռքին նստել է մեծն Մհեր Մկրտչյանը։ Ժպիտը դեմքին՝ հետևում է քաղաքի անցուդարձին, նույն ժպիտով նայում է իր կողքին նստող ծերունիներին ու երիտասարդներին, և թե ինչ է մտածում՝ գիտի միայն ինքը։

Նստում եմ Մհեր Մկրտչյանի կողքին, և կիթառը, որ հետս էր այսքան ժամանակ, հուշում է, որ ժամանակն է նվագելու։ Նվագում եմ։ Մկրտչյանը կրկին ժպտում է։ Իսկ թե որ երգի նոտաներն են կիթառի լարերին կյանք տալիս, թող հայտնի լինի միայն ինձ և նրան։

«Ժամանակն է»

«Rec-Time» կինոընկերությունը ֆիլմարտադրության մեջ հայտնի դարձավ 2014 թվականին «Ելք չկա» ֆիլմով։ Կինոընկերության գործադիր տնօրենը և պրոդյուսերը կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանն է։ Այս տարի հոկտեմբերի 25-ին «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց կինոընկերության երկրորդ ֆիլմը` «Ժամանակն է»: Ֆիլմի նկարահանումներն սկսվել են նախորդ տարվա սեպտեմբերից Հունաստանում, շարունակվել Ռուսաստանում, իսկ որոշ ժամանակ դադարից հետո վերսկվել են Հայաստանում։ Ֆիլմը վերջնական տեսքի բերելու համար նկարահանումներ են տեղի ունեցել Վրաստանում և Թուրքիայում։

-Ֆիլմը հայ ժողովրդի անցյալի պատմության փաստագրական էջերի մասին է, որոնցում ցույց ենք տալիս, որ մենք չենք մոռացել և չենք մոռանալու մեր անցյալը, հպարտ առաջ ենք գնալու և անկոտրում ենք լինելու ավելի, քան կանք,- ասաց Կամո Ունանյանը։
Նա նաև նշեց, որ փորձել են լավ որակի ֆիլմ ստանալ, որտեղ ցույց կտային հայի ուժն ու ոգին։
Ֆիլմի փակ պրեմիերայից առաջ տեղի ունեցավ ասուլիս, որին ներկա էին լրագրողներ, լուսանկարիչներ, դերասաններ, Կամո Ունանյանի հարազատները, ընկերները։ «Ժամանակն է» Ֆիլմի ռեժիսորը Վահե Սայանն է, պրոդյուսերը` Կամո Ունանյանը, դերասանական կազմը բաղկացած է հետևյալ թիմից` Կամո Ունանյան, Ալեքսանդր Խաչատրյան, Ժաննա Բուտուլյան, Արսեն Լևոնյան, Անատի Սաքանյան, Ադրիանա Գալստյան, Նարեկ «Մեծ Հայք» Պետրոսյան, Մարիամ Մելիքյան, Արմեն Մարգարյան և այլք։
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը, որը ֆիլմում մարմնավորում է Հասանի կերպարը, նշեց, որ իրեն շատ հետաքրքիր էր դերասանական երիտասարդ կազմի հետ աշխատելը։

-Երբեք թուրքի կերպար չեմ մարմնավորել։ Բայց մտածեցի, որ հայը թուրքին ավելի լավ է ճանաչում, քան հենց իրենք իրենց։ Եվ մտածեցի՝ ինչո՞ւ հայը չներկայացնի թուրքին,- նշեց Ալեքսանդր Խաչատրյանը։

Նա նշեց նաև, որ ֆիլմի գնահատողը հանդիսատեսն է։

-Հուսով եմ, որ ֆիլմը դուր կգա հանդիսատեսին, և մեր արած աշխատանքը զուր չի լինի։ Կարծում եմ՝ սա շատ կարևոր և պետքական թեմա է, որը միշտ հուզել է բոլորիս,- ավելացրեց Ալեքսանդր Խաչատրյանը։
Անատի Սաքանյանը, որը մարմնավորում է Հասանի դստերը, նկատեց, որ այս կերպարը շատ է տարբերվում իր խաղացած մյուս դերերից։ Պրեմիերային ընդառաջ նա բավականին անհանգիստ ու լարված էր, սրտի թրթիռով էր հետևում ֆիլմին, քանի որ առաջին անգամ էր դիտում այն։ Գեղարվեստական ֆիլմում ներկայանալու փորձ Անատին ունեցել է փոքրիկ դերերով, սակայն առաջին անգամ է ներկայանում գլխավոր դերով, ինչի պատճառով շատ ոգևորված էր։
Դերասան Խորեն Աբրահամյանի թոռը` դերասան Արսեն Լևոնյանը, մարմնավորել է Հասանի որդու կերպարը։ Նրա համոզմամբ՝ դերասանը պետք է կարողանա ցանկացած դեր խաղալ՝ առյուծից մինչև թուրք։

Ժաննա Բուտուլյանն ասաց, որ իր կերտած յուրաքանչյուր կերպար ունի հետաքրքրություն, քանի որ նկարահանման հրապարակում միշտ սովորում է։

-Ես առաջին անգամ նկարահանվել եմ «Դժվար ապրուստում», որի ռեժիսորը Վահե Սայանն էր։ Հետագայում տարիներ շարունակ աշխատել ենք, և հաճույքով եմ աշխատում իր հետ։ Կամո Ունանյանի հետ հետաքրքիր է աշխատելը, քանի որ շատ մեծ էնտուզիազմով է անում իր աշխատանքը, և դա փոխանցվում է քեզ։ Նկարահանման ընթացքը շատ հետաքրքիր էր։ Տեսարաններից մեկում մեքենա եմ վարում։ Այդ օրը կարող էր էքստրեմալ լինել, քանի որ նման հզոր շարժիչով մեքենա վարելու փորձ չունեմ, բայց ամեն ինչ բարեհաջող անցավ,- ասաց Ժաննա Բուտուլյանը։
Ֆիլմի երաժշտությունը պատկանում է Play Beck ընկերությանը, ի դեմս Նարեկ «Մեծ Հայք»-ին։
Ֆիլմի ավարտին հնչեցին հանդիսատեսի ծափահարությունները, ներկաները մոտենում և շնորհավորում էին դերասանական կազմին՝ մաղթելով նորանոր հաջողություններ և նոր բարձունքներ։

Մալիշկայի նոր մեկնարկը

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Հարցազրույց Մալիշկա համայնքի պաշտոնակատար Հունան Հունանյանի հետ:

-Պարոն Հունանյան, պատմեք Ձեր մասին. որտե՞ղ եք սովորել, որտե՞ղ եք աշխատել մինչ համայնքի ղեկավարի պաշտոնին նշանակվելը:

-Ես ծնվել եմ 1976 թվականի փետրվարի 23-ին Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղում: 1982-1992 թվականներին սովորել և ավարտել եմ Մալիշկայի թիվ 2-րդ դպրոցը, 1992-1994 թվականներին սովորել և ավարտել եմ Երևանի Ֆինանսատնտեսագիտական տեխնիկումի Եղեգնաձորի մասնաճյուղը: 1994-1995 թվականներին ծառայել եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, 1995 թվականի հունիսին մարտական առաջադրանք կատարելիս վիրավորվել եմ, և այժմ առաջին կարգի զինհաշմանդամ եմ: 1997 թ. ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել եմ «1992-1994 թթ. մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով:

1996-2001 թվականներին սովորել և ավարտել եմ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը: 2000 թվականից զբաղվում եմ հաշմանդամային սպորտով, գրավել եմ 30-ից ավելի I և II մրցանակային տեղեր` անվասայլակով թենիս, բասկետբոլ, սայլակավազք և ծանրամարտ մարզաձևերում:

1996 թ.-ից առ այսօր «Նոր որակ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենն եմ: 2012 թ.-ից առ այսօր «Սատար» հաշմանդամների ՀԿ-ի հիմնադիր նախագահն եմ: 2013 թ.-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանագրով պարգևատրվել եմ «Ծովակալ Հ. Ս. Իսակով» մեդալով:

2016 թ.-ից առ այսօր «Հայրենիքի պաշտպան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր տնօրենն եմ: 2017 թ.-ին ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել եմ «Վազգեն Սարգսյան» մեդալով:
1994-2018 թթ․ hայրենիքի պաշտպանության, հասարակական ակտիվության և բարեգործական ծրագրերի իրականացման համար արժանացել եմ 80-ից ավելի պատվոգրերի, շնորհակալագրերի, մեդալների և պարգևների:

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

-Ե՞րբ եք նշանակվել Մալիշկա համայնքի ղեկավարի պաշտոնում: Ի՞նչ բարեփոխումներ եք կատարել նշանակվելուց հետո:

-2018 թ. սեպտեմբերի 13-ից ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի թիվ 44 որոշմամբ նշանակվել եմ Վայոց Ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Մալիշկա գյուղում շատ խնդիրներ կան, հասարակության պահանջները հաշվի առնելով՝ այդ խնդիրներից առանձնացվել են առավել կարևորները: Սկսվել է 2 մանկապարտեզների վերանորոգումը, թիվ 2 մանկապարտեզում վերանորոգվում է ճաշարանը, իսկ առաջին մանկապարտեզում 80%-ով վերանորոգում է կատարվում, որովհետև մանկապարտեզը անմխիթար վիճակում է գտնվում, վերանորոգվում են ճաշարանը, երեխաների միջոցառումների դահլիճը, շենքային մասը:
Սկսվել է սանիտարական մաքրում ամբողջ համայնքում, բարեկարգվում են փողոցները, գյուղի արտաքին լուսավորության աշխատանքներն են սկսվել: Մշակույթի տան սենյակներից մեկն է վերանորոգվել, որը պարի խմբի երեխաների համար է: Սկսվել են գյուղի մուտքի աշխատանքները, գեղեցիկ լուսավորությամբ, կանաչապատումով մուտք է նախատեսված, որի աշխատանքները մոտավորապես 10 օրից կավարտվեն:

-Ի՞նչ ծրագրեր ունեք մոտ ժամանակներս:

-«Գյուղի տակ» կոչվող տարածքում մի քանի օրից կսկսվեն բարեկարգման աշխատանքները, կբարեկարգվի գյուղի հուշարձանը:
Նշվում են բոլոր տոնական օրերը, մեծ շուքով նշել ենք Անկախության օրը, Ուսուցչի տոնը: Կազմակերպել ենք միջոցառում մեր գյուղի այն տղաների համար, ովքեր մարտական հերթապահություն են իրականացնում, կատարվել է պատվոգրերի պարգևատրման արարողություն, հյուրասիրություն, այդ օրը տոն ենք դարձրել մեր սահմանապահների համար: Ուսուցչի տոնին նվիրված նույնպես մեծ համերգ է կազմակերպվել գյուղի դպրոցների ուսուցիչների համար, դպրոցներում հայտարարվել է ֆոտոմրցույթ, լավագույն ուսուցիչը, լավագույն լուսանկարները արժանացել են մրցանակների:
Մեծ ուշադրություն ենք դարձնում մշակույթային ծրագրերի և սպորտի զարգացմանը, ծրագրում ենք Մալիշկայում բացել Երիտասարդական կենտրոն, որտեղ կլինի թենիսի սրահ երիտասարդների համար, ինչպես նաև կենտրոնի երիտասարդները կկարողանան աջակցել գյուղի զարգացման ծրագրերին:
Շուտով գյուղում կսկսվեն բոքսի և կարատեի պարապմունքներ:
Այս ծրագրերի մեծ մասը մինչև ամսվա վերջ կձգտենք իրականացնել:
Նախապատրաստվում ենք ընտրություններին, կարևորում ենք նաև այն փաստը, որ ավագանու անդամների թվում պետք է լինեն կանայք, մանկավարժներ: Ես դպրոցներում կոչ եմ արել, որ մանկավարժներից մի քանի կանայք լինեն ավագանու անդամների թվում:
Ես այս ժամանակն օգտագործել եմ գյուղում փոփոխություններ կատարելու համար, որպեսզի համայնքի բնակիչները իմանան, որ մեծ ցանկության դեպքում հնարավոր է փոփոխություններ, բարեկարգումներ իրականացնելը:
Համայնքի ներուժն է ինձ մեծ ուժ տալիս այս ծրագրերն իրականացնելու, որովհետև երկար ժամանակ անց գյուղացիներն զգում են, որ գյուղում կատարվում են բարեկարգումներ, և լցվում են հավատով:
Իսկ ամենակարևորը, որ քո առաջ դնում ես նպատակ և սկսում ես լուծել առաջացած խնդիրները, իսկ հետո քիչ-քիչ ամեն ինչ սկսում է կարգավորվել, և արդյունքը գոհացնում է:

Քեզ համար, Երևան

Հոկտեմբերի 3-ին Վայոց Ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ գեղարվեստական ցերեկույթ, որը նվիրված էր Էրեբունի-Երևանի 2800-ամյակին։

Մինչ միջոցառումն սկսելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին աշխարհահռչակ շանսոնյե, երգահան, դերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հիշատակը։
Այնուհետև հնչեց նրա «Քեզ համար, Հայաստան» երգը։
Միջոցառումն սկսվեց Էրեբունի-Երևանի կառուցման պատմությամբ։
Երևանը Հայաստանի 12-րդ մայրաքաղաքն է, հանրապետության մշակութային, գիտական կենտրոնը։ «Հաղթանակ» զբոսայգուց նայելիս՝ Երևանը վարդագույն քարե ծաղիկ է թվում, դիմացդ հառնում է Արարատը։ Այնտեղ՝ հեռվում ուրվագծվող բլուրների վրա, դարեր շարունակ եղել են բնակավայրեր, իսկ Ավանի ձորի լանջերը և Հրազդանի քարայրները կացարաններ են եղել դեռևս մարդկության պատմության արշալույսին։ Պեղումների և շինարարական աշխատանքների ընթացքում ներկայիս Երևանի տարբեր մասերում հայտնաբերվել են դամբարաններ, նյութական մշակութային բազմաթիվ մնացորդներ։ Երևանի տարածքի հնագուն բնակավայրերից է Շենգավիթը, որին հաջորդել են Ծիծեռնակաբերդի, Վարդաձորի բլուրի բրոնզեդարյան բնակավայրերը։
Միջոցառման ընթացքում ասմունքող երիտասարդների շուրթերից ներկաները լսեցին տարբեր հեղինակների ստեղծագործություններ՝ նվիրված մայրաքաղաք Երևանին։
Երևանին նվիրված գովքեր են գրել գուսանները, երգահանները, ինքնուս ստեղծագործողները։
Վայոց Ձորի տաղանդաշատ երեխաները՝ Անահիտ Գևորգյանը և Մհեր Մհերյանը, որոնք գրադարանի լավագույն ընթերցողներն են և այս տարի մասնակցում էին մանկական Եվրատեսիլի նախընտրական փուլերին («1+1» անվամբ), ներկա էին Էրեբունի-Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառմանը և հանդես եկան դուետով։

Mari Baghdasaryan malishka

«Երկնագույն կածանների հևքը»

Օգոստոսի 6-ին Եղեգնաձորի Երկրագիտական թանգարանում գրքի շնորհանդես էր: Գրքի հեղինակը Վանիկ Դանիելյանն է: Նա Վայոց Ձորի մարզի Շատին գյուղից է: Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը կարմիր դիպլոմով: 1975 թվականին աշխատել է Շատինի միջնակարգ դպրոցում որպես ուսուցիչ, ապա նույն դպրոցի տնօրեն: 1981 թվականից աշխատել է Եղեգնաձորի ժողկրբաժնում որպես տեսուչ:

2006 թվականից մինչ օրս աշխատում է Կրթության ազգային ինստիտուտի Վայոց Ձորի մասնաճյուղում որպես փոխտնօրեն՝ գլխավոր մասնագետ:
Վանիկ Դանիելյանի ստեղծագործությունները տպագրվել են տարբեր թերթերում և գրական-գեղարվեստական հանդեսներում:
«Երկնագույն կածանների հևքը» պատմվածքների ժողովածուն Վանիկ Դանիելյանի առաջին գիրքն է, և նա որոշել էր իր գրքի շնորհանդեսը Եղեգնաձորում կազմակերպել: Գրքի շնորհանդեսին ներկա էին Վանիկ Դանիելյանի հարազատները, ընկերները, մարզպետարանի աշխատակիցները և ընթերցասեր երիտասարդներ:
Ներկաներից շատերը իրենց ստի խոսքն էին ասում ու շնորհավորում էին Վանիկ Դանիելյանին գրքի լույս տեսնման կապակցությամբ:
Ես էլ մոտեցա՝ բարևեցի, ներկայացա, շնորհավորեցի և ծանոթացա գրող Վանիկ Դանիելյանի հետ: Նաև նվեր ստացա գիրքը՝ հեղինակի մակագրությամբ:
«Երկնագույն կածանների հևքը» պատմվածքների ժողովածուում տեղ էին գտել պատմվածքներ, որոնք կարդալիս կամ տխրում ես, կամ ուրախանում, պատմվածքներ, որոնք պետք է կարդաս կամ ամռան տապին, կամ անձրևոտ օրերին, որ կարողանաս հասկանալ գրողի հույզերն ու ապրումները:
«Ասում են՝ արցունքները հոգու վիշտն են, իսկ ժպիտը՝ նրա բերկրանքը:
Քրտնեց սառույցը, հորանջեց ձմեռվա նիրհից, և քրտինքի առաջին կաթիլը, դանդաղ սահելով նրա սառը ճակատով, աստիճանաբար մեծացավ և հասնելով սառցի հոնքին՝ մի վերջին անգամ կառչեց նրանից և չկարողանալով կանգնել՝ երերաց ու հառաչելով գլորվեց, բախվեց ջրափոսի հատակին:
Կաթիլը ցավ զգաց»:
Իսկ սա հատված է Վանիկ Դանիելյանի «Երբ արցունքներն են հոսում» պատմվածքից:

Արա Գյուլերը Եղեգնաձորում

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Հայազգի աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը ծնվել է 1928 թվականի օգոստոսի 16-ին Ստամբուլում: Նա այն եզակի լուսանկարիչներից է, որի նկարները 1960-ականներից սկսած տպագրվել են նշանավոր հեղինակների գրքերում և ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրներում: 1968 թվականին Արա Գյուլերի աշխատանքները ներկայացվել են Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում: Նա նկարել է այնպիսի ճանաչված մարդկանց, ինչպիսիք են նկարիչներ Սալվադոր Դալին, Մարկ Շագալը, Պաբլո Պիկասոն, կինոռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքը և շատ ուրիշներ: Գյուլերի աշխատանքները գտնվում են աշխարհի տարբեր թանգարաններում:

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Եղեգնաձորի պատկերասրահում Գյուլերի 90-ամյա հոբելյանին նվիրված ցուցադրություն էր կազմակերպված: Ցուցադրված էր Գյուլերի` հանրությանը հայտնի լուսանկարների շարքը, որը կրում էր «Ակնթարթից դեպի հավերժություն» խորագիրը: Այդ լուսանկարները նա արել է իր կյանքի տարբեր տարիներին: Ապրելով Ստամբուլում` Արա Գյուլերը կարողացել է ստեղծագործել և ունենալ այնպիսի ստեղծագործություններ, որոնցով մենք այսօր կարող ենք հիանալ: Գյուլերը նկարել և հանրությանն է ներկայացրել այն գեղեցիկը, որը հաճախ կարող է վրիպել մեր աչքից:

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Ցուցահանդեսի առաջին ներկաները Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի աշխատակիցներն էին, որոնք մեծ հետաքրքրությամբ զննում էին Գյուլերի աշխատանքները: Այնուհետև պատկերասրահը լցվեց տարբեր մասնագիտության, բնավորության տեր մարդկանցով: Ոմանք խորասուզվում էին նկարների մեջ ու անթարթ աչքերով նայում էին, ոմանք քննարկում էին և ուրախանում, որ Եղեգնաձորում այդպիսի աշխարհահռչակ լուսանկարչի աշխատանքներն են ցուցադրվում:
Ցուցահանդեսի ընթացքում շատերն իրենց սրտի խոսքն ասացին, և նրանցից մեկը Վայոց Ձորի մարզի լուսանկարիչ Էդուարդ Բագրատունին էր:

-Ես 1970 թվականից լուսանկարում եմ, և երազանքներիցս մեկը այս տարիների ընթացքում կատարվեց: Կուզեի նաև Մալաք Քարշին տեսնել, որովհետև ոչ մի ուրիշ նկարիչ, լուսանկարիչ այնպես չի բացահայտել Ստամբուլի դեմքը, ինչպես այդ երկու հայազգի նկարիչները: Մի օր բացեցի մի ամսագիր, տեսա Քարշի լուսանկարը, հետո` Գյուլերի և սկսեցի երազել: Մալաք Քարշին Եղեգնաձորում տեսնել չկարողացա, բայց այսօր կատարվեց մյուս երազանքս` տեսա Արա Գյուլերի լուսանկարների ցուցադրությունը Եղեգնաձորում:
Այստեղ ցուցադրված են այնպիսի լուսանկարներ, որոնց քննադատության մասին խոսք գնալ չի կարող, դա արվեստ է և վերջ:

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Իսկ ավարտին Գյուլերի նկարով փոքրիկ գրքույկներ ստացան ցուցադրության բոլոր ներկաները: Գրքույկի շապիկին Գյուլերի և նրա մի քանի աշխատանքների նկարներն էին: Բացելով գրքույկը` մարդիկ ծանոթանում էին Արա Գյուլերի կենսագրությանը:

Նաև ուզում եմ ասել, որ ցուցադրությունը դեռևս բաց է բոլոր հետաքրքրված անձանց համար: Եթե սիրում ես լուսանկարել, հետաքրքրված ես լուսանկարչությամբ, բաց մի թող առիթը տեսնելու հանրահռչակ լուսանկարչի ստեղծագործությունները:

Mari Baghdasaryan malishka

Հանդիպում Վայոց Ձորի մարզպետարանում

Հուլիսի 11-ին Վայոց Ձորի մարզպետարանում ես, որպես «Վարդաձոր» թերթի լրագրող, ներկա գտնվեցի Վայոց Ձորի մարզում կոռուպցիայի դեմ պայքարի քննարկմանը նվիրված հանդիպմանը, որը տեղի ունեցավ նորանշանակ մարզպետ Արագած Սաղաթելյանի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ և շահագրգիռ անձինք:

Հանդիպման ժամանակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրացրին բազում հարցեր, որոնք անմիջական լուծումներ էին պահանջում: Հնչեցին առաջարկություններ, որոնք վերաբերում էին մարզային երթևեկության բարելավմանը, հիվանդանոցներում նոր կադրերի ավելացմանը, մարզական և մշակութային կազմակերպություններում մատուցվող ծառայությունների գները պատերին փակցնելուն, Վայոց Ձորում լրատվության դերի բարձրացմանը:
Մարզպետ Արագած Սաղաթելյանը պատասխանում էր հնչած բոլոր հարցերին և կարևորագույն շեշտը դնում էր կոռուպցիայի դեմ պայքարի վրա:
Նաև շեշտեց, որ ավագանու նիստերը պետք է ավելի հաճախ լինեն, և հասարակական կազմակերպությունների անդամները նույնպես պետք է իրենց ակտիվ մասնակցությունն ունենան ավագանու նիստերին և ծանոթանան ՀՈԱԿ-ների՝ «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների» ծախսերին:
Բարձրացվեցին նաև՝ մարզում ճամբարներ բացելու, հաճախակի միջոցառումներ կազմակերպելու, համայնքապետարանի բյուջեները ցուցատախտակներին փակցնելու և թեժ գիծ ունենալու հարցերը:
Թեժ գծի հեռախոսահամար ունենալը մարդկանց հնարավորություն կտա ցանկացած պահի ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:
Իսկ վերջում առաջարկ եղավ Վայոց Ձորի մարզպետարանի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև «Գործունեության հուշագիր» կնքել, որպեսզի քննարկումներ կազմակերպվեն մարզի կենսագործունեության այլ խնդիրների վերաբերյալ նույնպես:
Մոտ ժամանակներս մարզպետ Արագած Սաղաթելյանը կունենա հանդիպումներ ավագանու անդամների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Օրեր` լցված վիտրաժներով

Այսօր Եղեգնաձորի «Գիտելիք» համալսարանում տեղի ունեցավ վիտրաժային աշխատանքների և զգեստների ցուցադրություն: Ինչպես նաև «Palazzo di Luss- Շքեղության պալատ» նորաբաց բրենդի ցուցադրությունը: 

 Ցուցադրությունից հետո հարցազրույց ունեցա սրահում ցուցադրված վիտրաժների հեղինակ և զգեստների մոդելավորող Լյուսի Հովհաննիսյանի հետ: 

-Ես Լյուսի Հովհաննիսյանն եմ: Նախ և առաջ ուզում եմ ասել, որ ես մասնագիտությամբ դիզայներ եմ, բայց իմ մասնագիտությամբ չեմ աշխատել: Հետո, լսելով հարազատ մարդու խորհուրդը, գնացի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և սկսեցի հաճախել վիտրաժի (ապակենկար) դասընթացների: Ինքս էլ չէի պատկերացնում, որ այդքան կսիրեմ վիտրաժային արվեստը: Սովորելուց հետո սկսեցի ամբողջ օրը նկարել, ստեղծել նորանոր վիտրաժներ: Եվ ես դա անում եմ մեծ հաճույքով, այն դարձել է ինձ համար ոչ թե մասնագիտություն, այլ ապրելակերպ, չեմ պատկերացնում իմ կյանքը առանց դրա:

-Ե՞րբ բացվեց Ձեր խումբը, ինչպե՞ս սկսեցիք սովորեցնել վիտրաժային արվեստը երիտասարդներին

-Անկեղծ ասած՝ երկար ժամանակ պահանջվեց խումբ բացելու համար: Իսկ հետո, երբ Եղեգնաձորում բացվեց խմբակը, ես ունեցա աշակերտներ և սկսեցի սովորեցնել վիտրաժ:
Հետո մտքովս անցավ ունենալ ցուցադրություն, իսկ ցուցադրությունը կիսատ կլիներ, եթե ներկայացնեի միայն իմ և խմբակների մասնակցած աշակերտների աշխատանքները: Քանի որ իմ խմբի աշակերտների մեջ կային կարարվեստի մասնագետներ, մենք փորձեցինք թիմ դառնալ: Ես մոդելավորեցի հագուստները, որոշեցի, որ ինքս էլ պետք է կարել սովորեմ և սկսեցի կարուձևի դասընթացների հաճախել:

Քանի որ դիզայներներն ունեն իրենց ոճը և ամեն դիզայներ փորձում է յուրահատուկ լինել իր ոճի մեջ, մենք, փորձելով չկրկնվել, անգույն կտորը սկսեցինք նկարազարդել, հետո արդեն ունեցանք զգեստների գեղեցիկ հավաքածու և կազմակերպեցինք ցուցադրությունը: 

-Ի՞նչ ծրագրեր ունեք մոտ ժամանակներս

-Առաջիկայում շատ մեծ ծրագրեր ունեմ: Լինելու են ցուցադրություններ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս: Քանի որ իմ արմատները Վայոց Ձորից են, ես շատ կապված եմ Վայոց Ձորի հետ, այստեղի մարդիկ ինձ հոգեհարազատ են, և հենց դա էր պատճառը, որ առաջին ցուցադրությունը կազմակերպեցի Եղեգնաձորում: Մոտ ժամանակներս իմ աշխատանքների ցուցադրությունը տեղի կունենա Ջերմուկում, որտեղ ես ապրել, մեծացել եմ, այնուհետև ցուցադրություն կլինի Երևանում: 

-Ովքե՞ր էին ներկա ցուցադրությանը:

-Ներկաների թվում Եղեգնաձորի բնակիչներն էին, երիտասարդ արվեստասերներ, արվեստը գնահատող մարդիկ, նաև ներկա էր հատուկ հյուր՝ երգչուհի Նանա Կարապետյանը: Ուզում եմ ասել, որ նրա ներկայությունը իմ աշխատանքների ցուցադրությանը ավելի լիարժեք դարձրեց:
Ցուցադրության ավարտին պատվոգրեր տրվեցին վիտրաժային արվեստի խմբակների մասնակիցներին: