Արթուր Բադոյանի բոլոր հրապարակումները

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը

Եկավ 7-րդ ժամը, պետք է գնայինք Ն.Զ.Պ-ի դասասենյակ՝ հերթական դասին: Շարվեցինք, երգեցինք օրհներգը ու արագ անցանք դասարան։ Մինչ նստելը ընկեր Ներկարարյանը հայտարարեց, որ պետք է միջոցառում կազմակերպենք, որը լինելու է  զինվորական երդման արարողության մասին։ Երբ տուն գնացի, անդադար մտածում էի այդ միջոցառման մասին, թե արդյո՞ք հետաքրքիր է լինելու։ Անհամբեր սպասում էի հաջորդ  օրվան:

Հաջորդ օրը պարոն փոխգնդապետը մեզ բաժանեց հարցաթերթիկներ, որոնք պետք է  սովորեինք, այդ  պահին մտածեցի, որ հետաքրքիր չի լինելու, բայց նա ասաց, որ դրանք ուղղակի հարցեր են, մենք պետք է լիարժեք կատարենք, այնպես, ինչպես բանակում։ Այդ օրվանից սկսեցինք մեր փորձերը մինչև լիարժեք պատրաստ լինելը: Դժվար էր, բայց հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք։ Նախ ողջունում և զեկուցում էինք, որ պատրաստ ենք  զինվորական երդմանը, այնուհետև սկսում էինք կանչել զինվորական երդում ընդունողներին։  Մոտենում, ներկայանում և բարձրաձայն կարդում էինք երդումը։ Այդպես մինչև վերջին  երդվողը։ Ավարտից հետո կրկին զեկուցում էինք, որ վերջացրեցինք զինվորական երդումն ու շարք կանգնում։ Այդ ժամանակ պարոն փոխգնդապետը շնորհավորեց մեզ այդ կապակցությամբ, իսկ մենք պատասխանեցինք՝ ուռա՛, ուռա՛, ուռա՛:

Հաջորդ հրամանը՝ հանդիսավոր երթի դուրս գալը և ըստ հերթականության շարվելն էր։ Հետո «Գետաշեն»-ը երգելով քայլում էինք: Մի քանի րոպե քայլում ու կանգնում էինք, հետո տրվեց «Ազատ» հրամանը, անցանք տեսական մասին։ Պատասխանում էինք պարոն փոխգնդապետի   հարցերին: Ավարտից հետո մեր դասարանի 3 աղջիկներ զենքերով վարժաձևեր կատարեցին։ Մեզ համար նշանակալից էր հատկապես այն, որ Մարտունու երկրապահների հրամանատարը շնորհավորեց և մեդալներ, պատվոգրեր հանձնեց լավագույն աշակերտներին:

artur badoyan

Շնորհավոր նոր տարի

Է՜, հոգնեցի տանը նստելուց, ի՞նչ անեմ, մի քիչ զբաղվեմ: Եվ մտքովս մի հետաքրքիր բան անցավ: Որոշեցի դուրս գալ տանից և մի քիչ ման գալ ու տեսնել, թե ինչ են անում մարդիկ մինչ Նոր տարին: Որոշեցի ու գնացի: Դրսում շատ հետաքրքիր էր, ամեն քայլափոխի մարդիկ միայն առևտրով էին տարված, հոգնեցի, բայց միևնույնն է, հետաքրքիր էր:

Քայլեցի և ճանապարհին մի մեծ և նոր խանութ տեսա: Լսել էի, բայց չէի տեսել այդ խանութը: Երբ մտա, զարմացա, որ այդքան գեղեցիկ խանութ էլ կա: Ու մի պահ մոռացել էի, որ հաջորդ օրը քույրիկիս ծննդյան օրն է, և ես ոչինչ չեմ արել: Փուչիկներ, նվերներ ու ժապավեններ գնեցի ու շտապեցի տուն: Գաղտնի մտա սենյակս, որ քույրս չտեսնի իմ պատրաստած անակնկալը: Ամեն ինչ դասավորեցի ու սպասում էի հաջորդ օրվան: Նախօրոք մեր հարևանին խնդրեցի, որ մի քանի ժամով զբաղեցնի քույրիկիս, մինչ ես կզարդարեմ մեր տունը: Առավոտյան իմ սենյակից դուրս չեկա, մինչև քույրս գնար: Շուտով զանգ եկավ, զանգողը մեր հարևանն էր.

-Կարինե ջան, բարև, կգա՞ս մեր տուն՝ սուրճ խմենք:

Քույրս գնաց, իսկ ես արագ սկսեցի տունը զարդարել մինչ նրա վերադառնալը: Վերջացրի և սպասում էի նրա գալուն, երբ արագ ներս եկան հարևաններն ու քրոջս ընկերուհիները, ու երկու րոպե չանցած՝ ներս եկավ քույրս:

Բոլորը սկսեցին ասել «շնորհավոր», իսկ ես պատահական ասացի.

-Շնորհավոր Նոր տարիդ:

Բոլորը սկսեցին ծիծաղել: Ես էլ ծիծաղեցի իմ ասածի վրա:

artur badoyan

Ֆակուլտատիվի առաջին օրը

Դասարանում նստած թեմատիկ գրավոր էինք գրում և հանկարծ ներս մտավ մեր ֆիզիկայի ուսուցիչ ընկեր Հովսեփյանը: Նա առաջ եկավ և հայտարարեց, որ այսօր լինելու է ֆակուլտատիվ:

Բացատրեց, թե ինչ ենք անելու, նաև ասաց, որ մասնակցելու են դպրոցի միայն լավագույն աշակերտները, քանի որ պայմաններ չկան շատ աշակերտների ընդունելու: Գրպանից հանեց մի թուղթ և կարդաց մասնակիցների անունները: Այդ ցուցակում կար նաև իմ անունը: Վերջում, երբ արդեն պետք է գնար, ասաց, որ դասերից հետո գնանք ուսուցչանոցի մոտ և սպասենք իրեն:

Դասերը ավարտելուն պես եկավ ընկեր Հովսեփյանը, և մենք գնացինք մեր լաբորատորիա, որտեղ ես առաջին անգամ էի լինում:

Մենք պետք է պատրաստեինք մի սարք, որը քամուց էլեկտրական էներգիա ստանար և փոխանցեր մարտկոցին: Եվ այս սարքով էլ ներկայանալու էինք մրցույթին, բայց անունը դեռ չէինք որոշել: Մրցույթի ժամանակ պետք է հայտարարվեր հաղթողի անունը: Մեզ համար ամենակարևորն այն էր, որ աշխատում էինք միասին և ժամանակը շատ հետաքրքիր էր անցնում:

Սարքի վրա աշխատելով մենք ձեռք բերեցինք մեծ, և ես հիմա ցանկանում եմ շարունակել այս աշխատանքը, իմ խումբն ունենալ և նոր սարքեր հնարել:

Աշխատանքը կիսով չափ պատրաստելուց հետո ընկեր Հովսեփյանն ասաց.

-Լավ, երեխաներ, ավարտեք: Վաղը կշարունակեք:

Մենք սարքը դրեցինք պահարանում, հավաքեցինք բոլոր գործիքները, փակեցինք դուռը և մեծ տպավորություններով ու հետագա աշխատանքը քննարկելով գնացինք տուն:

Լաբորատորիա դեռևս մեկ անգամ ենք գնացել, բայց աշխատանքները շարունակական բնույթ են կրելու: Հաջողություն կհամարեմ՝ արևային հովացուցիչ, տիեզերք ինֆորմացիա ուղարկող սարք, էլեկտրատաքացուցիչ, հողմաղաց, մանրադիտակ և այլ սարքեր ստեղծելու և վերջնական արդյունքի հասցնելու հանգամանքը:

Իսկ մրցույթի օրը դեռ հստակ որոշված չէ, բայց արդեն պարզ է, որ մրցույթին ներկայացնելու ենք մեր սարքերը, այլ կերպ ասած, «գյուտերը»: