Գևորգ Հովհաննիսյանի բոլոր հրապարակումները

գեւորգ հովհաննիսյան

Մի ասեք, թե ինչ անեմ

Չեմ սիրում, երբ ինձ ասում են` թե ինչ անեմ, ինչ չանեմ: Կարծում եմ, որ արդեն բավականին մեծ եմ և կարող եմ սեփական որոշումներ կայացնել:

Ես շատ եմ սիրում տեսախաղեր խաղալ, բայց երբ սկսում եմ խաղալ, ծնողներս չեն թողնում: Ասում են, որ դրա պատճառով տեսողությունս փչացնում եմ, լավ չեմ սովորում, չեմ դառնա լավ մասնագետ և այլն: Երբ սկսում եմ խաղալ ծնողներս հիշում են, որ համակարգչի հետ աշխատանք ունեն: Բայց ես նման դեպքերի համար գտել եմ միջոց. ես տեսախաղեր խաղում եմ բջջայինով: Այն միշտ ինձ հետ է: Խաղում եմ ամեն պահի, ամեն տեղում, ամեն ժամանակ, անգամ այն դասերին, որոնք չեմ սիրում:

Ինձ այս տարիքում միայն հետաքրքրում է խաղեր խաղալը, բայց ապագայի համար շատ պլաններ ունեմ կազմած:

Շատերը կարծում են, թե տեսախաղերը երեխաների համար են, բայց ոչ, տեսախաղերը նաև խաղում են մեծերը, որովհետև կան խաղեր, որոնք զարգացնում են մարդու մտածելու ունակությունները, բայց մի կողմից էլ վատ է, քանի որ այն ձգում է քեզ, և կախվածություն է առաջանում: Դու չես կարողանում ազատվել այդ խաղերից:

գեւորգ հովհաննիսյան

Երեխաները բոլոր ժամանակներում էլ նույնն են

Հարցազրույց պապիկիս՝ Մելս Հովհաննիսյանի հետ

-Պապիկ, ի՞նչ ես աշխատել, ե՞րբ և որտե՞ղ:

-Ավելի քան 10 տարի աշխատել եմ Աշտարակի շրջանային Ժողկրթբաժնում որպես մեթոդիստ՝ հայոց լեզվի և գրականության մասնագիտությամբ: Այնուհետև Կարբիի միջնակարգ դպրոցում որպես տնօրեն, միևնույն ժամանակ դասավանդել եմ Հայոց լեզու, Գրականություն, Հայ ժողովրդի պատմություն, Հասարակագիտություն:

-Ձեր ժամանակների դպրոցի և այսօրվա դպրոցի մեջ տարբերություն տեսնու՞մ ես, և եթե այո, ապա ինչպիսի՞: 

-Փոխվում են ժամանակները, փոխվում են հասարակական հարաբերությունները, բնականաբար, փոխվում են նաև աշակերտ-դպրոց, ծնող-դպրոց, հասարակություն-դպրոց հարաբերությունները: Մինչ 90-ական թվականները աշակերտների ինֆորմացիայի միակ աղբյուրը գիրքն էր, նվազագույն դեպքում` հեռուստացույցը և մամուլը, ուստի աշակերտը ավելի շատ կապված էր գրքի հետ, ուշադիր լսում էր ուսուցչին, աշխատում էր նրանից նոր բան իմանալ, սովորել: Այժմ բոլորովին այլ է. համակարգիչը փոխարինել է և գրքին, և ուսուցչին, և հեռուստացույցին:

-Իսկ քո կարծիքով, համակարգչից օգտվելը խանգարո՞ւմ է ինքնուրույն մտածելուն:

-Այո, իմ կարծիքով համակարգչից օգտվելը խանգարում է ինքնուրույն մտածելուն: Օրինակ՝ աշակերտը չի կարդում Վահան Տերյանի բանաստեղծությունները գրքով, այլ կարդում է համակարգչով: Դա ինձ թվում է նույն ազդեցությունը չի գործի մարդու հոգեկան աշխարհի վրա:

-Այսօրվա աշակերտների և այն ժամանակվա աշակերտների մեջ տարբերություն կա՞ արդյոք:

-Աշակերտները բոլոր ժամանակներում էլ մնում են նույնը՝  ժիր, չարաճճի, մի փոքր ծույլ, բայց միշտ ազնիվ, անկեղծ, ժպտերես երեխաներ: Հարկավոր է նրանց հետ վարվելու ձև իմանալ, հասկանալ յուրաքանչյուր աշակերտի անհատականությունը, հարգել նրանց որպես մարդ: Այդ դեպքում աշակերտը կսիրի ուսուցչին և կսովորի նրա առարկան հարգել: