Ռիտա Մինասյանի բոլոր հրապարակումները

Ռշտա ենք սարքում

Գյուղում բոլորը գիտեն, որ ավանդապաշտ ընտանիքների կանայք աշնանը պետք է արիշտա պատրաստեն։ Պատրաստմանը պետք է միայն կանայք մասնակցեն։ Արիշտան ունի իր պատրաստման ուրույն եղանակը։ Նախապես տան մեծը` տատիկը, պետք է օր որոշի, որպեսզի նախoրոք ջահել հարսներն ու թոռները պատրաստվեն։ Պատրաստելուց մեկ օր առաջ շաղում են արիշտայի խմորը։ Ըստ տան անդամների թվի, տատը պետք է ասի, թե քանի փութ խմոր շաղեն կամ հենց ինքն էլ շաղի։

Լուսանկարը` Լաուրա Սեկոյանի

Լուսանկարը` Լաուրա Սեկոյանի

Ալյուրը լցնելուց հետո տատը պետք է սպասի, որ հարսները դույլերով ջուր բերեն։ Խմորը պնդացնելուց հետո, հաստ սավան են փռում խմորի վրա, և հարսները հերթով տրորում են այն։ Այս գործընթացը տեղի է ունենում արիշտայի պատրաստման նախօրեին։ Գիշերը թողնում են, որ խմորը հանգստանա։ 

Առավոտ շուտ տատը արթնանում է և արթնացնում հարսներին։ Պատրաստում են սարքավորումները, պատշգամբում կապում պարանները և անցնում գործի։ Թոռներից մեկը կտրում է խմորը և տալիս տատիկին։ Տատն էլ գրտնակում է խմորը և փոխանցում հարսին։ Հարսը զգուշորեն խմորը դնում է սարքավորման վրա և պտտակը պտտելով կտրում խմորը։ Կտրելուց հետո տալիս է մյուսին, ով էլ տանում է կտրած խմորը փռելու։ Այս գործընթացը շարունակվում է այնքան, մինչև խմորը վերջանա։

Լուսանկարը` Լաուրա Սեկոյանի

Լուսանկարը` Լաուրա Սեկոյանի

Վերջացնելուց հետո, կիսաչոր խմորը թողնում են մի գիշեր դրսում, որպեսզի չորանա։ Հաջորդ առավոտյան տատը հավաքում է արդեն չորացած արիշտան և օրվա ընթացքում սկսում է բովել այն։ Արիշտան բովում են այնքան, որ այն գեղեցիկ կարմրավուն գույն ստանա։

Ըստ կարգի, եփած արիշտան պետք է համտես անեն տան տղամարդիկ և տան իրենց գնահատականը։

Արիշտան համարվում է գյուղական տան սեղանի ամենահամեղ ու պատվավոր ուտեստներից մեկը:

 Լաուրա Սեկոյան

***

-Տատ ես ինչ ես անում
-Ռշտի խմոր եմ անում բալես:
-Ո՞նց հիմա ես անելու ռշտա     ( ուշ ժամ էր)
-Հա ձևը ըտենցա իմ աղջիկ
-Տատ կպատմես ո՞նց  ես սարքում ռշտան:
-Ասեմ, ուրեմն իրիկվա կողմ սարքում ենք խմորը նույն հացի խմորի նմանա ուղակի մի  քիչ պինդ:

Լուսանկարը` Լաուրա Սեկոյանի

Լուսանկարը` Լաուրա Սեկոյանի

-Ու վերջ՞
-Չէ՛ խմորը անելուց հետո պետքա թողնենք հասունանա,հետո երբ արդեն հասունացելա գետնին շոր ենք        փռում, շորի վրա լցնում խմորը ,խմորի վրա նորից շոր ենք փռում ու սկսում ոտքերով տրորել մինչև փափկի խմորը, հետո գնդեւ ենք անում ու թողնում մինչև առավոտ:
-Առավոտյան ինչ էք անում
- Առավոտյան գրտնակում ենք կտրում ու կախում պարանից որ չորանա:
-Դանակով եք կտրում
-Սովորական դանակ չի այլ հատուկ ռշտի դանակ :

Ռիտա Մինասյան

rita minasyan

Կարոտ

Հայրս աշխատում էր ոստիկանական համակարգում: Մայորի կոչում ուներ, արդեն 17 տարի կլինի, ինչ աշխատում  էր, բայց մի չնչին պատճառով դուրս եկավ աշխատանքից: Համարյա թե մեկ տարի չէր աշխատում: Ու վերջում, ինչպես հայ գործազուրկ տղամարդկանց մեծամասնությունը, բռնեց Ռուսաստանի ուղին՝ հույս ունենալով, որ էնտեղ ավելի լավ աշխատանք կգտնի: Մեր, ինչպես նաև հայրիկիս համար, շատ դժվար էր բաժանումը, թեկուզ մի քանի ամսով: Ամեն օր խոսում ենք skype-ով, բայց միևնույն է, չենք կարողանում  կարոտներս լիարժեք առնել, ընդհակառակը՝ կարոտն ավելի է մեծանում:

Մայրս չի թողնում հաճախ փոքր եղբորս նկարներն ուղարկեմ ՝ ասում է կարոտից կնեղվի ու կարող է` հաջորդ օրն էլ հետ գա տուն: Չնայած էդպես ավելի լավ կլինի  թե՛ մեր, թե՛ իր համար:

Ես շատ կուզեի, որ հայրս աշխատանք գտներ  իր հայրենի հողի վրա, այլ ոչ թե թողներ ընտանիքն ու բռներ օտարության ուղին: Հուսով եմ, որ էդպես էլ կլինի:

«Տալաշ»-ի եղանակն սկսեց

lilit harutyunyan lchshenԱյսօր առաջին անգամ ձմեռը իր մասին հիշեցրեց…

Առաջին ձյո՞ւնը, աշնան կեսի՞ն… Արտերկրի ընկերներս լսելով սա, զարմանում էին, իսկ ես զարմանում էի, թե ինչու են նրանք զարմանում: Ես ապրում եմ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում և վաղ ձյունը ինձ այդքան էլ չի զարմացնում:

Արդեն շատ տների ծխնելույզներից դուրս եկող ծուխ է նշմարվում գյուղի վրա: Հեռվից նայողին թվում է, թե գյուղի վրա մշուշ է իջել, բայց դա վառարանների ծուխն է: Այս տարի շատ գեղեցիկ ու տաք աշուն եղավ, հուսով եմ  ամբողջ ձմեռը նույնպես այս օրվա պես ձյունառատ ու սպիտակ կլինի:

Եթե դու ձմռան սիրահար ես ապա մեր գյուղը հաստատ քո տեղն է արի կսպասեմ… Շուտով պետք է այցելեմ գյուղի ամենագեղեցիկ վայրերը, ուր բնությունը շա՜տ գեղեցիկ է: Խոստանում եմ, որ կլուսանկարեմ և ցույց կտամ, թե ինչ հրաշալի եղանակ է ձմեռը:

Հ.Գ. Հա՜ ու ամենակարևորը մոռացա: Վառարանի վրայի կարտոֆիլը ո՞նց կարելի էր մոռանալ ու չխաբեք, որ վառարանի վրա ծորոված կարտոֆիլ չեք սիրում: Ձմռանը սպասում եմ նաև նրա համար, որ վերջապես կկարողանաք համտեսել վառարանի վրայի կարտոֆիլը:

Լիլիթ Հարությունյան

***

rita minasyanԱշունն ու ձմեռը մեր` Գեղարքունիքի մարզում, տարվա այն եղանակներից են, երբ բոլոր տներում վառարանի շուրջ հավաքվում են երեխաներն ու մեծահասակները,սկսում հիշել հին ու հետաքրքիր պատմություններ և պատմում: Կար ժամանակ, երբ տներում վառարանների վրա կարողանում էին կարտոֆիլ  տապակել (մենք դրան «տալաշ» ենք ասում): Հիմա արդեն ժամանակները փոխվել են, էլ էն վառարանները չեն, որոնք հնարավորություն են տալիս կարտոֆիլ տապակելու: Չնայած կան տներ, որոնք ունեն էդպիսի վառարաններ, ու կարողանում են ընտանիքով գոնե մեկ-մեկ հավաքվել իրար գլուխ:

Հիշում եմ. ցուրտ, անձրևոտ աշնանային օրերին տատիկս հաճախ էր տալաշ անում, անելուց հետո յուղով սարքում էր ու մեծ հաճույքով էինք ուտում:
Մեզ մոտ արդեն ձմեռ է, ու տալաշի սիրահարները թող գան մեր գյուղ` Ծաղկունք:

Ռիտա Մինասյան

rita minasyan

Պապիկս

Երեկոյան պապիկիս`Սոս Մինասյանի հետ նստած զրուցում էինք, պատմում էր իր մանկությունից ու պատանեկությունից, ու որոշեցի հարցազրույց գրել:

-Պապիկ, որ խնդրեմ` կասե՞ս` երբ ես ծնվել և որտեղ:

-Ծնվել եմ 1947 թ-ի սեպտեմբերի 10-ին Ծաղկունք գյուղում, բայց հետո տեղափոխվել ենք Մասիս քաղաք:

-Ինչի՞ համար եք տեղափոխվել Մասիս:

-Հայրս այն ժամանակ հաշվապահ էր ու հրավեր էր ստացել այնտեղից՝ աշխատելու որպես կոլտնտեսության գլխավոր հաշվապահ, և մենք ստիպված ամբողջ ընտանիքով տեղափոխվեցինք Մասիս:

-Քանի՞ տարեկան էիր, երբ տեղափոխվեցիք այնտեղ:

-Ես 3 տարեկան էի:

-Ինչքա՞ն ժամանակ մնացիք այնտեղ:

-5 տարի մնացինք և վերադարձանք մեր գյուղ, քանի որ այնտեղի օդը մայրիկիս վրա լավ չազդեց, ջուրը մաքուր չէր, դրա պատճառով մայրս անընդհատ հիվանդանում էր:

-Ի՞նչ պատմություններ կհիշես Մասիսից :

-Դե մենք գյուղացի տղաներ էինք: Մի ավտո ունեինք, ամեն անգամ ախպերներով թաքուն վերցնում ու թռնում էինք, մի օր էլ վերցրինք ու գնացինք քաղաքով ման գալու: Սովորաբար մեծ ախպերս էր քշում ավտոն, էդ օրը, չգիտեմ ինչի, ուզեցի քշել: Ախպերս սկզբում չէր թողում, բայց հետո երբ ասացի` պապային կասեմ, որ դու ես ավտոն վեցրել, համաձայնվեց:

Հլը նոր էի նստել ու 100 մետր էլ չէի քշել, մի շուն կտրեց դիմացս, ես դուրս եկա հավասարակշռությունից, ու ավտոն խփեցի ծառին:

-Իսկ հետո ի՞նչ եղավ:

-Շատ էի վախենում. թե նրանից, որ ավտոն խփել եմ, համ էլ թե նրանից, որ պապան կծեծի:

-Վերջը ի՞նչ եղավ:

- Մեծ եղբայրս հասկացավ, որ ինքն է պատասխանատվությունը կրելու, դրա համար ամբողջ մեղքը վերցրեց իր վրա, բայց ոնց որ ասում են. «Ստի ոտքը կարճ ա»: Վերջում երեքս էլ պատժվեցինք:

Հետաքրքիր պատմություններ շատ կան, բայց հիմա չեմ հիշում:

-Բա տատիկի հետ ո՞նց ծանոթացար:

-Տատիկիդ հետ, վա՜յ… Գնացել էինք Նոր տարվա համար առևտուր անելու՝ Նիժիից: Էնտեղ հանդիպեցինք ծանոթ մարդու, ու ինքը մեզ հրավիրեց իրենց տուն, հենց իրենց տանն էլ տեսա տատիկիդ:

-Բա ո՞նց ամուսնացաք:

-Մենք հետ եկանք տուն ու մի շաբաթ հետո գնացինք տատիկիդ ուզելու:

-Ու իրենք էլ համաձայնվեցի՞ն:

-Հա, էդ ժամանակ հայերի վիճակը էնտեղ էդքան էլ լավ չէր, ու իրենք իմանալով, որ Հայաստան է գալու, համաձայնվեցին:

-Տատին քանի՞ տարեկան էր:

-Ինքը 16 էր, ես` 24:

-Իսկ այդ ժամանակ մասնագիտություն ունեի՞ր:

-Մասնագիտությամբ ճարտարապետ էի ու հիմա էլ եմ շարունակում մասնագիտությամբս աշխատել:

 -Ի՞նչ՞շինություններ ունես նախագծած ու կառուցած:

-Նախագծել ու կառուցել եմ մեր գյուղի հուշարձանը առանց վարձատրության, բայց հետո համագյուղացիներս ինձ ավտոմեքենա նվիրեցին:

Ահա այսպիսին է իմ պապիկը, իսկ ես չգիտեի: Հուսամ, էլի կզրուցենք ու դեռ շատ բան կպատմի իր կյանքից: