jora petrosyan

Միգրացիայի իրական իմաստը

Ես դեռ շատ փոքր էի, բայց նկատում էի, որ մեր հարևանի տանը բոլոր գործերը՝ և՛ կնոջ, և՛ տղամարդու, կատարում էր մեր հարևանուհին։ Նրան համարյա միշտ զայրացած էի տեսնում իր երկու տղաների չարաճճիությունների պատճառով: Սկզբից չէի հասկանում, թե ինչու։ Հետո հասկացա, որ նրա ամուսինն արտերկրում է՝ աշխատելու, և նա ստիպված է ամեն բան իր ուսերին առնել: 

Մեծանալով՝ սկսեցի հաճախ լսել հեռուստատեսությամբ, կարդալ մամուլում և համացանցում «միգրացիա» անծանոթ բառը, որի իմաստը ինձ թվում էր խիստ խորհրդավոր, մի տեսակ եվրոպական: Ես կարծում էի, թե դա մի երևույթ է, որ հեռու է մեզնից ու մեր միջավայրում ընդհանրապես գոյություն չունի: Ես այրվում էի այդ բառի իմաստը հասկանալու ցանկությունից: Սկսեցի փորփրփել համացանցը և, ո՜վ զարմանք, պատկերացրեք իմ հիասթափության աստիճանը, երբ հանկարծ պարզեցի, որ միգրացիան ամենուրեք է, և իմ շրջապատում յուրաքանչյուր երրորդ ընտանիքում կա այդ սարսափելի խնդիրը, որ մեր հարևանուհին ու իր մանկահասակ որդիները հենց միգրացիայի զոհերն են: Իմ պատկերացմամբ՝ «միգրացիա» նշանակում է՝ անհայր մանկություն, անամուսին կին, հայրենիքը լքած, սեփական ինքնությունը կորցրած տասնյակ հազարավոր ընտանիքներ, որոնց զավակները, ըստ էության, հնարավոր է՝ չիմանան, թե ինչ ազգության են պատկանում, ինչ մշակույթի կրողներ են: Պատահում է՝ այդ երեխաները մոռանում են մայրենին, բայց լավ չեն տիրապետում նաև այն երկրի լեզվին, որտեղ ապրում են:
Երբ անցնում են տարիներ, որոշ ընտանիքներ վերադառնում են հայրենիք։ Այդ ծնողները արտերկրում շատ խիստ են լինում իրենց երեխաների հանդեպ։ Չեն թողնում, որ նրանք դուրս գան, շփվեն, պահում են նրանց ինչպես ջերմոցային մի բույս, որին խնամել են, փայփայել, բայց որը զուրկ է եղել կենսատու արևից, մարմինը կոփող քամուց:
Անցել են տարիներ։ Հարևանուհիս՝ իր երկու երեխաների հետ, նույնպես գնացել է արտերկիր։ Բոլորը գնում են, իսկ Վարդենիս քաղաքս՝ դատարկվում։

Հիմա հաճախ եմ մտածում, պատկերացնում, թե ինչպիսին կլիներ հայ հասարակության կյանքն առանց այդ մղձավանջային երևույթի՝ միգրացիայի: Իհարկե, դժվար է պատկերացնել: Ըստ իս՝ դա մեզ համար դեռ երազանք է: Երազանք է, քանի դեռ չկան աշխատատեղեր, մարդկային պայմաններ, չկա սոցիալական ապահովվածություն, վստահություն վաղվա օրվա նկատմամբ: Երբ փորձում եմ երազել, պատկերացնում եմ օտար ափերում ստորացուցիչ աշխատանք կատարող միլիոնավոր հայերին վերադարձած, օտարացած ընտանիքները՝ վերամիավորված, խորթացած հայրերին ու զավակներին՝ ջերմ սիրով պարուրված…
Տա Աստված, որ երազանքս իրականացած տեսնեմ ոչ միայն ես, այլև պանդխտության մեջ դեգերող, ջերմության, սիրո կարիք ունեցող բոլոր հայրենակիցներս: