«1982 թվականին աշխատում էի Ներքին Կարմիրաղբյուրի կուլտուրայի տան տնօրեն: Մեկ ամսով ինձ ուղարկեցին Երևան` կուլտուրայի ինստիտուտին կից վերապատրաստման դասընթացների: Մեզ տեղավորեցին սննդի արդյունաբերության տեխնիկումի հանրակացարանում: Ինձ հետ սենյակում էր մնում Իջևանի պիոներ տան տնօրեն Սերյոժա Սուքիասյանը:
Մի օր դուրս եկանք զբոսնելու: Սերյոժան ասաց` կուզե՞ս տեսնել Արամայիս Սահակյանին: Իհարկե` ուրախացած ասացի ես: Սերյոժան մտավ առաջին պատահած հեռախոսախցիկը և զանգահարեց Արամայիս Սահակյանին ու ասաց, որ ուզում է իրեն տեսնել: Սահակյանն ասաց, որ մայրը հիվանդ է, դեղ էր պատվիրել, որ Մոսկվայից բերեն, գնում է դեղը օդանավակայանից վերցնի: Մեկ ժամ հետո կլինի «Ոզնի» ամսագրի խմբագրությունում: Արամայիս Սահակյանը «Ոզնի» ամսագրի գլխավոր խմբագիրն էր: Բավականին ժամանակ ունեինք: Մտանք մոտակա սրճարան, որպեսզի ժամանակը շուտ անցնի: Պայմանավորված ժամին արդեն խմբագրությունում էինք: Առաջինը մեզ հանդիպեց քարտուղարուհին:
Բարևելուց հետո դիմեց ընկերոջս. «Դուք Սերյոժա՞ն եք»: «Այո»,- պատասխանեց ընկերս: «Կարող եք մտնել»,- ասաց քարտուղարուհին: Առանց դուռը ծեծելու ընկերս ներս մտավ: «Կարո՞ղ եմ ես էլ մտնել: Մենք միասին ենք»,- ասացի ես:
Քարտուղարուհին ժպտաց և ասաց` իհարկե:
Ես ներս մտա: Սերյոժան ու Արամայիս Սահակյանը գրկախառնվեցին, կարոտի խոսքեր փոխանակեցին: Իսկ մենք ձեռքով բարևցինք իրար: Առաջարկեց նստել: Ընկերս և Արամայիս Սահակյանը սկսեցին զրուցել: Ես որտեղ նստած էի, սեղանի ձախ կողմում դրված էր այն ժամանակի «Սալյուտ» անունով սիգարետ և լուցկի: Ձեռքով մի փոքր տուփը հրեցի: Արամայիս Սահակյանն ասաց. «Երիտասարդ, ծխո՞ղ եք»: Ասացի` այո: Ասաց. «Մեզ մոտ ծխում են, կարող եք օգտվել», և սեղանին դրեց մոխրամանը: Ես շնորհակալություն հայտնեցի, բայց չծխեցի: Հարցրեց` որտեղի՞ց եք: Ասացի` Շամշադինից եմ: Ասաց, որ ինքը Շամշադինում շատ ընկերներ ունի: Մոտ կես ժամ զրուցելուց հետո մենք հրաժեշտ տվեցինք «ամենայն հայոց Ոզնուն» և դուրս եկանք: Դուրս գալուց նա ինձ նվիրեց «Ոզնու» վերջին համարը, որը դեռ չէր առաքվել: Երբ վերադարձանք հանրակացարան, ընկերներիս մոտ պարծեցա, որ տեսել եմ Արամայիս Սահակյանին: Անցել են տարիներ, բայց իմ հիշողության մեջ թարմ է մնում Արամայիս Սահակյանի հետ հանդիպումս»,-պատմեց պապիկս’ Ալբերտ Ղահրամանյանը:

Ընդհանուր առմամբ, այդքան էլ հեշտ չէ գյուղում ապրելը, մանավանդ սահմանամերձ գյուղում: Ճիշտ է, դժվարանում ենք, բայց եղածով բավարարվում ենք: Առաջին կարևոր պայմանը. ցանկանում ենք, որ լինի խաղաղություն, որի պաշտպաններից են սահմանում ապրող երեք բազմազավակ եղբայրները, որոնցով մենք հպարտանում ենք:
Ես տասնմեկ տարեկան էի, երբ իմացա, որ քույր եմ ունենալու: Շատ ուրախ էի, որ փոքրիկ արարած է հայտնվելու մեր ընտանիքում: Ուրախությունից երկու օր ուշքի չէի գալիս: Անցան ամիսներ: Նրա ծնվելուն մի քանի օր էր մնացել: Ծնողներս որոշում էին, թե ինչ դնեն նրա անունը: Ես ասացի, որ ուզում եմ Մանե դնենք, նրանք համաձայնեցին: Օրերն անցան, և ծնվեց Մանեն: Մանեի հետ մեր առաջին հանդիպումը կայացավ մեր տանը: Նա այնքան անմեղ ու թախծոտ աչքեր ուներ, իսկական հրաշք: Երբ այդ փոքրիկ հրաշքը հայտնվեց մեր կյանքում, մեր կյանքը լիովին փոխվեց դեպի լավը: Մանեի ծնվելուց անցավ մեկ տարի: Մանեի առաջին տարեդարձն էր: Ես գրկեցի և համբուրեցի նրան և ասացի` ծնունդդ շնորհավոր: Նա բռնեց մազերիցս և քաշեց: Ես բարկացա նրա վրա, իսկ նա սկսեց լաց լինել: Հետո հասկացա, որ չպետք է բարկանայի նրա վրա ու շատ զղջացի արարքիս համար: Նա շատ չարաճճի և քաղցրալեզու փոքրիկ է: Մանեն մեզ` իր մեծ քույրիկներին, չի թողնում, որպեսզի դաս սովորենք, խզբզում է գրքերի, տետրերի մեջ, պատռում տետրերը, գրիչը կոտրում, և էլի նման բաներ:
