Մարինե Ղահրամանյանի բոլոր հրապարակումները

marine ghahramanyan portert

Պատմում է պապիկս

«1982 թվականին աշխատում էի Ներքին Կարմիրաղբյուրի կուլտուրայի տան տնօրեն: Մեկ ամսով ինձ ուղարկեցին Երևան` կուլտուրայի ինստիտուտին կից վերապատրաստման դասընթացների: Մեզ տեղավորեցին սննդի արդյունաբերության տեխնիկումի հանրակացարանում: Ինձ հետ սենյակում էր մնում Իջևանի պիոներ տան տնօրեն Սերյոժա Սուքիասյանը:

Մի օր դուրս եկանք զբոսնելու: Սերյոժան ասաց` կուզե՞ս տեսնել Արամայիս Սահակյանին: Իհարկե` ուրախացած ասացի ես: Սերյոժան մտավ առաջին պատահած հեռախոսախցիկը և զանգահարեց Արամայիս Սահակյանին ու ասաց, որ ուզում է իրեն տեսնել: Սահակյանն ասաց, որ մայրը հիվանդ է, դեղ էր պատվիրել, որ Մոսկվայից բերեն, գնում է դեղը օդանավակայանից վերցնի: Մեկ ժամ հետո կլինի «Ոզնի» ամսագրի խմբագրությունում: Արամայիս Սահակյանը «Ոզնի» ամսագրի գլխավոր խմբագիրն էր: Բավականին ժամանակ ունեինք: Մտանք մոտակա սրճարան, որպեսզի ժամանակը շուտ անցնի: Պայմանավորված ժամին արդեն խմբագրությունում էինք: Առաջինը մեզ հանդիպեց քարտուղարուհին:

Բարևելուց հետո դիմեց ընկերոջս. «Դուք Սերյոժա՞ն եք»: «Այո»,- պատասխանեց ընկերս: «Կարող եք մտնել»,- ասաց քարտուղարուհին: Առանց դուռը ծեծելու ընկերս ներս մտավ: «Կարո՞ղ եմ ես էլ մտնել: Մենք միասին ենք»,- ասացի ես:

Քարտուղարուհին ժպտաց և ասաց` իհարկե:

Ես ներս մտա: Սերյոժան ու Արամայիս Սահակյանը գրկախառնվեցին, կարոտի խոսքեր փոխանակեցին: Իսկ մենք ձեռքով բարևցինք իրար: Առաջարկեց նստել: Ընկերս և Արամայիս Սահակյանը սկսեցին զրուցել: Ես որտեղ նստած էի, սեղանի ձախ կողմում դրված էր այն ժամանակի «Սալյուտ» անունով սիգարետ և լուցկի: Ձեռքով մի փոքր տուփը հրեցի: Արամայիս Սահակյանն ասաց. «Երիտասարդ, ծխո՞ղ եք»: Ասացի` այո: Ասաց. «Մեզ մոտ ծխում են, կարող եք օգտվել», և սեղանին դրեց մոխրամանը: Ես շնորհակալություն հայտնեցի, բայց չծխեցի: Հարցրեց` որտեղի՞ց եք: Ասացի` Շամշադինից եմ: Ասաց, որ ինքը Շամշադինում շատ ընկերներ ունի: Մոտ կես ժամ զրուցելուց հետո մենք հրաժեշտ տվեցինք «ամենայն հայոց Ոզնուն» և դուրս եկանք: Դուրս գալուց նա ինձ նվիրեց «Ոզնու» վերջին համարը, որը դեռ չէր առաքվել: Երբ վերադարձանք հանրակացարան, ընկերներիս մոտ պարծեցա, որ տեսել եմ Արամայիս Սահակյանին: Անցել են տարիներ, բայց իմ հիշողության մեջ թարմ է մնում Արամայիս Սահակյանի հետ հանդիպումս»,-պատմեց պապիկս’ Ալբերտ Ղահրամանյանը:

Ղահրամանյանները

Հայրական պապիկս և իր նախնիները` Ղահրամանյանները, ծնվել և մեծացել են Ներքին Կարմիրաղբյուր գյուղում: Ունեցել են մեծ գերդաստան, որի մի ճյուղը պապիկս է իր հինգ երեխաներով, որոնցից հորաքույրներս ամուսնացել են հարևան տարբեր գյուղերում, իսկ հայրս և երկու հորեղբայրներս ապրում են գյուղում: Երեքն էլ պայմանագրային զինծառայողներ են: Փոքր հորեղբայրս` Մանվել Ղահրամանյանը, ապրում է հայրական օջախում: Ամուսնացած է: Ունի երեք տղա, ովքեր ապագա զինվորներ են: Երեխաներից երկուսը` Կարենը և Ռոբերտը, հաճախում են դպրոց, իսկ փոքրը` Ալեքսը,  երկու տարեկան է: Հայրս միջնեկ տղան է` Արայիկ Ղահրամանյանը, նույնպես ամուսնացած է: Մենք չորս քույրիկներ ենք: Երեքս հաճախում ենք դպրոց, իսկ փոքր քույրիկս` Մանեն, հաճախում է մանկապարտեզ: Մայրս տնային տնտեսուհի է:

Մեծ հորեղբայրս` Սամվել Ղահրամանյանը, ունի չորս երեխա: Ավագ որդին Ալբերտն է, ով կրում է պապիկիս անունը, Հայկ և Տիգրան զույգերը և փոքրիկ Սիլվին, ով 20 օր առաջ է լույս աշխարհ եկել:
Հիմնականում ընտանիքներով կապված ենք միմյանց հետ: Ծառայությանը զուգահեռ ազատ ժամանակ հայրս և հորեղբայրներս զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ: Ընդհանուր առմամբ, այդքան էլ հեշտ չէ գյուղում ապրելը, մանավանդ սահմանամերձ գյուղում: Ճիշտ է, դժվարանում ենք, բայց եղածով բավարարվում ենք: Առաջին կարևոր պայմանը. ցանկանում ենք, որ լինի խաղաղություն, որի պաշտպաններից են սահմանում ապրող երեք  բազմազավակ եղբայրները, որոնցով մենք հպարտանում ենք:

Իմիջիայլոց, հորաքույրներս էլ են բազմազավակ մայրեր: Մեծ գերդաստան ենք: Պապիկս ու տատիկս արդեն նաև 2 ամսական ծուռ ունեն:

Քանի որ արդեն գարուն է, հիմնականում զբաղվում ենք գարնանային աշխատանքներով: Ակնկալում ենք, որ ավելի լավ կլինի, ապրելու միջոցները ավելի բարենպաստ կլինեն:
Պապիկս ու իր երեխաները գյուղում հարգված և օրինակելի մարդկանցից են:

Ահա մի քանի տողով, թե ինչպիսի մարդիկ են ապրում սահմանապահ գյուղում:

Մարինե Ղահրամանյան

Ոչ միայն ապրել

Ես ու հայրս հաճախ ենք զրուցում իրար հետ տարբեր թեմաներով: Սիրում եմ տարբեր հարցեր տալ ու ստանալ  ինձ հուզող հարցերի պատասխանը:

Հայրս աշխատում է պայմանագրային զինծառայող: Նա 15 օր գնում է սահման պահում, 15 օր տանը լինում: Մեկ-մեկ մտածում եմ, թե ինչպես է անցնում նրանց առօրյան:

Հերթական անգամ հայրս աշխատանքից տուն եկավ, և մենք ինչպես միշտ, սկսեցինք զրուցել: Ես նրան մի քանի հարց տվեցի:

-Հայրիկ, սահմանում ինչպես է անցնում ձեր առօրյան:

Հայրս պատասխանեց.

-Դիրքերում կա ժամանցի անկյուն: Ազատ ժամանակ շաշկի, շախմատ ենք խաղում, լուրեր ենք լսում: Ճիշտ է, լարվածություն լինում է, բայց աշխատում ենք թոթափենք այդ լարվածությունը:

-Իսկ սիրո՞ւմ ես քո աշխատանքը:

-Սիրով եմ կատարում իմ պարտականությունները, որովհետև գիտակցում եմ, որ տվյալ հատվածը իմ պատասխանատվութjան տակ է: Կարևորում եմ խաղաղությունը, իմանալով, որ իմ թիկունքում իմ ընտանիքն է, իմ գյուղը:

Հայրիկիս խնդրեցի պատմել իր մանկությունից:

-Մանկությունս անցկացրել եմ շատ հետաքրքիր, անհոգ, որովհետև պայմանները ավելի նպաստավոր են եղել, կրակոցներ չեն եղել:

Հայրս ասում է, որ երբեք չի մտածել հեռանալ իր ծննդավայրից` գյուղ Ներքին Կարմիրաղբյուրից, որովհետև քաջ գիտակցելով, որ եթե որպես այս գյուղի բնակիչ թողնի իր ծննդավայրը, ապա օտար մարդ չի գա շենացնի գյուղը:

-Եթե մենք չենք գնում, դա դեռ բավական չէ: Պետք է աշխատել գյուղը դարձնել գրավիչ թե’ զբոսաշրջիկների, թե’ ապրելու համար:

Շատ հետաքրքիր զրույց ունեցա հայրիկիս հետ: Հայրս պատմում էր, թե ինչպես կարելի է գյուղը շենացնել, ինչ լավ կլինի կյանքը, եթե կրակոցները վերջանան:

Ես էլ եմ հայրիկիս պես մտածում:

Մարինե Ղահրամանյան

Ականատեսը

Շատ եմ սիրում հայ գրականությունը: Սիրածս գրողներից է Հովհաննես Շիրազը: Մի անգամ հայրիկիս հարցրի.

-Հայրիկ, տեսնես ինչ-որ մարդ կա՞, որ Հովհաննես Շիրազին տեսած լինի:

Հայրս պատասխանեց.

-Հա, կա, հայրս’, այսինքն պապիկդ:

Ինչպե՞ս, ուրեմն իմ պապը` Ալբերտ Ղահրամանյանը, տեսե՞լ է Հովհաննես Շիրազին:

Գնացի պապիկենց տուն ու խնդրեցի, որպեսզի պապիկս պատմի այդ մասին: Պապիկս սկսեց պատմել:

«1971 թվականն էր: Այդ ժամանակ 24 տարեկան էի ու սովորում էի
Երևանի N39 պրոֆտեխնիկական ուսումնարանում և ապրում էի Երևանում: Ընկերներիցս մեկն ասաց, որ ապրում է Շիրազի հարևանությամբ: Ընկերոջս խնդրեցի, որ իր հետ գնանք նրանց տուն: Հաջորդ օրը գնացինք ընկերոջս տուն, որը գտնվում էր Ամիրյան փողոցի վրա: Իրենց տան ձախ կողմի դուռը Շիրազի դուռն էր: Ընկերս դուռը ծեծեց: Ես մենակ մտածում էի` Շիրազը տունը կլինի՞, թե չէ: Դուռը բացեց Շիրազը:
Ես անակնկալի եկա ու շփոթվեցի: Ընկերս հարցրեց իր տղաներից մեկին` Սիսին: Շիրազն ասաց, որ տանն է, ու ներս մտանք: Հենց տուն
մտանք, ձախ կողմից նկատեցի Շիրազի աշխատասենյակը, որի դուռը բաց էր: Սենյակի մեջտեղում նկատեցի գրասեղան, որի վրա դրված էր հին գրամեքենա ու սևագիր գործեր: Շիրազն ընկերոջս հարցրեց, թե ով է այս տղան: Ընկերս ասաց` Շամշադինից է: Շիրազն ասաց. «Մաքուր հայաբնակ շրջանից է»: Մի փոքր զրուցեցինք Սիսի հետ և դուրս եկանք: Դրանից հետո ընկերս Շիրազի անտիպ գործերից (որոնք այն ժամանակ արգելված էին տպագրել) բերում էր, ընթերցում էինք: Շիրազի հետ հանդիպումից հետո սկսեցի ավելի հետաքրքրվել Շիրազով, ավելի շատ սիրել նրան, ավելի շատ կարդալ նրա ստեղծագործությունները:

Մինչ այժմ իմ ամենասիրելի գրողը Շիրազն է: Այդ պահը միշտ հիշողությանս մեջ է»:

Մարինե Ղահրամանյան

Համակարգչային կախվածությունը հիվանդություն է

Արձագանքում եմ Նարեկ Բաբայանի «Հավերժ հակամարտություն» հոդվածին

Մենք ապրում ենք 21-րդ դարում՝ ավելի ճիշտ, «համակարգչի դարում»: Մարդիկ իրենց կյանքը իմաստավորում են համակարգչի մեջ` ու ամենավատն այն է, որ համակարգիչը օգտագործում են ժամանցի, հաճույքի համար: Հիմա թե’ մեծահասակները, թե’ երեխաները համակարգչից կախվածություն ունեն և առանց համակարգչի իրենց կյանքը չեն պատկերացնում: Օրինակ, ես համակարգչից կախվածություն չունեմ, ճիշտ է, համակարգիչ օգտագործում եմ, բայց ոչ  դաս սովորելու կամ այլ բաների համար: Համակարգիչը ապագա չէ մարդկանց, մանավանդ, երեխաների համար: Քույրերս ամբողջ օրը կռվում են, թե ով պիտի խաղա համակարգչով, բայց ես նրանց բացատրում եմ, որ համակարգչով խաղալով գիտելիք չեն ստանում, նպատակին չեն հասնում, իսկ նպատակին հասնելու համար պետք է ոչ թե համակարգչով խաղան, այլ դաս սովորեն:

Համակարգչի բացասական կողմերը շատ-շատ են, բայց համակարգիչն ունի նաև դրական կողմեր: Օրինակ` համակարգիչը թույլ է տալիս որպեսզի մարդիկ շփվեն հեռու ապրող իրենց բարեկամների, հարազատների, մտերիմների հետ: Համակարգիչը նաև տեղեկատվության աղբյուր է, որտեղից կարող ես պետքական բաներ սովորել: Ցավոք, այսօր մարդիկ ավելի շատ օգտվում են համակարգչի բացասական կողմից, որն օգուտ չի տալիս: Մեր ժամանակների ամենամեծ թուլությունը համակարգչից կախվածություն ունենալն է:

Ես այսպես եմ կարծում, իսկ եթե դուք այլ կարծիք ունեք, գրեք:

Մանեն

Ես տասնմեկ տարեկան էի, երբ իմացա, որ քույր եմ ունենալու: Շատ ուրախ էի, որ փոքրիկ արարած է հայտնվելու մեր ընտանիքում: Ուրախությունից երկու օր ուշքի չէի գալիս: Անցան ամիսներ: Նրա ծնվելուն մի քանի օր էր մնացել: Ծնողներս որոշում էին, թե ինչ դնեն նրա անունը: Ես ասացի, որ ուզում եմ Մանե դնենք, նրանք համաձայնեցին: Օրերն անցան, և ծնվեց Մանեն: Մանեի հետ մեր առաջին հանդիպումը կայացավ մեր տանը: Նա այնքան անմեղ ու թախծոտ աչքեր ուներ, իսկական հրաշք: Երբ այդ փոքրիկ հրաշքը հայտնվեց մեր կյանքում, մեր կյանքը լիովին փոխվեց դեպի լավը: Մանեի ծնվելուց անցավ մեկ տարի: Մանեի առաջին տարեդարձն էր: Ես գրկեցի և համբուրեցի նրան և ասացի` ծնունդդ շնորհավոր: Նա բռնեց մազերիցս և քաշեց: Ես բարկացա նրա վրա, իսկ նա սկսեց լաց լինել: Հետո հասկացա, որ չպետք է բարկանայի նրա վրա ու շատ զղջացի արարքիս համար: Նա շատ չարաճճի և քաղցրալեզու փոքրիկ է: Մանեն մեզ` իր մեծ քույրիկներին, չի թողնում, որպեսզի դաս սովորենք, խզբզում է գրքերի, տետրերի մեջ, պատռում տետրերը, գրիչը կոտրում, և էլի նման բաներ:

Հիմա Մանեն երեք տարեկան է: Նա հաճախում է մեր գյուղի` Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզ: Սակայն մանկապարտեզում անվտանգ չէ, քանի որ ապրելով սահմանամերձ գյուղում, ամեն վայրկյան կարող են կրակել: Վերջերս մանկապարտեզի մոտ անվտանգության պատ են կառուցել, և երեխաները մի քիչ ավելի ապահով են: Մանեն առավոտներն արթնանում է, հագնվում, լվացվում, վերցնում սանրն ու մազակալները տալիս մայրիկին ու ասում. «Մամ, մազերս կապի, որ գնամ մանկապարտեզ»: Մայրիկը նրան ասում է. «Մանե ջան, դեռ շուտ է, ինչո՞ւ ես այսքան շուտ հագնվել»: Բայց նա նստում և սպասում է, թե ով է իրեն տանելու մանկապարտեզ:
Մի անգամ նրան ես տարա մանկապարտեզ: Չգիտեմ ինչու, բայց նա չթողեց, որ ես հեռանամ, և սկսեց լաց լինել: Սիրտս ճմլվեց, չկարողացա թողնել այդպես լաց լինելով ու ամբողջ օրը մնացի մանկապարտեզում:
Մանեն շատ է տարված Ձմեռ Պապիկով, երբ առաջին անգամ ձյուն եկավ, նա արթնացավ, տեսավ, որ ձյուն է եկել և միանգամից ասաց.
-Բա Ձմեռ Պապիկն ո՞ւր է:
Բոլորն սկսեցին ծիծաղել, որովհետև դեկտեմբերի 3-ին Ձմեռ Պապիկը չի գալիս: Երբ նրան հարցնում ենք, թե ինչ է ուզում, որ Ձմեռ Պապիկը բերի, ասում  է.
-Տիկնիկ և հեծանիվ:
Նա անհամբեր սպասում է Ձմեռ Պապին ու իր ամանորյա նվերներին: