Երազել, երազել ու էլի ու էլի երազել: Դե չենք կարողանում ապրել առանց դրա գոյության: Ոմանք հասնում են դրանց` դիմելով անհնարինին, բայց կա մարդկանց մի խումբ, որ թողնում է անկատար:
Ես ունեցել եմ շատ երազանքներ` հասել դրանց ամեն գնով: Ունեցել եմ երազանքներ կապված ընտանիքիս, շրջապատիս, ուսման ու գիտելիքի հետ: Ցանկացել եմ դառնալ կայացած մարդ ու երեխա, որով հպարտանան ծնողներս: Ինչպես բոլորը, այդպես էլ ես, երազել եմ նմանվել հոլիվուդյան ֆիլմերի դերասաններին կամ հերոսներին: Ցանկանում եմ նմանվել Ավալոնին, ինձ թվում է, որ քչերն են դիտում այդպիսի ֆիլմեր, բայց ես կփորձեմ նկարագրել նրան: Նա պաշտպանում է էլֆերին, չնայած նա տղամարդ է, բայց ինձ դուր է գալիս նրա դրական կերպարը: Ինչևէ, անհնարին երազանք: Ունեմ մեծ երազանք նկարահանել ֆիլմ, իմ պատկերացումներով: Դասարանում, երբ խոսում ենք ֆիլմերից, ոմանց համար դրանք անհետաքրքիր են լինում: Կան մարդիկ, որոնք ընդհանրապես ֆիլմեր չեն դիտում, իսկ ոմանք էլ` միայն սիրային ու ռոմանտիկ ժանրի: Նայելով դրանք, հավատում են միայն սիրո գոյությանը: Անկեղծ ասած, ես չեմ հասկանում նրանց: Ու ամենահետաքրքիրն այն է, երբ խոսում ենք ֆիլմերից, դերասաններից, Անին զարմացած հարցնում է.
-Երեխե’ք, էդ ի՞նչ կինո ա, ասեք` գնամ-նայեմ:
-Անի ջան, մեկ ա, չես նայի, դու մենակ ռոմանտիկ կինոներն ես նայում,- ասաց հավաքվածներից մեկը:
-Դուք էլ են ֆանտաստիկայից դուրս չեք գալիս, էլի,- քմծիծաղով ասաց Անին:
Խոսում էի երազանքներից, հասա ֆիլմերին: Իմ հասակակիցներին խորհուրդ կտամ պայքարել անգամ չնչին երազանքի համար, բայց չապրել դրանցով:
Հ. Գ. Հա մեկ էլ, չհենվեք շրջապատի կարծիքների վրա, հնարավոր է` նրանք ուղղակի նախանձում են ձեզ:


Երբ դարձա պատանի թղթակից, մեզ հանձնարարեցին գրել տարբեր թեմաներով նյութեր: Նախ գրեցի երկու շարադրություն`«Ով եմ ես» և «Ինչն է ինձ հուզում» թեմաներով: Ես շատ բան ունեի գրելու: Օրեր անց ես և ընկերուհիս՝ Անին, վերցնելով ֆոտոապարատը որոշեցինք գնալ գյուղի տեսարժան վայրերը նկարելու: Մենք մեծ ցանկություն ունեինք հմտանալ այդ գործում, քանի որ արդեն տեղյակ էինք, որ պատանի թղթակիցները բացի նյութեր գրելուց նաև նկարում են նյութի վերաբերյալ լուսանկարներ:
Որոշեցինք գնալ «վերևի» մանկապարտեզ, ինչպես մեր գյուղում են ասում, քանի որ գյուղում ունենք երկու մանկապարտեզ: Առաջինը` ներքևի թաղերում է, երկրորդը` վերևի: Մտնելով այնտեղ նախ ներկայացանք: Դե որ համագյուղացիներ էինք, տատիկ-պապիկով ճանաչեցին: Ասեմ` թղթակիցների համար մի կողմից հեշտ է, որ գյուղում իրենց ճանաչում են, բայց մյուս կողմից էլ դժվար: Երեխաների ճաշի ժամն էր, նրանք ուտում էին, իսկ մենք նկարում էինք ամեն ինչ: Երեխաները կարծես թե ուրախ էին, երևի մտածում էին, որ լրագրողներ ենք: Այնտեղ տեսա իմ դաստիարակչուհիներին, ես նույնպես այդ մանկապարտեզն էի հաճախել:
Այնուհետև բարձրացանք եկեղեցի: Նկարեցինք այնտեղ ամեն ինչ: Իսկ երբ վերադարձանք, նկատեցինք մանկապարտեզի սաներից մի քանիսին ու լսելով նրանց խոսակցությունը ծնողների հետ, սկսեցինք ծիծաղել.
Լուսանկարները` Սոնա Թումանյանի և Անի Շահբազյանի