Խաչիկ Բունիաթյանի բոլոր հրապարակումները

խաչիկ բունիաթյան

Մի քիչ բարություն, ու վերջ

Դասերս վերջացավ, ու տուն գնալու ժամանակն էր։

-Տղերք, կայարան ո՞վ ա գալիս։

Ու չորսով անձրևի տակ քայլելով գնացինք կայարան։

Նոր թխված բուլկիների հոտը գերեց մեզ, և կնստեինք մեր գյուղի ավտոբուսը, շտապեցինք գնել։ Ուտելով և խոսելով քայլում էինք, և հանկարծ նկատեցինք չորս թրջված և վատ վիճակում գտնվող անօթևանների։

-Տղերք, եկեք ամեն մեկին մի հատ բուլկի տանք, սոված կլինեն։

-Հա՛, ճիշտ ես:

Մոտեցանք ու առաջարկեցինք։ Չնայած սոված էին, մերժեցին առաջին անգամ, բայց երբ ասացի` ես կերել եմ ու սա քեզ համար եմ բերել, ձեռքը մեկնեց և վերցրեց։ Նրանցից մեկն արցունքը մաքրելով ասաց․

-Ապրեք՛, տղերք ջան։

-Խնդրեմ, անուշ արեք։

Եվ սկսեցին ուտել` մեկը մյուսին առաջարկելով։ Քիչ հեռու մի մարդ էլ կար, որը շատ վատ վիճակում էր։ Նրանցից մեկն իր բաժինը կիսելով, տարավ և սկսեց կերակրել ծեծված պապիկին։

-Տղերք ջան, մի բան խնդրեմ , «Չիբուխ» կառնե՞ք, խնդրում եմ։

Գնացինք ու բերեցինք, և շնորհակալություն հայտնելով, սկսեցին ծխել։ Լաց լինելով մոտեցավ նրանցից մեկն ու սկսեց պատմել․

-Տղերք ջան, ես ազատամարտիկ տղա եմ: Էս վիճակին տղուս պաճառով եմ ընկել: Տունը ծախեց, ինձ ասաց, որ մի սենյականոց տուն ա առել ու տեղափոխվեցի էդ տուն, մի քիչ էլ փող տվեց ու հաջող արեց, գնաց Հոլանդիա։ Մի ամիս անցավ, ու տանտերը եկավ ասեց, որ վարձը տալու ժամանակն ա: Զարմացա, ասի` ի՞նչ վարձ, տղես էս տունը ինձ համար առել ա: Բայց փաստորեն խաբել էր: Դե, ես էլ մի քիչ խմելու հետ սեր ունեմ, չեմ էլ հիշում էն ժամանակ ինչ ա դեմ տվել, որ ստորագրեմ։ Ամիսը 17 000 թոշակ են տալիս: Հաշմանդամ եմ, ուկրաինացի սնայպերը 91 թվին պատերազմին ձախ ուսիցս ու փորիցս խփել ա, թևիս մկանն էլ կտրվել ա, թե չէ, ես կաշխատեի: Նոր, որ էն բիձուն կերակրում էի, է, շատ եմ սիրում, ինքն էլ՝ ինձ։ Երեկ երեք լակոտ էնպես են ծեծել խեղճին, չի կարում շարժվի: Մի կերպ համոզում եմ, որ հաց ուտի, սովից չմեռնի։ Գիտե՞ս` քանի օր հաց չէի կերել, երեք օր: Էն բուլկին, որ բերեցիր, սիրտս սկսեց արագ աշխատել: Աչքերս փայլեցին: Ուղղակի սկզբից ամաչում էի վերցնել։

Տղերք, էս ա մեր ընտանիքը: Սաղս էլ մի բանի պատճառով փողոց ենք ընկել, անտեր ենք. ոչ տուն ունենք, ոչ հարազատ։ Իրիկունն էլ էս կայարանի մոտ պուլպուլակի ջրով լվացվում ենք, նասկիները լվում ենք: Չնայած, էդ նույն նասկին էնքան ենք լվացել, արդեն մաշվել ա։ Էսա մեր օրը։ Էսօր էլ անձրևի տակ ենք մնացել: Ոչ հաց էինք կերել, ոչ տաք շոր ունենք… Որ դուք էլ էդ բուլկին չտայիք, սոված պիտի քնեինք։ Մի քանի օր առաջ էլ մեր հաշմանդամ ընկերը մեռավ, ստեղ էր էլի մնում։

Ես էլ չդիմացա.

-Ցավդ տանեմ, հերիք ա, էլ բան մի պատմիր..․

Մի կերպ էս նախադասությունն ասացի ու արցունքներս մաքրեցի։

Չգիտեմ, գուցե մեկն ասի` հնարում են, գուցե ասեն` իրենց խմելու պատճառով են էս օրն ընկել: Դե միշտ էլ կարելի է պատճառներ գտնել։ Բայց մեր կողքին նույնիսկ անօթևան կենդանիներից վատ վիճակում ապրում են այս մարդիկ` ցրտի, անձրևի, ձյան, սովի, անօգնական ու խեղճ մարդկանց ծեծելով ինքնահաստատվողների մեջ:

Ես չգիտեմ` ինչպես օգնել, բայց տանջվում եմ: Հիմա գրում եմ այս տողերը և խնդրում. ո՞վ կարող է օգնել ու լուծել այս մարդկանց գոնե գլխներին ծածկ ունենալու խնդիրը: Ժողովուրդ,անտարբեր մի անցեք ոչ մի անօթևանի կողքով, ամեն մեկն էլ իր պաճառներն է ունեցել փողոցում մնալու։ Մի քիչ բարություն, ու վերջ: Մի հանդիմանեք նրանց, մի արդարացրեք ձեր անտարբերությունը, բարությունը ընտրությամբ չեն անում”

Հ.Գ. Շատ եմ ուզում, որ էս մարդու տղան կարդա հոդվածս ու հասկանա, որ թողնելով փողոցում հորը ու խաբելով, ինչ օրն է գցել իր հորը: Չնայած` ինչո՞ւ պիտի կարդա, ինքը հաստատ կարդացողներից չէ…

խաչիկ բունիաթյան

Իմ առաջին ցուցահանդեսը

Սովորական մի օր էր։ Ինչպես միշտ առավոտյան աչքերս բացեցի ու մտա ֆեյսբուք, և ահա տեսա մի բարեգործական ցուցահանդեսի գովազդ։ Առաջին հայացքից հավանություն տալով, ես նույնպես ուղարկեցի իմ լուսանկարները՝ այն լուսանկարները, որոնք արել էի Աղվերանի մեդիա ճամբարի ընթացքում։ Անցավ մի քանի օր և ահա գիշերը ժամը 11:15 ինձ զանգահարեցին։ Հոգնած վերցնելով հեռախոսը, սկսեցի խոսել, հոգնած դեմքիս միանգամից ժպիտ եկավ, ու անջատելով, սկսեցի տնեցիներին պատմել, որ ընտրել են իմ նկարներից` ցուցահանդեսի համար։ Քանի որ ես տեղյակ չէի պահել նրանց այդ մասին, սկսեցին հարցախեղդ անել ինձ։ Գրեթե 15 րոպե բացատրում էի, թե ինչպես է պատահել, որ մասնակցելու եմ ցուցահանդեսին։ Ահա եկավ ցուցահանդեսի օրը՝ անձրևոտ մռայլ եղանակ, բայց տրամադրությունս լիովին հակառակն էր, և ուրախ-զվարթ գնացի Հյուսիսային պողոտա։ Տեանելով, որ ոչ ոք դեռ չի եկել, զանգահարեցի: Փաստորեն մեկ ժամ շուտ էի եկել։ Եվ ահա հեռվից տեսա ցոցահանդեսի մասնակիցների խումբը։ Սկսվե՛ց։ Եվ իմ նկարները արդեն մոլբերտի վրա էին։ Ցուցահանդեսն անցկացվում էր բացօթյա, և անցորդները  անտարբեր չանցնելով նկարներիս կողքով,  հարցուփորձ էին անում նկարի պատմության մասին, իսկ ես պատրաստակամությամբ պատմում էի։ Ես ինձ հպարտ  էի զգում, քանի որ ամենափոքրն էի մասնակիցների մեջ։ Այդ օրվա ամենահիշարժան պահն այն էր, երբ ինձ նվիրեցին գիրք-ֆոտոալբոմ, որի մեջ ընդգրկված էին Անդրկովկասի հայտնի լուսանկարիչների աշխատանքները։

Հ.Գ. Չնչին հնարավորությունն էլ բաց մի թողեք։ Ինձ համար մեծ դաս  եղավ  այս  ցուցահանդեսը, քանի որ ես առաջին անգամ ինքնուրույն փորձեցի ակտիվ լինել, և համոզվեցի, որ ամեն բան սկսվում է նախաձեռնող լինելուց: Հավատացեք, ամեն ինչ ձեր ձեռքերում է։

խաչիկ բունիաթյան

Իմ անմոռաց ամառը

Աղվերանի մեդիա ճամբարից  ծանոթացած ընկերներիցս մեկը՝ Նարեկը, մի օր զանգեց ու ասաց․ 

-Խաչ, մեզ մոտ սեմինարներ ա, կարո՞ղ ա գաս:

-Մեծ հաճույքով, մնում ա` տնեցիքին համոզեմ։

Եվ այսպես սկսվեց տանջալի աշխատանքները դեպի Մալիշկա համոզելը։ Վերջապես ես հասա իմ ուզածին, զանգեցի Նարեկին ու հպարտ ասացի՝ գալիս եմ։

Միայն իմանալով այս արտահայտությունը` «Պարույրի օբյեկտի մոտ կպահես», մի կերպ հասա Մալիշկա։ Երբ հեռվից տեսա Նարեկին, նոր սիրտս ընկավ տեղը,  հասկացա, որ չեմ կորել։

Քանի որ ես այդքան էլ հաջողակ չեմ, ու պետք է մի բան այնպես չլիներ, եղավ անսպասելին։ Նարեկը ասել էր, որ սեմինարների սկիզբը օգոստոսի 18-ին է, իսկ ես ամսի 17-ին արդեն գյուղում էի: Փաստորեն պարզվեց, որ 18-ի փոխարեն 22-ին է սեմինարը: Ի՞նչ էր մնում անել ինձ. արագ անցկացնել ժամանակը։ Ամեն օր ավելի կապնվելով թե գյուղի, թե Նարեկի ընտանիքի հետ, մոռացել էի գնալու մասին։ Ահա և եկան սեմինարների օրերը։ Չորս  օրն այնպես հետաքրքիր անցավ, որ չզգացի, թե ինչպես է ժամանակը անցնում։

Հրաժեշտի օրը մոտենում էր, իսկ ես չէի ուզում գնալ: Վերջին օրերս աշխատում էի դարձնել անմոռանալի։ Գիշերները Նարեկի հետ նույն սենյակում էի քնում, այսինքն չէի կարողանում քնել։ Պառկում էինք ու, ինչից ասես, չէինք խոսում։ Ամեն գիշեր ամփոփում էինք օրը, ոնց որ բամբասկոտ տատիկներ լինեինք։

Ամենահիշարժան պահերից մեկն այն էր, երբ  Վայքում «Տնակի» սեմինարի ժամանակ մեզ անսպասելի այցելեցին 17-ից։ Աչքերիս չհավատալով բոլորին խառնեցի իրար, ու միանգամից դուրս եկանք դասից։ Ասեմ, որ սեմինարների մասնակիցներից ավելի քան տասը հոգին հենց Պատանի թղթակիցների ցանցից էինք` տարբեր մարզերից, քաղաքներից ու գյուղերից:

Այսպես անցկացրեցի կյանքիս ամենահետաքրքիր ամառային արձակուրդը` մեդիա դասընթացներ, մեդիա ճամբար, դեռ մի բան էլ ավելի` պատանի թղթակից իմ նոր ընկերներով ակտիվ քաղաքացի լինելու դասընթացներ:

Ինչ ասեմ` ես արդեն իսկապես ակտիվ քաղաքացի եմ:

խաչիկ բունիաթյան

Ընկերներս

Բարև բոլորին, էլի ես եմ` իմ տարօրինակ, բայց հետաքրքիր ևս մի հոդվածով։ Որոշեցի մեր գյուղի տղեքի ու իմ ընկերների մասին գրել։ Մեր լեզվով ասած․ «Էս տարի լոքշ ա»,  բացատրեմ` ինչու։ 

Էս տարի մեր ընկերների մի մասը մեկնեց հայրենիքի խաղաղությունը պաշտպանելու, այսինքն, բանակ գնացին։ Մնացինք մի քանի հոգով: Քանի որ շոգ է, ու հավես չկա ոչ մի բանի, մնում է մի բան անել` «հելնել» գյուղ: Բայց հենց ուզում ենք գնալ գյուղամեջ, անպես է ստացվում, որ մի քանի հոգու հարմար չի լինում, կամ հավես չունեն, մենք էլ հո երկու հոգով չե՞նք գնա: Ստիպված ոչ մի տեղ չենք գնում ու դառնում ա` «լոքշ»։

Փորձում եմ տանը չմնալ: Շատ ժամանակ քնած եմ անցկացնում, որ ժամանակը շուտ անցնի, բայց մի մտածեք, որ ամբողջ օրը էսպես է լինում: Չէ, չէ, էդպես չի: Լիքը օրեր կան, որ շատ հետաքրքիր են անցնում: Տղեքով հավաքվում ենք, ձմերուկները վերցում ու գնում ենք մեր գյուղի ակումբը։ Կարևորը ձմերուկ ուտելը չի, կարևորը հետաքրքրությունն է ու հավես ժամանակը։ Խաղեր ենք կազմակերպում, ծիծաղից թուլանում ենք, մի խոսքով, լավ ժամանակ ենք անցկացնում։ Բացի դա տղերքով գնում ենք լողի։ Լողից էլ հոքնած գալիս ենք, բայց զբոսնում գյուղում, ու լիցքավորվում ենք էներգիայով և ուրախությամբ։

Մենք իրար հետ լրիվ ուրիշ ենք դառնում: Չորսս էլ իրարից տարբերվող մարդիկ ենք. տարբեր նախասիրություններով: Հենց դա է պատճառը, որ իրար հետ ենք լինում, բայց չենք ձանձրանում։ Չնայած քիչ-քիչ պակասում ենք, բայց մեկ է, միշտ կապ կա իրար հետ ու անբաժան կապ: Շուտով մեր մի ընկերը կգնա Հայաստանից, ես դուրս եմ գալիս դպրոցից:  Ճիշտ է, արդեն այդքան երկար ժամանակ չենք անցկացնի, բայց կարևորը, միշտ կապի մեջ կլինենք:

Աղվերանի մեդիա ճամբար. Միշելի քեռին

Լուսանկարը` Խաչիկ Բունիաթյանի

Լուսանկարը` Խաչիկ Բունիաթյանի

Մի քանի օր առաջ քննարկում էինք և փորձում ընտրել 19 կինոյի թեմաներից մի քանիսը, որոնք պետք է նկարահանեինք Աղվերանի մեդիա ճամբարի օրերին: Բոլոր թեմաներն էլ հետաքրքիր էին, բայց ես  անմիջապես ընտրեցի «Միշելի քեռին» աշխատանքային վերնագրով թեման, և շատերը հավանություն տվեցին այդ ֆիլմը նկարելու գաղափարին: Ասեմ, որ Միշելը մեր Արարատի մարզի թղթակիցներից է:

Լուսանկարը` Խաչիկ Բունիաթյանի

Լուսանկարը` Խաչիկ Բունիաթյանի

Մենք հասանք Չարենցավան` ԱրթուրԳալստյանենց տուն: Մեզ դիմավորեց նրա ուրախ ու գեղեցիկ ընտանիքը: Արտակը գամված է հաշմանդամի սայլակին: Նա ուրախ ժպիտով մեզ ներս հրավիրեց: Նստեցինք և սկսեցինք զրուցել: Սպորտում բազմաթիվ հաջողություններ ունեցող մեր ֆիլմի հերոսը ունեցել է բազմաթիվ հաղթանակներ: Արթուրը զբաղվում է սեղանի թենիսով և բասկետբոլով: Երբ ցույց տվեց իր պատվոգրերն ու մեդալները, հասկացա, որ շատ ուժեղ կամքի տեր մարդ է: Երեխաները շրջապատել էին մեզ և հետաքրքրությամբ նայում և լսում էին:  Արթուրին կյանքը չի ընկճել, նա զբաղվում է արհեստով, կարողանում է մեքենա վարել, շատ ակտիվ մարդ է: Ավելին, Արթուրը մտածում է նաև բոլոր այն սահմանափակ կարողությունների տեր մարդկանց օգնելու մասին, որոնք ապրում են իրենց քաղաքում:

Արթուր Գալստյանի մասին ավելի շատ բան իմանալու համար սպասեք մեր ֆիլմին: Հաստատ ձեզ էլ կոգեշնչի նրա կերպարը:

Աղվերանի մեդիա ճամբար, օր երկրորդ. ֆոտոարշավ

Այսօր անցկացրինք ֆոտոարշավ դեպի Արզական գյուղ: Մտածում էի, որ հետաքրքիր բաներ  չեն լինի,  բայց ենթադրություններս սխալ էին: Գյուղում  քիչ շրջելուց հետո հանդիպեցինք շատ հետաքրքիր և հյուրընկալ մարդկանց, ովքեր մեծ հաճույքով պատմում էին  հետաքրքրաշարժ մարդկանց մասին: Առաջին մարդն, ում այցելեցինք  դարբին Արտակն էր, որը արդեն 25 տարի անընդմեջ աշխատում և զարգացնում է իր կարողությունները դարբնություն  արհեստի մեջ: Դարբին Արտակի գործերը   ոչ միայն ունեն պահանջարկ  մեր տեղական շուկայում, նաև հաճախ արտերկրյա  պատվերներ է ունենում: Չնայած երկար տարիների աշխատանքին՝ նա պատասխանեց, որ երբեք չի հոգնի իր  աշխատանքից:

Հետաքրքիր զրույցից  հետո գյուղացիները մեզ ուղեկցեցին  մի տուն, որը ես նմանացրի թանգարանի: Տանտիրոջ անունը՝ Վալես էր և հենց նա էր այդ գեղեցկության վարպետը: Աննկարագրելի գեղեցկություն ունեցող այդ տունը  երկար տարիների ընթացքում է դարձել այդպես գեղեցիկ: Տունն ամբողջովին  պատված էր խճանկարներով: Չեք հավատա,  բայց նույնիսկ տան ներսում էր ամբողջովին խճանկար: Նա նաև հին իրերի և կենդանիների սիրահար էր: Հմայված այդ գեղեցկությամբ՝ հետաքրքրաշատ օրը շարունակեցինք  ճամբարում:  Օրեցօր մտերմանալով  իմ նոր ընկերների հետ՝ չեմ պատկերացնում, թե ինչպես  կանցնեն այս օրերը և ինչպես կբաժանվենք իրարից: Ամեն ինչ անցնում է ուրախ և հետաքրքիր մթնոլորտում, և հենց դրա շնորհիվ է, որ չենք ձանձրանում, իսկ օրվա վերջում ուժասպառ երանելի քուն ենք մտնում: Մեզ սպասվում են դեռ բազմաթիվ հետաքրքիր արշավներ և ֆիլմերի նկարահանումներ:

Տատ, սա քեզ համար եմ գրել

Բոլորն էլ ունեն իրենց համար ամենահարազատ և ամենասիրելի էակը, ես նույնպես բացառություն չեմ։ Երբ փոքր էի, հիշում եմ, որ տարբեր մարդիկ նույն հարցն էին տալիս, թե ում ես ամենաշատը սիրում` հայրիկին թե մայրիկին, իսկ ես առանց երկար մտածելու պատասխանում էի՝ տատիկիս: Եվ չգիտեմ ինչու, ոչ ոք չէր հավատում, որ կարող եմ ես իմ ծնողներից առավել սիրել տատիկիս, բայց դա իրոք այդպես է։ 

Մանկությունս անցկացրել եմ Ալիս տատիկիս կողքին: Երբ փոքր էի, հիշում եմ, որ տատիկիս գրկում էի քնում: Ես չեմ պատկերացնում, որ կարող է աշխարհում տատիկիցս ավելի բարի մարդ լինի։ Տատիկս գյուղատնտես է և աշխատում է իրենց ջերմատներում։Երբ նա գնում էր ինչ որ գործ անելու, ես նրա հետ գնում էի, փորձում օգնել, և աշխատելիս զրուցում էինք ամենատարբեր բաների մասին։ Օրվա մեծ մասը անցկացնում էի տատիկիս հետ և, երևի հենց դրանից է, որ շատ կապված ենք իրար։Երբ դարձա վեց տարեկան, մենք պետք է տեղափոխվեինք մեր նորակառույց տունը, բայց տատիկս մեր հետ չէր ապրելու: Չնայած մեր նոր տունը գտնվում է նույն Մրգավետ գյուղում, և իրարից այդքան էլ հեռու չէ, բայց ես չէի ուզում տեղափոխվել։Առաջին օրերին չէի հարմարվում և հիշում եմ, որ առանց զգուշացնելու տնից փախչում և գնում էի տատիկիս մոտ։Ժամանակը անցնում էր, ես մեծանում էի, բայց էլի չէի համակերպվում դրա հետ։ Շաբաթական մեկ-երկու օր գնում էի տատիկիս մոտ մնալու: Տատիկիս մոտ ասելով մի հասկացեք, թե նա մենակ է ապրում: Նա ապրում է իմ հորեղբոր ընտանիքի և պապիկիս հետ։ Ես արդեն սովորություն էի դարձրել, որ շաբաթ և կիրակի օրերը պետք է մնամ տատիկիս տանը: Չնայած նրան, որ մեծանում եմ, բայց այս սովորությունը չեմ փոխել։ Մի քանի անգամ հորեղբորս ընտանիքը նեղացել է ինձանից: Ասեմ ինչու` երբ գնում եմ տատիկենց տուն, բարևում եմ բոլորին, ու առաջին հարցս լինում է. «Տո՞ւնն ա տատին»: Երբ ասում են, որ տանը չի, ես ասում եմ. «Լավ, դե ես գնացի: Հաջողություն»: Եվ այդ ժամանակ նրանք կատակով ասում են. «Այ տղա, էս մենք հե՞չ: Մենակ տատիկիդ համա՞ր ես գալիս»: Որոշ չափով դա այդպես է, չնայած նրանք էլ ինձ համար շատ թանկ մարդիկ են։

Ինձ ճանաչելով մարդիկ մի քանի անգամ տվել են այս հարցը՝ ի՞նչ կլինի, եթե տատիկդ չլինի: Նման հարցից ես մինչև հիմա էլ բարկանում եմ:

Ես գրում եմ այս տողերը և հիշում բոլոր այն տատիկ-պապիկներին, որոնք մենակ են մնացել, թեև ունեն զավակներ և թոռներ: Շատերը նրանց թողնում են մենակ,  հեռանում են և մոռանում նրանց մասին: Մոռանում են, որ հենց այդ տատիկն ու պապիկն են իրենց պահել և մեծացրել, իսկ հիմա զգում են ջերմության պակաս:

Ճիշտ է, մեծանալով մեր հետաքրքրություններն շատանում են, անելիքները նույնպես, բայց երբ տեսնում եմ, թե ինչպես է տատիս դեմքը պայծառանում, երբ այցելում եմ իրեն, պատրաստ եմ ամեն բան մի կողմ դնել:

Մի կոտրեք նրանց սրտերը: Ուղղակի ժամանակ հատկացրեք նրանց, և նրանց ուրախությանը չափ չի լինի։

Ես արդեն 16 տարեկան եմ, սակայն սովորությունս չի փոխվել. ամեն շաբաթ գնում եմ և մնում տատիկիս տանը: Տատս կարծես իմ հոգու արեգակը լինի, գնում եմ, որ ջերմանամ:

Հ.Գ. Հիմա շատերդ կմտածեք, թե 16 տարեկան տղան այս ինչ է գրում: Մի՞թե մեր հարազատ մարդկանց չպետք է ասենք, որ սիրում ենք իրենց, բա ուրիշ ե՞րբ, եթե ոչ հիմա, քանի նրանք մեր կողքին են:

խաչիկ բունիաթյան

Անդառնալի մանկություն

Ես ունեցել եմ շատ երջանիկ և գունավոր մանկություն։ Արդեն փոքր չեմ, բայց ոչ էլ մեծ եմ։ Ես գտնվում եմ  մանկության և երիտասարդության մեջտեղում: Շուտով կավարտվի կյանքի ամենաանհոգ և ամենահետաքրքիր ժամանակահատվածը, և ես այդքան էլ ուրախ չեմ դրա համար։ Երանությամբ եմ հիշում իմ մանկության ուրախ դեպքերը, երբ առավոտից մինչ ուշ երեկո երեխաներով խաղում էինք մեր ամենասիրելի խաղը՝ ֆուտբոլը։ Մենք այնքան կլանված էինք խաղում, որ նույնիսկ չէինք գնում հաց ուտելու: Բոլորի մայրիկները մեկը մյուսի նման գալիս էին մեզ մոտ` բերելով ուտելիք կամ հագուստ, որպեսզի չմրսենք։ Մեզ համար կյանքը շատ հետաքրքիր և բովանդակալից էր անցնում, և մենք չէինք ձանձրանում  երբեք։ Հիշում եմ, որ ամռանը ընկերներով գնում էինք ծիրանի այգիները, ինչպես մենք ենք ասում, «ցոգոլ ուտելու»։ Մի քանի անգամ նույնիսկ քիչ էր մնում մեզ բռնեին, բայց քանի որ մենք շատ համախմբված էինք, կարողանում էինք շուտ կողմնորոշվել և արագ ծլկել այգիներից։

Հիշում եմ և շատ եմ կարոտում մանկությունս։ Ես ունեցել եմ գունավոր և ուրախ մանկություն, սակայն այս ժամանակներում կան շատ երեխաներ, որոնք չեն կարողանում վայելել իրենց մանկությունը: Ավաղ, շատ եմ ցավում։ Երեխաների մի մասը աշխատում է` իր ընտանիքին օգնելու համար և չի հասկանում, թե ինչպես անցավ մանկությունը, իսկ մյուս մասն ամաչում է իր վիճակից, և առանձնանալով մնացած երեխաներից, դառնում է ինքնամփոփ:

Ինձ շատ է հուզում այս հարցը. նրանք կմեծանան, բայց չեն  ունենա ուրախ հուշեր մանկությունից։ Մանկությունը կյանքի ամենաքաղցր ժամանակահատվածն է,  թեև շատ չի անցել այդ օրերից, բայց արդեն կարոտել եմ․․․