Սերինե Հարությունյանի բոլոր հրապարակումները

serine harutyunyan

Կարոտում եմ, շա՜տ եմ կարոտում…

-Ինչու՞ է Աստված լավ մարդկանց խլում մեզնից, իսկ վատերին թողնու՞մ:

-Իսկ եթե դու մտնես պարտեզ, ո՞ր ծաղիկը առաջինը կպոկես:

-Դե, ավելի գեղեցիկը:

Իսկ ե՞ս, իսկ եթե ես մտնեմ պարտե՞զ… Ես էլ նույնը կանեմ… Բայց, բայց եթե միայն իմանամ, որ իմ՝ գեղեցիկ ծաղիկները թփի վրա թողնելուն զուգահեռ, Աստված էլ լավ մարդկանց մեր կողքին կթողնի, եթե միայն իմանամ, ես չեմ պոկի դրանք, հա, հա, չեմ պոկի… Կբավարարվեմ միայն դրանց հեռվից նայելով ու կհեռանամ, ու ես անգամ վատ ու տգեղ ծաղիկները չեմ պոկի… Այդ վատը, որ գուցե միայն ինձ համար է այդպիսին, հնարավոր է՝ մեկ ուրիշի համար շատ ավելի լավը լինի, քան այն մյուսը… Դե, ի՞նչ տարբերություն… Մարդկանց դեպքում էլ գրեթե նույնն է… Մեզնից յուրաքանչյուրը գոնե մի մարդու տանել չի կարողանում, թեկուզ հենց այնպես, առանց պատճառի… Հնարավոր է, որ այդ մարդն իսկապես շա՜տ վատն է, բայց, բայց ինչքան էլ որ նա վատը լինի, աշխարհում անպայման կգտնվի գոնե մեկը, ում համար նա լավագույններից է, եթե ոչ լավագույնը…
Լինում են, չէ՞, պահեր, որ թեկուզ տարիներ են անցնում, բայց չեն մոռացվում… Ու, լինում են, չէ՞, մարդիկ, որ թեկուզ ձեզնից հեռու, բայց միշտ ձեր մտքում են ու երևի դեռ երկար կմնան այդտեղ… Երևի ամենամեծ ցավը մտքումդ ինչ-որ մեկին ունենալն ու լուռ կարոտելն է, երբ գիտես, որ այդ մեկին հանդիպելու հնարավորություն այլևս երբեք, երբեք չես ունենա, որովհետև նրան էլ ոչ ոք, ոչ ոք տեսնել չի կարող… Սարսափելի է, երբ ուզում ես տեսնել նրան, խոսել նրա հետ, գրկել, ասել, թե ինչքան ես սիրում ու կարոտում… Ու հետո, հետո միայն հասկանում ես, որ հիշողությունների հետ խոսել, հիշողություններդ գրկել ու հիշողություններից կարոտդ առնել ուղղակի անզոր ես… Այսքան ժամանակ դեռ ոչ մեկին չի հաջողվել անել դա… Ու միայն հետո դու հասկանում ես, որ քո ունեցածը լոկ հիշողություններ ու անշունչ լուսանկարներ են, էկրանից այն կողմ, կամ, թեկուզ թղթի վրա… Բայց անշունչ են, չէ՞, դրանց հետ խոսելն անհնար է, չէ, գուցե դու խոսես, բայց քո առաջ դրված լուսանկարը քեզ երբեք պատասխան չի տա: Դու կարող ես շարունակ հարցեր տալ ու պատասխան չլսել… Դու կարող ես հարց տալ ու անվերջ սպասել, որ լուսանկարը մի օր քեզ կպատասխանի… Բայց, չէ… Դու կսպասես, կսպասես ու էլի անվերջ կսպասես, իսկ լուսանկարը, այն երբեք էլ քեզ պատասխան չի տա… Դու կշարունակես խոսել, հարցեր տալ, սպասել և ուղղակի լուռ կարոտել… Դու կշարունակես ապրել լուսանկարներով ու հիշողություններով, որ մնացել են…

Ու աշխարհում ինչքան մարդ կա, որ լոկ հիշողություններով է ապրում, ինչքան մարդկ կա, որ ստիպված է բավարարվել միայն լուսանկարներին նայելով… Ինչքա՜ն մարդ այդպես էլ վաղը չի տեսնում, ու ինչքանն են այսօր վերջին անգամ լուսանկարվել… Ոչ ոք չգիտի… Երևի չեն էլ իմանա…
Կարոտում եմ նրանց, ում երկինքն է տարել, ովքեր երկնքում են, շա՜տ եմ կարոտում… Ու ինչքա՜ն կարոտ կա իմ, քո ու մեր նման շատ շատերի մեջ…
Կարոտում եմ, շա՜տ եմ կարոտում…

Կոթիի «Սմարթ ապահով սենյակը»

Լուսանկարը՝ Նինա Գանջալյանի

Լուսանկարը՝ Նինա Գանջալյանի

Մեր օրերում տեխնիկական միջոցներն այնքան են զարգացել, որ արդեն ոչ միայն ռոբոտներն են փոխարինում մարդկանց, այլև մարդիկ են նմանվում ռոբոտներին: Տեխնիկական միջոցների զարգացման թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը շատ են, ինչևէ, այսօր կխոսենք միայն դրականների մասին: Մեզանից շատերը գիտեն Հայաստանի մանուկներ հիմնադրամի (Children of Armenia Fund) ու դրա իրականացրած ծրագրերի մասին: Հիմնադրամի ծրագրերից մեկն էլ Հայաստանի տարբեր համայնքներում Սմարթ սենյակների ստեղծումն է: Տավուշի մարզում այդպիսի համայնքները դեռևս երկուսն են՝ Այգեհովիտը և իմ համայնքը՝ Կոթին:

Լուսանկարը՝ Նինա Գանջալյանի

Լուսանկարը՝ Նինա Գանջալյանի

Ծրագրի նպատակը տեխնիկական նոր միջոցներ ստեղծելն ու երեխաներին նոր հնարավորություններ ընձեռելն է: Կոթիում սենյակը գործում է արդեն շուրջ 7 ամիս: Սենյակում 3 մշտական խմբակ է գործում՝ անգլերենի, ռոբոտաշինության և մեդիա գրագիտության: Գործում է նաև անգլերենի ինքնուսույց ծրագիր, որի գլխավոր առավելությունը տարիքային սահմանափակում չունենալն է: Նորագույն տեխնոլոգիաներից նույնիսկ մանկապարտեզ հաճախող փոքրիկները հետ չեն մնում. նրանց համար էլ ուսուցողական դասընթացներ ու մուլտֆիլմի դիտումներ են կազմակերպվում:

Լուսանկարը՝ Նինա Գանջալյանի

Լուսանկարը՝ Նինա Գանջալյանի

Սենյակը «Սմարթ սենյակ» կոչվելու փոխարեն կոչվում է «Սմարթ ապահով սենյակ»: Անվանումը հենց այնպես չի տրվել. այն նկուղային հարկում է, ինչը կարծես պարտադիր պայման է սահմանամերձ համայնքում:
Սմարթ սենյակի համակարգող Նինա Գանջալյանի խոսքով՝ երեխաները մեծ հաճույքով են հաճախում դասընթացներին, ինչի հիմնական պատճառներից մեկն էլ սենյակի առաջինն ու դեռևս միակը լինելն է: Նինան մեծ հաճույքով է աշխատում երեխաների հետ: Կարծում է, որ երեխաների հետ աշխատելը միշտ էլ հաճելի է:

Լուսանկարը՝ Նինա Գանջալյանի

Լուսանկարը՝ Նինա Գանջալյանի

Սմարթ սենյակ արդեն շուրջ 40 երեխա է այցելում, նրանցից որոշները անգամ մի քանի դասընթացների են մասնակցում: Մեկն էլ Անի Էվինյանն է: Անիի խոսքով՝ սկզբում նա նման սենյակի մասին երազել անգամ չէր կարող: Սենյակի բացման մասին իմանալով՝ անմիջապես սկսել է հետաքրքրվել և ամեն ինչ անել դասընթացներին մասնակցելու համար: Մասնակցում է ռոբոտաշինության, անգլերենի և մեդիա գրագիտության դասընթացներին: Ասում է, որ իր համար նման ծրագրի մասնակցելն իսկապես շատ կարևոր է, և որ յուրաքանչյուր դասընթացին մասնակցությունն իր հիմնավոր պատճառն ունի: Ուզում է լրագրող դառնալ: Ասում է, որ թե՛ անգլերենը, թե՛ մեդիա գրագիտությունը չափազանց կարևոր են ցանկացած լրագրողի համար: Իսկ հարցին, թե ինչ կապ ունի ռոբոտաշինությունը լրագրություն սովորել ցանկացող մարդու հետ, Անին իր պատասխանն ունի. «Ուզում եմ հայրենիքիս համար որևէ լավ բան անել. իմ պատրաստած ռոբոտը կկանգնի սահմանին և իր վրա կվերցնի թշնամու կողմից արձակված ցանկացած փամփուշտ»:
9-րդ դասարանցի Տաթևիկ Սեփխանյանը նշում է, որ COAF-ի նախագծած ծրագիրը՝ Կոթիում Սմարթ սենյակ ստեղծելը, շատ անսպասելի և, միևնույն ժամանակ, անչափ հաճելի իրադարձություն էր իրենց՝ երեխաների համար: Տաթևիկն ամեն ինչ հենց սկզբից հիշեց, պատմեց իր վախերի, ձանձրույթի ու անհասկանալի թվացող դասընթացների մասին. «Սկզբում վախենում էի, չէի հավատում, որ կկարողանամ լրացնել ընդունելության հայտն ու մասնակցել խմբակին: Առաջին մի քանի օրերն իսկապես ձանձրալի էին թվում, որովհետև չէի կարողանում գիտակցել դասընթացների լրջությունն ու կարևորությունը: Հիմա մեծ սիրով եմ մասնակցում թե՛ ռոբոտաշինության, թե՛ մեդիայի և անգլերենի խմբակներին: Շատ տպավորված եմ այս պարապմունքներից ու հատկապես՝ դասավանդող ուսուցիչներից: Նրանք իսկապես ջանք չեն խնայում մեզ ինչ-որ նոր բան սովորեցնելու համար: Այստեղ հնարավորություն եմ ունենում զբաղվել այնպիսի բաներով, որոնց մասին երազել անգամ չէի կարող»: Տաթևիկը հույս ունի, որ դասընթացները երբեք չեն ավարտվի: Ուզում է բավականին լավ անգլերեն խոսել սովորել և ինքնուրույն ստեղծել իր երազած ռոբոտը:

Լուսանկարը՝ Նինա Գանջալյանի

Լուսանկարը՝ Նինա Գանջալյանի

Մայա Հարությունյանի համար ևս Սմարթ սենյակի բացումը ամենաանսպասելի, բայց և ամենաուրախ նորություններից մեկն է եղել: Մեծ հաճույքով է մասնակցում թե՛ անգլերենի, թե՛ մեդիա գրագիտության դասընթացներին: Հաճախ եմ հարցնում, թե ինչ են սովորում Սմարթ սենյակում, ասում է. «Սմարթ սենյակում սովորում ենք այն, ինչը չենք սովորել դպրոցում: Ամեն ինչ ավելի հեշտ է և մատչելի՝ մեր հիանալի ուսուցիչների շնորհիվ: Անգլերենը միջազգային լեզու է, և մեր օրերում այն իմանալը կարծես թե պարտադիր պայման է գիտության ցանկացած բնագավառում»:
Ռոբոտաշինության փոքրերի խմբում էլ արդեն երկրորդ ռոբոտն են նախագծում: Եղբայրս՝ Ժորան, ոգևորված պատմում է դասընթացների մասին ու հորդորում, որ գրեմ ասածները: Ուզում է ծրագրավորող դառնալ, շրջել այլ երկրներում և մի օր իր իսկ ստեղծած խաղերը խաղալ: Հարցին, թե ինչ ռոբոտ է ուզում պատրաստել, մեր ծույլիկը առանց մի վայրկյան անգամ մտածելու պատասխանում է. «Ռոբոտ, որ մարդու փոխարեն գործ կանի, խանութ կգնա, դաս կսովորի»:
Ու երևի տարիներ հետո մարդիկ ռոբոտներից ոչ մի բանով էլ չեն տարբերվի:

serine harutyunyan

Դու էլ հավատա

Սկսել եմ ատել ճանապարհները… Ես, որ ամեն ինչից շատ հենց ճանապարհներն էի սիրում, ինչ-որ տեղ գնալիս այդ ճանապարհներով հիանալն էի սիրում, այդ ճանապարհները չափչփելն էի սիրում, հիմա ուղղակի սկսել եմ ատել դրանք: Հաճախ այն, ինչին հանդիպում ես ճանապարհիդ, ստիպում է քեզ տխրել, մտածել, ու դու քիչ-քիչ սկսում ես ատել ճանապարհները: Որովհետև դու միշտ ճանապարհի նույն հատվածում տեսնում ես նույն բանը, նույն մարդուն: Դու միշտ նույն տեղում տեսնում ես մի մարդու, որ տուն է կառուցում, չես էլ հասցնում ուրախանալ, երբ այդ մարդու մասին ինչ-որ փաստ ստիպում է քեզ տխրել, իմանում ես, որ այդ նույն մարդու տղան տարիներ առաջ է վիրավորվել հայրենիքի սահմանները հսկելիս, ինձ ու քեզ պաշտպանելիս: Հետո իմանում ես, որ զինվորն արդեն քանի տարի է՝ կյանքի ու մահվան կռիվ է տալիս, որ դեռ ուշքի չի եկել: Ու դու ամեն անգամ տխրում ես. տխրում ես լսելով, պատկերացնելով այդ ամենը:

Դու սկսում ես ատել ճանապարհները, երբ ամեն շաբաթ, գրեթե ամեն օր, անցնում ես այդ նույն տան կողքով, դու մեքենայով ինչ-որ տեղ ես շտապում, աչքերդ էլ հեռուն ես հառում, պատուհանից դուրս նայում, երևի ինչ-որ լավ բան տեսնելու ակնկալիքով: Դու էլի կիսակառույց տունն ես տեսնում, էլի նույն մարդուն. մեքենայի մոտ կանգնած՝ ինչ-որ գործ է անում: Միայն այդքանը հասցրիր նկատել, անցար այդ հատվածը, բայց դու անցնելուց հետո էլ՝ էլի մտքով այդ մեքենայի կողքին ես, ուզում ես քեզ էլի նույն տեղը պատկերացնել, այդ մարդու կողքին էլ՝ իր տղային: Ու երևի հորն օգնելիս կլիներ, չէ՞, եթե արդեն ուշքի եկած լիներ: Բայց դու գնում ես, գլխումդ անընդհատ նույն մտքերն են, իսկ դու գնում ես:

Հասնում ես ուզածդ տեղը, դու ստիպված ես իջնել մեքենայից, բացել դարպասը, մտնել ներս ու քո գործով զբաղվել: Դու ուղղակի ստիպված ես անել դա: Բայց քո մտքում դեռ նույն անորոշությունն է: Լավ, դու մի կերպ կարողանում ես ինքդ քեզ հետ կռվելով՝ քեզ հեռու տանել ճանապարհի այդ հատվածից, բայց, ախր, դու ամեն օր պետք է անցնես այդ նույն տեղով, դու ամեն օր պետք է տեսնես այդ կիսակառույց տունը, ամեն օր ուղեղումդ վայրկենական նույն միտքը կծագի. «Արդեն քանի տարի է՝ տուն են կառուցում…»: Հետո դու էլի կհիշես, թե ինչու է տունն այդքան դանդաղ կառուցվում, կհիշես, կտխրես: Հա, ու էլի նույն տխուր մտքերը եկան ու գտան քեզ, հենց քեզ, որովհետև այդ մտքերը կարծես հենց քեզ համար պահված լինեն:

Դու էլի ուզածդ տեղն ես հասնում, ու էլի անում նույնը, ինչ նախորդ օրը: Գոնե մի ժամանակ դու հետդարձի ճանապարհին տունը չէիր տեսնում՝ մութ էր, իսկ հիմա օրերը երկարել են, դու ստիպված ես այն օրվա մեջ երկու անգամ տեսնել, երկու անգամ տխրել, երկու անգամ կռվել ինքդ քեզ հետ ու երկու անգամ հաղթել գլխումդ անընդհատ այս ու այն կողմ պտտվող այդ տխուր մտքերին:

Էլի մեքենայի մեջ ես, էլի պետք է նույն տեղով անցնես՝ նույն ճանապարհով: Դեռ հեռվից լվացքի պարանը երևում է. սպիտակեղեն է փռված: Էլի նույն մտքերը, նույն հարցերը… Ինքդ քեզ հարցնում ես՝ կարող էր, չէ՞, մի մարդու սպիտակեղեն ավելի կախված լինել, կարծես դու ես մեղավոր: Գուցե դո՞ւ էլ քո մեղքի բաժինն ունես… Երևի:
Ու դու ամեն անգամ անցնում ես այդ տան կողքով, դու ուրիշ ելք չունես, մեքենան օդով գնալ չի կարող: Դե, ինձ թվում է, ոչ էլ դու ես ի վիճակի թռչել. թևեր չունես: Եթե ունենայիր էլ, այսքանից հետո դժվար թե կոտրված չլինեին, կամ էլ՝ չէ…

Անկախ ամեն ինչից պետք է ուժեղ, շատ ուժեղ լինել: Դու էլի երկար կանցնես այդ տան կողքով, էլի երկար վարորդը կբարևի մեքենայի մոտ կանգնած մարդուն, բայց հավատա, մի օր այդ մարդու կողքին տղան էլ կանգնած կլինի, նա էլ ձեռքով կանի ու կպատասխանի բարևին… Սպիտակեղենը մի օր անպայման կավելանա, շորերի կազմն էլ հաստատ նույնը չի մնա: Տունն էլ, հա, տունն էլ մի օր մինչև վերջ կկառուցվի: Դու մի օր էլի կսկսես սիրել ճանապարհները՝ ինչպես առաջ ու կզղջաս դրանք ատելու համար: Դու արդեն կբացես դարպասն ու տուն կմտնես ժպիտը դեմքիդ, ոչ թե հին ու մռայլ մտքերով: Հետո կհիշես անցածն ու ինքդ քեզ կասես. «Ասում էի, չէ՞, ամեն ինչ լավ կլինի…»:

Հա, գիտեմ, մի օր հաստատ ամեն ինչ լավ է լինելու, ուղղակի հավատա ու սպասիր: Ասում են նա, ով սպասել գիտի, հետո ամենաերջանիկն է լինում: Դու մի օր ճանապարհի այդ հատվածն ամենից շատն ես սիրելու, ուղղակի հավատա դրան: Հավատա, ու հաստատ ամեն ինչ լավ կլինի, ուղղակի, իմ նման, դու էլ հավատա:

serine harutyunyan

Ժպտացեք

Լուսանկարը՝ Սերինե Հարությունյանի

Լուսանկարը՝ Սերինե Հարությունյանի

Մարդկանց ինչքան էլ երկար ժամանակ ճանաչես, միևնույն է, էլի չես ճանաչելու: Հա, ճիշտ եմ ասում, այս անգամ իրոք չեմ փիլիսոփայում: Դու պետք է մարդու համար լինես բարեկամ, ընկեր, թշնամի, հարևան, որ կարողանաս նրան լավ ճանաչել: Բայց միաժամանակ բոլորը լինել այդքան էլ հնարավոր չէ, չէ՞: Հըմ, համ էլ կասկածում եմ, որ գոնե այդ ձևով կստացվի մինչև վերջ ճանաչել: Ինչևէ, այդքան շատ մտահոգվելու կարիք չկա, մեկ է, ոչինչ էլ չի փոխվի, իզուր կտխրես: Ուզո՞ւմ ես քեզ լավ զգալ, ժպտալ և ուրախանալ, ուղղակի այնպես արա, որ երեխաներով շրջապատվես, որ մանկանաս: Դու չես էլ կարողանա ժամանակ գտնել տխրելու համար: Մեկը քեզ անընդհատ կասի. «Ինչի՞ ես տխուր», ու դու հանուն նրա ու նրա ժպիտի կժպտաս, մեկը քեզ համար կերգի, ու դու ուղղակի չես կարողանա չժպտալ, մյուսն էլ ձեռքիցդ բռնած այստեղ-այնտեղ կտանի, տիկնիկ կդնի ձեռքիդ ու կսկսի համոզել, որ քնեցնես տիկնիկին:

Լուսանկարը՝ Սերինե Հարությունյանի

Լուսանկարը՝ Սերինե Հարությունյանի

Դասարանով գնացել էինք մեր Կոթի գյուղի  մանկապարտեզ, նստել այն տեղը, որտեղ մեկ էլ 10 և ավելի տարի առաջ էինք նստել։ Ու տարիների ընթացքում ինչքա՜ն բան էր փոխվել: Մեր ննջասենյակն արդեն ճաշասենյակ է դարձել, ճաշասենյակը՝ ննջասենյակ, աստիճանների վրայի գորգը հանել էին (դա բոլորս նկատեցինք), կահույքն ու խաղալիքներն էլ արդեն ավելի լավն էին: Փոքրիկներն էլ ամեն տարի փոխվել են, ու հիմա էլ ուրիշներն են մեր տարիներ առաջվա տեղը զբաղեցնում:

Լուսանկարը՝ Սերինե Հարությունյանի

Լուսանկարը՝ Սերինե Հարությունյանի

Նրանք էլ են ուրիշ, բայց նրանցից մեկը մեր խմբից մեկի նման շատախոս է, մեկը՝ ամաչկոտ, մյուսը՝ պարտաճանաչ, մեկն էլ ամենաչարաճճին է: Ինքս էլ չգիտեմ, թե նրանցից որ մեկն է ինձ փոխարինում, որովհետև բացի մանկապարտեզ գնալուս առաջին օրից ու այդ օրը ամաչկոտ հայացքով դռան մոտ նստած լինելուցս ուրիշ բան չեմ էլ հիշում:

Հերթը հասնում է փոքրիկների ներկայանալուն, դաստիարակն էլ իր հերթին մի քանի բառով ներկայացնում է նրանց։ Նոնայի հասցեին մի շարք գովեստի խոսքեր լսելուց հետո Լինան կանգնում է, թե.
-Ընկե՛ր Նունե, կուզեք, չէ՞, բոլորը Նոնա լինեն:
Պարզվում է՝ ընկեր Նունեի սիրած արտահայտություններից մեկն է. «Երանի, թե բոլորդ Նոնայի նման խելոք ու պարտաճանաչ լինեք»։

Լուսանկարը՝ Սերինե Հարությունյանի

Լուսանկարը՝ Սերինե Հարությունյանի

Եթե ուզում ես մարդուն մինչև վերջ ճանաչել, ասեմ, որ դժվար թե ստացվի: Մի էլ փորձիր, ուղղակի քեզ փոքրերով շրջապատիր: Նրանց մինչև վերջ ճանաչել պետք է որ ստացվի: Նրանց անկեղծությունից ու պարզությունից ուրիշ ոչ ոք չի կարող ունենալ: Լինան հենց զգում էր՝ մեկը չի ժպտում, ասում էր. «Մի՛ տխրեք»։ Հետո սկսում էր շատախոսել ու էլի մեզ ուրախացնել: Վերջում էլ ասում եմ.
-Ա՛յ շատախոս, ինչի՞ ես էդքան շատ խոսում:
Ասում է.
-Ես շատախոս չեմ, դու ես շատախոս:
-Հա, ես էլ եմ խոսել շատ սիրում:
Ինչքա՜ն արագ անցան տարիները: Հիշում եմ մանկապարտեզում անցկացրած ընդամենը առաջին հինգ րոպեները, իսկ հիմա արդեն դպրոցն ավարտելու ժամանակն է: Հիմա անընդհատ ինձ հարց եմ տալիս՝ ես Նոնայի նման խելո՞ք եմ եղել, թե՞ Լինայի նման շատախոս, ու ինչպես ինքն է ասում՝ չարաճճի:

Կոթի. վերջապես արևը տաքացնում է

serine harutyunyan

Բաց մի թող, որ չգնա

Երբևէ պատկերացրե՞լ ես քո կյանքն առանց քեզ համար թանկ մարդու, կամ ուղղակի նրանից հեռու: Դե, հա: Մի քիչ դժվար է: Կամ, մտածե՞լ ես, այ, այդ թանկ մարդիկ ովքեր են: Ինչպե՞ս հայտնվեցին քո կյանքում: Ինչո՞ւ են քեզ համար դարձել թանկ, դարձել կարևոր: Իսկ այդ թանկ մարդկանց մասին մտածելիս մտածե՞լ ես, թե դու իրենց համար ինչքան կարևոր ես, կամ ընդհանրապես, կարևո՞ր ես, թե՞ չէ: Երևի քեզ համար էլ թանկ մարդիկ մի քանի խմբի են բաժանվում, չէ՞: Կան, չէ՞, մարդիկ, ովքեր չգիտես էլ ինչու, քեզ համար շատ թանկ են, ու դու սիրում ես նրանց, որովհետև սիրում ես: Սիրում ես, ու վերջ: Ու երևի կլինեն մարդիկ, առանց ում դու ուղղակի քեզ չես պատկերացնում, քեզ կիսատ ու միայնակ ես զգում: Ու կան մարդիկ, ովքեր միշտ-միշտ քո մտքում են, ովքեր քո սրտում են, քո աղոթքներում: Ովքեր միշտ քո կողքին են անկախ նրանից՝ հեռու են, թե մոտ: Ու երևի մեկին, կամ մի քանիսին էլ բախտը մի քանի անգամ է ժպտացել, երևի… Նրանք այդ բոլոր խմբերում էլ տեղ ունեն, մեկում՝ քիչ, մեկում՝ շատ, մյուսում՝ ավելի շատ: Բայց երևի մարդ ինչ-որ երկար, երբեմն էլ փորձություններով լի ճանապարհ պիտի անցնի, ու հետո դառնա կարևոր մեկը: Մի օր էլ հանկարծ հասկանում ես, որ այդ մարդը քո մի մասնիկն է, հասկանում ես, որ անգամ քո ամենաանկեղծ ժպիտներն են այդ մարդու համար: Ու մի օր երևի կհիշես ամեն ինչ, ամենասկզբից… Ինքդ քեզ վրա կծիծաղես ասածդ առաջին խոսքերի համար, կհասկանաս, թե ինչպես սառն ու անտարբեր խոսքերը դարձան ամենաջերմը, կհիշես՝ ինչպես ծանոթացաք, ինչպես մտերմացաք, ու կհասկանաս, թե ինչպես առանց այդ կարևորի երևի անգամ չկարողանաս էլ ապրել, կամ գուցե ապրես, բայց ապրածդ կյանքը անգույնից էլ ավելի անգույն լինի: Երևի առանց այդ թանկի այն կարմիրը, կապույտը, դեղինն ու մյուս բոլոր վառ գույները կկորչեն կյանքիցդ, կամ ուղղակի կթաքնվեն սևի ու մոխրագույնի հետևում, երբեմն էլ քեզ կնայեն ու կծիծաղեն վրադ: 

Հըը՜մմ, երևի շատ փիլիսոփայեցի: Եկեք ուղղակի կարևորենք մեր կարևորին, ամուր-ամուր բռնենք նրան ու բաց չթողնենք, պահենք մեզ մոտ: Ու եկեք սիրենք մեր կարևորին, սիրենք ամբողջ հոգով, սիրենք առանց կասկածների ու վերապահումների: Սիրենք անշահախնդիր, առանց ակնկալիքի: Ու եկեք ասենք մեր կարևորին, որ իրեն շատ ենք սիրում ու հիմարի պես չմտածենք, թե նա դրա մասին գիտի:Դե, հենց հիմա, առանց վայրկյան կորցնելու մոտեցիր, կամ զանգիր, կամ գրիր նրան, ասա, որ շա՜տ-շա՜տ ես սիրում…

Հա, ու եթե բախտդ բերել է, ու դու նրան գրկելու հնարավորություն էլ ունես, գնա, խեղդելու աստիճան ամուր գրկիր ու էլ բաց մի թող, որ չգնա: Հա՜-հա՜, բաց մի թող, թե չէ՝ կգնա: Բաց մի թող, որ չգնա…

Օրացույցները չէ, որ բերում են գարունը

«…Օրացույցները չեն, որոնք բերում են գարունը, ոչ էլ աքաղաղները՝ լուսաբացը: Հաճախ օրացույցային ամենաստույգ ձմռանն ավելի մոտ կարելի է զգալ գարնան ներկայությունը, քան երբ գարուն է…»

Գուրգեն Մահարի, «Ծաղկած փշալարեր»

serine harutyunyan

Դու էլ ես լավը

Եթե ինձ հարցնեն, թե աշխարհում ինչն եմ ամենաշատը սիրում, ես առանց մի վայրկյան անգամ մտածելու կպատասխանեմ ՝ մանուկների պարզությունն ու անկեղծությունը, նրանց հոգու մաքրությունը, միամտությունը: Երևի բոլորն են փոքր ժամանակ այդքան լավն ու բոլորին սիրելի լինում: Ու երևի ինձ նման՝ շատերն են սիրում այդ փոքրիկներին: Փորձեք նույն հարցը տալ մեծերին ու փոքրերին: Շատ դեպքերում 6-7 տարեկան երեխայի պատասխանը ձեզ ավելի դուր կգա, քան ավելի մեծ տարիքի մեկինը:

Մեծերը շարունակ բողոքում են ինչ-որ բանից, շարունակ դժգոհում, իսկ փոքրե՞րը: Նրանց պատասխանները երբեմն քեզ ուժ են տալիս առաջ գնալու: Նրանց պատասխանները ամենաանկեղծն են, ամենապարզը: Երբեմն ավելի շատ նախընտրում եմ զրուցել փոքրերի, քան թե հասակակիցներիս հետ: Փոքրերի հետ դու էլ ես փոքրանում, անկախ քեզանից մտքերդ էլ՝ ավելի անկեղծ են դառնում:

Դասամիջոցներին հաճախ եմ գնում մեր ամենափոքրիկ դպրոցականների դասարան, մանավանդ, որ նրանցից շատերն արդեն ճանաչում են ինձ, ու միջանցքում կամ փողոցում տեսած ժամանակ էլ այնպես ջերմ ու անկեղծ են ժպտում, որ կարծես այս սառնամանիքին ամառային ջերմություն են սփռում շուրջս: Մի ժպիտ, ու ես մոռանում եմ, որ հոգնած եմ, որ շատ դաս ունեմ: Սիրում եմ փոքրիկներիս, սիրում եմ, երբ միջանցքում ինչ-որ մեկը մոտենում է, իր փայլուն աչուկներով նայում ինձ ու ամաչելով ասում. «Բարև, ո՞նց ես…»: Դե արի ու մի ժպտա, արի ու էլի շարունակի ցրտից դողալ այդքան ջերմությունից հետո…
Էլի փոքրիկներիս դասարանում էի, նայում էի նրանց խաղին, բայց մտքերով մի ուրիշ տեղ էի: Չգիտեմ ինչու, մտքովս անցավ, որ մի քանիսին հարցնեմ, թե ով է իրենց հերոսը: Տղաներից մեկին ասում եմ.
-Սամսո՞ն, մի հարց տամ՝ կպատասխանե՞ս:
-Չէ՛:
-Բայց ինչի՞, ընդամենը մի հարց:
-Չէ՛:
-Սպասի, մի վազիր: Դու ինձ չե՞ս հիշում:
-Չէ՛:
-Չե՞ս հիշում, որ մի քանի ամիս առաջ ձեր տուն լիքը մարդիկ էին եկել, որ կինո էին նկարում ձեր հարևանի ապաստարանում:
-Հա, հա, հիշեցի: Դու էլ էիր եկել իրանց հետ:
-Հա, հա, ես էլ էի եկել: Հիմա մի հատ հարց տամ՝ կպատասխանե՞ս:
-Հա:
-Ինձ կասե՞ս՝ ո՞վ է քո հերոսը:
-Հերո՞սը, էդ ո՞րն ա:
-Դե, հերոսը այն մարդն է ում դու շա՜տ-շա՜տ ես սիրում, ում ուզում ես նմանվել, ով քեզ համար ամենաուժեղ մարդն է, դե, այդպես էլի…
-Հա՜, ոչ մեկն ա:
-Վա՜յ, չկա՞ մարդ, ում շատ ես սիրում, ով շատ ուժեղ է, ում կուզես նմանվել…
-Կա, մի մարդ ա, էն որ տելեվիզրով ցույց են տալի:
-Հա՞, ո՞վ է էդ մարդը…
-Չգիտեմ, անունը մոռացել եմ…
Սամսոնը վազեց միջանցք՝ խաղը շարունակելու: Ես այդպես էլ չիմացա, թե ով է Սամսոնի հերոսը:
Մի քանի րոպե մնում եմ նստած ու նայում գրատախտակին նկարող երեխաներին : Հետո մոտենում եմ նրանց ու հարցնում.
-Էրեխե՞ք, էս ի՞նչ եք անում,- ամենաաշխույժը՝ Նարեն պատասխանում է.
-Ես խզբզում եմ, Կարինեն էլ ջնջում ա:
-Չես խզբզում, շատ սիրուն ես նկարում: Նա՞ր, կլինի՞ քեզ մի հարց տամ:
-Հա, տուր:
-Նար, ինձ կասես՝ քո հերոսը ո՞վ է:
-Թամարիկը:
-Թամարի՞կը, բա ինչի՞ է ինքը քո հերոսը:
-Որովհետև ես իրան շատ եմ սիրում:
-Իսկ բացի Թամարիկը, էլ ո՞վ է քո հերոսը:
-Մեկ էլ դու:
-Ե՞ս… Ինչի՞…
-Դու էլ ես լավը:
-Լավ, ճուտո, դե գնա նկարի, ապրես…
Ես էլ եմ լա՞վը… Հա՞ որ… Դե փաստորեն, էլի: Ես Նարեի համար լավն եմ, հա, ու անգամ Նարեի հերոսն եմ:

Դե ասեք, այս անկեղծությունից ու պարզությունից ավելի սիրուն, ավելի կարևոր ու թանկ բան կա՞… Ընթերցողս, միշտ հիշի՛ր՝ դու էլ ես լավը… Միգուցե դո՞ւ էլ ինչ-որ մեկի հերոսն ես, երևի…
Կամ էլ չէ, չգիտեմ… Բայց, դու էլ ես լավը…

serine harutyunyan

Ավարտվեց հեքիաթս

Էլի Նոր տարի, էլի տոնածառ, փուչիկներ, նվերներ, երգ, պար, ուրախություն ու լիքը հիշողություններ… Բայց մի վայրկյան, Ձմեռ պապիկին նամակ գրելու մասին մոռացա ասել… Չնայած, ես արդեն վաղուց Ձմեռ պապիկին նամակ չեմ գրում. երևի արդեն մեծ եմ դրա համար:

Հիշում եմ, ոնց էի փոքր ժամանակ հավատում Ձմեռ պապիկին…. Հիշում եմ, ոնց էի խնդրում, որ եթե հանկարծ տասներկուսից շուտ քնեմ, հենց Ձմեռ պապիկը գա, անպայման արթնացնեն ինձ:

Ամեն տարի հունվարի մեկին մեր տանը կռիվ էր. արթնանում էի, վազելով մոտենում տոնածառին, նվերս գտնում, ուրախանում, բայց հետո հանկարծ հիշում, որ ես խնդրել էի արթնացնել ինձ: Ինքս ինձ վրա էլ էի բարկանում, որ էլի Ձմեռ պապիկին բաց թողի ձեռքիցս, ու նրան տեսնելու համար ստիպված եմ մի տարի էլ սպասել… Ո՜նց էի բարկանում, ո՜նց էի կռվում ինքս ինձ հետ, ծնողներիս հետ… Ասում էի, լավ էդքան դժվա՞ր էր ինձ էլ արթնացնեիք, ես էլ տեսնեի Ձմեռ պապին, գոնե նվերներիս համար շնորհակալություն հայտնեի: Նեղանում էի, բոլորից դժգոհ նստում տոնածառի կողքին: Անգամ Ձմեռ պապիկից էի նեղանում, որ համարձակվել է առանց ինձ հետ հանդիպելու հետ գնալ… Բա ո՞նց կլիներ, Ձմեռ պապիկը արհամարհեց ինձ… Չեմ էլ հիշում, քանի տարի եմ հավատացել Ձմեռ պապիկին, քանի անգամ նամակ գրել, կռվել ու նեղացել: Հիշում եմ, երբ արդեն հույսս կտրել էի, որ որևէ մեկն ինձ կարթնացնի Ձմեռ պապիկին տեսնելու համար, նստում էի դռան առաջ ու ոչ մի տեղ չէի գնում: Ասում էի, դե, հիմա էլ հո էդ Ձմեռ պապը գլխիս վրայով չի՞ անցնելու, որ հասնի տոնածառին, ոնց էլ չլինի` կարթնանամ: Է՜, ինչ լավ օրեր էին, ինչ անմեղ ցանկություններ: Կուզեի էլի փոքր լինել, էլի հավատալ Ձմեռ պապիկին, էլի նամակ գրել նրան, ու գրածս նամակի մոտ ժամերով պահակ կանգնել, որ նամակս վերցնելու պահին Ձմեռ պապիկին տեսնեմ: Կուզեի էլի հավատալ, որ Ձմեռ պապիկը նամակը վերցնելիս անտեսանելի է դառնում, որ Նոր տարուց շաբաթներ առաջ լուռ անցնում է պատուհանների կողքով, որ չարություն անող երեխաների համար նվերներ չբերի…
Հետո… Մեծացա, ու պարզվեց այն, ինչ պարզվեց… Բացահայտվեց այդ քաղցր սուտն, ու կարծես շատ բան անգույն ու միօրինակ դարձավ… Արդեն էլ նամակ չէի գրում, ասում էի` ինքս ինձ խաբե՞մ, թե՞ ձեզ, կասեմ ինչ եմ ուզում, դուք էլ կառնեք, էլի, էլ ի՞նչ նամակ…
Մի քիչ էլ մեծացա, ու հասկացա, որ ես մի Ձմեռ պապիկ ունեմ, որ ոչ ոք չի կարող ունենալ… Հասկացա, որ իմ Ձմեռ պապիկը աշխարհի ամենաբարի ու ամենալավ Ձմեռ պապիկն է, որ ինքը իմ Ձմեռ պապիկն է ու էլ ոչ մեկինը… Իմ Ձմեռ պապիկը ամեն տարի, տասներկուսից մի քանի րոպե անց մի փոքրիկ պարկ ձեռքին մեր տուն էր գալիս: Ամեն տարի, առանց բացառության: Իմ Ձմեռ պապիկն անտեսանելի չէր ու ոչ էլ երբևէ առանց ինձ տեսնելու հետ էր գնում: Դուռը թակում էր, վազում էի բացում: Ինչքա՜ն էի ուրախանում, կարծես աշխարհն իմը լիներ… Գրկում էի Ձմեռ պապիկիս, համբուրում, հետո ուրախ-ուրախ վերցնում պարկը, հանում մրգերը, կոնֆետները: Հետո էլի Ձմեռ պապիկիս գրկում, համբուրում, շնորհակալություն հայտնում: Այդ հեքիաթն էլ ավարտվեց, ավարտվեց 2 տարի առաջ: Ձմեռ պապիկս գնաց, գնաց` ինձ մենակ թողնելով… Հիմա էլ նոր տարուն ինձ հյուր չի գալիս, էլ մեր տան դուռը չի թակում ու ինձ կոնֆետներ ու մրգեր չի բերում: Ավարտվեց հեքիաթս, այդ մի լույսս էլ մարեց, մարեց, երբ մարեց Ձմեռ պապիկիս աչքերի լույսը… Հորեղբայրս, իմ Ձմեռ պապիկը, ում ես անսահման շատ եմ սիրում, էլ ինձ հյուր չի գալիս… Երևի երբեք էլ չհամակերպվեմ այն փաստի հետ, որ իմ Ձմեռ պապիկն էլ մեր տան դուռը չի թակի, որ ես էլ երբեք նրա բերած մանդարինները չեմ մաքրի ու իրեն հյուրասիրի, որ նրա բերած կոնֆետների փոխարեն ուրիշները չեմ լցնի պարկի մեջ ու տամ իրեն…

Հեքիաթս ավարտվեց, Ձմեռ պապիկս էլ չի գալիս, էլ մեր տան դուռը չի թակում, էլ ինձ մրգեր ու կոնֆետներ չի բերում… Ավարտվեց հեքիաթս…

serine harutyunyan

Լռության ժամ

Երևի շատ տներում գոյություն ունի «լռության ժամ» կոչվածը: Չէ՛, չէ՛, դա հաց ուտելու ժամը չէ, և ոչ էլ գիշերվա այն ժամը, երբ բոլորը քնած են: Լռության ժամն ավելի հաճախ այն տներում է պատահում, որտեղ տատիկներ կան: Եթե տատիկ, ուրեմն՝ հեռուստասերիալ… Հիմա հասկացա՞ք, թե ինչ նկատի ունեի լռության ժամ ասելով…

Եթե տանը տատիկ կա, ուրեմն հեռուստասերիալի սկսվելուն պես բոլոր բերանները պարտավոր են փակվել, բոլոր գործերը պարտավոր են սպասել, բոլոր հանդիպումները՝ հետաձգվել… Այսինքն՝ բոլորը՝ մեծից փոքր, ստիպված են ձկան պես լուռ նստել…
Սիրում եմ, երբ ինչ-որ տատիկ հեռուստասերիալ է նայում, իսկ ես ուղղակի դրա ականատեսն եմ լինում: Տատիկների սերիալ նայելը կարծես մի հատուկ արարողակարգ լինի, միշտ նույնը, նույն հերթականությամբ՝
1. նստել հեռուստացույցի առաջ գովազդով նշված ժամից մի քիչ շուտ,
2. ինչ-որ մեկից խնդրել հեռակառավարման վահանակը,
3. բարձրացնել հեռուստացույցի ձայնը ինչքան հնարավոր է,
4. սպասել ֆիլմի սկսվելուն…
Վերը նշված երրորդ կետը՝ ձայնը մինչև վերջ բարձրացնելը պարտադիր նախապայման է, եթե անգամ տատիկը ի վիճակի է ավելի ցածր ձայնով էլ լսել: Դեռ դա ոչինչ, ամենահետաքրքիր պահերը սկսվում են ֆիլմի սկսվելուն պես… Քար լռություն, միայն դերասանների ձայն, ու, ու ինձ թվում է սերիալ նայող տատիկի ձայնի մասին նշելն անգամ ավելորդ է… Այս արարողակարգին գոնե մի անգամ ականատես եղածներից շատերը կարող են հաստատել այն, որ ամբողջ ֆիլմի ընթացքում տատիկի ձայնն ավելի շատ է լսվում, քան բոլոր դերասանների ձայները միասին վերցրած: Սպորտային մեկնաբանի նման, տատիկները կարող են անվերջ խոսել ամբողջ ֆիլմի ընթացքում, շարունակ բարձրաձայնել իրենց անմեղ մեկնաբանությունները: Սիրում եմ, երբ սկսում են գովել դերասանին, հաճախ էլ՝ անիծել… Սիրում եմ, երբ հեռուստացույցի դիմաց նստած տատիկը անմեղորեն հուշում է դերասանին, թե ինչ պետք է անի… Սիրում եմ, տատիկների այդ անմեղ մեկնաբանությունները…

Շա՜տ կուզեի, որ տատիկս ողջ լիներ… Շա՜տ կուզեի ենթարկվել տատիկիս կողմից մշակված այդ հատուկ կանոնակարգին…