Սյուզի Բաբայանի բոլոր հրապարակումները

syuzi babayan voskehat

Քննություններ

Մի քանի ամիս առաջ իմացանք, որ մեր՝ իններորդ դասարանի քննությունները լինելու են բանավոր: Վերցրինք հարցատոմսերը և սկսեցինք պարապել: Ուսուցիչները մեզ ամեն կերպ օգնում էին: Արդեն անցել են մեր վեց քննությունները՝ շատ լարված ու մեծ սպասումներով: Մենք դասարանի երեխաներով ունենք մի ավանդույթ, որը սովորել ենք մեր աշխարհագրության ուսուցչուհուց միջոցառումներից մեկի ժամանակ: Բոլորս հավաքվում ենք մի վայրում, բռնում միմյանց ձեռքերը, կազմում շրջան ու մեկս մյուսի ձեռքը սեղմելով՝ միմյանց ենք փոխանցում մեր ուժերը: Շատերը մտածում են, թե դա չի օգնում, սակայն շրջանն իր մեջ ունի մեծ ուժ: Այդ ավանդույթի շնորհիվ մեզ այսօր մնացել է հաջող հանձնել ընդամենը մեկ քննություն: Ամեն քննությունից առաջ մտածում ենք, թե չենք կարող հաջող հանձնել, բայց կարողանում ենք:

syuzi babayan voskehat

«Լույս մանկանց»

Հերթական պարապմունքիս օրն էր: Որոշեցի չգնալ պարապմունքի և գնալ «Լույս մանկանց» ծրագրին: Նախ ասեմ, որ արդեն երկու տարի է մասնակցում եմ այդ ծրագրին  և կարող եմ վստահորեն ասել, որ այն ինձ վրա մեծ ազդեցություն է թողել:

Մի փոքր խոսեմ ծրագրի մասին: «Լույս մանկանց» ծրագիրը ծնվել է Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» հասրակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Նանե Խաչատրյանի ջանքերով: Իրականացվել է յուրաքանչյուր համայնքի քահանաների, երեցկանանց անձնվեր աշխատանքի և Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողների եռանդի և մեծ աշխատասիրության շնորհիվ: 2012թ. ապրիլ ամսին ազդարարվեց ծրագրի սկիզբը Արագածոտնի թեմի  Աշտարակ, Թալին, Ապարան քաղաքներում, Ագարակ, Ոսկեվազ, Մուղնի, Սաղմոսավան, Վարդենիս, Բյուրական և Ուջան գյուղերում: Ծրագրի ընթացքում քահանայի և երեցկնոջ կողմից հավաքագրված 20-25 երեխաները 12 ամիսների ընթացքում Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողների օգնությամբ սովորում են Ս. Գիրք, Հայ առաքելական եկեղեցու տոները և վարվեցողության կարգ եկեղեցում, ինչպես նաև ձեռագործ աշխատանքներ:

Շնորհալություն եմ ուզում հայտնել պատանյաց խմբի ղեկավար Տեր Զորայր քահանային, ինչպես նաև իր տիկնոջը՝ Զինա Անտոնյանին: Նրանց շնորհիվ  ահա այսօր ես ճանաչում եմ մեր եկեղեցին, նրա պատմությունը և դավանանքը:

syuzi babayan voskehat

Իսկ նախասիրություննե՞րը

Հերթական պարապմունքիս օրն էր: Դպրոցից եկա տուն և գնացի պարապմունքի: Տեղ հասնելուն պես` տեսա ընկերուհիներիս, ովքեր զրուցում էին իրենց ընտրած մասնագիտությունների մասին: Հերթը հասավ ինձ.

-Ցանկանում եմ դառնալ տնտեսագետ:

Բոլորը զարմացած նայեցին ինձ: Աղջիկներից մեկը հարցրեց.

-Ինչո՞ւ ես հաճախում դաշնամուրի, եթե չես ընտրելու այդ մասնագիտությունը:

Ես պատասխանեցի.

-Ես չեմ հաճախում դաշնամուրի, որ հենց այդ ուղին շարունակեմ, ուղղակի շատ եմ սիրում նվագել: Անգամ նյարդայնացած ժամանակ, երբ նստում եմ դաշնամուրի առջև, ակամա ձեռքերս սկսում են նվագել: Դա ուղղակի իմ հանգստությունն է և նախասիրությունս:

Այդ օրվանից սկսած ընկերուհիներս ինձ անվանում են անճանաչելի և փոփոխական մարդ, քանի որ ամեն օր մի նոր միտք է ծագում գլխումս: Իսկ ես մտածում եմ, որ ձանձրալի է ապրել, երբ ամեն բան անում ես միայն ապագա մասնագիտության համար, իսկ ո՞ւր մնացին նախասիրությունները, հոբին, մի՞թե միակողմանի մարդ ենք մեծանալու:

syuzi babayan voskehat

Վայր, որը մեզ շատ հարազատ է

Մի քանի ամիս առաջ ես և ընկերուհիներս միասին գնացել էինք խանութ: Խանութում խոսք էր բացվել գյուղից, թե ով է սիրում այն և ով չի սիրում: Այդ պահին խանութում բավականին շատ մարդ կար: Տարբեր մարդիկ տարբեր կերպ պատասխանեցին: Իսկ երբ խանութում արդեն հերթը մեզ էր հասել, վաճառողը հարցրեց.

-Էրեխեք, դուք ի՞նչ կասեք, սիրո՞ւմ եք ձեր գյուղը:

Մի քանիսը պատասխանեցին.

-Ոչ, քանի որ կան շատ խնդիրներ, որոնք պետք է լուծել, սակայն ոչինչ չի ձեռնարկվում:

Հերթը իմն էր:

-Այո, իհարկե, սիրում եմ իմ գյուղը: Ինչպե՞ս կարող եմ չսիրել այն վայրը, որտեղ ծնվել և մեծացել եմ: Թեև այն շատ թերություններ ունի, միևնույնն է, ինձ շատ հարազատ է:

Խանութի աշխատողը պատասխանեց.

-Այ, հիմա հպարտանալու բան ունեմ, քանի որ գտնվեց մի երեխա, ով սիրում է գյուղը՝ թերություններով հանդերձ:

Նրա ասածները մինչև հիմա լավ եմ հիշում.

-Նրան, ով սիրում է իր գյուղը, իրոք պետք է գովենք: Մանավանդ մենք՝ նոր սերունդներս: Իսկապես,մեր պապիկների թոռներն ենք:

Այս ամենից ոգևորված՝ ես ամեն օր յուրովի եմ սիրում իմ հարազատ ծննդավայրը: Գյուղում տեղի ունեցող յուրաքանչյուր փոփոխություն նորովի է ազդում իմ ներաշխարհի վրա: Ամեն օր տեսնելով այն փոքրիկներին, ովքեր րոպե առաջ ցանկանում են դպրոց հասնել, սիրտս ուրախությամբ է լցվում: Նրանք նույնպես սիրում են իրենց գյուղը: Թեկուզ մեր գյուղը փոքր է, բայց միևնույնն է, այն շատ հարազատ է:

syuzi babayan voskehat

Ինչպես որոշեցի դառնալ պատանի թղթակից

Ես Սյուզին եմ: Սիրում եմ խաղալ և դիտել ֆուտբոլ: Մարդկանց մեջ գնահատում եմ անկեղծությունն ու հավատարմությունը:

Մի քանի օր առաջ մի հետաքրքիր միտք ծագեց գլխումս: Երբ լսեցի ընկերուհուս խոսքերը, ով օրեր առաջ էր դարձել 17.am-ի թղթակից, հասկացա, որ ես  էլ եմ ուզում դառնալ պատանի թղթակից:

Մոտ մեկ տարի առաջ մեր դպրոց էին եկել անծանոթ մարդիկ: Նրանց գնալուց հետո մեծ ոգևորություն կար դպրոցում, բոլորը միջանցքներում շրջում էին և խոսում, թե ինչ նյութեր պիտի գրեն: Ես ու ընկերուհիս ուսուցչից տեղեկացանք, որ լրագրության դասընթացներ են լինելու և հարցրեցինք՝ արդյո՞ք մենք էլ կարող ենք մասնակցել, սակայն ստացանք բացասական պատասխան, քանի որ տարիքներս չէր համապատասխանում:

Դրանից մի քանի օր անց՝ մեր դպրոցից մի աղջկա տեսա, ով դասընթացից էր վերադառնում և ճանապարհին պատմում էր լրագրության մասին: Ես էլ ոգևորվեցի ու մտածեցի պատանի թղթակից դառնալու ուղղությամբ:

Այսօր ես մեծ հույսերով գրում եմ առաջին նյութս: Ունեմ մեծ սպասումներ կապված 17.am-ի հետ:

Եթե հիմա դուք կարդում եք իմ այս նյութը 17.am կայքից, ուրեմն այսօրվանից 17-ը կդառնա իմ օրվա մի մասնիկը: Այսուհետ ես էլ եմ այն պատանիներից մեկը, ում հուզում և հետաքրքրում են աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները: