Ազատ տարածք խորագրի արխիվներ

eva harutyuyan

85-ամյա պատմության մի մասնիկն եմ ես

Ես բրյուսովական եմ։

Ցանկալի է, որ հարազատիդ հետ զրուցելիս անկեղծ լինես։ Ուզում եմ անկեղծ զրուցել քեզ հետ ու ասել, թե ինչպես ես հասցրել այս ընթացքում այդքան թանկ ու սիրելի դառնալ ինձ համար։ Ընդամենը մի քանի տարի առաջ ես քո մասին լսել էի, կարդացել, տեսանյութեր դիտել։ Մի քանի տարի առաջ ես երազում էի հենց քո պատերի ներսում կրթվել։ Այսօր արդեն ես քո մասնիկն եմ ինձ զգում։ Դու այնքան ջերմ ու գրկաբաց ընդունեցիր ինձ, որ շատ կարճ ժամանակահատվածում հասկացա, որ ճիշտ ընտրություն եմ կատարել։ Դու ինձ տվել ես գիտելիք, անմոռանալի հիշողություններ։ Դու ինձ բազմաթիվ երջանիկ ակնթարթներ ես պարգևել, ինձ հնարավորություն ես տվել ընկերներ ձեռք բերելու, շփվելու այնպիսի մարդկանց հետ, որոնք ոչ միայն դասախոս են, այլև բարեկամ, ընկեր, խորհրդատու և ուղղակի լավ մարդ։

Բրյուսովս, համալսարանս․․․․․․․ Դու արդեն 85 տարեկան ես։ Այս տարիների ընթացքում դու ինձ նման բազում ուսանողների համար եղել ես գիտելիքի անփոխարինելի աղբյուր, վստահելի ու հոգատար ընկեր, ամուր հենարան:

Շնորհավորում եմ տարեդարձդ, իմ միակ ու անկրկնելի համալսարան։ Համոզված եմ, որ դու դեռ շատ ես ծաղկելու, բարգավաճելու, զարգանալու, կրթելու։ Դու շատ երկար ես ապրելու, որովհետև ամուր արմատներ ունես։ Իդեալական ոչինչ չկա։ Բոլորն էլ ունեն թերություններ, բայց մենք բոլորս աշխատելու ենք թերություններդ շտկել, քեզ լավագույնը դարձնել։ Չէ՞ որ դու մերն ես, իսկ մենք՝ քոնը։ Չէ՞ որ հենց մեծապես  ուսանողների շնորհիվ է համալսարանը ավելի լավը դառնում։

Մեզնից յուրաքանչյուրը առնվազն չորս տարով մի մեծ, համերաշխ, ներդաշնակ ընտանիքի մասն է դառնում և կարևոր է, որ այդ ընթացքում մենք մեր ներդրումը ունենանք համալսարանի կյանքում։ Բրյուսովը մենք ենք՝ բրյուսովցիներս՝ ուսանողից մինչև դասախոս ու ռեկտոր։

Շնորհակալ եմ քեզ ինձ ընդունելու, սովորեցնելու, երջանկացնելու, հուզելու, կարոտել ստիպելու, աննկարագրելի հուշեր տալու համար։ Շնորհակալ եմ գոյությանդ համար։ Հպարտ եմ, որ կարող եմ պատմությանդ մի մասնիկը դառնալ։

Վերջում ուղղակի ուզում եմ ասել, որ միշտ ձգտելու եմ բարձր պահել պատիվդ։ Չէ՞ որ, ես բրյուսովական եմ։

Սառցե համբույր

Ֆրանսիական օրագիր։ Մաս 3։ Մի քիչ տխուր

Շաբաթս սկսվեց նրանով, որ հիվանդացա։ Ամեն անգամ, երբ ես Հայաստանից դուրս եմ գնում, պարտադիր հիվանդանում եմ։ Մենակության մեջ հիվանդանալը շատ դաժան է, հատկապես, երբ դրսում ապրում է Փարիզը, իսկ դու տանը հիվանդ ընկած ես։ Մինչև հիմա էլ նորմալ չեմ լավացել, դեռ հազում եմ, բայց հայտնի վիրուսի սիմպտոմներից ոչ մեկը դեռ չունեմ, չմտածեք։

Որոշել էի այս անգամ խոսել ֆրանսիական մակարուններից։ Գիտե՞ք չէ, էն գունավոր թխվածքաբլիթներն են։ Հայաստանում դրանք իմ ամեասիրելիներից էին, բնականաբար, ուզում էի հենց Ֆրանսիայում փորձել։ Փորձեցի։ Հա, ես Հայաստանի ամեն ինչը շատ-շատ եմ սիրում, ու սիրում եմ նաև ինչքան կարող եմ փնովել ֆրանսիացիներին, որ սրանց շաքարը՝ քաղցր, իսկ աղը աղի չէ և այլն, բայց լուրջ եմ ասում, այստեղի մակարունները հեչ համով չէին։ Ինչո՞ւ են Հայաստանում ֆրանսիական թխվածքաբլիթները ավելի լավ պատրաստում։ Մտածեք։

Հետո, երևի աշխատանքային հետաքրքիր բաներից պատմեմ։ Այստեղի բոլոր հայերը ինչ-որ միստիկ ձևերով իրար կապված են։ Համայնքը շատ մեծ է, ու բոլորը իրար հետ միշտ ինչ-որ կապ ունեն։ Օրինակ՝ երբ մենք (մենք ասելով արդեն էնքան եմ զարգացել, որ նկատի ունեմ Հայաստանի դեսպանատունը) բանակի 28-ամյակին նվիրված ընդունելություն էինք կազմակերպել, հյուրերի ցուցակներում տեսա գրեթե բոլոր կազմակերպությունների ղեկավարներին, որտեղ մյուս ընկերներս իրենց պրակտիկան են անցնում։ Առաջին անգամ մասնակցեցի դեսպանատան կազմակերպած ընդունելությանը, ընդունեցի հյուրերին, խոսեցի ամենքի հետ իրենց լեզվով (հատկապես ռուսները շատ ուրախացան), կերա տոլմա ու փախլավա, ու հենց այստեղ էլ իմացա, որ հայերը ֆրանսիական մակարուն ավելի համով են սարքում։ Ես արդեն վախենում եմ Իտալիայում պիցցա ուտել։

Մի խոսքով, կարոտել եմ։ Լիքը հիվանդացել, տխրել ու դեղ եմ կերել։ Բայց ոչինչ, ինչքան լավանում, այնքան դեպրեսիաս նվազում է։ Արդեն լրիվ ինտեգրվել ենք Փարիզի կյանքին, սովորել ենք իրար հետ ապրելուն ու ամեն ինչ եվրո-ով չափելուն։ Սովորել ենք բագեթներին ու կամամբերին, քաղաքի ռիթմին։ Փարիզը արվեստի ու թանգարանների քաղաք է, ու իմ նման թանգարանների սիրահարի համար շատ դժվար է ժամանակը կազմակերպել այնպես, որ հասցնեմ մնացած չորս շաբաթներում տեսնել այն բոլոր թանգարանները, որոնք ուզում եմ տեսնել։ Փարիզը արվեստի ու շատ-շատ սիրուն բաների քաղաք է, բայց երբ տանը հիվանդանաս, մաման ու հորքուրը թեյ կտան ու ոսպով սուպ կեփեն։

Փետրվարը սկսվեց, իսկ երբ այն ավարտվի, ես հետ կգամ։ Սիրով ու կարոտած՝ «ա բիենտո»։

Ալինա Գրիգորյան

Պատասխանատվության զեղումներ, կամ ի՞նչ արժե հայրենասիրությունը

Այսօր էլի երեխաների հետ եմ՝ նորաթուխ դպրոցականների, մարդկության նվիրյալների, հայրենիքի պաշտպանների հետ, կամ` ո՞վ գիտե:

Լսում եմ նրանց խոսակցությունը՝ կոնֆետի սպասող երեխայի գայթակղությամբ. նրանց աշխարհը հետաքրքիր է, սովորելու բանը՝ շատ։

Նրանք խոսում են ապագայի պլանների, ընկերության, հավատարմության մասին։ Խոստանում են լավ ընկերներ մնալ անգամ «պապիկ տարիքում», ու հա, անպայման ջարդել թուրքերի գլուխը։

Հարցնում եմ՝ պարտադի՞ր է էդպես հաղթել թշնամուն, ասում են՝ ինչի ուրիշ ձև էլ կա՞։

Մեկ րոպե անց.

-Ես բանակ չեմ գնալու, հաստա՛տ, վախենում եմ, ինձ էդ թուրքերը կսպանեն:

-Ես էլ չեմ գնալու, չեմ ուզում զինվոր դառնալ:

Ասում եմ` ի՞նչ եք կարծում, բա որ մեր պապերն էլ էդպես մտածեին, ի՞նչ կլիներ, մենք էսօրվա մեր հայրենիքը, խաղաղությունը, հանգիստ քունը կունենայի՞նք։

-Մեկ ա ինձ համար, ես չեմ ուզում զինվոր դառնալ, չեմ ուզում մեռնել, ֆուտբոլիստ կգնամ կդառնամ: Լավ կլիներ վրացի լինեի, էդ թուրքերից, ադրբեջանցիներից կպրծնեինք:

-Ես էլ զինվոր չեմ դառնալու, հենա` պապաս էլ չի ուզել զինվոր դառնալ ու չի դարձել, բանկիր ա, հոպարս էլ չի դարձել ու էդպես։

ՀՀ անկախ բանակի տարելիցն էինք միասին նշում օրեր առաջ, լավ-լավ բանաստեղծություններ էինք խրոխտ արտասանում, երգերով աննահանջ պայքարի կոչեր էինք անում, սիրում էինք սահմանն ու մեր զինվորներին…

Այսօր էլի երեխաների հետ եմ… Եղբայրս սահմանապահ զինվոր է, նա վերադառնալու է ու, շարունակելով ուսումնառությունը, լավ ծրագրավորող է դառնալու, գիտե՛մ:

Արցախում այլ կերպ ես շնչում…

Հիշում ե՞ք այն ավանդազրույցը, որտեղ Արշակ Բ հայոց թագավորը հենց ոտքը դնում էր հայկական հողի վրա, կերպարանափոխվում էր, ըմբոստանում, ավելի համարձակ դառնում։ Արցախյան հողն ինձ վրա լրիվ նույն ազդեցությունն ունեցավ։ Չնայած նրան, որ ես այնտեղ նախկինում երբեք չէի եղել, ինձ սեփական տանն էի զգում, կարծես ամեն սար ու ծառ մանկուց ծանոթ էին։ Ու այդ մթնոլորտի հաղթական, անկոտրում և ուժեղ տրամադրությունը, որ կա թե՛ մարդկանց, թե՛ հողի ու ջրի մեջ, չի կարող քեզ ուղղակի թույլ դարձնել։ Կարծում եմ հենց դա է մեր առավելությունը, հենց դա է սահմանին կանգնած մեր զինվորներին ուժեղ դարձնում։

Շուշիի ճանապարհին մեր տաքսու վարորդը կանգնեցրեց մեքենան մի տանկի մոտ և իր արցախյան անուշ բարբառով պատմեց Տ-72-ի մասին։ Տ-72-ը հաղթանակ կանխորոշող տանկ էր, առաջինը, որ դուրս եկավ թշնամու դեմ։ Հաղթահարելով դեպի Շուշի տանող ճանապարհը, Տ-72-ը ոչնչացրել է թշնամու երկու տանկ, իսկ երրորդի հետ մարտի ժամանակ ռմբակոծվել։ Տանկի հրամանատար՝ Գ․ Ավշարյանը, մեխանիկ- վարորդ՝  Ա․ Ավանեսյանը, նշանառու- հրետանավոր՝  Շ․ Սարգսյանը, երեքն էլ մարտի ժամանակ զոհվել են։ Տ-72-ից սկսեց Շուշիի ազատագրման հաղթական ընթացքը, իսկ հիմա տանկը որպես հուշարձան կանգնեցված է հենց այն նույն տեղում, որտեղ և ռմբակոծվել է, որպես հարգանքի տուրք և հիշատակ հաղթանակի համար պայքարած բոլոր մարտիկների։

Շնորհավոր հայոց բանակի և բոլոր զինծառայողների տոնը։

margarita ghazaryan

Հայոց բանակն իմ ընտանիքն է

Մենք հայ քաջ զինվորին ենք պարտական մեր ամեն բացվող առավոտի համար, ապրելու,  արարելու, երազելու, հույսով դեպի ապագան նայելու, մեր պատմությունը կերտելու համար:

Այժմ բանակում ծառայող երկու եղբայր ունեմ ` Միքայելը և Խաչատուրը: Ավագ եղբայրս` Միքայելը, գտնվում է ծառայության 18-րդ ամսում, իսկ կրտսեր եղբայրս` Խաչատուրը, 6 ամսվա ծառայող է: Ներսումս  անասանելի հպարտություն կա, որը բառերով անկարող եմ նկարագրել: Իմ հոգատար եղբայրները` մանկության ամենամտերիմ ընկերներս, արդեն մեծ տղաներ են, հայրենի արժանի պաշտպաններ, կա՞ սրանից ավելի մեծ հպարտություն: Նրանք երկուսն էլ իմ լավագույն ընկերներն են, այն մարդիկ են, որոնց կարող եմ վստահել և չվախենալ: Նրանք այն մարդիկ են, որոնց հետ վիճել եմ, նեղացել, սակայն երբեք երկար չի տևել, քանի որ ես լավ գիտեմ.  որքան էլ վիճենք, միևնույնն է, նրանք միշտ իմ կողքին են, հարկ եղած ժամանակ հենց նրանք են ինձ պաշտպանելու, հուսադրելու, օգնելու, որ առաջ քայլեմ, հաջողություններ ունենամ, երջանիկ լինեմ:

Եղբայրներս երկուսն էլ բնավորությամբ հանգիստ են և լի հային բնորոշ հումորով: Փոքր ժամանակվա խաղալիք զենքերին այժմ փոխարինել են իրականները: Ավագ եղբայրս հենց այս պահին էլ գտնվում է սահմանին, զենքը ձեռքին: Այսքան ժամանակ եղբայրներիցս երբեք չեմ լսել հուսահատ խոսքեր: Նրանք, եթե նույնիսկ դժվարությունների առջև են կանգնում, միևնույնն է, միշտ էլ ասում են, որ լավ են, և ամեն ինչ կարգին է: Այստեղ է հայ զինվորի ուժը…

Հայոց բանակն արդեն իր 28-րդ տարեդարձն է նշում: Հունվարի 28-ը նաև հայրիկիս` Մայիս Ղազարյանի վերածննդի օրն է, քանի որ իր պարտքը հայրենիքին տալիս` 1994 թվականի հունվարի 28-ին Քարվաճառի ազատագրման ժամանակ նա վիրավորվել է, որին անդրադարձել եմ նաև մեկ այլ հոդվածով: Շնորհավոր ծննդյանդ տարեդարձը, պա՛պ ջան: Դու  ինձ համար հայրենասեր մարդու առաջին օրինակն ես: Շնորհավոր ձեր տոնը, հա՛յ զինվորներ, իմ քա՛ջ եղբայրներ, թող բարօրությունն ու խաղաղությունն իշխեն հայոց աշխարհում: Անհուն երախտագիտությամբ խոնարհվում ենք ձեր առջև, հա՛յ զինվորներ, զինվոր ծնած մայրե՛ր, զինվորին ուժ ու կորով տվող հրամանատարնե՛ր: Փա՛ռք քեզ, Հայո՛ց բանակ:

Ֆրանսիական օրագիր: Մաս 2: Հայի ստեղծած ֆրանսիական ընտանիքը

Երկրորդ շաբաթն էր, որ մենք Փարիզում էինք։ Կարծես թե հարմարվել էինք․ դե, ոնց ասեմ, դեռ Երևան ենք ուզում։ Արդեն սովորել ենք առավոտյան տրամվայ-մետրո-մետրո-ոտք կոմբինացիային, էլ չենք նայում հեռախոսին կամ էլ ցուցանակներին, անգիր գիտենք՝ որտեղ թեքվել ու որտեղից նստել։ Մեզ լրիվ տեղացի ենք զգում։ Չէ լավ, խաբեցի, երբեք չեմ կարող տեղացի լինել։ Որովհետև փարիզեցիները այդքան էլ տրամաբանական չեն։ Օրինակ՝ երբ դու մի կերպ փորձում ես կենդանացնել սառը քամուց փայտացած մատներդ, այս ժողովուրդը բարակ կոշիկով ու առանց բաճկոն հանգիստ դուրս կգա փողոց, և հավատա, դու հիվանդանալու ավելի մեծ շանսեր կունենաս։ Կամ էլ ամենաանհարմար պահին, տեղում և պայմաններում այս մարդիկ կհանեն իմ բոյի մի գիրք և կսկսեն այն կարդալ կամ էլ ֆիլմ նայել հեռախոսով։ Ախր, մետրոյում հազիվ խցկվելով ու մի մատով մի տեղից բռնվելով շունչս պահած մի կերպ հասնում եմ իմ կայարան, ուր մնաց` կարողանամ դրան զուգահեռ գիրք կարդալ կամ էլ առավել ևս ֆիլմ նայել։ Ո՞նց է ստացվում, չեմ հասկանում։ Հա, մի բան էլ կա․ չեմ կարող անդադար բոլորին բարևել, ներողություն խնդրել դեռ չարած անշնորհքությանս համար, կամ էլ լրիվ անծանոթ մարդու մաղթել լավ երկո։ Այս ամենի չափազանց շատ լինելը ձևական և անիմաստ է թվում, հատկապես, երբ այդ մարդուն տեսնում ես առաջին և վերջին անգամ։ Իհարկե, կան էլի փաստեր, որոնք առաջին իսկ օրվանից զարմացրել են մեզ՝ հացն առանց տոպրակ տուն տանելը, կարմիր լույսի տակ փողոց անցնելը, փնթիությունը և այլն։ Բայց դե պարզ է, որ ոչ բոլորն են այդպիսին։ Ասեմ, որ փարիզեցիների այն փոքր մասը, ում հետ անցկացնում եմ 5 օր շաբաթվա մեջ, հաճելի և հետաքրքիր մարդիկ են։ Խոսքս այն կազմակերպության աշխատակիցների մասին է, որտեղ անցկացնում եմ իմ մասնագիտական պրակտիկան։

Ճիշտն ասած, ամենասկզբում մի քիչ նեղվել էի, որ այդքան հեռու տեղում եմ գնում աշխատանքի։ Սակայն ընդմիջման ժամին քայլելով 17-րդ թաղամասի փողոցներով, հասկացա, որ ոչ միայն կազմակերպության, այլ նաև թաղամասի հարցում է բախտս բերել։ Եվ չնայած այն կենտրոնից բավականին հեռու է, ընդհանրապես չի զիջում իր աննկարագրելի գեղեցիկ շենքերով, դրանց կոկիկ պատշգամբներով և փողոցի ամեն անկյունում գտնվող այգիներով, չէ որ, ինչպես երեկ իմացա, 17-րդը համարվում է Փարիզի ամենագեղեցիկ թաղամասը։ Ու հենց այդտեղ էլ գտնվում է այն համեստ շինությունը, որի երկրորդ հարկում աշխատում է մի մեծ ձեռնարկության անձնակազմ։ Բոլորը ֆրանսիացի են, կազմակերպության սեփականատիրոջից բացի, ով հայ է։ Ինչպես ես էի առաջին օրն ուրախ այդ օտար երկրում հայրենակցի հանդիպելուն, այդքան էլ նա էր ոգևորված մի հայ ուսանողի հյուրընկալելու իր հոր ստեղծած կազմակերպությունում։ Մանկական ուրախություն կար այդ մարդու աչքերում և աննկարագրելի ջերմություն, երբ ներս մտա և հարցրեցի, որ փնտրում եմ պարոն Զելվեյանին։ Հենց առաջին վայրկյանից խոստովանեց, որ շատ վատ է հայերեն խոսում, ուստի իր հետ նույնպես շփվում եմ բացառապես ֆրանսերենով։ Եվ ամեն անգամ մեծ հպարտությամբ եմ մտնում այդ շենք՝ իմանալով, որ տեսքից համեստ, բայց նշանակությամբ կարևոր այդ կազմակերպության հինադիրն իմ հայրենակիցն է։ Ու երբ հարցնում են, թե ինչով է զբաղվում կազմակերպությունը, «իրենք»-ի փոխարեն ակամա ասում եմ «մենք», քանի որ արդեն առաջին օրվանից այդ մարդիկ ամեն ինչ արել են, որ ես ինձ իրենց ընտանիքի մի մասը զգամ։ Ձեզ էլ ասեմ՝ մենք արտադրում ենք մետաղյա, կերամիկայից, պլաստիկից և այլ նյութերից գնդիկներ և գլաններ՝ տարբեր տրամաչափերի, որոնք հետագայում օգտագործվում են մեքենաշինության, սարքավորումների պատրաստման, բժշկության և նույնիսկ օծանելիքի պատրաստման մեջ։ Եվ չնայած նրան, որ ամեն առավոտ մոտ մեկ ժամ եմ ծախսում այնտեղ հասնելու համար, երբեք չեմ զղջում, որ ընտրությունս ընկել է հենց այս կազմակերպության վրա։

Աշխատանքային ամեն շաբաթվա ավարտին հաջորդում են երկու մշակութային օր, որոնց ընթացքում փորձում ենք այցելել որքան հնարավոր է, շատ թանգարան կամ ցուցադրություն։ Ու հավատացեք, երկու օրը շատ քիչ է այդ ամենի համար։ Մեկ օրում չհասցրինք տեսնել այստեղի ամենահայտնի Օրսե թանգարանի բոլոր կտավներն ու քանդակները։ Այդ ահռելի շինությունը նախկինում եղել է կայարան, որը հետագայում դարձրել են Վինսենթ վան Գոգի, Կլոդ Մոնեի, Էդուարդ Մանեի, Օգյուստ Ռենուարի և մի շարք այլ նկարիչների գործերի ցուցադրության վայր։ Իսկ թանգարանի դիմաց՝ Սենայի մյուս ափին, գտնվում էր մեկ այլ պատկերասրահ Օրանժերի անունով, որտեղ տեսանք Կլոդ Մոնեյի «Ջրաշուշաններ» նկարաշարը։ Աննկարագրելի զգացողություն է կանգնել կտավի դիմաց ու հասկանալ, որ հենց այս պահին տեսնում ես այդ գլուխգործոցը։ Ու ամեն անգամ վախենում ես, որ կմոռանաս այն, չես հիշի ամենակարևորը։ Այցելեցինք նաև «Հայտնագործությունների պալատ», որտեղ շրջեցինք մի շարք սրահներում, իմացանք ամեն ինչ լույսի, մագնիսական դաշտի, ձայնի, կենսաբանության և քիմիայի մի շարք երևույթների մասին, տեսանք պլանետարիումի ցուցադրությունը։ Այս երկու օրն անցնում են շատ արագ ու տպավորություններով լի։

Ու չնայած ամեն օրվա երեկոն անցկացնում եմ ընկերներիս հետ, միևնույնն է, վաղը երեկոյան, երբ գործից հետո նստեմ հետդարձի մետրոն, էլի կսկսեմ փնտրել մի ծանոթ հայացք, աչքեր, խոսք, ինչու ոչ, քիթ։ Մի նշան, որն ինձ կհուշի, որ դիմացինս հայ է։ Երբեք չէի մտածի, որ կարոտը կարող է այսպես դրսևորվել։ Ամեն անգամ փորձում եմ ճանապարհս այնպես գծել, որ անպայման անցնեմ հայ ուսանողների հանրակացարանի մոտով, որ կարդամ հայերենով գրված «Հայ ուսանողների տուն» գրվածքն ու ինձ էլի մի քիչ մոտ զգամ հայրենիքիս։ Դժվար է տնից հեռու ապրելը։ Համենայնդեպս, ես շատ եմ կարոտում։

Ըհը, այս շաբաթն էլ վերջացավ։ Մնաց հինգը։

nane exiazaryan

Առաջին կուրսեցու անսովոր կյանքը

Սովորական  է դարձել արդեն առավոտյան ուրիշ քաղաքում արթնանալը (ես Ջերմուկից եմ և հիմա սովորում եմ Երևանում), մեկ ուրիշի տանը մնալը, ուրիշ ծանոթ ու ամեն անգամ նորը բացահայտող փողոցների երկայնքով քայլելը, ամեն օր տասնյակ անծանոթ ու մեկ-մեկ էլ ծանոթ մարդկանց տեսնելը, բարև փոխանակելիս երբեմն հարցական հայացքներ ընդունելը, ուրիշ ընկերները ու շրջապատը… Հանկարծ հասկանում ես, որ արդեն ունես պատասխանատվության զգացում ինքդ քո ապագա ես-ի առաջ ու մեկ էլ հոպ` արդեն ոնց որ թե չցանկանալով, բայց ինքդ քեզ խոստովանում ես, որ մեծացել ես, ու ամենավատն էլ այն է, որ միայն դու չես մեծացել, ընկերներդ էլ են մեծացել ու ամեն մեկն իր անձնական գործը, զբաղմունքը, մի շարք նոր ընկերներ ու գլուխ ցավեցնող առօրեական դարձած խնդիրներ ունի: Անգլերեն պարապելիս շտեմարանում մի տեքստ կար, ու հիմա էլ կա երևի, որը պատմում է մարդկանց մոտ միջավայրը փոխելուց հետո առաջացող սթրեսի տարբեր փուլերի մասին: Մի պահ է գալիս, որ հասկանում ես, որ դու էլ ես այդ նույն փուլերով անցել ու արդեն վերջին փուլում ես:

Երբ դեռ առաջին դասարանից, դպրոցի առաջին իսկ օրից չես սիրում դպրոցը ու ավարտելիս էլ լիակատար ուրախություն ես զգում, անկասկած դժվար է պատկերացնել, որ կգա մի ժամանակ, երբ կկարոտես այդ նույն դպրոցը: Դե հա, պատկերացնում ես դասընկերներիդ ու առհասարակ, մարդկանց կարոտելը, բայց ոչ երբեք այդ դպրոցի շենքը, միջանցքներն ու քո աթոռ-սեղանը: Դա գիտակցելու պահին էլ ինքդ քեզ քննադատում ես. «Չէ, դու հաստատ ցնդել ես»:

Սիրում եմ Երևանը, մանավանդ գիշերային այս քաղաքը, քամոտ մետրոն, անցումն անցնելիս մարդկանց գրկախառնությունը և ուղղակի ճանապարհները: Բայց գիտե՞ք, տխուր է, երբ հիշում ես, թե ոնց էիր քո փոքրիկ, բայց ջերմ քաղաքում գրեթե ամեն անցորդի ճանաչում, բակի տատիկներին տեսնելիս մեկ-մեկ հետները նստում ու պատասխանում իրենց հետաքրքրող բոլոր հարցերին (ի դեպ, ընդդիմանալն անիմաստ էր, իսկ ուղղակի իրենց «ռադարի» մոտով չանցնել երբեք չէր հաջողվի), հարևաններին առանց առիթի տուն էիր կանչում սուրճ խմելու ու մամայի` էս մի անգամվա սարքած խմորեղենը փորձելու, իսկ երբ բան չկար անելու, ինքդ էիր հյուր գնում նրանց: Ի՞նչ հարցնել, ի՞նչ բան, միանգամից մխրճվում էիր իրենց առօրյայի մեջ ու դառնում էդ պահին իրենց տան մի մասնիկը: Նոր տարվա մասին էլ չեմ խոսում… Ինձ համար այն յուրահատուկ տոն է` կախարդական, երբ բոլորը բոլորի հանդեպ բարի ու ջերմ են, հյուրընկալ ու երջանիկ: Երևանում այդ տոնը նշելը սկզբում հետաքրքիր էր, ու մեծ սպասումներ կային, բայց ինչպես միշտ, իմ բախտը չբերեց, ու սպասումներս նորից չարդարացրին իրենց:

Մի խոսքով, գրեցի առաջին կուրսի ուսանողի կարոտի մասին, որ երևի զգում են շատերը: Գրեցի նրա մասին, որ ինձ նման մարդկանց համար դժվար է իրենց փոքրիկ գյուղից, կամ հեքիաթային քաղաքից հետո սիրել Երևանը ու հարմարվել նրա ռիթմին, նրա ամեն օրվա նորության ու ոչ միշտ ժպտերես ու բարև տվող մարդկանց հետ: Վերջ:

 

Հ.Գ. Այնքան կուզեի տեսնել իմ ուսուցիչների դեմքերը, երբ կարդան, որ ես կարոտել եմ դպրոցը (դա ֆանտաստիկայի ժանրից էր)…

margarita voskanyan lori

Մեզ համար ապրած կյանք

Իմ պապը ծնվել է գրեթե անցած դարասկզբին` 1928 թվականին: 13 տարեկան է եղել, երբ հայրն ու մեծ եղբայրը պատերազմ են գնացել, ու նա ընդամենը 13 տարեկանում դարձել է ընտանիքի «մեծը»` հոգալով մոր ու երեք եղբայրների բոլոր հոգսերը: Շատ մեծ պարտականություն է ունեցել իր ուսերին դրված և շատ մեծ պատվով է դուրս եկել այդ ամենի միջից: Ավարտել է չորսամյա մի գյուղական դպրոց,  կյանքի մի զգալի հատված սարերում ու ձորերում է անցկացրել, բայց պապիս նման իմաստուն ու խելացի մարդ, դժվար թե հեշտ  գտնվի: ԽՍՀՄ-ի տարիներին գյուղի տնտեսական կյանքում` մեկը մյուսի հետևից կարևոր պաշտոններ է զբաղեցրել` իր արդարամտության ու ազնվության շնորհիվ:

Հայրս ուշ տարիքում է ամուսնացել, ու մինչ ես ու եղբայրս հասանք գիտակցական մակարդակի` պապս էլ առաջվանը չէր. պապս չէր հիշում, որ գյուղի ամենագեղեցիկ տունը` մեր տունը, ինքն է կառուցել սեփական ձեռքերով` հեղելով արյունն ու քրտինքը:

Թող հիմա կոնֆետների անձրև տեղա գլխիս, ամենահամեղ կոնֆետը պապիս կոստյումի գրպանից հանածներն էին` «ծծովի», ամեն տեսակ ըմպելիքներից ես սիրում էի նրա բերած լիմոնադը, ամենահամեղ ուտեստը, որ երբևէ կերել եմ` պապիս սարքածն էր` տարբեր մրգերով ու բանջարեղեններով` իր սև թավայի մեջ:

Ինքն էլ ասում էր, որ իր համար ամենակարևորը` իմ ու եղբորս ձեռքով մաքրած ու իրեն տված մանդարինն է:

Պապիս մի բուռ ժպիտն ու օվկիանոս աչքերը վերացնում էին չարն այս աշխարհից:

Չնայած իր դժվար ու բարդ կյանքին` նա ապրեց 91 տարի: Մեզ համար ապրեց, որ մեր կողքին լինի, որ սովորենք իրենից, որ ավելի լավը դառնանք: 91 տարեկանում նա սիրում էր կյանքը, ինչպես մարդիկ` 21-ում:

Պապիս չլինելով այնքան շատ բան պակասեց աշխարհից. անսահման բարություն, հանդուրժողականություն, արդարություն ու ազնվություն:

Պապիս չլինելով` մեր միջից մի շատ կարևոր բան պակասեց, մենք աղքատացանք առանց նրա։

Ընդամենը մի քանի ամիս է, որ նա չկա, բայց զուտ ֆիզիկապես, իր արած գործով, անունով ու մեր մեջ նա միշտ ապրելու է: