Ազատ տարածք խորագրի արխիվներ

Ալինա Գրիգորյան

Պատասխանատվության զեղումներ, կամ ի՞նչ արժե հայրենասիրությունը

Այսօր էլի երեխաների հետ եմ՝ նորաթուխ դպրոցականների, մարդկության նվիրյալների, հայրենիքի պաշտպանների հետ, կամ` ո՞վ գիտե:

Լսում եմ նրանց խոսակցությունը՝ կոնֆետի սպասող երեխայի գայթակղությամբ. նրանց աշխարհը հետաքրքիր է, սովորելու բանը՝ շատ։

Նրանք խոսում են ապագայի պլանների, ընկերության, հավատարմության մասին։ Խոստանում են լավ ընկերներ մնալ անգամ «պապիկ տարիքում», ու հա, անպայման ջարդել թուրքերի գլուխը։

Հարցնում եմ՝ պարտադի՞ր է էդպես հաղթել թշնամուն, ասում են՝ ինչի ուրիշ ձև էլ կա՞։

Մեկ րոպե անց.

-Ես բանակ չեմ գնալու, հաստա՛տ, վախենում եմ, ինձ էդ թուրքերը կսպանեն:

-Ես էլ չեմ գնալու, չեմ ուզում զինվոր դառնալ:

Ասում եմ` ի՞նչ եք կարծում, բա որ մեր պապերն էլ էդպես մտածեին, ի՞նչ կլիներ, մենք էսօրվա մեր հայրենիքը, խաղաղությունը, հանգիստ քունը կունենայի՞նք։

-Մեկ ա ինձ համար, ես չեմ ուզում զինվոր դառնալ, չեմ ուզում մեռնել, ֆուտբոլիստ կգնամ կդառնամ: Լավ կլիներ վրացի լինեի, էդ թուրքերից, ադրբեջանցիներից կպրծնեինք:

-Ես էլ զինվոր չեմ դառնալու, հենա` պապաս էլ չի ուզել զինվոր դառնալ ու չի դարձել, բանկիր ա, հոպարս էլ չի դարձել ու էդպես։

ՀՀ անկախ բանակի տարելիցն էինք միասին նշում օրեր առաջ, լավ-լավ բանաստեղծություններ էինք խրոխտ արտասանում, երգերով աննահանջ պայքարի կոչեր էինք անում, սիրում էինք սահմանն ու մեր զինվորներին…

Այսօր էլի երեխաների հետ եմ… Եղբայրս սահմանապահ զինվոր է, նա վերադառնալու է ու, շարունակելով ուսումնառությունը, լավ ծրագրավորող է դառնալու, գիտե՛մ:

Արցախում այլ կերպ ես շնչում…

Հիշում ե՞ք այն ավանդազրույցը, որտեղ Արշակ Բ հայոց թագավորը հենց ոտքը դնում էր հայկական հողի վրա, կերպարանափոխվում էր, ըմբոստանում, ավելի համարձակ դառնում։ Արցախյան հողն ինձ վրա լրիվ նույն ազդեցությունն ունեցավ։ Չնայած նրան, որ ես այնտեղ նախկինում երբեք չէի եղել, ինձ սեփական տանն էի զգում, կարծես ամեն սար ու ծառ մանկուց ծանոթ էին։ Ու այդ մթնոլորտի հաղթական, անկոտրում և ուժեղ տրամադրությունը, որ կա թե՛ մարդկանց, թե՛ հողի ու ջրի մեջ, չի կարող քեզ ուղղակի թույլ դարձնել։ Կարծում եմ հենց դա է մեր առավելությունը, հենց դա է սահմանին կանգնած մեր զինվորներին ուժեղ դարձնում։

Շուշիի ճանապարհին մեր տաքսու վարորդը կանգնեցրեց մեքենան մի տանկի մոտ և իր արցախյան անուշ բարբառով պատմեց Տ-72-ի մասին։ Տ-72-ը հաղթանակ կանխորոշող տանկ էր, առաջինը, որ դուրս եկավ թշնամու դեմ։ Հաղթահարելով դեպի Շուշի տանող ճանապարհը, Տ-72-ը ոչնչացրել է թշնամու երկու տանկ, իսկ երրորդի հետ մարտի ժամանակ ռմբակոծվել։ Տանկի հրամանատար՝ Գ․ Ավշարյանը, մեխանիկ- վարորդ՝  Ա․ Ավանեսյանը, նշանառու- հրետանավոր՝  Շ․ Սարգսյանը, երեքն էլ մարտի ժամանակ զոհվել են։ Տ-72-ից սկսեց Շուշիի ազատագրման հաղթական ընթացքը, իսկ հիմա տանկը որպես հուշարձան կանգնեցված է հենց այն նույն տեղում, որտեղ և ռմբակոծվել է, որպես հարգանքի տուրք և հիշատակ հաղթանակի համար պայքարած բոլոր մարտիկների։

Շնորհավոր հայոց բանակի և բոլոր զինծառայողների տոնը։

margarita ghazaryan

Հայոց բանակն իմ ընտանիքն է

Մենք հայ քաջ զինվորին ենք պարտական մեր ամեն բացվող առավոտի համար, ապրելու,  արարելու, երազելու, հույսով դեպի ապագան նայելու, մեր պատմությունը կերտելու համար:

Այժմ բանակում ծառայող երկու եղբայր ունեմ ` Միքայելը և Խաչատուրը: Ավագ եղբայրս` Միքայելը, գտնվում է ծառայության 18-րդ ամսում, իսկ կրտսեր եղբայրս` Խաչատուրը, 6 ամսվա ծառայող է: Ներսումս  անասանելի հպարտություն կա, որը բառերով անկարող եմ նկարագրել: Իմ հոգատար եղբայրները` մանկության ամենամտերիմ ընկերներս, արդեն մեծ տղաներ են, հայրենի արժանի պաշտպաններ, կա՞ սրանից ավելի մեծ հպարտություն: Նրանք երկուսն էլ իմ լավագույն ընկերներն են, այն մարդիկ են, որոնց կարող եմ վստահել և չվախենալ: Նրանք այն մարդիկ են, որոնց հետ վիճել եմ, նեղացել, սակայն երբեք երկար չի տևել, քանի որ ես լավ գիտեմ.  որքան էլ վիճենք, միևնույնն է, նրանք միշտ իմ կողքին են, հարկ եղած ժամանակ հենց նրանք են ինձ պաշտպանելու, հուսադրելու, օգնելու, որ առաջ քայլեմ, հաջողություններ ունենամ, երջանիկ լինեմ:

Եղբայրներս երկուսն էլ բնավորությամբ հանգիստ են և լի հային բնորոշ հումորով: Փոքր ժամանակվա խաղալիք զենքերին այժմ փոխարինել են իրականները: Ավագ եղբայրս հենց այս պահին էլ գտնվում է սահմանին, զենքը ձեռքին: Այսքան ժամանակ եղբայրներիցս երբեք չեմ լսել հուսահատ խոսքեր: Նրանք, եթե նույնիսկ դժվարությունների առջև են կանգնում, միևնույնն է, միշտ էլ ասում են, որ լավ են, և ամեն ինչ կարգին է: Այստեղ է հայ զինվորի ուժը…

Հայոց բանակն արդեն իր 28-րդ տարեդարձն է նշում: Հունվարի 28-ը նաև հայրիկիս` Մայիս Ղազարյանի վերածննդի օրն է, քանի որ իր պարտքը հայրենիքին տալիս` 1994 թվականի հունվարի 28-ին Քարվաճառի ազատագրման ժամանակ նա վիրավորվել է, որին անդրադարձել եմ նաև մեկ այլ հոդվածով: Շնորհավոր ծննդյանդ տարեդարձը, պա՛պ ջան: Դու  ինձ համար հայրենասեր մարդու առաջին օրինակն ես: Շնորհավոր ձեր տոնը, հա՛յ զինվորներ, իմ քա՛ջ եղբայրներ, թող բարօրությունն ու խաղաղությունն իշխեն հայոց աշխարհում: Անհուն երախտագիտությամբ խոնարհվում ենք ձեր առջև, հա՛յ զինվորներ, զինվոր ծնած մայրե՛ր, զինվորին ուժ ու կորով տվող հրամանատարնե՛ր: Փա՛ռք քեզ, Հայո՛ց բանակ:

Ֆրանսիական օրագիր: Մաս 2: Հայի ստեղծած ֆրանսիական ընտանիքը

Երկրորդ շաբաթն էր, որ մենք Փարիզում էինք։ Կարծես թե հարմարվել էինք․ դե, ոնց ասեմ, դեռ Երևան ենք ուզում։ Արդեն սովորել ենք առավոտյան տրամվայ-մետրո-մետրո-ոտք կոմբինացիային, էլ չենք նայում հեռախոսին կամ էլ ցուցանակներին, անգիր գիտենք՝ որտեղ թեքվել ու որտեղից նստել։ Մեզ լրիվ տեղացի ենք զգում։ Չէ լավ, խաբեցի, երբեք չեմ կարող տեղացի լինել։ Որովհետև փարիզեցիները այդքան էլ տրամաբանական չեն։ Օրինակ՝ երբ դու մի կերպ փորձում ես կենդանացնել սառը քամուց փայտացած մատներդ, այս ժողովուրդը բարակ կոշիկով ու առանց բաճկոն հանգիստ դուրս կգա փողոց, և հավատա, դու հիվանդանալու ավելի մեծ շանսեր կունենաս։ Կամ էլ ամենաանհարմար պահին, տեղում և պայմաններում այս մարդիկ կհանեն իմ բոյի մի գիրք և կսկսեն այն կարդալ կամ էլ ֆիլմ նայել հեռախոսով։ Ախր, մետրոյում հազիվ խցկվելով ու մի մատով մի տեղից բռնվելով շունչս պահած մի կերպ հասնում եմ իմ կայարան, ուր մնաց` կարողանամ դրան զուգահեռ գիրք կարդալ կամ էլ առավել ևս ֆիլմ նայել։ Ո՞նց է ստացվում, չեմ հասկանում։ Հա, մի բան էլ կա․ չեմ կարող անդադար բոլորին բարևել, ներողություն խնդրել դեռ չարած անշնորհքությանս համար, կամ էլ լրիվ անծանոթ մարդու մաղթել լավ երկո։ Այս ամենի չափազանց շատ լինելը ձևական և անիմաստ է թվում, հատկապես, երբ այդ մարդուն տեսնում ես առաջին և վերջին անգամ։ Իհարկե, կան էլի փաստեր, որոնք առաջին իսկ օրվանից զարմացրել են մեզ՝ հացն առանց տոպրակ տուն տանելը, կարմիր լույսի տակ փողոց անցնելը, փնթիությունը և այլն։ Բայց դե պարզ է, որ ոչ բոլորն են այդպիսին։ Ասեմ, որ փարիզեցիների այն փոքր մասը, ում հետ անցկացնում եմ 5 օր շաբաթվա մեջ, հաճելի և հետաքրքիր մարդիկ են։ Խոսքս այն կազմակերպության աշխատակիցների մասին է, որտեղ անցկացնում եմ իմ մասնագիտական պրակտիկան։

Ճիշտն ասած, ամենասկզբում մի քիչ նեղվել էի, որ այդքան հեռու տեղում եմ գնում աշխատանքի։ Սակայն ընդմիջման ժամին քայլելով 17-րդ թաղամասի փողոցներով, հասկացա, որ ոչ միայն կազմակերպության, այլ նաև թաղամասի հարցում է բախտս բերել։ Եվ չնայած այն կենտրոնից բավականին հեռու է, ընդհանրապես չի զիջում իր աննկարագրելի գեղեցիկ շենքերով, դրանց կոկիկ պատշգամբներով և փողոցի ամեն անկյունում գտնվող այգիներով, չէ որ, ինչպես երեկ իմացա, 17-րդը համարվում է Փարիզի ամենագեղեցիկ թաղամասը։ Ու հենց այդտեղ էլ գտնվում է այն համեստ շինությունը, որի երկրորդ հարկում աշխատում է մի մեծ ձեռնարկության անձնակազմ։ Բոլորը ֆրանսիացի են, կազմակերպության սեփականատիրոջից բացի, ով հայ է։ Ինչպես ես էի առաջին օրն ուրախ այդ օտար երկրում հայրենակցի հանդիպելուն, այդքան էլ նա էր ոգևորված մի հայ ուսանողի հյուրընկալելու իր հոր ստեղծած կազմակերպությունում։ Մանկական ուրախություն կար այդ մարդու աչքերում և աննկարագրելի ջերմություն, երբ ներս մտա և հարցրեցի, որ փնտրում եմ պարոն Զելվեյանին։ Հենց առաջին վայրկյանից խոստովանեց, որ շատ վատ է հայերեն խոսում, ուստի իր հետ նույնպես շփվում եմ բացառապես ֆրանսերենով։ Եվ ամեն անգամ մեծ հպարտությամբ եմ մտնում այդ շենք՝ իմանալով, որ տեսքից համեստ, բայց նշանակությամբ կարևոր այդ կազմակերպության հինադիրն իմ հայրենակիցն է։ Ու երբ հարցնում են, թե ինչով է զբաղվում կազմակերպությունը, «իրենք»-ի փոխարեն ակամա ասում եմ «մենք», քանի որ արդեն առաջին օրվանից այդ մարդիկ ամեն ինչ արել են, որ ես ինձ իրենց ընտանիքի մի մասը զգամ։ Ձեզ էլ ասեմ՝ մենք արտադրում ենք մետաղյա, կերամիկայից, պլաստիկից և այլ նյութերից գնդիկներ և գլաններ՝ տարբեր տրամաչափերի, որոնք հետագայում օգտագործվում են մեքենաշինության, սարքավորումների պատրաստման, բժշկության և նույնիսկ օծանելիքի պատրաստման մեջ։ Եվ չնայած նրան, որ ամեն առավոտ մոտ մեկ ժամ եմ ծախսում այնտեղ հասնելու համար, երբեք չեմ զղջում, որ ընտրությունս ընկել է հենց այս կազմակերպության վրա։

Աշխատանքային ամեն շաբաթվա ավարտին հաջորդում են երկու մշակութային օր, որոնց ընթացքում փորձում ենք այցելել որքան հնարավոր է, շատ թանգարան կամ ցուցադրություն։ Ու հավատացեք, երկու օրը շատ քիչ է այդ ամենի համար։ Մեկ օրում չհասցրինք տեսնել այստեղի ամենահայտնի Օրսե թանգարանի բոլոր կտավներն ու քանդակները։ Այդ ահռելի շինությունը նախկինում եղել է կայարան, որը հետագայում դարձրել են Վինսենթ վան Գոգի, Կլոդ Մոնեի, Էդուարդ Մանեի, Օգյուստ Ռենուարի և մի շարք այլ նկարիչների գործերի ցուցադրության վայր։ Իսկ թանգարանի դիմաց՝ Սենայի մյուս ափին, գտնվում էր մեկ այլ պատկերասրահ Օրանժերի անունով, որտեղ տեսանք Կլոդ Մոնեյի «Ջրաշուշաններ» նկարաշարը։ Աննկարագրելի զգացողություն է կանգնել կտավի դիմաց ու հասկանալ, որ հենց այս պահին տեսնում ես այդ գլուխգործոցը։ Ու ամեն անգամ վախենում ես, որ կմոռանաս այն, չես հիշի ամենակարևորը։ Այցելեցինք նաև «Հայտնագործությունների պալատ», որտեղ շրջեցինք մի շարք սրահներում, իմացանք ամեն ինչ լույսի, մագնիսական դաշտի, ձայնի, կենսաբանության և քիմիայի մի շարք երևույթների մասին, տեսանք պլանետարիումի ցուցադրությունը։ Այս երկու օրն անցնում են շատ արագ ու տպավորություններով լի։

Ու չնայած ամեն օրվա երեկոն անցկացնում եմ ընկերներիս հետ, միևնույնն է, վաղը երեկոյան, երբ գործից հետո նստեմ հետդարձի մետրոն, էլի կսկսեմ փնտրել մի ծանոթ հայացք, աչքեր, խոսք, ինչու ոչ, քիթ։ Մի նշան, որն ինձ կհուշի, որ դիմացինս հայ է։ Երբեք չէի մտածի, որ կարոտը կարող է այսպես դրսևորվել։ Ամեն անգամ փորձում եմ ճանապարհս այնպես գծել, որ անպայման անցնեմ հայ ուսանողների հանրակացարանի մոտով, որ կարդամ հայերենով գրված «Հայ ուսանողների տուն» գրվածքն ու ինձ էլի մի քիչ մոտ զգամ հայրենիքիս։ Դժվար է տնից հեռու ապրելը։ Համենայնդեպս, ես շատ եմ կարոտում։

Ըհը, այս շաբաթն էլ վերջացավ։ Մնաց հինգը։

nane exiazaryan

Առաջին կուրսեցու անսովոր կյանքը

Սովորական  է դարձել արդեն առավոտյան ուրիշ քաղաքում արթնանալը (ես Ջերմուկից եմ և հիմա սովորում եմ Երևանում), մեկ ուրիշի տանը մնալը, ուրիշ ծանոթ ու ամեն անգամ նորը բացահայտող փողոցների երկայնքով քայլելը, ամեն օր տասնյակ անծանոթ ու մեկ-մեկ էլ ծանոթ մարդկանց տեսնելը, բարև փոխանակելիս երբեմն հարցական հայացքներ ընդունելը, ուրիշ ընկերները ու շրջապատը… Հանկարծ հասկանում ես, որ արդեն ունես պատասխանատվության զգացում ինքդ քո ապագա ես-ի առաջ ու մեկ էլ հոպ` արդեն ոնց որ թե չցանկանալով, բայց ինքդ քեզ խոստովանում ես, որ մեծացել ես, ու ամենավատն էլ այն է, որ միայն դու չես մեծացել, ընկերներդ էլ են մեծացել ու ամեն մեկն իր անձնական գործը, զբաղմունքը, մի շարք նոր ընկերներ ու գլուխ ցավեցնող առօրեական դարձած խնդիրներ ունի: Անգլերեն պարապելիս շտեմարանում մի տեքստ կար, ու հիմա էլ կա երևի, որը պատմում է մարդկանց մոտ միջավայրը փոխելուց հետո առաջացող սթրեսի տարբեր փուլերի մասին: Մի պահ է գալիս, որ հասկանում ես, որ դու էլ ես այդ նույն փուլերով անցել ու արդեն վերջին փուլում ես:

Երբ դեռ առաջին դասարանից, դպրոցի առաջին իսկ օրից չես սիրում դպրոցը ու ավարտելիս էլ լիակատար ուրախություն ես զգում, անկասկած դժվար է պատկերացնել, որ կգա մի ժամանակ, երբ կկարոտես այդ նույն դպրոցը: Դե հա, պատկերացնում ես դասընկերներիդ ու առհասարակ, մարդկանց կարոտելը, բայց ոչ երբեք այդ դպրոցի շենքը, միջանցքներն ու քո աթոռ-սեղանը: Դա գիտակցելու պահին էլ ինքդ քեզ քննադատում ես. «Չէ, դու հաստատ ցնդել ես»:

Սիրում եմ Երևանը, մանավանդ գիշերային այս քաղաքը, քամոտ մետրոն, անցումն անցնելիս մարդկանց գրկախառնությունը և ուղղակի ճանապարհները: Բայց գիտե՞ք, տխուր է, երբ հիշում ես, թե ոնց էիր քո փոքրիկ, բայց ջերմ քաղաքում գրեթե ամեն անցորդի ճանաչում, բակի տատիկներին տեսնելիս մեկ-մեկ հետները նստում ու պատասխանում իրենց հետաքրքրող բոլոր հարցերին (ի դեպ, ընդդիմանալն անիմաստ էր, իսկ ուղղակի իրենց «ռադարի» մոտով չանցնել երբեք չէր հաջողվի), հարևաններին առանց առիթի տուն էիր կանչում սուրճ խմելու ու մամայի` էս մի անգամվա սարքած խմորեղենը փորձելու, իսկ երբ բան չկար անելու, ինքդ էիր հյուր գնում նրանց: Ի՞նչ հարցնել, ի՞նչ բան, միանգամից մխրճվում էիր իրենց առօրյայի մեջ ու դառնում էդ պահին իրենց տան մի մասնիկը: Նոր տարվա մասին էլ չեմ խոսում… Ինձ համար այն յուրահատուկ տոն է` կախարդական, երբ բոլորը բոլորի հանդեպ բարի ու ջերմ են, հյուրընկալ ու երջանիկ: Երևանում այդ տոնը նշելը սկզբում հետաքրքիր էր, ու մեծ սպասումներ կային, բայց ինչպես միշտ, իմ բախտը չբերեց, ու սպասումներս նորից չարդարացրին իրենց:

Մի խոսքով, գրեցի առաջին կուրսի ուսանողի կարոտի մասին, որ երևի զգում են շատերը: Գրեցի նրա մասին, որ ինձ նման մարդկանց համար դժվար է իրենց փոքրիկ գյուղից, կամ հեքիաթային քաղաքից հետո սիրել Երևանը ու հարմարվել նրա ռիթմին, նրա ամեն օրվա նորության ու ոչ միշտ ժպտերես ու բարև տվող մարդկանց հետ: Վերջ:

 

Հ.Գ. Այնքան կուզեի տեսնել իմ ուսուցիչների դեմքերը, երբ կարդան, որ ես կարոտել եմ դպրոցը (դա ֆանտաստիկայի ժանրից էր)…

margarita voskanyan lori

Մեզ համար ապրած կյանք

Իմ պապը ծնվել է գրեթե անցած դարասկզբին` 1928 թվականին: 13 տարեկան է եղել, երբ հայրն ու մեծ եղբայրը պատերազմ են գնացել, ու նա ընդամենը 13 տարեկանում դարձել է ընտանիքի «մեծը»` հոգալով մոր ու երեք եղբայրների բոլոր հոգսերը: Շատ մեծ պարտականություն է ունեցել իր ուսերին դրված և շատ մեծ պատվով է դուրս եկել այդ ամենի միջից: Ավարտել է չորսամյա մի գյուղական դպրոց,  կյանքի մի զգալի հատված սարերում ու ձորերում է անցկացրել, բայց պապիս նման իմաստուն ու խելացի մարդ, դժվար թե հեշտ  գտնվի: ԽՍՀՄ-ի տարիներին գյուղի տնտեսական կյանքում` մեկը մյուսի հետևից կարևոր պաշտոններ է զբաղեցրել` իր արդարամտության ու ազնվության շնորհիվ:

Հայրս ուշ տարիքում է ամուսնացել, ու մինչ ես ու եղբայրս հասանք գիտակցական մակարդակի` պապս էլ առաջվանը չէր. պապս չէր հիշում, որ գյուղի ամենագեղեցիկ տունը` մեր տունը, ինքն է կառուցել սեփական ձեռքերով` հեղելով արյունն ու քրտինքը:

Թող հիմա կոնֆետների անձրև տեղա գլխիս, ամենահամեղ կոնֆետը պապիս կոստյումի գրպանից հանածներն էին` «ծծովի», ամեն տեսակ ըմպելիքներից ես սիրում էի նրա բերած լիմոնադը, ամենահամեղ ուտեստը, որ երբևէ կերել եմ` պապիս սարքածն էր` տարբեր մրգերով ու բանջարեղեններով` իր սև թավայի մեջ:

Ինքն էլ ասում էր, որ իր համար ամենակարևորը` իմ ու եղբորս ձեռքով մաքրած ու իրեն տված մանդարինն է:

Պապիս մի բուռ ժպիտն ու օվկիանոս աչքերը վերացնում էին չարն այս աշխարհից:

Չնայած իր դժվար ու բարդ կյանքին` նա ապրեց 91 տարի: Մեզ համար ապրեց, որ մեր կողքին լինի, որ սովորենք իրենից, որ ավելի լավը դառնանք: 91 տարեկանում նա սիրում էր կյանքը, ինչպես մարդիկ` 21-ում:

Պապիս չլինելով այնքան շատ բան պակասեց աշխարհից. անսահման բարություն, հանդուրժողականություն, արդարություն ու ազնվություն:

Պապիս չլինելով` մեր միջից մի շատ կարևոր բան պակասեց, մենք աղքատացանք առանց նրա։

Ընդամենը մի քանի ամիս է, որ նա չկա, բայց զուտ ֆիզիկապես, իր արած գործով, անունով ու մեր մեջ նա միշտ ապրելու է:

anna vardanyan

Տանը նստելու նուրբ արվեստը

Ես հասկացա, որ մարդը մեկ օր տանը նստելով կարող է հատորներ գրել պարապության մասին, ես էլ որոշեցի հոդված գրել և կիսվել պարապության ժամանակ առաջացած գաղափարներով։

Պատուհանից դուրս նայելիս  մտածում էի ապագայիս մասին, թե ինչ մասնագիտություն պիտի ընտրեմ, որ դառնամ իմ ուզած մասնագետը: Գործ կգտնե՞մ, թե՞ ինչպես գյուղում են ասում, դիպլոմս կվերցնեմ, տանը կնստեմ:

Շատ գաղափարներ էին պտտվում գլխումս, թե ինչ բիզնեսներ կարելի է ստեղծել։ Հետո, ինչպես մայրս է ասում, ձանձրույթս փարատելու համար, սկսեցի տարբեր ծրագրերի դիմումներ լրացնել։

Մտածում եմ` պարապ մնալն էլ է արվեստ, ամեն մարդ չի կարող։

Նույնիսկ եղանակը  տրամադրող չէր գիրք կարդալու կամ ինչ որ հետաքրքիր բանով զբաղվելու համար։ Ֆեյսբուքյան էջի բոլոր գրառումները համարյա անգիր էի արել:

Մի խոսքով, սիրելի հայրենակիցներ, աշխատեք տանը չնստել: Գովելի է ակտիվ ապրելակերպը, ապրեք ձեր ամեն մի օրը, գտեք հետաքրքիրը ձեր օրվա մեջ, լավատես եղեք կյանքում, արեք բացահայտումներ: Սա իմ խորհուրդն է ձեզ։

shushan stepanyan portret

Փայլուն աչքերով իմ սիրուն պապը

Վաղուց է, ինչ չեմ գրում, բայց երևի թե հիշում եք, որ տանել չեմ կարողանում բաժանումները, հրաժեշտները՝ ծանր ու կոկորդդ անզուսպ լացով խեղդող: Ոչինչ չի փոխվել. ես էլի նույնն եմ, ու ինձ բնորոշ հույզերս ինձ հավատարիմ են դեռ: Էլի չեմ սիրում բաժանումներն ու ավելի այն բաժանումները, որ խլում ու տանում են, տանում գուցե երկինք, գուցե դրախտ, կամ ծաղիկներով լի մի այգի, մի տեղ, որտեղից ֆիզիկական գոյությունդ հեռանում է կարոտդ առնելու պինդ կապից:

Վաղուց չեմ գրում, ու երևակայեք, թե ինչքան զսպված հույզեր կան սրտումս, ինչքան մտքեր, որ հիմա փորձում եմ մի կերպ իրար գլխի բերել ու գրել: Գրելն ինձ օգնում է, անկեղծ: Ու ես գրում եմ ոչ թե, որ ապացուցեմ իմ՝ գրելու, բառերն իրար կապելու ձիրքը ու ապրած դժվարությունների ծանրությունը, այլ գրում եմ, որովհետև ինչ-որ բանի, ինչ-որ մեկի մասին գրել, վերջացնելուց հետո ներսս թեթևանում է հենց այն թեթևությամբ, որ զգում եմ երկար ժամանակ աղոթելիս կամ եկեղեցուց դուրս գալիս: Չհարմարվեցի, չընկալեցի բաժանումները մինչև հիմա ու առավել ևս հիմա: Չվարժվեցի բաժանումներին անգամ այն դեպքում, երբ կարոտս առնելու տարբերակ միշտ կար: Ամեն անգամ, երբ իմ սիրած մարդկանց պիտի հրաժեշտ տայի, նորից հանդիպելու մեծ սպասումով ու պարտադիր պայմանով, անզուսպ լացում էի ու մի կերպ էի ինձ հավաքում:

Պապս՝ գյուղի պապս, որ ինձ համար ամեն առումով մարդ էր ու իր ապրած կյանքով տեղով մեկ մի ամբողջ կյանք, հիմա չկա: Շատ ժամանակ չեմ էլ գիտակցում գրածիս իսկությունը, հավատացեք:  Ես, որ միշտ վախեցել, միտքս փախցրել եմ նման պահերին ինձ պատկերացնելուց, ես, որ պատճառ էի փնտրում, որ սկսեմ հուզվել, հիմա լացել չգիտեմ. մի տեսակ սառը գիտակցում կա, որ  ստիպում է համակերպվել, ու ես պարտավորված եմ ինձ մեծ, գիտակից մարդու պես պահել, ինչքան էլ որ ներսում ես այն մարդն եմ, ով կորցնել չգիտեր, ով միշտ հեքիաթ էր համարում կյանքը: Թող ինձ ոչ մեկը չփորձի համոզել, որ կորստին սփոփանք կա, կամ որ լայն ժպիտով դեմքը չի կարող ներսից խեղդվել:

Տասնինը  իմ սիրած թիվն էր: Հիմա չկա ոչ տասնինը թիվ և  ոչ էլ օր. պապս մի ամիս առաջ տասնինի կեսգիշերին սառը ջուր ուզեց, հագեցրեց ծարավն ու գնաց իմ պատկերացրած, ֆիլմերում տեսած ու գլխումս երևակայած ճամփով՝ լուսավոր ու մաքուր մի ճամփով, ինչպիսին հենց ինքն էր ու իր ապրած ութսունմեկ տարիները:

Երբ որ ինչ-որ բանից բողոքում էի, հուզվում, նեղվում, սկսում էր իր դժվար մանկությունից կտոր-կտոր պատմություններ պատմել ու ջղայնանում էր.

- Հերիք ա, ա՛յ Շուշան, սու՛ս կաց…

Չէր սիրում, որ լացում էի, որ տան մեջ արագ-արագ էի քայլում ու որ մի րոպեում մի լեցուն աման կոնֆետները խժռում էի: Ինքը ամեն ինչում զուսպ էր, զուսպ էր իր ապրումներով ու իր տեսած անտանելի կորուստներով: Մեզ էլ ուզում էր, որ զսպված ու կշռադատված լինենք ամեն ինչում:

Քո մասին անվերջ կարող եմ գրել, պա՛պս, ամենասիրուն, փայլուն աչքերով պապս, կարող եմ անվերջ գրել ու նույն հիացմունքով բոլորին պատմել քո տեսակի մասին:  Ինչ-որ տեղ հիմա հանգիստ եմ, որ միշտ ասել եմ, թե քեզ ինչքան եմ սիրում, միշտ ուժեղ ու պինդ գրկել ու բոլորից շուտ առաջինը ես եմ քեզ համբուրել: Հանգիստ եմ, որ ասել եմ, թե ինչքան եմ հպարտանում քո անսպառ աշխատասիրությամբ, մեծահոգությամբ ու ապրածդ կյանքով:

Երազիս հաճախ ես գալիս ու ամեն անգամ իմ սիրած ձևով ես ինձ ժպտում: Գալիս ես, որ ավելի քիչ կարոտեմ քեզ:

Տասնինը էլ չեմ սիրում ու հիմա, ի զարմանս ինձ, սպասվածից ավելի ուժեղ եմ. պապս, որ  ամենաուժեղ կարոտս ու ամենամեծ անկումս դարձավ, ինձ ուժեղ դարձրեց: Քո մասին անվերջ կարող եմ խոսել ու խոսելու եմ քո մասին պատմություններ գրելով:

Դու միշտ ներկա ես ու սրտիս մեջ, փայլուն աչքերով իմ սիրուն պապ:

Lilit Hovsepyan Erevan

Հարմարավետության գոտում

-Լի՜լ, տեսնու՞մ ես` ինչ անհոգ են շներն այս մեկուսի տարածքում, որտեղ շրջապատված են այլ շներով, և երբ ողջ տարածքը միայն իրենցն է․․․

-Դե հա, երևի լավ են զգում իրենց այդպես,-դեմքի տարօրինակ արտահայտությամբ պատասխանեցի ես։

-Բայց չէ, ախր, ինչպե՞ս են իրենց լավ զգում այդ ցանկապատված տարածքում, ինչու՞ չեն ցանկանում դուրս գալ այդ տարածքից ու ապրել ազատ․․․

-Գուցե չգիտեն ցանկապատից այն կողմ գոյություն ունեցող կյանքի մասին, կամ գուցե վախենում են դուրս գալ, վախենում են փոփոխություններից, կամ էլ ստիպված են այդպես անել․․․

-Կամ էլ պարզապես ոչինչ չեն ցանկանում նկատել, այդպես երևի ավելի հեշտ է ապրելը, չէ՞։

-Շները նման են մարդկանց, մարդիկ էլ կարծում են , որ սեփական ցանկություններին հետևելը միայն անհանգստություն կարող է բերել իրենց, անտեղյակ ապրելն ավելի հեշտ է: Ինչու՞ գնալ դժվարությունների հետևից, երբ կարող ես պարզապես չնկատել շուրջդ կատարվող իրադարձությունները, ինչու՞ սովորել ավելին, երբ արդեն հասել ես փոքրիկ, բայց շատ մեծ թվացող հաջողության, ինչու՞ երազել, եթե միևնույն է, չես հասնելու այդ երազանքներին․․․

Շատ մարդիկ իրականում չեն ձգտում ազատության, քանի որ այն ենթադրում է պատասխանատվություն, իսկ պատասխանատվությունը վախեցնում է շատերին․․․ Շներն էլ են այդպես, նրանցից շատերը ձգտում են ազատ ապրել և ամեն գնով հասնում են այդ բաղձալի ազատությանը, իսկ շատերն էլ նախընտրում են չնկատել ցանկապատից այն կողմ գոյություն ունեցող աշխարհը:

-Լի՜լ, ախր, ճիշտ ես, բայց ի՞նչ կարող ենք անել, գուցե շներին չենք կարող օգնել, բայց մեզ շրջապատող մարդկանց կարող ենք, չէ՞։

-Անկասկած կարող ենք, եթե ցանկանում ենք փոխել աշխարհը, պետք է սկսենք փոխել ինքներս մեզ։

-Դե, էլ ինչի՞ ենք սպասում, արի՛ գնանք մեր նպատակների հետևից, արի՛  գտնենք ինքներս մեզ, արի՛ փոխենք աշխարհը միասին, գուցե վերջում շներին էլ կարողանանք փոխել…