Ազատ տարածք խորագրի արխիվներ

aneta baghdasaryan

Պարապության վերլուծություն

Պարապության դեմ պայքարելու միակ միջոցը ինչ-որ բան անելն է, ինչքան էլ դա ակնհայտ չթվա։ Այս մտքին ես հասա կյանքիս 21-րդ տարում կատարյալ պարապության պայմաններում։ Կարծում եմ՝ սխալ է «կատարյալ պարապություն» բառակապակցությունն օգտագործել, հատկապես այս նյութի մեջ, քանի որ մի քանի տող վերև ասացի, որ ինչ-որ բան անելով մենք այլևս պարապ չենք։ Եվ եթե նույնիսկ դու հիմա նստած ես բազմոցին ու անիմաստ վատնում ես կյանքիդ րոպեները, ինչպես ես վատնեցի մի ամբողջ օր, կամ էլ կիսապառկած դիրքով կարդում ես հեռախոսիդ էկրանին գրված այս նյութը, ապա շնորհավորում եմ, դու արդեն պարապ չես։ Եվ ես ամենայն լրջությամբ եմ դա քեզ ասում։

Երբևէ ինքդ քեզ հարցրե՞լ ես, թե ինչու ես փռվել բազկաթոռին ու աննպատակ թերթում ֆեյսբուքյան պատդ։ Այդ հարցի պատասխանը ես էլ չունեմ, ազնիվ խոսք, ու կարծում եմ՝ դու էլ։ Դու վստահ ես, որ ոչ մի հետաքրքիր բան չես գտնի, ոչ ոք քեզ չի գրի, ու որ մինչև կյանքիդ վերջը կարող ես այն թերթել, եթե ձեռքդ չհոգնի, ու դու ստիպված չլինես հեռախոսդ մի կողմ դնել, կամ էլ ուղղակի փոխել ձեռքդ ու շարունակել «աշխարհի ամենահետաքրքիր» զբաղմունքը։ Կամ երբ չգիտես՝ ինչ անել, վերցնում ես սեղանիդ ամիսներ առաջ դրած գիրքը ու բացում այն էջը, որտեղ վերջին անգամ դրել էիր էջանշանը։ Կարդում ես այն, չհիշելով նույնիսկ գլխավոր հերոսներին, բացում առաջին էջն ու նորից սկսում կարդալ գրքի սկիզբը, որ էլի դնես գրասեղանիդ ու մի քանի ամսով մոռանաս դրա և հերոսների գոյության մասին։ Մոռանաս դրա մասին, որովհետև մնացած օրերի ընթացքում պարապությունից ամեն ինչով կզբաղվես, բայց ոչ գիրք կարդալով։ Ինչևէ, այս անգամ գրքի մասին չեմ ուզում խոսել։

Ինչքա՞ն է եղել, որ պառկես բազմոցին ու լիովին անգործության կարգավիճակում նայես առաստաղին, հստակ մի կետի, չթեքելով հայացքդ, չշարժելով մարմնիդ և ոչ մի մաս, նույնիսկ չմտածելով։ Միգուցե և երբեք այդպես չես արել, կամ էլ ամբողջ օրը դրանով ես զբաղված, կապ չունի։ Այդ պահին դու չես էլ հասկանում, որ մարմնիդ յուրաքանչյուր մաս, նյարդ և մկան, ամեն կերպ իրեն զսպում է, որ դու մնաս անշարժ պառկած, չշարժես ձեռքդ, չնայես ուրիշ տեղ, չծարավես։ Եվ մնում է մի պահ բջիջներդ շեղվեն, ու դու մտածես քիթդ քորելու մասին, երբ այն կսկսի քոր գալ։ Ու դու ստիպված կլինես ձեռքդ շարժել ու քորել այդ անիծյալ քիթը, որը խախտեց կատարյալ պարապության կարգավիճակը։ Սակայն ես կրկին կասեմ, որ թե՛ քիթը քորելուց առաջ, թե՛ քորելուց հետո դու պարապ չես եղել։

Դու իհարկե ինձ չես հավատա, կասես․ «Ո՞նց թե պարապ չեմ, ոչինչ չեմ անում, նույնիսկ չեմ շարժվում, չեմ մտածում, ոչ մի բան չեմ անում»։ Իսկ ես կասեմ, որ չշարժվելուդ փաստն էլ դեռ քննարկման կարիք ունի։ Ախր, երբ պառկած նայում ես առաստաղին, միևնույնն է, գործողություն ես կատարում՝ նայում ես։ Ասեմ ավելին՝ պառկած ես նայում։ Տե՛ս, մեկի փոխարեն երկուսն ես անում։ Բա դա կարելի՞ է պարապություն անվանել։ Որպեսզի դու տեսնես այդ կետը, ուզում ես դու դա, թե չէ, բայց աշխատում է մարմնիդ մկանների և բջիջների մի ամբողջ բանակ։ Այն ամեն ինչ անում է, որ լույսի արագությամբ աչքից ուղեղ հասնի մի փոքրիկ իմպուլս, որ դու, անշարժ մնալով, տեսնես այդ կետը։ Եվ դա պարապության պայմաններում։ Պատկերացնու՞մ ես՝ ինչքան բան ես անում զբաղված ժամանակ, ինչքան մկան, նյարդային հյուսվածք ու բջիջ է աշխատում, ինֆորմացիա հասցնում ուղեղ, որ դու վերջում էլի անտեսես բնությունից տրված այդ ամենն ու փռվես բազմոցին։

Չգիտեմ՝ հավես ունեցար մինչև վերջ կարդալ, թե չէ, արդյո՞ք տեղիցդ շարժվել ես, թե դեռ նույն դիրքով հենված ես բազմոցին, նայում ես հեռախոսիդ էկրանին, թե մտափոխվեցիր ու բացեցիր այն էջը, որտեղ երեկվանից դրված է էջանշանը։

Լուսանկարը` Հայկ Սարգսյանի

Բջջային հեռախոսից օգտվելու տարրական կանոնները

Երևի արդեն շուրջ քսան տարի կլինի, ինչ Հայաստանում զանգվածային մասշտաբով օգտվում են բջջային կապից (այն տարիները, երբ բջջային հեռախոսները նույնքան հազվագյուտ ու թանկ էին, որքան մասնավոր տիեզերանավերը, չենք հաշվում), բայց, չգիտես ինչու, դրանցից օգտվելու թեկուզ պարզագույն կանոններ չեն ձևավորվում: Եվ դա երբեմն խիստ նյարդայնացնում է:

Առաջինը` եթե մարդիկ նախընտրում են բջջային հեռախոսը միշտ պահել իրենց մոտ, դա դեռ չի նշանակում, որ նրանք ցանկանում են կամ կարող են շուրջօրյա հասանելի լինել և պատասխանել բոլոր զանգերին: Եթե ձեր զանգին չեն պատասխանում, պատճառները կարող են լինել երկուսը` ա. հեռախոսի տերը չի լսում հեռախոսի ձայնը, կամ հեռախոսն իր մոտ չէ, և նման դեպքում որքան էլ երկար զանգեք, նա չի լսի, իսկ եթե ձեր երևակայության մեջ նա այդ պահին գլխապատառ վազում է դեպի հեռախոսը, որպեսզի պատասխանի ձեր բաղձալի զանգին, ապա նույնիսկ այդ դեպքում եթե ժամանակին անջատեք, նա հետ կզանգի մեկ րոպե հետո: Եվ բ. հեռախոսի տերը չի կարող կամ չի ուզում պատասխանել զանգին: Դրա պատճառները անթիվ ու բազմազան են` նա հանդիպման է, որևէ կարևոր գործ է անում, գուցե շատ զբաղված է (կան այդպիսի մարդիկ, պետք չէ զարմանալ) կամ էլ, ինչու չէ, զուգարանում է: Միգուցե նա թատրոնում է, կամ մահացել է նրա սիրելի թութակը, ու նա թքած ունի այն «կարևոր» լուրի վրա, որ դուք հիմա հայտնելու եք: Հնարավոր է, որ նա այդ պահին երկու ծանր տոպրակ բռնած բարձրանում է աստիճաններով` անիծելով գրպանում զնգացող հեռախոսը և ձեզ էլ հետը: Կամ էլ (ի վերջո, հաշտվեք այդ մտքի հետ) այդ պահին ցանկություն չունի ձեզ հետ խոսելու, այդ տարբերակը ինչո՞ւ ոչ ոք երբեք չի դիտարկում:

Այս պարզ երևույթը հասկանալն իրականում բոլորովին բարդ չէ. եթե հեռախոսի տերը չի լսում ձեր զանգը, կամ էլ նրան հարմար չէ պատասխանել, անգամ եթե մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը շարունակեք զանգել, ոչինչ չի փոխվի: Էլ չեմ ասում ամենասարսափելիի մասին` երբ կես ժամ շարունակ բարձրախոսի մեջ հնչող ազդանշանները լսելուց հետո զանգողը անջատում է հեռախոսն ու անմիջապես նորից զանգում, ասես թե առաջին զանգը պարզապես անհաջող էր ստացվել, ու հիմա երկրորդ կրակոցը հաստատ կկպնի նշանակետին: Հավատացեք, համառությունն այստեղ չի օգնում: «Ջուրը քար կծակի» կարգախոսը տվյալ պարագայում արդիական չէ: Իսկ երբ ոչ միայն չեն պատասխանում ձեր զանգին, այլև նույնիսկ անջատում են` հստակ ազդանշանելով, որ զանգին պատասխանելու անհարմարությունը հասել է իր կիզակետին, անմիջապես ևս տասներկու անգամ զանգելով դուք նույնացնում եք ձեզ այն նեանդերթալցու հետ, որը բութ քարե դանակով փորձում է սպանել իր որսին:

Այո, բոլորս էլ չենք սիրում, երբ զանգերին չեն պատասխանում, բայց նույնիսկ եթե դուք կարևոր գործով եք զանգում, կամ նույնիսկ եթե ձեր զանգին սպասում են, ավելին` խնդրել ու թախանձել են, որ դուք այդ ժամին զանգահարեք, մեկ անգամ չվերցնելու դեպքում սպասեք առնվազն 20-30 րոպե ու նոր միայն կրկին փորձեք: Երկրորդ անհաջող փորձից հետո մնում է միայն սպասել պատասխան զանգի: Մյուս տարբերակները բացառվում են, եթե, իհարկե, խոսքը հույժ հրատապ զանգի մասին չէ: Տանեցիների առողջական վիճակով ու որպիսությամբ հետաքրքրվելը, որքան էլ դա զարմանալի հնչի հայերի մեծամասնության համար, հույժ հրատապ զանգերի շարքին չի պատկանում:

Նույնիսկ այս ամենը ճիշտ կատարելուց հետո, երբ զրուցակիցը պատասխանել է զանգին, պետք չէ կրկին մոռանալ քաղաքավարության կանոնների մասին: Կա մի ցավալի միտում շատերիս մոտ. մեզ բոլորիս թվում է, թե մեր գործերից ավելի կարևոր բան աշխարհում չկա, և որ բոլոր մյուս մարդիկ պարտավոր են ահով ու սարսափով սպասել մեր զանգերին, և նրանց մտքով անգամ չպետք է անցնի զբաղվել այլ ճղճիմ ու երկրային գործերով` երբ զանգում ենք մենք` միջմայրցամաքային կարևորության գործունեություն ծավալող վերամբարձ անձիքս: Իրականում դա այդքան էլ այդպես չէ, և պետք է քաջ գիտակցել, որ բոլորիս գործերն էլ կարևոր են միայն ինքներս մեզ համար. անծանոթ կամ քիչ ծանոթ մարդկանց դրանք, մեղմ ասած, չեն հուզում, իսկ կոպիտ ասած` նրանք թքած ունեն դրանց վրա: Այդ պատճառով, նույնիսկ եթե ձեր զրուցակիցը ժամանակին է պատասխանել ձեր զանգին, պետք չէ անմիջապես խոսափողի մեջ աղաղակել ձեզ հուզող հարցը: Նախ պետք է հարցնել, հարմար պահի՞ եք արդյոք զանգահարել: Իսկ խոսելու պահին էլ ցանկալի է, որ հեռու գտնվեք ամեն տեսակի բարձր աղմուկից: Օրինակ` բավականին տարօրինակ կլինի, երբ զանգեք սրճարանից այն պահին, երբ վատ ֆիլմի սաունդտրեկի պես հնչում է Ստաս Միխայլովի ոսկե հավաքածուից որևէ մի կատարում (և ընդհանրապես մի լսեք Ստաս Միխայլով, դա ի՞նչ աննորմալություն է, չեմ հասկանում), կամ երբ ձեր խոսակցությանը զուգահեռ հնչում է ձեր ընկերոջ պատմած անպարկեշտ անեկդոտը, իսկ այնուհետև մյուս ընկերների ծիծաղի մեղմիկ դայլայլը: Այդ ամենը կարող է տհաճ տպավորություն թողնել այն մարդու վրա, ում հետ դեռ մտադիր եք պահպանել երկարատև գործնական հարաբերություններ:

Այս կանոնները ես չեմ հորինել, դրանք գոյություն ունեին դեռևս քաղաքային հեռախոսների կիրառման ժամանակներից (հիշո՞ւմ եք, այդպիսի հեռախոսներ կային ժամանակին), պարզապես մի փոքր ձևափոխվել են: Դրա համար հերթական «բոլորովին նոր», կատարելագործված մոդելի հեռախոս առնելուց առաջ կատարելագործենք մեր վարքը, հազար ու մի հարց կա բա:

Սա Բոհեմն է, մեր Բոհեմը

Սևանի Սայաթ-Նովա փողոցի գողտրիկ անկյունում գտնվող մշակութային այդ փոքրիկ օջախը մենք անվանում ենք Բոհեմ: Բոհեմը արվեստանոց է, թեյարան, սրճարան կամ մեկ բառով ասած՝ ամեն ինչ արվեստի հետ կապված՝ նկարչություն, երաժշտություն, ֆիլմ, խոհանոց և այլն։ Մեր Բոհեմը մի տեսակ տան նման է, ազգային տան: Բոհեմը հնարավորություն է տալիս երիտասարդներին ինքնաարտահայտվելու, զարգանալու, նորը ստեղծելու: Բոհեմը իրոք սիրելի է դարձել բոլորի կողմից, այնտեղ հաճախ կարելի է տեսնել Սևանի տաղանդաշատ երիտասարդներին:

Մեր Բոհեմի դռները բաց են բոլորի առջև, այստեղ կազմակերպվում են տարբեր երեկույթներ: Բոհեմը մշտապես մասնակցում է ազգային բոլոր տոներին և իր մեծ ներդրումն է ունենում դրանց կազմակերպման գործում:

Ու ինչպես ամեն տարի՝ սկսած 2015 թվականից, այս տարի ևս կազմակերպվել է Sevan international Music Festival 2019-ը: Սա երաժշտական փառատոն է, որը տեղի կունենա օգոստոսի 3-ին և 4-ին: Փառատոնի առաջին օրը տեղի կունենա Սևանա լճի ափին՝ հանրային լողափում, մուտքը կլինի ազատ, եկվորները կտեսնեն լիճը, հնարավորություն կունենան մեկ օր վրաններով մնալ լճի ափին՝ վայելել մաքուր օդը, լսել լավագույն երաժշտությունը, իսկ երկրորդ օրը կանցկացվի Սևան քաղաքում, ինչն էլ մեծ հնարավորություն կտա ծանոթանալու մեր քաղաքին: Փառատոնի գլխավոր նպատակներից մեկն էլ բնապահպանությունն է, ուստի մինչև փառատոնը կազմակերպվել է վիդեո չելենջ facebook-ում և instagram-ում, որի մասնակիցները պետք է պարզաբանեն, թե ինչու են շնորհակալ Սևանին: Չելենջին կարող են մասնակցել բոլորը: Տեսանյութի տևողությունը մասնակցի հայեցողությամբ է, պետք է միայն ասել այն պատճառը կամ պատճառները, ինչի համար կարելի է շնորհակալություն հայտնել Սևանին, իսկ վերջում պետք է պարտադիր նշել` #ՇնորհակալությունՍևան, #ThanksSevan, #SevaninternetionalMusicFest, #SIMF5: Ի դեպ նշեմ, որ փառատոնի կազմակերպման համար Բոհեմի տաղանդավոր երիտասարդությունը ջանք չի խնայել, արել է ամեն ինչ` անմոռանալի օր և կատարյալ հանգիստ ստեղծելու համար: Ինչի համար կարելի է ասել նաև՝ շնորհակալություն, Բոհեմ: Եվ այսպես, սպասում ենք բոլորին՝ օգոստոսի 3-ին և 4-ին Սևանում ամենագեղեցիկ, հիշարժան, գունեղ փառատոնին:

Իսկ դուք երբևէ մտածե՞լ եք, թե ինչի համար կարելի է ասել շնորհակալություն Սևանին կամ հենց ձեր քաղաքին, որտեղ ապրում եք։ Եթե ոչ, ապա ժամանակն է խորհելու այդ մասին:

«Մեր երկիրը լավագույնին է արժանանալու»

«Արարիչը վերաձևավորվում է ձեզնից յուրաքանչյուրի մեջ»,- սա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանից լսած ամենատպավորիչ նախադասությունն էր: Նախորդ շաբաթ նախագահը այցելել էր UWC Դիլիջանի միջազգային դպրոց՝ ծրագրի վերջին երեք սերունդների ներկայացուցիչների հետ հանդիպելու և ծանոթանալու:

Դեռ անցյալ տարի պատրաստվում էինք կյանքի նոր փուլ մտնելու, իսկ այս տարի արդեն ձեռքսեղմումով պաշտոնապես ծանոթացանք Արմեն Սարգսյանի հետ և ամենքս նշեցինք այն երկիրը և ուսումնական հաստատությունը, որում սովորում ենք: Ծանոթությանը հաջորդեց մտերմիկ զրույցը, որը համեմված էր կյանքի փիլիսոփայությունից մինչև ապագայի բանաձև բացահայտող թեմաներով:

«Ինչպիսի՞նն եք տեսնում Հայաստանը ապագայում»,- ուսանողներից մեկի հարցն էր:

«Լավ, լավագույն»,- հստակ ու վստահ էր նախագահի պատասխանը:

Ոգևորիչ էր լսել ու իմանալ, որ երկրի համար նման կարևոր դեր ունեցող մարդն առաջնորդվում է գաղափարների հանդեպ ցուցաբերվող ուշադրությանը տրվող կարևորությամբ: Կոչը, որ ծնունդ տանք մեր գաղափարներին, չվախենանք դրանք բարձրաձայնելուց, դրանց ընդառաջ ընթանալուց ու ի վերջո, դրանք իրագործելու համար ուժեղ և հաստատուն մնանք, սեփական օրինակով է պայմանավորված: Ամենահետաքրքիրը, թերևս, լսելն էր, որ ամենահաստատունը քաոսն է, քանզի քաոսում աներերությունը վտանգված չէ:

«Մեր երկիրը վստահաբար լավագույնին է արժանանալու, քանզի ձեզ նման երիտասարդներն են դրա ապագան ու շարունակությունը»։ Ինչ խոսք, պարտավորեցնող էր լսելը:

Եվ, առհասարակ, գիտակցելը, որ մի ամբողջ զարգացող և ծաղկող երկիր ապավինում է իր նոր սերնդին, մղում է մեզ դառնալու ավելի լավը և ավելի արժանին՝ ճիշտ պահին մեր երկրին ճիշտ ձևով ծառայելու և մեր իսկ ունեցածը հօգուտ մեր երկրին ծառայեցնելու համար:

Մենք պիտի միշտ աճենք, որովհետև ամուր է այն երկիրը, որտեղ մարդիկ երբեք չեն դադարում սովորել:

Լուսանկարները` https://www.president.am/hy/ կայքից

Narek Piloyan

Նոր Վանաձոր

Վանաձոր քաղաքում 2018 թվականի նոյեմբերին մի խումբ ուսանողների կողմից ստեղծվեց ֆեյսբուքյան մի խումբ և ստացավ «Նոր Վանաձոր» անունը: Ճիշտ է, խումբը ստեղծվեց պատահական, սակայն այն դարձավ խմբի յուրաքանչյուր հիմնադիր անդամի անբաժանելի մասը: Հունիս ամսին Սեդա Մխիթարյանը 17.am-ում անդրադարձել էր «Նոր Վանաձոր» ուսանողական նախաձեռնությանը: Մեկ ամսում խումբը ունի նոր մտահղացումներ, որի մասին արժե տեղեկացնել, սակայն՝ առանց փակագծերը բացելու, քանի որ խումբը ցանկանում է գործն անել և միայն դրանից հետո խոսել:

Նախաձեռնության նպատակն է` Վանաձորը տեսնել ավելի մաքուր, ավելի բարեկարգ, ավելի մշակութային և պարզապես ավելի լավը: Խումբը ստեղծված է բացառապես քաղաքի խնդիրները բարձրաձայնելու և լուծումներ գտնելու համար, շատ հաճախ այդ լուծումները իրականացնում են հենց խմբի անդամները: Խումբը ապաքաղաքական է, ունի բնապահպանական ուղղվածություն, նաև՝ մշակութային և երիտասարդական: Խմբի անդամները նշում են՝ հետևողական են լինելու քաղաքի մաքրությանը, սակայն ցանկություն ունեն, որպեսզի քաղաքի բնակիչներն էլ ավելի ընդգրկվեն երիտասարդների նախաձեռնություններին: Խմբի անդամները նաև հավելեցին, որ առաջիկայում համագործակցություն են սկսելու տարբեր ուղղություններով, որ արդյունքը տեսանելի լինի: Արդեն ունեն հստակ ծրագրեր և տեսլական, օրինակ՝ պլանավորված շաբաթօրյակներ՝ քաղաքի տարբեր թաղամասերում:

Շատ անելիքներ կան, բայց առաջին հերթին հարկավոր է ցանկություն, իսկ վերջինիս առկայության դեպքում անհնարինը կդառնա հնարավոր:

Տնակ 2019

Լուսանկարը` Անուշիկ Մկրտչյանի

Լուսանկարը` Անուշիկ Մկրտչյանի

Հուլիսի 10-ից երկու փուլով մեկնարկել է ՏՆԱԿ-ը` դասընթացների շարքը, որ տեղի է ունենում ամեն ամառ` իր շուրջ հավաքելով շուրջ 30 մասնակիցներ Հայաստանի տարբեր մարզերից։ ՏՆԱԿ-ը խրախուսում է ակտիվ քաղաքացիությունը, ոչ ֆորմալ կրթությունը, համայնքային ու  հյուրընկալող ընտանիքների մշակույթի զարգացումը։ ՏՆԱԿ-ի սկզբունքներից է կամավորությունը, և ՏՆԱԿ-ի դասընթացավարներից մինչև խոհարար աշխատում են կամավոր սկզբունքով։ Յուրաքանչյուր տարի ՏՆԱԿ-ն ունենում է իր առանձնահատուկ թեման` այս տարվանը բնապահպանությունն ու էկոլոգիական ոտնահետքի կրճատումն է: Հրավիրված դասընթացավարները խոսում են թափոնների կառավարումից մինչև ապագայի կենսակայուն մասնագիտություններ:
Հիշում եմ էն պահը, որ վեջապես ստացա զանգը, որով ասացին, որ ես դարձել եմ ՏՆԱԿ- 2019-ի մասնակից։

Լուսանկարը` Անուշիկ Մկրտչյանի

Լուսանկարը` Անուշիկ Մկրտչյանի

-Ողջույն։ Քեզ զանգում են ՏՆԱԿ ծագրից։ Շնորհավորում եմ, դու անցել ես…

Չեմ հիշում, թե հետո ինչ ասացին, որովհետև վերջապես ստացել էի էն զանգը, որին ահավոր շատ էի սպասում։

Եկավ հուլիսի 9-ը՝ ՏՆԱԿ-ի սկսելու նախորդ օրը, ու ես պետք է ճամփա ընկնեի Եղեգնաձոր՝ ինձ հյուրընկալող ընտանիքի հետ ծանոթանալու ու վերջապես մի քանի օր ապրելու համար։ Բայց դա պարզապես ծանոթանալ ու ապրել չէր։ Դա մի հետաքրքիր ու ժպիտի արժանի փորձ էր, որ քեզ մտածել է տալիս, որ կյանքը շատ հետաքրքիր է, ու Անդրանիկ Պապոյանի՝ ամենահավես դասընթացավարի ասած` «կյանքը թույն բան ա»։ ՏՆԱԿ-ից հետո դու հասկանում ես, որ դա իրոք էդպես է։

Լուսանկարը` Անուշիկ Մկրտչյանի

Լուսանկարը` Անուշիկ Մկրտչյանի

Վերջապես եկավ հուլիսի 10-ը․ էն օրը, որին երևի սպասում էին ՏՆԱԿ-ի բոլոր մասնակիցները։ Ես ու Սեդան՝ ինձ հյուրընկալող աղջիկը, ու էլի  3 ՏՆԱԿ-ցիներ սպասում էինք ՏՆԱԿ-ի ավտոբուսին, որ պետք է գար, մասնակիցներին Եղեգնաձորից սկսած վերցնելով հասցներ Վայք:

Անծանոթ մարդիկ։ Տարբերվող կերպարներ։ Մտքեր։ Լռություն։ Լռություն խախտող հարցեր, թե ինչի էինք մենք լուռ։ Որոշ կանգառներում կանգ առնող ու շարժվող ավտոբուս։ Առաջին օր։ Սկիզբ։

Հասանք ՏՆԱԿ։ Էս տարի յուրահատուկ էր նրանով, որ ՏՆԱԿ-ն արդեն ուներ իր տունը։ Դա իրոք տուն էր, որովհետև մարդու տունն էնտեղ է, որտեղ իր սիրտն է, իսկ մենք բոլորս թողեցինք մեր սրտից մի մասնիկ ՏՆԱԿ-ում։ Թողեցինք նաև լիքը ծիծաղներ, հիշողություններ, արցունքներ… Մենք ուղղակի մեզնից մի հատված թողեցինք էնտեղ, դրա համար էլ ՏՆԱԿ-ի ավարտից հետո բոլորս էլ երևի կիսատ ենք մեզ զգում։

Առաջին օրը սովորաբար շատերի համար այնքան էլ լավ չի անցում։ Դե դու քեզ մի քիչ կորած ես զգում էդ անծանոթ մարդկանց մեջ։ Անկեղծ ասած առաջին օրը ես ու էլի շատերը մի քիչ հոգնած էինք։ Եկավ Ջիվան ձյաձյան՝ ավտոբուսի վարորդը, որ մեզ տանի մեր տուն, ու կապ չունի, որ մենք մեր հյուրընկալող ընտանիքի տանը ընդամենը մի քանի օր էինք ապրելու։

Լուսանկարը` Անուշիկ Մկրտչյանի

Լուսանկարը` Անուշիկ Մկրտչյանի

Այս տարվա ՏՆԱԿ-ը բնապահպանության մասին էր։ ՏՆԱԿ-ի դասընթացավարները այնքան էին իրենց գործի ու ասածների մեջ վստահ ու մտահոգ, որ դասընթացների ընթացքում դու հասկանում ես, թե ինչ է իսկապես կատավում մեր աշխարհում։ ՏՆԱԿ-ից հետո դու դառնում ես բնապահպան ու միայն ՏՆԱԿ-ից հետո ես հասկանում, թե ինչքան բան ՏՆԱԿ-ը փոխեց քո մեջ ու քո շուրջը։ ՏՆԱԿ-ում բոլորը տարբերվող էին։ ՏՆԱԿ-ի օդը լցված էր երաժշտությամբ ու մի աննկարագրելի զգացումով, որտեղ դու հասկանում ես, որ կարևորը ինքդ քո տեսակը պահելն է ու մռութդ կախած, ամեն ինչից դժգոհ ու տխուր հոգեվիճակդ քեզ ոչինչ չի տա, եթե ոչ ժամանակի ու ինքնաբացահայտման կորուստ։ ՏՆԱԿ-ում մենք դառնում ենք ընտանիք, որտեղ կազմակերպիչը, կամավորը և մասնակիցը չեն տարբերվում իրարից։

Եկավ ՏՆԱԿ-ի վերջին օրը։ Մենք անկեղծ ասած մի քիչ չէինք հավատում դրան ու զգում էինք, որ երևի արդեն անսովոր կլիներ ՏՆԱԿ-ցիների ստեղծած աշխարհից ետ գնալ մի ուրիշ աշխարհ։

-էրեխեք, չեմ հավատում, վերջին 15 րոպեն ա, ու վերջ…

Լուսանկարը` Անուշիկ Մկրտչյանի

Լուսանկարը` Անուշիկ Մկրտչյանի

-Ահա, ու դրանից հետո ՏՆԱԿ-ը կավարտվի,- ասաց Սոնան, երևի դիտավորյալ ու մի քիչ ծիծաղելով։

Էս 15 րոպեները տեսածս ամենալիրիկական րոպեներն էին։ Գրեթե բոլորը իրար գրկած լաց էին լինում։ Գրեթե բոլորը, որովհետև մի քանի հոգի, որոնցից մեկը ես էի, ծիծաղում էինք։

Եկավ ավտոբուսը։ Ոչ մեկը չէր ուզում, որ էդ ավտոբուսը գար, որովհետև դա կլիներ վերջին անգամն էդ ավտոբուսում։ Առավոտյան էլ չենք արթնանա, ու կանգառում կանգնած չենք սպասի մեր ավտոբուսին։

Ավտոբուս։ Լռություն։ Մի քիչ ծիծաղ, բայց ոչ նման էն ծիծաղին, որ ՏՆԱԿ-ի նախորդ օրերին էինք զգում։ Ընթացքում իջնող կերպարներ, որոնց միգուցե էլ չտեսնեմ։  Անհասկանալի զգացողություններ։ Տխուր հայացքներ;  Վերջին օր։ Ավարտ։

ՏՆԱԿ-ի վատ կողմերից մեկն էն է, որ միանգամից 2 հրաժեշտ գալիս են մեկը մյուսի հետևից։ Հաջորդ առավոր ես պետք է հրաժեշտ տայի ինձ հյուրընկալող ընտանիքին։ Գիշերը քնելուց առաջ չէի պատկերացնում, թե ոնց եմ հաջորդ առավոտ բաժանվելու այն մարդկանցից, ովքեր արդեն ընտանիք էին դարձել։ Բայց առավոտն էլ եկավ, ու նոր բացվող օրվա հետ ավարտվեց ՏՆԱԿ-ը։

Լուսանկարը` Անուշիկ Մկրտչյանի

Լուսանկարը` Անուշիկ Մկրտչյանի

ՏՆԱԿ-ից հետո առաջին անգամ իսկսվեց հետճամբարային դեպրեսիա։ Կարոտում էի երեխեքին, ՏՆԱԿ-ի միջավայրը, անցկացրածս ժամանակը, հյուրընկալող ընտանիքիս, ամեն ինչը։

ՏՆԱԿ-ից հետո դու հասկանում ես, որ էդ 5 օրերն էլ բավական են քեզ ավելի լավը դարձնելու համար։ ՏՆԱԿ-ը քեզ տալիս է էն ամենը, ինչն ակնկալում ես, նույնիսկ ավելի շատ, բայց հետաքրքիրն էն է, որ դու էդ ամենը հասկանում ես միայն ՏՆԱԿ-ի ավարտից հետո։

tatev arakelyan

Արդեն 12-րդցի եմ

Արդեն 12-րդցի եմ։ Ոմանց մեջ ուրախություն, ոմանց մեջ տխրություն, ոմանց մեջ էլ անորոշություն առաջացնող նախադասություն։

Դե, ուրախություն, որովհետև վերջապես դուրս կգան դպրոցի պատերից ու կմտնեն ազատ կյանք, դպրոցի պատերի ներսում կթողնեն դպրոցական առօրյան, դպրոցական հանձնարարությունները։ Ոմանց համար տխրություն կառաջացնի, որովհետև այլևս երեխա չեն, չեն էլ կարող դառնալ երեխա, ու նորից 6 տարեկան՝ մի քիչ վախեցած, մի քիչ էլ հուզված չեն սպասի իրենց առաջին սեպտեմբերի 1-ին։ Ոմանց մոտ էլ անորոշություն կառաջանա, որովհետև նոր կյանք մտնելու ճանապարհը մի քիչ բարդ ու խնդիրներով կսկսվի, որոնք ցանկության դեպքում շատ արագ լուծում կգտնեն։

Արդեն տասներկուերորդցի եմ։

12 տարի առաջ էր, երբ ես սեպտեմբերի մեկին արթնացա, հագնվեցի, դպրոցական պայուսակս, որի մեջ մի քանի գրիչ ու տետր էր, գցեցի ուսիս ու գնացի դպրոց։ Չեմ կարող նկարագրել, թե ինչ էի զգում, բայց մի բան հաստատ էր՝ գնում էի նոր ընկերներ, նոր գիտելիք ձեռք բերելու։

12 տարի եղել եմ Կեչուտի միջնակարգ դպրոցի սան ու հպարտ եմ եղել դրա համար։ 12 տարիների ընթացքում ունեցել ենք շատ դժվարություններ, եղել են և՛ լավ, և՛ վատ օրեր, և՛ ուրախ, և՛ տխուր օրեր։ 12 տարիների ընթացքում ինձ հնարավորություն ընձեռվեց ճանաչել այնպիսի մարդկանց, որոնք հետագայում իմ կողքին էին լինելու դժվար պահերին։ Այդ տարիների ընթացքում, երբ հոգնել եմ դպրոցական առօրյայից ու առաջադրանքներից, եղել են շատ ու շատ դեպքեր, երբ շատ եմ ցանկացել ավարտել դպրոցս, բայց երբ արդեն 12-րդ դասարանի աշակերտ եմ, էլ չեմ ուզում ավարտել ու դուրս գալ այն միջավայրից, որտեղ անցել է իմ մանկությունն ու պատանեկությունը։

12-րդցիների կյանքը մի քիչ տարբերվում է մյուս դպրոցականների կյանքից։ 12-րդցիները մյուս դպրոցականների նման չեն շտապում ավարտել ուսումնական շաբաթը, այլ վայելում են վերջին շաբաթները այդ պատերի ներսում։

Իմ դպրոցն ինձ շատ բան է տվել ու սովորեցրել։ Իմ դպրոցն ինձ տվել ու սովորեցրել է մարդկային էնպիսի արժեքներ, որոնք ինձ հետ կմնան մինչև կյանքի վերջ։ Իմ դպրոցում ինձ տվել են գիտելիք, որը ինձ կօգնի հետագայում լավ կրթություն ստանալու հարցում։

Երբ 12-րդ դասարանի աշակերտուհի եմ, հասկանում եմ, որ երբ դուրս գամ այդ պատերից, կկարոտեմ բոլորին, նախ և առաջ այն ուսուցիչներին, որոնք ինձ դասավանդել են։ Կկարոտեմ այն դասարանը, որտեղ մի ժամանակ անցել է իմ օրվա մեծ մասը։ Կկարոտեմ դասընկերներիս, որոնց հետ ունեցել եմ շատ ու շատ ուրախ ու տխուր ակնթարթներ։

Lilit Andriasyan

Գիժը

Գիժը մեր թաղի հին դոնժուաններից է։ Չնայած երիտասարդ տարիքին, որը հազիվ երեսունի շեմը հատած լինի՝ կյանքի մեծ փորձ ունի։ Ասում են, արտաքնապես հորն է նման։ Այս փաստը ոչ ոք հաստատել կամ հերքել չի կարող, քանզի նրան ոչ ոք մեր թաղում չի տեսել։

Մեր թաղ կոչվածը քաղաքի ծայրին՝ սարափեշերին փռված մի փոքրիկ բնակատեղի է, որտեղ ինչ տեսակի մարդու ասես, կարող ես հանդիպել։ Պատկերացնենք ֆրանսիական փոքրիկ արվարձան, բայց ի տարբերություն ձեր պատկերացրածի՝ այստեղ ոչ թե ճեմում են հովհարավոր մադմուազելներ, այլ սովորական արևից ու ցրտից կարմրած դեմքերով կանայք, ովքեր կամ զոր ու գիշեր շաղակրատում են հազար ու մի դատարկ բանից, կամ քչփչում շոր ու կարից, կամ հայհոյում Աստված ու մարդ։ Ա՜յ, այն նկուղի դիմաց կանգնած հայհոյող կանանցից ամրակազմն էլ Գժի՝ Համոյի մայրն է։

Համոն տասնհինգ տարեկան էր, որ մեր թաղ եկավ՝ իր հետ բերելով հազար ու մի վեճ ու կռիվ, իսկ Սուսանը՝ Համոյի մայրը, միանգամից նվաճեց թաղի տարիքավոր տղամարդկանց ուշադրությունը։ Մի անգամ էլ տատս ասաց՝ «բռնացրեց»։ Թե ով ինչ բռնացրեց՝ չիմացա, միայն գիտեմ, որ այդ օրից Համոն աչքով աչք չունի Սուսանին տեսնելու։

Գիժը սիրուն տղա էր՝ աչքերը սև էին, մազերը՝ ոսկի, ձեռքից էլ ամեն ինչ գալիս էր։ Մեկի կտուրը կաթում էր՝ հասնողը Գիժն էր, մեկի ալյուրը հատնում էր՝ հասնողը Գիժն էր, փայտ բերողը Գիժն էր, խանութ գնացողը Գիժն էր։ Ոսկի տղա էր Գիժը, բայց մի քիչ էլ աչքաշոռ էր. թաղում ջահել կին ու աղջիկ չմնաց։

Ասում են՝ Գիժը հարս է բերել, Սաքոյի տան մի սենյակը վարձով առել, մտել է մեջը։ Ո՜նց է սիրում Գիժը Լուսիկին։ Լուսիկն էլ, ասում են, արև աղջիկ է, բայց թե ինչ գույնի է, մի տարի է` չենք տեսել։

Ոնց է սիրում Գիժը Լուսիկին ու ոնց է ծեծում ամեն գիշեր, թե շրթունքդ կախ է, թե հագածդ բաց է, թե ինձ էլ չես սիրում, խալխի տուն ես գնում, քո հոր տունն ու մերդ, քո էդ ամբողջ ցեղը։ Ու մինչև լուսաբաց, երբ Լուսիկի ձայնը կամաց մարում է, Գիժը դուրս է պրծնում, թաղերն ընկնում, ու չի իմանում՝ ոնց են կնկան կարգին սիրում։

Բայց Լուսիկը լուռ է։ Ոչ հոր տուն է գնում, ոչ ճամփեն է ելնում, պատշգամբում կանգնած՝ սև զգեստը հագին, մազերն արձակ արած ինչ-որ բան է մանում։

Սուսանը, որ վաղուց որդու տան ճամփեքով գնալ ու գալ չուներ, երկու օր է` թաքուն սրանց տուն է գալիս ու Լուսիկի աչքից արցունք բերում, թե «լակոտիդ հանիր, հորդ տունը գնա», թե «դու լրբի ցեղ ես», թե «իմ տղի գլխին էլ ջառմա մի կապիր», թե «անիծվի ճամփեն, որ իմ տունը մտար, էդ լակոտդ մեռնի, որ իմ տղի ոտը քեզնից պիտի կապի»։ Ու Լուսիկը ձև չունի, ճար չունի ու վախենում է Գժին խոստովանել։

Տարեմուտի մի օր էլ Գիժն իմացավ, որ Սուսանը գնում-գալիս է, ու Լուսիկին հանեց մի բարակ շորով դուռը գցեց, տարավ գոմում կապեց, թե «դու ով ես դառել, որ իմ գլխից թռչես», «դու էլ դրա նման մի պոռնիկ ես, էլի», «քեզ կվառեմ գոմում», «քեզ կթաղեմ հեռվում»։ Ու Լուսիկի ձայնը էլի մարեց, ու թաղը արթնացավ խաղաղ քնից։

Գարունը վրա է հասել։ Մեր թաղը ցեխերի միջից հարություն է առնում։ Ամենուր ծաղիկ ու կանաչ է, առվի զնգոց է, ծիծառի կանչ։ Տղա է բերելու Լուսիկը, դեռ ոչ ոք չգիտի։

***

Թաղի վերին ճամփեն ելած, Լուսիկին առաջ արած՝ տանում է Սուսանը։

Լուսիկի մեջ սիրուն երկու թաթեր կային, աչքեր կային ոսկի։ Լուսիկի մեջ առվի երկու զնգոց կար ու լեզվակ կար վանքի։

Թե ուր են գնում` չգիտեմ, միայն գիտեմ արդեն, որ դրանից հետո Լուսիկը խելագար, Լուսիկը վշտահար տան պատերն է ծեծում, ցավից հեծեծում, կարմրում է, դեղնում ու տենդի մեջ կորած հոգին տալիս։

Լուսիկի մեջ երկու սիրուն թաթեր կային, աչքեր կային ոսկի…

Համոն էլ ոսկի տղա էր, բայց շան պես վախենում էր, որ Լուսիկը մի օր «վեշերը» վեր կառնի, մեկի հետ կգնա, դրա համար էլ «աչքը վախեցրած էր պահում»։ Թե ինչ ապրեց Համոն այդ լուսաբաց, ոչ ոք չիմացավ, միայն երբ հողը դրեցին Լուսիկին, Համոն դառավ մեր թաղի Գիժը…

***

Գիժը սիրում էր Լուսիկին, Աստված վկա, սիրում էր, պարզապես ձևը չգիտեր։ Չգիտեր, որ կինը վարունգի թուփ է՝ տրորում ես՝ դառնանում է։ Չգիտեր, որ կնոջ բերանը ոչ թե հարվածով են փակում, այլ երկարատև, սիրուն մի համբույրով։ Չգիտեր, որ նրա հագուստները պիտի գովի, որ ցանկություն ունենա դրանցից ազատվելու։

Գիժը սիրում էր Լուսիկին, բայց չգիտեր, որ իր թևերը նրան պաշտպանելու համար են, ոչ թե հարվածելու։ Չգիտեր, որ որքան հարվածով բերանը փակում էր, ոտքերը կապում էր, այնքան հեռանում, գնում էր Լուսիկը։ Չգիտեր, որ Լուսիկը Սաքոյի տան գերանն էր, որ եթե չլիներ, տանիքը փուլ կգար գլխին…

***

Գիժը մեր թաղի հին դեղ անողներից է։ Ասում են՝ մի լուսե կնիկ է ունեցել, մեռել է։ Ասում են՝ փտում է Գիժը։ Ասում են՝ սիրտ չունի։ Բայց Աստված վկա, սիրում է կնկան, ուղղակի ձևը չգիտի…