Ազատ տարածք խորագրի արխիվներ

Լուսանկարը` Օրիեն Լեքլյուզի

ՀԱՅ-ԲԵԼԳԻԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ. “EXPLORING THE WORLD THROUGH THE LENS OF CAMERA”. Իմ սիրելի արզականցիներ

valentina chilingaryn

Ծամե՞ս

Եթե բրիտանացի գիտնականները պար բռնելով գային Հայաստան՝ համոզելու, որ մաստակի մեկ սալիկը ունակ է բռնել 1000 մանրէ, կամ մաստակը ակտիվացնում է թքարտադրությունը, ինչը ստիպում է ակտիվանալ ենթաստամոքսային գեղձին, որի արտադրած ֆերմենտների շնորհիվ ստամոքսային համակարգը սկսում է բնականոն գործել, կամ որ մաստակը 10 տոկոսով բարելավում է ուղեղի աշխատանքը ու բարձրացնում է զգոնությունը, մեկ է՝ կշարունակեի դեմ լինել ոչ նազանքով ու անպարկեշտ ծնոտային շարժումներով մաստակ ծամելուն։

Գրողը տանի, մի՞թե այդքան անհասկանալի է, որ յուրաքանչյուր իրեն հարգող ծամոն իրեն վատ կզգար, եթե զգար, թե ինչպես են վարվում իր հետ։ Մաստակին պետք է հարգել, օգտագործել առանց անհոդաբաշխ ձայնարկությունների, ոչ թե «ճըմ, ճլըփ»-ի ուղեկցությամբ։ Նման «հնչյունաբղկանքները» ոչ մի մեղեդի հիշեցնելու միտում չունեն, ուղղակի լարում են դիմացինի նյարդային համակարգը, անխղճորեն սպանում տեղի բոլոր նեյրոններին, առաջացնում ատամները կրճտացնելու անհագ ցանկություն և որևէ սուր, կտրող-ծակող գործիքով վնաս հասցնելու բուռն մղում։

-Լավ,- խորը շունչ քաշելով՝ մտքումս գրողի ծոցը ուղարկեցի անցյալ օրվա բոլոր իրադարձությունները,- էսօր փիլիսոփայելը ձեռնտու չի։

-Մի՛ մոռացիր ամրագոտին,- ամեն անգամ մեքենա նստելիս ասում է հայրս,- ծամոն կուզե՞ս։

-Ես բրեկետներով եմ, չեմ կարող։

-Ես էլ երեկ մտածում էի՝ սիրտդ ծամոն է ուզում, որ ուշադիր նայում էիր էն կողքիդ նստած աղջկան։

-Չէ,- դե արի ու բացատրի, որ զուտ մտքումդ սպանության պլան էիր մշակում։

Ամրագոտին էլի չկապեցի, որովհետև բարկությունից այնքան էի լարվել, որ գոտին առաջ չէր գալիս։ Ո՞վ էր մեղավոր։ Ե՞ս։ Բայց ո՞վ էր երեկ ծամոնը բարբարոսի պես լեզվով ծեծում։

-Պա՛պ։

-Ավագանու թեկնածուների բոլոր հարցազրույցները դետալ առ դետալ նայել եմ։ Չսկսես պատմել, թե Ֆրանգուլյանը 6-րդ հարցի ժամանակ ինչ միմիկա ուներ։ Ընտրությունների մասնակիցների քանակն էլ թիվ առ թիվ գիտեմ։ Հա, ու նաև տոկոս առ տոկոս գիտեմ ընտրությունների արդյունքները։

-Լավ,- էլի մտքումս գրողի ծոցը ուղարկեցի անցյալ օրվա իրադարձությունների մասին հարցը։

Երևի բարին սա էր։ Բայց ո՞վ է սահմանել բարին ու չարը։ Ո՞վ է ասել՝ որն է բարին, որն է չարը։ Չկան չար ու բարի գործողություններ։ Հարցնում եմ։

Ու հանկարծ ոստիկանը կանգնեցրեց մեր մեքենան։ Հավանաբար նկատել էր, որ ամրագոտիս չէի կապել։ Օրենքի տառին համապատասխան մի գեղեցիկ ակտ գրեց, գանձեց գումար ու մաղթեց բարի ճանապարհ։ Թե էդ ճանապարհի բարին ո՞րն էր, եթե ինձ սպասվում էր խրատական քարոզներով լի ճանապարհ։

-Ո՞ւ,- մեքենա նստելուն պես հայրս խրատական խոսակցության բացման առաջին հարցը հանդիսավորությամբ հղեց ինձ։

Դե, արի ու բացատրի, թե ինչի ամրագոտին չէիր կապել։ Ո՞վ էր մեղավոր։ Իհարկե, ես։

Julieta Tamrazyan

Իմ ընկերոջը

Պատմությունը՝ կարճ, ջերմությունը՝ մեծ։

Հուսով եմ՝ այնտեղ երազանքներդ կկատարվեն։

Դու չդարձար իմ սիրո պատմության հերոսը։ Առանց իմանալու իմ կյանքի սցենարը՝ ստեղծեցիր քոնը իմ ֆիլմի մեջ։ Ստեղծեցիր պատմության նոր գլուխ՝ չիմանալով դրա մասին։ Դու ստեղծեցիր այն, երբ մենք անցյալ տարի էլ իրար կողքի նստեցինք։ Չեմ կարողանում չհիշել իմ ու քո դժգոհ դեմքերը, երբ իմացանք այդ նորության մասին։ Չեմ մոռանա նաև մեր ծիծաղը երկու րոպե հետո։ Չեմ մոռանա քո հորինած երգերը, «շեդեվրները»։ Հիմա ոչ մեկն էլ չի նկարի սեղանների վրա։ Ես էլ ոչ մեկին չեմ ստիպի մաքրել այդ նկարները։

-Մի երկու րոպեից մաքրի, թող մի քիչ էլ հիանամ էս նկարով,- ես կասեի ինքս ինձ ամեն անգամ նկարը վերացնելուց առաջ։

Հուսով եմ՝ կարողացար մարդկանց դեմքեր նկարել։ Նայիր աստղերին և երևակայիր, էդպես ավելի հեշտ է։ Օհ, դու չե՞ս սիրում էդպես ռոմանտիկ բաներ։ Մոռացել էի։

Պիտի պահեի քո բոլոր նկարած նկարները։

Այն օրը մեր հին տեղը եկա։ Ամեն ինչ մաքրել էին։

Քո ձեռագիրը անգիր եմ արել։ Տարբերվող էր մնացածներից։

Մի քանի գրություն կար մնացած։ Ամենատպավորիչը “i don’t know“ արտահայտությունն էր։ Վերջապես ասացի՞ր։ Երբեք չես ասել՝ չգիտեմ։ Կասեիր ամեն բան, մենակ թե այդ բառը չասեիր։ Շնորհակալ եմ, որ ուրախացնում էիր ամեն պահի, ամեն ակնթարթի։ Հիմա չկա իմ կողքին մեկը, ում հետ ժամերով կխոսեմ ամենաանիմաստ, բայց մեր շնորհիվ ամենահետաքրքիր թեմայից։ Շատ ես սիրում անգլերենը։ Վստահ եմ՝ հիմա էլ ես այդ լեզուն սիրում։ Լավ է, որ քո գնացած վայրում բոլորը անգլերեն են խոսում։

Բացի՛ր դուռը։ Ասա ամենահիմար բանը, որ ասել ես քո կյանքում։ Ես քեզ վերջապես կասեմ, որ դու ամենալավ ընկերն ես։ Ու ես կպահեմ քո յուրաքանչյուր բառը, որ արտաբերեցիր ինձ համար։ Ես կերգեմ քեզ հետ, չնայած երբեք այդպես չեմ արել։ Մենք կխոսենք ժամերով իրար հետ, կծիծաղենք։ Դու ինձ հրաժեշտ չտվեցիր։ Գոնե մի օր պարգևիր ինձ հրաժեշտ տալու համար։

Երևի ես կգրեմ իմ նոր սցենարը, պատմության նոր գլուխը։ Բայց գլխավոր հերոսը, մեկ է՝ դու ես։ Նոր սցենարում քո դերը երկրորդական դարձնելը անհնար է։

Data -driven storytelling about human rights, Բեռլին, օր 4

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Ձեզ հետ երբևէ պատահե՞լ է, որ իրականություն կոչվող երազում եք եղել, որ կարծել եք, թե պատահող ամեն բան շուտով կվերջանա, ու զարթուցիչի ձանձրալի ձայնից վեր կթռչեք, որ ամեն բան կրկին նույնը կլինի, բայց հասկացել եք, որ նմանօրինակ երանությունն այս անգամ իրական է: Ես, օրինակ, արդեն չորրորդ օրն է, ինչ նման երազներ եմ տեսնում ու արթնանալու ցանկություն, բնավ, չունեմ:

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Չորրորդ օրն է Բեռլինում, և այսօր մենք հետաքրքիր օր ունեցանք: Անգլիայից եկած մի լրագրող` պարոն Բաշիրը, մեզ հետ կիսվեց իր գիտելիքներով, աշխատանքային փորձով ու լրագրողական հմտություններով: Նա կարևորեց տվյալների հավաստիությունը ցանկացած նյութ, հոդված գրելիս, նշեց պարտադիր չորս բաղադրիչ, որ մեր հոդվածը պետք է պարունակի՝ անձ, որի մասին պետք է խոսվի, իրադարձություն, որի շուրջ պետք է նյութը ծավալվի, տեղ, թե որտեղ է պատահել դեպքը, և առարկան հիմնական, որի մասին խոսվում է: Նշեմ նաև, որ նա խոսեց այն մասին, թե որքան հեշտ է մարդու մասին ինֆորմացիա ստանալ սոցիալական կայքերից, պարզել, թե նա հիմա որտեղ է, ինչ աշխատանք ունի, ինչով է զբաղված:

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Մարդիկ գրեթե ամբողջությամբ իրենց կյանքը հանձնում են սոցիալական կայքերին ու ի ցույց դնում հանրությանը:

Սեմինարն ընդհանուր առմամբ հետաքրքիր էր, ու բոլորս ներգրավվել էինք քննարկման մեջ, ու ինձ համար շատ հետաքրքիր էր լսել մյուսների կարծիքներն առհասարակ սոցկայքերի, տեղեկատվության հասանելիության ու լրագրության մասին:  Բոլորն էլ հիմնականում սոցիալական կայքերից մշտական օգտվողներ են ու նշեցին, որ առանց դրա դժվար են պատկերացնում իրենց կյանքը:

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Ինչքան էլ հետաքրքիր ու հագեցած լինեն սեմինարները, ինձ համար ամենից շատ տպավորվում են մեր հինգի՝ միասին անցկացրած պահերն ու արկածները, կատակներն ու զբոսանքները: Ժամը վեցից մենք արդեն ազատ ենք լինում, և վայելում ենք Բեռլինն իր ամբողջ գեղեցկությամբ: Ասեմ նաև, որ Նելլին  ծննդյան տոնի էր հրավիրված Բեռլինում: Տեսնում եք, չէ՞, անգամ Բեռլինում մարդը ընկեր-բարեկամներ ունի, ու իրեն ծնունդի են հրավիրում: Դե, նրան մենք ուղարկեցինք ծնունդ, իսկ մենք գնացինք զբոսնելու:

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

 

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Շատ լավ օր ունեցանք, ու առհասարակ, բավական հագեցած ու հաճելի պահեր ենք ապրում այստեղ, ու անասելի շատ բան ունեմ ասելու, գրել-կիսվելու. Այնքան բան տեսա, այնքան տարբեր մտածակերպեր, բայց մեկ նյութում չեմ ուզում խոսել այդ ամենի մասին: Առանձին նյութերով կներկայացնեմ մշակութային տարբերությունները, տարբեր ազգության իմ հասակակիցների կյանքի ընկալումները: Հենց մի քանի րոպե ազատ ժամանակ եմ ունենում, մի իտալացի կամ շվեդ մասնակցի եմ մոտենում, հարցեր տալիս, մտքումս մի քանի րոպե վերլուծում, որ հետո ձեզ հետ էլ կիսվեմ:

milena barseghyan

Անշունչները

-Ես հաշտեցրի աղջկան և տղային․ ամեն օր սիրուն ծաղկամանում եմ, ոտքս ոտքիս գցած, սպասում եմ, որ աղջիկը մոտենա ու բույրս զգա։

-Ես թռա ու հայտնվեցի հարսնաքրոջ ձեռքում․ բախտ դարձա, որ պիտի բացվեր։

-Ես գնացի հոգեհանգստի․ լսեցի՝ ինչպես են աշխարհից զզվող մարդիկ լաց լինում աշխարհից հեռացած մեկի համար։

-Ես հայտնվեցի եկեղեցու խորանին, ինձ ընծայեցին Աստվածամորը․ թվում է՝ թառամելուց հետո ուր էլ հայտնվեմ, մեկ է, կմնամ անթառամ։

-Ես վեցամյա մատիկներով գրկվեցի և երկա՜ր ձգվեցի դեպի բարձրահասակ ուսուցչուհին. օրվա սև ու սպիտակի մեջ ես շա՜տ գունավոր էի։

-Ես մնացի իմ հողում ու ապրեցի ուզածիս չափ․ արևն իրենով ողողեց ինձ ամե՛ն օր։

-Ես կոխոտվեցի։

-Ես հատիկ-հատիկ պոկվեցի, մեկիկ-մեկիկ ցավացի. մարդն ի՞նչ է, որ հասկանա՝ ես չեմ որոշում՝ սիրում է, թե չէ։

-Ես լեռների վրա էի․ քամու հետ մտերիմ ու քաղաքից վերացած։

-Ես քամվում եմ մեղուների կողմից․ խեղճերը մարդկանց կծելը թողած՝ մեղր են սարքում նույն մարդկանց համար։

-Ես մնացի ծաղկավաճառի դույլի մեջ այնքան, մինչև թառամեցի ու անպիտան դարձա գնորդների համար․ ես վաճառվեմ` ինձ չգնե՞ն:

Data-driven Storytelling about Human Rights, Բեռլին.օր 2

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Հիշում եք, չէ՞, Բեռլինում ենք, «Տվյալների վրա հիմնված պատմություններ մարդու իրավունքների մասին» դասընթացներին: Ես, օրինակ, առավոտյան չէի հիշում ու երբ արթնացա, մի քանի րոպե պահանջվեց, որ հասկանամ, թե ինչի են մեր տանը երկհարկանի մահճակալներ, ու ովքեր են էս մարդիկ:

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Այսօր այցելեցինք Erlebnis Europa ցուցահանդեսին: Տեխնոլոգիաներով հագեցած այդ կենտրոնը հնարավորություն է տալիս  ծանոթանալ եվրոպական քաղաքականությանը, դեմքերին ու դեպքերին: Իհարկե, շատ անուններ դժվար էր մտապահել, բայց հենց դրա համար քվիզների ու խաղերի միջոցով էին դրանք ներկայացվում, ինչը գրավում ու հետաքրքիր էր դարձնում սովորելու պրոցեսը:

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Եվրահանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծված կենտրոնում ամեն ինչի մասին կարող ես տեղեկություններ ստանալ 24 տարբեր լեզուներով: Էնտեղ կարող ես նստել 360° կինոթատրոնում և քեզ զգալ Եվրախորհրդարանի լիագումար նիստին: Կարող ես նաև մասնակցել դերային խաղի, որի ընթացքում դու Եվրախորհրդարանի անդամ ես:

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Վերջում փոքրիկ հարց ու պատասխանի միջոցով ամփոփեցինք մեր սովորածը: Շատ կուզենայի, որ նման կրթական մեթոդները Հայաստանում նույնպես կիրառվեին: Այդ դեպքում թե սովորելու ընթացքը հաճելի կլինի, թե  գիտելիքը հեշտությամբ կմտապահվի:

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

 

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Իհարկե էստեղ մենք բոլոր ազատ ժամերը զբաղեցնում ենք մեր կոշիկներին պատիվ անելու մաշվել Բեռլինի փողոցներում: Միայն թե էստեղ քայլելիս տարվա բոլոր եղանակների միջով անցնում ես. անձրև, հետո արև, հետո քամոտ… Ամեն ինչ միանգամից է լինում:

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Օրվա կեսին վերադարձանք մեր «Ուրախ հյուրատուն»: Մի քիչ ծանոթության խաղեր խաղացինք և սկսեցինք խմբերի բաժանվել:

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Ամեն խմբում պետք է լինի ֆոտոների, վիդեոյի, ձայնի, տվյալների մշակման և տեքստի համար պատասխանատու: Հիմնական թեման միգրանտների ինտեգրումն է, իսկ վաղը կհասկանանք, թե ամեն խումբ ինչ պատմության վրա է աշխատելու:

arman baghdasaryan

Բռնոցի

-Ապե, հիմա գնում ենք օֆիս, թրեյնինգին կմասնակցես ու կորոշես՝ ուզում ես աշխատել, թե չէ:

-Դե, գնացինք կանգառ:

Ես և Կոստը (անունը Սամվել է, «ածականն» է Կոստ) նստեցինք ավտոբուս և հինգ րոպե հետո սկսեցինք զրուցել մեր կողքի աթոռին նստած պապիկի հետ:

-Պապի ջան, ո՞ւր ես բա գնում:

-Սոչի,- ասաց նա զվարճալի դեմքով:

Մնացած մասը մեր խոսակցության, այսպես ասած, «ոչ եթերային» էր:

Օֆիսում Կոստը մասնակցեց թրեյնինգի, որից հետո մենք դուրս եկանք, ինչ-որ անծանոթ բակում նստեցինք, որպեսզի ես Կոստին ևս մեկ անգամ բացատրեմ հարցման թղթերը լրացնելու ձևը:

Այդ պահին մի կին անցավ՝ տարիքով, սև երկար զգեստով, տարօրինակ աչքերով, հետաքրքիր ոսկեգույն մեծ վզնոցով և, ինչպես ասաց հետո Կոստը, կարմիր «դուբից» պատրաստված ձեռնափայտով:

Քանի որ Կոստը միստիկ և անհավանական բաներին շատ է հավատում, ասաց.

-Արմ, հանկարծ էս կնգա աչքերի մեջ չնայես:

-Կոստիկ, թարգի, եքա մարդ ես,- ասացի ես և ուշադիր նայեցի այդ կնոջ աչքերի մեջ:

-Արմ, դու տեսա՞ր էդ կնգա վիճակը: Ինքը մի հատ միստիկ կերպարի ա նման, ես կարդացել եմ, որ իրա աչքերի մեջ նայելուց հետո վատ բան ա լինում:

-Կոստ, քեզ բուժվել ա պետք, տեսա՞ր դրա վզնոցը, լրիվ Թուփակ էր:

Մենք նստեցինք այդ բակում, որպեսզի մի քիչ հանգստանանք, և այդ պահին լսեցինք կնոջ ձայն.

-Վայ, վայ, բռնեք, փախավ:

Հիմա դարակի մութ անկյունից հանեք ձեր երևակայությունը և պատկերացրեք՝ վազում է մի տղա՝ պայուսակով, ականջները ձեռքերով փակած:

«Կարո՞ղ ա պայթուցիկ ա դրել ու փախչում ա»:

Կոստը միանգամից վազեց նրա հետևից, իսկ ես՝ Կոստի հետևից:

Կոստը բռնեց տղայի ձեռքից, ես վազեցի, որ հարվածեմ տղային, բայց մի տարիքով մարդ, ով նույնպես այդ տղայի հետևից էր վազում, ասաց.

-Չէ, չէ, ապեր, չխփես:

Տղան Կոստին հրեց և շարունակեց վազել:

Ես անցա Կոստին, հետո Կոստը հավասարվեց ինձ, թվում էր, թե ուղղակի մրցավազք է:

Տղան վազեց մի փակ շքամուտքով շենքի մոտ, որտեղ մենք բռնեցինք նրան:

-Ի՞նչ ես արել, արա, խոսա, թե չէ․․․

-Չէ, ախպերս, բան չի արել, չխփես,- վերջապես հասնելով մեզ՝ ասաց տարիքով մարդը:

-Ապեր, բաց թող՝ փախնեմ, էլի, խնդրում եմ բաց թող, իրանք ինձ ուզում են բռնեն:

-Արմ, աուտիստ ա, բան մի արա, թող էդ մարդը հանգստացնի,- ինձ մի կողմ տանելով՝ շշուկով ասաց Կոստը:

Նստեցինք, որ շունչներս կարգավորենք, մեկ էլ Կոստն ասաց.

-Բա որ ասում էի՝ էդ կնգա աչքերի մեջ չնայե՞ս:

Anna mkhitaryan

Անկախության տոնը Աշոցքում

Աշոցքում արդեն ավանդական երևույթ է դարձել ամեն տարի Անկախության տոնին ընդառաջ արշավի գնալ: Այս տարին ևս բացառություն չեղավ: Բայց հրաշալի օր սկսվեց նախքան արշավի մեկնելը: Մեր դպրոցականները միջոցառում էին կազմակերպել Անկախության 27-րդ տարելիցի կապակցությամբ: Միջոցառումն այնքան տպավորիչ էր, որ անգամ չէինք ուզում դասարան գնալ և դասը շարունակել: Միջոցառման ավարտին ամբողջ դպրոցով մեծ շուրջպար բռնեցինք և սկսեցինք պարել: Ես կողքից այնքան ուշադիր և զարմացած էի նայում, որ ուղղակի ամբողջ մարմինս փշաքաղվում էր: Այնքան մեծ ոգևորությամբ էին պարում, որ մի պահ վախեցել էի շրջանի մեծությունից, չէ, չէ սխալվեցի, երևի զարմացել էի՝ ինչպես կարող են այսպես մի մարդու նման պարել:

Միջոցառումն ավարտված էր, բոլորն արդեն դասարաններում էին, երբ հանկարծ ներս եկավ մեր դասղեկը և ասաց, որ ժամը 2-ին գնում ենք: Մի տեսակ այլ կերպ էին հնչում այդ խոսքերը, մեծ ոգևորություն տեսա բոլորի աչքերում: Դասերն արագ ավարտելուց հետո վազեցինք տուն, վերցնելով համապատասխան պարագաները՝ շտապեցինք դպրոցի բակ: Արդեն դուրս էինք եկել, քայլերիս հետ նայում էի շուրջ բոլորս․ մանուկ, թե ծեր, խինդով էին մեզ նայում, և բոլորին հետաքրքիր էր մեր ուղղությունը: Համարյա մեկ ժամ անց արդեն անտառում էինք, ամբողջ ճանապարհին երգել էինք: Անտառում էլ ավելի մեծ ոգևորություն էի նկատում: Բոլորը վազում էին, խաղում, և այնքան մեծ ջերմություն կար, որ չէինք մրսում: Ուսուցիչների հետ էլ շփումն այլ հունով էր ընթանում: Ավելի ազատ, ավելի ընկերական, մեզ հետ էր նաև ոստիկանության մանկական բաժնի տեսուչը: Այնքան լավ էր ամեն բան, անգամ խարույկ վառեցինք և մի լավ ուրախացանք: Խարույկի շուրջը սկսեցինք երգել, և գիտեք՝ ամենահետաքրքիրն ինչն էր, երգի բառերը մոռանում էինք, բայց էլի նույն ոգով հիշում և երգում էինք: Այնքան մեծ էներգիա ստացա այդ օրվանից, որ տուն գալու ճանապարհին, չնայած մրսած էի, չէի ուզում բաժանվել ուսուցիչներիցս և ընկերներիցս:

Շնորհակալ եմ իմ դպրոցի ողջ անձնակազմից այս հնարավորությունը մեզ ընձեռելու համար: Ուրախ եմ, որ հնարավորություն ստացանք մեր ընկերներին ավելի լավ ճանաչելու: Չէ՞ որ մարդկանց հետ ճանապարհորդելիս ես նրանց ճանաչում: Ճանաչեցի նաև ինքս ինձ, դե ես էլ էի փոխվել: Ուզում եմ այս ավանդույթը շարունակական լինի, և մեր դպրոցի բոլոր սերունդները զգան այդ հրաշալի պահը իրենց կյանքում:

Lili Davtyan

Կարոտած գրում եմ

Օգոստոսի 9-29-ը մասնակցում էի եվրոպական ճամբարի Վրաստանում: Սկզբում մտածում էի, որ կարող է չհարմարվեմ կամ ձանձրալի անցնի, չէ որ 20 օրը բավականին շատ էր:

Բայց հենց առաջին օրը, երբ ծանոթացա ճամբարականներից մի քանիսի հետ, զգացի, որ առաջիկա 20 օրերը կյանքիս լավագույն օրերն են լինելու: Հենց այդպես էլ եղավ 20 օրվա ընթացքում։ Հասցրի ծանոթանալ 12 երկրներից եկած 100 մարդու հետ:

Առավոտյան մի կերպ էի արթնանում, իսկ ժամը 9-ին մարզանքն էր: Չնայած, որ բոլորս ատում էինք առավոտյան մարզանքները, մեկ է՝ կարոտում եմ նույնիսկ դրանք: Հետո մասնակցում էինք բազմաթիվ սեմինարների, խաղերի, մշակութային երեկոների… Մի խոսքով, օրերս շատ հետաքրքիր էին անցնում, և օր օրի էլ ավելի էի սիրում ճամբարը։ Ի ուրախություն ինձ, ծննդյանս օրը համընկել էր ճամբարի օրերից մեկի հետ, և ընկերներս այդ օրը լավագույններից մեկը դարձրին։

Ճամբարում ամենից շատ կապվեցի հենց հայերի հետ, ձեռք բերեցի շատ ընկերներ։ Ամենահիշարժան օրերիցս մեկն էլ հենց մեր՝ հայերիս ելույթի օրն էր: 2 օր անընդմեջ պատրաստվում էինք ելույթին, Հայաստանից տարել էինք ազգային սնունդ, հագուստ և այլ բաներ: Եվ իրոք, վստահաբար կարող եմ ասել, որ մեր ելույթը լավագույններից մեկն էր: Բոլորը հավանել էին ամեն ինչ, բայց հատկապես՝ հայկական կերակրատեսակները:

Ճամբարի ընթացքում երեք անգամ գնացինք նաև էքսկուրսիաների դեպի Թբիլիսի, Մցխեթա և Սիղնաղի: Չնայած շատ շոգ էր, այնուամենայնիվ լավագույն տպավորություններով վերադարձանք:

Եվ արդեն վերջին օրը թվում էր, թե մի ողջ կյանք ես ապրել այդ մարդկանց հետ, կապվել ես բոլորի հետ: Դժվար էր պատկերացնել, որ առավոտյան քեզ առաջնորդդ չի արթնացնելու, որ չես լսելու քո «Դեղին» թիմի նշանաբանը, հետաքրքրաշարժ պատմություններն ու կատակները:

Բայց ճամբարի ավարտով մեր բոլորի ընկերությունը չավարտվեց, այն շարունակվում է և դեռ շարունակվելու է շատ երկար ժամանակ։