Ազատ տարածք խորագրի արխիվներ

arpine mikayelyan

Դու չնկատեցիր

Դու քայլում ես փողոցով, ու հանկարծ մի շուն դուրս է գալիս քո առաջ: Դու վախից մի կողմ ես թռչում, գոռում, աղաղակում, իսկ կողքից էլ մեկը անխղճորեն քարով հարվածում է ու հեռացնում այդ անմեղ արարածին քո ճանապարհից։ Տե՛ս, հիմա դու ինքնավստահ և հանգստացած շարունակում ես քայլել, բայց դու բաց թողեցիր, դու չտեսար ամենակարևորը, որը թաքնված էր շան աչքերում, այն աչքերում, որոնք քեզ էին նայում՝ կարեկցանք ակնկալելով։ Ախր, նա չէր պատրաստվում քեզ վրա հարձակվել ու կծել, այլ գուցե մեկ կտոր չորացած հաց խնդրելու համար էր եկել, գուցե քեզ էր նայում, քանի որ վստահ էր, որ դու կդառնաս իր ընկերը, չէ՞ որ ամենահավատարիմ կենդանին է։ Չէ, կարիք չկա, որովհետև դու չնկատեցիր։

Հաջորդ վայրկյանին հանկարծ քեզ է մոտենում մի մարդ, ով գուցե քո օգնության կարիքն ունի, բայց այնքան է շփոթված, որ հուզմունքից չի կարողանում խոսել ու հեռանում է։ Մտածում ես, թե ժամանակի կորուստ էր, կամ գուցե այլ բան, բայց դու կրկին չնկատեցիր այն, ինչը պետք էր առաջինը նկատեիր։ Գուցե նա այնքան խելացի էր, գուցե դու իրոք կարողանայիր օգնել, բայց չէ՞ որ դու չտեսար նրա իրական ներաշխարհը, դու նույնիսկ նրան հետ չպահեցիր, երբ նա նույնքան անվստահ քայլերով հեռացավ, ինչպես և եկել էր։

Ահա երեկո է, լուսինն այնքան պայծառ է, որ ուզում ես թռչել ու հասնել նրան, իսկ այն ծառերի մասին, որոնց ճյուղերի շարժումից ստեղծվում է կախարդական մեղեդի ու հաճելի զով, դու անգամ մեկ վայրկյան չես մտածում, որ շատ հնարավոր է՝ մի քանի օրից այդ ծառը չորանա, քանի որ դրան դիտում են որպես իր պարտականություններին պարտաճանաչորեն հետևող ռոբոտ, չէ՞ որ այն պարզապես մի սովորական կանաչ արարած է։ Ցավալի է, դու չնկատեցիր, որ դրա ոտքերի մոտ հողը ծարավից ճաքել է, և դու չես ջրի այն հաջորդ առավոտ, որովհետև չնկատեցիր ու վերջ։

Աննկատ մնացին նաև հին կազմով, բայց ոսկե պարունակությամբ այն գրքերը, որ բարի պապիկը ամիսներ շարունակ փայփայում է ու հույսը չի կտրում, որ մի օր դրանք կնկատվեն այն գեղեցիկ, գունագեղ ու նոր կազմով գրքերի և գերզարգացած սարքավորումների կողքին։

Մարդիկ քայլում են մռայլ դեմքերով, մեկը չի ժպտում մյուսին, քանզի կարծում է, թե դիմացինը այլ բան կմտածի. և դա շատ հնարավոր է, որովհետև շատերը չեն ընկալում այն համախմբելու ու ջերմացնելու զորությունը, որ ժպիտն ունի իր մեջ։ Նույնիսկ այն կրպակի աշխատակցուհին չի ուզում նկատել դա՝ աջ ու ձախ փնթփնթալով, որ իր խանութ մտնում են առանց իմանալու, թե ինչ են ուզում, և որ ինքը ժամանակ չունի կանգնելու ու սպասելու, թե երբ գնորդը կկողմնորոշվի։ Դե հա, չի էլ նկատում, որ էդպես վիրավորում է իր դիմաց կանգնած մարդուն:

Հիշում ես կյանքիդ դառը դեպքերը, հիշում վատն ու մութը, ու քեզ զգում ես ամենադժբախտ մարդն այս աշխարհում։ Էլի դժգոհ ես ու էլի չես մտածում, որ ամեն օր մարդիկ կորցնում են մերձավորներ, երիտասարդ զինվորներ, մանկահասակ երեխաներ, բայց նրանք շարունակում են ապրել, իսկ դու դեռ փնփնթո՞ւմ ես։ Ո՛չ, դու չփորձեցիր հիշել կյանքիդ լավագույն դեպքերն ու ամենամեծ նվաճումները, որոնք կստիպեին քեզ տխրելու փոխարեն նոր կյանքով լցվել ու հստակ քայլերով առաջ շարժվել։

Դու չտեսար լավը, չտեսար այն, ինչը պետք է տեսնեիր, ու ինչն իրականում այնքան տեսանելի է, բայց ցավոք, ամեն ինչ գնաց բնականոն հունով, ու դու կրկին ու կրկին չնկատեցիր։

Կարելի է թվել այս աննկատելիների շարքը, ու ահա, այդ ժամանակ ևս մեկ բան մենք չենք նկատի։

Չնկատեցիր, չես նկատում ու չես նկատի, եթե չուզես։ Ու ահա, կյանքը թռչում է, բայց ցավոք այն փյունիկի պես չէ։ Այն նորից թևեր չի առնում, իսկ ամենացավալին այն է, որ անցնում է սահուն ու աննկատ, ու  ամենակարևորը, չնկատելու սավանի ներքո։

shushan stepanyan portret

Կորուստը

Աչքերս փակել եմ, չեմ հավատում, որ ես կորցրել եմ, որ դատարկ տեղ մնաց սրտումս:

Մեկ-մեկ կորցնում ես հոգեպես, ու ինչքան էլ ֆիզիկական գոյություն կա, դեռ կորուստիդ մեջ, ինքդ ներսումդ արդեն կորուստ ես գրանցում, երբ էլ չես սիրում, երբ քեզ խաբում են, երբ չես գնահատվում: Կամաց-կամաց հարմարվում ես քո ստեղծած կորստի հետ ու փորձում առաջ նայել, փորձում դասեր քաղել: Մտքումդ թերահավատորեն կարծում ես, որ էլ չես գտնի տեսակդ գնահատող, քեզ հասկացող ու հավատացող, երբեք չստող ու անդավաճան մարդկանց, բայց արի ու տես, որ Աստված քեզ նվիրում է մարդկանց, որ հաստատ կողքիդ են առանց որևէ նախապայմանի:

Մեկ-մեկ, իսկ գուցե շատ հաճախ, մենք կորցնում ենք, դատարկ տեղ է մնում ու կարոտ։ Կարոտ, որ երկինք է քեզ տանում, դեպի ամպեր, դեպի սպիտակ: Կորուստդ այստեղ հնարողը դու չես, այլ կյանքը, որ որոշեց քեզ ցավեցնել, քեզ ստիպեց զգալ կորուստը իրական և ոչ մտածված-գրված ու բեմականացված:

Դժվար է, գիտե՞ք:

Շատերը կարծում են, որ իսկական կորուստը լացը, ընդմիշտ սև կրելն ու անընդհատ ցավդ բարձրաձայնելն է:

Գիտե՞ք՝ կորուստը որն է, չէ, բոլորս էլ գիտենք, ինչ հարց եմ տալիս: Բայց հավատացեք, այն այդքան էլ թափված արցունքները չեն, բարձր լացն ու կարմրած աչքերը:

Երբ տնից դուրս ես գալիս, մեծ բացում ես կիսաբաց աչքերդ, նայում երկինք, փնտրում կարոտդ, կորուստդ, երբ սրտիցդ ծորացող արցունքի մրմուռը դեռ թաց է, բայց դու քայլում ես, ինքը բռնում է քո ձեռքն ու ժպտում բոլորին, շատերը կարծում են՝ անցավ-գնաց. արդեն ժպտում ես, ուրեմն էլ ոչինչ: Բայց, ոչ: Այն ամենը, ինչ կապված է սրտի թրթիռի, սիրո, սրտի ցավի հետ, սոսկ անձնական է ու հեչ պարտադիր չէ, որ քո ցավով ուրիշը նույնպես ապրի, քեզ խղճա ինչ-որ տեղ, կարեկցանք զգա: Կորուստը քոնն է, ու ինքդ պիտի հաղթահարես ու առաջ նայես, շարունակես սիրել, կարոտել ու թաքուն լացել:

Բայց ես կասեմ, թե որն է կորուստը: Երբ հոգիդ է մոռացել, երբ էլ չես հիշում, լոկ այդ ժամանակ է կորուտը: Իսկ քանի դեռ մարդը երկնքում, բայց քո սրտում է, ինքը ապրում է: Ուստի, մարդն է մարդուն կյանք տալիս և կենդանի պահում այնքան ժամանակ, որքան սիրում է, հիշում ու կարոտում:

Որոշել էի սրա մասին անգամ չգրել, բայց էսօր նեղվել էր սիրտս, էսպես ստացվեց:

Բելգիա. «18-ը 18-ին». օր երկրորդ

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Բելգիայի Ֆլաննելս շրջանում բնակվում են հոլանդախոս բելգիացիները։ Բոլորը խոսում են հոլանդերեն, բայց չնայած դրան՝ գերեզմանոցներում տապանաքարերի մեծ մասի վրա գրված է գերմաներեն կամ անգլերեն։ Ֆլաննելսը ասես հենց մեծ գերեզմանոց լինի, ուր ամփոփված են Առաջին համաշխարհայինի զոհերը։ Գերմանական, ֆրանսիական ու անգլիական զորքերը կռվել են այս հողի վրա, արյուն թափել, զոհվել ու հենց այդտեղ էլ գտել են իրենց հանգիստը։ Մի շարք գերեզմանոցների մեջ առանձնացրինք մի քանիսը, այցելեցինք դրանք ու մանրամասն ծանոթացանք Առաջին համաշխարհային պատերազմի պատմությանը։ Հետաքրքիրն այն էր, որ գերմանական գերեզմանոցում ամեն տապանաքարի տակ միաժամանակ հանգչում են տասը հոգու աճյուններ։ Տասը գերմանացի բերվել են նույն քարի տակ։ Քարերն էլ գրեթե հավասար են գետնին, ինչը խորհրդանշում է, որ Գերմանիան պարտվել է համաշխարհայինում։
Հաջորդ վայրը, ուր գնացինք, Այզեր գետի ափին գտնվող խրամատներն էին։ Մենք տեսանք կռվի բելգիական ու գերմանական կողմերը, «Մահվան հոր» կոչվող տարածքում եղանք։ Այդ փոսն առաջացել էր, երբ բելգիացիները պայթեցրել էին իրենց վառելիքի պաշարները, որպեսզի կանխեն գերմանացիների առաջխաղացումը։ Խրամատներում տրամադրությունն այլ էր։ Չէինք խոսում, արագ էինք քայլում։ Ոնց որ զգայինք կռվի շունչը։
Բելգիական մասը վերակառուցված է, իսկ գերմանականը կիսաքանդ վիճակում է։ Երկուսն էլ ներսով-դրսով ուսումնասիրեցինք, որ երկու ճակատների մասին պատկերացում ունենանք։ Ասացին, որ ուրիշ տեղերում էլ չկան խրամատներ, որովհետև հարյուր տարիների ընթացքում դրանց նկատմամբ ուշադրությունը պակասել է, իսկ զբոսաշրջիկները այսքանով էլ են բավարարվում։

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Բացի պատմության նախորդ էջերին եղած կռիվներից՝ մենք մի փոքր էլ տեղեկացանք ներկայիս խնդիրների մասին։ «Floating dreams» կոչվող հուշահամալիրի ներսում պատմության թանգարան է Առաջին համաշխարհային պատերազմի մասին, իսկ այ, դրսում կանգնեցված են երեխաների վաթսուն մանեկեններ, որոնց ձեռքին մեկական փուչիկ կա։ Դրանք խորհրդանշում են աշխարհում ընթացող ներկայիս կոնֆլիկտները։ Ու այդ վաթսուն երեխաներից մեկն էլ կանգնած է Ղարաբաղի կռվի համար։

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Պատմական օրվա ավարտին գնացինք երկար սպասված երաժշտական ամենամյա փառատոնին։ Երբ հնչեց մեր երգը, բոլորս արագ վազեցինք դեպի բեմը։ Ամեն մեկը փորձում էր ակտիվացնել հանդիսատեսին, ինչպես կարողանում էր։ Տեղում թռչկոտել, ձեռքերը թափահարել, բարձր գոռալ, խաղաղություն ցույց տալ ձեռքի նշանով. ամեն ինչ արել ենք։ Սուրենը այնքան ակտիվ էր, որ երգիչը մոտեցավ նրան, ու ձեռքերը իրար խփեցին, իբր՝ շատ լավ է, ապրես։
Մեծ մասը առաջին անգամ էր բեմ բարձրանում։ Այդ էներգիան, էմոցիաները, որ փոխանցում էինք դահլիճին, այնքան շատ էին, որ անմոռանալի դարձրին ելույթը։ Երբ իջանք բեմից, մի քանիսից հարցազրույց վերցրին տեղական լրատվամիջոցները։ Ու հենց հոսթել հասնելու պահին լուրերով մեզ էին ցույց տալիս։ Ստացվում է, որ Բելգիայում առաջինը ստացան մեր խաղաղության կոչը։ Ուրեմն, հիմա հերթը մնացածինն է։

Բելգիա. «18-ը 18-ին». օր առաջին

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

1928 թվականից սկսած՝ ամեն օր Բելգիայի Իեպեր քաղաքում անցկացվում է փոքրիկ արարողություն՝ նվիրված Առաջին համաշխարհային պատերազմի զոհերին կամ անհետ կորածներին, ովքեր գերեզմաններ չունեն։ Նրանց անունները փորագրված են մեծ կամարի պատերին որպես հավերժ հիշատակ իրենց զոհաբերության։ Երբ առաջին անգամ այս արարողությունն իրականացվեց, առաջին անգամ հավաքվեցին շեփորահարներն ու պարկապզուկ նվագողները, առաջին անգամ զոհվածների ընտանիքները ծաղիկներ դրեցին կամարի պատերի տակ, Բելգիայի թագավորը որոշում կայացրեց, որ ամեն օր պիտի այդպիսի հիշատակի արարողություն պետք է արվի։ Պատկերացնո՞ւմ եք, արդեն իննսուն տարի, ամեն օր, երեկոյան ժամը ութին այս արարողությունը կատարվում է: Դուք սխալ չեք կարդացել. ամեն օր…
Ու իննսուն տարի հետո Peace village ճամբարի մասնակից երիտասարդներս նույնպես եկանք Իեպեր քաղաքի կենտրոն, որպեսզի մասնակցենք այդ միջոցառմանը, լուսանկարվենք անհայտ ու անշիրիմ զինվորների հուշապատերի տակ ու ծաղիկներ դնենք՝ ի հիշատակ խաղաղության համար մարտնչած զոհերի։

Ու ցույց տալով մեզ պատերազմը՝ հետո կազմակերպիչները մեզ տարան դեպի խաղաղություն։ Երաժշտական ամենամյա փառատոնին միայն ներկա գտնվելուց բացի, մենք նաև բեմ ենք բարձրանալու վաղը և երգենք «Բիթլզի» երգը՝ խաղաղության մասին։ Այսօր միայն ծաղիկները բեմ հանելու ու երգելու փորձն արեցինք։

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Առաջին օրը կեսից սկսելու համար, կարծում եմ, բավականին հագեցած օր ունեցանք։ Սպասենք վաղվան։

Խաղաղության գյուղը՝ խաղաղության մունետիկ

Հարցազրույց Սիլկե Թումուլթի՝ «Tumult»-ի միջազգային բաժնում՝ երիտասարդների հետ տարվող աշխատակցի հետ

-Ի՞նչ է կոչվում ձեր կազմակերպությունը ու ինչո՞վ է այն զբաղվում ընդհանրապես։
-Ես աշխատում եմ «Tumults»-ում, այն երիտասարդական կազմակերպություն է, ու մենք աշխատում ենք Ֆլաննելսում, որը Բելգիայի հոլանդախոս մասն է։ Մի քիչ դժվար է բացատրել, բայց մենք աշխատում ենք կոնֆլիկտների ու դրանց դրական լուծում տալու ուղղությամբ։ Կոնֆլիկտների թեման շատ լայն է. դա կարող է լինել իրական պատերազմ ու խաղաղություն նահանգների միջև, բայց մեզ համար դա կարող է լինել նաև միջանձնային կոնֆլիկտը, ինչպես՝ վիրավորանքները կամ ագրեսիան։ Մենք թրեյնինգներ ենք վարում այդ ուղղությամբ, օրինակ՝ ինչպես լուծել կոնֆլիկտային իրավիճակը։ Մեր ուշադրության կենտրոնում են նաև միջմշակութային կոնֆլիկտները, այստեղ մենք հիմնականում աշխատում ենք դրանք կանխելու ուղղությամբ։ Մենք կազմակերպում ենք ճամբարներ երեխաների համար, շատ փախստական երեխաների և նաև տեղացիների։ Այդպիսով նրանք հնարավորություն են ստանում հանդիպելու, իրար ճանաչելու, որպեսզի ազատվեն նախապաշարմունքներից, կարծրատիպերից կամ ռասիզմից։ Ու այդ պատճառով է նաև, որ մենք անում ենք փոխանակման ծրագրեր տարբեր երկրների հետ, ինչպես արեցինք «Մանանայի» հետ Հայաստանում։ Կամ օրինակ՝ այս ծրագիրը, որ անում ենք, այն ավելի շատ խաղաղության և պատերազմի մասին է։ Ու մենք փորձում ենք աշխատել երիտասարդության տեղեկացվածության վրա, որպեսզի նրանք լինեն ակտիվ քաղաքացիներ։
-Իսկ ինչի՞ մասին է հենց այս ծրագիրը։

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի


-Այս ծրագրում մենք գլխավոր գործընկերը չենք, գլխավորն է «Peace Village»-ը։ Նախաձեռնությունը առաջ եկավ, քանի որ այս երկրում՝ այս տարածքում, կան մի շարք միջոցառումներ՝ պատերազմը վերհիշելուն նվիրված։ Բոլոր մարդկանց ուշադրությունը գրավելուց հետո, քանի որ արդեն հարյուր տարի անցել է պատերազմից, այս թեման այդքան էլ կենդանի չէ երիտասարդների շրջանում։ Ու հաճախ դրա բարձրաձայնումն արվում է շատ ազգայնական ձևով։ Երբեմն բրիտանացի քննադատները խոսում են Բրիտանական կայսրությունից, ու փոխանակ նշելու, որ իրենք էլ չենք ուզում պատերազմ, նրանք արտահայտում են իրենց միտքը «Մենք պատերազմ ենք ուզում» ձևով։ Եվ սա ևս մի պատճառ է, թե ինչու մենք ուզեցինք աշխարհի բոլոր պատերազմող երկրների մարդկանց հետ ծրագիր անել։ Եվ ոչ միայն Ֆրանսիան, Գերմանիան ու Բրիտանիան, մենք ուզեցինք մի բան անել երիտասարդների հետ ամբողջ աշխարհով մեկ։
Գաղափարն է՝ խաղաղության ուղերձ պատրաստել երիտասարդների հետ, թե ինչ է նշանակում խաղաղությունը իրենք համար՝ իրենց բնակավայրի ենթատեքստում։
-Սա առաջի՞ն ծրագիրն է այս ձևաչափով:
-Այո, այդպես եմ կարծում։ Իրականում «Peace Village»-ը հոսթել է, բայց ոչ առևտրային, այսինքն՝ նրանք շահույթ չեն հետապնդում։ Ու ստացված շահույթը ներդնում են կրթական ծրագրերում, ինչպիսին սա է։ Նրանք շատ միջազգային հյուրեր են ունենում, բայց կարծում եմ՝ սա առաջինն է այսպիսի մեծությամբ, և ընդհանրապես Առաջին համաշխարհային պատերազմի թեմայի շուրջ կազմակերպված տարածաշրջանում ամենամեծաքանակ համաժողովն է։
-Ինչպե՞ս եկաք այն գաղափարին, որ այսպիսի ծրագիր կազմակերպեք։
-Ի սկզբնապես սա Մաթի Վանդեմաելի միտքն էր։ Նա պատմել է մեզ, որ իր ընկերոջ՝ Պիտերի հետ, ով նույնպես այստեղ է, գնացքով էր գնում, ու նրանք ասում էին, որ կուզեն այցելել բոլոր երկրները, որոնք ներգրավված էին Առաջին համաշխարհային պատերազմում։ Բայց ոչ ոք չէր ֆինանսավորի նրանց շրջագայությունը։ Ու նրանք ասացին՝ լավ, ուրեմն իրենց բերենք այստեղ։ Սկզբնապես նրանք սկսել են ցուցակով, ուր բոլոր երկրները ներառված էին։ Նշված էին նաև երկրներ, որոնց կառավարությունն ասում էր, որ իրենք չեն մտել պատերազմի մեջ։ Բայց այդտեղից կամավորներ են գնացել պատերազմի և զոհվել են։ Ուստի ցուցակը կազմել էինք այն մարդկանց ներառելով, ովքեր զոհվել են այս տարածքում։ Ու հաջորդ բանն այն էր, որ ներառում էինք հնարավորինս շատ մարդ։ Նախնական ցուցակում մոտ հարյուր մարդ կար։ Այժմ այստեղ 35 ազգեր են, գրեթե բոլոր ազգերը ներկա են, ու մենք շատ ուրախ ենք դրանով։

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

-Ինչքա՞ն ժամանակ է՝ այս ծրագրով եք զբաղվում։
-Մենք հետազոտող խումբ ունեինք, որը մտածում էր, թե ինչպես ներառի մասնակիցներին։ Շատ շուտ չէ, երևի հինգ ամիս առաջ եմ սկսել։ Բայց նախաձեռնող խումբը սկսել է, կարծում եմ, երկու տարի առաջ։ Եվ ամենակարևոր պահը բավարար ֆինանսավորում ստանալն էր, քանի որ ուզում էին հնարավորինս շատ մասնակիցների ներգրավել։ Դրա համար նրանք տարբեր տեղեր էին դիմում, կառավարությանը համոզում էին ֆինանսավորել։ Եվ վերջին ութ կամ վեց ամիսը իրոք շատ լարված էին։
Ծրագիրը մի մասը ֆինանսավորել է Բելգիայի կառավարությունը։ Իրականում՝ այս գումարը գալիս է լոտոյից։ Երբ մարդիկ լոտո են խաղում Բելգիայում, այդ գումարը հատկացվում է սոցիալական կամ մշակույթային ծրագրերի։ Ու կառավարությունն է տնօրինում այդ գումարին։ Այսպիսով նրանք տվեցին գումարի մի մասը։ Եվ հետո նաև տարածաշրջանային կառավարությունը և Ֆլաննելսի կառավարությունը, ուր մենք ենք հիմա, նրանք էլ գումար հատկացրեցին։
-Ո՞րն է այս ծրագրի նպատակը, ի՞նչ գաղափար եք ուզում հաղորդել դրանով։
-Մեր կարևոր նպատակն է, որ աշխարհը իմանա մեր խաղաղության հաղորդագրությունը, ու կարծում եմ, որ կարևոր է, որ հենց երիտասարդության ձայնը հասանելի լինի քաղաքական գործիչներին ու «VIP» մարդկանց։ Որովհետև, օրինակ, մենք հրավիրում ենք այդ «VIP»-երին, նրանք երկար խոսք են ասում, բայց ոչ, սա չէ գլխավորը։ Գլխավորն այն է, որ նրանք գալիս են լսելու, թե ինչ են ասում երիտասարդները։ Ուստի այո, հաճախ չէ, որ երիտասարդ մարդիկ հնարավորություն են ստանում իրենց կարծիքն ասելու քաղաքականությամբ զբաղվող մարդկանց։ Եվ նաև, իհարկե, հնարավորությունը հանդիպելու օտարերկրացիներին, լսելու միմյանց, կիսվելու իրենց տարբեր պատմություններով։

-Անհատապես Ձեզ ի՞նչն է հետաքրքիր այս ծրագրում։
-Լավ հարց է։ Ինձ համար դա մի քանի բանի խառնուրդ է։ Քանի որ ես երիտասարդների հետ աշխատող եմ, և շատ այլ կազմակերպություններ կենտրոնանում են անցյալը հիշելու և դրա մասին մտածելու վրա։ Այո, դա կարևոր է, բայց նաև կա ոչ ֆորմալ կրթություն, երբ ավելի շատ աշխատում են դպրոցականների հետ ոչ ֆորմալ կրթության եղանակով։ Ու ես մտածեցի, որ ուզում եմ մասնակցել, քանի որ դա նույնպես երիտասարդների հետ աշխատանք է՝ այլ մոտեցումով։ Եվ ինձ համար սա պատմության համադրություն է։ Ես սովորել եմ պատմություն, ու մեր կազմակերպությունը մասնագիտացած է այն հարցում, թե ինչպես դա մատուցել երիտասարդներին գրավիչ ձևով։ Երբեմն Բելգիայում մարդիկ շատ հեռու են իրենց վատ պատմությունից (այդ տարիները մենք անվանում ենք «վատ պատմություն»), այդ պատճառով միշտ չէ, որ ճանապարհ գտնելը հեշտ է։ Ու ես կարծում եմ, որ սա իրոք լավ եղանակ է։ Այո, սա այս ամենի համադրությունն է՝ չմոռանալով մշակութային մասը։

Հարցազրույցը վարեց՝ Անուշ Դավթյանը

 

Lusine ghulyan

Թռչուններն էլ թռան

Դիլիջանում եղանակը անձրևային է, ու ես նորից նստած մեր պատշգամբում՝ նայում եմ երկնքին ու մտածում։ Այսօր թռչունները շատ են, տեսնես ո՞ւր են թռչում։ Թռչունները կթռչեն, էլի հետ կգան, իսկ եթե տարինե՞րը թռչեն, կարո՞ղ են հետ գալ։ Զգացի, որ շատ ծանոթ մտքեր են, մի անգամ էլ են առիթ ունեցել գլխումս հայտնվելու։ Բայց ե՞րբ։ Հա, հիշեցի, վերջին զանգին։

Վերջին զանգ, դպրոցի բակ, սև ու սպիտակ հագուստներ, ժպտացող դեմքեր ու իմ արտասվախառն աչքերը։

-Հը՞ն, Լուս, խի՞ ես լացում, ի՞նչ ա եղել,- լսում եմ դասընկերոջս ձայնը։

-Ախր, վերջին զանգ ա։

-Գի՞ժ ես, նենց ես ասում, ոնց որ քո վերջին զանգը լինի։

Իրոք, իմ վերջին զանգին մի տարի կա դեռ, բայց ախր, ժամանակը այնքան արագ է թռչում, որ շուտով հերթը ինձ էլ կհասնի։ Իսկ ես չեմ ուզում մեծանալ…

Գա՞նք իրականություն՝ ներկա։ Ամառային արձակուրդներ, օգոստոս, հաշված օրեր սեպտեմբերի 1-ին։ Հիմա իրոք այս տարի իմ վերջին զա՞նգն է լինելու։ Ավարտելո՞ւ ենք, ամեն մեկս մի տե՞ղ գնանք։ Տեսնես՝ տարիներ հետո կհանդիպե՞նք։ Թռչում են, էլի, տարիները, իսկ մենք հաճախ չենք նկատում։

-Լո՞ւս։

-Հա՞, մամ։

-Արի՛, հաց ենք ուտում։

Արդեն պիտի գնամ, մտքերս էլ կիսատ մնացին, լավ, հետո կշարունակեմ։ Վերջին անգամ նայում եմ երկնքին․ թռչուննե՞րն էլ թռան։

seda mkhitaryan

Ամառ կոչված քունը

Ասենք՝ երեք ամիս էր։ Շատ բան չփոխվեց։ Մի քիչ հետհեղափոխական անհանգստություն, մի քիչ մռայլ եղանակ, մի քիչ մոտիվացիայի պակաս, մի քիչ նոր մարդիկ, մի քիչ էլ արև։ Վերջինից շատ քիչ կար Քարինջ գյուղում։

Մեր մեջ ասած՝ ամռանը ոչ մի գիրք չեմ կարդացել ու մեր մեջ ասած` սա առաջին այդպիսի ամառն էր։

Վեց տարեկան Աքսելի կարծիքով՝ ես պիտի բարձր խոսեմ, երբ ցածր եմ խոսում, իրեն թվում է, թե տխուր եմ։ Նա առաջին անգամ այս տարի դպրոց կգնա ու շատ տխրեց, երբ իմացավ, որ ես իր հետ չեմ գնալու։ Ամառվա ընթացքում այն մարդը, որի հետ շփումը աննկարագրելի ու հաճելի է եղել, հենց այս վեց տարեկան ու խոշորաչյա երեխան էր։

Օգոստոսի 17-ի մեծ հանրահավաքը միասին դիտեցինք։ Մտավ տուն ու միանգամից բղավեց.

-Տելեվիզրի ձենը բրձացրու, քու վարչապետը չի՞։

Հետո միասին նայեցինք։ Ասում եմ.

-Աքսե՛լ, ի՞նչ է նշանակում տնտեսական աճ։

Վրդովվում է․

-Հերիք ա, էլ հարցեր մի՛ տու, վի՜։

Ամռանը ամենաշատ ինձ ուղղված հարցը հետևյալն է եղել. «Մազերդ ինչի՞ չես սանրում»։

«Հըմ… Եսիմ, հավես չկա, է, համ էլ էսպես խուճուճ եմ ուզում մնան»,- մտքումս պատասխանում եմ, իսկ բարձրաձայն միայն ուսերս եմ բարձրացնում։

Անիմաստ սովորություն ձեռք բերեցի. սերիալ եմ նայում։ Ամեն երեկո բերանս ձեռքերով փակում եմ, որ ծիծաղիս ձայնից մերոնք չարթնանան։ Գիտեմ` լավ բան չեմ անում, ուրիշների լացի վրա բերանս եմ բացում, բայց դե, ես մեղավոր չեմ, ծիծաղ է ու գալիս է (լեզու հանած սմայլիկ)։

Հիմա երկարատև թմբիրից քիչ-քիչ հետ եմ գալիս։

Մոտավորապես անեն օր ժամը 12-ին նոր արթնացել եմ ու էլի քնել, անընդհատ։ Հիմա տրամադրվում եմ, ուզում եմ արթնանալ «ամառ» կոչված քնից, երազի նման անցած քնից, որին կարելի է տուգանել արագությունը գերազանցելու համար։

Ուզում եմ ասել` էս հոդվածով վերադառնում եմ «մեծ քաղաքականություն» ու սրանից հետո լիքը լսելու եք անունս։ Կարճ ասած՝ զզվեցնելու եմ։

Բրյուսել, օգոստոս, 18-ը 18-ին

 

 

Բրյուսել. օգոստոս

Բելգիա. մեր օրեր։ «Peace Village» կազմակերպությունը տեղում կանգնած չի մնում և Մեսեն քաղաքում կազմակերպում է բովանդակալից ծրագիր՝ խաղաղությանը նվիրված։ Ծրագրի անունն է «18 in 18»: Ի՞նչ 18-եր են, կմտածեք դուք: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից՝ 1918 թվականից, անցել է 100 տարի, և մասնակիցները՝ աշխարհի 44 երկրներից Մեսենում հավաքված 18 տարեկանները նշելու են թե 100 ամյակը, թե փորձելու են խաղաղության նոր կամուրջներ կառուցել:

Հայաստանից Խաղաղության ճամբարին մասնակցում ենք մենք՝ «Մանանա» կենտրոնի անդամներ Անուշ Դավթյանս և Սուրեն Կարապետյանը:

Վեց օրերի ընթացքում 44 երկրներից այցելած 18 տարեկան մասնակիցները փորձելու են բացահայտել բոլոր երկրների պատմությունները, հետաքրքիր միջոցառումների մասնակցելով կամ տեղում կազմակերպելով՝ հասկանալ՝ ինչ է խաղաղությունը՝ դիմացինի աչքերով։
Արդյունքում պիտի նոր գաղափարներով լցված վերադառնանք մեր երկրներ ու փորձենք դրանք տարածել, խաղաղության լեզուն սովորեցնել բոլորին։ Մենք ամեն օր ձեզ կպատմենք մեր առօրյայի մասին՝ փորձելով ձեզ նույնպես հաղորդակից դարձնել խաղաղության ճամբարին:

Եվ այսպես. կանգառ առաջին: Մենք արդեն Բրյուսելում ենք:

Անուշ Դավթյան, Սուրեն Կարապետյան

izaaastsaryan1

#InMyFeelingsChallange-ն ու ես

Այսօր պետք է խոսեմ վերջերս համացանցում հայտնի դարձած #InMyFeelingsChallange-ի մասին, որին ես նույնպես որոշեցի մասնակցել և կիսվել իմ տպավորություններով:

Մի քանի օր շարունակ, երբ մտնում էի ֆեյսբուք կամ ինստագրամ, եթե նույնիսկ ամբողջ օրը շրջեի, մեկ է՝ միայն #InMyFeelingsChallange-ներ կարող էի տեսնել: Մի տեսակ հետաքրքիր էին թվում, և ես էլ մտածեցի և արեցի իմ քայլը՝ միացա չելենջին:

#InMyFeelingsChallange-ի ժամանակ մարտահրավերը կատարողը իջնում է մեքենայից ու պարում հայտնի պարը In my feelings երգի տակ՝ ընթացող մեքենային զուգընթաց։ Դե, չստացված կադրերն ու տպավորությունները շատ էին։ Սկզբում, երբ ուզում էի մեքենայից դուրս գալ, քիչ էր մնում ոտքս ջարդեի: Երկրորդ անգամ էլ վարորդն էր ծիծաղում: Երրորդ անգամ էլ տեսախցիկը չէր միացել:
Մի խոսքով, արկածային #InMyFeelingsChallange էր:

Ամեն տարի էլ ինչ-որ չելենջներ լինում են, որ «գրավում» են համացանցը, չեն թողնում հանգիստ ապրել… Ես այդ չելենջներից Ice Bucket Challenge-ն եմ հիշում, որովհետև այդ ժամանակ էլ էի միացել:

Չգիտեմ, թե որքան մարդ է տուժել այս չելենջից, բայց կասեմ, որ եթե ես մի փոքր անզգույշ լինեի, կդասվեի այդ շարքին:

Այս չելենջը չեմ ուզում ապուշություն համարել, որովհետև այն ինձ մոտիվացրեց: Չնայած, գուցե այն, ինչը ինձ մոտիվացնում է, ուրիշների համար կատարյալ ապուշություն կարող է լինել:

Ամեն դեպքում, ես սիրում եմ խենթություններ, և եթե նմանատիպ խենթ չելենջներ էլի լինեն, ես անպայման կմիանամ:

2018-1940=78

Լուսանկարը՝ Արման Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Արման Բաղդասարյանի

Exploring the world through the lens of camera ծրագրի շրջանակներում

78 տարեկան է Հայաստանի ամենահին վարսավիրանոցը: Այն գտնվում է Գյումրիում: Բոլոր վարսավիրները տարիքով են, միայն մեկն է երիտասարդ: Այնտեղ միայն տղամարդկանց մազերն են կտրում, քանի որ ինչպես վարսավիրներից մեկը ասաց՝ այստեղ տղամարդու հոգեբանությամբ է ամեն ինչ արվում:

Այդ մթնոլորտը, տարիքն առած վարսավիրները, հին պատերը, ամեն ինչը կարծես ստիպի քեզ, որ մազերդ հենց այդտեղ կտրես:

-Ստեղ շատ մարդիկ են մազ կտրում։ Ժամանակին էն մեկը գալի մազերը ստեղ էր կտրում, հիմա տղային ա բերում ստեղ մազ կտրելու,- պատմում էր վարսավիրը:

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Ամենածեր վարսավիրը 84 տարեկան էր: Ցավոք, չկարողացա նրա հետ խոսել․ գործով էր զբաղված:

-Էն երկրաշարժի կինոն տեսե՞լ եք,- չսպասելով պատասխանին՝ վարսավիրը շարունակեց,- Ռուսաստանից եկել էին այ էն աթոռի մոտ մի դրվագ նկարեն ու գնան:

Այդքանով գովքի ժամը չավարտվեց:

-Արամեն էլ էր եկել: Մազերը կտրեց, փողը չտվեց, ականջները կտրեցինք,- լուրջ դեմքով ասաց հաշվարկներ անող վարսավիրը:

-Եվրոպացիներ էին եկել, էդ ժամանակ էլ պարկետը քանդած, ծակված էր, եկել պառկել՝ նկարվում էին պարկետի հետ:

-Պարկետը էն ա, տեսնում եք՝ նորը խփեցինք, եկել դժգոհում էին, թե բա՝ մեզ էն հինն էր դուր գալիս: Հիմա արի ու մի ասա՝ մեր «կամֆո՞րտն» ա կարևոր, թե՞ ձեր ուզածը:

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

-Մրցույթներ էլ ենք հաղթել: Պետք է մեկ հոգու վրա երեք տեսակի «պրիչոսկա» անեինք: Հաղթեցինք:

Իսկ ես նստած լսում և մտածում էի, թե ինչու գալուց առաջ մազերս այսքան կարճ կտրեցի:

Նախապապիս հաշվիչը

Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի

Հին հաշվիչ՝ աբակ, հաշվիչի այս տեսակը հատկապես օգտագործվել է 19-20 դդ- ում:

Տան ձեղնահարկում պեղումներ անելիս, հայտնաբերեցի այն, որը պարզվեց պատրաստել է իր ձեռքով հայրիկիս պապը: Ի դեպ, հաշվիչի ներքևամասում փորագրել է իր անունը՝ Պողոս Պետրոսովիչ Մարգարյան, իսկ վերևամասում՝ հազիվ տեսանելի է դառնում 1918 թվականը, որտեղից կարելի է հասկանալ, որ այս հաշվիչը 100 տարեկան է:

Պողոս պապի թոռները նաև գտել են հաշվիչն օգտագործելու մի այլ ձև. նստել են վրան, և փոքր հատիկների գլորվելու օգնությամբ սլացել հատակի վրա, որը նրանց հաճույք է պատճառել, ինչի արդյունքում հատիկներից մի քանիսը բացակայում են…

Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի

Ինչպես երևում է նկարում, 1918 թվականին այն եղել է Պողոս պապի ձեռքի հաշվիչը, որով նա հաշվել է իր՜ դարբնոցից ստացված օգուտը: Ի դեպՙ երևի արդեն ասել եմ, որ դարբնությունը մեր տոհմում փոխանցվել է ժառանգաբար՝ հորից որդուն: Հիմա հայրս է զբաղվում այդ արհեստով և համարվում է դարբինների չորրորդ սերունդը: Բայց 21-րդ դարում այդ արհեստի մեջ այլևս պիտանի չէ այդ հաշվիչը, քանի որ կան շատ ու շատ ժամանակակից սարքեր, որոնք մի քանի անգամ ավելի արագ և ճշգրիտ են հաշվում գործից ստացված օգուտը կամ վնասը: Բայց պապիս հաշվիչը թանկ է մեզ համար ոչ որպես գործածական առարկա, այլ հիշողություն և վստահություն, որ մենք կանք, խորը արմատներ և ավանդույթներ ունենք: