Այսօր՝ մեկ, վաղը՝ երկու, հետո՝ երեք և հարյուր քսաներեք. գալու ժամանակն է, բայց ստում է ու ասում, թե չեմ գալու, բայց դե նրան հավատացող չկա։ Ճիշտ է՝ գալու է, ու էդ մեկ, երկու, երեք ու տասը օրը անցնելու է, ու հետո, ինչքան էլ ստի, թե՝ էս երկու օրը նորից գալու է, նրան նորից հավատացող չկա։ Մինչև որ կարմիր գրիչս նորից ջնջի, ջնջի, ու մեկ էլ մի օր հարյուր քսաներեքի փոխարեն մի ուրիշ թիվ լինի։
Գնացած օրվանից մինչ այսօր դեղին տետրիս մեջ կարմիր գրիչն է, նույն կարմիր գրիչը, ու հաստատ մեկ գիծ քաշելով՝ կարող եմ հույս չունենալ, թե շուտ կվերջանա։ Ամեն գիշեր մեկ գիծ։ Գիշեր է. ում կողմից է այդ քունը , չէ՞ որ քնում ես, երբ հոգնած ես, իսկ դու ի՞նչ ես անում քնելու համար: Հոգնո՞ւմ ես, թե՞ կարոտն է հոգնեցնում և ստիպում քնել։ Գիտե՞ս՝ նկարիդ էի նայում ու հանկարծ տեսա ձեռքիդ արյունը ու խառնված մազերդ, մտածեցի՝ երկրաշարժ է այդտեղ, որ այդպես տակնուվրա է , թե՞ քամի է, ու մտածեցի ՝ քամին ուղղակի տարանջատել երկրաշարժից : Դե քամին զովություն է տալիս ։ Շարունակեցի նայել նկարիդ։ Նայում էի նկարիդ ու փետուրով խաղում։ Գիտե՞ս՝ փետուրը մեր արտաքին տեսքն է, ու կարելի է այն քչացնել, եթե դա չափից շատ է. մեր լացն ու կոծն էլ կարելի է քչացնել, չափից շատ է։ Քչացնել ու հաղթանակի մասին միայն մտածել։
ժամանակն է գնալ իմ զինվորի, քո զինվորի հետևից, նրանց ճանապարհը մեկն է. նրանք տանելու են մեզ դեպի հաղթանակ։
Ջախջախված եղեգը չի փշրի, և հանգչող պատրույգը չի հանգցնի: Կրակը հանգելու վրա է, բայց հանգած չէ, արձանը ճաքեր ունի, բայց կոտրված չէ, եղբայրս Ճանապարհին է , բայց դեռ այստեղ չէ։
Ես դեռ նստած կարոտով սպասում եմ դռան զանգին, որ նորից վազեմ դուռը բացելու և տեսնելու, թե երբ է հենց ինքը մեր տան շեմքին կանգնելու։





















Զալցբուրգյան մեր վեցերորդ օրը համապատասխանում էր շաբաթվա վեցերորդ օրվան, և քանի որ այն շաբաթ էր, մենք զբաղված էինք միայն օրվա առաջին կեսը։ Այսօր մենք նոր հյուրեր ունեինք․ ժամանելու էր ժյուրի՝ նույնպես գնահատելու ծրագրավորողների կատարած աշխատանքը։ Օրը սկսվեց ծրագրավորողների զեկույցներով, բայց այս անգամ արդեն ավելի կարճ ժամանակում և ավելի խիստ լսարանի առաջ։ Ծրագրավորողների հետ արդեն ընկերացած լրագրողները նրանց ոգևորում և քաջալերում էին, քանի որ նրանք բավականին լարված և հուզված էին։ Ժյուրին ընտրելու էր չորս հաղթողի, որոնք հնարավորություն էին ստանալու մասնակցելու մենեջմենթի դասընթացի Մակեդոնիայում։

Հուլիսի յոթից տասներկուսը ընկած ժամանակահատվածում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը կազմակերպել էր դաշտային ճամբար մարզային երիտասարդության համար: Վրանային ճամբարը անցկացվեց Գյումրիի Մարմաշեն վանական համալիրի հարակից տարածքում: Ճամբարին մասնակցում էին տասը մարզերում գործող քաղաքացիական երիտասարդական կենտրոնների ակտիվ երիտասարդները: Յուրաքանչյուր մարզից Գյումրի էին ժամանել երեք-չորս հոգի, ընդհանուր մասնակիցների թիվը հասնում էր քառասունի: Ճամբարում առօրյան բավականին հագեցած էր անցնում: Մասնակիցներին հնարավորություն էր տրվում օրվա ընթացքում մասնակցել տեղական ինքնակառավարման, թափանցիկության, հաշվետվողականության և հանրային մասնակցության թեմաներով դասընթացներին, որոնք վարում էին ոլորտի փորձառու դասընթացավարները: Մասնակիցները նաև հնարավորություն ստացան տեղական ինքնակառավարման ոլորտում դրամաշնորհների մշակման աշխատանքներ իրականացնել խմբերով: Լավագույն խմբերը իրենց ծրագրերի համար ֆինանսավորվեցին հարյուր հազար դրամ դրամաշնորհներով: