Ազատ տարածք խորագրի արխիվներ

Այսպես սկսվեց նոյեմբերը

amalya harutyunyan

Կգամ, հա՞

Երեքշաբթի էր, որ ստացա ճամբարի առաջարկը ու ընկա երազանքների մեջ: Երազում էի, գնալ ծանոթանալ, գրել, լուսանկարել բայց…
Բայց… Ախ, այդ բայցերը:
Նախ ծնողներս չթողեցին, ու պարապմունքներս ու դասերս էին ահռելի շատ: Ու ես սկսեցի ատել, սկսեցի ատել հայոց լեզուն ու անգլերենը, սկսեցի ատել դասերն ու պարապմունքները, սկսեցի ատել 12-րդ դասարանը, ընդունելություններն ու քննությունները:

Սկզբում մի քիչ լացեցի, լավ, եթե չխաբեմ` մի քիչ շատ-շատ լացեցի, խառնվել էի իրար, ու եթե հնարավորություն լիներ, կփախնեի տանից ու կգնայի 17-ի հետ: Մյուս օրը ինձ մի կերպ ստիպեցի գրել, որ չեմ կարողանա գնալ, հիշում եմ` ինչպես էին մատներս դողում ու հետ քաշվում գրելիս, բայց դե ինչ արած… Ուրիշ ճար չկար:
Սկզբում մի քանի օր նյութ չէի գրում, ամեն օր տխուր էի, ցանկությունս շատ-շատ մեծ էր, իսկ ես չկարողացա:
Հիմա մեղադրում եմ ինձ, մտածում, որ փչացրի ամեն ինչ, որ ինձ ընտրել էին, իսկ ես… Ես այդպես էլ չգնացի, հիմա կմտածեն` չէի ուզում, իսկ ես չափից շատ կուզենայի հիմա այնտեղ հայտնվել:
Երկար տխրելուց հետո սկսեցի ուժերս հավաքել ու հասկանում եմ` հանձնվելու ժամանակ չկա: Անկախ ամեն ինչից պետք է գրեմ, անընդհատ գրեմ, ու չմտածեմ, որ վերջ, ամեն ինչ բաց եմ թողել:
Հիմա նորից գրում եմ, տառեր կապում, երազում նորից հնարավորություն ունենալ:
17-ին խոսք եմ տալիս, մեկ է` նորից գրել ու մեծ տխուր ժպիտով ու շատ-շատ հույսերով հարցնել.
-Մյուս անգամ, որ գնաք, ու եթե ինձ էլ տանեք, կգամ, հա՞:

Mane Babajanyan

Թե ինչու պարապմունքս կիսատ մնաց

Ճամբարում ծանոթ մարդիկ գրեթե չկային, բայց նրանցից մեկը հենց այնպես ուղղակի գրավեց ինձ: Անի Ղուլինյան: Անին Լոռու մարզից է՝ Դսեղից: Թե ինչպես ներկայացրեց ինքն իրեն, հենց առաջին նախադասությունից գրավեց ինձ ու անկախ ինձնից սկսեցի ժպտալ. «Ես Անին եմ Դսեղից: Ո՛չ կարգին պարել գիտեմ, ո՛չ երգել, նկարելուց էլ բավական հեռու եմ, միակ բանը որ ինձ մոտ լավ է ստացվում` գրելն է ու չափից շատ ֆուտբոլ սիրելը»:

Դե պարզ էր՝ Անին ֆուտբոլ ամենից շատ էր սիրում: Չնայած որ ես այդքան էլ հետաքրքրված չեմ ֆուտբոլով, ինձ հետաքրքիր էր նրա հետ ծանոթանալը:
Երևանից դեպի Սևան ճանապարհին ես և Անին նստեցինք կողք-կողքի: Ամենից շատն ինձ գրավեց նրա բնավորության այն գիծը, որ նա իրեն այնպես էր պահում, ասես հարյուր տարվա ծանոթներ լինեինք:
Մինչ ճամբար գալը, ինչպես նաև ողջ ճանապարհին իմ մեջ մի ներքին ինքնավստահություն կար, որ մենք սենյակակիցներ ենք լինելու, և ի ուրախություն ինձ, այդ զգացողությունն արդարացրեց իրեն:
Տեղավորվելուց հետո իջանք ներքև, և ամեն ինչ ընթացավ տրված օրակարգով: Երեկոյան, մինչ բոլոր սենյակներում երեխաները ծանոթանում էին, խաղում կամ ուղղակի երաժշտություն լսում, մեզ մոտ մի փոքր այլ էր, այսպես ասած, անորոշ ու խառնաշփոթ իրավիճակ: Անին, դե պարզ է, իր ֆուտբոլն էր նայում, ես իմ պարապմունքներն էի անում, մյուս երկու աղջիկները՝ Նինան ու Հեղինեն, անկեղծ ասած, այդպես էլ չհասկացա` ինչով էին զբաղված: Հա, մոռացա մի բան էլ ասել, իմ պարապմունքին պարտաճանաչ կերպով, ամեն խփած գոլի կամ ֆուտբոլային ինչ-որ սխալի ժամանակ խանգարում էին Անիի ճիչերը, նկատողություններն ու հիասթափված ձայները:

Դե, ինչ արած, ստիպված էի հարմարվել, դե, ֆուտբոլ է, չէ՞: Առաջին խաղակեսը, ի ուրախություն ինձ, վերջապես ավարտվեց, ու Անին գնաց իրերը դասավորելու:

Վերջապես ազատ մի քանի րոպե՝ նորմալ պարապելու համար: Բայց դե, ընդամենը մի քանի րոպե: Հետո սկսվեց երկրորդ խաղակեսը, որին ես այլևս դիմանալ չէի կարող: Ինչ արած, ստիպված եմ գոնե մի փոքր քնել:
-Ան, ես պառկեմ մի կես ժամ քնեմ, եթե չգամ` կարթնացնես, էլի:
-Հա, գնա, ես ֆուտբոլս եմ նայելու, կարթնացնեմ քեզ:
- Լավ, չմոռանաս, էլի:

Պառկեցի, բայց դե ինչ, չէի կարողանում քնել: Ժամանակն ասես կանգնել էր, առաջ չէր գնում: Անին էլ մի կողմից սենյակով մեկ վազվզում ու «գոլ» էր գոռում: Մի կերպ քնեցի, ու 20 րոպե էլ չէր անցել, երբ Անին մտավ սենյակ ու արթնացրեց ինձ: Դժգոհ վեր կացա: Միակ լավ բանն այն էր, որ ֆուտբոլն ավարտվել էր, ու Անիի թիմը հաղթել էր: Ինչ լավ է, թե չէ ես դժգոհություններ լսելու հավես հեչ չունեի:

Գլխացավ, հոգնած, քնաթաթախ, էլ ինչ պարապմունք, է: Մի էջ էլ չէի գրել, երբ աչքերս սկսեցին փակվել: Ստիպված եմ քնել, չեմ էլ հիշում` ոնց քնեցի ,իսկ պարապմունքս էլի մնաց: Այս գիշեր կշարունակեմ, ոչինչ: Ավելի ճիշտ, երևի կշարունակեմ, եթե իհարկե, այսօր ֆուտբոլ չլինի, կամ գոնե Անիի ճիչերը այդքան հաճախակի ու բարձր չլինեն:

karine nahapetyan

Թույլ կտա՞ս

Խոսեմ մի փոքր աշնան մասին… Նախ ասեմ, որ աշունը տարվա եղանակ լինելուց բացի, նաև հոգևիճակ է և հարմար առիթ գիտակցելու, որ ոչ միայն մեր մարմինները տաք հոգուստի կարիք ունեն, այլև` մեր հոգիները:
Աշնան ավարտի հետ ես հասկանում եմ, որ պակասորդ եմ տվել, ուստի աշունը կորուստների եղանակ է:
Աշունը ստիպում է մեզ սիրել դեղինը, նարնջագույնը, վառ կարմիրը, կանաչը և զգեստապահարանը լցնել միայն այդ գույներով:
Աշունը մեզ խրատում է և ասում, որ պատուհանիդ առաջ կանգնելու պատճառը և քո ու նրա տարբերությունն այն է, որ ամեն անգամ նրա տան կողքով անցնելիս, դու անպայման նայում ես նրա սենյակի պատուհանին, իսկ նա՝ երբեք:
Աշունը մեր ականջին շշնջում է ու հորդորում, որ մեզ սպասված վերադարձներ են պակասում, բայց այդ պակասը նա ի զորու չէ լրացնել:
Աշունը ոգեշնչում է մեզ` գրելու ու ասելու այն ամենի մասին, ինչի մասին մենք նախկինում համարձակություն չունեինք խոսելու:

Աշունը մեզ հանգեցնում է այս եզրակացությանը.
Ինչպիսին է սերը, կարող ենք ասել բոլորս` ամեն մեկս մեր տեսակետը պնդելով, սակայն ասել, թե ինչ է սերը, դեռևս ոչ մեկին չի հաջողվել:
Բայց ասեմ, որ աշնանը հաջողվում է բացատրել այն, լրացնել այդ կիսատությունը և ամեն մեկիս գաղտնի հիշեցնել այն ՄԵԿԻ մասին, ով, փառք Աստծո. ողջ և առողջ է, բայց էապես անհետ կորել է մեր կյանքից:
Աշունը սթափեցնում է մեզ և ստիպում, որ երբեք չկորցնենք մեր հեքիաթը և տաք-տաք պահենք այն:

Աշունը իրեն սիրել տվող եղանակ է: Սիրում եմ թեթև հագնվել, ցուրտ եղանակին դուրս գալ դուրս, որ ցուրտը սողոսկի ներսս ու տակնուվրա անի ինձ, որ ես ցնցվեմ այդ զգացողությունից:
Աշունը վերածննդի եղանակ է. մեր մեջ վերածնում է մեր երևակայությամբ ստեղծած այն էակին, որին մենք, որոշ հանգամանքներից ելնելով, «սպանել» էինք:
Եվ վերջապես աշունը մեզ վստահություն տվողն է. վստահություն է տալիս, որ մենք դեռևս ունակ ենք սիրելու:

Հը՞, աշուն, քո տված վստահությամբ թույլ տալի՞ս ես սիրեմ կամ գոնե սիրահարվեմ:

Կյանքը ոչ հռոմեական ճանապարհի վրա. կադրի հետևում

Դպրոցից գնում էի տուն, մեկ էլ` Սերո~ժ, մի րոպե կանգնի: Ալեքսանյան Դավիթն էր: 

-Սպասիր գամ՝ քեզ լավ բան եմ ասելու:

-Ի՞նչ ա եղել, Դավ, ասա շուտ,- ինձ էլ հետաքրքրեց:

-Վաղը «Մանանայի» խումբը գալիս ա մեր գյուղ` իմ ֆիլմը նկարելու: Անպայման կգաս, որ ճանապարհին տեսնենք` կանգնեցնեք մեքենան:

Ասացի` անպայման տեղյակ կպահեք, անպայման գալու եմ: Պայմանավորվեցինք, ու ամեն մեկս շարունակեցինք մեր ճանապարհը: Այդ օրը նկարչությունից եկա ու, ինչպես մեծերն են ասում, ականջս ձայնի` նստած սպասում էի, թե երբ ենք գնալու ճանապարհի մոտ: Տեսա արդեն ուշանում է, որոշեցի ականջակալներս դնեմ ու մի քիչ երգ լսեմ, մինչև ինձ կգան, կկանչեն տղերքը: Բայց արի ու տես, երբ ականջակալներս դնում եմ հենց էդ ժամանակ՝ թարսի նման ինձ ձայն են տալիս: Մոտ 10-15 րոպե սպասելուց հետո տեսնում են դուրս չեմ գալիս՝ թողնում-գնում են գյուղամեջ, կամ ավելի ճիշտ, խաչմերուկ: Որոշ ժամանակ անց մայրիկս տուն մտավ և ասաց.

–Սերոժ, էդ ո՞նց ա դու խաչմերուկում չե՞ս, Ձեր թղթակիցների խումբը եկել ա, գյուղում ա: Մայրիկիս խոսքը կիսատ, կարելի ա ասել, դուրս թռա տնից, որ հասցնեմ տեսնեմ: Ճանապարհին հասնելուց մի քանի մետր էր մնացել արդեն, մեքենան շարժվեց՝ չհասցրեցի: Կանգ առա, ու ինձ մի քիչ մեղադրելով ու մի քիչ հույս տալով ասացի. «Դե լավ, հիմա թող մի քանի ժամ ուշ տեսնեմ, մեկ ա առավոտ գյուղ են գալու»:

Առավոտ 9:30 էլի նույն տեղը՝ խաչմերուկում էինք, ու մեկ էլ` հոպ, մեքենան եկավ: Չգիտեմ ինչի` նկարահանման սարքավորումները տեսնելուց հետո «Մանանայի» կամ 17.am-յան տրամադրություն ստեղծվեց: Տեսախցիկ, սցենար, անչափ բարի մարդիկ ու նկարահանումներ:
Այդ օրը, կարելի է ասել, տրամադրեցինք ֆիլմեր նկարահանելուն: Ամեն տեսակ կադրեր, աշխատանքային ֆոտոներ, արևից այրված մաշկ և հոգնածություն: Ֆիլմը նկարահանվեց՝ տեղադրվեց 17.am-ում. «Կյանքը ոչ հռոմեական ճանապարհի վրա»:

Կայքում ֆիլմը նայեցի և հասկացա, որ իզուր չէր այդ տքնաջան աշխատանքը: Մեկ օր տանջվեցինք և արդյունքում ստացանք բավականաչափ հետաքրքիր, հիանալի ու հաճելի դիտվող մի ֆիլմ, որը 10 րոպե էր, բայց իրենից ներկայացնում էր մի ամբողջ ամառային սահմանային գյուղի առօրյա:

Նրանք, ովքեր դեռ չեն տեսել, նայեք, չեք փոշմանի:

Diana Karapetyan

Երբեք չեմ մոռանա

2004 թվական, ես այդ ժամանակ 4 տարեկան էի: Հայրիկս ամբողջ օրը աշխատում էր, դե մայրիկս էլ ամբողջ օրը փոքր եղբորս հետ էր, իսկ ես ինձ մի տեսակ միայնակ էի զգում:

Հիշում եմ, մի օր հայրիկս եկավ ու ասաց, որ իր ընկերոջ շունը երկու ձագ է ունեցել, և մենք գնում ենք ինձ համար փոքրիկ շնիկ բերելու: Ես շատ  էի ուրախացել, միշտ ասում էի, որ շնիկ եմ ուզում:
Երբ գնացինք այնտեղ, հենց բակը մտնելուն պես ինձ մոտ վազեց մի փոքրիկ շնիկ: Նա ամբողջովին սև էր ու այնքան փոքր էր, աչքերը այնպես էին փայլում,  կարծես երկու փոքրիկ աստղեր լինեին: Նա մոտենալով ինձ, ատամներով բռնել էր տաբատս ու բաց չէր թողնում, շարժում էր իր պոչը ու ամբողջ ուժով քաշում էր իմ տաբատից: Ես ծիծաղում էի ու շոյում էի նրան, և դա կարծես նրան դուր էր գալիս: Նա իմ կողքից այն կողմ չէր գնում, դե  ես նույնպես չէի ուզում նրանից բաժանվել և նրան ինձ հետ բերեցի տուն: Նրան անվանեցի Գրաֆչիկ:
Մենք անբաժան ընկերներ էինք դարձել: Ամբողջ օրը բակում միասին խաղում էինք: Ես նրա նման ամբողջ օրը չորեքթաթ քայլում էի, այնքան էինք խոտերի մեջ թավալվում, որ հոգնում ու հենց այդ խոտերի մեջ էլ միասին քնում էինք: Ես արթնանում էի միայն այն ժամանակ, երբ զգում էի, թե ինչպես է Գրաֆչիկը լպստում իմ երեսը: Երբ նրան ինչ-որ մի բան դուր չէր գալիս, նա ոտքիցս հանում էր կոշիկս ու վազում էր, որ ես էլ ընկնեմ նրա հետևից:

Մենք այնքան էինք մտերմացել, որ ես կարծես թե հասկանում էի նրան: Հասկանում էի, թե նա երբ է ուզում խաղալ, երբ` ուտել, երբ` քնել: Նա էլ ինձ էր հասկանում, գիտեր ինձ ինչպես ուրախացնի: Հիշում եմ, երբ մանկապարտեզ պիտի գնայի ու իրեն պիտի տանը մենակ թողնեի, ոնց էր տխուր հայացքով նայում ինձ ու գլուխը թեքելով հասկացնում, որ նեղացել է ինձանից, որ չի ուզում մենակ թողեմ իրեն: Բայց երբ հետ էի գալիս, ուրախ վազում էր իմ առջև և միշտ առաջինն էր ինձ դիմավորում:
Նա մեծանում էր իմ աչքի առաջ, և ես շատ ուրախ էի, որ նա կա, որ ես ունեմ նրա նման ընկեր:

Բայց ինչպես ամեն ինչ, այնպես էլ իմ ուրախությունը կարճ տևեց:
Ամռան մի առավոտ ես արթնացա մի տարօրինակ զգացողությամբ: Հավատացեք, բառերով չեմ կարող բացատրել, թե ինչ էի զգում այդ պահին: Ամեն առավոտ ես արթնանում էի այն ժամանակ, երբ Գրաֆչիկը թաթերով խփում էր դռանը, բայց այդ առավոտը այդպես չէր: Ես արագ հագնվեցի և դուրս եկա տնից, աստիճաններին կանգնելով, բակում նկատեցի մայրիկին: Մայրիկը շրջվելց, տեսավ ինձ: Նրա աչքերը ամբողջովին պատված էին արցունքներով և դա ինձ սարսափեցրեց: Ես մոտ վազեցի ու իմ առջև բացվեց մի սարսափելի տեսարան: Այնտեղ` գետնին, պառկած էր Գրաֆչիկը`ամբողջովին արյան մեջ: Ես ուղղակի կորցրեցի խոսելու ունակությունը, սիրտս կտոր-կտոր եղավ, գրկեցի նրան ու սկսեցի լաց լինել: Օրը կարծես միանգամից մռայլվեց: Նրա մարմինը այնքան սառն էր, կարծես ես գրկել էի մի սառցե կտոր: Իմ ձեռքերը ամբողջովին պատվել էին նրա արյունով, իսկ արցունքներս արագ հոսում էին` թափվելով նրա անկենդան մարմնի վրա: Աչքիս առջևով սկսեցին թռչել նրա հետ կապված ամեն մի վայրկյանը: Նա ինձ համար ավելին էր, քան ուղղակի տնային կենդանի, ավելին, քան ուղղակի շուն, նա իմ պուճուր սրտի մի մասն էր, որին ես կորցրեցի:
Դեռ երկար ժամանակ ես չէի համակերպվում այն մտքի հետ, որ նա էլ չկա: Երբեմն, երբ հաց էի ուտում, ամանը ամբողջովին չէի դատարկում, վերցնում էի ու դուրս գալիս տանից, կանչում էի Գրաֆչիկին, բայց նա չէր գալիս:
«Ի՞նչ էր պատահել»,- այդ հարցը դուրս չէր գալիս իմ մտքից: Ի՞նչ էր պատահել, որ նա այդպես արնաքամ էր եղել: Ես այդպես էլ կոնկրետ չիմացա ու այդ հարցը մինչև հիմա տանջում է ինձ, թեկուզ և արդեն ութ տարի է անցել: Ութ տարի է անցել, բայց այն  տեսարանը դեռ իմ աչքի առջև է: Այն տեսարանը, որ իմ հավատարիմ ընկերը արնաքամ պառկած է իմ գրկում: Նա դարձավ իմ հոգում թափառող մի հիշողություն, որին ես երբեք չեմ մոռանա:

Sargis Melkonyan

Արձակուրդներ են, չէ՞

Քանի որ վաղուց նյութ չեմ գրել, նշանակում է համակարգիչս բավականին «պարապ» է մնացել և, հավանաբար, պատրաստ է տառերի այսպիսի հոսքին։ Բայց, ինչպես գիտեք, ես շատ խղճով մարդ եմ (էս դեպքում, շատ-շատ «անկյալ»), ես կխնայեմ իմ համակարգիչը, որպեսզի հետո էլ կարողանամ նյութ գրել ու․․․

Լավ, լավ պատմում եմ, մի փակեք էջը, ուղղակի այնքան բան կա պատմելու…

Ինչի՞ց սկսեմ: է՞…

Հա՜, ինչո՞ւ չէ, ինձնից կսկսեմ։ Լավ, գնացինք։

Երեկ վառարանը տեղադրեցինք։ Չէ, ես վառարանը չէի, վառարան դնողն էի։ Հավեսով հղկեցի վառարանը, բարձրացրի երկրորդ հարկ․․․ Հոպ, ես վերամբարձ կռունկ էլ չեմ։ Բնական է, եղբայրս ինձ օգնեց։ Վառարանը վառեցինք։ Ու սկսվեց «էժանով» առած «կարտոշկեքի» հոսքը դեպի վառարանի փուռը։

Մի խնդրանք խմբագրությանը․ խնդրում եմ ոչ հայերեն բառերը մի փոխեք, էլի։

Խմբագրության կողմից. «Լավ էլի, Սարգիս, ինչո՞ւ փեչ, դուխովկա, կռան, շուշաթուղթ…»: Գնացինք առաջ:

Մի երեսուն-քառասուն րոպե սառած դոլմա ձևանալով, վառարանի կողքից այն կողմ չգնացի, որ իբրև թե դաս չանեմ, բայց դե էլ չէր ստացվում դերասանություն անել։ Վերարկուն հագս, շարֆը վզիս, քրտինքը այտերս ու մեջքս Ֆորմուլա 1-ի մրցուղի էր դարձրել Շումախերին էլ ղեկին դրած 1000-ի վրա բենզին էր տալիս (գազն էլ արդի չի)։ Կարտոֆիլն արդեն պատրաստ էր (ես էլ)։ Մեր տանը, սովորությանս համաձայն, ես ամեն ինչ ուտում եմ խորը ափսեով։ Առավոտից «փեչի կառտոշկի» համար ախորժակ պահած՝ երկու հատ դրեցի ափսեիս մեջ, ճզմեցի ու էլի, սովորությանս համաձայն, մի մեծ կտոր կարագ դրեցի ափսեիս մեջ։ Մի զարմացեք, ուղղակի կարագ շատ եմ սիրում, հատկապես գյուղի։

Ի՞նչ, էս նյութը իմ մասին չի՞․․․ Լավ, արի մինչև այստեղ վերլուծենք։ Սկզբի տողերից հասկացանք, որ ես շատ հումորով մարդ եմ, մի քիչ` գլուխգովան, մի քիչ` դերասան, ավանդապաշտ (միայն իմ կողմից ստեղծված ավանդույթների մասին է խոսքը), մի քիչ ծույլ, կարագասեր․․․

Լավ, ծուլությանս համաձայն, հոգնեցի պատմել իմ մասին, արի հրաժեշտ տանք իրար… Ի՞նչ, ինչ ես ասո՞ւմ․․․ Վերջն ինչ եղա՞վ․․․ Վերջը՞․․․ Հա, վերջը գնացի քնեցի․․․

Արձակուրդներ են, չէ՞:

Gayane Avagyan

Լռության ու մտքի ձայնը չհասկանալը աշխարհի ամենալավ պարգևն է …

Իսկ դուք երբևէ մտածե՞լ եք, թե ինչ էինք անելու, եթե չլիներ արևը: Լավ, երևի նման տարօրինակ մտքեր միայն ես եմ ունենում: Մտածում եմ, մտածում ու հասկանում, որ եթե արևը չլիներ, մենք էլ չէինք լինի: Հլը ասեք` ԱՐԵՎ… Միանգամից տաքություն ու ջերմություն եք զգում: Զգում ու հասկանում, թե իրականում ինչքան թանկ է մեզ համար: Կարող եմ ժամերով նստել ու նման բաների մասին մտածել, հետո մտքերս իմի բերել ու ասել, որ ես կամաց-կամաց գժվում եմ: 

Ես սկսում եմ մտածել այն ժամանակ, երբ շրջապատիս մարդիկ սկսում են անկապ խոսել ու ես էլ հոգնում եմ լսելուց: Ոչ միշտ է հաճելի լսողի կարգավիճակը: Ու այդ ժամանակ մտքերը պարուրում են ինձ, ու ես սկսում եմ ճախրել իմ մտքերում: Բայց դե լավ է, որ մտքեր կարդալ չի ստացվում, ու ինձ միայն ես եմ լսում: Թե չէ վաղուց արդեն իմ հետ շփվողների թիվը կնվազեր, կամ էլ ով գիտե, կարող է նաև ավելանար:

Ասում եմ` կարող է արևն էլ իր համար ընտրած արևիկներ ունի` մարդիկ, ում իր շողերից է նվիրում: Հնարավոր է, թե չէ` էլ ինչպես պիտի նման արևավառ մարդիկ լինեին մեր շրջապատում:

Ասեք, որ ձեր շրջապատում էլ կան մարդիկ, որոնց նայելով ու ձայնը լսելով հասկանում ես, որ երկնքի արևից նրանք իրենց չափաբաժինն ունեն: Ու հենց նրանք են այն մարդիկ, ովքեր լույսով են լցնում մեր կյանքը:

Շնորհակալ լինենք արևին, որ իր շողերից նվիրել է մի քանիսին, ու բախտավոր են այն մարդիկ, ովքեր իրենց կողքը նման արևավառ մարդիկ ունեն: Երջանիկ են նրանք, ովքեր փոքրիկ արևիկներ ունեն:

Արև… Ապրես, մի քիչ էլ շողիցդ շաղ տուր, ուզողներ շատ կան…