Ազատ տարածք խորագրի արխիվներ

Մի ուրիշ հոկտեմբեր ապրելիս

Վարդգես Պետրոսյանն իր գործերից մեկում գրել է. «Երկիրը երկու հարևանով տուն չի, որ վատ հարևանի պատճառով ծախես, գնաս մի ուրիշ փողոց կամ քաղաք, նոր տուն առնես․․․ Կպած ապրում ենք ու պիտի ապրենք, մինչև Ահեղ դատաստան»։

Ու երևի մի ուրիշ կյանքում կամ մի ուրիշ հոկտեմբեր ապրելիս ես էս նախադասությունը նույնիսկ երկու անգամ չէի կարդա։ Պայուսակիս միջից մատիտ չէի հանի ու ընդգծեի։ Գիտե՞ք ինչի։ Որովհետև մեզ դա են սովորեցրել դպրոցում, ու մենք չենք հարցրել. «Ա՛խր, ինչի՞ համար, այ ընկեր Գասպարյան»։ Որովհետև մեզ ստիպել են, որ ամեն տարի բանակի օրը զինվորին կամ բանակին նվիրված մի շարադրություն գրենք։ Ասում եմ` ստիպել են, քանի որ դասարանից դուրս, դպրոցի դարպասների մյուս կողմում մենք չենք իմացել՝ ոնց իրականում նվիրվենք էդ բանակին ու մեր զինվորին։ Չենք իմացել՝ ոնց էդ գրականության տասներկու թերթանի ստուգողականների տետրի թերթերից պոկենք մեր հարգանքն ու իրական կյանքում մի կերպ կիրառենք։ Հակառակն ենք տեսել։ Տեսել ենք ընտանիքներ, դասարանցիներ, ծնողներ ու ծանոթներ, որ ամեն կերպ ուզեցել են էդ փառահեղ բանակից իրենց որդիներին «փրկեն»։ Ու երևի դրա համար էլ չենք կարողացել վերոհիշյալ հարգանքը պոկել գրականության տետրի էջերից։

Ու երևի մի ուրիշ կյանքում կամ մի ուրիշ հոկտեմբեր ապրելիս չէի դնի ու ժամերով մտածեի՝ արդյո՞ք եկել ու վրա է հասել էդ Ահեղ դատաստանը։ Արդյոք հիմա ես պիտի տունս ծախեմ ու գնա՞մ, թե՞ պիտի մնամ տանը ու էդ հարևանի աղմուկին ու բարբարոսություններին դիմանամ։ Արդյո՞ք էդ խաբեբա հարևանն արժե իմ հանգիստ քունն ու ընկերներիս կյանքը։ Արժե՞ իմ տաք ու հարմարավետ տունը, որ ես կորցնեմ իմ հարազատ ու սիրելի մարդկանց։ Արժե՞, որ հազարավոր ուրիշ տներում անընդհատ ճրագ մարի, ու կյանքը էլ երբեք առաջվանը չլինի։ Արժե՞ իմ էս տանը մնալը ինչ-որ բան, եթե Արցախից եկած երեխեքը էլ տուն չունեն, ու էնպես են նայում աչքերիս մեջ, որ իմ աչքերն էլ են արցունքոտվում։ Արժե՞ իմ էդ մի հատ տունը, որ ես տեսնեմ, ութ տարեկան Մանեին լացելուց, որովհետև ինքը գրքերը թողել է Մարտակերտում, գրասեղանին, ու հիմա դաս չի կարողանում անի։ Արժե՞ իմ տունը, որ չեմ ծախում ու գնամ, որ տիկին Հասմիկը գա ու նստի իմ կողքին, սկսի լաց լինել, որովհետև երեք տղաներն էլ առաջնագծում են՝ երկուսը բժիշկ, մյուսը` զինվոր, հետո էլ ինքը ինձ հույս տա, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ու պիտի՞ ես կպած ապրեմ, եթե շուրջս մարդկանց համար ամեն ինչ մեկ է դարձել։ Եթե ամեն անգամ զոհերի ցուցակում ծանոթ անուն փնտրելուց հետո աչքերս լցվում են, որովհետև ծանոթ անուն էս անգամ չկար, բայց հետո հասկանում եմ, որ ուրիշներին 1009 անգամ արդեն ծանոթ անուն է հանդիպել։ Ախր, ես ո՞նց կպած ապրեմ, եթե իմ տրամադրությունը, կենսակերպն ու ապրելը առհասարակ կախված է ընկերներիս մի հաղորդագրությունից, մի զանգից, մի լուսանկարից։

Ու երևի մի ուրիշ կյանքում կամ մի ուրիշ հոկտեմբեր ապրելիս ես չէի իմանա, թե ահեղ դատաստանը որն է։ Չէի իմանա, թե ինչպես կարող է սիրտդ կոտրվել մեկ օրում տասնյակ անգամներ ուրիշի ցավից։ Մի ուրիշ կյանքում ու մի ուրիշ հոկտեմբերին ես ուղղակի չէի մտապահի էդ երկտողը․․․

Մի լուսանկարի պատմություն

Էս լուսանկարում են պապաս, հորաքրոջս ամուսինն ու հորեղբայրս… Էս  նկարը ես դնում եմ էջիս պատին,  գլուխ գովալու կամ  PR անելու համար չէ… Ուրիշ է…  Պապաս, ինչքան հիշում եմ ինձ ու իմ մանկությունը, միշտ պատմում էր ու շարունակում է մինչ օրս պատմել, պնդել, բանավիճել ու ապացուցել , թե ինչ լավ  ու յուրաքանչյուր հայ տղայի համար անհրաժեշտ բան է ծառայելը: Երբ որոշ տղաների ծնողները մտահոգվում ու հազար ու մի ճանապարհներ էին փորձում իրենց տղային Արցախ չուղարկելու  (ու իրականում իրենց մեղադրել պետք չի), իմ պապան հակառակը՝  երազում էր  որ եղբայրս Արցախի պաշտպանը լինի (դե, դուք պատկերացրեք մամայիս վիճակը: Անկեղծ ասած, հոգուս խորքում միշտ նախանձել եմ ու ափսոսացել, որ  չունենք աղջիկների բանակ և էդ սուրբ գործին ես չունեմ մասնակցություն:

Երբ պատերազմը սկսվեց, պապաս նոր էր վերադարձել Հայաստան, կարելի է ասել, չհասցրեց նորմալ շունչ քաշել: Մազերիս ծայրով էի զգում, որ ինքը հանգիստ չի նստի ու նայի, թե սահմանում ոնց է կռվում ու նահատակվում մատաղ սերունդը։ Ես գիտեի, որ ինքն ամեն ինչ կանի, որ գնա  18 – 20 տարեկան տղերքին թիկունք լինի: Ու ես չսխալվեցի…Պապաս գնում է էնտեղ, որտեղ իր կարիքը ամենաշատը կա… Ասել, որ ես հպարտ եմ, գրեթե ոչինչ չասել: Ասել, որ վախ չկա, նշանակում է` ստել: Իրականում, բոլոր զգացմունքներս խառնվել են իրար՝ սեր, զայրույթ, հպարտություն, վախ, ծնողապաշտություն, վիրավորանք, հայրենասիրություն, տագնապ, հիասթափություն, վճռականություն, ուրախություն…

Պետք է սթափվել… Իրենք գնում են որպես զինվոր – հերոսի մեծ եղբայր: Գնում են, զինվորի կողքին, զինվորի հետ միասին թշնամուն դուրս շպրտելու  էն հողից, որի համար թափվել  ու շարունակում է թափվել անմեղ արյուն… Միտքս ուրիշ բան է ասում, սիրտս` ուրիշ։ Պետք է հավաքվել…

Իրենք գնում են, ու ես գիտեմ, որ հետ են գալու հաղթանակը ձեռքում… Իրենք գնում են Հայրենիքը պաշտպանելու… Իրենք գնում են ԶԻՆՎՈՐԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ՄԵՐ ՀԱՆԳԻՍՏ ՔՈՒՆԸ հսկելու…

Ես էլ՝ հորս աղջիկը լինելով, իր և մյուս կամավորների թիկունքում սիրով և ԱՆԴԱԴԱՐ ԱՂՈԹՔՆԵՐՈՎ կշարունակեմ մտովի և հոգեպես վահան լինել հորս և բոլոր մարտի դաշտում կռվողների համար, իսկ հնչեցրածս աղոթքը՝ «բալիստիկ, կասետային, լոռա» հրթիռ, «իսկանդեր» թշնամու համար։

Էս պատերազմը ինձ շատ բան հասկացրեց։ Հասկացրեց մորս խոսքերի իմաստը. «Չես սիրում հայերենը, ուրեմն, չես սիրում ոչ հայրենիքդ, ոչ էլ մորդ»… Հիշեցրեց ՌԴ –ում պապայիս ու հորաքրոջս ամուսնու պարտադրանքը ինձ ու եղբայրներիս՝ տանը խոսել  միայն հայերենով: Ափսոս, որ էն ժամանակ մենք դա անում էինք, երբ իրենք տուն էին գալիս…

Գիտեմ, իրենք բոլորը հետ են գալու… Գիտեմ, որ եթե պապաս  գնում է մի տեղ, էդ տեղում հումորի չափաբաժինը շատ – շատ է լինելու:  Ու երբ հետ գա՝ շարունակելու ենք «գրազով» պարելը և մամայիս ՝ «քանդվիս աշխարհ…» խոսքը  ցիտելը:

Ամեն ինչ ավարտվելու է ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ, ՀԱՅԻ հաղթանակով…

Աստված պահապան բոլորին։

#Հաղթելուենք #Հայաստան #Հաղթելենք

Չափման միավորը` Հայ Զինվոր

Այս օրերին Զինվորների մասին շատ եմ ուզում գրել, բայց նաև շատ եմ դժվարանում։ Պատերազմի առաջին օրից մտքիս մեջ մի նոր նյութ եմ գրում, ապա ջնջում, մի քանի տող փոխում, ապա ամբողջ տեքստն եմ ջնջում ու սկսում նորի վրա աշխատել։ Պատճառը ձեզ այդքան գովելու անհագ զգացումն է, երևի բառերս չեն հերիքում։

Շատ կուզեի այս տեքստը լիներ մի պարտադրված շարադրություն, որը ուսուցչուհին գրականության ժամին առաջադրած կլիներ, ու դասարանի մի մասը կասեր` այո, եկեք գրենք, իսկ մյուսները կտրտնջային։ Չէ, էս տողերս պարտադրված չեմ գրում, բայց պարտավոր եմ գրել։

Գիտե՞ք, ես ամեն օր առավոտյան արթնանալուց հետո օրվա անելիքներս եմ վերհիշում, ու մտածում եմ, որ շատ-շատ անելիք ունեմ ու չեմ կարող այդքանը անել, իսկ այսօր ձեր անելիքները պատկերացնելիս իմ անելիքները չանելու համարձակություն չեմ գտնում։ Դուք ազգ եք պաշտպանում, միլիոնավոր մարդկանց, բայց և այդքան բարդ գործն անելիս ժպտում եք, հեռախոսով ընտանիքի հետ խոսելիս գոտեպնդում եք: Ճիշտ է, հոգում զգացածը այնքան էլ ուրախ ու բարի բան չէ, բայց ժպտում եք։ Ձեզանից դեռ շատ բան պետք է սովորենք, երբ մեզ չափից դուրս հայրենասեր զգանք։

Դուք Միավորների Միջազգային Համակարգում մի նոր մեծություն ներմուծեցիք՝ հայրենասիրության չափման միավորը` Հայ Զինվորը։

Ձեզնից ոմանք դպրոցում ծուլություն էին անում, իսկ հիմա բոլոր զենքերի մասին ամեն տեղեկություն այնքան լավ եք սերտել, որ մենք նույնիսկ մեզ պրոֆեսիոնալ համարող ֆիզիկոսներս՝ ֆիզիկայից, կենսաբաններս՝ կենսաբանությունից, բնագետներս՝ բնագիտությունից, կամ առևտրականներս՝ առևտրից այդքան բան չգիտենք։

Դուք հայ մարդու վեհ օրինակ եք, ով գերազանցեց մեր պապերին ու ապուպապերին։

Ու երևի դուք կլինեք իմ գրած առաջին գրքի անպարտ հերոսները, ովքեր հայրենիքի հաղթանակը ավելի վեհ գնահատեցին, քան իրենց կյանքը։

Ապրեք տղերք, կաղոթենք ձեզ համար մինչև ձեր տուն վերադառնալու վերջին օրը։

Հաղթելու ենք

Սիրելիներս,

ի տարբերություն լրատվամիջոցների մեծ մասի, մեր թղթակիցներից շատ-շատերը այսօր ոչ թե լուսաբանում են ռազմաճակատի ու թիկունքի իրադարձությունները, այլ հենց իրենք են կերտում այդ իրադարձությունները` կենաց ու մահու պայքար մղելով առաջնագծում: Քանի որ նրանք, ձեզ հետ միասին, ներկայացուցիչներն են այն սերնդի, որն իր ուսերի վրա է տանում այս պատերազմը:

Խնդրում եմ ամեն օր հիշեք նրանց ձեր աղոթքներում:

Խնդրում եմ նաև ավելի ակտիվ փորձեք լրացնել նրանց ժամանակավորապես թափուր թողած տեղը` ձեր հույզերը, գործերն ու հաղթանակի հավատը ներկայացնող նյութերով:

Եվ հիշեք, որ դրանց հիմնական ընթերցողներն էլ ձեր սերնդակիցներն են, ում վիճակված է մաքառել և հաղթել: Նրանք սրտատրոփ սպասում են ձեր «նամակներին»:

Ու եթե ոչ այսօր, ապա վաղն անպայման շատ ուշադիր ընթերցելու են դրանք:

Պատերազմ և խաղաղություն

Եթե մեկ ամիս առաջ ինձ հարցնեիք, թե ինչ են նշանակում «հայրենիք», «պատերազմ», «խաղաղություն» բառերը, կտայի ամենապարզ պատասխանները. կասեի, որ հայրենիքը այն հողն է, որի վրա ծնվել, մեծացել ես, պատերազմը կնկարագրեի այնպես, ինչպես կարդացել էի պատմության գրքերում կամ տեսել էի ֆիլմերում, իսկ խաղաղությունը կբնութագրեի երկու բառով՝ կապույտ երկինք։

Բայց այս ամենը կասեի առանց ինչ֊որ բան զգալու, առանց ասածս պատկերացնելու։ Այսօր ես փոխել եմ պատկերացումներս…

Հայրենիքը ինձ համար էլ սոսկ հողը չէ։

Հայրենիքը գերագույն արժեք է, որը պահում են կյանքի, արյան գնով, որը պահելու համար ինձնից երկու֊երեք տարի մեծ ընկերներս իրենց կյանք են զոհում՝ փրկելով իմ կյանքը։ Հայրենիքը այն արժեքն է, որի համար մեկի եղբայրը, մյուսի հայրը, մյուսի ամուսինը թողեցին իրենց նպատակները, երազանքները ու անմահացան։

Պատերազմի մասին երկար կպատմեի դեռ մի ամիս առաջ։ Բայց հիմա ես բառերով պատմել չեմ կարող։ Ասում են՝ զգացածը պատմել հնարավոր չէ, բա ես ինչպե՞ս պատմեմ այն, ինչը զգացել եմ։ Պատերազմը զգալ, պատերազմը ապրել անգամ այն դեպքում, երբ կիլոմետրերով հեռու ես ռազմաճակատից։ Զգալ ցավը, վիշտը, երբ գլխիդ վերևում արկ չի պայթել։

Թե ինչ էր խաղաղությունը, ես ընդհանրապես չգիտեի։ Երբեք չէի էլ մտածի, որ այն, ինչ լսել եմ, կարդացել, մի օր ես էլ եմ ապրելու։ Շատ հեռվում էր, թվում անցյալը ու կարծես երբեք չէր էլ կրկնվելու, բայց արի ու տես, որ կրկնվեց։

Այս պահին բոլորս կորցրել ենք այն, ինչ ունեցել ենք ու չենք էլ գնահատել։ Հիմա, երբ ամեն րոպե մտածում ենք ռազմաճակատի մասին, որ ամեն րոպե զինվորը՝ կյանքի ու մահվան միջև ընկած, ինքն իրեն մոռացած, կռիվ է տալիս, չկա խաղաղություն ո՜չ այնտեղ՝ առաջնագծում, և ո՜չ էլ այստեղ՝ մեր հոգիներում։

Այսօր բոլորս ապրում ենք պատերազմի հետ, վշտի ու ցավի, հույսի ու հավատի մթնոլորտում։ Մարդը հարմարվում է այն միջավայրին, որում ստիպված է ապրել։ Օրինակ՝ ինչպես հարմարվեցինք համավարակի հետ ապրելուն։

Մի օր այս ամենը կավարտվի, բայց այն, ինչ ապրեցինք ու զգացինք, չի մոռացվի երբեք: Սպիները չեն վերանում…

Մենք կսովորենք գնահատել այն, ինչ ունենք ու երբեք չդժգոհել։

Հաղթելու ենք, որովհետև…

Շուշիի կենտրոնում Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց վանքն է, որը ավերվել էր արցախյան ազատամարտի շրջանում և վերակառուցվելուց հետո նորից ավերվել վերջին պատերազմի ընթացքում։ Կողքին Շուշիի շիա-մահմեդական մզկիթն է, որը կառուցվել է տասնութերորդ դարում Գոհար տիկնոջ պատվին, երբ Շուշին դարձել էր Փանա խանի խանությունը, և այն մինչ այժմ պահպանվել է։ Պահպանվել է, որովհետև մենք հարգում ենք մշակույթը, պահպանում ենք այն, որովհետև մենք ճանաչում ենք մշակութային արժեքները և պատմական վայրերը, և կապ չունի` դրանք պատկանում են մեր կրոնին, թե ոչ։ Մենք հաղթել ենք այն ժամանակ, երբ հերոսական մարտով ազատագրելով Շուշին` չենք վերացրել այս մզկիթը, պահպանել ենք այն որպես պատմամշակութային արժեք:

Մենք հաղթել ենք այն ժամանակ, երբ անգույն  անապատ քշված  խեղճ ազգի զավակները ամբողջ աշխարհը իրենց տաղանդով և հայտնագործություններով գունավորել են։

Մենք հաղթել ենք այն ժամանակ, երբ  Հովհաննես Ադամյանը ստեղծել է գունավոր հեռուստացույցը, Ալեք Մանուկյանը` ծորակը, Ջորջ Սիմջյանը` բանկոմատը…

Մենք հաղթել ենք, երբ Հովհաննես Թումանյանը գրել է «Թմկաբերդի առումը», Ավետիք Իսահակյանը` «Աբու Լալա Մահարին», Եղիշե Չարենցը` «Ես իմ անուշ Հայաստանին», Վիլյամ Սարոյանը` «Մարդկային կատակերգությունը», Պարույր Սևակը` «Անլռելի զանգակատունը»։

Մենք հաղթել ենք, երբ Վիկտոր Համբարձումյանը ապացուցել է տիեզերական հայեցակարգը, Ալենուշ Տերյանը` թերմոդինամիկայի կանոնները, Սողոմոն Թեհլերյանը` իր անմեղությունը։

Մենք հաղթել ենք, երբ Կոմիտասը ստեղծել է «Կռունկը», Արամ Խաչատրյանը` «Սուսերով պարը», Առնո Բաբաջանյանը` «Էլեգիան», Շառլ Ազնավուրը` «Լա Բոհեմը»…

Մենք հաղթել ենք, երբ Փարաջանովը ստեղծել էՆռ «Նռան գույնը», Ալբերտ Մկրտչյանը` «Մեր մանկության տանգոն», Ֆրունզե Դովլաթյանը` «Բարև, ես եմ»-ը։

Մենք հաղթում ենք, երբ տարբեր երաժշտական ժանրերում հանդես եկող սփյուռքահայ երաժիշտների համերգների ռեկորդային թվով տոմսեր են վաճառվում,

երբ հայ տաղանդավոր պատանիները ստեղծում են այնպիսի ռոբոտներ և տեխնոլոգիաներ, որոնք ցնցում են աշխարհը։

Մենք հաղթեցինք, երբ Ստեփանակերտում դաշնամուրի հնչյունները խլեցրին պայթյունի ձայները, երբ ավերված Ղազանչեցոցից թավջութակի ձայն լսվեց։

Եվ ընդհանրապես, մեր պատմության ընթացքում մենք միշտ հաղթել ենք ու հաղթելու ենք։

Իսկ ովքե՞ր են մեր թշնամիները. այդ հարցում արդեն մեր բախտը չի բերել: Մեր թշնամիները եկել են գրողի ծոցից, ինչ որ պահի, երբ տեսել են, որ մենք անհաշտ ենք, զավթել են մեր դրախտային տարածքները, տիրացել դրանց, դարեր անց նրանք պնդում են, որ այդ արժեքները` երգերը, պարերը, ուտեստները, գրքերը, եկեղեցիները, սարերը, ձորերը, անտառները, ջրերը իրենցն են։ Ծիծաղելի է. եկեք բոլորով ծիծաղենք։ Իսկ միջազգային հանրությունը հավատում է նրանց, ոչ թե որովհետև ինքը չգիտի Հայաստանի մասին, այլ որովհետև ինքը նավթոտ շահեր ունի. մեր թշնամիները կարողանում են նավթով բավարարել միջազգային հանրությանը։

Բայց չէ որ նավթով չեն կարող կառուցել Գանձասար ու Ղազանչեցոց, Երևանի շքեղ ճարտարապետություն ու Գյումրու անկրկնելի հումոր, նավթով չեն կարող օպերա և բալետ, ժինգյալով հաց և լավաշ ստեղծել: Չէ որ նավթով չեն կարող քոչարի պարել ու օրոր երգել։

Իսկ «Քարից շինել ձուկ և թռչուն` կավից» (Պարույր Սևակ) կարողանում ենք միայն մենք։

Նավթից կարող են միայն փող ստանալ։ Փողն էլ ոչ գեղեցիկ է, ոչ էլ հավերժ։ Թղթի կտոր է, որն այսօր կա, իսկ վաղը` ոչ։

Հետգրություն. ի դեպ փողի «հեղինակը» նույնպես մեր պայծառ ժողովրդից է. դոլարի կանաչը ստեղծել է հայազգի Քրիստափոր Տեր-Սերոբյանը:

Տղերք, չպակասեք, խնդրում եմ

Գուցե չեք նկատել, բայց աշխարհում գոյություն ունեցող բոլոր ազգերի մեջ հայը վերացող տեսակ է` լավ իմաստով։

Ինչո՞ւ, որովհետև միայն մենք ենք պատերազմ դհոլ-զուռնայով, հաղթական տրամադրությամբ ու տրամադրվածությամբ գնում:

Միայն մեր տղերքն են մայրերին խաբում, որ ընկերոջն են ճակատ ճանապարհում, բայց հաջորդ օրը մայրը հեռուստացույցով իմանում է, որ որդին ազգի հերոս է դարձել: Միայն մենք ենք խաղաղ ժամանակ քարկոծում մեր երկրին, բայց երբ խաթարվում է մեր քարկոծած երկրի անդորրը, պատրաստ ենք անգամ թշնամու կոկորդը կրծել, միայն թե իր նավթոտ ձեռքերը հեռու տանի մեր երկրի սահմաններից:

Միայն մեր երկիրն է, որ քարտեզում մի կետի չափ է նշմարվում, բայց երբ պատերազմում են նրա դեմ, ընդլայնում է իր ընդգրկվածությունը` իր ափերի մեջ առնելով համայն աշխարհում սփռված զավակներին:

Միայն մենք կարող ենք անել ամեն խենթություն, միայն թե սահմանին կանգնած զինվորին կարողանանք տաք շոր ու ուտելիք ուղարկել:

Միայն մենք կարող ենք պատերազմի ժամանակ էլ մնալ տանը, երբ օդում հրթիռներն են սավառնում, բայց միևնույն է, պետք է լույսերը վառ պահել, որ զինվորին ոգեշնչենք: Միայն մենք ենք, որ պատերազմի օրերին էլ կատակում ենք, որովհետև եթե չկատակենք, կգժվենք իսպառ…

Միայն մենք ենք, դրա համար էլ այսօր պայքարում ենք սատանայական ուժերի դեմ…

Ու հենց դրա համար մեզ հաղթել չի լինի…

Մենք կանք, եղել ենք ու դեռ պիտի շատանանք…

Տղերք, չպակասեք, խնդրում եմ…

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

Ընդհատված ճամփորդություն

Եթե դու դպրոցական ես, ինձ լավ կհասկանաս: Մենք` դպրոցականներս, չափազանց շատ ենք սիրում պլանավորել. դպրոց գնալուց մեկ ամիս առաջ արդեն պլանավորում ենք, թե ինչ ենք հագնելու առաջին օրը, պլանավորում, թե ինչով ենք զբաղվելու քսան տարի անց և այլն։ Այդպես մենք դասընկերներով արդեն գրեթե չորս տարի պլանավորում էինք, որ երբ ավարտենք միջին դպրոցը, պիտի կազմակերպենք ճանապարհորդություն դեպի Տաթև: Դա մեզ համար արդեն երազանք էր դարձել: Ընտանիքներով ամեն պահի էլ կարող էինք գնալ, բայց դասարանով տեղ գնալը միշտ էլ ուրիշ է եղել: Հետաքրքիր միջավայր, կատակներ, խաղեր ավտոբուսի մեջ, երբեմն բարձր երաժշտություն: Ամեն ինչ այնպես է, ինչպես պատանիներն են ուզում։

Եկավ ամառը, բայց մենք այդպես էլ չգնացինք: Ամեն ինչ մտքներովս անցել էր, բայց որ ինչ-որ անտեսանելի թագավարակը պատճառ դառնա մեր ճանապարհորդության տեղի չունենալուն, չէինք նախատեսել։

Նոր ուսումնական տարում կարծես թե մեր երազանքը կատարվում էր. արդեն նշանակված էր գնալու օրը, գնալու էինք Տաթև: Ուրախ էի հատկապես ես, որովհետև կրում էի այդ եկեղեցու անունը։ Եվ ահա մի պայծառ և արևոտ օր` առավոտը ժամը 6-ից, մենք ճանապարհ ընկանք։ Ճանապարհորդությունը սկսված էր: Մենք նույնիսկ չէինք հավատում, որ մեր երազանքն արդեն իրականանում է։ Եկավ զբոսավարը, որը մանրամասն ամեն ինչ պատմում էր ամենի մասին, ինչ երևում էր պատուհանից։ Նայում էինք ու մտածում. որքան գեղեցիկ է Հայաստանը ու որքան շատ բան կա տեսնելու այստեղ, որքան ցավեր է այն ունեցել իր դաժան պատմության ընթացքում ու որքան պայծառ և ժպտուն է մնացել այդ բոլոր փորձություններից հետո։

Առաջին կանգառը Եղեգնաձորում էր: Պիտի մի բան ուտեինք ինչ որ ճաշարանում, որովհետև ճանապարհը չափազանց երկար էր։ Դեռ չէինք հասցրել նստել, սկսեցին զանգել բոլորի հեռախոսները: Զանգահարում էին   ծնողները, հարազատները, հարևանները և նույնիսկ հեռու բարեկամները: Բոլորն ասում էին, թե վտանգավոր է և պետք է անպայման վերադառնանք տուն։ Չէինք հասկանում, թե ինչը կարող է վտանգավոր լինել մեզ համար մեր հարազատ երկրում: Չէ որ մենք սահմանից հարյուրավոր կիլոմետրեր հեռու էինք: Պարզվեց, որ լուսադեմին սկսվել է պատերազմ Արցախում: Բոլորն ասում էին. «Եկեք գնանք տուն»։ Ու դա ոչ այն պատճառով, որ կրակում էին և վտանգավոր էր, այլ միայն այն, որ մենք չէինք կարող անհոգ ճանապարհորդել, ժպտալ, լուսանկարվել, երբ մեր հարազատները, եղբայրները, ոմանց որդիները, ոմանց հայրերը այդժամ սահմանին էին։

Մենք վերադառնում էինք, նայում էինք պատուհանից` սարեր, ձորեր, քարեր, եկեղեցիներ, լսում էինք հայրենիքի ձայնը, շնչում հարազատ բույրը։ Ես ակամայից հիշում էի ծանոթ խոսքերը. «Օ, հայրենիք. դառն ու անուշ»։ Այդ հայրենիքը նորից դառը փորձությունների մեջ էր, ու թվում էր, թե այդ փորձությունները անվերջ են:

Մենք սիրում ենք քեզ ուրիշ սիրով, Հայաստան: Այնպես, ինչպես ոչ ոք չի սիրում իր հայրենիքը: Առանց ճառեր ասելու, ուղղակի սիրում ենք, անկեղծ սիրում ենք, ու հիմա հատկապես ոչ ոք չի կասկածում  դրանում։ Զբոսավարը ասաց, որ այս անգամ շտապելուց մոռացել է բարի ճանապարհ ասել, ասաց, որ վաղը կավարտվի ամեն ինչ։ Մենք էլ վստահ էինք, որ վաղը ամեն ինչ ավարտվելու է։

Բայց ահա քսաներորդ օրը, ու այդ ընթացքում մենք կորցրինք մեր հարազատներին։ Մարդկանց, որոնց երեկ տեսել էինք, զրուցել, երգել նրանց հետ, վիճել, հաշտվել, ուղղակի սիրել նրանց, իսկ այսօր նրանք չկան։

Ընդհատվեց մեր ճանապարհը։ Ընդհատվեց և այդ երիտասարդների ճանապարհը. լուսավոր տղաների, որոնք ունեին մեծ երազանքներ, ընդհատվեցին նաև այդ երազանքները, ընդհատվեցին զոհվածների ընտանիքի անդամների, ծնողների, երեխաների կյանքը, բայց ընդամենը մի պահ: Նրանք հանուն կյանքը հայրենիքին տված հարազատների, պիտի շարունակեն ապրել, ապրել զոհվածների փոխարեն, դաստիարակել զոհվածների երեխաներին այնպես, որ նրանք դառնան իսկական հայ, իսկական հերոսի արժանի որդի, իսկական հայրենիքին արժանի մարդ, նրանք են հզորացնելու Հայաստանը։ Հուսահատվել պետք չէ. ուղղակի եկեք հավատանք, որ հաղթելու ենք։