Ազատ տարածք խորագրի արխիվներ

syuzanna sahakyan erevan

Սփյուռքը, Արցախն ու Հայաստանը

Սփյուռք, Արցախ, Հայաստան. մենք պիտի լինենք միշտ միասին:

Չէ՛, չէ՛ սրանք հերթական հայրենասիրական երգի հուզիչ բառերը չեն, այլ մի նախադասություն, որը տարիներ անց հիշեցնելու է մեր երիտասարդ կյանքի, անմիտ ու զվարճալի արարքների, տխուր և չափազանց երջանիկ իրադարձությունների մասին:

Իրականում Սփյուռք – Արցախ – Հայաստան դաշինքը ծագեց 3 երիտասարդ աղջիկների գլխում սովորական մի օր:

Եվ այսպես, երկնքում պայծառ փայլում էր արեգակը, օդում սավառնում էին հոգնած, բայց միևնույն ժամանակ ուրախ ձայների ելևէջները: Կրկին նրանք էին՝ աղջիկները:

Էլենը՝ մեր կուրսի խելացին, չափազանց հետաքրքրասեր մի աղջիկ, բայց քանի որ մեր կուրսում Էլենները շատ էին, մենք նրան հաճախ դիմում էինք ազգանունով՝ Մուրադյան: Իր կարծիքով իր ազգանունը չափազանց հիշվող էր, այդ պատճառով էլ իրեն չէինք դիմում Էլ կամ Էլուշ անուններով, այլ ուղղակի՝ Մուրադյան: Ինչ խոսք, շատ հիշվող ազգանուն էր:

Հաջորդը Նարան էր: Հա՛, հա՛, ճիշտ եմ գրել՝ «ր»-ով, իրականում դա նրան յուրահատուկ էր դարձնում: Նա Հայաստանում միակ Նարան էր, չնայած ազնվության համար արժե նշել, որ Արցախից էր:

Դե այս եռյակը սահմանափակում եմ ես՝ Սյուզիս կամ Սյուզաննաս կամ Սյուզանս, ինչպես հարմար է: Կարող եմ նշել, որ չեմ սիրում գլուխ գովել, բայց քանի որ այս պատմության հեղինակը ես եմ, ինչպես կարող էի չօգտագործել այս հնարավորությունը և չխոսել իմ նման խելացի, գեղեցիկ, տաղանդավոր աղջկա մասին:

Երևի նկատեցիք, որ կանգ առանք պայծառ և արևոտ օրվա վրա, այսպիսով մենք, քոլեջից դուրս գալով, շտապում էինք տուն ու չգիտես էլ, թե ինչից էինք խոսում:

Իրականում ես էլ չեմ կարող նկարագրել, քանի որ մեր խոսելու թեմաները չափազանց տարբեր էին՝ Մենդելևի աղյուսակի քիմիական տարրերից մինչև Եվրատեսիլ երգի մրցույթի մասնակիցներ:

-Վա՜յ ապրես, Էլ ջան, միանշանակ պետք է թիմ կազմել և մասնակցել այդ առաջնությանը, դու էլ կլինես առաջին մարդը, ում առաջարկում ենք միանալ մեր թիմին,- հանկարծ բարձր և ուրախ ձայնով բղավեցի ես՝ կրկին փողոցի մարդկանց ուշադրությունը մեզ վրա հրավիրելով:

-Հա՛, լուրջ շատ օգնեցիր,- ինչպես միշտ ինձ հետ համակարծիք լինելով՝ ասաց Նարան:

Էլենի խորհուրդը մենք կիրառեցինք մեր կյանքում և նրա հետ միասին շատ հաղթանակներ գրանցեցինք այդ առաջնությունում:

Իրականում ես ու Նարան միանշանակ համապատասխանում ենք Հայաստան-Արցախ մոդելին: Ես միշտ մեծ քրոջ պես կանգնած եմ Նարայի կողքին և պատրաստ եմ սատարել նրան՝ ցանկացած նախաձեռնություն իրականացնելիս: Բայց «մեծ քույր» արտահայտությունը պետք չէ այդքան լուրջ ընդունել, քանի որ ես նրանից մեծ եմ ընդամենը 3 օրով: Սակայն այդ փաստը ինձ շատ է դուր գալիս:

Դե ինչպես ցանկացած մարդ, այնպես էլ մենք, ունենում էինք օգնության կարիք, մի խոսքով, մեզ պակասում էր 3-րդ անձը: Այսպիսով, մենք հասկացանք, որ Էլենը մեր անբաժան մասնիկն է՝ Սփյուռքը:

Սփյուռք, քանի որ դժվարին իրավիճակում հենց նա է պատրաստ օգնել Հայաստանին և Արցախին, հենց նա է ամբողջ սրտով և ուրախությամբ տոնում մեր հաղթանակները:

Այդ պայծառ օրվանից անցել են շատ օրեր, և վստահ եմ, որ դեռ ավելի պայծառ օրեր են գալու: Բայց այսօր, երբ յուրաքանչյուրս պետք է կյանքի մեր անհատական ուղին սկսենք կառուցել, գիտակցում ենք, որ ժամը եկել է, մենք էլ պետք է մեկնենք մեր երազանքների ճանապարհորդությանը, ընտրեք մեր ապագա մասնագիտությունը, և հիշենք, որ մեր հզոր դաշինքին չկարողացան նույնիսկ օվկիանոսներն ու սարերը բաժանել, երբ ես հայտնվեցի Գերմանիայում, Նարան՝ Ռուսաստանում, իսկ Էլենը՝ Ամերիկայում:

Իրականում մեր ընտրած ուղիները ամենևին էլ իրարից հեռու չեն, և ոչինչ էլ չի կարող խանգարել մեր ընկերության պահպանմանը:

«Ամեն ինչի ավարտը մի նոր բանի սկիզբն է», և այդ նոր բանը տարիներ հետո դառնալու է մի շատ հայտնի կազմակերպություն, որը իր մասնաճյուղերն է ունենալու Սփյուռքում, Արցախում և Հայաստանում:

kristine hovhannisyan

Կրենք դիմակ ապագայի մարդու համար

Ես արտագրել չեմ կարողանում։ Չեմ կարողանում և վերջ։ Արտագրելու թուղթը ձեռքիցս գցում եմ, կամ սկսում եմ անխնա ճռճռացնել ու արդյունքում ոչինչ էլ չեմ կարողանում անել։ Վերջին անգամ, երբ փորձեցի արտագրել, հիշեցի, թե ինչպես էի ստուգարքից մեկ գիշեր առաջ սենյակումս փակված կծվածքների տեսակները անգիր անում։ Հիշեցի ու արտագրելու մասին մտքերս թաղեցի այնքան հեռու, որ լսարանից դուրս գալուց հետո անգամ չհիշեցի դրանց մասին։ Մտածեցի, որ արդար չեմ լինի։ Ոչ թե այն մարդու հանդեպ, ում համար ավարտելուց հետո պետք է ատամնատեխնիկական կոնստրուկցիաներ պատրաստեի, այլ ինքս իմ հանդեպ, որ ես կարող էի գրել, բայց նախընտրեցի արտագրել։ Հետո, երբ մի փոքր ավելի շատ մտածեցի, հասկացա, որ ամեն դեպքում արդար չեմ լինի նաև այն մարդու հանդեպ, ով հիմա իմ ապագա եսին վստահում և հավատում է, որ կօգնեմ իր կծվածքը վերականգնել։ Նաև գիտակցեցի, որ արդար չեմ այն բժշկի հանդեպ, որ իմ պատրաստած կոնստրուկցիայի պատճառով հիմա պետք է այդ մարդու ատամները հեռացնի։ Հասկացա, որ արդար չեմ լինի նաև այն թղթի ու գրիչի հանդեպ, որոնք ծախսել էի պարապելիս։ Արդար չէի լինի, որովհետև այդ թուղթը կարող էր ծառ լինել, իսկ գրիչի պլաստիկը կարող էր ուղղակի այդպես էլ չստեղծվել ու երկրագնդի հոգում չծանրանալ։ Երբ այսքանը հասկացա ու գիտակցեցի, գրավորի ավարտին շատ քիչ էր մնացել, բայց ես չարտագրեցի։

Հիմա ողջ օրը տանն եմ ու արտագրել-չարտագրելու խնդիր այլևս չունեմ։ Հիմա խնդիրս այլ է։ Ուզում եմ, որ դիմակ կրենք։ Արտագրել-չարտագրելու նման է։ Տանը մնալը չարտագրելու նման բան է, այդքան էլ գրավիչ չի հնչում, բայց տանը մնալ է պետք՝ արդարության համար։ Նախ, որ ինքներս մնանք առողջ և երկրորդ, այն ապագայում ինձ վստահող մարդու նման, որը ոչ մի կապ չուներ իմ անցյալում արտագրելու ու դասը չսովորելու հետ, բայց արդյունքում հենց դրա պատճառով էլ մի քանի գիշեր ծնոտի ցավից չի քնելու։ Հենց նույն կերպ մեր դիմակ չկրելու պատճառով մետրոյում մեզ հանդիպած անծանոթը կարող է վատագույն դեպքում մահանալ, կամ էլ լավագույն դեպքում կոկորդացավով մի քանի գիշեր չքնել։

Լավ գիտեմ, անծանոթների հանդեպ սրտացավ լինելը բարդ է։ Դրա համար մտածենք, որ դիմակ կրելով մեր տանը բոլորը առողջ են լինելու։ Հետո, երբ սա ընդունենք, կզգանք, որ գրիչի ու թղթի նման դիմակի ու ձեռնոցի հանդեպ էլ ենք անարդար վարվում։ Դիմակի համար ծախսված կտորով ինչ-որ մի անտուն գուցե հագուստ ունենար, իսկ ձեռնոցների պլաստիկը նորից ծանրանալու է մեր խեղճ ու կրակ երկիր մոլորակի հոգում։ Կզգանք նաև, որ արդար ենք վարվում այն բժշկի հանդեպ, որը որքանով կապ չուներ իմ արտագրելու ու վատ կոնստրուկցիա պատրատելու հետ, նույնքանով էլ կապ չունի մեր այսօր դիմակ չկրելու հետ։ Ես այսօր կարտագրեմ ու կանցնեմ առաջ, բայց ապագայում բժիշկն է ստիպված լինելու տխուր ձայնով հիվանդին հայտնել, որ նրա ատամները հեռացնել է պետք։ Նույնկերպ հիմա մենք չենք կրի դիմակ ու չենք գիտակցի անգամ դա, իսկ բժիշկը այդ նույն պահին մեր պատճառով ստիպված կլինի դողացող ձայնով հիվանդի հարազատներին հայտնել վատ ու չար լուրը։ Ուրեմն, երբ սկսենք դիմակ կրել, ձեռնոց դնել ու լավագույն դեպքում մնալ տանը, կզգանք, որ հիմա հենց մենք ենք օգնում մոլորակին պտտվել։ Հիմա մոլորակը մեր կարիքն ունի, հիմա շատ կարևոր է ընդունել, որ ոչ թե քաղաքը, երկիրը կամ մեր մոլորակն է մեր տունը, այլ մեր տունը դա հենց այն տունն է, որտեղ ապրում ենք։ Հետո կզգանք, որ մենք արդար էինք բոլորի առջև։ Հետո, հավանաբար, որքան մենք ունենք տան կարիքը, այնքան էլ տունը ունի մեր կարիքը։ Ասածս ինչ է, արտագրելը լավ բան չի, բայց դիմակ չկրելը ամենաանարդար ու չար արարքն է մոլորակի ու բոլորի հանդեպ։

Ապագայում ամենից անտեղյակ մարդը վկա:

anush epremyan

Աշխատասեր տատս

Ամառ է արդեն:

Չհաշված այս վիրուսները՝ կարծես ամեն ինչ շատ լավ էր ընթանում: Ամսի 2-ն էր, ինչպես բոլոր գյուղացիները, այնպես էլ տատիկս զբազվում էր իր առօրեական գործերով: Կարճ ասած՝ ամսի երկուսը մեզ համար վատ օր էր։

77-ամյա տատիկս շատ անհամբեր էր իր առօրյա գյուղական գործերի հարցում։ Առավոտյան վաղ, երբ մենք քնած էինք, եղբայրս վազեց մեր ննջասենյակ և վախեցած ասաց.

-Անո՜ւշ, Արև՜, զարթնեք, տատին հորթը դուրս ա հանել, հորթը տատիին քաշել քցել ա գետնին, ոտը ջարդել ա։

Եղբորս խոսքից հետո այնպես դուրս եկանք տանից, մենք ինքներս անգամ չհասկացանք՝ ինչպես:

-Տատի, ի՞նչ ա եղել, ո՞նց եղավ։

-Սուս, այ բալա, լինելու բանը պիտի լինի:

Շտապեցինք հեռախոս վերցնել, եղբայրս զանգահարեց հորեղբորս կնոջը, քույրս՝ մայրիկին, իսկ ես հանգստացնում էի տատիկին՝ ասելով, որ բան չկա, կանցնի, պարզապես ընկել է։

-Տո չէ, այ բալա, ես լսել եմ ձենը՝ ջարդվել ա, շխկոցն առել եմ:

Առաջինը եկավ հորեղբորս կինը, մայրս աշխատանքի էր, ու այնտեղից էլ միացել է իրենց։

Արագ տաքսի կանչեցինք ու տատիկին տեղափոխեցինք «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ վիրաբուժական բաժանմունք։ Պարզվեց, որ տատիկս ստացել է աջ ազդրոսկրի, միջին ստորին 3-ականի փակ կոտրվածք և բեկորների տեղաշարժ։ Նրան անհրաժեշտ էր վիրաբուժական միջամտություն, ոսկրաբեկորների համադրում պտուտակներով։ Նույն օրը կատարվեց բարդ վիրահատական միջամտությունը։ Այժմ տատիկս գտնվում է բժիշկների և իրեն հարազատ մարդկանց հսկողության տակ։

Նյութը գրել եմ հիվանդանոցում, խնամակալության ժամանակ, երբ տատիկս արդեն քնել էր:

Nare Hovhannisyan

Գնում եմ, որ էլ չմնամ

Եկել եմ, որ թեթև հպվեմ մատներիդ, որ անցնեմ ու հրեմ կողոսկրերդ, որ մի պահ շունչդ կտրվի, որ թթվածնի ծարավ հայացքով վազես բաց դաշտով մեկ ու մոլորվես։ Եկել եմ, որ մազերդ խառնեմ, խառնեմ այնպես, որ հանգույցներ առաջանան, այնպիսին, որ քանդել չկարողանաս, չնայած դու շա՜տ հանգույցներ ես քանդել, հատկապես՝ այնպիսիք, որոնք գոյացել էին մեր ճանապարհին, մեր կյանքի խաչմերուկին։ Եկել եմ, որ ներսի ու դրսի արևը ցրեմ, որ փակեմ նրանց ամպերի հետևում, որ մրսես ցրտից ու հոգուդ դատարկությունից, որ ցնցվես ամբողջ մարմնով։ Եկել եմ, որ հոգիդ ու մտքերդ խառնեմ, որ մոռանաս ու էլ երբեք չհիշես։ Եկել եմ, որ պատուհանիդ վերևում այն մշտարթուն լուսատուին, այն փայլող աստղին մոլորեցնեմ, որ էլ չնայես, որ էլ չփնտրես, ու որ մոռանաս։ Եկել եմ, որ խառնեմ մեր կարդացած գրքերը, այն գրքերը, որոնց հերոսներին ինձնից շատ էիր սիրում, այն գրքերը, որոնց կազմերն արդեն հազար տակ նորոգել էիր ու նրանք հենց քո նորոգումից էին մաշվել։
Եկել եմ… բայց գնում եմ, գնում եմ, որ հոգիդ խաղաղվի, որ մտքերդ վերհիշես, որ մազերդ թափվեն ուսերիդ այն ծովի հանդարտ ալիքների պես, որի ափին էդպես էլ միասին չնստեցինք, գնում եմ, որ հանդարտ շնչես, որ էլ չվազես, որ էլ չպայքարես, գնում եմ, որ վերադառնաս մեր գրքի հերոսներին ու նորոգածդ կազմերին, գնում եմ, որ լուսատուիդ փայլը վերականգնվի, որ շողա առաջվա պես։ Գնում եմ, որ էլ չմնամ, որ էլ չմնանք…

seda mkhitaryan

Անհասցե նամակներ

Կանաչ դաշտերի գեղեցկությունը
Դաշտերի կանաչ ազատությունն ու
Քո հավիտենական բացակայությունը
Իրար չեն սազում։
Գարնան սպիտակ ծաղկաթերթերը,
Ծաղկաթերթերի սպիտակ բույրն ու
Քո օծանելիքի մոռացումը
Իրար չեն սազում։
Գետերի կապույտ վարարումները,
Վարարումների կապույտ ձայներն ու
Քո հավիտենական լռությունը
Իրար չեն սազում։
Ծառերի յասամանագույն ճյուղերը,
Ճյուղերին ծաղկած յասամաններն ու
Քո հավիտենական սառնությունը
Իրար չեն սազում։
Գոնե աշուն լիներ…

***

Եթե մի օր չվախենամ,
Համարձակվեմ խոսել հետդ,
Ես քեզ կասեմ, որ առանց դու,
Ու առանց քեզ
Ես քայլում եմ անհայտ ուղով։
Որ առանց դու,
Ու առանց քեզ
Եսը չկա, իմը չկա։
Եթե մի օր չվախենամ,
Համարձակվեմ խոսել հետդ
Երևի թե ես կլռեմ,
Ու կնայեմ աչքերին քո։
Դրանց ներսում կգտնեմ
Եսը, իմը
Ու կլռեմ։
Միակ համարձակությունս փնտրելը կլինի։
Վախս` գտնելը։

***

Տեսությունը իմ հորինած
Դու ես ժխտել։
Տեսությունը իմ ստեղծած,
Քեզանով է ապացուցվել։
Տեսությունը իմ երազած
Քո մասին էր։
Տեսությունը իմ հորինած
Քեզանից գողացված էր։
Տեսությունից իմ ու քո
Մենքը հանիր։
Ես մենակ եմ այստեղ կանգնած`
Իմ հորինած ստի առջև։
Տեսությունը իմ հորինած
Դու ես ստել,
Բայց սուտը այդ տեսության
Դու էիր հենց։

marat sirunyan

Ինքն էլ ժպտաց

Մեկը հեռվից ձայն էր տալիս. անունը մեկ ուժգին լսվեց, ու մեկ էլ խլացավ ամեն ձայն: Քար լռության մեջ հանկարծ մի բոց չգիտես` որտեղից հայտնվեց ու մի ակնթարթում իր մեջ առավ իրենց փոքրիկ տունը… Հետո նույն արագությամբ ամեն ինչ խաղաղ տեսք ստացավ. հայրը եզան խոփից բռնած արտն էր վարում ու երբեմն ժպտացող հայացքն իրեն ուղղում… Մի պահ հանկարծ աչքերը մթնեցին. մեկը մյուսին սկսեցին հաջորդել սարսափի ու եղեռնի տեսարանները… Վեր թռավ… Էրգիրն էր երազի մեջ… Արևի շողերն արդեն պատուհանի ապակին տաքացրած ու վարագույրի փոքրիկ բացվածքից ներս ընկած փայլփլում էին՝ նրա աչքերից հոսող արցունքներին հպվելով: Վեր կացավ, հագնվեց, բայց ոտքերում ուժ չգտավ կանգնելու: Անկողնու կողքի հնաոճ դարակից, որը տարիներ շարունակ փոշին ներծծել էր իր մեջ, հանեց նույնքան հին մուշտուկն ու երազի սարսափազդու տեսիլներն էլ մեջը լցնելով ու վառելով՝ մտքերի մեջ ընկավ… Մեկ էլ ե՞րբ էր հորը ժպտալիս տեսել… Հիշե՜ց… Մեկը դեռ էրգրում էր, մյուսը՝ էրգիր գնալիս… Տեսնես հիմա ինչո՞ւ էր ժպտում… Մինչև մտքերից սթափվեց, մուշտուկից երկու մուխ հասցրեց քաշել. հանգավ… Ուժերը տեղն եկան, կանգնեց, առանց մուշտուկը ձեռքից ցած դնելու՝ դուրս եկավ սենյակից, հետո՝ տնից: Մուշտուկի մեջ եղած մնացորդը դատարկեց ու դրեց գրպանը, քայլերն ուղղեց խնձորենուն: Ճյուղերը կախվել էին, կարմրաթուշ խնձորներն այս ու այն ճյուղից ժպում էին, աչքով անում… Բանատեղ դնող չկար… Այգում էր կանգնած, իսկ աչքերի առաջ նորից իրենց տունն ու արտն էր… Սթափվում էր, ձեռքը մեկնում, մեկ-երկու խնձոր քաղում, դնում գրպանն ու նորից մտքերով տարվում… Կոստյումի գրպաններում էլ տեղ չկար: Նստեց պատի տակի կոճղին ու հայացքը գյուղին ուղղեց: Քաղածը երեք-չորս խնձոր էր, բայց հասցրել էր քրտնել, իսկ քրտինքն էլ՝ սառչել ճակատին: Տաբատի գրպանից հանեց ճմռթված թաշկինակն ու սրբեց ճակատը: Տարիների դարդ ու ցավերի կեսը մուշտուկին էր տալիս, մյուս կեսը թաշկինակին տված՝ սահեցնում էր ճակտով, թողնում այնտեղ. իսկ այդ ցավերից արդեն տարիների ընթացքում խորը ձորեր էին գոյացել… Վեր կացավ ու ճամփա ընկավ… Բարև-բարի լույս, խոսք ու զրույց մուշտուկի հետ գրպանն էր դրել ու իր մտքերի հետ ընկած՝ քայլում էր, հանդիպողին գլխով անում ու զարմացած հայացքները ետևում թողած՝ անցնում: Քայլելուն զուգահեռ գրպանից հերթով հանում էր խնձորները, ցամաքած ձեռքերով մաքրում դրանք, նորից տեղավորում գրպանում: Վերջապես հասավ որդու տանը. նրան հանդիպեց բակում: Որդին զարմացավ, բայց ուրախացած ներս կանչեց.

-Էսքան ճամփեն ո՞նց ես եկել, ա՛յ մարդ, բայց ի՜նչ լավ է, որ եկար, հայրի՛կ, թե չէ ես ժամանակ չեմ ունենում. ահա, քիչ հետո էլ նորից քաղաք պիտի գնամ,- արդարանալու փորձ արեց որդին:

Որպես պատասխան՝ խոսելու փոխարեն խորը հոգոց հանեց, որի մեջ այնքան ցավ կար, որքան որդուն մեծացնելու ընթացքում ծխած մուշտուկների մեջ էր դրել երևի… Փոքր թոռը երկու-երեք ամսական էր, ինքը հազիվ երկու-երեք անգամ տեսած լիներ… Մոտեցավ օրորոցին, գրպանից հանեց խնձորներն ու դրեց երեխայի կողքին, իսկ փոքրիկը ուրախացած սկսեց խաղալ դրանց հետ: Մյուս թոռները գյուղում չէին. հորաքրոջ տուն էին գնացել՝ քաղաք: Մի քանի րոպե լուռ հետևում էր փոքրիկին, արցունքները դանդաղ հոսում էին փոս ընկած այտերով, հասնում շուրթերին, բայց անգամ դրանց աղի համը չէր զգում. բերանի համն էլ էր կորցրել, թեև կյանքի համը դեռ կարգին չէր առել…

Արցունքները սրբեց, օրհնեց թոռանն ու անմիջապես դուրս եկավ տանից, որդին էլ ետևից, ու վերջինիս՝ մի փոքր էլ մնալու խնդրանքներին ականջալուր չեղավ: Շոյեց որդու գլուխը, համբուրեց ճակատն ու գնաց… Մի քանի քայլ անելուց հետո շրջվեց դեպի որդին ու դառնաժպիտը դեմքին՝ լսելի շշնջաց.

-Լաո, մանչուդ լավ նայէ. դու լը գմենձնաս…

Որդին սառած մնաց տեղում, ինքն անհետացավ հորիզոնում… Չհասկացավ էլ ինչպես հասավ տուն…

Գրպանից մուշտուկը հանեց, մի կերպ՝ մեջքի ցավին մեջքով կանգնած կռացավ, մի բուռ հող վերցրեց ու թութունի փոխարեն հողը սկսեց լցնել մուշտուկի մեջ: Այդ միջոցին հարևանը հասավ ու զարմացած մնաց.

-Էդ ի՞նչ բանի ես, այ մարդ, հո՞ չես խելռե…

-Ա՜խ զիմ հեր հող գվարեր, ես էս հող թոկերով զգալ գուզիմ, զիմ ցավ էդ հողի մեջ թաղել գուզիմ, տո՝ խելռե՜լ գուզիմ…,- դողացող ձեռքից հողով լցված մուշտուկն ընկավ… Աչքերի առաջ հայրն էր ժպտում…

Հարևանը թևանցուկ արած ներս տարավ նրան, պառկեցրեց անկողնու վրա ու շտապեց մեկին օգնության կանչելու: Արևի շողերը դողդողում էին պատուհանին դիպած. ներս չէին համարձակվում մտնել: Աչքերի առաջ մե՛կ այրվող տունն էր, մե՛կ ճյուղակոտոր խնձորենին. ականջներում էլ՝ հեռվից իրեն կանչող ձայները… Հորը հիշեց… ժպտում էր… Ինքն էլ ժպտաց…