Ազատ տարածք խորագրի արխիվներ

edita galstyan

Երբ նորից երեխա դառնամ

Իրո՜ք, մանկությունը մեկ ակնթարթի նման է թռչում: Աչքդ չես հասցնում թարթել, ու մանկությանդ տարիները գնացքի նման անցնում են կողքովդ՝ միայն սպիտակ ծուխ թողնելով:

Այնքան կուզեի հետ բերել ոչ վաղ անցյալում մնացած օրերը: Կուզենայի նորից փոքրիկ երեխա լինել, որը կվազեր իրենց փոքրիկ պարտեզում, կպոկեր իրենց պարտեզի վարդի թերթիկները ու իրեն Կոկո Շանել կերևակայեր…

Հիշում եմ՝ ինչպես էի ամեն ամառ «օծանելիքի գործարան» բացում: Երբ մեր պարտեզի վարդագույն վարդերը բացվում էին, մայրիկիցս թաքուն պոկում էի վարդերի թերթիկներն ու սառը ջրի մեջ սկսում էի ճզմել: Տանից օծանելիքի աման էի «գողանում» ու պատրաստածս ընտիր հեղուկը լցնում ամանի մեջ: Հետո գնում էի տուն ու ցույց տալիս մայրիկիս: Դե, մայրիկս էլ, իհարկե՜, ասում էր, որ շատ անուշ է բուրում:

Մի անգամ էլ նույն պարտեզի նույն վարդերի մոտ ինքս ինձ հետ պահմտոցի էի խաղացել: Թաքնվել էի վարդերի մեջ: Տանեցիները մոտ 30 րոպե փնտրում էին ինձ: Իսկ ես ինձ համար նստել էի վարդերի մոտ ու հիանում էի արարքովս: Չէ՜, այդքան էլ չարաճճի չեմ եղել։

Հիմա շատ տխրությամբ եմ նայում տանը նստած երեխաներին, որոնք կարանտինի պատճառով զրկվել են իրենց մանկության չարաճճիություններից: Մնում է միայն հուսալ, որ այս ամենը շուտ կավարտվի: Եվ երեխաները կկարողանան նորից բակում վազվզել ու ուրախության ճիչեր արձակել:

Սիրելի՜ մանուկ, շնորհավորում եմ տոնդ: Ցանկանում եմ, որ մանկությանդ յուրաքանչյուր օր լցված լինի միայն ուրախությամբ ու մանկական անհոգությամբ:

Եվ մի խնդրանք՝ մի՜ շտապիր մեծանալ, գնացքը արագ է շարժվում..․

margarita ghazaryan

Երբ հասկացա, որ մեծացել եմ

Դեմքիս ժպիտ է հայտնվում, երբ հիշում եմ մանկությունս, կարծես մի պահ կրկին մանկանում եմ և զգում երեխաներին բնորոշ անհոգությունը: Մանկությանս ընկերները եղել են իմ քույր-եղբայրները` հորաքույրներիս երեխաները: Բոլոր հուշերս նրանց հետ են կապված: Մենք 6 հոգի ենք` 3 տղա և 3 աղջիկ: Պետք է ասեմ, որ մեր մանկությունն ու այժմյան երեխաների մանկությունը շատ է տարբերվում: Մենք չունեինք սմարթֆոններ, համակարգիչներ, բայց փոխարենը միշտ տարբեր խաղեր էինք կազմակերպում: Մեր խաղերը ամեն անգամ տարբեր էին լինում, քանի որ շուտ էինք ձանձրանում: Բայց մեզ շատ բան պետք չէր մեր օրը տոն դարձնելու համար, երբեմն սովորական հողն էլ բավական էր, որ մենք հսկայական թխվածքաբլիթների գործարան ստեղծեինք, կամ ընդամենը մի ծառ, որի վրա նստելով, մեզ զգում էինք Նոյի որդիները և, մեզ հետ վերցնելով սնունդ, «գնում էինք» հեռու` փորձելով փրկվել աշխարհին սպասվող վտանգից: Մեր մանկական երևակայությամբ այդ ծառին տվել էինք նավի կերպարանք: Եվ այդ ծառն իրականում շատ խորհրդանշական է: Այն հաճախ է եղել մեր խաղերի վայրն ու միջոցը: Նավից բացի՝ այն նաև եղել է մեր սրճարանը, հիվանդանոցը, դպրոցը և այլն: Ես հասկացա, որ մեծացել եմ, երբ իմ և քույր-եղբայրներիս հանդիպումները քչացան, քանի որ արդեն մեծացել ենք, և զբաղվածությունն էլ շատ է: Եղբայրներիցս երկուսը զինվորներ են, քույրերիցս մեկն արդեն ընտանիք է կազմել, իսկ մյուսն էլ շուտով կամուսնանա: Մեծացել ենք…

Ինչևէ, ցանկանում եմ նկարագրել իմ մանկության ընկերներին:

Եղբայրներիցս ամենամեծը՝ Յուրան, մեր խաղերը շուտափույթ ավարտելու հիմնական պատճառն էր: Բնավորությամբ առաջնորդն էր, միշտ ցանկանում էր, որ խաղերն իր սցենարով ընթանան, շատ կռվարար էր, և հիմա էլ շատ բան չի փոխվել: Հիմա էլ մենք երբեմն վիճում ենք, սակայն դրանք վեճեր անվանելն էլ սխալ կլինի: Անկախ իր կռվարար լինելուց` նա մեր պաշտպանն է: Մենք բոլորս էլ գիտենք, որ նա ցանկացած պահի պատրաստ է մեզ օգնել և պաշտպանել։

Քույրերիցս մեկը` Տաթևը, խաղերի ժամանակ հիմնականում ֆինանսական կողմի պատասխանատուն էր: Եվ հիմա էլ նա նույնն է, աշխատում է բանկում: Բայց պետք է պատմեմ, որ մի անգամ նա ինձ ու եղբայրներիցս մեկին` Խաչատուրին, նեղացրել է: Չէ, լուրջ բան չմտածեք, ուղղակի նա չկերավ մեր՝ հողից պատրաստված թխվածքը, որը մենք պատրաստել էինք հատուկ իր համար: Եվ մենք խոստացանք, որ անպայման մի օր իրենից վրեժ կլուծենք: Բայց նա մեր հանդեպ միշտ ուշադիր ու հոգատար է, ինձնից էլ լինելով բավականին մեծ՝ երբեք զգացնել չի տվել մեր տարիքային տարբերությունը` ինձ համար լինելով իրական ընկերուհի:

Մյուս եղբայրս` Միքայելը, ուներ մեր ժամանցն ավելի հետաքրքիր դարձելու պաշտոնը: Երբ գյուղում հարսանիք էր լինում հենց նրա առաջնորդությամբ բոլորով գնում էինք և ճանապարհը պարանով փակում: Դա մեր առաջին աշխատանքային փորձն էր, քանի որ մինչև տվյալ հարսանիքի քավորը մեզ չվճարեր, մենք չէինք բացելու ճանապարհը: Դա մի ավանդույթ էր, որը պետք էր պահպանել: Հիշում եմ, որ երբ հարսանիքներից մեկի ժամանակ մեզ քավորը հարցրեց, թե ով է մեր առաջնորդը, Միքայելն իր վրա վերցրեց այդ կարևոր պաշտոնը, ինչի համար էլ նա բոլորիցս բարձր վարձատրվեց, ինչն, իհարկե, դարձավ վեճի առիթ, որի ավարտին որոշվեց գումարը բաժանել հավասար:

Եղբայրներից ամենափոքրը` Խաչատուրը, իմ ամենամտերիմ ընկերն էր, քանի որ փոքրերը ես և ինքն էինք, և ամենից շատ ինքն էր ինձ հետ խաղում: Հիշում եմ՝ ինչպես էր ինձ համար հողից տներ պատրաստում, կամ ինչպես էր խոտաբույսերով փորձում դեղ ստանալ, որն էլ ես իբր պետք է գնեի իրենից: Մենք անգամ գումարի հարցն էինք լուծել: Ունեինք վճարման երկու տարբերակ. մեկը` թղթերից պատրաստված «գումարն» էր, իսկ մյուսը` քարտերը: Պատրաստել էինք «բանկային քարտեր» և «հատուկ սարք», որի միջոցով քարտի ներսի գումարը կարողանում էինք վերցնել: Դեռ փոքր ժամանակվանից էլ եղբայրս աչքի է ընկել իր գիտելիքներով և բարձր զարգացած ինտելեկտով: Նա իմ հավատարիմ ընկերն է, որին միշտ կարող եմ վստահել:

Ես էլ երեխաներից ամենափոքրն էի: Հիշում եմ` ինպես էի նրանց համար բացիկներ պատրաստում: Շատ հաճախ էի նեղանում, բայց երկար նեղացած մնալ չէի կարողանում: Երբեմն էլ մոռանում էի, որ նեղացած եմ և սկսում էի կրկին խոսել նրանց հետ, իսկ հենց հիշում էի իմ նեղացած լինելու մասին, ասում էի, որ ինձ հետ չխոսեն, դե՛, ես նեղացած էի: Հիմա հասկանում եմ, որ մեծացել եմ, քանի որ սկսել եմ այլ կերպ նայել ամեն ինչին, այլևս շատ չեմ նեղանում, իսկ նեղանալս էլ ուղղակի ժամանակը մի փոքր ավելի հետաքրքիր դարձնելու համար է լինում:

Մեզնից ամենամեծը Լիլիթն էր, ով ավանդական տուն-տունիկի ժամանակ մեր մայրիկի դերն էր կատարում, հիմա էլ շատ բան չի փոխվել, նա այժմ էլ մայր է, բայց արդեն ոչ թե մեր մայրն է, այլ երկու փոքրիկ հրաշքների՝ Ռուբենի և Նորայրի:

IMG-2e25ae6eed3fc38f187e002a0869e294-V

Մեր բոլորիս ուրախությունն են այդ հրաշամանուկները, եթե առաջ Լիլիթն էր ցանկանում մեր օրը տոն դարձնել, հիմա մենք ենք կարևորում նրա երեխաների համար հետաքրքիր ժամանց կազմակերպելը: Եվ գիտե՞ք` դրա համար շատ բան հարկավոր չէ, ուղղակի պետք է խաղանք նրանց հետ, համբերատարությամբ վազենք նրանց հետևից, լսենք, թե ինչ են ասում և համաձայնենք անգամ, երբ նրանց ասածից ոչինչ էլ չենք հասկացել, իսկ փոխարենը նրանք կգան ու ամուր կգրկեն՝ ասելով, որ քեզ շատ են սիրում:

IMG-ce62e70ca2fac2cb7217fa847b2aad58-V

Երեխաները ամենամաքուր ու անկեղծ հոգին ունեն, նրանց համար խորթ է չարությունն ու կեղծավորությունը: Եվ իրականում, անկախ տարիքից՝ բոլորիս հոգում էլ կա մեր փոքրիկ տեսակը, ով անկեղծորեն կարող է ուրախանալ կամ տխրել չնչին բաներից:

Այս օրը կտարբերվի բոլոր տարիների հունիսի 1-ից, չէ՞ որ այս անգամ չեն լինելու միջոցառումներ, խնջույքներ, բայց պետք չէ տխրել, տանը ևս կարող ենք այս օրը հեքիաթային և տարբերվող դարձնել, այնպես չէ՞:

Շնորհավոր բոլոր փոքրիկների, այդ փոքրիկների ներկայությունը վայելող ծնողների և բոլոր այն մարդկանց տոնը, ովքեր իրենց համարում են երեխա: Շնորհավորում եմ մեր բոլորիս տոնը: Թող աշխարհի բոլոր երեխաները անհոգ ու գունավոր մանկություն ունենան, իրենց անկեղծ ժպիտներով լուսավորեն մեր կյանքը, իսկ մենք նրանից սովորենք լինել ավելի անկեղծ, նվիրվող և երջանիկ:

 

luiza sargsyan

Ժպիտների տոնահանդես

-Հե՜յ, արթնացի՛ր, մի՞թե մոռացել ես, թե այսօր ինչ օր է…

-Ինչպե՞ս կարող եմ մոռանալ, չէ՞ որ այս օրը մեր ամենասիրված ու սպասված օրերից մեկն է…

-Ուրեմն արագ վե՛ր կաց, ուր որ է տոնախմբությունը կսկսվի, իսկ մենք դեռ այնքա՜ն անելիք ունենք. պետք է պատրաստվենք…

-Լա՛վ, լա՛վ, դու գնա, ես հիմա կգամ…

Այդ օրը մոտավորապես այսպես էր սկսվում երեխաների առավոտը Գագարինում: Վաղ արթնանում էինք՝ արթնացնում նաև մյուսներին: Կարծում եմ՝ գուշակեցիք, թե որն է այս տագնապահարույց ուրախության պատճառը: Չէ՞ որ հենց այս տոնական օրվան ենք սպասել երկար ժամանակ… Այո՛, այսօր Հունիսի մեկն է՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը: Երեխաներն այդ օրը միշտ մի լա՜վ ուրախանալու հնարավորություն են ունենում… Իսկ հիմա ես ձեզ կպատմեմ, թե սովորաբար ինչպես է այդ օրը նշվում մեր Գագարինում…

Սկսեմ ամենասկզբից. նախ՝ թե՛ մեծ, թե՛ փոքր հավաքվում են մի վայրում՝ Մշակույթի տանը հարակից հրապարակում: Երեխաներն սկսում են շնորհավորել միմյանց, փորձում են  ուշագրավ ու հետաքրքիր մաղթանքներ ասել իրար, և սկսվում է ժպիտների տոնահանդեսը: Այդ օրվա ժպիտներն ասես մի տեսակ տարբերվող ու անկեղծ են: Եվ այդ շատ-շատ ժպիտներից ամառվա առաջին օրն ասես ավելի տաքուկ ու լուսավոր է դառնում, իսկ արևը՝ ծիծաղկոտ… Երաժշտություն է միանում, բոլորն սկսում են պարել ու երգել… Եվ վերջապես գալիս են մուլտհերոսները, նրանք իրենց հետ նվերներ են բերում, հատկապես՝ պաղպաղակ: Հունիսի մեկը միշտ հարուստ է լինում գույներով ու անհոգ երջանկությամբ:

Այս տարի Գագարինի մանկապարտեզի բակում գեղեցիկ խաղահրապարակ են կառուցել: Ես հաճախ եմ նկատել, թե երեխաներն ինչպես են կարոտով նայում ճոճանակներին ու կարուսելներին: Նրանց՝ միշտ այնքան ուրախ աչուկներն ասես մի քիչ մտահոգ են դարձել: Դա այնքան անսովոր է: Երանի այս իրավիճակը շուտ ավարտվի ու ամեն ինչ նորից իր սովորական հունի մեջ հայտնվի: Ես ուզում եմ, որ տարվա բոլոր օրերին երեխաների իրավունքները պաշտպանված լինեն: Աշխարհում չլինեն քաղցած ու որբ երեխաներ: Չէ՞ որ երեխան տեղով մեկ ամառ, արև ու ուրախություն է: Ու մեծերը պետք է անեն ամեն ինչ, որ փոքրիկները առողջ ու երջանիկ լինեն: Հուսով եմ, որ շուտով ես կքայլեմ Գագարինի փողոցներով ու ամեն կողմից կլսեմ մանկական զրգուն ծիծաղ, անհոգ շաղակրատանք ու երգ: Այս աշխարհը նաև երեխաների ժպիտներից է ջերմանում… Ես վստահ եմ, որ մենք եկող տարի կրկնակի շուքով կնշենք Հունիսի մեկը՝ նաև ա՛յս տարվա փոխարեն: Իսկ այժմ ես ի սրտե շնորհավորում եմ ամբողջ աշխարհի ու հատկապես՝ Գագարինի երեխաների հրաշք տոնը՝ Հունիսի մեկը, թող բոլոր երեխաների կյանքը շարունակվի որպես ժպիտների տոնահանդես: Հղում եմ այս տարվա ամենակարևո՛ր մաղթանքը՝ առո՛ղջ եղեք:

Gohar Petrosyan

Գնա

Հոգիս սովոր է դատարկության,
Թե չլինես, հոգ չէ, կապրեմ,
Ինչպես նախքան քեզ. ապրում էի,
Գնա՛։

Ետ մի նայիր ու մի հիշիր,
Ես մոռացա… մի՛ ափսոսա,
Քայլիր ուղովդ ու մի զարմանա,
Որ երկար թվացող ճամփան այս կարճ էր.
Պարզապես գնա։

Հըն, տխո՞ւր ես…
Իսկ ինձ մոտ արտասովոր ոչինչ չկա։
Ես գիտեի. միշտ էլ այդպես է եղել,
Իմ գարունները աշուն են եղել։
Դե՛, գնա…

Ես չէի սիրում և չեմ էլ ուզում սիրել երբևէ,
Չեմ ուզում տեսնել, ունենալ, գրկել,
Քանզի կորցնելը դժվար է եղել.
Ես մի՛շտ եմ կորցրել և դեռ չգտած։
Է՜հ, դո՛ւ էլ գնա։

Գնացի՞ր… ապրե՛ս, ապրիր քեզ համար,
Չգաս, չհիշես, ե՛ս էլ մոռացա,
Որ ճամփան այն մեր երկար թվացող
Ընկնող մթի հետ հանկարծ վերջացավ։

***

Թե իմանամ

Կասեմ ես քեզ, որ չեմ սիրում, թե իմանամ՝
Չեն խառնվի մտքերդ պարզ ու չես տխրի,
Ու քեզ կասեմ՝ ամենը կեղծ էր, թե իմանամ՝
Չես փոշմանի մեջդ ապրող սիրո համար։

Կասեմ ես քեզ, որ ոչինչ էիր դու ինձ համար, թե իմանամ՝
Չի սառչի քո սիրտը հանկարծ ու չի ցավի,
Առանց հիշելու կգնամ անդարձ, թե իմանամ՝
Հեռացումիցս գիշերներդ չես անցկացնի անքնությամբ։

Ես կասեմ քեզ մնաս բարով, թե իմանամ՝
Չես հեռանա անվերադարձ,
Ու կասեմ՝ ես ատում եմ քեզ, թե իմանամ՝
Չես կոտրվի ու չի դառնա հոգիդ անզգա։

Ես չեմ ուզում, որ քո կյանքը դառնա անլույս,
Ու կոտրվի մեջդ ապրող տեսակը քո…
Թե իմանամ՝ գնալու ես անվերադարձ ու մտքերդ քամուն տալու,
Ալկոհոլով ու ափիոնով ցավերդ այս լուռ խեղդելու՝
Կհեռանամ ու կդառնամ ստվերը քո.
քեզ հետ տխրեմ ու փոշմանեմ սիրո համար,
քո սրտի հետ սիրտս սառչի ու լա՜վ ցավի,
դառնամ քեզ պես անքուն, անզգա
և ստվերը քո գիշերների,
ու կհարբեմ քեզ հետ անվերջ
ու կատեմ ինձ՝ քեզ լքելու ցավի համար։

marat sirunyan

Սվեն մեռավ աղավարի

Մեծ, շա՛տ մեծ քաղաք է Փարիզը: Բարձրահարկ շենքերով, լայն ու երկար փողոցներով այս քաղաքը նաև մարդաշատ էր: Գրեթե բոլորն այստեղ կոստյումով ու փողկապով էին, քաղաքակիրթ կեցվածքով, նիստ ու կացով: Այստեղ մի հայացքից էլ պարզ է դառնում, թե ով ով է: Ես էլ գրեթե ոչնչով չէի տարբերվում այլ զբոսաշրջիկներից, բայց իմ նպատակը Փարիզով հիանալը չէր, այլ գտնել Սևակ մորեղբորս:

Մայրս ասում էր, որ Սևակ քեռիս էրգրում Անդրանիկի ֆիդայիներից է եղել, չնայած նրան, որ կին ու երեխաներ ուներ: Նրան ոչ ոք, ոչինչ համոզել կամ ստիպել չէին կարող: Անգամ Անդրանիկի արգելքը նրա ֆիդայի դառնալուն չխոչընդոտեց, էլ ուր մնաց, թե կնոջ ու հարազատների խնդրանքը: Անգամ որոշ ժամանակ ֆիդայական խմբերից առանձին` մենակ է կռվել, հետո միայն Անդրանիկը տեսնելով, որ Սևակին հետ պահել չի կարող, կանչել է իր մոտ ու թույլ տվել միանալ իր խմբին: Այդպիսի բնավորության համար ֆիդայիները նրան «չորկող» էին անվանել, նրան նաև «ռես» էին անվանում՝ ելնելով նրանից, որ քեռուն բոլոր գյուղերի ռեսները գիտեին, շատերն էլ անձամբ էին նրա «փափուկ» բնավորության հետ գործ ունեցել, դրա համար էլ, կարելի է ասել, վախենում էին նրանից:

Մայրս նաև կասկածամտորեն էր վերաբերվում նրան, որ ասում էին. «Սվեն Փարիզում է» , «ի՞նչ իս դառդոդվե, դու իստեղ հարուն-արցունք գթապիս, Սվեն էն լավ երգիր աղավարի կաբրի…»: Մայրս սրանք «բայղուշ խոսքեր» էր համարում: Եվ միակ մարդն, ում հետ կիսվում էր մայրս, ես էի: Մայրս, երբ նման բաներ էր լսում, ինձ ասում էր.

-Ախր, լա՛ո, իմ Սվե ախպեր իմա՞լ կռնա աղավարի ու անտարբեր աբրի, եպ որ ուր երեխեկ ու կնիգ, ուր աչկի դեմ մոռտոդեծին: Ու խաբար լե հասավ, թե կաբուգ տեղ ուրին լե խեխտել ին, էն լե պարզվավ սուդ ի: Սվեն սաղ էր մածե, էն գյավուրներ հիմցել ին, թե մեռուգ է…

Իրենց գյուղի ռեսը որոշում է իր ոխը հանել Սվեից, որի կողմից մի քանի օր առաջ պատժվել էր մի խեղճ գյուղացու նեղացնելու համար: Դրա համար մի թուրք զորականի հետ պայման է կապում, որ ինքը օգնում է վերացնել Ռես Սվեին ու իր ընտանիքը, որի դիմաց պիտի ստանա բարձր պաշտոններ ու նվերներ: Իր կարճ խելքով մի զարկով երկու նապաստակ պիտի բռներ․ և՛ Սվեից կազատվեր, և՛ կհարստանար: Եվ այսպես, երբ Սվեն էլ խմբի մյուս ֆիդայիների հետ գնացել էր մյուս գյուղերի պաշտպանությունն ապահովելու, գյուղի ռեսը թուրքերին ուղարկում է այն տունը, ուր Սվեի անպաշտպան մնացած ընտանիքն էր: Թուրքերը, գերի վերցնելով Սվեի ընտանիքը, լուր են ուղարկում նրան, որ գա հասնի ու մենակ գա, թե չէ կսպանեն ընտանիքին: Չորկող Սվեն, այս լսելով, առանց որևէ մեկին ասելու՝ շտապում է գյուղ։ Երբ հասնում է իր տան մոտ, թուրքերը շրջապատում են միայնակ Սվեին, բռնում ու կապում են բակի ծառից: Նրա աչքի առաջ սպանում են կնոջն ու երկու երեխաներին, հետո պարանով փորձում են խեղդել նրան, բայց կարծելով, թե մեռել է, ուշաթափված Սվեին թողնում են այդպես կապված ու փախչում: Երբ ֆիդայիները այդ ամենն իմանալով վերադառնում են, Սվեին այլևս այնտեղ չեն գնում, փոխարենն իմանում են, որ գյուղի ռեսի տունը, ինքն ու ընտանիքն էլ մեջը, վառել են: Ահա քեզ մի զարկով երկու նապաստակ…

Դրա համար մայրս չէր հավատում, թե քեռին Փարիզում աղավարի ապրում է, մտածում էր՝ երևի գնացել է վրեժն առնելու ու քաջաբար զարկվել է կռվում, ու իր խոսքերը փաստում էր այսպես.

-Սվեն միշտ լե կսեր, որ ուր համար հառեջ հերն ու մերն ին, հեդո նոր ուր կնիգ, երեխեկ: Բայց երբ թուրկեր էլի ուրին կոդրելու փորձ էին էրի, մըր հորն էին սբանե, էդ դարդից մըր մեր լը մեռավ, Սվեն իսկի ուրանց թաղման չեգավ: Պզդիգ թղտիմ վրա երկտող էր գրե ու ղրգե. «Զիմ ծնողներ ըդոր համար ընձմե չըն խռովի, թե ես ուրանց մեռնելու վրեժ չառնիմ՝ էդ վախտ գխռովին…»: Հբը իմա՞լ ուր ձագերու վրեժ առնելու տեղ, էն Չորկող գացեր ի Փարիզ՝ աղավարի աբռելու: Էդ վի՞ր կռծավ համոզե ու տանի զիմ ախպոր: Մեղա՜ Աստծու, մեղա՜ Աստծու…

Բայց նման զրույցները գնալով շատանում էին, դրա համար մայրս որոշեց ինձ ուղարկել Փարիզ:

-Գոնե զիմ ախպոր ճշմարիտ տեղ հիմնամ, նոր մեռնիմ: Էլ փոկր չիմ, լա՛ո․․․

Ճիշտ է, երբ քեռիս անհետացել է, ես այդ ժամանակ դեռ բարուրի երեխա եմ եղել, բայց մայրս նկարագրել էր նրան, և միայն ես կարող էի օտար երկրում գտնել նրան, քանի որ գյուղում միայն ես էի մի քանի օտար լեզվի տիրապետում:

Արդեն մի շաբաթ է, ինչ Փարիզում էի, բայց նորից փողոց դուրս գալուց մոլորվում էի մարդկանց բազմության մեջ: Այդպես չէր ստացվում ոչինչ անել: Որոշեցի անցնել այն փողոցներով, որոնք համեմատաբար անմարդաշատ էին: Նման երկու փողոց անցա, և հետաքրքիրն այն էր, որ հենց այդպիսի փողոցներում էին այդ մեծ քաղաքի մուրացկանները: Երրորդ փողոցով էի անցնում, արդեն հույսս մարում էր, թե կգտնեմ նրան, երբ մի անհավանական բանի ականատես եղա:

Մի մուրացիկ ծերունի կանգնեցրել էր փողոցով անցնող մի ամերիկացի զբոսաշրջիկի ու համարյա գոռալով նրան հայերեն հարցնում էր.

-Լաո՛, Անդրանիգ փաշին չե՞ս տեսաձ, ուր տեղ չսգինա՞, զիմ ձակեր գմոռտի՜ն, Անդրանիգին ըսէ՝ թող գա, ուր տեղ չսգինա՞․․․

-I do not understand your language (ես չեմ հասկանում ձեր լեզուն),- անիմաստ ժպիտով ասաց ամերիկացին:

-Տո ինչ գխոսի՞ս, ծո՞ւռ իս, Անդրանիգի տեղ ըսե՛, թե չէ կառնիմ ոդիս տագ,- ձայնը գլուխը գցած ամերիկացու վրա էր հարձակվել այդ ծերունին:

-I’m sorry but I do not understand what you need, sorry I am in a hurry (ես ցավում եմ, բայց չեմ հասկանում, թե ինչ է անհրաժեշտ ձեզ, կներեք, ես շտապում եմ),- զարմացած ու վախեցած ամերիկացին կրկին քաղաքավարությանը զոհ գնալով հանգիստ պատասխանեց ու մի կերպ դուրս պրծնելով ծերունու ձեռքից՝ շտապ հեռանում էր, իսկ ծերունին հետևից գոռում էր.

-Տո սորին լե դու իս, հուրի-բուրին լե դու իս, ընձի փաշի տեղ ըսա՛․․․ Ես քո՜ւ… Կեծի՜, էդ հո՞ւր, Անդրանիգ փաշին ըսա՝ Ռես Սվեն ուրին գկանճե, չմոռնա՜ս…

Ես ապշահար կանգնած էի ու ականջներիս չէի հավատում:

««Ռես Սվե՞ն իմ», ախր Ռես Սվեն իմ քեռին է, ախր ասում էին, թե Սվեն Փարիզում «աղավարի կաբռի», ապա ո՞ւր է այդ աղան․․․ Աղեն մուրացկան մե դառի, Անդրանիգ փաշին ման գիկա…»։ Մտքերի մեջ էի ընկել, երբ տեսա մի աղջկա, ով մոտեցավ Սվեին.

-Voici où êtes-vous. Allons à la maison (ահա թե որտեղ եք դուք, եկեք գնանք տուն),- ասաց նա՝ բռնելով ծերունու ձեռքը:

-Անդրանիկը, աղճի՜գ, Անդրանիգին ման գիկամ․․․

-Oui, oui Andranik (այո, այո, Անդրանիկը),- կարծես առանց հասկանալու, ուղղակի համոզելու համար պատասխանեց աղջիկը:

Ծերունի Սվեի ձեռքից բռնած՝ գեղեցկադեմ ֆրանսուհին նրան ներս մտցրեց շքամուտքից: Ես կարծես ուշքի եկա և վազեցի դեպի շքամուտքը, բայց նրանց չտեսա, երևի արդեն տուն էին մտել…

Որոշեցի սպասել մինչև այն աղջիկը կրկին դուրս գա և նրա հետ խոսեմ, թե չէ էնտեղ հանկարծ ուրիշի տան դուռ թակեի, չէին հասկանա: Ստիպված չեղա շատ սպասել․ ֆրանսուհին դուրս եկավ: Մոտեցա նրան ու ներկայացա, և քանի որ ֆրանսերենից այդքան էլ լավ չէի, խոսում էի կես անգլերեն, կես ֆրանսերեն: Նախ հարցուփորձ արեցի, հաստատելու համար, որ այն ծերուկը՝ Սվեն, հենց իմ քեռին է, որովհետև ինձ համար անընդունելի էր նրա՝ այդ վիճակում լինելը:

Ինձ տուն հրավիրեց շատ մտերմաբար: Երբ տուն մտա, տեսա մորեղբորս՝ սենյակում անկողնուն քնած, ասաց, որ հանգստացնող է ներարկել, որպեսզի հանգստանա: Թեյ հյուրասիրելուց հետո իմ խնդրանքով սկսեց պատմել ինչ որ գիտեր քեռուս մասին, և թե ինչպես էր նա հայտնվել Փարիզում:

Պարզվում է` այդ ֆրանսուհու տատը բժշկուհի է եղել, և այն օրերին, երբ Սվեի ընտանիքին սպանել են թուրքերը, նա եկած է եղել տեսնելու էրգրում հայերի վիճակը, օգնելու ծանր հիվանդներին: Վերադառնալու օրը նա ականատես է լինում Սվեի ու ընտանիքի դժբախտությանը, և հենց ինքն է Սվեին փրկում՝ կապված տեղից արձակում ու ուշքի բերում: Երբ ուշքի է գալիս Ռես Սվեն, սկսում է Անդրանիկի անունը տալ, նրան կանչել խելագարված: Կինը նրան իր հետ բերում է Փարիզ, մտածելով, թե նա էլ հարազատներ չունի և խենթացել է այդ դաժանությունը տեսնելով: Ասաց, որ տատը մի քանի ամիս առաջ է մահացել, և ծերուկի խնամքով ինքն է զբաղվում: Աղջկա խոսքերով այդքան երկար ժամանակ ոչ իրենք են Սվեի լեզուն հասկացել, ոչ էլ Սվեն՝ իրենցը, իսկ հոգեկան նոպայի ժամանակ միայն «Անդրանիկ» անունով են նրան կարողացել հանգստացնել:

-Է՜, Չորկող Սվե, թուրքերի «հերոսությունից» հետո Աստված խելքդ առավ, հոգիդ չի առնի…,- սկսեցի բարձրաձայն մտածել:

-Quoi? (ի՞նչ),- զարմացած հարցրեց ֆրանսուհին:

-Rien (ոչինչ):

Մի հարց էլ տվեց, և զարմանալի կլիներ, եթե չտար.

-Qui est cet homme Andranik? (ո՞վ է այս մարդը, Անդրանիկը):

«Ի՞նչ լեզվով ասեմ այս աղջկան, թե Անդրանիկն ով է, որ այս ֆրանսուհին հասկանա, թե հայու Անդրանիկն ով է․․․»,- այս մտածեցի ես և դառը ժպտալով անպատասխան թողեցի ֆրանսուհու հարցը: Երևի ինքն էլ իմ միտքը հասկացավ․ էլ հարց չտվեց․․․

Հանկարծ սենյակից հոգոցի ձայն լսվեց, ու թախծոտ ձայնով հնչեց այս երգը`

«Խեղճ մշեցին մեռավ լալով,

Օտար երկրներ ման գալով,

Մեռավ թուրքի Խարճը տալով,

Զարթիր, լա՜ո, մռնիմ քզի…»։

-Անդրանիգին կանճե՜կ, Անդրանիգ զիմ ձակերուն թող փրգե…

Ես շտապ գնացի այդ սենյակը, ինձ տեսնելուն պես քեռին ասաց.

-Լա՜ո, Անդրանիգին օդար լեզվով չկանճի՜ս․ չի՜ գա: Մըր էրգրու լեզուն լե, դու ավա՜ղ չսգինա… Զարթիր, լա՜ո, մռնիմ քզի… Մռնիմ, մռնիմ, լա՜ո․․․ Մռնիմ քզի…

Սվե քեռին մտածեց, թե ես էլ եմ օտարերկրացի, ու անգամ երգն արդեն դարձավ զառանցագին:

-Քեռի՛ Սվե, ես քու ազիզ քրոջ լաճն իմ, Անդրանիգի մոդիծ է գիկամ, ինկ լէ քզի գկանճե, եգեր իմ քզի տանիմ ուր մոդ, ե՛լ է, Չորկո՛ղ Սվե, ե՛լ,- հասկանում էի, որ արդեն սա վերջն էր, ուզում էի Սվեն գոնե հպարտ մեռներ:

Այդ ժամանակ ֆրանսուհին էլ հայտնվեց իմ կողքին: Քեռի Սվեն կանգնեց, մոտեցավ մեզ, երկուսիս ձեռքերն իրար միացրեց ու վերջին ուժերն ու մնացած մտքերը հավաքելով՝ ասաց.

-Զիմ քրոջ լաճ, գնա ու Անդրանիգին ըսե. «Փաշա՜, Սվեն ճամպորտ էր, գնա՜ծ, ներող կեղնիս․ էլի ուր չորկողություն էրավ»։ Լա՜ո, էս աղճիգ լե քզի կնիգ տար, բայց ՀԱՅ լաճ կունենաս, անուն լե ԱՆԴՐԱՆԻԳ գդնիս, Սվեն ճամպորտ է, առտեն գնա՜ծ, Անդրանիգ միշտ կա ու կաբրի…

Մեռավ Չորկող Սվեն իմ ձեռքերի մեջ․․․ Մեռավ՝ հոգին Աստծուն, մեկ էլ Անդրանիկին տալով…

Երբ ֆրանսուհու հետ տունդարձի ճամփան էի բռնել, նրան հենց հայերենով ասացի.

-Մորս կսես` Սվեն մեռավ աղավարի․․․

-Suven, Suven merauv axauari․․․ (Své est mort honorablement․․․) :

Գոնե Աստվաձ Սվեի հոկին, ուր սիրելի Անդրանիգի ու ուր ձագերու մոդ տանի, թե չէ մեջ գերեզմանին լե հանգիստ չի մնա․ Անդրանիգին գկանճե․․․

ՍՎԵՆ ՄԵՌԱՁ ՏԵՂ ԼԵ ՈՒՐ ՉՈՐԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԵՆԵ…

monika alaverdyan

Դեպի տուն վերադարձ չկա

Հիշում եմ՝ գյուղի բլրի վրա այդպես էլ կիսաքանդ մնացած տունը, մորս հուշերում ծվարած տունը: Թե ինչու այդպես էլ կիսաքանդ մնաց, թե ինչու եկավ պատերազմը, ես չգիտեմ: Ոչ մեկն էլ չգիտեր: Ամեն բան քանդեց պատերազմը, բայց տունն այդ բլրի վրա թառած այդպես կիսաքանդ էլ մնաց:

Ես տեսել եմ պատերազմը, այո՛, տեսել եմ մորս աչքերում, պապիս ասած ամեն մի բառում տեսել եմ մի հետք ցավոտ, որ վաղուց է՝ արդեն չի լքում բառերն այդ մոլոր: Ես լսել եմ կիսաքանդ տան քարերի ներսից ճիչն այն մանկան, որն այդպես էլ չիմացավ երկնքի գույնը, որն այդպես էլ տունն այդ կիսաքանդ չտեսավ քարը քարի վրա մինչև վերջ դրված:

Մորս հուշերում ծվարած տան լույսը չմարեց:

Պապիս տնկած խնձորենին ամեն տարի լավ բերք տվեց, բայց ցավն այդպես կիսաքանդ էլ քնած մնաց բոլորի սրտերում: Չքանդվեց ու հանգիստ ապրել չտվեց մորս, պապիս, մանկանն այն, որ երկինք չտեսավ:

Կիսաքանդ հոգիները բայց ժպտալ գիտեն, նրանք խոստացել էին երբեք չքանդվել: Բայց և կառուցվել չկարողացան: Կառուցո՞ղ չկար: Ուժ չկար, գուցե վաղուց բոլորին լքած հույսից լո՞ւր չկար:

Մորս աչքերում լույսն աղոտ էր, բայց չմարեց․․․