Իմ բնակավայրը խորագրի արխիվներ

Մի քաղաքի պատմություն

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Անտառապատ սարեր, սառնորակ ջրեր, հայկական կոթողներ…

Հայաստանի անտառների  հյուսիսային թագուհի: Այդպես եմ անվանում իմ ծննդավայրը, իմ Դիլիջանը: Թեև 10 տարուց ավել է ապրում եմ Վայքում, մեկ է, չեմ մոռացել ու չեմ մոռանա իմ ծննդավայրը: Երբ գնում եմ Դիլիջան, միանգամից սկսում եմ խոսել, այսպես ասած, «դիլիջաներեն»: Երբ հարցնում են, թե որտեղից եմ, պատասխանում եմ` հայրական արմատներով Խոյ, Սալմաստ, իսկ ծննդավայրով՝ Դիլիջանից:

Դիլիջան բոլորն էլ գնացել են, բայց քչերը գիտեն նրա անվան պատմությունը: Դա զրույց է, որը լսել եմ իմ մեծերից: Ժամանակներ առաջ, երբ Դիլիջան քաղաքի տեղում սաղարթախիտ անտառներ էին, այնտեղ փոքրիկ տնակներից մեկի մեջ ապրում էր մի փայտահատ իր կնոջ հետ: Նրանք երկար տարիներ երեխա չեն ունենում: Բայց օրերից մի օր նրանք ուենում են մի տղա, անվանում նրան Դելի: Դելին քիչ էր տնից դուրս գալիս, իսկ եթե դուրս էլ գալիս էր, ապա շատ հեռու չէր գնում: Երբ Դելին 7 տարեկան է դառնում, նրա ծնողները նրան թողնում են տանը և գնում փայտ կոտրելու: Դելին որոշում է մինչև ծնողների վերադառնալը տեսնել շրջակա անտառը: Նա սկսում է քայլել անտառով ու չի նկատում, որ շատ է հեռանում տնից ու վերջնականապես կորչում: Ծնողները վերադառնում են տուն և տեսնում, որ Դելին չկա: Հայրը սկսում է փնտրել նրան անտառում կանչելով` Դելի՜ ջան, Դելի՜ ջան, սակայն չի գտնում: Եվ այդ տարածքի  անունը մնում է Դելիջան: Հետագայում անունը ձևափոխվում է` դառնալով Դիլիջան:

Այս զրույցը լսել եմ 6 տարի առաջ, երբ փոքր էի, մի քիչ լավ չեմ հիշում, բայց ավելի լավ է  մի քիչ վատ, քան ընդհանրապես չիմանալ: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրը պետք է իր ծննդավայրի պատմությունը իմանա:

Իմ գյուղը` Արարատ

Լուսանկարը՝ Սաթենիկ Գալստյանի

Արարատ: Մի բառ, որը ասելիս հասկանում ենք լեռան, մարզի, քաղաքի և գյուղի ամբողջություն: Արարատ մարզում է գտնվում Արարատ կոչվող գյուղը, որը տեղացիներին հայտնի է Դավալու անվամբ: Դավալու անվան մեկնաբանությունը ոմանք կապում են դավի և լի բառերի հետ, բացատրելով, որ այն նշանակում է կռվի, դավի, վեճի վայր։  

Ուսումնասիրություններն ապացուցում են, որ գյուղի բնակիչները պատվասեր և հյուրասեր են եղել ու զենք գործածելու մեջ հմուտ։ Յուրաքանչյուր ընտանիք զենք է ունեցել։ Դա է պատճառը, որ Դավալու գյուղը կանգուն է մնացել, թալանի չի ենթարկվել։ Ոմանք Դավալու անունը բացատրում են, ասելով, թե դավալեցիների սարսափն այնքան է տարածված եղել ավազակ ցեղերի վրա, որ գյուղ մտած ուղտը վախից լու է դարձել։ Գյուղում կա 3 դպրոց, խաչքարեր, հուշահամալիր, Ս. Հակոբ եկեղեցին և Վազգեն Սարգսյանի անվան տուն-թանգարանը: Մեր գյուղը շատ հերոսներ է պարգևել հայ ժողովրդին: Արարատ գյուղում է ծնվել և մեծացել սպարապետ Վազգեն Սարգսյանը, ում անունով էլ այժմ գյուղում տուն-թանգարան կա: Այնտեղ պահվում են  արժանապատիվ հայի  անձնական իրերը, զենքերը, փաստաթղթերը և պարգևները: Գյուղացիները  զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ, ինչպես նաև անասնապահությամբ և մեղվաբուծությամբ:

Իմ առօրյան գյուղում անցնում է շատ հետաքրքիր: Թեև մեծահասակները ամբողջ օրը տարված են գործերով, բայց գյուղի աշխուժությունը պահպանում են փոքրերը:

Գյուղի հուշահամալիրի առջև միշտ մարդաշատ է արևոտ օրերին: Պապիկները հավաքվում են  ու կիսվում միմյանց հետ գյուղում տեղի ունեցած իրադարձություններով:  Գյուղում շատ բաներ կան շտկելու և փոփոխելու: Գյուղում կան փողոցներ, որ ոռոգման խնդիր ունեն, ասֆալտապատելու: Սակայն ես համոզված եմ, որ ժամանակի ընթացքում և բոլորիս ջանքերով այս խնդիրները կվերանան:

Մենք ապրում ենք Զոդում

Լուսանկարը՝Լիլիթ Կարապետյանի

Լուսանկարը՝Լիլիթ Կարապետյանի

Ես ապրում եմ Արարատի մարզի Զոդ ավանում: Զոդում մարդկանց մեծ  մասը մնացել է առանց աշխատանքի: Շատերը գնացել են արտերկիր աշխատելու, որպեսզի իրենց ընտանիքը պահեն, շատերը տանը նստել են և սպասում են: Իմ հայրը նույնպես արտերկրում է: Ես շատ եմ կարոտում իմ հայրիկին, բայց դա ոչինչ չի փոխում: Նա գալիս է Հայաստան ամենաշատը մեկ ամսով: Ես չեմ հասցնում կարոտս առնել: Հայրիկս աշխատում է Ռուսաստանի Դաշնությունում: Հայաստանում նա տաքսու վարորդ էր աշխատում, հետո գրասենյակը փակեցին, և նա գնաց արտերկիր աշխատելու: Հայրս արդեն հինգ տարի է գնում-գալիս է, բայց այստեղ աշխատանք չկա, որ աշխատի:

Զոդում չկան ժամանցի վայրեր, չնայած, որ լինեին էլ, վստահ կարող եմ ասել, որ ոչ ոք չէր գնա: Այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Որովհետև այդ սրճարանները գումարով են լինելու: Հետևաբար մարդիկ չեն կարողանա գնալ ամեն օր, քանի որ գումար չունեն, իսկ ինչո՞ւ գումար չունեն, որովհետև աշխատանք չկա, իսկ ինչո՞ւ աշխատանք չկա… Այդ հարցին ես անզոր եմ պատասխանել: Ինքս էլ կցանկանայի, որ Զոդում շատ լինեն աշխատատեղերը: Ասեմ ավելին, Զոդում կա մի կիսակառույց դպրոց, որը այդպես էլ չկառուցվեց ու կասկածում եմ, որ երբևէ կկառուցվի: Շենքի հիմքը սխալ է դրված՝ ճահճի վրա: Ու եթե շարունակեն կառուցել, շենքը կփլվի:

Չգիտեմ, այդ անտեսվածության պատճառով է, թե չէ, բայց երբ մայրուղու վրա անգամ ցուցանակ չկա, որ ցույց տա, որ մոտակա բնակավայրը Զոդն է: Հաճախ մարդիկ հարցնում են, թե որտեղ է Զոդը: Մեկ-մեկ մտածում եմ, որ հենց ցուցանակը հայտնվի, Զոդում կյանքը կսկսի փոխվել:

Լուսաձոր

Յուրաքանչյուր մարդ սիրում է իր գյուղը յուրովի: Մեր գյուղը ուրիշ գյուղերից տարբերվում է նրանով, որ իր բնակչության քանակով համարվում է Հայաստանի փոքր գյուղերից մեկը: Առաջին հայացքից կարող է թվալ, թե Լուսաձորի շրջակայքը շատ աղքատ է  հուշարձաններով, սակայն իրականում այդպես չէ, քանի որ անցյալում դեպի իրենց են կանչել ավելի երևելի այլ վայրեր և հուշարձաններ: Անտառամիջի արահետով, որը շատ հին է, ձիավորները անգամ հիմա էլ Լուսաձորից գնում են Ենոքավան՝ անցնելով գետի մյուս ափը: Ուղիղ գծով մեր գյուղից մի քիչ հեռավորության վրա է գտնվում Ախպրաքարը: Այնտեղ տանող արահետը շատ դժվարին վերելք է: Ախպրաքար անվան բացատրությունը մեր գյուղացիները կապել են աղբյուրի հետ: Իմ գյուղում շատ մեծ հետաքրքրություն է ներկայացնում ժամանակների հարվածից խարխլված եկեղեցին, որը հիմնականում անմշակ քարերով է կերտված: Վերջին տարիներին եկեղեցին վերակառուցեցին: Հիմա մեր գյուղացիները ամեն կիրակի այցելում են Սուրբ Գրիգորի Խաչ եկեղեցին: Ահա այսպիսի հետաքրքիր վայրեր կան այն գյուղում, որտես ես ծնվել ու ապրում եմ:

Ազատամուտ

Լուսանկարը՝ Սուսաննա Մարդումյանի

Լուսանկարը՝ Սուսաննա Մարդումյանի

Ես ծնվել եմ Շամշադինի շրջանի Բերդ քաղաքում: Կյանքիս առաջին երեք տարիներն անց եմ կացրել Վերին Կարմիրաղբյուր գյուղում: Այն տարածված է յոթ բլուրների վրա: Շատ բարձրադիր գյուղ է, կարծես ամպերը կախված լինեն հենց նրա գլխին: Ունի շատ գեղեցիկ և հետաքրքիր բնություն: Ես իմ գյուղը համարում եմ այն: Այժմ ես բնակվում եմ Ազատամուտ գյուղում: Այն իր հարակից գյուղերի նկատմամբ ցածրադիր է: Նախկինում ունեցել է ավանի կարգավիճակ, որը կառուցված է եղել «Բետոնիտ» գործարանի աշխատողների համար: Հետագայում գործարանը դադարել է աշխատել, մարդիկ սեփականաշնորհել են իրենց բնակարանները: Գյուղում առանձնատներն այնքան էլ շատ չեն, հիմնականում շենքեր են: Ճիշտ է, Ազատամուտն ունի գյուղի կարգավիճակ, սակայն մարդիկ հիմնականում ապրում են քաղաքային կյանքով: Այստեղ արտասովոր ոչինչ չկա, սակայն շատ եմ սիրում իմ բնակավայրը:

Գյուղն ունի խնդիրներ, որոնցից առավել հրատապ են խմելու ջրի և օդի աղտոտվածության խնդիրը: Մեր բակում կա աղբյուր, որից օգտվում են բնակիչների մեծ մասը: Անցյալ տարի աղբյուրի ջուրը կտրվել էր, և մենք՝ բնակիչներս, ստիպված էինք ջուր բերել բավականին հեռու գտնվող աղբյուրից: Ամիսներ շարունակ ջուր էինք կրում:

Ոչ պակաս հուզող խնդիր է օդի աղտոտվածության խնդիրը: Աշխատանք չունենալու պատճառով շատերն ածուխ են պատրաստում, որպեսզի կարողանան օրվա հացի փող աշխատել: Ածուխ արտադրելու հետևանքով օդն աղտոտվում է, ծուխը թանձր մառախուղի նման պատում է ամբողջ գյուղը: Երբ գյուղին նայում ես բարձր վայրից, գրեթե ոչինչ պարզ չի երևում, քանի որ ողջ գյուղը պատված է լինում ծխով:  Շատ հաճախ այդ ծխի պատճառով հնարավոր չի լինում անգամ պատուհան բացել:

Այնուամենայնիվ, սիրում եմ բնակավայրս:

Իմ գյուղը

Ես ուրիշ կերպ եմ կապված իմ գյուղի հետ: Միշտ իսկական հանգստությունը գտնում եմ այնտեղ: Գյուղը գտնվում է Սևանի ափին, և ճիշտ է, շատ հեռու է Երևանից, բայց աշխատում ենք շուտ-շուտ գնալ: Չգիտեմ, ինձ թվում է, որ միայն գյուղից չէ: Տատիկներս ու պապիկներս ապրում են այնտեղ, և մեր կապն այնքան ամուր է ու ջերմ, որ շատ ենք կարոտում ու ամեն հնարավոր դեպքում այցելում ենք նրանց և աշխատում, ինչքան հնարավոր է, երկար մնալ և զգալ նրանց սերն ու ջերմությունը: Միշտ շատ երեխաներով ենք գնում և այնքան ուրախ անցկացնում օրերը, որ չենք էլ զգում, թե ինչքան արագ է անցնում ժամանակը:

Երբ փոքր էի և շատ ժամանակ ունեի, այնտեղ մնում էի ամբողջ ամառային արձակուրդներին: Եվ երեք ամիս հետո վերադառնում էի քաղաք մեծ դժվարությամբ: Ամբողջ կյանքում էլ այն կմնա ինձ համար ամենաթանկ վայրը,ամենասիրելի անկյունը: Ու միշտ մտածել եմ, որ ամենալավ գյուղն է իմ գյուղը:

Զբոսանք Աշտարակով

Լուսանկարը՝ Վեներա Գրիշյանի

Լուսանկարը՝ Վեներա Գրիշյանի

Քաղաք, որի փողոցային լապտերները վառվում են յոթին, բայց անջատվում տասնմեկին, երբ դեռ կեսգիշեր էլ չէ: Գուցե հենց նրա համար, որ այստեղ օրը հենց այդ ժամին էլ ավարտվում է:  Բայց հետո փորձեցի պատկերացնել, թե այստեղ այդ ժամին ուր կարող եմ գնալ, և հասկացա , որ եթե այստեղ քիչ են ժամանցային վայրերը, էլ ում են պետք գիշերային լույսերը:  Չկան շատ ժամանցային վայրեր գուցե հենց այն պատճառով, որ Աշտարակը հեռու է մայրաքաղաքից  ընդամենը քսան կիլոմետր, և մարդիկ կարիք չեն զգում կառուցել առանձին Աշտարակին հատուկ վայրեր:

Ու թեպետ քաղաքը աչքի չի ընկնում նեոնային լույսերով, և թվում է, թե մեռած է, բայց առավոտը այստեղ մաքուր օդով է, իսկ նրանց, ում հաջողվել է ապրել հենց Քասախ գետին շատ մոտ՝ նաև գետի ձայնով: Այստեղ կան փողոցներ, որտեղով կարելի է քայլել, և երկինքը այնքան էլ տեսանելի չլինի, որովհետև երկու կողմերից փակում են հնամյա  ծառերը:

Աշտարակը լեռնային եկեղեցիներով, ասֆալտով, ժամանակակից ավտոմեքենաներով և խանութներով քաղաք է, որտեղ կարելի է լսել նաև աքլորի կանչ:

Լուսանկարը՝ Վեներա Գրիշյանի

Լուսանկարը՝ Վեներա Գրիշյանի