Իմ էջը խորագրի արխիվներ

emanina

Ես ձկնորս եմ երևի

Ինչ հիանալի օր է, իսկ ես շտապում եմ պարապմունքի: Քայլերս արագ-արագ գցելով ավելի եմ արագացնում ընթացքս և մարդկանց ամբոխը ճեղքելով առաջանում եմ: Հանկարծ դիմացս մի աղջիկ է դուրս գալիս և, չկարողանալով կանգ առնել, բախումը նրա հետ անխուսափելի է դառնում: Ընկնում եմ գետնին, և աղջնակը մոտենում է ինձ և հարցնում:

-Կներես, հանկարծակիի եկա:

-Ես էի մեղավորը, ոչինչ, ի՞նչ է անունդ:

-Թերեզա,- պատասխանեց նա,- իսկ դո՞ւ, դո՞ւ ով ես:

-Ո՞վ եմ ես,- կրկնեցի նրան:

Հաճախ եմ տվել ինձ այս հարցը, սակայն պատասխանը այդպես էլ չեմ գտել: Այս անգամ չցանկացա թողնեմ անպատասխան և փորձեցի գտնել այն: Ես… Ես… Հըմմմ, չեմ կարող ասել: Չեմ կարող խոսել իմ մասին, քանի դեռ ես ինքս ինձ լիովին չեմ ճանաչում: Իսկ եթե հարցնենք ուրիշի՞ն:

-Ո՞վ է Էմանինան:

-Ահ, այն աղջիկը, որ միշտ նստում է շարքի վերջում, մտերիմ չեմ հետը:

-Ի՞նչ: Էմանինա՞: Հա, երևի Էմիլիան… Գիտեմ նրան, երբ ինձ տեսնում է, գալիս է և սկսում է անվերջ խոսել հետս:

-Այն «դինջ», կարճ մազերով աղջիկը, որ միշտ հեռախոսի մեջ մտած է և չի կարողանում կտրվել սոցցանցերից:

-Էմանինան, շատ եմ սիրում նրան, շատ դրական և ազատ աղջիկ է, չնայած իր ազատությունը երբեմն խանգարում է մեզ շփվել:

-Ախ, նա շատ ձանձրալի և փակ անձնավորություն է` անհետաքրքիր մտքերով:

Կամ ասենք.

-Չկա նրա նման ուրիշը. հասկացող, ճիշտ խորհուրդներ տվող, կարճ ասած, ինքնատիպ և անունով, և բնավորությամբ:

Սա եմ ես, բայց այդպես էլ չհասկացա այս պատասխաններից որ մեկն եմ ես: Իսկ ինձ թվում է… Թվում է ես ձկնորս եմ: Այո այո, հենց ձկնորս: Հիմա կբացատրեմ, թե ինչու: Երբ նրանք գնում են ձկնորսության, ձկանը բռնելու համար կարթին ամրացնում են խայծ` որդ: Որդ, քանի որ դա է դուր գալիս ձկանը, այլ ոչ թե քաղցրավենիք, ինչը դուր է գալիս ձկնորսին: Այդպես էլ ես` ամեն մարդու հետ շփվելու ընթացքում հագնում եմ այդ մարդուն սիրելի բնավորության գծերս: Այդ պատճառով էլ ամեն մարդ տարբեր կարծիք ունի իմ մասին:

Իսկ ես ես ի՞նչ կարծիք ունեմ: Միգուցե ես արդեն 9-րդ կյա՞նքս եմ ապրում, և այս բոլոր իմ մեջ ապրող Էմանինաները այդ կյանքերից մնացած գծե՞րն են: Իսկապես չգիտեմ, թե ով եմ ես: Իսկ եթե հենց ինքներդ ցանկանաք դա պարզաբանե՞լ:

Իսկ եթե լուրջ խոսենք, ես սովորական աղջիկ եմ ինչպես բոլորը: Հաճախում եմ դպրոց, որը այդքան էլ չեմ սիրում և անհամբեր սպասում եմ ավարտելուս, 9-րդ դասարանցի եմ: Սիրում եմ նկարել (առավելագույնը, ինչ կարողանում եմ նկարել, մարդուկն է), սակայն նկարում եմ, ծիծաղում նկարներիս վրա: Սիրում եմ լուսանկարել ամեն ինչ, մանրուքներից մինչև այնպիսի բաներ, որոնք տեսախցիկումս չեն տեղավորվում, սակայն չեմ սիրում դրանք ցուցադրել ընկերներիս:

Ես շատ սովորական եմ, ինչպես բոլորը, սակայն ամենքս էլ ունենք մի տարօրինակություն: Չէ որ, եթե չունես տարօրինակություններ, ուրեմն դու իսկապես տարօրինակ ես: Իսկ ես տարօրինակ եմ, քանի որ իմ տարօրինակությունները չափ ու սահման չունեն: Չնայած դրան, ես նաև շատ եմ սիրում երևակայել, որը իմ իրականությունից կտրվելու միակ միջոցն է: Ես չեմ սիրում, երբ իմ կյանքում հետաքրքիր բան չի լինում, այդ ժամանակ ես սկսում եմ երևակայել մինչև իրականությունը դառնա հետաքրքիր: Ահա այսպիսի մարդ եմ ես:

Ես Էմանինան եմ: Երկար վերլուծելուց հետո ես մտքերս իմի բերեցի, հասկացա, և արդյունքում ստացվեց մի բան` ուշացա պարապմունքից:

anahit ghazaxecyan lori

Կարճալիք սեր

Դե, երկու ժամ հո պարապ չե՞մ նստելու. Վանաձոր-Երևան ուղևորափոխադրիչի մեջ մեկ էլ հանկարծ ու սիրահարվում եմ: Դե, էդքան էլ հանկարծ չի, ուղղակի մեկ-մեկ վարորդը Ազնավուր կամ Քուին է լսում, մեկ-մեկ էլ ականջակալներումդ Բրելն է փսփսում, ու հնար չկա: Իմ սիրած նստարանին նստում եմ, մինչև աչքս, ը՜մ, չէ, սիրտս՝ մեկի ընկնելը: Մեկի ձայնը շնչակտուր վազում է ինչ-որ երգչի լացկան տողերի վրայով, ու ուղեղիս չգիտեմ՝ որ կետում, ուղիղ երկու ժամ աշխատում ՝ ձայնին համապատասխան դիմագիծ գծել: Ես լավ նկարիչ չեմ, դրա համար էլ ոտքերիս դրած շարֆը հանկարծ գետնին չեմ գցում ՝ շրջվելու ու դիմագիծը ճիշտ ընկալելու համար: Սուսուփուս բավարարվում եմ ականջիս հասած մի երկու բառով: 

Ես սիրահարված եմ Վանաձոր-Երևան երթուղայինին, սիրահարված եմ մարդկանց լռությանը, կանաչադեղնավուն աչքերին ու ամեն րոպե ընդհատվող Բրելի ձայնին:

Սիրուն են ճանապարհները, շատ են սիրուն, բայց ամենալավն էն է, որ չես հասցնում պատուհանից նայել:

Էդ օրը կարճալիք, կարճլիկ մի բան մարդկանց շրջանցելով մի կերպ անցավ (ինձ թվաց՝ իմ կողքով էլ կանցնի) ու կանգնեց-մնաց: Մտքումս ասում եմ . «Հը՜ն, ուրիշ բան չունե՞ս անելու», ականջակալներիս միջից միանգամից հասնում է .”Why, she? Had to go I don’t know, she wouldn’t say”…

Պսպղուն աչքերը նորից թաքուն նայում են, ու էս անգամ փորձում եմ մի անգամ ի պատասխան նայել: Լավ, մի անգամ, ի՞նչ կլինի որ: Սպասում եմ: Ու միանգամից հայացքս հայտնվում է բիբերի մեջ: Ես զգում եմ այտերիս կարմիր կտրելը: Հետո կամաց-կամաց ուզում եմ ճանապարհը ձգվի, երկարի, Վանաձոր-Երևան գնալը երկու ժամվա փոխարեն դառնա չորս, հետո ավելի, հետո` էլի:

Ես սիրուց բուժվող տեսակ եմ, մեկ-մեկ սիրելս  ամենաշատը կես ժամ է տևում (կներե՞ն ինձ մարդիկ, որ կեսժամանոց զգացածս սեր եմ անվանում, հետն էլ` երթուղայինում), հետո մեկ-մեկ կհիշեմ… Մեկ-մեկ…

Հեռախոսիս ձայնից վեր եմ թռչում, միտքս չեմ ավարտում, մեկ էլ դեղնավուն աչքերը պսպղոցով դեպի ինձ են շրջվում ու կտրուկ (երևի արագ էր ասում, որ չկմկմա) ասում.

-Սթինգ եք լսում, հա՞:

-Սթինգ, հըմ, դե որ ասեմ` շատ, էդքան էլ չէ, բայց զանգիս երգը ամենաշատն եմ սիրում, ամբողջ օրը կլսեմ: Երևի:

Ես ժպտում եմ, ուզում եմ թաքուն ժպտամ, որովհետև չգիտեմ ՝ ինչի եմ ժպտում, որովհետև չեմ ուզում ժպտալ: Բայց չի շրջվում: Հայացքը ինչ-որ մեկը վերցրել, սոսնձել է դեպի իմ կողմը:

«Այ, իսկ եթե տեղս ուրիշը լիներ, էլի էսպես նայելո՞ւ էր: Չէէ,  լավ չէ, հիմար բաներ եմ մտածում»:

-Կներես, իսկ ո՞ր երգն էր: Ինչ-որ տեղը չբերեցի:

(Դու-ով անծանոթի հետ խոսո՞ւմ են բայց):

-You love her, but she loves someone else:

Վերնագիրը, իրականում, “I love her..”-ով է, ես տողերից մեկն ասացի, չէ-չէ, դիտմամբ չասացի, բայց ինքը անակնկալի եկավ: Մի տեսակ փոխվեց ինչ-որ բան: Ես չգիտեմ, հաստատ չգիտեմ ՝ ինչու շարունակեցի.

-Հրաշք բան ա, մեկ էլ “Untill”-ը կլսեք:

Երևի հատուկ օգտագործածս հոգնակի թիվը ականջը ծակեց, ու ինչ-որ բան ասաց շատ կամաց, բան չհասկացա:

-Կներեք, ի՞նչ:

-Արամ: Ես Արամն եմ:

Արամ: Գիտե՞ս, երկար, շատ երկար եմ մտածել՝ մարդիկ հանկարծ, զուտ կյանքի ընթացքի հետ նույն ճանապարհի՞ն են ընկնում, նույն ժամին, նույն տեղը հանդիպում, թե՞ ինչ-որ մեկը կա, որ էսպես ձեռքներից բռնում, իրար մոտ կանգնեցնում է, հետո անփույթ ասում.

-Մնացածն էլ ձեր գործն է՝  ոնց ուզում եք:

Էլ բան չի ասում, թողնում սուսուփուս հեռանում է: Հավատո՞ւմ ես, Արա՛մ, կա՞ր էդպիսի բան: Քեզ ինչ-որ մեկը ստիպե՞ց Սթինգի մասին հարցնել: Իսկ ի՞նձ… Ինչ-որ մեկը շնչիս կանգնե՞լ էր ՝ աչքերս մի անգամ բարձրացնելու համար:

Ես ճակատագրին չեմ հավատում, բայց չեմ էլ ուզում գիտակցել մեր պատահական հանդիպումը:

Այ, էդպես չէի ուզում գիտակցել կանգառը: Կանգառը եթե իմանա ՝ ինչքան մարդկանց է բաժանել (էլ չեմ խոսում հավեժ բաժանման մասին), երևի գլուխն առնի, փախչի: Բայց հեռանալու տեղ պիտի լինի ամեն դեպքում, չէ՞: Հեռանալը տեղ պիտի ունենա, հեռացումն էլ պիտի լինի, որ ընկալենք հանդիպում:

Ճանապարհին հասցնում եմ ասել, որ Եսենինին եմ շատ սիրում ու մի օր կասմունքեմ: Ճանապարհին ամեն բան պտտվում էր անորոշ «մի օր»-ի շուրջը:

Կարճալիք ինչ-որ բան մեջիցս դուրս չի գալիս: Երկար-երկար ժամանակ է ստվերի պես քայլում է հետս, ամեն օր սպասում ինչ-որ մեկին, որից պոկվել, բայց չբաժանվելով կարվել է ինձ, ու հիմա լողում է մեր միջև… Կարճալիք այդ բանին ի՞նչ են անվանում, մարդիկ… Ի՞նչ… Մի՞թե… Սե՞ր…

Sargis մելքօնյան

Այն, ինչ երեկ զենք էր, այսօր ուտելիք է…

Բոլորովին վերջերս, երբ նկատեցի, որ  ծառերի վրայից արդեն  թափվել են բողբոջները, ու հայտնվել են ցոգոլները, ակամայից հիշեցի հինգ-վեց տարեկան ժամանակներս, երբ թաղի երեխեքով դուրս էինք գալիս փողոց ու «խաղում»: Ինչու «խաղում», որովհետև խաղալիս միշտ աղմկում էինք ուրախությունից և ազդում հարևանների նյարդերի վրա՝ անկախ այն փաստից, որ իրենց երեխան էլ էր խաղում: Խաղում էինք ամեն  տեսակի խաղեր՝ գործնագործ, ֆուտբոլ, վոլեյբոլ, իննուկ, տասնուկ, ռեզին, պարան, հալա-մուլա, պահմտոցի, յոթ քար,  քսանհինգ, խոզուկ… Ու կռիվ-կռիվ՝ հատկապես ապրիլ-մայիս ամիսներին: Կռիվ-կռիվ խաղում էին բոլորը՝ անկախ սեռից, տարիքից ու ժամանակի առկայությունից: Խաղում էինք հատուկ  ձևով: Բաժանվում էինք երկու խմբի: Հավաքում էինք  «զենք-զինամթերք»՝  ինչքան շատ, այնքան լավ, ու թաքնվում էինք պատերի արանքներում (մի զարմացեք, գյուղում կան տներ, որոնց հիմնական պատերը իրարից երեսուն- երեսունհինգ սանտիմետր են հեռու), մեծ ծառերի հետևում, ծառերի ճյուղերի, տանիքների վրա, գոմերի մեջ: Հետո թիմերից մեկի հրամանատարը ազդարարում էր խաղի սկիզբը երգելով ու ասելով .

-Առաջ, առաջ, առաջ մարտի՜:

Տեսնենք,  թե ո՞վ կհաղթի…

Դրանից հետո դուրս էին գալիս հետախույզները՝ ընդ որում, երկու թիմերից էլ, ու մնացած թաքնվածները պետք է հավաքած «զենք-զինամթերքով» (ցոգոլներով) հարվածեին հետախույզներին, մինչև գերի վերցնելը: Այնուհետև սկսում էին ծավալվել հիմնական գործողությունները՝ դուրս էին գալիս հանդիպակած մարտի: Ու այստեղ սկսվում էր ցոգոլների անձրևը՝ վա՜յ, գլուխս… Ա՜խ, ձեռքս… Ա՜, ա՜, ա՜, վա՜յ, մամա ջան… Իսկ շատ փոքրերը՝ իմ նման՝ ը՜հ, ը՜հ, ը՜հ, ա՜… Լացում էին անդադար…

Երեկոյան փողոցը կանաչ էր, ծառերը՝ մերկ, աչքերը՝ կապույտ և արցունքոտ: Տրամադրությունը՞… Տրամադրությունը՝ բարձր, չնայած վնասվածքներին… Ախ, մեծերի՜նը…  Այլևս փողոց չթողնելու…

Մի երկու տարի առաջ էլի հիշել էինք մանկությունը: Ափսոս, ամառ էր, թե չէ, էլի ցոգոլակռիվ կխաղայինք: Բայց դե ոչինչ չէր կարող կանգնեցնել մեզ… Խաղացինք հասած,  կարմիր բալերով: Օրվա վերջում շորերը ու ամեն ինչ փողոցում կարմրել էին… Դրանից հետո իրոք մեզ մի քանի օր փողոց չթողեցին: Մենք էինք անում լվացքը, արդուկը ու ողջ բերքահավաքը՝ որպես պատիժ…  Այն, ինչ երեկ զենք էր, այսօր հաճույքով ուտում ենք՝ հիշելով ցոգոլային պատերազմն ու դրա հետևանքները …

hermine zaqaryan

Եկեք տարբեր լինենք

Մարդիկ շատ հետաքրքիր արարածներ են և նման են իրար ոչ միայն արտաքինով, այլև նաև արարքներով: Հետաքրքիր է, չէ՞: Երեկ ես քայլում էի Սիսիանի մարդաշատ հրապարակով, և մտածում էի. հաստատ ես կամ էստեղ գտնվող մարդկանցից ոչ մեկը չի գոռա, չի պարի, չի ծիծաղի, չի խոսի, չի երգի ու շատ այսպիսի «չի»-եր: Բայց ո՞րն է դրա պատճառը: Մի՞թե պարելը, երգելը, ծիծաղելը վատ բաներ են: Ոչ, բայց բոլորիս համար ընդհանուր ինչ-որ կանոններ են ստեղծված: Կարելի է ասել` չգրված կանոններ, բայց մի՞թե մենք չենք կարող ապրել ինքներս մեր կանոններով, թե՞ այդպես կարգ ու կանոն չի լինի: Բայց հիմա էլ չկա այդ կարգ ու կանոնը: Ո՞րն է ավելի լավ` ապրել ուրախ, կարգ ու կանոնով, թե՞ տխուր: Կամ եթե ինչ-որ մեկը որոշում է ինքը ստեղծել իր կանոնները, մենք չենք ընդունում, փորձում ենք փոխել, դարձնել մեզ նման: Բայց ինչո՞ւ, ո՞րն է դրա իմաստը: 

Մարդիկ չեն ընդունում, որ իրար նման են, թեկուզ ինչ-որ բաներով: Բայց ո՞վ է ասել, որ մենք պետք է լինենք նման: Օրինակ, մեզնից ո՞ր մեկը կմտածեր, որ կծած խնձոր կարելի է պատկերել հեռախոսի վրա: Բայց այսօր աշխարհի բնակչության մեծ մասը օգտագործում է այդ հեռախոսները: Եկեք անենք ինչ-որ մեր սիրտն է ուզում, եկեք տարբեր լինենք և միգուցե մենք էլ մի այդպիսի գաղափարի հեղինակ դառնանք:

Եկեք նման չլինենք մյուսներին, այս նման աշխարհում եկեք տարբեր լինենք:

nane davtyan

Իմ մանկության ուղեկիցները

Մի տեսակ հիշողության շունչ եմ զգում, չգիտեմ՝ ինչո՞ւ, ումի՞ց, բայց զգում եմ: Հիմա էլ խաղալիքներս եմ հիշել, որ մայրս գաղտնի տանում ու նետում էր թաղամասին մոտիկ ձորը, ու երբ խաղալիքներս չէի գտնում, վազում էի ձորը՝ խաղալիքներիս տոպրակը փնտրելու: Գնում էի` ինքս իմ մեջ նրանց խնդրելով, որ մի քիչ էլ դիմանան, մինչև հասնեմ: 

Անվախ մարտիկի նման իջնում էի, փնտրում ու հետ բերում, մորս պատկերացումներով, տան երեսին շաղ տված «զիբիլներին»՝ իմ բարեկամներին: Տոպրակից հանում էի շնչհեղձ եղած ընկերներիս, լողացնում, տուն տանում: Հետո նստեցնում էի իրենց տեղերում: Տիկնիկներով չէի խաղում, պարզապես պիտի նրանց իրենց տեղերում նստած տեսնեի: Սիրում էի ամեն բան իր տեղում լինի…

Հիշում եմ նաև մեր բակի ավազե թումբը, որը ինձ հնարավորություն էր տալիս զարկ տալ երևակայությանս և սարքել ամենաանհավանական մեծ ու սիրուն տնակը՝ մեծ պատշգամբով, աստիճաններով ու քարե մարդկանցով: Հիշում եմ մայրիկիս դժգոհ դեմքը, երբ տեսնում էր իր ավազացեխոտ, մազերը աչքերին ընկած, թափթփված շրջազգեստով ու ճարտարապետի հպարտ հայացքով աղջկան:

Հիմա արդեն չեմ խաղում ո՛չ տիկնիկներով, ո՛չ էլ տնակներ պատրաստում, բայց ամեն անգամ, երբ աչքս ընկնում է պատուհանագոգին նստած տիկնիկներին, մանկությունս կինոժապավենի նման անցնում է աչքերիս առաջով, ես լուռ ժպտում եմ…

gohar zaqaryan

Չէ մի չէ…

-Գոհա՜ր, Գոհար, ուշացար, այ բալա, հե՛լ…
-Է՜հ մամ, էլի դպրո՞ց:
-Չէ հա, ի՞նչ դպրոց, նոր զանգեցին ասեցին` մի ամիս շուտ են արձակուրդ տալիս:
-Ո՞նց մամ, հիմա ի՞նչ, արձակո՞ւրդ ենք:
-Հա, հա, բայց մի քնի: Գնում ենք Ջերմուկ՝ ճոպանուղի նստենք:
-Հա ՞, դե հեսա` հագնվեմ գամ:

Հասանք Ջերմուկ…

-Դե, դու մենակ գնա նստի: Հենց կիջնես` մենք կնստենք:
-Լավ:

Նստեցի, ու ճոպանուղին շարժվեց: Հանկարծ լարը կտրվեց և նստարանը բացեց թևերը, սկսեցինք թռչել: Գլուխս բարձրացրի, տեսնեմ` երկինքը գունավոր է, և այնտեղ ճախրում են թիթեռներն ու փերիները: Ուզում եմ բռնել մեկին: Թու՜, չի ստացվում, բարձրանում են… Ոտքս պատահաբար դրեցի նստարանի թևերից մեկին, երկուսն էլ կոտրվեցին, սկսեցի ընկնել:

Աչքերս բացեցի, շուրջս վարդեր ու կակաչներ են: Վեր կացա, ձեռքս բռնեց շիկահեր, կապուտաչյա փոքրիկ և տարավ: Այնքան գեղեցիկ էր փոքրիկը, որ ինքնամոռաց հետևում էի նրան, չզգացի էլ, թե ինչպես մի ակնթարթում ամենինչ փոխվեց: Երկինքը սևացավ, շուրջս հրդեհ բռնկվեց, փոքրիկը մեծացավ, դարձավ վիթխարի հրեշ: Սկսեցի գոռգոռալ, սակայն ոչ ոք չէր լսում: Հրեշը բացեց բերանը, ցանկանում էր ինձ ուտել: Հենց այդ պահին հայտնվեց մի բարձրահասակ և վայելչակազմ երիտասարդ և սպանեց հրեշին: Գնանք` ասաց նա և բռնեց ձեռքիցս …

-Գոհա՜ր, վեր կաց:

-Մամ գնում ենք ճոպանուղի նստե՞նք:

-Չէ մի չէ` Ամերիկա: Վեր կաց, դասի ես…

sona zaqaryan

Ովքեր են ընկերները

Շատերս ենք մեզ տվել  հետևյալ հարցը` ովքեր են ընկերները, ու փորձել ենք պատասխանել: Երբեմն կարողացել ենք, երբեմն` ոչ:
Օրինակ, ոմանց կարծիքով, իսկական ընկերը պետք է հավատարիմ ու նվիրված  լինի, ոմանք էլ մտածում են, որ նա պետք է լինի ազնիվ, համեստ, լավ դաստիարակված: Ոմանց էլ բավարարում է հումորի լավ զգացումը: Բոլորս էլ ունենք ընկերներ, և այդ ընկերների քանակը շատ է մեր կյանքում, բայց միայն քանակը: Իմ  կարծիքով, ընկերները բաժանվում են երեք խմբի`ընկերներ, «ընկերներ» և ԸՆԿԵՐՆԵՐ… Եվ   բոլորն էլ մեզ շատ են օգնում կյանքում:

Առաջին խմբի  ընկերները միշտ ուրախացնում են մեզ, նրանց հետ մենք հաճելի պահեր ենք անցկացնում, ինչու չէ, նաև սովորեցնում ու սովորում ենք նրանցից:

Երկրորդ խմբի «ընկերները» նույնպես օգնում են մեզ: Այո’, այո’, մի զարմացեք, հենց նրանց շնորհիվ է, որ մենք սովորում ենք ուժեղ լինել և համառորեն հասնել մեր նպատակներին: Ճիշտ է, հիասթափություն ապրելն այդքան էլ հաճելի չէ, բայց  հասկանում ենք, որ կյանքը միշտ պայծառ ու գունավոր չի լինում, և պետք է նաև դժվարություններ հաղթահարել: Շատերն այս «ընկերների» հանդեպ թշնամությամբ են լցվում, բայց ես հակառակը` թշնամությամբ չեմ լցվում: Հենց նրանց  շնորհիվ է, որ ես կյանքից շատ բան եմ հասկացել ու հիմա էլ հասկանում եմ:

Երրորդ խմբում այն  ԸՆԿԵՐՆԵՐՆ են, ովքեր մեզ հետ են թե’ ուրախ, թե’ տխուր պահերին: Նրանք մեզ ուժ են տալիս և միշտ մեր կողքին են: Ճիշտ է, քիչ են, բայց կարևորը, որ կան, ու միշտ մեզ հետ են:                                                                                                                                            Լինում են պահեր, երբ մտածում ես, որ միայն դու կարող ես լինել քո ԸՆԿԵՐԸ, ինքդ քեզ հասկանալ, հուսադրել և առաջ շարժվել: Հաճախ, հենց այդպես էլ լինում է: Բայց երբեք մի’ հուսահատվեք, հավատացե’ք, որ իսկական ընկերություն գոյություն ունի, և եթե դեռ չեք գտել ձեր իսկական ընկերոջը, սպասեք նրան, նա անպայման կգա…

Հ.Գ. Վերջում ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել ընկերներիս, «ընկերներիս» և ԸՆԿԵՐՆԵՐԻՍ: Անկախ ամեն ինչից, դուք նոր գույներ եք բերել իմ կյանք:

boris israyelyan

Ձմերուկները

Հորեղբորս հետ շատ մտերիմ էի, շատ էի սիրում նրան, նա էլ` ինձ: Դարձյալ հիշողության մի փոքրիկ պատառ, որ երբեք չեմ մոռանա` չնայած, որ շատ փոքր էի: Ամռան շոգ օրերից մեկն էր: Հիշում եմ` դաշտից խոտ էինք բերել: Հայրիկս, հորեղբայրս ու քեռիս խոտն էին դատարկում, ես էլ թափված խոտերն էի հավաքում, երբ նկատեցի ձմերուկի մեքենան:

-Ձմերու՜կ, ձմերու՜կ, ձմերու՜կ…- բարձր գոռում էր վարորդը:

-Հոպա՜ր, ա’յ հոպար…

-Հա°, ապեր ջան (ինձ ապեր էր ասում):

-Հոպար, ձմերուկ չե՞ս ուզում:

Հորեղբայրս լուռ ու տխուր հայացքով մեկ`ինձ , մեկ` գնացող մեքենային նայեց, (միայն տարիներ հետո հասկացա, թե ինչու նա ձայն չհանեց`դաշտից եկող մարդու մոտ որտեղի°ց պիտի փող լիներ ): Վազեցի տուն, ու կանչեցի պապիին:

-Պապի,՜ այ պապի,՜ ձմերուկ են ծախում, արի’ առնենք:

-Գնա ասա’, թող մեքենան կանգնի, փող վերցնեմ` գամ:

Պապիկը ձմերուկը գնեց ու, երբ ուրախ-ուրախ վերցրեցի, որ գնամ տուն, նորից հորեղբորս տխուր հայացքը տեսա, հասկացա, որ շատ է տխրել, որ չկարողացավ ձմերուկ գնել:

Հաջորդ օրը առավոտյան, հիշում եմ, որ հոպարիս տրակտորի լաֆետից` բեռնաթափքից, ձմերուկներն ինչքան իջեցնում էինք, այնքան ավելի շատ էր երևում աչքիս: Բոլոր ընկերներս եկել էին ինձ օգնելու, ու այդ պահին ես աշխարհի ամենաերջանիկ մարդն էի…

-Տեսե՜ք` ինչ հոպար ունեմ, աշխարհը չունի,- ասում էի ու նկատում, թե ինչպես էին նրա աչքերը փայլում ուրախությունից` ինձ երջանկացնելու ուրախությունից …

…Ինչքա՜ն լավ օրեր էին, երանի մի ակնթարթով նորից վերադառնայի անցյալ: Հասկանում եմ, որ դա երբեք չի լինի… ժամանակի մեքենան չի կանգնում ու ոչ էլ հետ է գնում, միայն առաջ է շարժվում` միակ բանն աշխարհում, որ չես կարող կառավարել:

Ես շատ հպարտ եմ, որ ունեցել եմ լավ ՀՈՊԱՐ, ով ինձ համար պատրաստ էր ամեն ինչի:

Կարոտում եմ շատ…

mher tumanyan-2

Առաջին խիզախությունս

Բավականին փոքր էի, երբ կատարվեց այն, ինչի մասին ուզում եմ պատմել: Ամառ էր: Ինչպես ամեն տարի, գնացել էինք գյուղ` հանգստանալու: Ավելի ճիշտ` քաղաքի խժդժոցից հանգստանալու: Օրը դեռ չէր կիսվել, երբ ես ու հորեղբայրս դուրս եկանք տնից, նստեցինք մեր հին ու բարի «Վիլիսը» և գնացինք գյուղի մյուս կողմում գտնվող այգին, ինչ-որ բաներ ցանել-հավաքելու:

Փոքր էի, կարճ ժամանակ անց հոգնեցի ու նեղացած նստեցի մեքենայի մեջ (նեղացած էի բոլորից, բայց ինքս էլ չգիտեի, թե ինչու): Ու քանի որ շատ ժամանակ ունեի, որոշեցի ուսումնասիրել տարածքը: Քայլում ու փորձում էի ինչ-որ արտասովոր բան հիշել` հետդարձի ճամփան գտնելու համար: Իրո’ք, շատ գեղեցիկ է մեր բնությունը: Այն գրավում է բոլորին`փոքրից մեծ: Գնացի այնքան, մինչև հասա մի աղբյուրի, ջուր խմեցի ու արագ-արագ հետ դարձա: Արդեն բավականին ժամանակ էր անցել: Երբ տեղ հասա, հորեղբայրս դեռ այգում էր, դեռ փորում ու փխրեցնում էր հողը: Ինձ վատ զգացի, երբ տեսա ինչքան է աշխատել: Վատ զգացի, որ թողել ու գնացել էի: Չնայած ինձ հանգստացնում էի էն մտքով, որ եթե մնայի, միևնույնն է, ոչնչով չէի օգնելու: Գնացի պատմելու, թե ինչեր եմ տեսել ճանապարհին` երևի ինչ-որ չափով մեղքս քավելու համար:

Արդեն բավականին ուշ էր, երբ նստեցինք մեքենան ու ճանապարհ ընկանք: Շատ չէինք գնացել, երբ ծխի ու կրակի մեջ հայտնվեցինք: Ծխի քուլաների մեջ մի կերպ նշմարվում էին գյուղացիներից մի քանիսը: Ճանապարհի եզրը ամբողջ տարածքով այրվում էր: Արագ-արագ դուրս եկանք մեքենայից, ու ձեռքի տակ ընկած ճյուղերով, միացանք գյուղացիներին: Ես չգիտեի` ինչ անել, սկզբում անգամ վախենում էի, բայց նայելով հորեղբորս սկսեցի կրկնօրինակել: Ճյուղերով խփում էինք կրակի շիթերին` չթողնելով, որ այն տարածվի: Հրշեջներին կանչելն ուղղակի անիմաստ էր: Ամենամոտ հրշեջ կայանը գյուղից հեռու է մոտ 20 կիլոմետր: Մինչև հասնեին, մենք արդեն հանգցրած կլինեինք: Շատ չտևեց, մոտ 20-30 րոպե, բայց այդքանն էլ բավական էր, որ ինձ հերոս զգայի: Մի պահ նույնիսկ մտածեցի, որ ինձնից շատ բան է կախված և սկսեցի ավելի արագ և ուժեղ հարվածել: Որոշ վնասվածքներ ստանալով մեզ հաջողվեց հանգցնել կրակը: Երբ տուն հասանք, առաջինը նկատեցի մորս զարմացած ու վախեցած հայացքը` ամբողջ դեմքս ծխի ու մրի մեջ էր: Արագ լվացվեցի ու սկսեցի պատմել «հերոսություններիս» մասին: Բոլորն ուրախացան, համենայնդեպս, ինձ այդպես թվաց: Ես էլ ինձ լավ զգացի, որ չնայած մենակ էի թողել հորեղբորս, բայց փոխարենը լավ գործ էի արել, թեկուզ փոքր:

Դժվար ընտրություն

Կյանքում կան շատ կարևոր բաներ, որոնց հասնելը շատ հեշտ և շատ դժվար է: Օրինակ, դու ավարտում ես դպրոցը և, ցանկություն ունենալով ուսումդ շարունակել որևէ բուհում, սկսում ես դրա վրա կենտրոնանալ, պարապել օրն ի բուն, որ բարեհաջող հանձնես քննություններդ և ընդունվես: Ինչո՞ւ եմ այս ամենը գրում:

Երբ ես ավարտեցի դպրոցը և ընդունվեցի ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետ, ինձ թե՛ ուսուցիչներս, և թե՛ ծնողներս ասում էին. «Հանկարծ ուսման կեսից չամուսնանաս: Ամուսնանալը միշտ էլ կա, կավարտես՝  նոր»: Իսկ ես ասում էի. «Ի՞նչ ամուսնանալ, ես պիտի ավարտեմ, աշխատանքի տեղավորվեմ` նոր»: Բայց արի ու տես, որ ես իմ խոստման տերը չեղա: Երբ բախտը դուռդ թակում է, չի նայում ոչնչի: Ես երկրորդ կուրսում ամուսնացա: Ամուսնությունիցս անցել է մեկ տարի, և հիմա ունեմ երկու  ամսական որդի: Հիմա ուսումս շարունակում եմ, բայց միշտ մտածում եմ. «Ո՞րն էր ճիշտ. Ավարտեի, նո՞ր ընտանիք կազմեի՞, թե՞… »: Կարծում եմ, կարևոր չէ, թե ինչ կարգավիճակում ես: Կարևորն այն է, որ քեզ գտնես և՛ ուսման մեջ, և՛ ընտանիքում: Երկուսն էլ կարևոր են ինձ համար, սակայն ինչ էլ որ լինի, անկախ նրանից. կավարտես թե չէ, եթե վստահ ես, որ կարող ես երեխաներիդ լավ մարդ դաստիարակել, ուրեմն դու ունես ամենաբարձր կրթությունը:

Այսօր, երբ ծանր օրեր է ապրում մեր ազգը, ես կարծում եմ ամենակարևորը զավակ ունենալն ու զավակ դաստիարակելն է: