Իմ էջը խորագրի արխիվներ

hasmik givargizyan

Գրկախառնություն

Գրկախառնություն: Կարդա  այս բառը և՛ս մեկ անգամ՝ բայց ո՛չ մտքում: Հաճելի է, չէ՞: Ջերմություն եմ զգում, ջերմացնում է այն միտքը, որ կարող եմ արթնանալ ու գրկել այն մարդկանց, որոնց սիրում եմ: Բայց որքանո՞վ են մեր այդ մտքերն ու ցանկություններն իրականություն դառնում, ավելի ճիշտ, որքանո՞վ ենք իրականություն դարձնում: Հաստատ ասել չեմ կարող, բայց յուրաքանչյուրը, ով հիմա կարդում է սա, կարող է տալ իրեն մի պարզ հարց և ստանալ պատասխանը:

-Իսկ ինչո՞ւ ես առավոտյան չգրկեցի մայրիկիս կամ ընտանիքիս մյուս անդամներին:

Կուզե՞ս օգնեմ քեզ գտնել պատասխանը: Գուցե դու ամաչեցիր ցույց տալ զգացումներդ, գուցե անհարմար զգացիր՝ պատկերացնելով այդ տեսարանը, կամ վախեցար, որ մայրդ կարող է ասել.

-Էս ո՞նց եղավ, կարոտեցի՞ր, թե՞բան է պետք:

Եվ իրոք անհարմար կլինի: Այդ իրավիճակից խուսափելու համար դու կարող ես գրկել նրան ո՛չ միայն նրա տարեդարձի օրը կամ մեկ այլ առիթով: Գրկի՛ր նրան դպրոցից (համալսարանից, աշխատանքից) վերադառնալիս կամ գնալիս, գրկի՛ր նրան առանց պատճառի, գրկի՛ր նրան ի սրտե… Եվ ոչ միայն նրան:

Երբ մենք գրկում ենք որևէ մեկին, շատ դեպքերում դրանք կա՛մ հրաժեշտի, կա՛մ ողջույնի գրկախառնություններ են: Ուրեմն ինչո՞ւ չկոտրել այդ սառցե պատը: Նայիր շուրջդ, ո՞վ կա կողքիդ, վե՛ր կաց ու գրկիր նրան, կարող ես արդարանալ նրանով, որ պարզապես ցանկություն ունեցար նրան գրկելու: Չե՞ս անում, քո գործն է: Ամեն դեպքում, դու չես կարող ասել, թե ինչ կլինի 5 րոպեից, 1 ժամից, վաղը… Մեր բոլոր պլանները կարող են փլվել մեկ վայրկյանում: Կարող է պատահել, որ վաղը դու այդ հնարավորությունը չունենաս, և այդ ժամանակ դու գուցե հասկանաս ինձ, գուցե զղջաս…

Գրկախառնություն: Կարդա այս բառը և՛ս մեկ անգամ, բայց ո՛չ մտքում: Հաճելի է, չէ՞…

seryoja baboyan

Բորիսի հետ

Երևի բոլորն էլ ունեն ընկերներ, ավելին` լավ ընկերներ, և ես այդ մարդկանց ցանկի մեջ եմ մտնում, որովհետև ունեմ լավ ընկեր, լավագույն ընկեր։ Ընկերս Մալիշկայի թղթակիցներից է՝ Բորիսը։ Ես նրան առաջին անգամ հանդիպեցի 2006 թվականի սեպտեմբերի մեկին, ժամը չեմ հիշում։ Ու այնտեղից էլ սկսվեց մեր ընկերությունը։ Մենք միշտ իրար հետ ենք ամենակարևոր և հետաքրքիր պահերին։ 

Ժողովրդի մեջ կա այսպիսի խոսք` «Լավ ընկերները չեն կռվում», ես համաձայն չեմ դրա հետ, որովհետև այդ կռիվները և վեճերը թույլ են տալիս մարդկանց ավելի լավ ճանաչել միմյանց, չնայած մենք իրար հետ չենք կռվում։ Մեր վեճերը տևում են մեկ-երկու րոպե և շատ չանցած հաշտվում ենք։ Իմ և Բորիսի մտքերը համարյա թե միշտ համընկնում են։ Ինչպես բոլոր ընկերները, այնպես էլ մենք, անհաջողությունների մեջ ենք ընկնում իրար հետ, կարճ ասած, մենք անհաջողությունների կենտրոնում ենք։ Մենք ուսուցիչների կողմից պատժվում ենք միասին, խրախուսվում ենք միասին ու ջարդում-փշրում ենք միասին։

Արկածները մեզանից անպակաս են, ավելի ճիշտ մենք ենք գնում դեպի այդ արկածները։ Մի անգամ ես ու Բորիսը պայթուցիկ կամ ինչպես ասում են, «բոմբ» էինք վառել ու գցել դպրոցի միջանցքներից մեկում, այս անգամ ֆիզիկան մեզ դավաճանեց և ձայնի արձագանքման պատճառով այդ պայթուցիկի ձայնը եռակի բարձր լսվեց: Դա մեր առաջին անխելքությունն էր։ Այդ օրը դպրոցի տնօրենի կողմից ստացանք «դպրոցի ահաբեկիչներ» կոչումը։ Այդ ոչ խրախուսական կոչումը շատ երկար չմնաց մեզ վրա, իսկ թե ինչու, այ, դա չեմ կարող ասել։

Դպրոցում միշտ ուսուցիչները շփոթում են իմ ու Բորիսի անունները, ինձ ասում են Բորիս, Բորիսին՝ Սերյոժա։ Այդ նույն ուսուցիչները մեզ ճանաչում են արդեն տասը տարի։ Ու մի բան էլ, Բորի՛ս, եթե կարդում ես նյութս, շուտ իջիր մեր թաղ։

Մարինե Ղահրամանյան

Ոչ միայն ապրել

Ես ու հայրս հաճախ ենք զրուցում իրար հետ տարբեր թեմաներով: Սիրում եմ տարբեր հարցեր տալ ու ստանալ  ինձ հուզող հարցերի պատասխանը:

Հայրս աշխատում է պայմանագրային զինծառայող: Նա 15 օր գնում է սահման պահում, 15 օր տանը լինում: Մեկ-մեկ մտածում եմ, թե ինչպես է անցնում նրանց առօրյան:

Հերթական անգամ հայրս աշխատանքից տուն եկավ, և մենք ինչպես միշտ, սկսեցինք զրուցել: Ես նրան մի քանի հարց տվեցի:

-Հայրիկ, սահմանում ինչպես է անցնում ձեր առօրյան:

Հայրս պատասխանեց.

-Դիրքերում կա ժամանցի անկյուն: Ազատ ժամանակ շաշկի, շախմատ ենք խաղում, լուրեր ենք լսում: Ճիշտ է, լարվածություն լինում է, բայց աշխատում ենք թոթափենք այդ լարվածությունը:

-Իսկ սիրո՞ւմ ես քո աշխատանքը:

-Սիրով եմ կատարում իմ պարտականությունները, որովհետև գիտակցում եմ, որ տվյալ հատվածը իմ պատասխանատվութjան տակ է: Կարևորում եմ խաղաղությունը, իմանալով, որ իմ թիկունքում իմ ընտանիքն է, իմ գյուղը:

Հայրիկիս խնդրեցի պատմել իր մանկությունից:

-Մանկությունս անցկացրել եմ շատ հետաքրքիր, անհոգ, որովհետև պայմանները ավելի նպաստավոր են եղել, կրակոցներ չեն եղել:

Հայրս ասում է, որ երբեք չի մտածել հեռանալ իր ծննդավայրից` գյուղ Ներքին Կարմիրաղբյուրից, որովհետև քաջ գիտակցելով, որ եթե որպես այս գյուղի բնակիչ թողնի իր ծննդավայրը, ապա օտար մարդ չի գա շենացնի գյուղը:

-Եթե մենք չենք գնում, դա դեռ բավական չէ: Պետք է աշխատել գյուղը դարձնել գրավիչ թե’ զբոսաշրջիկների, թե’ ապրելու համար:

Շատ հետաքրքիր զրույց ունեցա հայրիկիս հետ: Հայրս պատմում էր, թե ինչպես կարելի է գյուղը շենացնել, ինչ լավ կլինի կյանքը, եթե կրակոցները վերջանան:

Ես էլ եմ հայրիկիս պես մտածում:

նարեկ բաբայան

Ժպտալով

Արձակուրդները վերջապես ավարտվեցին։ Հիշում եմ արձակուրդային վերջին օրս։ Արթնացա գրեթե կեսօրին ու անցա գործերիս։ Գործեր ասելով իհարկե նկատի ունեմ համակարգիչս։ Համակարգչի մոտ նստած էի, երբ լսեցի այս խոսքերը․

-Նարեկ, իջի աստիճանների տակից պայուսակդ բեր, որ մաքրեմ,- այս խոսքերից հետո, ես, ինչքան էլ կարոտած լինեի դպրոցը, միանգամից հիշեցի դպրոցիս 9 տարիները, ու էլի արձակուրդ ուզեցի։

-Իջա։

Բերեցի պայուսակս, այն անսովոր թեթև էր։ Նետեցի հատակին ու վերադարձա «գործիս»։ Դե, ես իհարկե գիտեի, որ այդ «գործս» երկար չի տևի։ Այդպես էլ եղավ։

-Գնա գրքերդ դասավորի։

Գնացի, նստեցի հատակին ու տեսա այդ գույնզգույն ու միաժամանակ գույնը կորցրած գրքերը։ Վերցրի առաջին գիրքը, երկրաչափությունն էր։ Մի պահ ինձ հնէաբան զգացի, կարծես մտած լինեի մի մեծ քարանձավի մեջ ու պեղումներից հետո հինավուրց գիրք գտած լինեի։ Վրան ինչ-որ անհասկանալի բաներ, նշաններ և այլն։ Էսպես, խորհրդավոր վերցրեցի ձեռքս, վրայի փոշին փչեցի, ինչպես ֆիլմերում է, ու բացեցի։ Ինչպես կազմի վրա, այնպես էլ գրքի մեջ։ Ոչինչ չհասկացա։ «Ո՞ւր ենք հասել», «Սա ի՞նչ է», «Վայ, ծանոթ թիվ»։ Մոտավորապես այսպիսի իրադրություն էր։ Այդպես աչքի տակով անցկացրի, դասավորեցի բոլոր գրքերս։ Մինչև երեկո զբաղված էի իմ կարևոր «գործով»։ Քնելուց առաջ որոշեցի չար կատակ անել հաջորդ օրվա ինձ հետ։ Զարթուցիչը դրեցի ժամը 7-ի վրա։

Ինձ համար սավառնում եմ երկնքով, հանկարծ մի թռչուն եկավ մոտս ու սկսեց ծնգծնգալ։ Զարթուցիչս էր։ Նկատելով, որ չեմ լսում իրեն, մտել էր երազիս մեջ։ Աչքերս բացեցի ու ոչինչ չտեսա։ Մութ էր։ Մի կերպ շոշափեցի հեռախոսս ու անջատեցի այդ չարախինդ ծնգոցը։ Արթնացա 7։30-ին։ Անկախ ինձնից տրամադրությունս չափից ավելի բարձր էր։ Դեռ մութ էր, մի կերպ գտա շորերս, հագա ու դուրս եկա սենյակիցս։ Այդ պահին, չգիտես որտեղից, չգիտես ինչու մտքիս եկավ հնդկական երգի մի անհասկանալի բառ։ Այդ բառը անիմաստ կրկնելով գնացի խոհանոց։ Ժպիտը դեմքիցս անպակաս էր։ Ժպտալով մտա լողասենյակ, ժպտալով նախաճաշեցի, տան դուռը ժպտալով բացեցի, ժպտալով մրսեցի ու ժպտալով գնացի դասի․․․

Հ․Գ․ Մինչև հիմա ժպտում եմ: Արդեն երկու շաբաթ է: Ձեզ էլ խորհուրդ կտամ։ Ախր, շատ լավ բան է։

Փոքրիկ Իշխանը

(Հասցեն՝ տիեզերք)

Եթե դու կարդում ես այս նյութը, ուրեմն պիտի որ սիրես ընթերցանությունը, իսկ եթե ես սխալվում եմ, կարող ես չշարունակել, որովհետեւ  հիմա պատմելու եմ մի գրքի մասին, որը ավելի շատ բան է սովորեցնում, քան դպրոցական որեւէ դասագիրք: Խոսքս Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխանը» գրքի մասին է:

Ես հազիվ դպրոցահասակ էի, երբ առաջին անգամ ճանաչեցի Իշխանին՝ իհարկե չհասկանալով այնպես, ինչպես պետք էր: Այնպես որ, եթե մեկ անգամ կարդալով` գիրքը քեզ ոչինչ չի տվել, դեռևս պետք չէ հուսահատվել:

Իմ երկրորդ հանդիպումը ավելի լուրջ ծանոթություն էր. այդ ընթացքում ես սովորեցի ճանաչել ինձ, մարդկանց, աշխարհը: Սա արդեն մեծ քայլ էր: Հետո եկավ երրորդը. այդ ժամանակ պարզապես ապրում էի ամեն տողն ու բառը, որովհետև իսկապես հասկանում էի: Իսկ այն, ինչ հասկանում ես, պիտի որ գոնե մի փոքր սիրես: «Փոքրիկ Իշխանը» այն գիրքն է, որն անվերջ կարելի է վերընթերցել, և եթե դու կարդացել ես այն՝ գոնե մի քիչ հասկանալով, ապա անպայման կհամաձայնես ինձ հետ, իսկ եթե ոչ, ուրեմն շտապի՜ր:

Իմ գրասեղանին, օրինակ, միշտ երևում է Փոքրիկը, որի հետ մի քանի անգամ ճամփորդել եմ տիեզերքում, նույնիսկ հանդիպել այն թռչունին, որին մանկություն են անվանում: Մեծերը սիրում են անուններ տալ, այնինչ բաներ կան, որոնց չի կարելի բառեր վերագրել. զգացողությունը ավելին է, քան…

Իշխանի տիեզերքում բազում մոլորակներ կան: Ես, օրինակ, սիրում եմ Հինգերորդը, որտեղ դեռ ապրում է ծեր լապտերավառը: Մեկ օրվա ընթացքում նա 1440 անգամ դիմավորում է մայրամուտը, բայց, ցավոք, շատ է հոգնած լինում: Երբեմն մենք էլ հոգնած լինելով չենք նկատում ամենագեղեցիկը, որ մեր կողքին է հենց: Բայց ես երբեմն շտապում եմ տանիք, երբ տխուր եմ լինում, որովհետև Իշխանն ինձ սովորեցրել է՝ երբ տխուր ես, լավ է վերջալույսին նայելը: Հավատա՛ նրան, նա երբեք չի խաբում: Նա սովորեցնում է լինել ազնիվ թե խոսքերի մեջ, թե արարքներում, տեսնել բարին և գնահատել այն, սովորեցնում է ընտելանալ, ասել է թե՝ կապվել, և երբեք վատը չփնտրել դրա մեջ: Մենք կապվում ենք մեր մարդկանց, և քաղաքները, որտեղ նրանք են, դառնում են հարազատ: Ի՞նչ վատ է հարազատ քաղաքներ կամ մոլորակներ ունենալը: Կապվում ենք մեր կենդանիների հետ, ինչպես Իշխանը՝ իր աղվեսի, ովքեր հավատարիմ են ավելի, քան մենք:

-Ու որքա՜ն հրաշալի կլինի, երբ ընտելացնես ինձ. ոսկեգույն ցորենն ինձ կսկսի հիշեցնել քո մասին, ու ես կսիրեմ քամուց օրորվող հասկերի խշշոցը, – մի անգամ ասաց աղվեսը ու չսխալվեց:

Եթե դու ուզում ես տեսնել Իշխանին, նրա հասցեն տիեզերքն է, ավելի ստույգ՝ Աստղակերպ B-612-ը, բայց այնտեղ հասնելու համար պետք է անպայման կարդալ և մի լավ հասկանալ և ոչ մի դեպքում չմոռանալ նրան: Պետք է հաճախ վերադառնալ Իշխանին. ինչպես մենք, այնպես էլ նա, միշտ ունի լավ ընկերոջ կարիք, ով պատրաստ կլինի լսել իրեն ու օգնել գտնելու բոլոր հարցերի ամենաճիշտ պատասխանները: Ւսկ այդ պատասխանները ճիշտ ընտելացնելու և մեկընդմիշտ պատասխանատու լինելու մեջ են: Պատասխանատու լինենք միմյանց նկատմամբ եւ չվախենանք անկեղծ ընկեր լինելուց: Ի վերջո բոլորիս մեջ էլ ապրում է մի փոքրիկ իշխան, ում ոչ մի մեծահասակ երբեք չի կարողանա հասկանալ…

Իմ սիրած մեջբերումները «Փոքրիկ Իշխանից»

1. Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է կարգի բերես նաև քո մոլորակը:

2. Միայն երեխաները գիտեն, թե ինչ են փնտրում:

3. Մեծահասակները երբեք և ոչինչ չեն հասկանում, իսկ երեխաների համար շատ է հոգնեցուցիչ, երբ ստիպված են լինում ամեն ինչ նրանց բացատրել ու գլուխները մտցնել:

4. Մարդիկ արդեն ժամանակ չունեն որևէ բան իմանալու համար: Նրանք հիմա իրերն էլ պատրաստի են գնում խանութներում: Բայց չէ՞ որ չկան այնպիսի խանութներ, որտեղ հնարավոր լինի բարեկամներ վաճառել, և հենց դրա համար էլ մարդիկ այլևս բարեկամներ չունեն: Եթե ուզում ես բարեկամ ունենալ, ընտելացրու ինձ:

5. Երբ թողնում ես, որ քեզ ընտելացնեն, հետո դրա համար կարող է և լաս:

6. Քո վարդը քեզ համար այդքան թանկ է, որովհետև դու նրան տվել ես քո ամբողջ հոգին:

7. Միայն սիրտն է սրատես: Ամենագխավորը աչքով չես տեսնի:

8. Շատ խորհրդավոր ու առեղծվածային է արցունքների աշխարհը:

9. – Կուզեի իմանալ, թե աստղերը ինչո՞ւ են փայլում,- մտածեց նա: – Այդ երևի նրա համար է, որ վաղ թե ուշ ամեն մարդ իր աստղը գտնի:

10 .– Էլ մի ձգձգիր, դա անտանելի է…Եթե որոշել ես գնալ՝ գնա:

nane eghiazaryan

Ինչպես դառնալ հռչակավոր

Նստած գիրք էի կարդում և, երբ վերջացրի ու փակեցի գիրքը, աչքս ընկավ նրա կազմի վրա գրված թռչնատառերին` «Ալեքսանդր Դյումա»: Այս անունը կարդալով հանկարծ սկսեցի ինքս ինձ քննարկել նրան: Մարդ է ինձ նման, ունի ինձ նման անուն ազգանուն, բայց նա համաշխարհային գրականության մեջ հռչակավոր մարդկանցից մեկն է: Ի՞նչ կա որ: Ո՞նց թե` ինչ կա: Ա՜խ, ես էլ կուզեի նրա նման մտքի թռիչք ու երևակայություն ունենալ, և երևի այդ ժամանակ ես էլ կկարողանայի այդպիսի հիանալի պատմություններ գրել:

Բայց դե, ես` ես եմ, իսկ այդ զարմանահրաշ մարդը` ինքը: Էլ ո՞վ կա, որ այդքան հռչակավոր է: Օ՜, այո, նրանք շատ-շատ են: Ու միայն գրականությամբ զբաղվողներ չեն: Կան գիտնականներ, որոնցից մեկի անունը ինձ շատ ծիծաղաշարժ թվաց՝ Գալիլեո Գալիլեյ, բայց չնայած դրան, նա շատ մեծ հռչակ ունի: Իսկ իմ ամենասիրելի գիտնականը Իսահակ Նյուտոնն է, նա էլ է հանճար:

Հռչակավոր արքաներ կան, ռազմիկներ և արտիստներ: Դե, ես էլ կուզենայի այդ հռչակավորներից մեկը լինել: Ախր, ո՞վ չէր ուզի: Բայց իմ կարծիքով դեռ ուշ չէ, հը՞: Կարող եմ լինել, ասենք, հռչակավոր դերասան: Չէ՜, ինձանից դերասան դուրս չի գա, իսկ պարուհի՞: Ո՛չ, դա էլ հաստատ չի ստացվի: Էլ ի՞նչ եմ կարողանում անել: Իսկ միգուցե փորձեմ բանաստե՞ղծ դառնալ: Ի՞նչ կասես: Ո՛չ, ոչ մի բանաստեղծ: Ես ինչքան հռչակավոր և ինձ շատ սիրելի բանաստեղծներ ունեմ, մեծ մասը դժբախտությունից է սկսել գրել: Միգուցե այդ բանաստեղծները շատ լավ գործեր ունեն, բայց հո Դուրյանն իր «Լճակը» իր տանը հանգիստ նստած բազմոցին, սուրճ խմելիս բանաստեղծը չի՞ գրել: Տառապել է, չէ՞:

Եվ այսպես, ի՞նչ հռչակ եմ ես ուզում: Միգուցե ինձ պետք չի՞ հիմա նստել ու հռչակի մասին մտածել, հը՞ն: Գուցե մեծանամ, դառնամ լավ մարդ, միգուցե իմ հռչակն էլ հենց լավ մարդ լինե՞լը լինի:

-Նանե, դասերդ վերջացրե՞լ ես:

Հանկարծ կանչեց հայրս, իսկ ես միանգամից վեր թռա տեղիցս, կիսատ թողեցի փառքի ու հռչակի մասին մտածմունքներս, հուսալով, որ հետո կշարունակեմ, գնացի դասերս սովորելու: Ինչ էլ անես, առանց սովորելու հռչակ չես ձեռք բերի:

Օրը երկուշաբթի էր

Օրը երկուշաբթի էր: Կրկին դասեր: Սովորականի պես գնացինք դպրոց, սովորականի պես անցանք դասերին, բայց այ, երկրորդ ժամը այդքան էլ իր սովորական հունով չէր ընթանում: Ինչո՞ւ, որովհետեւ տղաները պլան էին մշակում դասից փախչելու: Կարծես մեղվի փեթակ լիներ, ամեն մեկը որոշում էր իր անելիքը: Ի տարբերություն տղաների, մենք` աղջիկներս, միայն գործի ավարտին ենք մասնակցում, երբ արդեն ամեն ինչ պատրաստ է լինում եւ մնում է միայն իրագործելը: Կարելի է ասել, որ մեր դասարանում հիմնականում ամեն բան տղաների գլխավորությամբ է կատարվում, որովհետեւ բոլորիս կարծիքով դա է ճիշտը: Ավելի լավ, մեր գործերը հեշտացնում են:

Մի խոսքով, ցուցակը եւ ծրագիրը արդեն պատրաստ էր, հերթը հասավ մեզ տեղեկացնելուն, թե երբ, որտեղից և ինչպես ենք փախչելու:

Ահա և եկավ սպասված պահը: Խումբ-խումբ էինք գնալու, ու հենց դրա պատճառով ամեն բան ձախողվեց: Ես չհասկացա, թե ինչպես մի մասին հաջողվեց դպրոցից դուրս գալ, իսկ մյուսին` ոչ: Այն մասը, որը դրսում էր, ես էլ նրանց հետ միասին, ցուցակն էինք կարդում և տեսնում, թե ով է ներկա և ով` ոչ: Երբ հասկացանք, որ ոչ բոլորն են ներկա, որոշեցինք հետ գնալ, որովհետեւ դասարանով փախչելը մի տեղ հասկանալի էր, իսկ անհատական կամ ավելի ճիշտ, մասնակի փախուստը` ոչ: Քանի որ ոչ բոլորն էին համաձայն հետ դարձի տարբերակին, որոշեցինք մեր պլանի երկրորդ մասը իրականացնել առանց դասարանի մյուս մասի: Գնացինք այգի, լավ պտտվեցինք, ուրախացանք, հաջորդ օրվա արդարացումը մտածեցինք և գնացինք տներով:

Ասեմ, որ հիանալի ժամանակ անցկացրեցինք և մի գրամ անգամ չզջացինք:

mane m sargsyan

Իսկ ե՞ս, իսկ նա՞

Ինչպե՞ս փոխել ամեն ինչ, ինչպե՞ս դառնալ ուրիշ, ինչպե՞ս մոռանալ և մի քանի րոպեով վերանալ: Դառնալ անտարբեր և համարել, որ աշխարհում բացի քեզանից էլ ոչ ոք չկա, դու ես միայն և քո մտքերը: Այն մտքերը, որոնց մեջ կարող ես ուղղակի խորտակվել, որովհետև նրանք այնքան շատ են: Շատ են և տարբեր, բազմաբովանդակ և բազմաոճ: Սկսում եմ մտածել պարապմունքներիս մասին, և այդ պահին հարձակման են անցնում ստեղծագործական մտքերը, նրանք կարողանում են հաղթել և հարմար դիրքավորվել: 

«Մի՞թե հնարավոր է ապրել առանց նրա,
Մի՞թե առանց նրա կավարտվի կյանքը,
Մի՞թե միայնակ ապրել չենք կարող,
Նա թող գնա, առանց նրա ազատ եմ…»

Բայց շատ չանցած գալիս է այն միտքը, որից առավել շատ էի խուսափում՝ ապագա, ընդունելություն, մասնագիտություն…

Բայց այս ամենի մեջ ամենածիծաղելին այն է, որ ես հասցնում եմ միանգամից մտածել բոլորի մասին էլ: Գլխուղեղիս յուրաքանչյուր բլթով սկսում եմ ծանրութեթև անել, հասկանալ, կամ էլ` չհասկանալով «թերթել» այդ էջը, և անցնում եմ հաջորդին: Հաջորդ մասում ինձ անհամբեր սպասում են գլյուկոզը, զարկերակը, պլանարիան և կրկին ապագան…

Սովորական մտքեր, որոնք ինձ պաշարում են ամեն օր: Եվ ես, ինչպես բարեհամբույր անձնավորություն, նրանց դիմավորում եմ առանց բողոքելու և առանց կոպտելու: Նրանք արդեն իմն են, իմ սեփականը…

Ընդունում եմ յուրաքանչյուրին էլ, առանց տարբերություն դնելու, միայն նա է գալիս առանց հրավերքի: Բայց ես չեմ կարող բարկանալ նրա վրա, քանի որ նա կգնա և այլևս չի գա, իսկ ես առանց նրա չեմ կարող: Հերթական անգամ նա եկավ, և առանց դուռը թակելու ներս մտավ: Նա դրա իրավունքն ունի, ես եմ նրան նման արտոնություններ ընձեռել: Այդ խորհրդավոր «նա»-ն իմ Մուսան է:

«Կապված ենք առհավետ…
Նա կգա-կգնա, բայց ես չեմ սովորի ատել,
Չեմ սովորի ստել և արհամարհել,
Կդառնամ միայն խաբկանքների «օթևան»:
Կդառնամ անսիրտ, բայց «հալվող» սրտով…»

Հիմա գրում եմ և կրկին իմ գլխուղեղում պայքար է գնում:

-Ինչո՞ւ նա: Բա ե՞ս, իսկ Միտոքոնդրիո՞ւմը:
-Ես եմ կարևորը, դուք երկրորդական եք:

Ծիծաղելի է, սակայն հենց այսպիսինն է իմ գլխուղեղը: Այն օրգանը, որն ամենակարևորն է մարդու ապրելու և գործելու համար: Այն օրգանը, որը ղեկավարում է մարդու գործունեությունը, ուրից դուրս են գալիս 12 զույգ խառը գանգուղեղային նյարդեր: Հիմա կրկին հարձակում սկսվեց: Մեկ րոպե…

MnO2+4HCl= MnCl2+ Cl2+ 2H2O

Ահա, սա էլ արեցի: Հիմա ի՞նչ ես ուզում, այ, իմ օրգան:

«Մեկ րոպեում 16 շնչառական շարժում,
Մեկ րոպեում 75 սրտի կծկում…»

Կրկին նա եկավ` Մուսան: Ես ամեն բան մի կողմ եմ դնում ու լսում նրան:

«Կյանքը կփոխի, ժամանակը կօգնի,
Հոգին կընդիմանա, բայց կտրվի,
Կյանքը կավարտվի…
Հոգիս կարտասվի…»

Այս պարապելը շատ հաճախ մտածելու տեղիք է տալիս, ավելի շատ քան հիմա:

-Ականջս սառեց…

Ախր, դա ականջդ չէ: Դա ականջախեցիդ է: Հա, չեմ վիճում, հնարավոր է, որ այնպես մրսած լինես, որ ականջդ սառչի ամբողջությամբ՝ ներքին, միջին ականջներով հանդերձ: Բայց այս պահին դա ուղղակի ականջախեցիդ է: Դա արտաքին ականջի մաս է, որը ապահովում է ձայների ընկալումը:

Է՜խ, պարապե՞լ, թե՞ ոչ: Դա օգնո՞ւմ է, թե՞ վնասում: Գիտի միայն պարապող անձը:

Մեր գլխի մեջ

Ախր ո՞նց սկսեմ: Լավ էսպես ասեմ: Ձեր ոտքերի տակ եռում է լավան: Չորս կողմից ժայռեր են ու շիկացած քարեր: Ըհը: Քո վրա է գալիս մի լավայի ալիք, բայց դու հասցնում ես ու թռնում… Թռնում բազմոցի վրա: Հա, ու մենակ չասեք, որ չհասկացաք` ինչի մասին է խոսքը: Մենք բոլորս էլ շարժվել ենք տան միջով` պատկերացնելով, որ հատակը շիկացած լավա է, իսկ բազմոցը, աթոռները, պահարանները «փրկության կղզյակներ»: Ու մենք պիտի հասնեինք մեր մահճակալներին ու հաղթեինք էդ «խաղում»: Խաղում, որը մենակ մեր գլխի մեջ էր: Մենակ մեր աչքերն էին տեսնում էդ լավայի ալիքները ու «կղզիները»: Պատկերացրել ենք, էլի, երևակայել:

Պակերացրեք` քրքրում եք ձեր խորդանոցը ինչ-որ հետաքրքիր զբաղմունք գտնելու ակնկալիքով: Չնայած ես արդեն կասկածում եմ, որ նման զբաղմունքները մենակ ինձ ու ընկերներիս են հետաքրքրում: Լավ, ինչևէ: Ու դուք ձեր խորդանոցից գտնում եք թելեր, շշեր, բենզին, դանակներ, անպետք բանալիների շղթա, հնամաշ շորեր, լիցքաթափված մարտկոցներ, մետաղի կտորներ, փչացած տեխնիկա ու էլի լիքը բաներ: Առաջին հայացքից անպետք աղբ է: Բայց նայած` ում առաջին հայացքով: Օրինակ ես ու ընկերներս նայում ենք ու տեսնում ինքնաշեն հրթիռներ, բարձրախոսներ, հրավառություն, կրակոց ու էլի լիքը բաներ, որոնք արդեն դժվար է աղբ անվանել: Ու ոչ միայն տեսնում ենք: Անում ենք: Բայց հիմա խոսքը տեսնելու մասին ա: Կարևորը տեսնելն ա: Իսկ անելը արդեն ուրիշ հարց ա՝ հավեսի:
Երևակայության մասին ա խոսքը: Իմ ու առհասարակ մեր մանկությունը մեզ հնարավորություն է տվել երևակայել: Երբ ես փոքր էի, ոչ մեկը ոչ անձական համակարգիչ ուներ, ոչ էլ մի ուրիշ գաջեթ: Ու մենք՝ երեխաներս, էլի, մեզ զբաղեցնում էինք թաղային խաղերով: Օրինակ, հիշում եմ, փոքր ժամանակ թաղում բացել էի հրուշակեղենի խանութ, որտեղ ցեխից «թխում էինք» տարբեր տորթեր ու վաճառում: Նույնիսկ աշխատողներ ունեի, մեկին ուղարկում էի ջրի, մյուսին՝ «որակյալ հողի», իսկ մյուսին էլ տարբեր խոտերի հետևից: Տարադրամ էլ ունեինք՝ ընկուզենու տերևներ: Կասեք` ինչի՞ հենց ընկուզենու: Ես էլ կասեմ` մեր «բուդկան» ընկուզենու տակ էր:

Լավ է, ասածս ի՞նչ ա: Մանկությունը մեզ հնարավորություն տվեց երևակայել: Լավ ա, ես չկորցրի էդ շանսը, որովհետև շատ ա հիմա պետք երևակայությունը: Այսօր, երբ թվում ա, թե կա ու հայտնագործվել է հնարավոր ամեն ինչ, ինձ ու բոլորիս կփրկի միայն երևակայությունը: Հուսով եմ, գրածս ըմբռնեցիք, չնայած այնքան էլ պարզ չեմ բացատրել միտքս: Ես էլ գնամ պառկեմ` մի քիչ երևակայեմ:

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Պատասխան ապագայից

Չեք հավատա, իմ «ՆԱՄԱԿ ԻՆՁ 45 ՏԱՐԵԿԱՆ ՀԱՍԱԿՈՒՄ» նամակին ուղիղ մեկ տարի անց պատասխան ստացա։  Լիլիթից էր։ Ուզում եմ միանգամից նամակի բովանդակությունը Ձեզ  ներկայացնել։

«Բարև, թանկագինս։ Այո, ճիշտ ես, շատ եմ կարոտում։ Կարոտում եմ մեր տունը, բակը, Լոռվա գեղատեսիլ բնությունը։ Շատ կուզենայի ապրել այն միջավայրում, որը դու հիմա վայելում ես,-այս տողերը կարդալիս, ցանկություն առաջացավ ավելի շատ ժամանակ անցկացնել հարազատներիս ու ընկերներիս հետ,-կարդացի հարց-խնդրանքներդ, ու միակ բանը, որ կասեմ, հետևյալն է․միշտ հիշի՛ր, ոչ ոք այս կյանքում ձեռքերը ծալած նստելով ոչնչի չի հասնում և ոչ ոք ուրիշի  վրա  հույսը դնելով, առաջ չի քայլում։

Երբեք չդադարես սովորե՛լ, սովորե՛լ, սովորե՛լ, որովհետև դա է կյանքը հեշտ ապրելու միակ թեորեմը, դա է քո միակ գանձը, որ ոչ ոք չի կարող քեզնից տանել, դա է միակ բանալին, որով դու կկարողանաս բացել քո կյանքի բոլոր փակ դռները, և վերջապես, գիտելիքն է, որ տեսքիդ ու հոգուդ կողքին, որոնք գնալով կորցնում են իրենց թարմությունն ու երիտասարդությունը, գնալով ավելանում և երբեք չի պակասում։

Ինչպես և իմ, այնպես էլ շատ կանանց, աղջիկների  համար կատարյալ կին է համարվում հարազատ մայրը։  Իսկ ինչ վերաբերում է ինձ և իմ ապրած ժամանակներին, ես քեզ այդ մասին ոչինչ չեմ ասի։ Քեզ այս մասին պատմելով, քո կյանքը կվերածեի մի անհետաքրքիր ու ձանձրալի ֆիլմի, որը դու ևս մեկ  անգամ չէիր ցանկանա դիտել։

Իսկ այժմ սիրելիս, հրաժեշտ տալու ժամանակն է։ Հուսով եմ կմտապահես խորհուրդներս, և դրանցով իսկ կյանքում առաջ կշարժվես։ Քեզ շատ սիրում ու կարոտում եմ»։

Հենց այսօրվանից կսկսեմ անել այնպես, ինչպես խորհուրդ տվեցիր. կյանքն ապրեմ այնպես, որ հասնելով մի տարիքի, չափսոսեմ իմ ապրած անիմաստ ու հենց այնպես անցկացրած տարիների համար։ Ձեզ էլ եմ նույնը մաղթում: