Իմ էջը խորագրի արխիվներ

Կույր օրագիր

Երբ սկսում եմ մաղել հիշողությունս, հաստատ չեմ կարողանում հիշել օրերն ու դեպքերը, նույնիսկ դեմքերն եմ մոռանում, հիշում եմ միայն հայացքները: Ճամբարում էի, բացի մեր խմբից այնտեղ հանգստանում էին նաև մի քանի երեխաներ մանկատնից` իրենց ղեկավարի հետ: Աղջիկներից մեկը անընդհատ մի անկյունում նստած էր,  հայացքը՝ կծկված, տխուր, ընկճված: Ամառ էր, այդ հայացքը չէր մրսում, բայց տաքություն էլ չէր նկատվում: Չէր խոսում, մեկ-մեկ սկսում էր պատմել ինչ-որ բանի մասին, բայց մտացրիվ, բան հասկանալ չէի կարողանում:

-Լուսինե:
-Ուրախ եմ:
Ձեռքը պարզեց, ես էլ սեղմեցի ձեռքը: Սկսեց շոշափել դեմքս,  ձեռքերս:
-Ինչ գեղեցիկ ես…
Ախ, այս փոքրիկ աղջնակը հասկացավ մի բան, հասկացավ մի բան, ինչ ես 17 տարի պահանջում էի հայելուց: Իսկ ես հասկացա մի բան, հասկացա , ավելի ճիշտ բացահայտեցի, նրա գունավոր աշխարը այն գույներով, որը նա երբևէ չէր տեսել…

«Քեզ քո երազնե՞րն են մոտ թվում, թե՞ նպատակները: Ամենանպատակասլաց մարդու հետ նույնիսկ կարող եմ վիճել. իմ նպատակն ինձ ավելի մոտ է, քան նրանը: Պատճառը այն չէ, որ ես ավելի նպատակասլաց եմ , այլ այն, որ ես չեմ կարող երազել, իսկ նա միգուցե ամեն գիշեր երազում է՝ ավելի մոտենալով իր նպատակին: Իսկ իմ գիշերները դատապարտված են առանց երազ լինելու. իմ ամբողջ կյանքն է դատապարտված նման գիշեր լինելու:

Մի այդպիսի անիծված գիշեր էլ ես եմ ծնվել: Մի հարցրու մորս ու նրա սիրո մասին. դա նման է ինձ գույներ սովորեցնելուն: Իմիջիայլոց, մի քանի օր առաջ մի փոքրիկ մոտեցավ ինձ, երբ զբոսանքից հետո հանգստանում էի այգում, ու սկսեցինք զրուցել: Մանկապարտեզում գունավոր թղթեր էին նվիրել. սկսեց թղթերը ցույց տալ ու հարցնել , թե ինչ գույնի են դրանք: Ի պատասխան հարցերի, պատասխանում էի, որ սև են: Անասելի զվարճացել էր: Նույն զվարճությամբ էլ մորը պատմեց կատարվածը: Կույրս չկարողացավ տեսնել նրա մոր դեմքը, բայց օդում վախվորած արհամարհանքի ձայն զգացի:

Ա՜խ այդ մայրերը… Միգուցե մորս ինձ թողնել-հեռանալու պատճառը իմ՝ գույներ չտարբերե՞լն էր: Ու նա ինձ բերեց այնտեղ, ուր մեռնում են բոլոր գույները:

Մանկությո՞ւնս: Մանկությունս այնքան դժվար է անցել, որքան և պատանեկությունս: Ո՞վ կարող է ինձ հստակ պատասխանել՝ որտեղ է ավարտվում մանկությունը և սկսվում պատանեկությունը: Միգուցե ձեր պատանեկությունը սկսվում է, երբ սիրահարվում եք կամ սիրահարվում են ձեզ, երբ ընկերների հետ գնում եք խնջույքի կամ երբ հասկանում եք, որ ձեզ դպրոցի գնահատականները չեն հետաքրքրում, ու դուք ավելիին եք արժանի: Ես զրկված եմ եղել այդ ամենից, զրկված այնքանով, որ կարող էի տեսնել նրա դիմագծերը միայն շոշափելով նրա երեսը: Իսկ ինձ սիրահարվե՞լ…Մի´ ծիծաղեցրեք: Ինձ տեսնելիս նույնիսկ հարցնում էին՝ տղա՞ է, թե՞ աղջիկ, ուր մնաց, թե սիրահարվեին: Իսկ մի դայակի մտքով անցել էր իմ մազերը ավելի կարճ կտրել, քան մանկատան մյուս տղաներինը: Տեսնես, ինչու եմ մեղադրում դայակին՝ մազերս կարճ կտրելու համար, կամ այն բոլոր-բոլոր գեղեցիկ ձայնով տղաներին, ովքեր չսիրահարվեցին ինձ:

Իմ ամբողջ կյանքը անցել է ու երևի կանցնի ուրիշների կյանքի հետ համեմատելով: Իմ մանկությունը վերջացել է, երբ վերջացել է մյուսների մանկությունը, իմ պատանեկությունը սկսել է այն ժամանակ, երբ սկսել է մնացածի պատանեկությունը: Բոլոր դեպքերում, իմ մանկությունը ավարտվեց այն ժամանակ, երբ մնացածը վայր դրեցին իրենց խաղալիքները և սկսեցին սովորել:
-Իսկ ի՞նչ ենք անելու կույրի հետ:
-Մենք չունենք հնարավորություն հատուկ գրքեր գնելու:
Ահա և վերջ… Ուսմանս ճակատագիրը որոշված էր:
Բայց ներկա էի լինում դասերին, լսում բոլորին ու լուռ մնում, սիրում բոլորին, բայց միաժամանակ նախանձում նրանց: Նրանք ինձ ընկերներ չէին, իսկապես, բոլորի մեջ էի ու մենակ, բոլորից սիրված ու արհամարհված: Իմ ամենաիրական ընկերը մի ձայնարկիչ էր, որ արդեն հոգնել էր բոլոր այն երգերից, որոնք լսում էի օրը մի քանի անգամ: Ձայնարկիչի համար այդ երգերը, իսկ ինձ համար ձայնարկիչի բացակայությունը կատարյալ ինքնանահատակություն էր: Բայց ամեն դեպքում հայտնվեց մեկը, ում սիրեցի ավելի շատ, քան ձայնարկիչիս: Ամերիկյան ինչ-որ կազմակերպություն կամավորներ էր տրամադրում մանկատներին, բայց այնտեղից վերջինս պիտի ընտրեր մեկին, որի հետ պիտի աշխատեր: Նա հավանեց ինձ (միգուցե խղճաց, բայց ես կուզեի, որ բոլոր խղճահարությունները այդպիսի ավարտ ունենային):
13 տարեկան էի, կամ ավելի ստույգ 13 տարեկան էին իմ հասակակիցները: Ինձ ասացին, որ ինչ-որ կամավոր հետաքրքրվել է ինձանով և ուզում է աշխատել ինձ հետ: Շատ ուրախացա, բայց զարմանքս էլ պակաս չէր, բոլորը սկսեցին ինձնով հետաքրքրվել, հաճելի զրույցներ էին սկսում, ինձ տաղանդ էին նույնիսկ անվանում: Բայց թե ինչու էին ինձ երանի տալիս, չէի հասկանում: Չէի հասկանում,ես պետք է սովորեի այն ամենը, ինչ նրանք հասցրել էին սովորել այս 13 տարիների ընթացքում:
Երկու տարի, երկու երևելի տարիներ: Ուղղակի ես լիարժեք երջանիկ էի: Ես տառեր էի սովորում` հայերեն ու անգլերեն, հատուկ գրքերով: Մենք լինում էինք տարբեր վայրերում, նա ինձ պատմում էր այն բոլոր վայրերի մասին, ուր գնում էինք: Իմ պատկերացրած երկիրը ամենակատարյալն էր, քանի որ այն իրականում գոյություն չուներ:
Ամեն լավ բան իր ավարտն ունի, բայց այն նոր լավ բանի սկիզբը չէր:
Ես 15 տարեկան էի: Նորից նույն գաղջ իրականությունն է, նորից իմ ձայնարկիչը, բայց ուրիշ մարդիկ: Նրանք ավագ դպրոց էին տեղափոխվել, նորերն էին եկել այդտեղ: Ինձ թվում է` ես այստեղ հավերժ մանուկ եմ մնալու, բոլորը կգան ու կգան, իսկ ես… Ես կմնամ նույնը:

Քեզ քո երազնե՞րն են մոտ թվում, թե՞ նպատակները: Ամենանպատակասլաց մարդու հետ նույնիսկ չեմ էլ ուզում վիճել, քանի որ ես էլ նպատակներ չունեմ…»

Պատերազմը ձեռքեր ունի

Պատերազմը ձեռքեր ունի, բայց չի սրբում զինվորի արցունքը, երբ նա կորցնում է ընկերոջը, այն միայն խեղդում է կարոտը, փշրում երազանքը: Նրա փամփուշտների ոռնոցն էլ ամբողջովին խլացնում է կենդանի և անկենդան էակներին: 

Մեր լեռները լսողություն ու տեսողություն ունեն: Դրանք ավելի շատ տեղեկություններ են կրում իրենց մեջ, քան բոլոր ժամանակների արձանագրությունները: Ականջդ մոտեցրու սովորական քարի. լսո՞ւմ ես պատերազմի ձայնը, զգո՞ւմ ես  պատերազմի հոտը…Այո՛, պատերազմն էլ հոտ ունի՝քրտնքի, արյան ու հողի… Այս հողի վրա քայլելիս հաճախ չես էլ մտածում, որ տարիներ առաջ այստեղ՝ ձյան բարակ շերտի վրա, ընկավ մի զինվոր՝ արյան գույնը շաղախելով ձնծաղիկի նուրբ երանգների հետ, իսկ ձնծաղիկները հաճախ էին գունավորվում հայաստանյան կարմիրով: Ահա նորից գնդակ՝պատերազմի անգութ հրացանից արձակված… Քանի ազգ է վերացել այդ գնդակի ոռնոցից ՝դժվար է հիշել, քանի անմեղ զոհ, քանի անավարտ կյանք, քանի անկատար երազանք…
Ամեն ինչ նորից քաոսային էր, երիտասարդները նույնիսկ չունեին հնարավորություն կյանքին վարդագույն ակնոցով նայելու: Քաղաքը ընկղմված էր սև ճահճի մեջ: Ճահճի անունը պատերազմ էր: Պատերազմ  էր ամենուրեք, ամեն ինչ ներծծված էր պատերազմական սև նյութով:
Արամն էլ էր մնացած տասնիննամյա տղաների պես. կիսատ թողած ուսում ու օդից կախված հարց՝ հայրենիք: Միակ տարբերությունը այն էր, որ նա ուներ ընտանիք ու մի տղա: Որդու ծննդից երկու օր հետո Արամը սկսեց հասկանալ «հայրենիք» բառը ամենալայն իմաստով, սկսեց «ըմբոշխնել» հայրենասիրությունը՝ խրամատում կանգնած: Հենց խրամատում կանգնածներն են ամենամեծ հայրենասերները, իսկ ընկածները՝ամենամեծ հերոսները: Այո՛, հենց ընկածներն են տեսնում հաղթանակը, նույնիսկ պարտության դեպքում:
Սահամագլխին կանգնած Արամը հոգով ընտանիքի հետ էր, սրտով ու արյունով` կառչած հայոց հողին: Վերջին ժամանակներում ձեռք բերած ընկերներին Արամը կորցնում էր՝ սև հրեշի պատճառով: Նրան տագնապահար էր անում այն միտքը, որ մի օր էլ հայրենասերը կդառնա հերոս՝ հայրենիքի սահմանը արյունով գծած հերոս: Ու երեկոյան մի փոքրիկ վրանում, երբ բոլորն արդեն քնած էին, Արամը վերցնում է գրիչ և թուղթ և…
«Հերոսից՝ որդուն.
Գիտեմ՝ մոտենում է հերոսացման ժամը, որդի՛ս, արյունով գծածս կպահես պատվով…»:
Արամը, որ հիմա կրում է հերոս հոր անունը, արդեն քսան տարեկան է: Այսօր նա որոշել էր այցելել այն վայրերը, ուր տարներ առաջ մի խրամատի մեջ հայրը առաջին ու վերջին նամակը գրեց իրեն… Ամեն ինչ հիմա այլ է, միայն ձնծաղիկներն են դարձյալ բացվել…
Պատերազմը հրեշտակ ծնող հրեշ է: Իսկ ցավալին այն է, որ հրեշտակը հեշտությամբ է հասկանում այդ գորշ հրեշին:

Լուսանկարը՝ Տաթեւիկ Տեր-Հովհաննիսյանի

Իմ կրիան

Իմ կրիան իմ բարեկամն է։ Եղբայրս վաղուց էր ուզում ունենալ մի բարեկամ, որի հետ  կարող է ընկերանալ։ Հայրիկս նրան ասաց, որ եթե գերազանց սովորի, ապա մի կրիա կգնի։ Եղբայրս սկսեց եռանդուն աշխատել։ Ես, եղբայրս և հայրիկը ոգևորված շարժվում էինք դեպի շուկա։ 2009թ. էր, այսինքն, դա եղել է 6 տարի առաջ։ Գնացինք և ընտրեցինք՝ երկկենցաղ, այդտեղի ամենափոքրին և ամենաաշխույժին։ Երբ մենք գնեցինք նրան, խեղճին գցեցին ջրով լցված տոպրակի մեջ։ Փաստորեն կրիաները սնվում են ծովամթերքով։ Նաև վաճառողը մեզ ասաց, որ կրիան ձմռանը քնելու է և չպետք է նրան անհանգստացնել։ Կրիան տեղավորվեց իր ծովային տնակում։ Նա արագ ընտելացավ մեզ։ Երբ նա թխկթխկացնում է քարերի վրա, նշանակում է` սոված է, իսկ երբ ամենամեծ քարին է կանգնում, նշանակում է` ցանկանում է զբոսնել։

Առաջին օրը շատ հուզված էինք, օգոստոսն էր, և ամբողջ օրը նրանով էինք զբաղված։ Ես և եղբայրս կրիային դրեցինք սեղանի վրա, բայց  նա ընկավ սեղանից, և պատյանը մի փոքր ճաքեց։

-Վայ, ի՞նչ եղավ, Կրյուշ,-ասաց եղբայրս։

-Կրյուշ չէ, այլ Կրյոշկա,-ուղղեցի նրան ես։

Այդ օրվանից մենք նրան անվանում ենք Կրյուշ կամ Կրյոշկա։ Եղբայրս էլ որոշեց վարժեցնել նրան։ Սկզբում նա դնում էր Կրյուշին բազմոցի վրա, և մեր բարեկամը բարձրանում էր վերև առանց դժվարությունների։ Հետո եղբայրս մեջքի էր շրջում կրիային, իսկ նա հին ուղղությանն էր վերադառնում։ Եղբայրս դնում էր կրիային պատշգամբի ոչ այդքան բարձր աստիճանի դիմաց, և Կրյուշը բարձրանում էր։

Առաջին անգամ մենք Կրյուշին տարանք զբոսնելուԱռևտրի քոլեջի մոտակայքում։ Կրիան իրեն այնտեղ շատ լավ էր զգում։ Նա նաև խոտակեր է։ Մենք դրա մասին իմացանք, երբ նա սկսեց ուտել խոտատեսակներից մեկը։

Երկրորդ անգամ նա արդեն մենակ չէր։ Ընկերացավ ընկերուհուս կրիայի հետ։ Միասին զբոսնում էինք և պատմում, թե ինչ հրաշալի կենդանիներ են նրանք։

Մի անգամ նա կանգնել էր ամենամեծ քարի վրա և նայում էր շուրջը, դրանից հասկացա, որ նա ցանկանում է զբոսնել։ Բակում ցուրտ էր, ես դրեցի Կրյուշին հատակին և շարունակեցի դաս անել։ Մեկ ժամ էր անցել, և հանկարծ հիշեցի, որ կրիային դրել եմ  հատակին զբոսնելու։ Ես հարցրեցի մայրիկին, թե արդյո՞ք չի տեսել Կրյուշին, իսկ նա պատասխանեց, որ չի տեսել։ Մենք սկսեցինք ամենուրեք ման գալ նրան, իսկ հետո հայտնաբերեցինք, որ նա հեռուստացույցի տակ է։

Երբ եկավ ձմեռը, ես հիշեցի վաճառողի խոսքերը, որ կրիաները ձմռանը քնում են, և մենք նրան չանհանգստացրինք։

Արդեն վեց տարի է անցել, կրիան մեծացել է։ Ես երեկ նրան զբոսնելու տարա, շատ տաք օր էր։ Սկզբում հանգիստ և դանդաղ քայլում էր։ Անցավ 15 րոպե, և ես նրան բռնեցի, որպեսզի  տանեմ տուն։ Բայց նա անընդհատ ճանկռում էր ինձ։ Ես ենթարկվեցի նրա կամակորությանը և դրեցի հատակին։ Նա սկսեց շատ արագ վազել, այնպես, որ արդեն մտածում էի, թե կարող է փախչել դեպի բնություն։ Ես շատ վախեցա, վազեցի նրա հետևից։ Վերցրեցի նրան և շատ արագ քայլերով տարա տուն։

-Այ չարաճճի, մտածում էիր, թե ինձնից կփախչե՞ս,-խրատելով ասում էի ես։

Թեկուզ կան պահեր, երբ զայրանում եմ նրա վրա, բայց հետո հանդարտվում եմ։

ani jilavyan

Ասա ինձ, մայրիկ

-Մամ, ի՞նչ ես անում,- հարցրեցի մայրիկիս, երբ նա ինչ-որ շորեր ձեռքը եկավ սենյակ:
-Շորերն եմ դասավորում,- պատասխանեց նա,- ինչի՞ ես հարցնում, Անուկ:
-Ուղղակի քեզ ուզում եմ որոշ հարցեր տալ:
-Հիմա էլ կարող ես սկսել, շորերը մեզ չեն խանգարի,- պատասխանեց նա ժպիտով:
-Մամ, իսկ հեշտ ա՞ մամա լինելը,- ուղղեցի ես ինձ հետաքրքրող առաջին  հարցը;
-Դե էդքան էլ շատ չէ, նայած` երբ ու նայած` ինչ հարցում:
-Օրինակ, ո՞ր հարցերում հեշտ չի, ո՞ր հարցերում ա հեշտ,-շարունակեցի ես՝ չբավարարվելով պատասխանից:
-Դժվար լինում ա, երբ չես իմանում, թե երեխաներդ ի՞նչ մտածմունքներ կամ պրոբլեմներ ունեն: Կամ երբ մտածում ես նրանց ապագայի մասին: Բնականաբար ֆիզիկապես հոգնածությունն էլ ա դժվար, ոչ միայն երեխաների, այլ հենց ընտանիքի հոգսից: Մեկ էլ երեխայի փոքր տարիքում ա դժվար, երբ վազվզում ես հետևից, ուշադիր շատ պիտի լինես, որ հանկարծ մի փորձանքի չգա: Իսկ հեշտ, կոնկրետ իմ դեպքում, որ երեխեքս խելոք են, խելացի են, լավ սովորում են իրենց ուժերով:
-Մամ, բա որ Նարեկը ծնվելու էր, ավելի շատ աղջի՞կ էիք ուզում, թե՞ տղա:
-Միևնույն էր, երեխան երեխա է:
-Բա իմ ծնվելու ժամանա՞կ:
-Դե, աղջիկ էինք ուզում, բայց եթե տղա լիներ, ի՞նչ անեինք: Առհասարակ, շատերն էին ասում, որ տղա ես լինելու՝ սրտի աշխատանքը լսելով: Բայց ես, ինչպես Նարեկին էի երազում տեսել ծնվելուց առաջ, նույն ձևով էլ քեզ էի տեսել՝ աղջիկ, ու մտքումս ես երազիս էի հավատում: Իհարկե, եթե տղա լիներ, ոչինչ, երկու տղան էլ վատ չի: Ուղղակի, որ արդեն տղա ունեինք, սրտանց աղջիկ էինք ուզում:
-Ես ձեր սպասելիքներն արդարացրել եմ, էլի,-ժպիտով ասացի ես,-իսկ բաներ կայի՞ն, որ Նարեկի մոտ չի եղել, ինձ մոտ եղել է, ու էդ քեզ համար նորություն էր:
-Դու փոքր ժամանակ էլ էիր նեղացկոտ, իսկ Նարեկը էդպիսինց չէր: Եթե հանկարծ մի բանի վրա խոսում էինք, միանգամից նեղանում էիր, լացում:
-Իսկ ի՞նչ կա իմ մեջ, որ կուզեիր ուրիշ կերպ լիներ:
-Դե, նեղացկոտությունդ էդ աստիճան չլիներ: Մեկ էլ երբեմն կամակոր բաներ ունես, կուզեի մի քիչ քիչ լիներ: Որովհետև դեպքեր կան, որտեղ դա լավ է, բայց դեպքեր էլ կան, որտեղ լավ չի:
-Իսկ ի՞նչ կա, որ դուր է գալիս ու չէիր ուզի, որ փոխվեր:
-Դուր է գալիս, որ գալիս ես, պատմում ես, թե ինչ եղավ, ոնց և այլն: Կուզենամ, որ այդպես մեծ տարիքում էլ շարունակվի:
-Եթե ժամանակը հետ գնար, ես ու Նարեկը նորից փոքր լինեինք, ի՞նչը ուրիշ ձև կանեիր:
-Չգիտեմ: Իմ կարծիքով ոչինչ էլ չէի փոխի:
-Իսկ բաներ կա՞ն, որ ձեր փոքր ժամանակ եղել են, ու դու մտածել ես, որ չես անի այդպես:
-Դե, օրինակ, որ ես ու Նունեն գնացինք ջութակի, Իսիդորան չհետաքրքրվեց ում մոտ է լավ, ում մոտ արժե ուսանել: Հետո ասել էին` շատ ուժեղ դասատու կա, որ իր մոտ տանեք, լավ կլինի ավելի: Իսկ նա ասում էր` իմ աղջիկներն ընդունակ են, լավ կպարապեն: Բայց դե, ախր, դասատուից էլ է շատ բան կախված: Մեր դասատուն էլ էր լավը, բայց մյուսն այլ կերպ էր դասավանդում, ու հաստատ նրանից ավելի շատ բան կսովորեինք: Ինչո՞ւ եմ ասում այս մասին. Այդպիսի հարցերում մամայի սխալը չեմ ուզում կրկնել:
-Ի՞նչ դեպք կա ինձ հետ կապված, որ երբ հիշում ես, ուրախանում ես: Կամ թեկուզ` տխրում:
-Տխրում եմ, երբ հիշում եմ քթիդ վիրահատությունը, երբ ողջ ժամանակ ցավը զգացել էիր, բայց ծպտուն չէիր հանել: Հետո երբ արդեն վերջացրել,-մայրիկիս դեմքին տխուր արտահայտություն էր, աչքերն էլ լցված էին: Ես մոտեցա նրան, փաթաթվեցի, համբուրեցի:
-Ամեն ինչ արդեն անցյալում է, մամ: Իսկ ի՞նչ դեպք կա, որ ուրախանում ես հիշելուց:
-Դե, ուրախ շատ բան կա: Օրինակ, հենց քո համերգը: Հիշում եմ և ուրախանում, որ քեզ բեմի վրա ազատ էիր պահում,-նա նորից ժպտաց:
-Իսկ փոքր ժամանա՞կ:
-Փոքր ժամանակ ամեն ինչն էլ ուրախացնում էր. թե՛ որ երգում էիր, թե՛ որ պարում:
Շատ տպավորվել է նաև, երբ դեռ քառասուն օրեկան էլ չկայիր, խոսում էի հետդ, դու բերանդ շարժում էիր՝ ամեն կերպ փորձելով իմ նման բացել ու ձայներ էիր հանում: Ուզում էիր կրկնել նույն բանը: Ես դրանից զարմացել էի, որ  այդ տարիքում երեխան այդպես արձագանքում է:
-Էն ժամանակվանից կրկնօրինակել սիրել եմ, պարզվում է,- ծիծաղելով ասացի ես:
-Հա,- հաստատեց մայրիկս,- ուղղակի դա շատ հետաքրքիր էր, շատ ուշադիր նայում էիր, ուզում էիր ասել, կրկնել:
-Բա ե՞րբ եմ խոսել սկսել:
-Դե 10-11 ամսականում բառեր ասում էիր, հիմնականում ճիշտ արտասանությամբ: Օրինակ՝ ջուր, մամ, տատ, պապ և այլն:  Իսկ մեկ տարեկան, երևի 2 ամսականում արդեն լավ խոսում էիր:
-Իսկ քայլելու հետ կապված այդպիսի դեպք չկա՞:
-Չէ, մեկ տարեկանում ես քայլել, ծննդյան օրվանիցդ մի քանի օր առաջ: Շատ էինք քայլեցնում քեզ:
-Բայց այդ օրը Լիլոյի (զարմուհուս) ձեռքից բռնած եմ գնացել, չէ՞: Հետո էլ ինքը զգույշ թողելէ, ու ես արդեն ինքնուրույն քայլել եմ,-ավելացրեցի ես:

-Մամ, իսկ բացի բժիշկը, ինձ ի՞նչ մասնագետ կուզեիր տեսնել,- տվեցի ես թեմայից դուրս հարց՝ հիշելով, որ ինձ այդ հարցն իրոք շատ է հուզում:
-Երևի թարգմանիչ, երգչուհի էլ կուզեի: Մյուս հարցն էլ քո ուզածը, ինչ կուզեիր դու ինքդ:
-Լավ, ապրես, մամ,- ասացի ես և բավարարված պատասխաններով գնացի սենյակ` մեր զրույցը գրի առնելու:

Լուսանկարը՝ Տաթեւիկ Տեր-Հովհաննիսյանի

Դետեկտիվ արկածներ

Ես դարձել եմ դետեկտիվ: Ինչպե՞ս: Մի օրվա ընթացքում կատարել եմ 11 առաջադրանք:

1. Բացելով մայրիկի դարակը գտա իմ նոր վզնոցը (դե, մայրիկը արդեն ասել էր, որ գնել է այն, միայն Նոր տարվա գիշերը կտա): Իհարկե, փաթեթը չբացեցի, դա անակնկալ է:

2. Ես նստած էի հյուրանոցում և իմ ֆոտոապարատի ֆոտոներն էի նայում: Սենյակից լսվեց մայրիկի ձայնը.

-Գեղամն էլ Արամի համար պլանշետ ա առել… 80 000 դրամով… Ի՞նչ… Բա դու ի՞նչ ես առել…

Ես շատ լավ հասկացա, որ հայրիկի նվերը 5-րդ դարակում է: Բացեցի դարակը և գտա այն: Մայրիկը իմացավ, որ գտել եմ և ասաց, որ Արամին (եղբորս անունն է) չասեմ: Ես էլ լռեցի մինչև Ամանոր:

3. Ես գնում էի մայրիկի սենյակ և հանկարծ լսեցի տատիկի ձայնը.

-Ելե՛ն, մի հատ արի:

Մայրիկը գնաց մեր սենյակ: Տատիկը դուռը կողպեքով փակեց: Ես էլ մտածեցի, որ նվերներն է ցույց տալիս: Նվերների տեղը իհարկե իմացա, բայց չէի ուզում անակնկալը փչացնել և այս անգամ չնայեցի, թե ինչ կա այնտեղ:

4-10-րդ առաջադրանքները չեմ հիշում, բայց հիշում եմ, երբ ժամը 21:00 հայրիկի և եղբորս հետ ոտքով գնացինք հորեղբորս տուն… Միայն թե մի անհանգստացեք, մենք ապրում ենք 2-րդ զանգվածում, իսկ նրանք ապրում են Ավանում: 2-րդ զանգվածը և Ավանը իրար շատ մոտ են:

Կներեք մոռացել էի ասել, որ ինձ դետեկտիվ նշանակեցի այն բանից հետո, երբ մեր բոլոր «ԼՈԼՈ» ամսագրերի պատռված թղթերը դրեցի իրենց տեղերը, հետո հայտնաբերեցի, որ կան թղթեր, որոնցով մեկ ամսագիր է կազմվում, որի կեսը կորցրել ենք: Դրանից հետո բոլոր ամսագրերը դասավորեցի ճիշտ կարգով:

Ճիշտ է, մեկն էլ հիշեցի: Երբ եղբորս օգնեցի մատերի Twister պատրաստել… Իսկ դուք գիտե՞ք, թե ինչպես են Twister խաղում: Twister խաղալու համար պետք է  խաղադաշտ և պտուտակ: Մեկը պտտեցնում է պտուտակը, և որ ոտքի կամ որ ձեռքի, որ գույնի վրա է ընկնում, դա ասում է: Օրինակ՝ ձախ ձեռքը` կապույ

տ: Ձախ ձեռքը կապույտի դեպքում ձախ ձեռքը դնում են խաղադաշտի կապույտ գույնի շարքի որևէ կետի վրա: Ով չի կարողանում դիմանալ այդ վիճակում, նա պարտվում է: Այսինքն, եթե քո ձախ ձեռքը երկրորդ կապույտի վրա է, աջ ձեռքը վերջին կանաչի, աջ ոտքը առաջին դեղինի, իսկ ձախ ոտքը նախավերջին դեղինի, և դու չես դիմանում ու ընկնում ես, ապա պարտվում ես: Ով  առաջինն է ընկնում, նա պարտվում է: Այս խաղը խաղում են երկուսից ավելի հոգի, իսկ մատերի Twister-ը նույն բանն է, միայն թե մատներով:

Լավ հիմա դուք իմացաք կամ վերհիշեցիք Twister-ի կանոնները: Հա, ի՞նչ էի ասում… Այդ խաղը պատրաստելու ժամանակ ես և եղբայրս փոքրիկ զրույցի բռնվեցինք:

-Դու դետեկտիվ չես,- ասաց եղբայրս:

-Չէ, ես դետեկտիվ եմ, իսկական դետեկտիվ: Դե, իհարկե ես միայն 3-րդ կարգի առաջադրանքներ եմ կատարում: 2-րդ կարգի առաջադրանքները կատարում եմ շանս հետ:

Ինձ միայն 5 քայլ է մնացել իսկական դետեկտիվ դառնալու համար: Ես ավելի շատ վերծանող դետեկտիվ եմ,- հպարտ ձայնով ասացի ես, իսկ մի քանի վայրկյան անց ավելացրեցի,- մինչև Նոր տարվա վերջ կմնամ այստեղ:

-Հիմար, դու դետեկտիվ չես:

-Դետեկտիվ եմ:

-Չէ:

-Այո:

-Ոչ:

-Այո:

-Ոչ:

…Անցավ մոտավորապես 10 այո-ոչ ասելով, և ես ավելացրեցի.

-Ես քեզ այդքան էլ չեմ վստահում… Հա՛,-ասացի ես` ոտքով գետնից բարձրացնելով սիլիկոնի ապարատը,-դու քո բնավորությամբ ինձ մի փոքր հիշեցնում ես իմ մշտական հակառակորդին՝ Ռիոյին:

-Հա, ճիշտ ես ասում, ես Ռիոն եմ:

-Դե լավ, դու սովորական տղա ես:

-Չէ, ես Ռիոն եմ… Վահահա…

Տեսնելով կպչուն ժապավենը սեղանի վրա, ես այն թաքուն կպցրեցի եղբորս մատին, որպեսզի մատնահետքը վերցնեմ և ասացի.

-Առաջին երեք քայլն արել եմ «Շերլոք Հոլմս» կարդալով, իսկ մյուս 6 քայլը` Star Wars դիտելով:

-Լավ, ուրեմն դու ասում էիր` դետեկտիվները ամուր ձեռք ունեն:

-Ես այդպիսի բան չեմ ասել:

-Ուզո՞ւմ ես` ստուգեմ:

-Ոչ:

-Չէ, ուզում ես,- ասաց եղբայրս և ձեռքս ուժեղ սեղմեց:

-Աաաաաաախ… Ես վերծանող դետեկտիվ եմ, ոչ թե… Նախավերջին քայլին եմ ամուր ձեռք ունենալու…

-Լավ, դետեկտիվները սուր աչք պետք է ունենան, դու լավ չես տեսնում:

-Ինձ որտեղի՞ց գիտես:

-Գիտեմ, քո անունը Լիլիթ ա:

-Ինչպես ուզում ես ինձ անվանիր, բայց իմ իսկական անունը չես իմանա:

-Մի հատ պահի էլի,- ասաց եղբայրս ցույց տալով սիլիկոնի ապարատը:

-Լավ:

-Հա թուղթն էլ տուր: Կանաչը բացիր:

-Ընդամենը մի փոքր այստեղից բացում ենք և … Եվ, վուալյա,- ասացի ես վարպետությամբ հանելով թուղթը տուփի միջից:

Լավ, այստեղից արդեն դադարեցնենք, քանի որ մեր խոսակցությունը տևեց մեկ ժամ, և ես այդքանը հիշել չեմ կարող:

Ի դեպ, ես գրական հայերենով էի խոսում, որպեսզի ավելի խորհրդավոր թվայի:

Կարճ ասած, ես դետեկտիվի դերում մնացի մինչև Նոր տարվա վերջը, ինչպես խոստացել էի: Ընդամենը կարող եմ ասել, որ դետեկտիվ լինելը հրաշալի է, բայց ավելի լավ է, երբ դու ինքդ քեզ ես նման:

Երջանկության բույրը

-Իսկ ի՞նչ է բույրը,- հարցրի ես օծանելիքագործին:

-Երջանկություն:

-Այդ ի՞նչպես:

-Փորձիր հիշել մի բույր ու զգա հոտը: Չի ստացվի:

-Ե՞վ:

-Երջանկությունն էլ է այդպես, դու միայն նկարագրել կարող ես կամ հազվադեպ հիշել պահը, բայց եթե անգամ շատ ցանկանաս, այն միայն քոնն է: Դու երբեք չես կարող քո երջանկությունը երգելով մարդանց զգացնել տաս: Ճիշտ և ճիշտ ինչպես երջանկությունը, այնպես և բույրը:

-Այսինքն դու երջանկություննե՞ր ես պատրաստում:

-Ես ընդամենը հնարավորություն եմ տալիս:

-…

-Ես հնարավորություն եմ տալիս կարճել հեռավորություններն ու վերացնել անցյալի ու ներկայի մեջ եղած անդունդը: Օծանելիքի դատարկ սրվակներ:

-Եվ ի՞նչ պետք է ես անեմ:

-Տուր քո օծանելիքի դատարկ սրվակը այն հեռացողին, ով քեզ կկարոտի: Ու համոզված եղիր, կարևոր հրաժեշտից առաջ օծանելիքը միշտ վերջանում է: Ինչպես երջանկությունը` երբ նա հեռանում է քեզնից, միանգամից սկսվում է մի նոր երջանկություն, օծանելիքի մի նոր բույր:

-Իսկ լինո՞ւմ են մարդիկ, ովքեր նոր օծանելիք չեն օգտագործում:

- Դե, իհարկե, չեն լինում, ուղղակի հաճախ սխալ օգտագործման պատճառով երկար ժամանակ բույրը չի տարածվում:

Այսօրվանից արձակուրդներ են

Ժամը 8-ին աչքերս սովորության համաձայն բացվեցին: Ոչ միայն սովորության, այլ նաև հայրիկիս խոսելու պատճառով, բայց այս անգամ հայրիկս միապաղաղ ոչ թե ասում էր` Գոհար, այլ Վահագն:

-Վահագ, լավ էլի, վեր կաց, գնա, թող հանգիստ քնեմ,-քնաթաթախ ասացի ես:

Լռություն…Քունս շարունակվեց…

-Բլա-բլա, աղլու-աղլու:

Էլի ինչ-որ մեկը իմ քունը խանգարեց, բայց այս անգամ ես ուրախ էի, որ քունս խանգարվեց, որովհետև երկար քնելուց գլուխս սկսում է պտտվել:

-Վայ, Հասո, ոնց եմ ես քեզ սիրում:

Ահա անջատված հայացքով հերթով սենյակները մտնելով հասա ճաշասենյակ: Հեռուստացույցը միացրած էր, գնում էր անհետաքրքիր հաղորդում: Գնացի սենյակս ու երկար, լուռ պառկեցի անկողնուս վրա: Որ ասեմ` ինչ-որ բանի մասին էի մտածում, սուտ կլինի, ուղղակի լուռ պառկել էի:

-Աղու-աղու, վը~ֆ:

Մայրիկս քույրիկիս գրկած բերեց մոտս: Գրկեցի և սկսեցի հետը գզուզվել: Երկար ծիծաղի ձայներ էին լսվում սենյակից: Ապա քրոջս հանձնեցի մայրիկին ու նստեցի համակարգչի դիմաց: Այդպես մի քանի ժամ…

Բայց դուք չմտածեք, թե ես ամբողջ շաբաթ համակարգիչ եմ խաղալու, իսկ դասերը վերջին օրն եմ թողել: Չէ: Այս գարնանային արձակուրդները ես կօգտագործեմ հօգուտ ինձ: Ուրբաթ, շաբաթ, կիրակի ես կանեմ իմ բոլոր դասերը: Իսկ այսօրվանից ես ունեմ լիարժեք հանգստանալու իրավունք:

Ճիշտն ասած, սիրում եմ լավ կազմակերպված արձակուրդներ:

Աշխարհում ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է

Սաշա. այդպես էի ես անվանել նրան, որովհետև չգիտեի` տղա՞ է, թե՞ աղջիկ: Նա ապրում էր մեր դպրոցից մի քանի մետր հեռու` իմ ճանապարհի վրա: Մենք հաճախ նրան Սաշոկ էինք անվանում և ամեն օր խաղում հետը: Նա փողոցում էր ապրում, բայց բոլորի կողմից շատ սիրված էր և միշտ ուտելու բան ունենում էր: Նա ուղղակի ընդունակ չէր ինչ-որ մեկին կծել, կամ վախեցնել: Անգամ հաչելիս նրան երբեք չէի տեսել: Նա մուգ էր և ուրախ աչքեր ուներ: Միշտ վազվզում էր իմ ու ընկերուհուս հետ:

-Սաշ, պրիվետ,- ասում էի ես ամեն անգամ և թփթփացնում նրա գլխին: Նա պտտվում էր շուրջս և ձեռքս լպստում: Հետո ես մեկնում էի ձեռքս նրան և ուրախ բացականչում.

-Սաշ, թաթիկդ: Թաթիկդ տուր, դե տու~ր… Իսկ հիմա մյուսը:

Նա, առջևի թաթերն ինձ տալով, կանգնում էր երկու ոտքերի վրա և ուրախ բացում բերանը: Երևի պոչն էլ կշարժեր, եթե ունենար պոչ: Նրա պոչն ու ականջները կտրված էին:

-Իրան տենց ավելի լավ ա,- ասում էր ընկերներիցս մեկը,- փողոցի շներինը կտրում են, որ մյուս շները չքաշքշեն…

Արդեն մենք հին ընկերներ էինք դարձել, ամեն անգամ, երբ ինձ տեսնում էր, վազում էր մոտս ու թաթերով բարձրանում վրաս: Իսկ երբ քնած էր լինում և չէր տեսնում ինձ, ես շոյում էի նրա գլուխը, որ դանդաղ արթնանա, հանկարծ չվախենա:

Մի օր դասերս ուշ վերջացրի և չհասցրի Սաշոկին տեսնել: Երբ տուն եկա և մտա ֆեյսբուք, անմիջապես ընկերուհուցս հաղորդագրություն ստացա.

-Մար, Սաշոկին տարել են:

-Ի՞նչ: Ո՞ւր, ո՞վ:

-Բակի մյուս շների հետ: Ինչ-որ մեծ մեքենա էր, վրան գրած էր «Պայքար փողոցային շների դեմ» կամ ինչ-որ տենց բան:

Աչքերիս առջև մի պահ սևացավ: Փորձեցի ինձնից հեռու վանել այն մտքերը, որ դեռևս անտուն շների ոչ մի կացարանի մեր երկրում չեմ հանդիպել: Ուրեմն ի՞նչ են անելու Սաշոկիս: Ընկերներիցս ոմանք ինձ երկար համոզում էին, որ նրան պարզապես ինչ-որ դեղ են սրսկելու և հետ բերեն, կամ բաց թողնեն: Միևնույնն է, նա հոտառությամբ կվերադառնա: Բայց գիտակցությանս մեջ մի գորշ միտք էր ծանրանում, որը բարձրաձայնեց ընկերուհիս.

-Մար, լավ էլի, երեխա՞ ես, ի՞նչ հետ բերել…

Չգիտեմ, նրանցից ով է ճիշտ, բայց փաստը մնում է փաստ, Սաշան դեռ չի վերադարձել: Ես հիմա չգիտեմ էլ, թե ու՞ր է նա, ո՞ղջ է արդյոք, բայց փողոցային շների նկատմամբ այդ վերաբերմունքը շատ մեծ սխալ է, որի արմատները շատ-շատ խորն են մեր հասարակության մեջ: Չէ՞ որ «Փողոցային շների դեմ պայքարին»,  կամ էլ ինչպես որ կոչվում է դա, չգիտեմ, ինչ-որ մեկը զանգահարել և կանչել էր: Ինչ-որ մեկը, ում անհասկանալի անհանգստություն էր պատճառել լրիվ անվնաս ու բարի այդ կենդանին:

Առաջին սեր

Բոլորն ունեն առաջին, իրական, ամենամաքուր ու միամիտ սեր: Ոմանց սերն անպատասխան է, ոմանցը` փոխադարձ, ոմանցն էլ` անհասկանալի: Ահա վերջինիս էր պատկանում և իմ առաջին սերը, իմ անհասկանալի, իմ մի բուռ անսահման սերը: Քչերն են սիրում խոսել իրենց անհասկանալի սերերի մասին: Ես նրանց շարքերից չեմ: Դժվար թե հետաքրքրի, թե ի՞նչ էր իմ առաջին սիրո անունը կամ ազգանունը: Ինչ էլ որ լիներ, ես պաշտում էի նրան: Ես անգամ քունս էի կորցրել: Կողքին անգամ նրա կարոտում էի նրան: Ես նրան լուռ և առանց ակնարկի անգամ սիրեցի 2 տարուց ավելի: Իսկ հետո ես խոսել ստիպված էի: Ես չգիտեմ, թե ինչ էի մտածում, ինչ էի անում և ինչու էի անում, բայց հիշում եմ, որ սկսել էր դաշնամուրի գնալ: Վեր կացա ես էլ գնացի: Վեցն անց տասնչորս դուրս եկավ, լավ եմ հիշում: Խնդրեցի հետս բարձրանալ գրադարան և այնտեղ հենց որոշեցի խոսել: Չէ, չեմ ափսոսում: Խոսեցի, որովհետև պետք էր: Գրադարանում ես նրան ասացի, որ սիրում եմ իրեն ու չթողեցի խոսել հավելելով, որ երեք օրից կհանդիպեմ: Այդ երեք օրը ինձ համար երեք տարվա պես անցավ` աչքս չէի կտրում ժամացույցից, դե հանդիպումն էլ սովորական չէր լինի: Որոշեցի հանդիպել հենց մեր հնարած կասկադում, որտեղ մենք այնքան երջանիկ էինք: Պատրաստեցի հինգ հազար թղթե նավակներ: Իսկ նավակների մեջ շոկոլադներ, որոնք նա այնքան էր սիրում: Առավոտյան 7:30 արդեն ամեն ինչ վերջացրեցի քնից շուտ արթնացած ընկերներիս օգնությամբ: Երբ արդեն ամեն ինչ տեղում էր, ես զանգեցի նրան, իսկ նա… Իսկ նա հանդիպման անգամ չեկավ…

Ահա և ես

Կանաչ, մեծ աչքերով, անընդհատ պոչով, բաց վարդագույն կծմծոտած շրթունքներով, նիհարած այտերով այդ աղջիկը ես եմ։ Երբեք չեմ սիրել ինքս ինձ բնութագրել։ Երևի նրա պատճառով, որ չեմ կարողանում դա լավ անել։ Դե ինքներդ դատեք՝ տեսնում եմ իմ դիմացինին, շրջապատս, ձեռքերս և քայլելաձևս, իսկ դեմքիս արտահայտությունը, տեսքս միշտ չէ, որ կարողանում եմ տեսնել։ Բայց երբեմն դիմում եմ ռիսկի և ինձ բնութագրում։ Դե ինչ, սկսենք մազերիցս։ Բարակ, մի փոքր ալիքավոր, խճճված, մուգ շագանակագույն այս մազերս ես չեմ սիրում։ Նրանք ինձ չեն ենթարկվում։ Ոչ կարողանում եմ հարթեցնել, արդուկել, ոչ էլ խուճուճացնել, դրա համար անընդհատ պոչ եմ կապում կամ էլ հավաքում եմ։ Երբեմն լինում է, որ երեկոյան մազերս արձակելով դրանք ցավում են և կանգնում ինչ-որ արտասովոր ձևով։ Սիրում եմ կրել գլխարկներ, տարբեր ձևի և չափի։ Դրանք ինձ սազում են։ Աչքերս կանաչ են, երբեմն մուգ, երբեմն բաց, իսկ երբեմն էլ դրանք դառնում են կապույտ։ Տատիկս ասում էր, որ իմ աչքերի գույնը փոխվում է հագածս զգեստի գույնի հետ։ Ես էլ, որ փոքր էի զարմանում էի ու հարցնում.

-Իսկ եթե կարմիր հագնեմ, աչքերս էլ կարմիր կլինե՞ն։

Տատիկս ծիծաղում էր և շոյում գլուխս։ Փոքր ժամանակ աչքերս ավելի շատ կապույտ երանգի էին, իսկ այժմ մուգ կանաչ։ Իսկ երբ ծիածանաթաղանթս վերջանում է, սկսվում է ինչ-որ մուգ գիծ։ Շատերը ասում են, որ կարծես այդ գիծը մատիտով ընդգծված լինի։ Աչքերիս չափը այժմ մի քիչ փոքրացել է։ Երեխա ժամանակ, ինչպես եղբորս և մայրիկիս մոտ, դրանք մեծ են եղել, զարմացած։ Ի դեպ, եթե այժմ ես մի փոքր վախենամ, զարմանամ, աչքերս ինքնըստինքյան մե՜ծ կբացվեն։ Թարթիչներս երկար չեն, բայց խիտ են ու հաստ։ Աչքերիս տակ մուգ պարկեր կան, քիչ քնելու պատճառով։ Դրանք լինում են մանավանդ դասերի ժամանակ։ Այտերս վերջերս նիհարել են իրենց կամքով, և ես ոչ մի միտումնավոր բան չեմ արել։ Շրթունքներս բաց վարդագույն են, փոքր չեն, բայց մեծ էլ չեն։ Արդեն ռեֆլեքս է դարձել այն կծմծելը, դրա համար հետքեր են մնում։ Իսկ դրսում, ցուրտ ժամանակ, դրանք չորանում են և ուռում։

Ահա և ես՝ մի աղջիկ կանաչ աչքերով, կապած մազերով նստած գրում եմ իմ մասին։