Իմ էջը խորագրի արխիվներ

anahit baghshetsyan

Ընդամենը մեկ պտույտ

Ըհըն։ Ոնց որ թե ամեն ինչ հասցրել ենք։ Կարելի է հանգիստ ու խորը շունչ քաշել։ Վերջապես ամանորյա լարվածությունը դուրս է գալիս մեր տանից։

Մտածում եմ, որ եթե երկու այլմոլորակայիններ միասին ինչ-որ անհայտ գալակտիկայի անհայտ երկնային մարմնից հեռադիտակով նայեին Երկրին` մեզ բոլորիս խելագարված կհամարեին։ Միասին կխոսեին ու չէին հասկանա, թե ինչու է 7 միլիարդից ավել մարդ ուրախանում այն փաստից, որ Երկիրը մի պտույտ է կատարել Արեգակի շուրջը։ Հերիք չէ ուրախանում են, մի հատ էլ սեղան են գցում, երգում, պարում, իրար նվերներ նվիրում ու վերջում էլ բողոքում, որ շատ ծախսատար էր այդ ամենը։

Բայց դե այդ երկու արարածներին դժվար կլիներ բացատրել, որ այդ մեկ պտույտը բոլորի կյանքում շատ նշանակալից է եղել։ Նրանք հաստատ չեն իմանա, որ այս տարի Հայաստանում հեղափոխություն է եղել, այն էլ Թավշյա։ Բացի պատմական հեղափոխությունից նաև պատմական ու հեքիաթային հարսանիք է եղել Անգլիայի թագավորական ընտանիքում։ Հա՜, ամենակարևորը մոռացա․ առաջին Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն էր, որին հետևել եմ։ Դե, տեխնոլոգիաներն էլ ահագին զարգացել են։ Բոստոնում ստեղծվել է վազող ռոբոտ, Apple-ը սպառողին է հանձնել իր նորագույն ապրանքները՝ ավելի մեծ էկրանով, ավելի վառ գունային գամմայով։ Ճապոնիայում էլ ինչ-որ ռոբոտ իր թեկնածությունն էր առաջադրել ընտրություններին ու 4000 քվե հավաքել։ Կալիֆորնիայում հրդեհներ են եղել, վառվել են հազարավոր բնակավայրեր։ Ցավոք սրտի, պտույտի ընթացքում Սթիվեն Հոկինգը մահացել է։

Բայց հավանականությունը, որ այդ երկու արարածներն իրենց բանն ու գործը թողած ինձ կլսեն, ձգտում է զրոյի։ Դրա համար ես ինքս ինձ կպատմեմ այս տարվա նվաճումները ու ինքս ինձ կուրախանամ։ Հետո կհիշեմ, որ այս տարի իմ կյանքն էլ հետաքրքիր շրջադարձներ է ունեցել, կժպտամ ու նոր պտույտին կպատրաստվեմ։

Ինչ արած, մի բան ձեռնարկենք մյուս տարվա պտույտի ընթացքում, որ  մոտիկից պատմեմ այսքան բանը երկու զարմացած այլմոլորակայիններին։

sona zakaryan

Ամանորյա խոսք ու զրույց

2018-ն էլ մոտեցավ իր ավարտին։ Խառը տարի էր՝ խառը հույզերով, զգացողություններով ու հեղափոխական շնչով։ Հայ ազգի համար բավականին հիշարժան տարի էր՝ բացառիկ իրադարձություններով։

Յուրաքանչյուրիս համար տարին տարբեր էր։ Ոմանց երազանքներն ու նպատակները իրականացան, ոմանք հիասթափություններ ապրեցին, ոմանք գտան իրենց կեսերին, ոմանց սրտերն էլ կոտրվեցին և հազար ու մի այսպիսի իրադարձություններ։ Անկախ նրանից, թե տարին ինչպիսին էր յուրաքանչյուրիս համար, գալիք տարվա հետ կապված բոլորս էլ մեծ հույսեր ունենք։ Այ օրինակ մեր նոր, գլխավոր տոնածառը շատերին հույս տվեց։

Դե գիտեք, որ դեկտեմբերի ամենաթեժ քննարկումներից մեկն էլ Հայաստանի գլխավոր տոնածառն էր, որի վրա բավականին գումար էր ծախսվել։ Շատերը անչափ ուրախ էին տոնածառի տեղադրման համար, շատերն էլ անընդհատ բողոքում ու իրենց դժգոհությունն էին արտահայտում, թե բա` ինչո՞ւ եք այդքան գումար ծախսել այդ տոնածառի վրա, եթե բազում աղքատ ընտանիքներին այդ գումարն ավելի անհրաժեշտ էր։ Երբ այդպիսի մեկնաբանություններ կարդացի, մտածում էի. «Իսկ ինչո՞ւ այդ նույն մարդիկ իրենց տանը շքեղ տոնածառ դնելիս գոնե մեկ անապահով ընտանիքի մասին չեն մտածում և որ այդ շքեղ լույսերի ու զարդարանքների փոխարեն կարող են օգնել թեկուզ մեկ անապահով ընտանիքի»։

Ակամայից հիշեցի նաև, որ նախորդ տարիներին անընդհատ բողոքում էին հին տոնածառից, ուզում էին, որ փոխվեր։ Դե ինչ արած, ամեն ինչից բողոքողներ միշտ էլ կլինեն։

Այս տարի էլ տոնածառի մասին գրված կատակների վրա էլ չենք ծիծաղի։

Տոնածառը փոխեցին, բայց շատ մարդիկ չփոխվեցին։ Գուցե տարին փոխվի, նրա՞նք էլ փոխվեն։ Բա որ ասում են` կարմիր կովը կաշին չի փոխում, ճի՞շտ են ասում, թե՞ սխալ։ Կարծում եմ մարդուց է կախված։

Անկախ շատ մարդկանց փոխվել կամ չփոխվելուց մեր Ամանոր նշելու սովորույթները չեն փոխվի։ Ինչպես միշտ, կնշենք ճոխ սեղաններով, եթե պետք լինի` վարկերի տակ ճռռալով, թանկացումներից բողոքելով։ Ինտերնետում անդադար կքնարկվեն տոլման, խոզի բուդը, «ստալիչնին», հավի քրքրված մսով աղցանն ու բլինչիկը։ Նոր տարին կավարտվի, մի անգամ էլ հին Նոր տարին կնշենք։ Ու այսպես ամեն տարի։

Դե ինչ, այս տարին էլ ավարտվեց։ Անկախ ամեն ինչից, եկեք Նոր տարին նոր և ուրախ սրտով դիմավորենք։ Բարի եղեք, ժպտացեք ու դրական էներգիա տարածեք։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ Սիրում եմ բոլորիդ։

Հ. Գ. Հատուկ ուզում եմ շնորհավորել սահմանին կանգնած մեր բոլոր զինվորներին, ուրախ Ամանոր և Սուրբ Ծնունդ բոլորիդ ու խաղաղություն մեր սահմաններին։

valentina chilingaryn

Կաղամբ ժամանակներ

Որոշ ժամանակ առաջ, երբ հայտնվել էի օտար երկրում, ու օտարազգին հարցրեց ՝ հա՞յ ես, էնքան ինքնավստահ պատասխանեցի, որ հայ եմ, ոնց որ Ավշարը առած լինեի, Արարատն էլ վարձով տված։ Ես էդքան ինքնավստահ մեկ էլ մանկապարտեզում եմ եղել, երբ գիտեի, թե կաղամբից եմ ծնվել ու մյուս ընկերներիս համոզում էի, որ իրենց արագիլը չի բերել։ Հենց էդ ժամանակ էր, որ կյանքում առաջին անգամ հիասթափվեցի, երբ մեր խմբի Լյուդմիլան (անունը չեմ հիշում, դրա համար), ասաց, որ ինքը մահճակալի տակից է ծնվել։ Բայց ես էդ ժամանակ էնքան էի հավատում իմ հորինած փոքրիկ հեքիաթին, որ մտածեցի թե Լյուդմիլայենց մահճակալի տակ կաղամբներ են աճում։

Եկավ մի տարիք, երբ սկսեցի վերլուծել, որ եթե բոլոր երեխաները կաղամբից են ծնվել, ապա շատ մեծ է հավանականությունը, որ ծնողներս ինձ շփոթել են այլ երեխայի հետ։ Էդ հենց էն ժամանակ էր, երբ առաջին անգամ լուրջ կասկածեցի, ու ցավոք, ծնողներիս։ Ամիսներով ապուշի պես իրական ծնողների փնտրտուքների մեջ էի, ու չէի բարձրաձայնում։ Մտածում էի, որ նրանց կարող եմ գտնել շուկաներում, որտեղ շատ են կաղամբ վաճառողները, ու կամ գուցե նրանք ճանաչեն ծնողներիս։

Որոշ ժամանակ հետո մոռացա բոլոր տեսակի կաղամբներին, որովհետև մայրս ասաց, որ սիրո արդյունք եմ, ու եզրափակեց բոլոր տարօրինակ մտքերի տարափը։ Մտածեցի, որ երբ մարդիկ սիրում ու ամուսնանում են, Աստված նկատում է ու երեխա է պարգևում։ Բայց, ապա որտեղի՞ց էն ընտանիքները, որտեղ մարդիկ դեռ չեն ամուսնացել, բայց արդեն երեխաներ կան։ Էդ ժամանակ հասկացա, որ ուղեղս կծխա ու կպայթի, էդ պատճառով էլ որոշեցի, որ Աստված հաշվարկում է, որ հաստատ էդ մարդիկ պիտի ամուսնանան, ուղղակի վերևներում երեխաները շատ չկուտակվեն, արագ ընտանիքներ ա ուղարկում։

Չեմ հիշում, թե երբ իմացա հարցերիս պատասխանները, բայց հավանաբար դպրոցական տարիքում էի։ Հիշում ու մտածում եմ, ոնց կարող էի վիրավորել ծնողներիս կամ ինձ, կամ ոնց էր Լյուդմիլան խոսակցության կեսը լսել և մյուս կեսն էլ ինքը հորինել ու ապատեղեկատվություն տարածում։

Հիմա եղբորս հարցնում եմ հետաքրքրությունից ելնելով, թե էդ ծնվելու էվոլյուցիան իր մոտ ոնց է ընթանում, սկսում է ծիծաղել ու որպես պատասխան հարցնել․

-Ինչի՞, չգիտե՞ս, այ անշնորհք։

Ա՜յ մարդ, բոլորը էվոլյուցիայից շեղվել են, բա լա՞վ չէր, իմ կաղամբ ժամանակները:

armine sahakyan

Իսպանիայից Հայաստան առանց հասցեի

Կյանքում երևի չկա ավելի սիրուն բան, քան ինչ-որ մեկին լավություն անելն է, ու դրանից հետո սիրվել, հարգվել ու օրհնվելը։

Իսպանիայից ժամանած տատիկի պատմությունով ես ավելի շատ համոզվեցի, որ պետք է մարդկանց օգնել առանց պատճառի, առանց երևակայական ինչ-որ բաների։
Արաքսի տատը Իսպանիայից էր եկել խնամիների տուն, ճանապարհին կորցրել էր հեռախոսն ու հարազատների տան հասցեն։ Հույս ունենալով, որ իրեն մեկը կօգնի, ճամպրուկներով բարձրացել էր Երևան-Ապարան երթուղայինը, որ բարով-խերով հասնի Ապարան։ Մինչև իմ տեղավորվելը, պարզվում է, որ նա արդեն հարցուփորձ էր արել, թե արդյոք ո՞վ է ճանաչում իր հարազատներին, որպեսզի հասնի նրանց։
-Աղջիկ ջան, դու Էդոյին, Էդոյի մորը` Սեդային (էլի մի քանի անուն տվեց) ճանաչո՞ւմ ես։
-Չէ, տատ ջան։
Անցնում է մի քանի րոպե ու…
-Հը՞ն, հիշեցի՞ր։
-Չէ՜… -, դեմքի տխուր, ներողություն հայցող արտահայտությամբ պատասխանում եմ ես:
Ողջ ճանապարհին մտահոգ էր Արաքսի տատը։ Մի պահ մեր հայացքներն իրար հանդիպեցին։
-Տատ ջան, հանգիստ եղեք, կգտնենք Ձեր հարազատներին։
-Հա՞, կօգնե՞ս։
-Միանշանակ։
-Վայ, աղջիկս, ապրես,- հետո թեքվելով մյուսներին էլ,- ինչ լավ աղջիկ ա, է՜…
Շուրջ 20 տարի է, ինչ Արաքսի տատը Հայաստան չէր եկել։ Ողջ ճանապարհին մթության մեջ ինքն իրեն բողոքում էր. «Էս ի՞նչ բան ա, մի հատ լույս չկա»։
Խեղճ տատը, ի՜նչ իմանաս, երևի այլ սպասելիքներ ուներ։
֊Էս ի՜նչ ա, տնաշենը լույս էլ չի վառում,- խոսքը երթուղայինի վարորդի մասին էր։
Ամեն կանգառում, երբ մեկը իջնում էր, նայում էր ինձ ու ոգևորված ասում.
֊Ես էլ իջնե՞մ։
֊Չէ՜, տատ ջան, ինձ հետ կիջնեք, մենք միասին կգտնենք Ձեր բարեկամներին։
Էլի ժպտում էր, բայց, միևնույնն է, մտահոգություն կար մեջը: Լսողության հետ խնդիրներ ուներ, մի հարց էլ որ տալիս էինք, պատասխանում էր, հետո ուրիշ հարց էինք տալիս, անորոշ պատասխան էինք լսում կամ ասում էր, թե իջնենք նոր կպատասխանի հարցերին: Ու մեզ թվում էր` տատը հիշողության հետ խնդիրներ ունի, իսկ ամենավերջում, երբ տատին հասցրինք հարազատների տուն, պարզվեց, որ տատի լսողության սարքի մարտկոցն էր նստել։
Երբ հասանք Ապարան, տատիկին հորեղբորս հետ հասցրինք հարազատներին (պարզվեց Էդոն մերոնց ընկերն է)։ Տատը կարծել էր, որ պիտի վճարի մեզ օգնության համար, իսկ մենք պարզապես օգնել էինք անշահախնդրորեն, սովորական հայի նման: Երևում էր, որ իսկապես երկար տարիներ Հայաստանում չէր եղել և մոռացել էր հայկական հյուրընկալության մասին: Հրաժեշտից առաջ տատն անվերջ իր շնորհակալական խոսքերն էր հղում ինձ ու հորեղբորս։

mariam barseghyan1

Իմ 2018-ը

2018-ը բավականին հաջողակ տարի էր: Դե, հասկանում եք. համալսարան, նոր միջավայր, որը ամեն օր ավելի ու ավելի սիրելի է դառնում: Առաջին անգամ Եվրոպայում եղա, ու կյանքումս դրական փոփոխությունները դեռ շարունակվում են:

Պետք է, որ ամեն ինչից գոհ լինեմ, բայց ի՞նչ է պետք սպասել 2019-ից, եթե 2018-ում առաջին անգամ մտքովս արտագաղթ բառը անցավ: Գիտեք, դա ցույցերի ժամանակ էր, երբ մեծամասնությունը ոգևորված պլաններ էր կառուցում Հայաստանի հետ կապված: Եվ ես ինքս ճանաչում եմ նրանց, ովքեր խոպանից եկան Հայաստան, որ վաճառեն իրենց տունը, բայց չվաճառեցին, որովհետև հույս ունեին, որ մի օր իրենց պլանները այդ տան հետ կկապեն: Իսկ ես  ծրագրեր էի ուսումնասիրում, որոնցով հնարավոր լինի երկրից դուրս գալ:

Ես ամեն օր փորձում եմ հավատալ նոր սկզբի հաջողությանը, համոզելով ինձ, որ ժամանակ է պետք և այլն: Բայց հիմա ցույցերին չմասնակցելու որոշումս օր օրի իրեն ավելի ու ավելի է արդարացնում: Հնարավոր է կրկնվեմ, բայց մարդկանց ուրախ դեմքերը ինձ համար դրական փոփոխություն չէ: Երջանիկ գործազուրկ մարդը, ով օրվա հացի գումարի հարցը չի կարողանում լուծել, կառավարության հաջողության գրավականը չէ: Ստամոքսի դատարկությունը, կներեք, բայց դեմքի ժպիտով չի փարատվում: Ու գիտեմ, որ իմ տեսակետի հետ չեք համաձայնի, ու փորձը ցույց է տալիս, որ ձեր միակ փաստարկը «բա էն ժամանակ լա՞վ էր» արտահայտությունն է լինելու: Ու ես էլ հերթական անգամ պետք է ասեմ, որ ոչ, լավ չէր, բայց մտածում եմ, որ հիմա ավելի վատ է լինելու: Գիտեմ նորից հոռետեսություն եմ անում:

Հիմա մնում է ասեմ, թե ինչ եմ սպասում 2019-ից: Հուսով եմ, որ 2020թ-ի նախաշեմին ամենադրական մտքերով կկիսվեմ ձեզ հետ, ու այս և մնացած հոռետեսական նյութերիս համար էլ անկեղծորեն կզղջամ:

Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի

Մի օր Պրահայում

lilit vardanyan

Ֆրանսիական քոլեջ

-Bonjour, mon amie.

-Bonjour mon amie.

Ու ամեն անգամ ես ու Անին ծիծաղում ենք իրար այդպես բարևելու համար:

Նստում եմ մեջտեղի շարքի առաջին նստարանին, որը մի տարի պայքարից հետո կարողացել եմ «սեփականաշնորհել»: Դա ամենալավ տեղն է, որովհետև երկրորդ նստարանից անգամ ակնոցով գրատախտակն այդքան լավ չի երևում: Նաև առաջին շարքում ավելի կենտրոնացած եմ լինում:

-Կարին (ֆրանսիական ակցենտով), էսօր ի՞նչ դաս ունենք:

-Պատմություն, Հաշվապահություն ու ֆրանս:

-Էէէէ, էլի պիտի 70 րոպե պատմության դաս լսե՞մ… Կարին, կողքիս նստարանն ազատ ա, արի:

-Չէ, էսօր դասը լավ չեմ սովորել:

-Դե լավ, առաջին նստարանին նստածներն էդքան նկատելի չեն,-ասացի առաջին շարքի նստարանի առավելություններից մեկը: Չնայած, երևի ինձ համար դա առավելություն չէ:

70 րոպե պատմություն լսելուց հետո հաշվապահության դասն է: Ֆրանսիական քոլեջում կա հինգ ուղղություն՝ էկոնոմիկա, մարկետինգ, ապահովագրություն, ֆինանսներ և ծրագրավորում:  Եվ ինչպես հասկացաք, ես սովորում եմ էկոնոմիկայի կուրսում:

Երևի հաշվապահությունը ավելի հետաքրքիր է լսել, որովհետև դա մեզ համար նորություն է:

-Երեխաներ, գալի՞ս եք գնանք խանութ,- ասում եմ ես քսան րոպեանոց դասամիջոցի ժամանակ:

Քսան րոպեանոց դասամիջոցի ընթացքում հասցնում ենք գնալ քոլեջի տարածքից դուրս խանութ, հետ գալ ու նախաճաշել: Չնայած դրան՝ քսանրոպեանոց դասամիջոցները շատ արագ են անցնում: Հիմնականում այդ քսան րոպեի ընթացքում կրկնում, արտագրում կամ սովորում են դասերը, զբոսնում են քոլեջի մոտակայքում, նախաճաշում են:

Մի օր ես ու Անին որոշեցինք միայն ֆրանսերեն խոսել: Շատ ուրախ ստացվեց:

-Կարին, մյուս ժամը ֆրա՞նս ա:

-Հա:

-Է, վերջին ժամով ֆրանս հավես չի, որ առաջին ժամ լիներ` ավելի հավես կլիներ:

Քոլեջի անունից կարելի է հասկանալ, որ մենք սովորում ենք ֆրանսերեն: Սիրում եմ լեզուներ սովորել: Արդեն երկու տարի է՝ ֆրանսերեն եմ սովորում: Ֆրանսերեն սովորելը ինձ շատ է դուր գալիս:

Դասերից հետո երեքով երեքով (3-րդ համարի ավտոբուսով) գնում ենք տուն: Ես, Կարինեն ու Այծեմնիկը խոսում ենք այդ օրվա դասերի ու այն մասին, թե ինչ ունենք անելու հաջորդ օրվա համար. «Գրականություն, ռուսաց լեզու, ֆրանսերեն»:

Եթե հետաքրքիր է, թե ինչի մասին ենք մենք խոսում չորեքշաբթի օրերը դասից տուն գալիս: Ավելի շուտ, ինչ էինք խոսում չորեքշաբթի օրերը, որովհետև վերջերս մենք քննություններ էինք հանձնում ու համարյա մի ամսով արձակուրդ ենք: Սրանով էլ ենք ավագ դպրոցների մեր հասակակիցներից տարբերվում:

hayk sargsyan

Սենյակումս

-Հա՜յկ (ռուսական ակցենտով), ինչքա՞ն կարելի ա: Մեկը մտնի քո սենյակ` սրտի կաթված կստանա: Ամեն ինչ չափ ու սահման ունի: Սկոլկը մոժնը: Լավ, մի շաբաթ, 2 շաբաթ, մի ամիս չհավաքեցիր սենյակդ, բայց սա արդեն գագաթնակետն ա: Ասում ես` ինքնուրույն ու անկախ: Տեսնում եմ ինքնուրույնությունդ:

-Մամ, սկսենք նրանից, որ ոչ ոք իրավունք չունի առանց իմ թույլտվության մտնի իմ սենյակ, ու առավել ևս, սրտի կաթված ստանա: Սա իմ անձնական տարածքն է, ու ես եմ տնօրինում, ու ես եմ որոշում, թե ոնց ու երբ մաքրել սենյակս:

-Սա վերջին զգուշացումն էր: Հայկ (չենք մոռանում ռուսական ակցենտի մասին), երեկոյան սենյակդ մաքուր լինի:

-Հա, մամ, իմ հոգու պես մաքուր կլինի:

Ինչ արած, վաղ թե ուշ այս օրը գալու էր: Ինչպես նկատեցիք, ես սենյակս միայն նահանջ տարիներին եմ մաքրում` 4 տարին մեկ: Եթե չեմ սխալվում, վերջինը Սոչիի օլիմպիական խաղերի ժամանակ էր: Հա՜, այդ տարի Ղրիմն էլ Ռուսաստանին միացավ:

Լավ, Հայկ, խորը շունք քաշիր: Հիշիր այն բոլոր մեդիտացիաները, որոնք դու մեկ-մեկ անում ես ու սկսիր: Հենց գրքերից էլ կսկսեմ: Վա՜յ, ինֆորմատիկայիս ու ՀԵՊ-ի դասագրքերը: Ես հոկտեմբերից ման էի գալիս: Ահա թե ուր էիք դուք` մահճակալիս տա՞կ: Ավազակներ, էդ ինձնի՞ց էիք փախել, թե՞ ընկեր Պատուրյանից:

Իսկ սա՞: Իսկ սա իմ կյանքի օրագիրն է, որը ես լրացրել եմ 6 տարի առաջ` 2012 թվականին: Միայն ոչ սա: Եթե դուք կարծում եք, որ միայն 13 տարեկան սիրահարված աղջիկներն են կյանքի օրագիր պահում, ապա շտապեմ ձեզ զարմացնել ու հիասթափեցնել, հերիք է կարծրատիպերով ապրեք:

«Ես ապրել եմ տասը տարի և հասցրել սիրահարվել: Ես ասում եմ` սերը տարիք չի հարցնում: Մարդիկ կան, որ համաձայն չեն այդ արտահայտության հետ, բայց սերը մեզ տրված է ծնված օրվանից մինչև մահվան ժամ»:

Այսպիսի թևավոր խոսքով է սկսում կյանքիս օրագիրը: Հուզիչ էր: Խոստովանում եմ` ուզում եմ հետ տալ:

«Սերը մի երազ է, որը գալիս է և գնում մեկ ակնթարթով: Մարդիկ ճիշտ են ասում, որ սերը կյանք է: Այո, կյանք, որ ընդամենը ապրում է մի ամբողջ դար կամ էլ մեկ վայրկյան»:

Չգիտեմ, թե ինչի ազդեցության տակ էի սա գրելու ժամանակ, բայց չափաբաժինը բավականին մեծ է եղել…

«Անցողիկ են կյանքում գրեթե բոլոր բաները, սակայն սերը` սերը առաջին կմնա մեր սրտի խորքում: Հայկ,10 տարեկան, գ. Ավշար»:

Շահել եմ անպատասխան սեր, բայց կցանկանայի` ուղեղ:

-Հայկո՜ (ավելի ճիշտ` Айко), մաքրում ես, չէ՞, սենյակդ:

-Հա, մամ:

Լավ, սրան հետո կանդրադառնանք, ես պետք է դեռ այս սենյակը մաքրեմ ու դեռ ինչեր եմ գտնելու…

izaaastsaryan1

Որոնողները

Երբ դու երեխա ես, քո երջանկությունը փորձում ես տիկնիկների և այլ խաղալիքների մեջ գտնել: Չնայած նրան, որ վաղուց տիկնիկներին այֆոններն ու համակարգիչներն են փոխարինում: Այնուամենայնիվ, երբ այդ շրջանը անցնում է, վերը նշածներս սկսում են քեզ չհետաքրքրել:

Անցնում է ժամանակը, և դու ուրիշ արժեքներ ես որոնում, չնկատելով և չգնահատելով երջանկության այն արժեքները, որոնք քո կողքին են:
Դպրոց գնալով՝ սկզբնական շրջանում գրենական պիտույքներից այն կողմ երջանկություն չկա:
Անցնում են տարիները, գուցե դպրոցի թվանշաններն են համարժեք դառնում երջանկությանը:
Մենք մեծանում ենք, և տարիների ընթացքում փոխվում են մեր երջանկության արժեքները:
Դու ունենում ես ընկերներ, որոնց շատ ես սիրում, հարգում, և նրանք քեզ համար երջանկություն են հանդիսանում: Սակայն, երբ առիթ է լինում, և նրանք քեզ վիրավորում են, չգիտակցելով, կամ էլ ձևացնելով, թե ոչինչ չի եղել, դու սկսում ես ամենը հասկանալ և երջանկության այլ արժեքներ որոնել:
Իսկ երբ աչքերիցդ հանում ես «վարդագույն ակնոց»-ը, որով աշխարհին ես նայել, հասկանում ես, որ չկա իրական երջանկություն, քան քո ընտանիքը: Ընտանիք, որը քեզ պահել և մեծացրել է, ընտանիք, որտեղ անցել է մանկությունդ և կյանքիդ շրջադարձային իրադարձությունները: Դու նոր ես սկսում գիտակցել և արժեվորել այն, ինչ ունես:
«Կյանքի օրենք»-ն է այդպիսին, կորցնելուց հետո ենք սկսում գնահատել, բայց ինչ, չէ՞ որ արդեն ուշ է:
Կենսաբանորեն մարդը կենդանուց բանականությամբ է տարբերվում, այդ դեպքում ինչո՞ւ մանկուց չենք հասկանում կյանքը և երջանկության իրական արժեքները, ինչո՞ւ ենք այն ժամանակ հասկանում, երբ ուշ է լինում…
Չնայած, եթե հենց սկզբից գիտակցենք և պարփակվենք, գուցե կյանքը միապաղաղ ընթանա, գուցե ֆիլմի աղջիկը կամ տղան ֆիլմը միապաղաղ դարձնեն:
Չգիտեմ, միայն կասեմ` գնահատենք այն, ինչ ունենք:

sona zakaryan

Մի քանի օրից քննություններ 12-րդ դասարաններում

Արդեն բավական ժամանակ է, ինչ լոգարիթմների և սինուսների աշխարհում եմ և փորձում եմ համակերպվել նրանց ապրելակերպին, բայց կարծում եմ, որ չի ստացվում։ Հիմա կմտածեք, որ տարօրինակ բաներ եմ ասում։ Լավ, կփորձեմ տարօրինակ ձևով չարտահայտվել ու կոնկրետ ասել, թե ինչի մասին է խոսքս։

Շուտով մաթեմատիկայի քննության եմ։ Ես՝ Սոնա Զաքարյանս 12-րդ դասարանի հումանիտար հոսքի աշակերտ եմ և պատրաստվում եմ մաթեմատիկայի քննություն հանձնել։ Մի տեսակ չի հնչում, չէ՞։ Ինչ արած, ոչինչ չեմ կարող փոխել և ուզեմ, թե չուզեմ, պետք է քննությունը հանձնեմ և բավարար կամ բավարարից բարձր ստանամ։

Քննություններ հանձնելու այս համակարգը դպրոցում, ինչ խոսք, ապշեցուցիչ է։ Հիմա բացատրեմ, թե ինչպես է ամեն ինչ իրականանում։

Սկսեմ գյուղերից։ Գյուղերում դպրոցները հիմնականում միջնակարգ են և 12-ամյա։ Այդ պատճառով գյուղի դպրոցներում հոսքեր ընտրելու հնարավորություն չի լինում։ Անցնում են ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքի դասագրքերով։

Ավագ դպրոցում տարբեր հոսքեր կան։ Աշակերտները ընտրում են այն հոսքը, որ համապատասխանում է իրենց նախասիրություններին, շատ դեպքերում էլ ուղղակի ցանկություններին։ Օրինակ, եթե դու սովորում ես լեզվաբանական հոսքում, դեկտեմբերին պետք է հանձնես մաթեմատիկա և պատմություն առարկաներից քննություններ և երկրորդ կիսամյակում կենտրոնանաս այն առարկաների վրա, որոնք քեզ պետք են։ Սա նշանակում է, որ հունվարից անցնում ես միայն հայոց լեզու, գրականություն և որևէ օտար լեզու։ Դրանցից էլ քննություն կհանձնես հունիսին։ Լավ է, չէ՞, որ մաթեմատիկա էլ չենք անցնի երկրորդ կիսամյակից, բայց մի բայց կա։ Անընդհատ փորձում ենք հասկանալ թե ի՞նչ իմաստ ունի մաթեմատիկա առարկան կես կիսամյակ անցնելը, այն էլ 12-ի լեզվաբանական հոսքում։

Դե մնացած հոսքերի մասին էլ հերթով չպատմեմ։ Ում ինչ պետք չէ` կհանձնի դեկտեմբերի վերջին, ինչ պետք է՝ հունիսին։

Ընդհանուր հոսքի աշակերտներն էլ բոլորը հունիսին կհանձնեն, որովհետև ըստ ավագ դպրոցի կանոնադրության, այդ աշակերտները չեն պատրաստվում պետական բուհեր ընդունվել։

Բայց չէ՞ որ գյուղերում էլ շատ երեխաներ կան և նրանք էլ են ցանկանում ընդունվել։ Եվ բնականաբար ընդունվում են, ինչ անենք, թե ընդհանուր հոսք են։

Մի շատ հետաքրքիր փաստ ևս։ Ֆիզկուլտուրա առարկան այս կիսամյակով ավարտում ենք, բայց արի ու տես, որ մայիսին ֆիզկուլտուրայից քննություն ենք հանձնելու։

Այս ամենի մասին գրելիս ինքս էլ եմ փորձում հասկանալ` ինչ եմ գրում, որովհետև այս ամենը ուղղակի շիլաշփոթ է։ Երբեք չես կարող ավագ դպրոցի վերաբերյալ ինչ-որ հստակ բան ասել։

Միակ հստակ բանը այն է, որ ավագ դպրոցը ժամանակի կորուստ է։ Ժամանակի կորուստ է, ոչ թե ուսուցիչների կամ աշակերտների պատճառով, այլ բուն կրթական համակարգի։ Տարբեր դասագրքեր կան սովորելու համար, տարբեր շտեմարաններ, տարբեր ուսուցիչներ են դասավանդում, տարբեր կրկնուսույցներ։

Եթե երեխան գնում է կրկնուսույցի մոտ պարապելու, նրա ինչի՞ն է պետք ավագ դպրոցը։ Իսկ եթե դպրոցը այսպիսի խառը վիճակում չլիներ, նորմալ ծրագիր ունենար, ու երեխաները սովորեին` ինչ իրենց պետք է, ապա էլ առանձին չէին պարապի։ Եթե ուսուցիչները գնահատված լինեին իրենց աշխատանքի համար և նորմալ վարձատրվեին, ապա առանձին պարապմունքներ չէին անցկացնի։

Այս ամենը գալիս է վատ կրթական համակարգից և անընդհատ կատարվող փոփոխություններից։ Ավագ դպրոցը այսօր փորձադաշտ է դարձել։ Տարբեր փորձեր են իրականացվում, բայց ցավոք, ոչ մեկն էլ օգուտ չեն տալիս։

Հ. Գ. Հաջողություն բոլոր նրանց, ովքեր քննություն են հանձնելու։ Պի՛նդ մնացեք։