Իմ էջը խորագրի արխիվներ

Anna Andreasyan

Տարածությունն ու ժամանակը

Վերջերս սկսել եմ հաճախ մտածել այն մասին, թե ինչպես են տարածությունը և ժամանակը փոխում մարդկանց և նրանց հարաբերությունները: Մենք բոլորս սիրում ենք ինքներս մեզ համոզել և հավատալ, թե ինչքան էլ հեռու լինենք իրարից ու թե ինչքան էլ ժամանակ անցնի, միևնույնն է, ոչինչ չի փոխվի մեր մեջ: Բայց դա այնքան էլ այդպես չէ: Իրականում այդ երկու գործոնները՝ տարածությունն ու ժամանակը, շատ բաներ կարող են փոխել:

Պատկերացրու՝ գնում ես հեռու այն միջավայրից, որտեղ ապրել ես ամբողջ կյանքում, այն խորին համոզմունքով, որ չեն փոխվելու հարաբերություններդ այն մարդկանց հետ, ում շրջապատում ապրել ես մինչ այդ պահը: Սկզբում կապ ես պահպանում բոլորի հետ, ու դեռ ամեն ինչ նույնն է: Բայց անցնում է որոշ ժամանակ, և աստիճանաբար սկսում են քչանալ խոսակցությունները թեմաների սղության պատճառով: Մի պահ մտածում ես՝ ո՞ւր կորան այն բազմաթիվ թեմաները, որի մասին մի ժամանակ այդքան երկար խոսում էինք: Իսկ հետո հասկանում ես, թե իրականում կենցաղը ինչքան բան է փոխում: Դուք գնում եք տարբեր ուղիներով, ու ամեն մեկիդ մոտ հետագա դեպքերն ու իրադարձությունները տարբեր ձևերով են զարգանում: Ու գալիս է մի պահ, երբ՝ «ո՞նց ես» կամ «ի՞նչ կա-չկա»-ից ավել ուրիշ էլ ոչինչ չես կարողանում ասել, և բացի «բան չկա, լավ եմ, դու ասա»-ից ուրիշ պատասխան էլ չես ստանում:

Սա բոլորովին չի նշանակում, թե էլ կարևոր չեք իրար համար, ո՛չ, սա ընդամենը այն անդունդի մասին է, որ գոյացել է ձեր միջև ժամանակի ընթացքում իրարից հեռու լինելու և տարբեր ուղիներով գնալու պատճառով:

Բայց գիտե՞ս՝ մի տարբերակ կա, որ նույնիսկ այս հանգամանքներում թույլ չի տալիս, որ այդ անջրպետը գոյանա։ Դա կենցաղից վեր, ինչ-որ այլ բանով իրար հետ կապված լինելն է: Դա կարող է լինել ընդհանուր գաղափար, հետաքրքրություն ու նմանատիպ այլ բան: Ու հենց այստեղ հասկանում ես, որ մարդիկ կան, որոնց հետ կապված էիր հանգամանքների բերումով, որովհետև ամեն օր իրար տեսնում էիք կամ այդպես մի բան: Եվ կան մարդին, որ անկախ նրանից, թե որտեղ կլինեք ու ինչպիսի հանգամանքներում, միշտ կապ եք պահպանում, որովհետև ձեր՝ իրար հետ մոտ լինելը ոչ թե հանգամանքների բերումով, այլ ձեր իսկ գիտակցված ընտրությամբ է եղել: Հասկանում ես, որ կենցաղը, վայրը, որտեղ բնակվում եք, մարդիկ, որ շրջապատում են ձեզ, չեն կարող փոխել ոչինչ, որովհետև ձեր հարաբերությունները երբեք էլ հիմնված չեն եղել վերոնշյալ պայմանների վրա, այլ գաղափարի, համամարդկային բաների վրա, որ որտեղ էլ լինես, արդիական են ու արժանի քննարկելու:

Ani Harutyunyan

Մեծանալու ժամանակը

Ես չմեծացա այն ժամանակ, երբ պատահաբար լսեցի մերոնց պատմությունը, որ պատմում էին հորաքրոջս, թե իրենք որտեղից են գնել Նոր տարվա մեր նվերները` ինչ-որ սպիտակամորուք մարդու հասցեագրված նամակում գրված:

Չմեծացա այն ժամանակ, երբ տիկնիկներն ու մորս բարձրակրունկ կոշիկները սկսեցին այլևս չհետաքրքրել ինձ: Երբ զգացի, որ սեպտեմբերի համար գրենական պիտույքներ գնելիս ինձ էլ չեն գրավում գույները, գունավոր պայուսակները, այդ ժամանակ ես դեռ շատ հեռու էի մեծանալուց:

Ես չմեծացա նաև այն ժամանակ, երբ փողոցում «ֆիշկա» խաղացող երեխաների կողքով անտարբեր սկսեցի անցնել, երբ սկսեցի իմ բաժին կոնֆետները կերած եղբորս հետ կռիվ չանել:

Ոչ էլ մեծացա այն ժամանակ, երբ հեռու բարեկամները, երկար ժամանակ ինձ չտեսնելուց հետո, հայտնեցին իրենց հեղինակավոր կարծիքը` ամուսնանալուդ ժամանակն է:

Ճիշտ է, այդ ընթացքում ես, իհարկե, մեծանում էի` համաձայն բնության օրենքների. բոյովացա մի քիչ, մազերս երկարեցին, սկսեցի ավելի հաճախ նյարդայնանալ: Բայց իմ գիտակցությունը դեռ քիմիայի դասը չանելուց անսահման ուրախանալու մակարդակի էր:

Ես գիտակցում էի, որ սկսում եմ իրոք մեծանալ, երբ արդեն մահը ոչ թե, ինչպես միշտ ինձնից հեռու, գյուղի այս կամ այն փողոցում ապրող տատիկի կամ պապիկի կարգավիճակն էր, այլ անգամ չափահա՛ս չդարձած դասընկերոջս, ծնողների համար ամենասարսափելի բառը:

Ես մեծացա այն ժամանակ, երբ տատս հիվանդանոցից տուն եկավ, ու իմ` ի՞նչ ասացին հարցին ի պատասխան, ծանր հոգոց արձակեց, ու առանց բառերի ես արդեն ամեն ինչ հասկանում էի:

Ես մեծացա, երբ սկսեցի նկատել հորս` արդեն բավականին շատացած սպիտակ մազերը:

Մեծանալն ինձ համար հասկանալն էր այն, որ ես մի օր չեմ լինելու. այնպես, ինչպես չեմ եղել լինելուցս առաջ, ու դա ամենասարսափելին էր երևի, ամենասարսափելին, որովհետև ես դեռ այնքան չեմ մեծացել, որ շատերի նման այդ միտքը ընդունեմ հանգիստ:

Խոսում եմ մահից, ուրեմն իմ մեծանալը հասկանալն էր նաև այն, որ մարդիկ շատ հաճախ ինչ-որ մեկի հոգեհանգստին գնում են պարտքի զգացումից ելնելով, որ այդ մարդու հարազատները հանկարծ չնեղանան, որ նրանք մեր առիթներին եկել էին, ոչ թե որ ցավում է, հարգում էր, ուզում է:

Ես սկսեցի մեծանալ, երբ հասկացա, որ գյուղում ապրելը ամոթ չէ, որ թաքցնել պետք չէ, դեռ որ լավ մտածես, առավելություն է, որ ես երջանիկ եմ գյուղում, ի՞նչ կա որ:

Ես գիտեմ, որ երբեք չեմ դադարելու մեծանալ` գիտակցաբար, ֆիզիկապես, բայց մենք բոլորս էլ հոգեպես ուզում ենք լինել տիկնիկներից ուրախացող ու մեր բաժին կոնֆետը չգտնելուց լացող երեխաները, որովհետև այդ տարիքում մեզ երջանկացնելը հեշտ է` նոր տիկնիկ գնելով ու կոնֆետները վերադարձնելով:

zara torosyan

Արձակուրդային պլաններ

-Երեխաներ, դասերի ավարտին մնացել է մի քանի շաբաթ, լավ սովորեք, որ կիսամյակը կարողանաք լավ փակել,- ասաց պատմության ուսուցչուհին:

Բոլորս նայեցինք օրացույցին․ մայիսի տասն էր։ Մտածեցինք, որ դեռ շատ ժամանակ ունենք, և դրա մասին մտածել չարժի։ Սակայն անցավ մի քանի շաբաթ, գրականության ուսուցչուհին եկավ և հանձնարարեց այնքա՜ն շատ գրքեր ամռանը կարդալու։

-Ախր, ընկեր Խաչատրյան, ինչի՞ եք էսքան շատ բան տալիս, մեղք ենք, չէ՞, համ էլ` արձակուրդը այնքան շուտ կանցնի, որ չենք հասցնի կարդալ,- վրդովված ասաց Էմիլը:

-Բան ու գործիդ անունը ի՞նչ է, որ չես հասցնի, ձեր արձակուրդին մնացել է ընդամենը երկու օր, կգնաք, հենց այս օրվանից էլ կսկսեք կարդալ, սեպտեմբերին բոլոր վեպերն ու նորավեպերը հարցնելու եմ։

Դասերի վերջին օրն էր։ Գրքերը հանձնեցինք, ժամանակն էր արդեն տուն գնալու։ Մեկը երջանկությունից տուն սլացավ, մյուսն էլ իր ընկերուհիների հետ կանգնած որոշում էր, թե ամռան ընթացքում ինչ պլաններ ունեն իրար հետ, դե, քանի որ իրենք երեք ամիս ուղղակի չէին կարող չտեսնվել։

Դասարան մտավ դասղեկս՝ երջանիկ դեմքով, և ասաց.

-Երեխաներ ջան, հանկարծ չտխրեք, մենք այս արձակուրդի ընթացքում լիքը էքսկուրսիաներ կանենք. օրինակ՝ ամսի հինգին կգնանք թատրոն, լավ անակնկալ է, չէ՞։

Դե, քանի որ մեզ մոտ արդեն ավանդույթ էր դարձել ամռանը թատրոն գնալը, մենք այդքան էլ չզարմացանք։

Դասարանցիներով որոշեցինք հաջորդ շաբաթվա մեջ գնալ ման գալու և ինչ-որ ֆիլմ դիտել։ Բոլորը պատմում էին, թե ինչ են անելու ամառային արձակուրդի ընթացքում։ Չնայած նրան, որ մենք ամեն տարի նախօրոք իմանում էինք մեր ամառային արձակուրդի պլանների մասին, այս տարի այդպես չէր։

-Մա՜մ, մենք էս տարի որտե՞ղ ենք հանգստանալու։

-Վայ Զառա, ի՞նչ հարցեր ես տալիս, ախպերդ գնում ա բանակ, չգիտենք՝ ինչ ենք անելու, դու եկել հարցնում ես, թե որտեղ ենք հանգստանալու։

Այդ ամենից արդեն անցել է երկու ամիս, երեսուն օրից սեպտեմբերն է, նորից դասեր, այս տարի նաև քննություններ: Ինչպես Էմիլն էր ասում՝ այնքան շուտ անցավ ամառը, որ նույնիսկ չհասցրինք հանձնարարված գրքերի կեսը կարդալ, ինչպես միշտ՝ ամեն ինչ մնաց վերջին օրվան:

Եվ երբ եղբայրս գնաց բանակ, ես նոր հասկացա, որ մեր հանգստանալը երկրորդական էր:

Աստղերն իջել են Վանաձոր

Լուսանկարը` Աննա Մելքոնյանի

Լուսանկարը` Աննա Մելքոնյանի

Ինչպես ժամանակին Թոմաս Էդիսոնն էր «լուսավորել» աշխարհը, այնպես էլ այսօր Canyon park-ը` Վանաձորը: Հայքի հրապարակը շատ մարդաշատ էր, ծանոթ-անծանոթ հավաքվել էին, զբոսնում էին, զրուցում, լսում բարձր ու հաճելի երաժշտություն: Շատերի ձեռքին կարելի էր նկատել թռչող լապտերներ, և դեռ առաջին իսկ րոպեից նրանք պատրաստ սպասում էին, թե երբ պետք է լուսավորեն քաղաքը «իրենց ձեռքով»: Եվ ահա սկսվեց:

Լուսանկարը` Աննա Մելքոնյանի

Լուսանկարը` Աննա Մելքոնյանի

Հրապարակի տարբեր մասերում կարելի էր տեսնել մարդկանց խմբեր, ովքեր փորձում էին լապտերները վեր բարձրացնել: Մի մասին հաջողվեց, մյուս մասինն էլ այրվեց: Բայց կարևորն այն էր, որ դրանից մարդկանց բարձր տրամադրությունը չընկավ, բոլորը ուրախ էին և ժպիտով: Հետաքրքիր էր, որ կային մարդիկ, ովքեր ջրով կանգնել էին լապտերների կողքին, որպեսզի վառվելու դեպքում միանգամից հանգցնեն: Վանաձորում կյանքը իսկապես որ հետաքրքիր է անցնում:

arman baghdasaryan

Սևան սթարթափի կամավորի օրագիր

Օր 1

Երեկո: Ռադիոտուն: Մարդիկ: Ճամպրուկներ: Ճանապարհ: Սևան: Նյութատեխնիկական պահեստ: Փոցխ: Գործ: Գիշերվա ժամը երեք: Վրան: Անհանգիստ գիշեր:

Օր 2

Զարթնեցինք: Մեծ քանակությամբ գործ: Միայն գործ: Գիշեր: Վրան: Անհանգիստ գիշեր:

Օր 3

Եկան սթարթափերները: Գործ: Գործ: Գործ: Օգնեցեք: Գիշեր: Արդեն հանգիստ գիշեր:

Օր 4

Ազատություն: Նոր մարդիկ: Խարույկ: Մաֆիա: Հաճելի օր: Գիշեր:

Օր 5

Դասընթաց: Սեղանի ֆուտբոլ: Սևանի մաքուր ջուր: Ջան, հավի միս: Խորոված: Դիսկոտեկ: Հոգնեցի: Բայց անհանգիստ գիշեր:

Օր 6

Կարկուտ: Անձրև: Փախչում ենք: Իրանցի սթարթափեր։ Հաճելի շփում: Թաց: Բայց ուրախ: Էլի գիշեր:

Օր 7

Վոլեյբոլ: Վրացիներին պարտվեցինք: Ոչինչ: Բլոտով հաստատ կհաղթենք: Խառը զգացողություններ: Անքուն գիշեր։

Օր 8

Անհետաքրքիր սթարթափներ: Այ, էս մեկը լավն էր: Ա, դե լավն ա, էլի, 4-րդ ջոկը: Մնամ այսօր իրենց մոտ: Ցուրտ գիշեր:

Օր 9

Ահավոր վատ օր էր, չեմ պատմելու: Չքնեցինք:

Գնալու ժամանակն է: Ոչ ոք չի ցանկանում գնալ:

Էլի երեկո: Էլի ռադիոտուն: Էլի մարդիկ: Բայց արդեն Երևան:

Մտնում եմ տուն: Ինչ անսովոր է: 9 օր բաց տարածքում, և հիմա չորս պատի մեջ նստած:

Բարև, շոգ Երևան, ես կարոտել էի:

anush davtyan

Թե «ոնցն» էր իմ ճամբարը

Մի փոքրիկ գյուղ՝ Եղնաջուր, երկու հերթափոխ, վաթսունհինգ անծանոթ երեխա, ու քսան օր ժամանակ, որ էս ամեն ինչը մարսես։

Երբ դեռ չէի գնացել ճամբար, մեծ հույսեր ու սպասելիքներ ունեի։ Դողում էի, չգիտեի՝ ինչ կկարողանամ տալ էդ երեխեքին, ինչ պիտի սովորեցնեմ իրենց։ Մտածում էի, որ ոչ մի հետաքրքիր բան չգիտեմ, ճամբար եկող երեխու համար ոչ մի անհրաժեշտ բան։ Ու էդպես անընդհատ մտածում էի, թե ինչ պիտի տամ էդ երեխեքին, ինչ են հասկանալու ինձ հետ անցկացրած 20 օրերից։

Բայց հետո սկսվեց ճամբարը, գիժ օրերը եկան։ Առաջին օրվանից սկսած՝ ամեն ինչ էնպես իրար խառնվեց, էնպես արագ զարգացավ, որ հազիվ էի հասցնում հետևից։ Նախ պարզվեց, որ հիմիկվա երեխեքին համարյա ոչ մի բան չի հետաքրքրում։ Ոչնչով չես գրավի իրենց ուշադրությունը։ Ու իրոք, պայքար էր գնում էն բանի համար, որ ուղղակի իրենց ուշքն ու միտքը պահենք մի տեղում, ցրված չլինեն, կենտրոնանան։ Իսկ էդ հնարավոր էր միայն ընդամենը 10 րոպեով։

Իրենց հետաքրքրող բաներից էր մեկ գնդակը (էն էլ ոչ միշտ), մեկ էլ «Uno» կոչվող խաղը։ Իսկ դրանով ամբողջ օրը չէր կարելի զբաղվել։

Ինչքան էլ որ տարօրինակ թվար ինձ, բայց հոդվածներ, պատմվածքներ գրելու ու հարցազրույց վերցնելու թեման բոլորին հետաքրքրել էր։ Անկախ նրանից, թե ինչ մակարդակի էին հայոց լեզվից էդ երեխեքի գիտելիքները, իրենք գրում էին ու գրում էին անկաշկանդ։ Մոտ հինգ րոպե էր պետք, որ 10-12-հոգանոց խմբին համոզես, որ իրենց ցանկացած միտք հետաքրքրում է ինձ։ Ու վերջ։ Ու գնաց։ Թուղթը թղթի հետևից հանձնում էին՝ լինի կարճ երկտող, լինի կես էջ գրված պատմվածք։ Ու նույն բանը հարցազրույցի ժամանակ էր։ Անգամ որ թեման ամենաանհետաքրքիրն էր թվում, անգամ, որ թեմա էլ չկար նորմալ, իրենք հարցեր էին շարադրում, մարդ էին գտնում, որ տան էդ հարցերը։ Հետո վազում էին մոտս, որ պատասխանները ցույց տան։ Քանի որ բոլորից հավաքել էին հեռախոսները, չէին կարող ձայնագրել, ասել էի՝ գրեն պատասխանները, որ իմանամ՝ ոնց է անցել հարցազրույցը։

Էս ամենից բացի՝ նույնքան հետաքրքիր էր արշավների գնալը։ Ավելի կոնկրետ՝ էն ցանկությունը, որով իրենք դուրս էին թռնում ճամբարի շենքից, որ գնան սար (հիմնականում հենց սար էինք գնում)։ Բնական էր, որովհետև էդ գյուղում ոչ ծառ կար, ոչ նորմալ ծաղիկ, ճամբարի բակում առհասարակ ոչ մի բուսականություն չկար։ Ու բոլորս միասին անհամբեր սպասում էինք էդ ձևական արշավներին, որ հերթական սարը բարձրանանք, երեխեքը ծաղիկ հավաքեն։ Նման տեղերում կարոտ ես մնում բնությանը, ծառերի արանքից փչող ամենասովորական քամին էլ է դառնում արտասովոր ու երկար սպասված մի բան։ Էնքան, որ հետդարձին հենց «ցիվիլիզացիայի» հասանք, իրար կողքի աճած երկու ծառի վրա էնքա՜ն ուրախացանք։ Էն սպասումները, որ պիտի բարձրանանք ամենաբարձր սարը, հետներս ջուր ու ուտելիք տանենք, միգուցե հենց տեղում խարույկ անենք, ուրախանանք, լրիվ կորան հենց առաջին սար գնալիս։ Ոչ ջոկատավարների, ոչ էլ ճամբարական երեխեքի ֆիզիկական վիճակը, պարզվեց, պատրաստ չէր թեկուզ ցածր սար բարձրանալու համար։ Ճանապարհի կեսից արդեն հևոցով խնդրում էին, որ հետ գնանք կամ կեսից ավելի չբարձրանանք։ Սրանից բացի՝ ամեն առավոտ արվող մարզանքներին ոսկորների էնպիսի ճրթճրթոց էր լսվում, որ մտածում էի՝ հեսա կքանդվեն էս երեխեքը։ Մի անգամ մի ջոկատավար մոտեցավ ինձ, ասաց՝ լավ դե, հերիք է, մեղք են էս երեխեքը։ Իսկ ես դեռ կեսն էլ չէի արել էն ծրագրից, ինչ մենք ամեն շաբաթ անում էինք համալսարանում։

Էս քսան օրերից հետո արդեն ուրիշ աչքերով եմ նայում երեխեքին։ Էլ չեմ մտածում, որ ինձ հետ անհետաքրքիր կլինի, որովհետև ինձնից չի կախված։ Եթե թողնես, որ երեխան մի քիչ խոսի, մի քանի բան ասի իր մասին, հետո արդեն էնքան հարց կառաջանա, որոնց ինքը սիրով կպատասխանի, որ ժամանակը կթռնի, չես էլ նկատի։ Երևի պիտի փոխադարձ լինի էդ հետաքրքրությունը։

Ճամբարից հետո շատ բան է մնացել հիշելու ու մտածելու։ Ու ոնց ասում է մամաս․

-Էս հուշերը ամբողջ կյանքումդ հետդ են մնալու։

Ու թող մնան, ես դեմ չեմ։

elza zohrabyan

Լավ ամառ

Ինչպես միշտ, իմ ամառն սկսվել էր այն որոշումով, որ այս տարի այն պետք է տարբերվի և լինի ուղղակի անկրկնելի: Բայց քանի որ իմ ամառը քննությունների պատճառով սկսվեց մեկ ամիս ուշ, այն յուրահատուկ դարձնելը ավելի դժվար էր։

Ամեն օրս պլանավորած էր. առավոտյան արթնանալով ժամը 7-ին՝ անպայման պետք է մարզանք անեի, բայց, իհարկե, ես արթնանում էի ժամը 11-ին, և արդեն մարզանք անելու ցանկությունը փոխարինվում էր ժամերով հեռախոսով սոցկայքերում ուրիշների կյանքին հետևելու ցանկությամբ։

Ի վերջո իմացա, որ այս տարի հանգստանալու ենք Բարսելոնայում, և այդ ժամանակ ամեն ինչ փոխվեց: Նկատի ունեմ, դա իմանալուց հետո պարապությունս արդարացնում էի Բարսելոնայով՝ ասելով, որ ուղղակի շատ եմ սպասում, և որ վերադառնամ, ամեն ինչ լավ կլինի։ Օրերն էի հաշվում, թե երբ ենք գնալու, և ահա եկավ այդ օրը (հանգստի արկածային դեպքերի մասին նյութը արդեն գրում եմ)։ Իհարկե, այնտեղ ամեն ինչ լավ էր, և վերադառնալու ցանկություն չկար, բայց ստիպված էի։ Ինձ անընդատ կրկնում էի, որ Երևանում էլ կարող եմ լավ ամառ անցկացնել։

Ինձ թվում է, որ իրոք լավ ամառ կարող եմ այստեղ անցկացնել և այս մեկ ամսում կփորձեմ հասկանալ, թե ինչպես։

shushan stepanyan portret

Դավոս զինվոր է

Բարև: Քեզ հետ հիմա խոսում են կարոտիս՝ դատարկ օդով լցված նոտաները, ես կարոտել եմ:

Մտել եմ սենյակ, ժամը երկուսն անց է, ու ինձ թվում է, թե պիտի ջղային ձայնով զանգեմ ու ասեմ. «Դավո՛, ի՞նչ եղար, արի տուն, գիշերվա հազարն ա»: Սպասում եմ, որ կամաց դուռը պիտի ծեծի, ու ես սենյակից վազելով գնամ բացեմ, սպասում եմ, որ լսեմ «բարի գիշեր»-իս պատասխանն ու քնեմ, բայց արի ու տես, որ այս պահից սկսած երկու տարի միայն կարոտելու եմ, ինչ ջղայնանալ, ինչ դռան թակոց:

Անասելի անսովոր է, երբ եղբայրս արդեն զինվոր է, երբ արդեն մենակ եմ: Անկեղծ կլինեմ ու կասեմ, որ երբևէ չէի պատկերացնի, որ այս տեսակ կկարոտեմ: Դժվար է:

Տանել չեմ կարողանում բաժանումներն ու հրաժեշտի պահերը: Գուցե նրանից է, որ ուժեղ եմ կապվում, հոգուս ու սրտիս ամուր թելերով, առանց որևէ ակնկալիքի, որ մի օր պիտի կարոտեմ նաև, որ թելերից մեկը մի օր պիտի երկարի, սրտիցս հեռանա:

Ճամփելու հաջորդ առավոտն է. աչքերս բացել եմ, ինձ թվում է, որ պիտի ասի. «Շուշա՛ն, քիչ խոսա, էլի, թող քնեմ: Էլի ժամը ութից ինձ քնից հանեցիր: Վերջին անգամ եմ ասում»: Խոսում եմ, խոսում, բայց արձագանք չկա: Գոնե էլի արթնացնեի քնից, կռվեինք, բայց մենակ չլինեի:

Մի քանի օր է, ու կոնֆետներս հետս կիսող չկա, թաքուն իմ բաժինը ուտող չկա. ես մենակ եմ, կարոտում եմ…

Ինչ ինձ հիշում եմ, գիտակցել եմ, որ հեռու, շա՜տ հեռու ապագայում գալու է մի օր, որ եղբայրս զինվոր է դառնալու, որ ծառայելու է: Այդ ընկալումներն այնքան երեկ էին թվում, որ ինչ-որ պահի անգամ մտածում եմ, որ հիմա երազի մեջ եմ: Ինքս ինձ համոզում եմ, որ երկու տարին կարճ ժամանակահատված է, աչքերս փակեմ-բացեմ, ու վերջ: Գուցե երբ ապրում ես առանց սպասման, առանց ժամերն ու օրերը հաշվելու, երկու տարին ակնթարթ է թվում, բայց երբ սպասում ես անհամբեր ու հաշվում դեռ մնացած օրերը, ձգվում է տարին, երկարում ինչ-որ տեղ էլ: Բայց ոչինչ, շուտ կանցնի:

Մենք շատ-շատ ենք կռվել, ու հիմա ականջներումս մամայիս ձայնն է, որ ասում էր. «Տեսնաս էս աշխարհում էլի երեխեք կա՞ն ձեզ պես կռվող, թե մենակ դուք եք: Ոչինչ, բան չեք հասկանում, հեսա Դավոն գնալու ա բանակ, զղջալու ես, Շուշան, կարոտես»: Իմ պատասխանը միշտ էլ անգիտակցորեն էր արտաբերվում. «Չեմ փոշմանելու, ո՜ւֆ, թող գնա, պրծնեմ իրանից, կյանքս կերավ»: Դե հա, չէի գիտակցում: Ու միշտ ընկերներիս հարցնում էի, թե իրանց մամաներն է՞լ են էդպիսի բաներ ասում, պարզվում էր, որ հա, ամեն կռվի ժամանակ նույն նախադասությունն է գրեթե բոլորի տներում. «Տեսնաս էս աշխարհում էլի երեխեք կա՞ն ձեզ պես կռվող, թե մենակ դուք եք»:

Վերջին օրն էր նախքան գնալը, չեմ կարողանում քնել, ժամը արդեն հինգն է, միացրել եմ հեռախոսիս լույսը, պահել խաղաղ ննջող դեմքին, նայում եմ ու չեմ կշտանում: Մի պահ, երբ կոկորդդ խեղդվում է արցունքներիդ՝ աչքերիցդ դուրս թափվելու ցանկությունից, դու էլ ուժեղ չես լինում, մոռանում ես քեզ զսպել: Հասկանո՞ւմ եք, այս մեծ ու փոքր աշխարհում ես իրեն ունեմ, իրեն, որ ամեն պահի կողքիս է եղել, որ ինչքան նեղված, հիասթափված եմ եղել ինչ-որ բաներից կամ մարդկանցից, նստել է կողքիս ու ասել, ցույց տվել, որ կողքիս է: Անասելի ուժեղ եմ ինձ զգացել ու հաղթահարել շատ բաներ:

Մայիս ամսից որոշել էր, որ պիտի դիմում գրի, թեև անվճար համակարգում է սովորում, ու կամավոր գնա բանակ: Ու ես արդեն մտքերի մեջ էի, տխուր: Ընկերներս զարմանում էին, որ ինձ նման չեմ, որ իմ «տափակ» հումորները պակասել են. ես մտքերով էի, նեղված, դեռ պատրաստ չէի զինվորի քրոջ կերպար ընդունել: Անընդհատ մտածում էի՝ բա էլ ում հետ եմ կռվելու, ում մոտ եմ անվախ լացելու, սրտինս ասելու: Ես կարոտում եմ..․

Տան փոքրն ինքն է, բայց ես երբեք դա չեմ զգացել: Նախ, ես շատ երեխայական բաներ էի անում, որ հեչ իր սրտով չէր, հետո էլ ինքը ինձնից ավելի ճիշտ է դատում ու ավելի հասուն է: Երբ հեռախոսով խոսում էր, բարձր երգում էի (դե, կռվելու ուրիշ պատճառ չկար այդ պահին), ու խեղճը ստիպված ասում էր. «Ախպեր, կներես, էլի, փոքր քուրս ա, հեսա կզանգեմ»: Ես սկսեցի հարմարվել, որ ես եմ տան փոքրը: Բայց հոգուս խորքում, սրտիս մեջ ինքն ինձ համար ընկալվում էր որպես իմ փոքր Դավո, իմ փոքր կես, որի հետ կյանքիս ամեն մի պահը կիսել եմ հավասար, որի հետ նեղվել եմ, ծիծաղել:

Գիշերվա մեկն անց է, ու մի քիչ առաջ զանգ եկավ մամային: Քնած էր, բայց հենց զանգի ձայնը լսեց, խաղաղ ժպիտը դեմքին՝ պատասխանեց. Դավոս էր: Սենյակիցս վազում եմ մամայի մոտ, որ գոնե մի րոպե էլ ես խոսեմ, կարոտս առնեմ: Հեռախոսի բարձրախոսն ենք միացրել, երեքով նստել հեռախոսի կողքին ու խոսում ենք: Նոր սիրահարվածներ են է լինում, որ անընդհատ իրար զանգի են սպասում, որ խոսելիս աչքերները փայլում են, հիմա մենք ենք՝ ես, պապաս, մամաս: Մենք նոր ենք սիրահարվել, հա, մեր զինվորին:

Բոլոր-բոլոր զինվորներին բարի, խաղաղ, թեթև, անհոգ ծառայություն, իրենց սպասողներին էլ՝ համբերություն: Թող միայն խաղաղություն լինի մեր երկրում ու միայն սեր՝ մեր սրտերում:

Anna Andreasyan

Մասնակցից դեպի դասընթացավար

Ինչ Ամերիկայից եկել եմ, հաճախ եմ այցելում ԱԶԿ (Արմավիրի զարգացման կենտրոն): Մասնակցում եմ տարբեր սեմինարների, որոնք այնտեղ անցկացվում են: Բացի սեմինարներից այնտեղ նաև անցկացվում են ճամբարներ՝ տարատեսակ թեմաներով: Ճամբարներից առաջինը, որին մասնակցեցի արդեն որպես դասընթացավար, «Grow» բնապահպանական ճամբարն էր: Այն տևեց 4 օր՝ բավականին հագեցած օրակարգով:

Իրականում այս ամենը պատմում եմ ցույց տալու համար, որ այդ ճամբարով սկսվեց կյանքիս այն փուլը, երբ արդեն ես էլ եմ դաս վարում: Իհարկե, ես չէի սկսի դաս վարել, եթե Ֆլեքսի այն մեկ տարին չլիներ, որ ամեն ինչ փոխեց ու ավելի հասուն դարձրեց ինձ:

Հետաքրքիր է տեսնել, թե ինչպես է մտածելակերպդ փոխվում, երբ արդեն հասկանում ես, որ միայն սպասելով, թե ինչ-որ բան կփոխվի, կամ այս խնդիրը կլուծվի, ոչինչ էլ չի փոխվում: Հասկանում ես, որ հենց դու կարող ես լինել մեկը այն մարդկանցից, ովքեր ինչ-որ բան են փոխում: Հիմա ավելի ամուր կապ եմ զգում իմ ու համայնքիս միջև: Մի տեսակ մեծ ցանկություն կա մի բան փոխելու, այն ավելի լավը դարձնելու համար: Այդ ցանկությունը ասես պարտականություն լինի, որ ինքս եմ ինձ վրա դրել սեփական կամքով:

Սա այն օգտակար ու շատ կարևոր բաներից մեկն է, որ սովորել եմ Ֆլեքսից: Այնպես որ, մոտ ապագայում սպասեք իմ ծրագրերին:

jora petrosyan

Մի քիչ մոտիվացիա…

Բարև, սիրելի ընթերցող։ Հուսամ` լավ ես։ Երկար դադարից հետո ես վերադարձա։ Վերադաձա, որ մի քիչ պատմեմ իմ երկու տարվա պատմությունը` անքուն գիշերների մասին, նպատակիս հասնելու ու դրան խանգարող տարբեր հանգամանքների մասին։ Լավ, իսկ հիմա ամեն ինչ հերթով։

Երկու տարի առաջ սեպտեմբերի մեկից սկսեցի պարապել երկու վեհ ու հետաքրքիր առարկա` կենսաբանություն ու քիմիա։ Արդեն հասկացաք, որ բժշկական համալսարանի ապագա ուսանող պետք է լինեի։ Առաջին տարին համեմատաբար թեթև անցավ, իսկ երկրորդ տարին… Երկրորդ տարին ամենատաժանակիր, միևնույն ժամանակ, ամենահաճելի տարին էր։ Օրս սկսվում էր ուսուցչուհուս տանը և ավարտվում էր նորից այնտեղ։ Օրական պարապում էի 12 ժամ և ավելի։ Գնում էի պարապմունքի առավոտյան ժամը 9-ին ու վերադառնում էի երեկոյան 10-12-ի սահմաններում։ Պատկերացնո՞ւմ եք, ես նույնիսկ իմ վերջին զանգի օրը այնտեղ եմ եղել, վերադարձել եմ դպրոց, երբ բոլոր հյուրերը արդեն հավաքվել էին։ Վերջին զանգին նախորդող օրերին էլ, պարապմունքս վերջացնում էի հնարավորինս շուտ ու արագ իջնում էի դպրոց, որ կարողանայի հասցնել բեմը ձևավորել։ Ինչ խոսք, հետաքրքիր օրեր էին։

Հիմա անցնենք բուն թեմային։ Ինձ ու ինձ հետ պարապող ուսուցչուհու՝ Աղաջանյանի համատեղ աշխատանքի շնորհիվ ես հասա նպատակիս։ Անվճար ընդունվեցի ԵՊԲՀ-ի ընդհանուր բժշկության ֆակուլտետ։ Կարող եք շնորհավորել։

Կողքից նայողին թվում է, թե այնքան հեշտ է։ Բայց մինչև չանցնես այդ ճանապարհը, չես կարող պատկերացնել այնտեղ հանդիպող դժվարությունները: Ամեն անգամ, երբ հոգնում էի, երբ հավեսս կորցնում էի, Աղաջանյանս թափ էր տալիս ինձ, այնպիսի հոգեբանական դրական ազդեցություն էր թողնում վրաս, որ ուղղակի չպայքարել չէի կարող։ Ոչ մի պայքար անարդյունք չի մնում։ Իմ օրինակը` վառ ապացույց։

Աշխատեք ձեր երազանքը դարձնել նպատակ, իսկ նպատակին հասնելու համար դիմել ամեն մի քայլի՝ հնարավոր ու անհնար։ Այս կյանքում ինչ-որ բանի հասնում է միայն պայքարողը, միայն մեծ ներուժ ունեցողը։ Այն մարդը, ով ճանապարհի կեսից հուսախաբ է լինում, ամենաթույլ մարդն է։

Դե ինչ, ձեր կյանքի հետագա ընթացքի համար ցանկանում եմ կանաչ ճանապարհ, բայց հիշեք, որ կանաչ ճանապարհին լինում են նաև ծակող փշեր։ Մի հուսախաբվեք…