Իմ էջը խորագրի արխիվներ

ani v. shahbazyan malishka

Ամենակարճ տարածությունը

8:30: Աչքերը բացում են «սևերը»: Իմ արթնանալու մշտական ժամն է: Երևի կմտածես, որ ծույլ եմ կամ քնկոտ, կամ թե ինչպես եմ հասցնում դպրոց գնալ: Դե, էն, որ ծույլ եմ, դրա մասին խոսք չկա, հա, քնկոտ էլ եմ: Բայց դա կապ չունի, ուղղակի շուտ արթնանալն անիմաստ է, որովհետև տնից դպրոց կես քայլ է: 15 րոպեն ինձ լրիվ բավական է պատրաստվելու, դուրս գալու ու դպրոց հասնելու համար: Բայց տանը մոտ լինելը կապ չունի, ամենաուշը ես եմ մտնում դասարան: Դե, օրինակ 8:59 դուրս եմ գալիս տանից ու 8:59 հասնում եմ: Բայց մեկ-մեկ, երբ հավես չեմ ունենում, սպասում եմ, թե երբ են զանգը տալու, որ գնամ: Բոլոր դասարանցիներս երազում են, որ իրենց տունը մոտ լինի դպրոցին, նրանք կիլոմետրեր ու մղոններ են կտրում դպրոց հասնելու համար: Իսկ ինձ համար սովորական է արդեն:

Դե, առավելությունները շատ են: Քանի որ ես ծույլ լինելու հետ մեկտեղ նաև մոռացկոտ եմ, ինչ-որ բան հաստատ մոռանում եմ տանը: Իսկ դասամիջոցներին հովազի պես վազում եմ տուն, որ վերցնեմ: Կամ էլ դասի ժամանակ: Բոլորը հարցնում են՝ կարո՞ղ եմ գնալ դուրս, իսկ ես՝ կարո՞ղ եմ գնալ տուն, գալ: Այսքան ժամանակ բացասական պատասխան չեմ ստացել, որովհետև ես ավելի շուտ եմ վերադառնում, քան անհետ կորած դուրս գնացող աշակերտը, ով րոպեներ անց գտնվում է հետախուզման մեջ, և վերջինիս նկարը հայտնվում է դպրոցի պատերին: Չէ, վերջինը չափազանցրի:

Մյուս առավելությունն այն է, որ երկար դասամիջոցին կարող եմ գնալ տուն, հաց ուտել ու վերադառնալ: Եվ «հանդիսատեսի» խնդրանքով նաև բրդուճներ տանել սովյալներին, ովքեր պատերի տակ սովից կուչ են եկել և խեղճ հայացքներով նայում են մատնաքաշ կրծող մանուկներին: Այդ խեղճ հայացքների մեջ կա նաև իմը, քանի որ չեմ օգտվում այդ հնարավորությունից ու չեմ իջնում տուն: Հավես չկա:

Լավ, անցնենք թերություններին: Դասերը վերջացնելուն պես վազում եմ տուն, հաց եմ ուտում ու անցնում դասերիս: Իմ դաս անելու ընթացքում ընկերներս նոր տուն են հասնում: Հիմա կասես՝ դրա թերությունը ո՞րն է: Գիտե՞ս՝ ինչքան ցավալի է տեսնել, թե ոնց են ընկերներդ միասին խոսելով ու կռվելով գնում տուն, իսկ դու՝ միշտ մենակ: Չեմ կարող հարցնել՝ կգա՞ս մեր ճամփով, որովհետև մեր ճամփով միայն ես կարող եմ գնալ ու միայն մեր տուն: Մյուս թերությունը. պատկերացրու՝ ընկերներդ չեն եկել, ու դու մենակ պետք է գնաս տուն: Հոգուդ խորքում կուրախանաս, քանի որ ականջակալներդ հետդ են, ու դու կարող ես միացնել Imagine Dragons ու ռիթմի հետ հավասար քայլելով ու անկապ շարժումներ անելով՝ հասնել տուն, կամ միացնել ռոմանտիկ ու դանդաղ երաժշտություն, «կինոյի աղջիկ» դառնալ ու սպասել, թե երբ է քամին մազերդ հետ տանելու: Իսկ ե՞ս:

Էնպես որ, մի բողոքեք, որ հեռու եք ապրում: Վայելեք դպրոցից տուն ճանապարհը ընկերների հետ և մոռացեք կիլոմետրերի մասին:

anna sargsyan

Չորսով

Առավոտյան ժամը 6:00-ին արդեն արթնացած էի, սովորական արձակուրդի մեջ գտնվող աշակերտի նման: Էդպես է, չէ՞, երբ դասի ենք լինում, մեզ անգամ շեփորի ձայնը չի արթնացնի, իսկ երբ արձակուրդի մեջ ենք լինում, պարտաճանաչ արթնանում ենք էն ժամին, երբ անգամ արևն է քնած լինում, ու հարց է՝ կարթնանա՞, թե՞ ոչ:

Եկավ արդեն այն պահը, երբ պետք է համարձակությանս ձայն տայի, որ գար ու ինձ հաներ անկողնուց, որովհետև պետք է գնայի դպրոց՝ փորձի: Ուշանում էր կամ չէր ուզում գալ: Հետո եկավ զոռով հանեց և ուղարկեց դպրոց: Բախտս բերեց՝ Թումանյանն էլ էր գալիս, դե Թումանյան Սոնան, էլի (մենք նրանք էդպես ենք դիմում), ու գալիս էր, հերիք չէր՝ մի հատ էլ մեր թաղերով էր գալու. համոզել էի: Էլ ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար՝ մեկը, ով քեզ քարշ կտա իր հետևից:

Գնացինք փորձի: Երկուսով էինք: Մի ժամից փորձն ավարտվեց, ու մենք պետք է ևս երկու ժամ սպասեինք, որ սկսվեր մեկ ուրիշ պարապմունք:

Որոշեցինք աշունը վայելել: Հա, էլի վայելել, բայց երկու ժա՞մ: Չէ, մի բան կազմակերպել էր պետք: Որոշեցինք գնալ մեր դասարանի տղաների տուն և արթնացնել նրանց: Ի դժբախտություն մեզ, նրանք արդեն արթնացել էին: Սոնան իր հոգեպահուստով գնեց երկու չուպա-չուպս՝ որպես նվեր տղաներին: Նրանց զգուշացրինք, որ երկու ժամ պետք է մեզ հանդուրժեն: Չհասկացանք էլ՝ ուրախացան, թե չէ, բայց հանդուրժեցին:

Խոսեցինք երկար, շատ անճոռնի թեմաներից անգամ: Մեկ էլ նկատեցինք, որ դիմացի տան տատիկը ցախ է կոտրում ու «դաշկայի» մեջ դասավորելով՝ տանում է: Առանց որևէ խոսքի՝ ես, Սոնան ու Մանվելը գնացինք տատիկին ձեռք մեկնելու, Ռոբն էլ իրենց տան ցախերն էր կոտրում: Էնքան օրհնեց տատիկը, որ էլ ասելու չի: Շատ թե քիչ՝ օգնեցինք: Ոտքս վնասեցի, բայց տատիկին չասացի, որ չմտածի՝ իր պատճառով եղավ:

sveta davtyan

Շատ եմ կարոտում

Շատ էի սիրում, երբ հյուր էիր գալիս: Սիրում էի քեզ հետ խաղալ, խոսել, ժամանակ անցկացնել: Ավելի շատ սիրում էի, երբ ես էի քեզ հյուր գալիս, ու ինձ հետ միշտ բերում էի ծաղիկներ: Տուն գնալու մասին անգամ չէի մտածում, կարող էինք անվերջ քայլել և զրուցել: Գիտե՞ս՝ ասում են, որ աչքերս շատ նման են քո աչքերին: Գիտե՞ս՝ եթե կարողանայի, քեզ անպայման կվերադարձնեի, քեզ հետ միասին կվերադառնար նաև շատերի ժպիտը: Շատ եմ ափսոսում, որ ավելի շատ ժամանակ չեմ անցկացրել քեզ հետ, չեմ ասել, որ քեզ շատ եմ սիրում: Կուզեի տանն ինձ սպասեիր, և ես, պատվոգիրը՝ ձեռքիս, ուրախ ժպիտը՝ դեմքիս նետվեի գիրկդ, իսկ դու համբուրեիր: Եթե ես իմանայի, որ վերջին անգամ եմ քեզ տեսնում, ես կասեի, թե ինչքան շատ եմ քեզ սիրում: Եթե իմանայի, որ այլևս չեմ տեսնելու, կգրկեի ամուր, որ կարոտս առնեմ: Եթե իմանայի, որ գնում ես ու հետ չես գալու, թույլ չէի տա: Հիմա այցի եմ գալիս, խոսում շիրիմիդ հետ, ես գիտեմ՝ դու ինձ լսում ես և տեսնում: Միայն թե կուզեի ես էլ քեզ տեսնել, լսել, գրկել, համբուրել:

Հորաքո՛ւյր, կարոտում եմ քեզ շատ:

mariam papoyan portert

«Կարմիրի» քաղց կա

Աչքերս կիսաբաց՝ ձեռքս մեխանիկորեն տարա հեռախոսին։ Օրգանիզմումս թթվածինն ու ածխաթթու գազը մի երկու-երեք անգամ հավասարակշռելուց (հորանջելուց) հետո արեցի դրան տրամաբանորեն հաջորդող ևս մի քանի՝ ընդարմացած մկաններիս համար դաժան գործողություններ: Երկու րոպե անց տեսողական ռեցեպտորներիս հասավ «կարմիրը»՝ մեջը սպիտակով «հինգ»։ Հետաքրքրությունը ստիպեց ուղեղիս բջիջներին զարթնել։ Մի տեղից 99+ նամակ՝ 99+ զգացմունքների անարդյունք արտահայտման ձև: Քսան հոգի արձագանքել է նույն երևույթին տարբեր քանակով «էմոջիներով» 99+ անգամ։ Գժվելու բան է: Մեկից բարի լույսին համարժեք «բարի գիշեր», մեկը՝ «հաաա», մեկից՝ «լավ», թե ասա ինչ լավ, է՜, մեկն էլ թե բա՝ «ապրես», ու առավոտ շուտ չես էլ հիշում, թե գիշերը 4։54 ինչի համար պիտի «ապրեիր»։

Կարմիր հինգն էլ տրամադրող էր, գրավիչ ու սիրուն։ Կարմիրի տեղ անցնողներից էին, բայց մի տեսակ կարմիր չէին։ Իրական կարմիրները չկան, որովհետև դու էլ իրական կարմիրները ստեղներին չես տալիս, ես էլ։ Եթե տայինք, հավես մեղեդի կստացվեր։ Չհասկացա՞ր։ Պատկերացրու՝ ես էլ, ուղղակի սիրուն տող էր, ասացի՝ չջնջեմ։ Չէ, բայց «տըկ-տըկ», ահագին էլ սիրուն է։
Իրական կարմիրները սկսել ենք չգրել։ Պոետիկ է, չէ՞։ Ո՞վ մեր կարմիրների ժամանակն ունի։ Դրա փոխարեն կասենք՝ «հաա», «ապրես»։ Ու կապրենք։ Էլի ամեն առավոտ մեխանիկորեն քնաթաթախ ձեռքներս անփույթ ձախ-աջ, մեկ էլ «հինգը» միլիոն հինգ կերևա, կբացենք ու 99+ «հաա»։
«Հաա»-երի ավելցուկ ու «կարմիրի» պակաս ունի օրգանիզմս, հա՜…

narek davtyan getahovit

Քո հարմարավետությունից դուրս

Անձրև էր գալիս. իսկական թեյ խմելու և տաք վերմակով ծածկված ֆիլմ դիտելու եղանակ էր: Չէի ցանկանում մտածել, որ դրսում վատ եղանակ է, ուստի վերցրի համակարգիչս ու սկսեցի ֆիլմ փնտրել: Վերջապես գտա այն, ինչ այդքան երկար փնտրում էի: Փորձում էի մի քանի ժամով կտրվել աշխարհից, երբ զանգ ստացա, ինչը փչացրեց իմ ստեղծած «ոչ մի բան չանելու» մթնոլորտը:

Անկեղծ ասած, առաջին անգամն էր, երբ ստացածս զանգը ինձ չհետաքրքրեց, բայց ամեն դեպքում, ինքս ինձ ստիպելով՝ վերցրի հեռախոսը: Պարզվեց, որ այդքան էլ տհաճ զանգ չէր, ինչքան ես մտածում էի: Իմ տարածքային համակարգողն էր, որը փորձում էր վայր գտնել իմ՝ աշնանային արձակուրդը անցկացնելու համար: Մի քիչ վախեցա, երբ տեսա, որ համակարգողն է զանգում: Մտածեցի, որ ինչ-որ բան այն չէ, և հիմա ինձ հետ կուղարկեն Հայաստան: Եթե չգիտեք, ասեմ, որ ես հիմա Ֆլեքս ծրագրով ապրում և սովորում եմ ԱՄՆ-ում:

Իրականում հիանալի լուր ստացա. իմ ընկերներից մի քանիսը գնում էին հյուսիսային Կարոլինայում գտնվող «Գրեյթ Սմոքի Մաունթինս» ազգային պարկը, որը հայտնի է իր գեղեցկությամբ և աժդահա լեռներով: Նրանք առաջարկել էին ինձ, որ գնամ իրենց հետ: Ես, իհարկե, համաձայնեցի և միանգամից գնացի իրերս հավաքելու, որպեսզի առավոտ շուտ մեկնենք:

Բավականին ցուրտ էր լինելու, դրա համար վերցրի միայն իմ ձմեռային շորերը: Ճանապարհը շատ երկար էր՝ մոտ 8 ժամ, և մարդուն, ով ապրել և մեծացել է Հայաստանի պես փոքր երկրում, դա մի մեծ հոգնեցնող ճանապարհ է թվում: Տեղ հասնելուն պես ես միանգամից դուրս թռա մեքենայից, որպեսզի առաջինն զգամ այդ լեռնային թարմ օդը: Երևի ընկերներիցս ամենաերջանիկը ես էի, քանի որ ինչ լքել էի Հայաստանը, լեռներ չէի տեսել: Այն, ինչ շնչում էի այդ պահին, ինձ ստիպեց հիշել Տավուշիս մաքուր, սառը օդը: Օդից արբած՝ անցա գործի: Պիտի սկսեինք վրանները, ճոճերը և այլ մնացած իրերը տեղավորել, քանի որ արդեն մթնում էր, իսկ մենք վրան չունեինք քնելու համար: Ես այդ շաբաթվա օրակարգը մոտավորապես գիտեի, բայց իրականում ավելի շատ բան կար անելու, քան օրակարգում գրված էր: Երևի չէին գրել, որ ավելի հետաքրքիր լինի: Նաև գաղտնի էին պահել այն փաստը, որ վերցնելու էին բոլորիս հեռախոսները:

Առաջին օրը գնացել էինք փոքր արշավի՝ դեպի ջրվեժ: Որոշել էինք գետում լողանալ, բայց այնքան ցուրտ էր, որ երեխաների կեսը չփորձեց անգամ մտածել դրա մասին: Ես և մի քանի հոգի, իհարկե, մտանք ջուրը: Ինչպես իմ այլ ուրիշ որոշումների համար, այս անգամ ևս ես զղջացի ամենաառաջին վայրկյանից, բայց այն փաստը, որ սա երևի հնարավոր կլինի անել կյանքում միայն մեկ անգամ, ստիպեց ինձ մտնել ջուրը:

Երկրորդ օրը մեր պլաններում քարանձավն էր: Իրականում այնքան էլ ուրախ չէի, որ պիտի գնայինք այնտեղ, քանի որ չեմ սիրում փակ տարածություններ, իսկ քարանձավներում շատ վայրեր էին լինելու, որտեղ պիտի քեզ քարշ տալով անցնես փոքր անցքի միջով: Սկսեցի սիրել քարանձավները, երբ մտա ներս: Քարանձավը իմ կյանքի ամենատարօրինակ վայրերից մեկն էր, այն ընդհանրապես նման չէր իմ պատկերացումներին: Իրականում ներսում ավելի տաք է, քան դրսում, և այդ հաստատուն ջերմաստիճանը պահպանվում է ամբողջ տարին: Այնտեղ լույսի ճառագայթ չի կարող թափանցել, ինչի արդյունքում էլ կատարյալ մթություն է: Այդպիսի մթություն շատ դժվար է ստեղծել. երկրի վրա կատարյալ մթություն կա միայն քարանձավներում և օվկիանոսի հատակին: Երբ մենք անջատեցինք մեր լույսերը, դեռևս կարողանում էինք տեսնել այն, ինչ պահպանված էր մեր հիշողության մեջ: Եթե փորձեիր շարժել քո ձեռքը, քո ուղեղը կստեղծեր կեղծ զգացողություն, որ դու տեսնում ես, բայց իրականում դա խաբկանք է, որն ապացուցում է այն փաստը, որ մարդկային ուղեղը հարմարված է եղել անդրերկրյա կյանքին:

Երրորդ օրը ամենասպասված օրերից մեկն էր. պիտի բարձրանայինք ԱՄՆ-ի ամենաբարձր գագաթներից մեկը, դրանից հետո մենք կարող էինք շարունակել արշավը, որը մոտ 12 կիլոմետր էր ձգվելու: Նրանք, ովքեր չէին ցանկանում այլևս քայլել, կարող էին հետ վերադառնալ: Ես շարունակեցի քայլել, իհարկե, այդքան քայլելը դժվար էր, բայց այն ամենը, ինչին ես ականատես եղա, ինձ ստիպեց քայլել առաջ՝ դեպի ավելին:

Ես միշտ սիրել եմ լեռները՝ համարելով, որ դրանք իմ իրական տունն են, և ապրել մի վայրում, որտեղ ընդհանրապես լեռներ չկան, ինձ համար շատ դժվար է:

Հիմա ես վստահորեն կարող եմ համաձայնել այն մտքի հետ, որ ամենալավ ճանապարհորդությունները ոչ պլանավորածներն են, և որ իրական կյանքը սկսվում է քո հարմարավետության գոտուց դուրս:

monika mamyan

Թփատակի մորին ու հինգ գզգզված աղջիկները

Ինչ-որ մի ես ամեն պահի փսփսում է.

-Դե՛, հիշի՛:

Սեպտեմբերի 22-ին ես էլի հավես պատառիկ հիշեցի: Սարերում եմ՝ ամենատաքուկ տատիկի, պապիկի ու ծաղիկների գրկում, բայց այս անգամ «եմ» չէ, այլ «ենք»: Չորսով էինք: Ը՜մ, խաբեցի՝ չորսով չէ, հինգով:

Մեր մեջ ասած՝ մեր միջից ամենամեծը տարիքով հիմա ամենափոքրն է հասակով: Մարիամի՜կ: Գայուշը՝ Մարիամիկի փոքր քույրիկը, էնքան համեստ ու լսող աջիկ է: Եթե մի 5 րոպե շատ համոզենք, վստահ կասի՝ մածունը կանաչ է կամ էլ դեղին, իսկ ավանդական տարբերակով՝ սև:

Մեզնից ամենահամեստն ու ամենալացկանը Նանեն էր: Երբ մենք մեծերով զրուցում էինք, ինքն ու փոքր քույրիկը միշտ արևից տաքացած քարերին նստած էին լինում: Ո՞վ ասաց, որ մի տարի մեծ լինելը ընդհանրապես երանգ չի փոխում: Ես կասեմ ավելին՝ ամբողջ պատմության գույներն է փոխում:

Մելինե, Մոնիկա: Էս երկուսը զույգ են ու միշտ իրար հետ: Հա՜, չմոռանամ ասել՝ Մելինեի մոտ էլ Մոնիկան է փոքր քրոջ կարգավիճակում: Մի պահ դուք պատկերացրեք այդ երկու մեծերի վեճը: Ո՞վ կհաղթի: Ոչ մեկը: Էդ ամենից հետո նրանք հազիվ հասցնում էին իրենց գզգզված մազերը հավաքել: Հավաքում էին լացելով, ու հետո էլի լացելով պապիկի օրակարգով սահմանված բոլոր դարակներն էին դասավորում ու հողե հատակն ավլում՝ վստահ լինելով, որ ինչ-որ պահի սալիկի նման կփայլի:

Դե, այս ամենը մեզ երեքիս էլ էր վերաբերում, բայց կարևորը դրա շարունակությունն էր:

Հինգ աղջիկ երեխա՝ մեկը մեկից ահավոր: Տատ ջան, դիմանալ է պետք: Պապիկը էլի կբարկանար ու օրակարգը կհիշեցներ, տատիկը ոչ բարկանալ գիտեր, ոչ էլ սիրելի թոռներին «չէ» ասել:

-Տատի՜կ, մենք գնում ենք մորի քաղելու, ամաններ կտա՞ս:

Տատիկը հերթով դատարկ շշերը կտրում էր, ամուր, ձիգ թելեր էր հյուսում և վերջ:

Տավուշի սարերում 3 բան կա, որոնցից ոչ մեկս երբեք չենք հագենա՝ սառը ջուրը, սարածաղկի հոտն ու թփատակերի մորին: Ով ուզում էր խնդրեր՝ մեր գտածը ոչ ոքի երբեք չէինք տա:

Այ, հենց էդ ժամանակ ես ու Մելինեն ուժով 3 հատիկ մորին չտվինք: Նանիկն անցավ իրենց հռչակավոր թիմ: Բաժանվեցինք երկու մասի՝ 3-2:

Երեսուն, քառասուն, միգուցե նաև հիսուն րոպե անդադար պտտվեցինք ամբողջ անտառով ու լիքը պաշարով, մեզնից գոհ-գոհ հետ գնացինք տնակ: Բան չէր փոխվել էդ ժամանակահատվածում, պայքարող կողմերը զիջումների չէին գնացել:

Պատմությունն ավարտվեց հօգուտ մեզ, ի վնաս Մարիամ-Գայանեի: Նանեն տարավ մորին, ու վերջապես թիմերն ունեցան այս տեսքը՝ 4-1:

anush hovhannisyan

Կարապետյանից Հովհաննիսյան

Ամեն ընտանիք ունենում է իր անցյալն ու պատմությունը: Ոմանցը կապված է տիեզերական հարստության հետ, որը հիմա չկա, ոմանցը Ցեղասպանությունից է սկսվում, իսկ ոմանցն էլ ստալինյան դաժանությունների հետ է կապված:

Իմ պատմությունը եկել է Ցեղասպանությունից, իսկ հետո բռնադատվածության ծանր տարիների միջով անցել: Մինչ բռնադատվածությունը և աքսորի տարիները, մենք ունեցել ենք Կարապետյան ազգանունը, սակայն վերադառնալուց հետո ստիպված ենք եղել այն փոխել ու դարձնել Հովհաննիսյան: Բայց ինչպես հայրիկս է ասում` մեր արյան մեջ Կարապետյանն է ու կմնա:

Ինձ բախտ չի վիճակվել գիտակից տարիքում հանդիպել պապիկիս: Ես երկու տարեկան էի, երբ նա մահացել է: Երևի հենց դժվար կյանքը դարձավ պատճառը, բայց շատ կուզենայի, որ հենց նրանից լսեի իմ ընտաիքի տխուր անցյալի մասին: Ես այս ամենը լսել եմ հայրիկիցս, տատիկս էլ է շատ պատմել, բայց ամենաարժեքավոր հուշը, որ պահպանվել է, պապիկիս հոր ձեռագիր մատյանն է, որում պատմվում է, թե ինչպես են 1918 թվին կարողացել փախչել և փրկվել: Նա պատմում է, թե ինչպես իրենց վերջին հացահատիկն անգամ տվել են անասուններին, որ թուրքը չկարողանա դա իրենցից խլել: Նրանք փախել են, ու փրկվել է ողջ ընտանիքը, եկել ու հաստատվել են Թալինի շրջանի Արեգ գյուղում: Անցել են տարիներ, ու երբ պապիս հայրը իր սեփական ընտանիքն է կազմել ու մտածել, որ ամեն ինչ մնացել է հետևում, նա անգամ չի էլ պատկերացրել, որ մի դաժան ճակատագիր էլ իր երեխաներին է սպասվում:

1947 թվին վրա է հասել բռնադատվածությունն ու աքսորը: Չդիմանալով սիբիրյան ցրտին՝ պապիկիս երեք եղբայրները և քույրերից մեկը մահացել են: 6-7 տարի դիմանալուց հետո վերջապես նրանց արդարացրել են ու թույլ տվել վերադառնալ հայրենիք: Գալով հայրենիք՝ նրանք փորձել են հարմար հանգրվան գտնել ու սկզբում գնացել են Եղվարդ, հետո՝ Աշտարակ, իսկ վերջում եկել են Արմավիր ու մնացել հենց այստեղ: Պապիկս իր սեփական ուժերով կառուցել է մեր տունը, և երբ առաջին պատը կիսով չափ կանգնեցված է եղել, պապիկս հրաժարվել է ուրիշ տեղ գիշերելուց, ու ասել է, որ հենց այդ կիսատ պատն է իր տունը ու կմնա հենց այդտեղ: Օր օրի շատ դժվարությամբ կառուցել են մեր տունը, որը մինչ օրս կա, ու մենք հենց այդտեղ էլ բնակում ենք ու ամեն անգամ մեծ հպարտությամբ ենք պատմում տան կառուցման պատմությունը:

Պապիկս ինձ շատ է սիրել, քանի որ իր միակ աղջիկ թոռնիկն եմ եղել: Շատ են պատմում պապիկիցս, ու միշտ նույն պատմությունը լսելիս հուզվում եմ: Պատմում են, թե ինչպես եմ հազիվ խոսելով նրանից պաղպաղակի գումար խնդրել: Ասում են՝ բնավորությամբ էլ ենք նման: Դե հա, ես հայրիկիս պատճենն եմ, հայրիկս էլ՝ պապիկիս, ու ինչպես ասում են` պտուղը ծառից հեռու չի ընկնում: Ու քանի հիշում ենք և կարոտում, նրանք բոլորը մեզ հետ կլինեն ու կապրեն մեր մեջ:

anahit badalyan (kapan)

Ծանոթ դեմքը

Այսօր Կապանում էին Հայաստանի Ամերիկյան համալսարանի ներկայացուցիչները: Նրանք այցելել էին Կապանի ավագ դպրոցի աշակերտներին ՀԱՀ-ի բակալավրիատի և մագիստրատուրայի ծրագրերին ծանոթացնելու ու դպրոցականների հուզող հարցերին պատասխանելու համար: Բոլոր հանդիպումները, միջոցառումներն ու իրադարձությունները, որոնք վերաբերում են ՀԱՀ-ին և տեղի են ունենում իմ հայրենի քաղաքում, միշտ իմ ուշադրության կենտրոնում են: Այսօրվա հանդիպմանը ես նույնպես ներկա էի: Սկզբում աշխատակիցը սկսեց ներկայացնել համալսարանը, դրա ընձեռած հնարավորությունները, խոսեց իրականացվող ծրագրերի մասին ու հետո հարցրեց մեզ՝ մեզանից կա՞ն աշակերտներ, որոնք հստակ որոշել են ուսումը շարունակել ՀԱՀ-ում: Իմ ձեռքն առաջինը վեր բարձրացավ. ամենաարագն ու հաստատակամը: Դա երևի իմ կյանքի այն որոշումներից է, որոնք կայացվել են երկար ծանր ու թեթև անելուց հետո:

Այս ուսումնական տարվա սկզբից սկսել եմ ակնոց կրել: Ծանոթներիցս շատ-շատերը փողոցում տեսնելիս երկար նայում են, զգում եմ, որ երկմտում են՝ ես եմ, թե ոչ, ու էդպես էլ առանց բարևելու անցնում են կողքովս: Սկզբում նեղանում էի, հետո հասկացա՝ իրենք մեղավոր չեն: Բայց ամենազարմանալին գիտե՞ք՝ որն էր: Երբ ձեռքս բարձրացրի, աշխատակիցը նայեց դեմքիս ու ժպիտով ասաց.

-Վա՜յ, Ձեր դեմքը շատ ծանոթ ա, դուք մեր անցած պրեզենտացիային էլ էիք եկել, չէ՞: Ես հիշում եմ, շատ ակտիվ էիք:

Մարդու մտքին տեղ լինի, հիանում եմ այդ աղջկա հիշողությամբ, որը կարողացավ մտաբերել նրան, ում տեսել էր երկու տարի առաջ՝ աշխատանքային պրեզենտացիայի ժամանակ, հեռավոր քաղաքում: Բայց, դե, երևի ես էլ իմ «մեղքի բաժինն» ունեմ դրանում:

Երբեք պետք չէ հիասթափվել

Իմ կյանքի առանձնահատուկ, կարևոր և հիշարժան օրերից մեկն էր. առաջին անգամ գտնվում էի նախագահի նստավայրում: Հանդիպեցինք և անձամբ շփվելու հնարավորություն ունեցանք վարչապետ Կարեն Կարապետյանի, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ամեն տարի բարձր առաջադիմություն ցույց տվող աշակերտները խրախուսվում և պարգևատրվում են նախագահի կողմից: Այս տարին նույնպես բացառություն չէր: Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցավ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետության նախագահի 2017 թվականի կրթական պարգևների հանձնումը: Պարգևատրվեցին լավագույն առաջադիմություն ցուցաբերած 17 աշակերտներ և 26 ուսանողներ 6 բուհերից և 8 ավագ դպրոցներից: Այս տարի աշակետների կողքին էինք գտնվում նաև մենք, քանի որ մասնակցել էինք «Technovation» աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական մրցույթին և մեր ստեղծած «Ժեստերի լեզու» հավելվածով դարձել հաղթող: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեցանք այս պարգևների հանձման արարողությանը ներկա գտնվել: Ինչպես իր ելույթում նշեց նախագահը՝ երբեք պետք չէ հիասթափվել, միշտ պետք է շարունակել սովորել, կատարելագործվել և քայլ առ քայլ մոտենալ երազանքին:

valentinaChilingaryan

Նամակ-շնորհավորանքներ, որոնք չեմ ուղարկել

Բարև, սրտանց շնորհավորում եմ ծնունդդ: Ի սրտե ուզում եմ, որ առողջ ու երջանիկ լինես: Ճիշտ է, դու լավ աղջիկ չես, բայց ուզում եմ, որ էս տարվանից գոնե փոխես կեղծ պահվածքդ: Դե, հասկանո՞ւմ ես, բնական չի: Մի քիչ հայելու դիմաց շատ փորձիր, նոր արի ու խաղա: Իսկ եթե լուրջ, դադարիր կարդալ ցիտատներ այն մասին, որ ժպիտը լավագույն դիմահարդարումն է: Դու միշտ կեղծ ես ժպտում: Գիտե՞ս՝ ոնց է զգացվում, թե ինչպես են կեղծ ժպիտիդ տակից հոսում նախանձն ու չարությունը: Առաջ, երբ մամայիդ չէի սիրում (կներես, ուղղակի որ սա էլ չասեմ` կմեռնեմ), մտածում էի, թե դու ում ես նման քո հրեշտակային բնույթով, բայց շատ ուշ հասկացա, որ խնձորը ծառից հեռու չի ընկնում: Քթից թռած մայրդ ես: Մի խոսքով, գոնե էս տարի եղիր «դու»:

Ուրախ ծնունդ, վայելիր օրդ, փոխվելու համար էլ ուշ չի:

***

Բարև, մենք իրար ամբողջ օրը տեսնում ենք, բայց դու ինձ «ատելու» ես տալիս: Էդ էն է, որ ուզում ես ատես, բայց չի ստացվում, էլի: Գիտես, որ ինձ չես կարող ատել ու չտեսնելու տալ, որովհետև ամեն օր բուի նման կողքովդ անցնելու եմ:

Շնորհավոր ծնունդդ, արժանի ես լավագույնին, որովհետև շատ լավ մարդ ես: Աստված տա, ուր ուզում ես՝ անվճար ընդունվես: Դու իմ միակ անցյալի ընկերներից ես, որ ես եմ սխալ եղել մեր ընկերության մեջ: Ուղղակի գիտե՞ս, էդ անտեր հպարտությունը… Ախ, եթե թողներ՝ էս նամակը կուղարկեի: Կներես: Հա, դու էլ էիր մեղավոր: Բայց չմտածես՝ ես քեզ ներել եմ:

***

Դե ինչ, արդեն մեծ ես, արդեն սովորում ես բարձրագույն հաստատությունում: Ամեն տարի ես քո ծնունդին նամակ էի գրում, բայց դու իմը միշտ մոռանում էիր: Դրա համար էլ ասացի՝ էս տարի ես էլ ինձ չհիշելու տամ: Դե, հասկանո՞ւմ ես: Բայց շատ եմ ուզում, որ ավարտես ու քո ուզած վայրում աշխատես: Ամենալավը, դե, վա՜յ:

***

Թող կյանքդ միայն ծիծաղով լեցուն լինի: Ես քեզ էն գլխից էլ չեմ սիրել: Լավ է, որ քեզ չեմ տեսնում արդեն երկար ժամանակ: Բայց որ տեսնեմ, ճակատդ կպաչեմ, որովհետև դու ինձ թույլ տվեցիր ճանաչել մարդկային այդ տեսակը: Հետաքրքիր ես: Մենակ չեմ հասկանում՝ ի՞նչ ես ուզում: Վերջը, էլի: Պինդ համբուրում եմ:

***

Շնորհավոր ծնունդդ, կեքսս: Չգիտեմ՝ քանի հատ երես ունես, բայց Աստված տվել՝ չի խնայել: Գիտե՞ս՝ ինչու կեքս ասացի: Ուղղակի կեքս չեմ սիրում: Ուզում էի ասել բուլկի, բայց հետո հասկացա, որ եթե շատ սոված լինեմ, բուլկի էլ կուտեմ, իսկ կեքս՝ երբեք: Բուտերբրոտ եղիր, եղբա՛յր: Չնայած՝ շփվում ենք, դու գիտես, որ խուսափում եմ քեզնից: Քեզ հաջողություն բուտերբրոտ դառնալու ճանապարհին: Ուրախ ծնունդ:

***

Վայ, Տեր Աստված, թե մենք ինչու հանդիպեցինք: Չես պատկերացնի՝ ոնց չեմ սիրում քեզ: Դու ինձ էս վերջերս մեծ վատություն արեցիր, բայց ես էդ վատությանդ լավությամբ կպատասխանեմ ու էս նամակը ծնունդիդ չեմ ուղարկի: Ափսոս էլ է, ասեմ՝ մարդ եղիր: Ժամանակդ էլ անցել է, մեծ մարդ ես:

***

Բարև, իմ մանկապարտեզի ընկեր: Ես չեմ մոռացել քեզ: Որ մի քիչ փոքր էինք, սպասում էի, որ գաս տեսնեմ՝ էսօր ինչ շոր ես հագել: Հիմա ոչ ես եմ տեսնում քեզ, ոչ էլ դու՝ ինձ: Ափսոս, փոքր ժամանակ լավ երեխա էիր, մտնում էինք սեղանի տակ ու կոնֆետներով կիսվում: Բա հիշո՞ւմ ես, ոնց էինք շորիդ մանր քարերը պոկում, լցնում մեր թեյերի մեջ ու խմում: Էհ, թող ամեն ինչ քո սրտով լինի:

***

Ծնունդդ շնորհավոր, հեռակառավարվող վահանակիկ: Մեկ-մեկ միայն քեզ լսիր, ոչ թե ուրիշի թելադրածը: Համոզվեցի՞ր, որ դու արդեն դու չես: Բան չկա, մի՛ նեղվիր: Ուղղակի էդ պատիժդ քեզ քիչ էր: Պիտի դեռ քո քիթը լավ գետնին քսվի, որ հասկանաս՝ կյանքում մարդ լինելուց ոչինչ կարևոր չէ: Վայելիր օրդ:

Ոգեշնչված Վահե Ստեփանյանի «Նամակներ Մալիշկայից» նյութից: