Եթե առավոտը արթնանում ես ու մտածում՝ երբ է գալու գիշերը, որպեսզի նորից քնես, եթե ստիպված տեղիցդ վեր ես կենում այն հույսով, որ վերջապես կմտնես օրվա ռիթմի մեջ, ու միևնույնն է, շարունակում ես հավես չունենալ՝
խոսելու, քայլելու, ժպտալու, ջուր խմելու, գուլպաներդ հագնելու, հեռակառավարման վահանակը փնտրելու, հեռախոսդ լիցքավորման դնելու, խանութ իջնելու, թեյ խմելու, մտածելու, դասի գնալու, տաք բան հագնելու, որովհետև մրսում ես, սուրճ խմելու, կամ ուղղակի ապրելու, դուրս արի փողոց, խորը շունչ քաշի, մի քիչ քայլիր ու անպայման մտիր մետրո, ու մի քանի կանգառ շրջիր. հնարավոր է մի բան փոխվի: Վերջերս էս խորհուրդը տվեցի ընկերներիցս մեկին, ու ինքը տրամաբանական հարց տվեց.
-Խի՞, մետրոն ի՞նչ պիտի փոխի:
Պատասխանեցի, որ մետրոն ուղղակի հոտ ունի, ու էդ բուժիչ ա: Լուրջ ընդունեց, ու հնարավոր է հիմա մետրոյում էդ հոտն է ման գալիս: Երևի գտնի, որովհետև աշխարհի բոլոր մետրոները ունեն էդ նույն հոտը: Հնարավոր է` ես սխալվում եմ, որ փորձում եմ աշխարհի բոլոր մետրոները համեմատել մեր՝ միայն մի քանի կանգառ ունեցող մետրոյի հետ, բայց դե, եթե ամբողջ աշխարհում նույնն է սիրո, ատելության, դատարկության, կարոտի, մենակության, հաճույքի կամ վրա հասնող մահվան հոտը, ուրեմն առանց վարանելու կարող եմ հավատալ, որ բոլոր այդ իրար նման վայրերից նույն հոտն է փչում: Փոքր տարիքում արդեն հայտնաբերել էի մետրոյի հոտը, ուղղակի էն տարբերվում էր հիմայի հոտից, որը դուրս գալով խոր գետնում տեղավորված սառնությունից, փայտի, քարերի, նստարանների ու ջահերի միջից, զբաղեցնում էր ինձ մինչ գնացքի ժամանումը: Բայց ավելի ուշ, մի օր շատ պատահականորեն, ինձ համար հայտնաբերեցի մետրոյի` գուցեև իրական հոտը: Հայտնվելով այնտեղ, որտեղ յուրաքանչյուրը սպասում է իր գնացքին, զգում ես, որ տարածության մեջ լող է տալիս մի անգույն ու անձև, ոչ մի տեղ չհայտնվող, չշրջող հոտ, որ դուրս գալով մարդկանց քունքերից, ձեռքերից, որովայնից, աչքերի միջից, շաղ է տրվում, հպվում պատերին, փայտե նստարաններին, պտտվում ու քսվում ամենուր ու որպես փոշի մնում այդ ամենի վրա: Այն մարդկանց իրական տրամադրությունների, զգացողությունների, առօրյան մոռանալու և ավելի եթերայինը զգալու հոտն էր: Դա այն մարդու հոտն է, այն իսկական մետրոյականի հոտը, ով ավարտելով իր դասը, գործը, հանդիպումը, քայլելը, մտնում է մետրո ու տրվում ինչ-որ սենտիմենտալ ու մելանխոլիկ զգացողության, ու հենց այդ պահին էլ յուրաքանչյուր ոք տարածության մեջ կարող է նշմարել ու հասկանալ՝ ո՞վ է մետրոյական և ով՝ պարզապես մի վայրից մյուսը արագ տեղափոխվելու ձգտումով լցված մեկը, քանի որ այդ ժամանակ մետրոյականը ակնհայտորեն վերափոխվում է ֆիլմի մի հերոսի. չէ որ այնտեղ՝ֆիլմի մետրոներում, միշտ ինչ-որ բան է կատարվում, հանդիպում ես մեկին, տեսնում ես ինչ-որ բան, մտքումդ ծագում է ինչ-որ հետաքրքիր գաղափար կամ հավանում ես ինչ-որ մեկին, ինչ-որ բան, այսինքն, ցանկության դեպքում շրջադարձային բան անպայման կատարավում է, կատարվում է մի բան, որը նոր փուլ, նոր սկիզբ, նոր արկած, նոր հույսի հիմք է հանդիսանում… Մետրոյի հոտը իրականության մեջ ֆիլմի այդ առավելությունները փնտրելու ու տեսնելու երազկոտ ու մտածկոտ մարդու հայացքի հոտն է, ով սպասելով թունելից դուրս եկող երկու լույսին, մտնում է լուսավորված վագոն ու ոչ մի տեղ չհանդիպող դեմքի արտահայտությամբ սպասում է ինչ-որ բանի… Գուցե սիրո:
…Մարդիկ աշխատում էին համահունչ գնալ եղանակին. չէին ժպտում: Դրսում երևի կգրեի նոյեմբերյան անձրև էր, բայց արտահայտությունը նման կլիներ Guns N’ Roses ռոք խմբի November Rain երգի վերնագրին, դրա համար խուսափելով այդ արտահայտությունից, ուղղակի կգրեմ, որ դրսում անձրև էր գալիս: Եվ հետո, էլ ի՞նչ կապ ունի` փետրվարյա՞ն է, թե՞ նոյեմբերյան, մեկ է, անձրևը միշտ նույն ձևով է գալիս՝ անկախ քաղաքում հոկտեմբերն է, թե՞ նոյեմբերը, աշու՞ն թե գարուն:
Մետրոյի դռները փակվեցին: Սա առաջին կանգառն էր, ու համեմատաբար մարդկանց թիվը շատ չէր ներսում: Բոլորը իրենց կողքիներին ընդօրինակելով լուռ ու անշարժ նայում էին ինչ-որ կետի, մի քանիսը` իրենց հեռախոսների էկրաներին: Հավաքվածների միօրինակությունը խախտում էին ընդամենը մի քանիսը: Մեկը վագոնի ամենավերջում նստած, որից այն կողմ գնացքն արդեն վերջանում էր, հանել էր մի տետր ու առանց գլուխը վեր բարձրացնելու, բառեր էր շարում իրար հետևից, մյուսը սև փոքր պայուսակից հանեց Բուկովսկու գիրքն ու աշխարհի ձայնը անջատած ու անտեսած, մետրոյի արագությանը համընթաց՝ աչքերով բառերը տեղավորում էր իր ներսը: Չնայած շուրթերը չէին շարժվում, բայց սկսեցի կռահել այն տոնայությունը, այն առոգանությունը, որով հավանաբար նա կարդում էր այս բանաստեղծությունը՝
«Վան Գոգը կտրեց իր ականջը ու տվեց մի պոռնիկի,
ով դեն շպրտեց ականջ խորին զզվանքով:
Վան, պոռնիկները ականջի կարիք չունեն:
Նրանք փող են ուզում,
երևի էդ պատճառով ես դու մեծ նկարիչ.
դու ուրիշ շատ բաներ չէիր հասկանում»:
Ինչո՞ւ հենց սա: Չգիտեմ, մի տեսակ մտքիս սա եկավ, գուցե դրան նպաստեց այն հայացքի փոփոխությունը, շնչառության տատանումները, նախադասության աննկատելի դադարներին աչքերում հայտնվող հիացական լույսը, որը վկայում էր բառերի ու դրանց արտահայտող իմաստի հետ չափազանց համաձայանությունը: Գուցե: Մինչև հաջորդ կանգառ փորձեցի արտասանել Բուկովսկու այն բոլոր բանաստեղծությունները, որոնք մտքիս եկան: Հաջորդ կանգառում համեմատաբար շատ մարդիկ տեղավորվեցին, փակվեց տեսադաշտից Բուկովսկի կարդացող աղջիկը, իսկ այն մյուսը շարունակում էր դեռևս գրել: Շատ էին զույգերով մարդիկ, որոնցից մի տղա ու աղջիկ տեղավորվեցին կողքս՝ իրար ձեռք բռնած ու սկսեցին զրուցել: Մի քանի վայրկյան զրույցից հետո ականջակալները վերցրի ու թույլ տվեցի, որ երաժշտության ձայնը դառնա իմ զրուցակիցը: Իսկ կողքիններիս ձայնը հավանաբար խախտում էր մետրոյի միալար սվվոցը, որը ներխուժում էր մետրոյավարի փոքր սենյակից ու հաջորդաբար անցնելով վագոնները, հպվելով մարդկանց մազերին, ձեռքերին, շուրթերին, ստիպելով նրանց վերջինս ավելի մոտեցնել իրենց խոսակցի լսափողներին: Իսկ ձայնը, հանձնարարությունը համարելով բարվոք կատարված, գալիս ու կանգնում էր վերջին վագոնի ամենավերջին սանտիմետրի մոտ ու դուրս չէր գալիս, մինչ բոլոր վագոններում թողած իր շողքի մնացուկները հասներ ու կպչեր իրեն, իսկ հաջորդ կանգառի դադարի ժամանակ դուրս էր գալիս, իր տեղը հաջորդաբար զիջելով այդ կանգառի աղմուկին, որն էլ, ինչպես նախորդը, անցնում էր այդ նույն ճանապարհով և վերջնականապես վերջնակայանում` իր տեղը զիջում լռությանը:
Ականջակալներս հանեցի: Կողքիններս գնացել էին: Սվվոցը շարունակվում էր: Հաջորդ կանգառում կրկին շատացան մարդիկ, շատ էին ոտքի վրա կանգնողները: Ուղիղ առջևս նստեցին մայր ու աղջիկ: Առաջին վայրկյաններին շունչս տատանվեց, թվաց թե աղջիկը նախկիններիցս մեկն էր, բայց բարեբախտաբար միայն թվաց, քանի որ հայացքս փախցնելու տեղ չէր լինի, իսկ անընդհատ նայել առջևդ ու տեսնել ծանոթ աչքեր, կարծում եմ, կհամաձայնվեք, դժվար է: Համոզվելու համար մի քանի անգամ նայեցի աղջկան. գեղեցիկ էր, հնարավոր է` մի փոքր էլ երկար նայեի, բայց մոր հայացքը կանխարգելող էր: Եվս երկու կանգառ անցանք, ավելացան նորերը, իսկ հներից մեկ-երկուսը դուրս եկան, բոլոր դռների վրա, որոնց վրա գրված էր չհենվել, հենված էին: Գրողը տանի, հանեք այդ բառերը այդտեղից, ո՞ւմ են դրանք պետք, ո՞վ է դրանց լսում, այն բացի մարդկանց ներսում ըմբոստության մոլուցք առաջացնելուց ոչինչ չի տալիս: Մարդիկ տեսնում են գրված է` չհենվել ու հենվում են, որպեսզի հակադարձեն հենց գրողին, որպեսզի ցույց տան, որ իրենց գոյության ժամանակ ինչ-որ չափով ըմբոստացել են, գործել են հակառակ օրենքի՝ հակառակվելով գրվածին: Չէ՞ որ այդ ամենը հանճարեղ զգացողություն է առաջացնում նրանց մեջ, ինչպես այդ տեսակ գրված ցանկացած բան, ամենուր գրված է՝ չհենվել, չբացել, լռել, չծխել, չաղմկել, իսկ ի՞նչ ենք անում մենք՝ հակառակը, ու դա մեզ հաճույք է պատճառում: Մենք վերջին ժամանակների մոլուցքով ենք տարվում՝ մեզ երևակայում ենք իբրև չենթարկվողներ՝ թողած չենթարկվելու շատ այլ ավելի հետաքրքիր ու իմաստալից տարբերակներ: Դե, էդ դեպքում եկեք այդ բոլոր գրվածքներից հանենք հրամայական այդ մասնիկը, գուցե, երբ տեսնեն, որ գրված է հենվել, կամ աղմկել ու նման բաներ, մենք հենվենք ու տեսնենք, որ ինչ-որ փոփոխություն տեղի չի ունենում, աղմկենք ու հասկանանք, որ այդպես ականջների համար շատ տհաճ է, դադարենք անել այդ ամենը, դրանց մեջ այլևս հետաքրքրություն չգտնելով, ու դուրս կգա այն, որ ամբոխը կանի այն, ինչը նախնականում ուզում էին այդ ցուցանակները փակցնողները: Մարդիկ հենվելով այդ չհենվել ազդանշող տառերի վրա` ակնհայտորեն թախծում էին, իսկ մետրոյի հոտով համեմված թախիծը չի հարցնում դու մետրոյական ես թե ոչ, միևնույն է, այն գալիս ու կպնում է քեզ: Բոլորը թախծում են, բոլորը մի տեսակ լուրջ են: Հեռացավ անգամ մետրոյի ամենաուրախ մարդը, ում հաջողվեց վաճառել 3 գրիչ 2-ի գնով ու մի տուփ մաստակ: Մետրոն մոտենում էր ամենավերջին կանգառին, իսկ մետրոյի մարդիկ, եթե իրենց՝ մի տեղից մյուսը տեղափոխվելուց զատ ունեցել էին այլ մտադրութուն, այլ բան իրենց մտքում, այլ բանի հույս ու ցանկություն, հիմա կամ հուսահատության մեջ են կամ երանության: Այսպիսին է գրողի տարած այդ մետրոն, որից կամ կարող ես քաշել լավագույն մտքերն ու մտադրություննները, մարդկանց, արկածներ ու իրավիճակներ, կամ էլ բացի տեղափոխությունից՝ ոչինչ: Ամեն դեպքում մետրոն միշտ տալիս է քեզ այն, ինչի ձգտումով ոտքդ դնում ես այդտեղ:
Գուցե այսօր ինչ-որ մեկը գտավ մեկին, ում համար բարձրաձայն Էլիոթ կկարդար: