Զարթուցիչ, դաս, ընկերներ, քննարկումներ՝ գնացած վայրերի, նայած ֆիլմի, ֆուտբոլային երեկվա հանդիպման, լավ դիմահարդարի մասին, տուն, դուրս, պարապմունքներ, տուն, դուրս, չես հասցնում, վազքից դժգոհություններ, վաղվա պլաններ, շաբաթվա, ամսվա կտրվածքով պլանավորած իրադարձություններ։ Արտակարգ է։ Արտակարգ էր ամեն ինչ, քանի դեռ չսկսվեց չարաբաստիկ վարակը։
Գիտեմ, սիրելի պատանիներ, ամեն ինչ այնքան լավ էր գնում։ Զայրույթը մեծ է, մանավանդ, երբ դա մեկի պատճառով է, որին սովորական մանրադիտակով հնարավոր չէ տեսնել, իսկ ասեղի ծայրին նա 100 միլիոն օրինակով կարող է տեղավորվել: …Եվ …Մի օրում ամեն ինչ փոխվում է, ժամանակը կարծես կանգ է առնում, աշխարհը խոսում է միայն համաճարակի մասին։ Բոլոր լրատվականների առաջին թեման թագադրված վիրուսն է։ Թվում է, որ դա երբևէ եղած միակ թեման է․ ցանկացած հարց դիտարկվում է համաճարակը հաշվի առնելով։ Ծրագրերը, ապագա ու առօրյա անելիքները մի վայրկյանում ոչնչանում են։ Ոչնչանում են նաև համաշխարհային առողջապահական զարգացած մտքի մասին մեր համոզմունքները․․․ Մենք բոլորս էլ վստահ էինք, որ մեր օրերում բժշկությունը հրաշքներ է գործում, իսկ հիմա, հաշված օրերի ընթացքում այդ համոզմունքը փշրվում է։ Պարզվում է բժշկությունն այնքան էլ ամենազոր չէ, առավել ևս այն պարագայում, երբ միակ բանը, որ մեզ առաջարկում են, տանը մնալն է, ֆիզիկական շփումները սահմանափակելը և ձեռքերը հաճախ լվանալը։ Ստիպված ենք համակերպվել իրավիճակի հետ․․․
Միտքը, որ ամեն ինչ այնքան լավ էր գնում, սկսում է ավելի հաճախ պտտվել մեր գլխում։ Որքան պատուհանից դուրս ենք նայում, այնքան ավելի շատ են մեզ այցելում «անհոգ» օրերի դրական պատկերները՝ ընկերներ, զբոսանքներ, սիրած վայրերի տեսարաններ, դրվագներ, հարազատների, սիրելի մարդկանց հետ հանդիպումներից։ Երբեմն այդ մտքերը ստիպում են մեզ զայրանալ, այնպես անելով, որ ինքներս մեզ բանտարկված զգանք։
Նյարդայնացնող է․․․ Ի՞նչն է այդքան զայրացնում, գուցե տխրություն պատճառում: Փորձեք, սիրելի պատանիներ, բառերով ձևակերպել, թե ինչն է ձեզ հատկապես անհանգստացնում․․․ Ստացվո՞ւմ է․․․ Կիսատ թողա՞ծը, այդքան երկար սպասվա՞ծը, օրեր, իսկ գուցե ամիսներ շարունակ պլանավորա՞ծը․․․ Սա նման է մի իրավիճակի, երբ ինչ-որ մեկը քեզ ստիպում է մի կողմ դնել պլաններդ, ինչու չէ՝ նաև երազանքներդ, իսկ դու անգամ հնարավորություն չունես ինչ-որ կերպ այդ ինչ-որ մեկի նկատմամբ զայրույթդ արտահայտելու։ Զայրույթին միանում են անորոշությունն ու տագնապը։ Անընդհատ լսում ենք վարակվածների թվի, տարբեր երկրներում վարակից մահացածների մասին․․․ Տագնապ, վախ, ինչ-որ անորոշ ուրվականից։ Այսպես կարելի է խճճվել, կորցնել ինքնատիրապետումը․․․
Բայց կարևոր է հիշել մի բան, որ իրավիճակի ելքը կախված է նաև մեզանից։ Այստեղ բոլորս ունենք հնարավորություն պատասխանատվություն դրսևորելու, իրար նկատմամբ հոգատար լինելու, եսասիրությունը մի կողմ դնելու և ընդհանուր նպատակի շուրջ կենտրոնանալու։ Սա յուրօրինակ հասունության դրսևորում կարող է լինել յուրաքանչյուրիս կողմից։ Մեզ առաջարկում են հաճախ լվանալ ձեռքերը, պահպանել սոցիալական տարածությունը։ Համաձայնեք, սիրելիներ, պարզ քայլեր են, որոնք դժվար չէ կատարելը, մանավանդ, որ նժարին, այս կերպ ասած, հանրային առողջությունն են (ինչի պահպանմանը մենք անմիջականորեն մասնակցում ենք), բացօթյա զբոսանքները, արևի տաք ճառագայթները, այնքան սպասված ազատությունը․․․ Ազատ տեղաշարժվելու հնարավորության մասին մինչ սա երևի չէինք էլ մտածել․ ինչ է դա, ինչ արժեք է մեր կյանքում։
Այս վերջին միտքն ինձ տարավ մի քանի տարի ետ, երբ ես մի բանի մասին էի երազում, զարթնում ու քնում էի դրա մասին մտածելով։ Երևի ծանոթ իրավիճակ է․․․ Անկեղծ ասած այս արտակարգ վիճակը լավ հնարավորություն է տալիս մտածելու ինքներս մեր մասին։ Ինչ եմ ես ուզում իրականում և, մյուս կողմից, որքանով է իրական, արժեքավոր այն, ինչը ես ուզում եմ։ Պարզվում է՝ կան բաներ, որոնց համար տարիներով, ամիսներով երազում ենք և ընդամենը մի օրում հասկանում, որ դրանք իրականում մեզ երջանկություն չեն պատճառում, անգամ չեն ուրախացնում։ Սա յուրօրինակ հնարավորություն է՝ կենտրոնանալու ու մտածելու, թե ինչ է մեզ իրականում պետք, ինչն է մեզ դուր գալիս։ Ի՞նչն է պակասում մեզ դրան հասնելու ճանապարհին, գուցե աշխատասիրությո՞ւնը, կա՞մքը, հավա՞տը սեփական ուժերի նկատմամբ․․․ Իսկ ինչն է, որ մեզ պետք չի, բայց շարունակ սևեռված ենք դրա վրա: Բավականին ժամանակ կա կանգ առնելու և հասկանալու՝ ինչ կտա մեզ այսինչն ունենալը, կամ այնինչը չունենալը, ինչն է մեզ համար օգտակար, ինչը՝ անօգուտ, ինչը՝ գոհացնող, իսկ ինչը՝ նյարդայնացնող։ Լավ առիթ է մտածելու նաև նյութական և հոգևոր արժեքների մասին։ Արդյո՞ք անսահմանափակ ֆինանսական միջոցներ ունենալն այս օրերին նշանակում է օգտվել կյանքի բոլոր բարիքներից։ Ամենակարո՞ղ են արդյոք փողը և նյութական արժեքները․․․ Այս օրերին, երբ անորոշությունը շատ է, կարելի է ժամանակը ծախսել, մտածելով, թե ինչն է մեր կյանքում իրական արժեք, ովքեր են անփոխարինելի, ինչը՝ առաջնահերթ։
Սոցիալական հեռավորություն․․․ Եկեք դա անվանենք ֆիզիկական հեռավորություն, քանի որ, իրականում մենք պետք է իրարից որոշակի ֆիզիկական հեռավորություն պահպանենք։ Բայց սոցիալական հեռավորությունը այս օրերին կարող է ավելի մոտենալ։ Լավ ժամանակ է շփվելու սիրելի մարդկանց հետ, նաև կապերը թարմացնելու մարդկանց հետ, ում հետ ցանկանում եք շփվել, բայց ամենօրյա վազքը թույլ չի տալիս։ Նկատած կլինեք, որ սոցիալական հարթակներում մարդիկ սկսել են ավելի շատ քննարկել գրքեր, կիսվել հետաքրքիր մտքերով։ Փոխվել է մեր շփման որակը, ինչ-որ իմաստով սոցիալական հեռավորությունը անտանելի չէ, շնորհիվ համացանցի, մենք կարողանում ենք խուսափել մենակությունից։
Սահմանափակումները նպաստում են, որ մարդու միտքը ևս գործի արտակարգ ռեժիմում, այլընտրանքներ փնտրի, դուրս գա լուծումների ստանդարտ շրջանակից։ Շատերն այս օրերին գտնում են իրար տարեդարձ շնորհավորելու յուրօրինակ եղանակներ (միայն ե՞ս եմ այն կարծիքին, որ ծաղիկ+փուչիկ+12։00+առաքում+այսինչ վայրում չեքին վիճակը տաղտկալի էր դարձել)․․․ Մարդու զարմանահրաշ ուղեղը տիեզերքի է նման՝ գիտնականները ուսումնասիրում ու հետազոտում են՝ փորձելով հասկանալ, թե ինչպես է մարդը կարողանում այլընտրանքային լուծումներ գտնել, հաղթահարել անելանելի իրավիճակները, ստեղծել զարմանալին, ստեղծագործել հիասքանչը․․․
Հասցրեցի՞ ձանձրացնել։ Սոցիալական կայքերում մարդիկ կիսվում են իրենց փորձով՝ ինչով զբաղվել, ամեն մեկը կիսվում է ձանձրույթը փարատելու իր միջոցով, ի դեպ, կարելի է օգտվել ու շատ բազմազան ցանկ կազմել՝ գիրք կարդալ, ֆիլմեր դիտել, նկարել, սպորտով զբաղվել, բաղադրատոմսեր փորձել, փազլ հավաքել, կարել, ձևել, կոլաժներ պատրաստել, դարակները դասավորել, կարելի է տեսազանգով շփվել ընկերների, բարեկամների հետ, որոնց հետ շփվելու ժամանակը չէր հերիքում անընդհատ վազքի մեջ լինելու պատճառով, ու էլի մի շարք զբաղմունքներ, որոնց մասին գուցե չեք էլ լսել։ Ի դեպ, պատերազմ վերապրած մեր ավագ սերունդը կարող է այնպիսի զբաղմունքի տեսակներ ասել, որոնց անունն անգամ լսած չեք լինի։ Պատկերացրեք իրավիճակ, երբ սահմանին մարտնչում են հազարավոր հայրեր ու եղբայրներ, վախ, սպասում, ի հավելումն դրա, չկա էլեկտրաէներգիա, համացանց, սնունդ, ջեռուցում, որոնք պատերազմի ֆոնին իրավիճակից բխող «մանրուքներ» են։ Այդ օրերը վերապրած մարդիկ, կասեք, որ հերոսներ են, այո, այդպես է, և նրանք մեր կողքին են։ Եթե հարցնեք ձեր տանեցիներին, թե ինչպես են հաղթահարել այդ սարսափը, այնպիսի պատմություններ կլսեք, որ կզարմանաք մարդկային համբերատարության, ուժի, կամքի ու ստեղծարարության վրա։ Խորհուրդ կտայի հարցնել ու ուշադիր լսել այդ օրերի պատմությունները։
Անորոշությունը շատ տհաճ է, նեղսրտելու բան է, մանավանդ, երբ չգիտենք, թե որքան կարող է այն տևել․․․ Բայց փորձեք հետևել այս մի քանի փոքրիկ խորհուրդներին և կնկատեք, որ այդքանն իսկ անելով, ձեզ համար նորովի կբացահայտեք կյանքը, որը գուցե սրանից հետո էլ առաջվանը չլինի։ Ինչպիսի՞ն կլինի։ Չգիտեմ։ Թերևս այնպիսին, ինչպես որ մենք կվերաբերվենք այս արտակարգ դրությանը և այնպիսին, ինչպիսի դասեր որ կքաղենք սրանից։