
Լուսանկարը` ԿԳՆ ֆեյսբուքյան էջի
Հուլիսի 3-14-ը Ռումինիայում տեղի է ունեցել «Մաթեմատիկա» առարկայի միջազգային օլիմպիադան, որին մասնակցել են 108 երկրներից թիմեր՝ 594 մասնակիցներով: Հայաստանի դպրոցականների թիմի բոլոր վեց մասնակիցները արժանացել են մեդալների՝ երկու արծաթե և չորս բրոնզե: Օլիմպիադայում ունեցել ենք նաև աղջիկ մասնակից` Նատալի Մուրադյանը, որը նվաճել է բրոնզե մեդալը:
Հետաքրքիր և անկեղծ զրույց ունեցա Նատալիի հետ, նա պատմեց իր՝ գիտության ուղին ընտրելու, նախասիրությունների, նպատակների ու երազանքների մասին:
-Ողջույն Նատալի, շնորհավորում ենք քեզ հաղթանակի կապակցությամբ: Մի փոքր կպատմե՞ս քո, քո նպատակների, նախասիրությունների մասին:
-Ողջույն, շնորհակալ եմ շնորհավորանքի համար։ Սովորում եմ Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում (կարճ` Ֆիզմաթ) և այս տարի տեղափոխվում եմ 12-րդ դասարան։ Ֆիզմաթ ընդունվել եմ 7-րդ դասարանից, այդ պահից կյանքս նոր թափ է ստացել, քանի որ Ֆիզմաթում դասավանդում են հրաշալի և բարձրակարգ մասնագետներ, ովքեր խթան հանդիսացան, որ շատ առարկաներ էլ ավելի շատ սիրեմ և հետաքրքրությամբ զբաղվեմ դրանցով։
Շուտով դառնալու եմ 17 տարեկան, բայց մեծ պլաններ միշտ եմ ունեցել։ Դեռ մանկուց երազում էի դառնալ մեծ գիտնական, ստեղծել նոր ռոբոտներ, որոնք կօգնեին մայրիկիս տնային գործերում։ Անցել են շատ տարիներ, բայց երազանքս դեռ չի փոխվել։ Շատ եմ ուզում ընդունվել իմ երազանքների համալսարան և դառնալ լավ ինժեներ։ Ու նպատակիս հասնելու ճանապարհի մի կանգառը մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայից մեդալ ունենալն էր, որը հաջողությամբ հաղթահարեցի։
Չնայած ժամանակիս մեծ հատվածն անցկացնում եմ մաթեմատիկա և անգլերեն պարապելով, բայց հանգստանալը նույնպես կարևոր է, որ ուղեղս կարողանա մաքսիմալ լավ աշխատել։ Ազատ ժամանակս անցկացնում եմ ընկերներիս հետ շփվելով, դիտում եմ անգլերեն ֆիլմեր, կարդում գրքեր, երբեմն նվագում եմ, բայց այս ամենից զատ ունեմ մի մեծ հոբբի. ես սիրում եմ գտնել հետաքրքիր ու գեղեցիկ նկարներ։ Փնտրում եմ նկարներ, երբեմն խառնում եմ իրար, անում եմ որոշ փոփոխություններ և ստանում իմ իդեալական նկարը, որը հետո լինում է հեռախոսիս էկրանին, որ շատ նայեմ։ Տարօրինակ հոբբի է միգուցե, բայց ինչ-որ չափով զարգացնում է երևակայությունը։
-Վերադարձար հաղթանակով, ինչպիսի՞ն են տպավորություններդ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայից: Կպատմե՞ս՝ ինչ դժվարություններ հաղթահարեցիր, և ի՞նչը քեզ օգնեց հաղթահարել դրանք և հաղթանակ տանել:
-Օլիմպիադայից վերադարձել եմ շատ տպավորված, քանի որ ձեռք եմ բերել շատ նոր ընկերներ, ծանոթացել տարբեր ազգերի մշակույթներին ու սովորել շատ նոր ու հետաքրքիր բաներ, որոնք դեռ հաստատ պետք են գալու։
Օլիմպիադայի և, ընդհանրապես, շատ հարցերում մեծ կարևորություն ունի չլարվելը, իսկ դա կառավարելը բավականին դժվար է։ Այս տարի ամենամեծ դժվարությունս թերևս եղել է լարվածությունը հաղթահարելը ու առանց հուզվելու կենտրոնանալն ու լավագույն կերպով ներկայանալը։ Ինձ թվում է՝ ինչ-որ չափով ստացվեց կառավարել էմոցիաներս, ու դա ինձ շատ օգնեց օլիմպիադայի ընթացքում։
Ամենից շատ ինձ ոգևորում էին ընտանիքիս անդամները։ Նրանք ինձ սատար էին կանգնում ամեն հարցում և միշտ կողքիս էին իրենց բարի խորհուրդներով։ Շատ են ոգևորել նաև մի խումբ աղջիկներ, ովքեր անհամբեր սպասում էին, թե երբ եմ կոտրելու աղջիկների մասին բազմաթիվ կարծրատիպերը։ Ընկերներս ու բարեկամներս նույնպես կողքիս են եղել ամբողջ ընթացքում և մոտիվացրել իրենց ջերմ խոսքերով ու լավ մաղթանքներով։
Մոտիվացիա շատ եմ ունեցել։ Նախ ուզում էի երջանկացնել ծնողներիս։ Չնայած՝ նրանց համար իմ հաղթանակն այնքան կարևոր չէր, բայց միևնույնն է, ուզում էի, որ ինձնով հպարտանան։ Մեկ այլ մոտիվացիա էր կարծրատիպեր կոտրելը։ Մաթեմատիկայով զբաղվելիս նկատում էի մարդկանց թերահավատությունը։ Մարդիկ հակված չեն մտածելու, որ աղջիկը կարող է մաթեմատիկայով զբաղվել ու լուրջ արդյունքներ գրանցել։ Հիմա հուսամ՝ շատ աղջիկներ կհասկանան, որ իրենք նույնպես կարող են հետաքրքրվել մաթեմատիկայով, ֆիզիկայով, ինֆորմատիկայով ու, ցանկության դեպքում, հասնել մեծ բարձունքների։ Եվ ի վերջո՝ շատ էի ուզում տեսնել աշխատանքիս արդյունքը։ Ես երկար ժամանակ է, ինչ հաճախում եմ մաթեմատիկայի խմբակների, պարապում եմ ինքնուրույն ու շատ էի ուզում, որ կատարածս աշխատանքը երևար ու գնահատվեր։
-Ինչո՞ւ հենց մաթեմատիկա:
-Մաթեմատիկա սիրել եմ դեռ մանկուց։ Հայրս նույնպես սովորել է Ֆիզմաթում ու միշտ ուզում էր, որ գնայի իր հետքերով։ Պապիկս էլ էր սիրում մաթեմատիկա ու միշտ պատմում էր, թե ինչպես էր դասարանում բոլորից արագ լուծում խնդիրները, ես էլ լսում էի ու հիանում։ Երևի ինքս էի ուզում ստեղծել մի պատմություն, որտեղ խնդիրները լուծում էի ամենակրեատիվ ձևով ու բոլորին զարմացնում։ Երբ եկա Ֆիզմաթ, հանդիպեցի հրաշալի մասնագետների, ովքեր շատ օգնեցին ինձ։ Իմ մաթեմատիկայի ուսուցիչ ընկեր Սարգսյանը և խմբակավարներ ընկեր Գոգյանը ու ընկեր Մարգարյանը ինձ ցույց տվեցին մաթեմատիկայի գեղեցկությունն ու սովորեցրին չնահանջել դժվարությունների հանդիպելիս։
-Ունե՞ս արդեն ակնկալիքներ հետագայում լրջորեն մաթեմատիկայով զբաղվելու համար:
-Ինչպես արդեն նշեցի՝ ապագայում մտածում եմ դառնալ ինժեներ, իսկ մաթեմատիկան ուղղակի պարտադիր է ինժեներիայի մեջ մասնագիտանալու համար։ Իսկ հենց մաթեմատիկայի մեջ մասնագիտանալու ուղղությամբ դեռ շատ չեմ մտածել։ Կարծում եմ` ամեն ինչ ժամանակի հետ կորոշվի։
-Քո կարծիքով՝ ինչպե՞ս է մաթեմատիկան խթանում մարդկության զարգացումը:
-Մաթեմատիկան ամենուր է և ամեն բնագավառում։ Շատ մարդկանց գիտեմ, ովքեր հարցնում են, թե ինչպես է, օրինակ, սինուսների թեորեմն իրենց պետք գալու ապագայում։ Նրանք համարում են, որ մաթեմատիկայի դասընթացներին մենք սովորում ենք շատ ոչ պետքական բաներ։ Բայց ես ունեմ իմ տեսակետը. սինուսների կամ Պյութագորասի թեորեմը մեզ օգնում են մարզել մեր ուղեղը։ Մենք սովորում ենք ինչ-որ թեորեմ, ու դասի վերջում կան այդ թեորեմը կիրառող մի շարք խնդիրներ, որոնք պիտի լուծենք։ Աշակերտներն ունեն հնարավորություն՝ սովորելու կիրառել իրենց ունեցած գիտելիքները, տեսնել կարևորը մեծ պատկերի մեջ, նկատել ամենափոքրն ու ամենագեղեցիկը։ Մաթեմատիկական խնդիրների լուծումը օգնում է մարզել ուղեղը, քանի որ խնդրի շուրջ մտածելիս մարդը մտածում է տարբեր ուղղություններով, տալիս է խնդրին տարբեր զարգացումներ, շարժում է իր երևակայությունը։ Մաթեմատիկան կարծես սնունդ լինի ուղեղի համար։ Այն օգնում է մեզ զարգացնել մեր միտքը, դառնալ ավելի կրեատիվ, սովորել ուշադրություն դարձնել դետալներին ու շուտ չհանձնվել, երբ ինչ-որ բան չի ստացվում։ Մաթեմատիկան բացահայտում է աշխարհի գաղտնիքները, ցույց է տալիս համաչափությունն ու օրինաչափությունը և օգնում է գտնել բազմաթիվ առեղծվածների պատասխաններ։
-Ո՞րն է մաթեմատիկան սիրելու բանաձևը, ինչպե՞ս հասկանալ ու սիրել մաթեմատիկան:
-Մաթեմատիկան սիրելու կամ մաթեմատիկայից ուժեղ լինելու համար պետք չէ լինել ի ծնե տաղանդավոր, այլ պետք է ունենալ ճիշտ մոտեցում։ Ուսուցիչները շատ կարևոր դեր ունեն երեխաների կյանքում, ու հենց նրանք են, որ պիտի սեր սերմանեն երեխաների մեջ, սովորեցնեն նրանց տեսնել առարկայի գեղեցկությունն ու գնահատել այն։ Ես շատ եմ առնչվել երեխաների հետ և նկատել եմ մի քանի սխալներ, որոնք չեն թողնում նրանց առաջ շարժվել։ Նախ, ինչպես նշեցի, ուսուցիչը շատ կարևոր է։ Եվ ինչպես շինություններում, այնպես էլ մաթեմատիկայում, շատ կարևոր է, որ հիմքը լինի ամուր, ինչում կարող են օգնել ուսուցիչները։ Շատ երեխաներ ամեն ինչ անում են ուղղակի ավտոմատ, առանց հասկանալու, թե ինչու հենց այդպես, կամ ինչու է, որ այդպես աշխատում է, իսկ մեկ այլ կերպ` ոչ։ Երեխան պետք է հենց սկզբից հասկանա, թե ինչպես է աշխատում մաթեմատիկան։ Իսկ հետագայում արդեն պետք է ուշադրություն դարձնել, որ դժվարությունների հանդիպելիս չսկսվի ավտոմատ քայլերի ռեժիմը։ Բազմաթիվ երեխաների գիտեմ, ովքեր խնդիրը ստանալուց հետո փորձում են խնդրի միջի թվերի մի մասը գումարել, մյուս մասը բազմապատկել և այդպես այնքան, մինչև որ ստանան գրքի հետևում նշված պատասխանը։ Բայց եթե երեխան սկսի հասկանալ, թե ինչու է քայլերի այդ հաջորդականությունը հանգեցնում լուծման, ապա կսկսի ինքնուրույն փնտրել լուծում և կզգա խնդրի գեղեցկությունը։ Իսկ լուծումը ճիշտ գտնելիս ինչպե՞ս չուրախանալ:



Հունիսի 4-ին Երևանի պետական համալսարանը հյուրընկալել էր ՀՀ վարչապետի տիկնոջը` Աննա Հակոբյանին: Նա «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն է: Հանդիպումը կազմակերպել էր ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ը (ուսանողական գիտական ընկերությունը): Հանդիպումը կազմակերպվել էր ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների համար, սակայն այն բազմաթիվ մարդկանց էր հետաքրքրել, ուստի բացի ապագա ժուռնալիստներից Չարենցի սրահում կային նաև այլ ֆակուլտետի ուսանողներ և համալսարանի շրջանավարտներ: Իսկ ի՞նչ տվեց հանդիպումը ապագա լրագրողներին և ոչ միայն: Ստորև ձեզ եմ ներկայացնում մանրամասներ, որոնք հանդիպման օրը հրապարակված ոչ մի տեսանյութում չեն եղել: Վերլուծությունը թողնում եմ քեզ, սիրելի’ ընթերցող: Հանդիպումը սկսկվեց երկկողմանի շնորհակալական խոսքերով և շարունակվեց ներկաներին հուզող հարցերով: Լրագրողներին հետաքրքեց` ինչպիսին են Աննայի «լրագրողական» կյանքը և մասնագիտության մասին պատկերացումները:
Հունիսի 27-ին Ֆրանսիայից Հայաստան եկան 6 ուսանող-օսթեոպատ` Ռոման Բուղոն (Romain Bourreau), Քսավյե Խրիմյանը (Xavier Khrimian), Ժան-Գյաել Բղանելը (Jane-Glaё Branel), Գյաղանս Ժեղվեն (Garance Gervais), Թոմա Դելաժուն (Thomas Delajoux), Մաղի Դեբյուսին (Marie Debussy)` Աղնո Կղեպընին (Arnaud Crepin)՝ Սամուել Հաղիակյանի կողմից 2014 թվականին Փարիզում հիմնադրված օսթեոպատիայի ոլորտում մարդասիրական ծրագրեր իրականացնող «Էկոստեո» կազմակերպության ծրագրի շրջանակներում։ Օսթեոպատիան այլընտրանքային բուժման համակարգ է, որը առաջին հերթին փորձում է գտնել ցավի սկզբնաղբյուրը և մարմնի տարբեր մասերի ու օրգանների միջև հավասարակշռության խախտումը: Ֆրանսիացի օսթեոպատները այս ծրագրի շրջանակներում համագործակցում են Երևանի և Գյումրու տարբեր բժշկական հաստատությունների հետ և առաջարկում են անվճար խորհրդատվություններ և թերապիա հայ հիվանդներին:
Հարցազրույցն անցկացվում է «Mybookstore crowdfunding for books» խմբի գլխավոր համակարգող Հասմիկ Ավագյանի հետ։ Մարդասիրական խումբը նրանց համար է, ովքեր ցանկանում են գիրք գնել, սակայն գումարը չի բավականացնում։
Երեք հարյուր յոթանասուն հազար. սա այն մարդկանց թիվն է, որ արտագաղթել է Հայաստանից նախորդ կառավարության շրջանում: Իսկ քանի՞սը դեռ կարտագաղթեին, եթե չլինեին վերջին իրադարձությունները, որոնց արդյունքում փոխվեց քաղաքական իրադրություն, իշխանություն, կառավարություն, փոխվեցին շատ ու շատ բաներ: Այս հարցի պատասխանը ես չգիտեմ, բայց փոխարենը գիտեմ մեկին, ում համար նշածս փոփոխությունները առիթ հանդիսացան վերանայելու սեփական որոշումները երկրից գնալ-չգնալու հետ կապված:





Հարցազրույց Երևանի մշակույթի համալսարանի պարարվեստի բաժնի ուսանողուհի Լիլիթ Ավետիսյանի հետ