Ամեն ինչ սկսվեց քսանմեկ տարի առաջ մի փոքրիկ սենյակում: Այն ժամանակ, երբ հույս չկար վաղվա համար, մարդիկ կային, ովքեր երազանքներ ունեին, ովքեր հավատում էին, ու հենց այդ մեծ երազանքից էլ ծնվեց «Մանանան»: Սկսելով լրագրության դասընթացներից՝ «Մանանայի» սաները սկզբում հրատարակում էին իրենց ամսագիրը՝ «Խաբարբզիկը»: Հետո որոշեցին, որ իրենց պատմությունների համար լուսանկարներ են հարկավոր: Այսպես բացվեցին ֆոտոլրագրության, իսկ հետագայում նաև` կինոյի և անիմացիայի ստուդիաները:

Երկար տարիներ այս ամենը կենտրոնացված էր Երևանում, և մարզերի երիտասարդներին հասանելի չէր, սակայն Եվրամիության աջակցությամբ «Արտահայտման ազատության խթանումը քաղաքացիական լրագրության միջոցով» ծրագրի շրջանակներում արդեն երկրորդ տարին է, կենտրոնը դասընթացներ է կազմակերպում նաև մարզերի 14-24 տարեկան երիտասարդների համար: Սկզբում «Մանանայի» թիմի անդամները հանդիպումներ են կազմակերպում մարզային տարբեր քաղաքներում ու գյուղերում, պատմում ծրագրի մասին: Այնուհետև բազմաթիվ նամակներ ենք ստանում, որտեղ ցանկություն են հայտնում դառնալ Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի անդամ:

Սրանից հետո կազմակերպվում են դասընթացներ, որտեղ մասնակիցները գործնական գիտելիքներ են ստանում ֆոտոլրագրությունից, կինոյից, անիմացիայից և լրագրությունից, իսկ առավել ակտիվները մասնակցում են նաև մեդիա ճամբարներին, որտեղ հնարավորություն են ստանում ավելի խորացնել իրենց գիտելիքները, հանրապետության լավագույն կինոգործիչների, ֆոտոլրագրողների և լրագրողների վարպետության դասերին մասնակցել, համատեղ ֆիլմեր նկարահանել իրենց եվրոպացի հասակակիցների հետ, հանդիպել տարբեր մարզերում ապրող իրենց հասակակիցներին: Այսպիսով, ծրագրի արդյունքները կարող եք տեսնել մեր կայքում՝ www.17.am-ում: Այս ամենը կարճ նկարագիրն է այն ամենի, ինչն արվում է:

Այնքան հեշտ է թվում մի քանի բառով պատմել դա, սակայն իրականում ամեն ինչ այդքան էլ պարզ ու հեշտ չէ: Սկսելով որպես ծրագրի մասնակից՝ արդեն երկար ժամանակ է, ես էլ եմ միացել թիմին և օգնում եմ կազմակերպել այդ ամենը: Այս ընթացքում տարբեր մարդկանց եմ հանդիպել՝ տարբեր երազանքներով ու հոգսերով: Մեր պատմությունները մեր մասին են, մեր աշխարհի, մեզ հուզող, անհանգստացնող, հետաքրքրող խնդիրների մասին: Մենք գրում ենք, լուսանկարում ու ֆիլմեր պատրաստում այն մասին, ինչը մեզ ծանոթ է, ինչն անմիջապես մեզ է առնչվում: Մենք միաժամանակ և՛ ազգային ենք, և՛ կոսմոպոլիտ, որովհետև կարծում ենք, որ աշխարհին հետաքրքիր ենք ոչ միայն նրանով, ինչով նման ենք, այլև նրանով, ինչով տարբերվում ենք…

Մեր մասին ևս մեկ անգամ պատմելու հնարավորություն ստեղծվեց հունիսի 5-ին՝ Եվրոպայի օրը: Այս տարի այն նվիրված էր երիտասարդներին ու նրանց հիմնախնդիրներին: Որպես ամենաերիտասարդական կազմակերպություններից մեկը, մենք էլ էինք ներկայացնում մեր տաղավարը, որտեղ պատմում էինք բոլոր հետաքրքրվողներին ծրագրի մասին, նվիրում մեր ամսագրերը:

Չէ՛, պատկերացնու՞մ եք մեր ուրախությունը, երբ մեզ մոտենում էին լրիվ անծանոթ մարդիկ ու ասում, որ ծանոթ են մեր կազմակերպությանը, որ տեսել են, կարդացել մեր նյութերը: Եվ ոչ միայն անհատներ, նաև կազմակերպություններ, որոնք հետաքրքրվում էին մեզնով, համագործակցության առաջարկներ անում: Մենք միշտ բաց ենք համագործակցության համար և կարծում ենք, որ հետաքրքիր ծրագրեր դեռ կունենանք նրանց հետ:

Լուսանկարը՝ Սարգիս Մելքոնյանի
Չգիտեմ՝ քանի՞ մարդու եմ պատմել այդ օրը մեր ծրագրի մասին, բայց կողքից լսողին երևի կթվար, որ լրիվ ուրիշ բանի մասին եմ պատմում, ամեն անգամ նոր «Մանանայի», որովհետև այնքան շատ բան կար պատմելու, որովհետև դրանք կենդանի պատմություններ էին նրա մասին, ինչն իսկապես սիրում ենք:

Հ.Գ. Հրաշալի օր ունեցանք, սակայն դեռ այնքան չասված բաներ են մնացել, այնքան զգացողություններ ու հետաքրքիր պատմություններ:
Եթե դու էլ 14-24 տարեկան ես, հետաքրքրված են ֆոտոյով, կինոյով, լրագրությամբ և անիմացիայով, ապա գրի՛ր մեզ. այնքա՜ն շատ բաներ ունեմ քեզ պատմելու, խորհուրդներ տալու և օգնելու ինտեգրվել մեր մեծ ընտանիքին:
Շրջում էինք տաղավարներով, վերցնում կարճ հարցազրույցներ տարբեր ծրագրերի մասին, որոնք իրականացվում են Եվրոպական միության աջակցությամբ:





Այսօր, Եվրոպայի օրվա կապակցությամբ գնացել էի Հյուսիսային պողոտա: Սկզբում անգամ պատկերացում չունեի, թե ինչ կկատարվեր այնտեղ, բայց շուտով, երբ արդեն այնտեղ էի, ինձ համար ամեն ինչ պարզ դարձավ: Տարբեր կազմակերպություններ իրենց հետաքրքիր ծրագրերով և տաղավարներով ներկայացնում էին այն ծրագրերը, որոնք իրագործվում են Եվրոպական միության աջակցությամբ: Ամեն տաղավարի մոտենալիս զգում էինք ջերմ վերաբերմունք և տարբեր հարցերի պատասխանելու մեծ պատրաստակամություն:


Պողոտայի այս մասը դարձել էր «փոքրիկ Եվրոպա»: Այստեղ էին հավաքվել Եվրամիության աջակցությամբ Հայաստանում իրականացվող համարյա բոլոր ծրագրերի ներկայացուցիչները: Ինչ մեղքս թաքցնեմ, ես մեր ծրագրից բացի ուրիշով չէի էլ հետաքրքրվում ու ոչ մեկի տաղավարին չմոտեցա. միևնույն ա, մերն ամենալավն ա: Մի հրաշք խումբ հենց մեր տաղավարից մի քանի մետրի վրա փոքրիկ համերգ տվեց, որտեղ հնչեցին Ռոք’ն’Ռոլլի գոհարներից մի քանիսը: Ու մենք այդ ֆանտաստիկ միջավայրում նկարում էինք, քայլում ընկերների հետ ու վայելում մեր օրը:
Այս տարի Եվրոպայի օրվա կապակցությամբ հունիսի 5-ին Հյուսիսային պողոտայում կազմակերպվել էր տեղեկատվական ցուցահանդես «Եվրոպական միությունը Հայաստանի երիտասարդության համար» կարգախոսով։ Տեղեկատվական ցուցահանդեսին մասնակցում էին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ընթացիկ ծրագրերը, որոնց հիմնական շեշտը դրված է երիտասարդությանը հետաքրքիր տեղեկատվության վրա: Տեղեկատվական ցուցահանդեսին մասնակցում էր նաեւ «Մանանա» կենտրոնը, ներկայացնելով «Ինքնաարտահայտման ազատության խթանումը երիտասարդական քաղաքացիական լրագրության միջոցով» ծրագիրը։ Մեր մարզային թղթակիցների մի խումբ նույնպես մասնակցում էր ցուցահանդեսին: Նրանք լուսաբանում էին կատարվող միջոցառումները, հարցազրույցներ էին վերցնում, տեսանկարահանում, լուսանկարում, զրուցում մասնակից ծրագրերի ներկայացուցիչների եւ ցուցահանդեսի այցելուների հետ։
Հաջորդ հրապարակումներում ներկայացնում ենք Եվրոպայի օրը մեր երիտասարդ թղթակիցների պատրաստած նյութերի, լուսանկարների եւ վիդեոների միջոցով:
