
Լուսանկարը՝ Սոնա Մխիթարյանի
Հարցազրույց «Ապագան մեր ձեռքերում» կազմակերպության կամավորների կոորդինատոր՝ Անի հետ:
-Ես «Մանանա» կենտրոնի պատանի թղթակից եմ, կուզենայի տեղեկանալ Ձեր կազմակերպության մասին:
-«Ապագան մեր ձեռքերում» կազմակերպությունը տարբեր ծրագրեր է կազմակերպում և իրագործում Եվրոպայի տարբեր երկրներում:
Նման ծրագրերը շա՜տ են, օրինակ՝ Չեխիայում «Ակտիվ քաղաքացի» թեմայով միջոցառում կազմակերպվեց, որտեղ Հայաստանը ներկայացնող 6 մասնակիցները հոյակապ ներկայացան: Այս օգոստոսին Ծաղկաձորում պարային ծրագիր է նախատեսվել, որի համար Հայաստան է գալու 20 իսպանացի, և հենց Հայաստանից ընտրվելու է 20 կամավոր: Շա՜տ հետաքրքիր ծրագիր է, որի միջոցով իսպանացիները կծանոթանան հայկական պարին, իսկ հայերը` իսպանականին:
-Երիտասարդները ինչպե՞ս կարող են անդամագրվել ձեր կազմակերպությանը:
-Երիտասարդները կարող են անդամագրվել մեր կամավորների խմբին Facebook սոցիալական կայքի միջոցով:
-Ձեր կազմակերպության գլխավոր խնդիրը ո՞րն է:
-Մեր կազմակերպության գլխավոր խնդիրը տարբեր Եվրոպական երկրների երիտասարդության շփման խթան հանդիսանալն է, տարբեր երկրների մշակույթներին ծանոթանալն ու ողջ Եվրոպային Հայաստանը ներկայացնելը:
-Եվրոպայի օրվա մասնակցության հետ կապված ի՞նչ ակնկալիքներ ունեք:
-Հիմնական ակնկալիքը հանրության առաջ ներկայանալն է, քանի որ շատ երիտասարդներ չգիտեն մեր կազմակերպության մասին:
Ուզում եմ ավելացնել, որ մեր կազմակերպությունը գործում է 2011թ-ից և կամավորների բոլոր ֆինանսական հարցերը հոգում է մեր կազմակերպությունը: Կամավոր կարող են դառնալ 17-30 տարեկան երիտասարդները:
Հարցազրույցը վարեցին`
Սոնա Մխիթարյանը, Արմավիրի մարզ, գ. Ակնալիճ
Լյուբա Շառոյանը, Արմավիրի մարզ, գ. Ակնալիճ
Անի Ավետիսյանը, Արագածոտնի մարզ, գ.Ոսկեհատ
Այսօր, Եվրոպայի օրվա կապակցությամբ գնացել էի Հյուսիսային պողոտա: Սկզբում անգամ պատկերացում չունեի, թե ինչ կկատարվեր այնտեղ, բայց շուտով, երբ արդեն այնտեղ էի, ինձ համար ամեն ինչ պարզ դարձավ: Տարբեր կազմակերպություններ իրենց հետաքրքիր ծրագրերով և տաղավարներով ներկայացնում էին այն ծրագրերը, որոնք իրագործվում են Եվրոպական միության աջակցությամբ: Ամեն տաղավարի մոտենալիս զգում էինք ջերմ վերաբերմունք և տարբեր հարցերի պատասխանելու մեծ պատրաստակամություն:


Պողոտայի այս մասը դարձել էր «փոքրիկ Եվրոպա»: Այստեղ էին հավաքվել Եվրամիության աջակցությամբ Հայաստանում իրականացվող համարյա բոլոր ծրագրերի ներկայացուցիչները: Ինչ մեղքս թաքցնեմ, ես մեր ծրագրից բացի ուրիշով չէի էլ հետաքրքրվում ու ոչ մեկի տաղավարին չմոտեցա. միևնույն ա, մերն ամենալավն ա: Մի հրաշք խումբ հենց մեր տաղավարից մի քանի մետրի վրա փոքրիկ համերգ տվեց, որտեղ հնչեցին Ռոք’ն’Ռոլլի գոհարներից մի քանիսը: Ու մենք այդ ֆանտաստիկ միջավայրում նկարում էինք, քայլում ընկերների հետ ու վայելում մեր օրը:
Այս տարի Եվրոպայի օրվա կապակցությամբ հունիսի 5-ին Հյուսիսային պողոտայում կազմակերպվել էր տեղեկատվական ցուցահանդես «Եվրոպական միությունը Հայաստանի երիտասարդության համար» կարգախոսով։ Տեղեկատվական ցուցահանդեսին մասնակցում էին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ընթացիկ ծրագրերը, որոնց հիմնական շեշտը դրված է երիտասարդությանը հետաքրքիր տեղեկատվության վրա: Տեղեկատվական ցուցահանդեսին մասնակցում էր նաեւ «Մանանա» կենտրոնը, ներկայացնելով «Ինքնաարտահայտման ազատության խթանումը երիտասարդական քաղաքացիական լրագրության միջոցով» ծրագիրը։ Մեր մարզային թղթակիցների մի խումբ նույնպես մասնակցում էր ցուցահանդեսին: Նրանք լուսաբանում էին կատարվող միջոցառումները, հարցազրույցներ էին վերցնում, տեսանկարահանում, լուսանկարում, զրուցում մասնակից ծրագրերի ներկայացուցիչների եւ ցուցահանդեսի այցելուների հետ։
Հաջորդ հրապարակումներում ներկայացնում ենք Եվրոպայի օրը մեր երիտասարդ թղթակիցների պատրաստած նյութերի, լուսանկարների եւ վիդեոների միջոցով:





Շնորհակալ եմ կազմակերպիչներից նման պատվի արժանացնելու համար: