Ազատ տարածք խորագրի արխիվներ

Jenya Arzumanyan

Պարզապես գարուն

Երբ այլևս արտաքին աշխարհը դուրս է իր ճերմակափայլ և սառնաշունչ սավանից, երբ գունազարդված է ավելի պայծառ, ավելի վառ երանգներով,  երբ թեթև ու թավշյա օդը արագորեն ներս է թափանցում ամեն մի բաց փեղկից և ջերմացնում ու նոր շունչ հաղորդում ամենքին, հասկանում ես, որ այլևս աշխարհը մի նոր շրջափուլում է, կյանքը՝ մի նոր ճանապարհի եզրին։

Գարուն է։ Պարզ, բայց ամենից լուսեղը, հասարակ, բայց ամենից շքեղը։

Գունագե՜ղ, պայծա՜ռ, ջե՜րմ…

Կյանքն ընթանում է այնքա՜ն արագ և սփռում շուրջբոլորը իր խենթությամբ, կրակով, ծաղիկների ամենաիրական բույրով,  երանգների ամենաիսկական տոնով, սիրտդ ցանկանում է դուրս թռչել, նետվել այդ անիրական վարդագույնի մեջ և ագահորեն շնչել ողջ օդը, անդադար նայել շուրջբոլորը, երազե՜լ, հիանա՜լ և վերջապես միաձուլվել բնության այդ հրաշքին։

Կյանքը վերածնվում է, նոր թափ առնում, ոգեշնչվում և ոգեշնչում։

Գեղեցիկ է, պարզապես գեղեցիկ, գեղեցիկ՝ իր բոլոր բացահայտ և թաքուն կողմերով։

Մաքուր է, ինչպես առվակները վարար, որոնք հոսում են մեր սրտից։ Լուսավոր է ու ջերմ, ինչպես արեգակն այն, որ հեռվից համեստորեն ժպտում է և կարծես մեր միտքն է արտացոլում երկնքի լազուրում։

Իրական է, ինչպես մենք՝ մեր սրտի խորքում։

Այն մենք ենք, մեր իսկ երազներում։

Գարուն է, պարզապես գարուն։

Ուղղությունը` 1233-ին կառուցված Ռուզանի բերդ

Ինձ համար յուրահատուկ արշավ էր, որովհետեւ Մոխրաթաղ գյուղի աշակերտներս էլ միացել էին։

Գանձասարը` կարգին զում արած:

Արցախում գարուն է:

Խայամն ասավ իր սիրուհուն. «Ոտըդ ըզգույշ դիր հողին,

Ո՜վ իմանա՝ որ սիրունի բիբն ես կոխում դու հիմի…»:

Խաչքարի վրայի մարդուկը:

 

Սա է վանքը: Այն, ինչ մնացել է վանքից:

Syuzanna Navasardyan

Մեզ Մոնթեներ են պետք

Բացահայտում չեմ անի, եթե ասեմ, որ պատերազմից հետո սարսափելի  փոխվել է կյանքը։

Ես մարդ եմ, ով մինչև պատերազմ հաճախ էր լինում Եռաբլուրում։ Պատերազմից երկու օր առաջ էլ Եռաբլուրում էի՝ իմ Մոնթեի հետ սրտոտ զրույցի։ Այո՛, հաճախ այնտեղ  Մոնթեի հետ ավելի մտերմիկ զրուցելու համար եմ գնում։ Նա իմ ոգեշնչումն է, իմ ուժը, էներգիան, գաղափարախոսությունը։ Իմ գիտակցական կյանքը սկսվեց այն օրից, երբ սկսեցի ուսումնասիրել ու սիրել Մոնթեին, երբ Մոնթեով հասկացա հայ լինելս։ Ինչևէ… Երկար կխոսեմ Մոնթեի մասին, բայց հիմա ասելիքս այլ է։

Կյանքն ինձ համար փոխվեց չափազանց կտրուկ ու առանց ինձ հաշվի առնելու։ Ես կորցրի ու գտա…ինձ։ Պատերազմներ ապրեցի հոգումս։ Չգիտեմ՝ որն եմ հաղթել և որը՝ պարտվել, բայց գիտեմ, որ իմ պատերազմը ոչ մի պարագայում դեռ ավարտված չէ։

Կյանքն ինձ համար փոխվեց այնպես, որ հիմա Եռաբլուր գնալ ամեն օր եմ ուզում, բայց այլևս չեմ կարողանում։ Չի ստացվում։ Իմ հասակակիցներին, իմ ընկերներին այնտեղ տեսնել ու շարունակել ապրել… Մի տեսակ չի ստացվում։ Եթե մարդիկ կան, որ մտածում են, թե ժամանակ կանցնի, ու զգացմունքներն ու զգացումները կբթանան… Ես մտածում եմ, որ սրտով զգացածը երբեք չի մոռացվում, չի բթանում, չի՛ անցնում հոգու ցավը։ Գուցե մենք սովորենք լռել այդ մասին, բայց մի՞թե ներսի պատերազմը կլռի այդպիսով։

Պատերազմից հետո կորցրածս երբեք հետ բերել չեմ կարող, ինչպես շատերս՝ կորցրածի գինը հասկացած…

Պատերազմի մասին խոսելիս թվում է, թե այն դեռ չի ավարտվել, որ դեռ լսում ենք խուլ կրակոցներ ու մահաբեր ձայներ պատերազմի դաշտից։ Երբեք չեմ կարող մոռանալ այն օրերը, երբ միակ հույսս աղոթքն էր առ Աստված։ Հեռախոսս ձեռքիս՝ սպասում էի։ Չգիտեմ էլ՝ ինչի էի սպասում։ Վախենում էի գիտակցել, որ ստացված լուրերը կարող են անդառնալի լինել։ Անդադար ու անվերջ սպասումի օրեր էին… Եվ ցավոք, շատերիս համար այդ սպասումը դեռ ձգվում է։

Անտանելի ցավերից ու կորուստներից հետո, երբ թվում էր, թե իմ կյանքն այլևս երբեք շարունակվել չի կարող, ես մի լույս գտա՝ պատերազմից հետո ապրելու։ Որպես համեմատություն կարելի է ասել այսպես. Պատկերացրեք՝ մոլորված քայլում եք  մութ անտառով, ու մեկը ձեզ լույս է բերում։ Իմ դեպքում այդ մեկը պատերազմի հերոս Ավետիսյան Տիգրանն է, ով  իր կյանքից հետո «ցանկացել» է ինձ կյանքի նոր շունչ տալ։ Նրա շնորհիվ է, որ ես հավատում եմ հրաշքներին, ճակատագրին, Աստծո զորությանն ու նրա կամքի իշխանությանը։

Թվում է՝ երեկ էր, բայց արի ու տես, որ շուտով երկրորդ տարին կլրանա։ Ես մի բան եմ նկատում, որ ժամանակի զգացումը կորցրել եմ։ Եվ դա բացատրում եմ նրանով, որ չե՛մ հաշտվել մեր կորուստների հետ։ Իմ սերնդակիցներն անպայման ինձ շատ ավելի լավ կհասկանան. մանկության ընկերները, որոնց հետ ուրախ ու տխուր օրեր ես կիսել, կռվել, ժպտացել, ազգի հերոս են դառնում։ Ու դու երբեք չես հաշտվում իրողության հետ, որովհետև իրենց հիշում ես միշտ զիլ ծիծաղով ու մանկական խենթություններով։ Ես շա՜տ կուզեի միշտ այդպես հիշել իմ լույս֊ընկերներին…

Երբ ուզում եմ կամ փորձում որևէ մեկին խորհուրդ տալ, մոտիվացիա տալ, ոգեշնչել, պարզապես մաղթում եմ սիրել մեկին և սիրվել նույն այդ մեկից։ Պատերազմից հետո ես հասկացա, որ կյանքի շարժիչ ուժը, մոտիվացիան սերն է՝ հայրենիքի, ծնողների, ընտրյալի, ընտանիքի հանդեպ։ Սերը բարձրագույն ու մաքրամաքուր արժեք է։

Սերը, ինչպես և հայրենիքը, անհնար է սահմանել կամ սահմանների մեջ դնել։ Բայց բոլորս էլ ենթագիտակցորեն ունենք մեր սահմանները։ Ինձ համար սիրո ու հայրենիքի սկիզբը Եռաբլուրն է՝ Մոնթեն, որ Արարատին է նայում՝ իր հովանու տակ ապահով պահելով մեզ համար հայրենիք կերտած մյուս Տղերքին, հերոս Տղերքին։

Սերը, այո, անսահման է, իսկ հանուն հայրենիքի արված այսքան զոհողությունները դրա վառ ապացույցն են։

Ես երազում եմ հայրենիքին տալ այնպիսի որդիներ, որոնք արժանի զավակ, նվիրյալ, օրինակելի հայ ու անկոտրում հայրենասեր կլինեն, չէ՞ որ մեզ այսօր էլ Մոնթեներ պետք են՝ փրկելու հայրենիքն ու պատիվը մեր վեհ։

Բոլորիս անսահման սեր, նվիրում, հայրենասիրություն ու խելամտություն եմ մաղթում, որ մեր ձեռքերով կերտենք մեր որդիների խաղաղ, պայծառ ու ապահով ապագան։ Ի գործ…

Gohar Petrosyan

Հիշում եմ, սիրում էիր սպիտակ մեխակներ

Գիտեմ, նեղացել ես ինձանից. ուշ-ուշ եմ շիրիմիդ այցի գալիս։ Քեզ կորցնելուց հետո ինքս ինձ ու քեզ խոսք տվեցի երկրորդ տունս դարձնել հողե ննջարանդ։ Բայց արի ու տես, որ խոստումս չեմ պահում։ Երևի թե հենց նրա համար, որ զգում եմ ներկայությունդ իմ մեջ։ Բայց դա արդարացում չէ ինձ և արդարացում չէր հեռանալուդ։ Բայց դու ի՞նչ մեղք ունեիր, և ո՞րն է մեղքը իմ` քեզ մտքումս ողջ պահելու համար։ Ես չեմ հավատում, թե մի օր կտեսնեմ քեզ, և գիտեմ, որ երբեք ինձ չես մեղադրել ոչ մի հավատք չունենալու համար։ Ես պարզապես հավատում էի, որ կտեսնես ինձ նպատակներիս հասած և կհպարտանաս ինձով, քանզի ամեն ինչ անում էի քեզ հպարտություն պարգևելու համար։ Բայց հիմա անիմաստ է ամենը առանց քո ներկայության։ Երևի թե կամաց-կամաց սկսեմ մեղադրել ինձ ամեն ինչից հիասթափվելու համար։

Անցնում են օրերը, ու ավելի եմ հեռանում քեզանից։ Տպավորություն է, թե անցյալ կյանքում եմ ունեցել քեզ. է՜հ, քեզ կորցնելուց հետո կորցրի և ինձ, վերածնվեցի մի աշխարհում, որտեղ մեկ վայրկյան ապրել անգամ չէի ցանկանա։ Բայց ապրում եմ, քանզի վախենում եմ այս կյանքն էլ կորցնել և վերածնվել նորից։ Այնպես որ, շարունակելու եմ ձևացնել, թե խաղ ու պար է կյանքն ինձ համար, որ կողքիններս մեկ րոպե անգամ չխղճան ինձ։ Դու ես դաստիարակել ինձ իբրև ուժեղ մարդ, ես իրավունք չունեմ թույլ երևալու։ Թող կարծեն, թե խենթ եմ, կամ փոքր երեխա, որը չունի ոչ մի մտածմունք ու խնդիր։ Բայց թե գան ու ասեն, որ օրերից մի օր կտեսնեմ քեզ, կդադարեմ ուժեղ ձևանալուց և չեմ զսպի ուրախության արցունքներս։ Քեզ մոտ կգամ նպատակներիս հասած ու մեծ ձեռքբերումներով, որ կրկին հպարտության փայլը տեսնեմ աչքերումդ։ Բայց ինձ փակված ու սառը աչքեր պետք չէին, հա՛յր։ Այս ճղճիմ կյանքը չխղճաց ո՛չ ինձ, և ո՛չ քեզ։ Մի հարցում է սիրտս հանգիստ, որ մայրդ չտեսավ քեզ այդպես անշարժ ու անշունչ։ Տանջված կյանք տեսած տատուս առաջին անգամ երանի տվեցի քեզ կորցնելու այդ ծանր օրերին։ Երանի եմ տալիս և իմ մեծ, բայց մեծանալ չհասցրած եղբորս և ծանր հիվանդությամբ մահացած պապուս։ Ու հիմա էլ ապրում եմ հույսով, որ այլևս ոչ մեկին երանի տալու կարիք չեմ ունենա ու միակ տունս չեմ դարձնի այդ հողե ննջարանը։ Կներես, թե խոսում եմ կոտրված ու վատը մտածող մեկի նման։ Պարզապես ինձ արդարացնելու ոչ մի պատճառ չեմ կարողանում գտնել շիրիմիդ չայցելելու համար։ Ինձ էլ հասկացիր. ամեն անգամ քեզ մոտ գալիս մեր հրաժեշտի հուշերը խեղդում են կոկորդս։

Շուտով ծննդյանդ օրն է։ Կայցելեմ շիրիմիդ սպիտակ մեխակներով։ Հիշում եմ, սիրում էիր սպիտակ մեխակներ…

Ամենամյա ուսանողական բիզնես մրցույթ CaseKey-ն մեկնարկել է

CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի հայտերն արդեն բաց են։ Միջազգային ֆորմատով մրցույթը Հայաստանում կանցկացվի 2-րդ անգամ, այս անգամ ներգրավելով ավելի շատ շահառուների։

Մրցույթի նպատակը ուսանողներին հնարավորություն տալն է կիրառել իրենց ստացած բիզնես գիտելիքները իրական բիզնեսներին լուծումներ տալու նպատակով։ Ըստ ֆորմատի՝ 5 ամսյա կրթական ծրագրից հետո մասնակիցները թիմերի բաժանված ստանում են այդ տարվա համար նախատեսված բիզնես խնդիրը, որից հետո ունենում 72 ժամ այն լուծելու համար։

«2021-ին կայացած միջոցառումը փաստացի Հայաստանում առաջին բիզնես խնդիրների լուծման մրցույթն էր, որը ցանկանում ենք դարձնել շարունակական՝ ներգրավելով էլ ավելի շատ շահառուների։ Մրցույթից հետո նույնիկ կարողացանք հրավեր ստանալ լավագույն ուսանողական թիմի համար, որպեսզի ներկայացնի Հայաստանը ԱՄՆ Ֆլորիդա նահանգում այս տարվա մարտի 20-26-ին կայացող միջազգային մրցույթում»,- մեջբերել է միջոցառման համակազկակերպիչ Nation in Action նախաձեռնության ղեկավար Արշակ Կարապետյանը։

Անցյալ տարի մրցույթը ստացել է ավելի քան 300 անհատների և 20 թիմերի հայտեր, որոնցից ընտրվել են շուրջ 30%-ը։ Մասնակիցներն ստացան հնարավորություն հանդիպել հայկական բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ, ստեղծել գործարար կապեր և շատ դեպքերում ստանալ աշխատանքային հրավերներ։ Հաղթող թիմը նաև ստացավ 3000 ԱՄՆ դոլար մրցանակ, որը կարող է ուղղվել կրթական միջոցառումներին մասնակցելուն։

2022թ-ի CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի հայտերն արդեն բաց են։ Մրցույթին կարող են դիմել 17-25 տարեկան դպրոցականները, ուսանողները և նորավարտները՝ ինչպես անհատական, այնպես էլ թիմերով։ Դիմումների ընդունման ավարտից հետո մասնակիցները կբաժանվեն թիմերի և նրանց կկցվեն քոուչեր, ովքեր պարբերաբար կրթական հանդիպումներ կունենան մասնակիցների հետ, որպեսզի պատրաստեն նրանց իրական խնդրի լուծմանը։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը Մարտի 27-ն է, դիմումները հասանելի են այստեղ՝ https://nationinaction.com/bcc2022-apply-as-a-participant/:

«Այսօր էլ աշխարհի տարբեր ծայրերում Ալեններ են ծնվում»

«Գնալ երազանքի հետևից, սիրել և հանդուրժել մարդկանց իրենց բազմազանությամբ և աշխարհը նվաճել այն կատարելության բազմազանությամբ, որ վաղն ավելի լավն է լինելու»,-մեջբերեց ՀՊՄՀ ռեկտոր  Սրբուհի Գևորգյանը` 44-օրյա պատերազմում զոհված Ալեն Մարգարյանի խոսքերը։

Արցախի Հերոս Ալեն Մարգարյանի 23-րդ տարեդարձը նշվեց հարազատ համալսարանում`փետրվարի 11-ին։

Միջոցառմանը ներկաները ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի բակում տեղադրված  խաչքար-հուշաքարի մոտ ծաղիկներ խոնարհեցին, ինչից հետո Կուլտուրայի ֆակուլտետում բացվեց քանդակագործ  Մկրտիչ Արզումանյանի հեղինակած Ալեն Մարգարյանի կիսանդրին։ Նույն ֆակուլտետի կարմիր դահլիճում էլ շարունակվեց հուշ-միջոցառումը։ Ներկայացվեցին երաժշտական, պարային համարներ` համալսարանի փողային նվագախմբի, «Բերդ» պարային համույթի, հենակետային վարժարանի սաների և երգիչ Գոռ Սուջյանի մասնակցությամբ։

-Ալենը կրթելու մեծ առաքելություն ուներ և այդ տարիքում հասցրել էր ունենալ բազում հաջողություններ ու ձեռքբերումներ գրեթե բոլոր ոլորտներում»- խոսեց ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սրբուհի Գևորգյանը` ավելացնելով,- Նա երիտասարդ էր, որը ձգտում ուներ ուսանել և մանկավարժական փորձը փոխանցել: Սա պատահական չէ, քանի որ նա ընտրեց հենց Հայկական Պետական Մանկավարժական համալսարանը։

Ալեն Մարգարյանի ծննդյան առթիվ  Սրբուհի Գևորգյանը հերոսի  մորը՝  Նազելի Տերտերյանին հանձնեց «Մանկավարժական համալսարան» մեդալը։

-Արժևորեց ամենից շատ հայրենիքը, սերը դեպի հայ ժողովուրդը և անսահման անձնուրացությունն էլ դարձավ տխուր, բայց շատ հպարտ վախճան,-որդու մասին խոսեց Նազելի Տերտերյանը,-Սիրում էր կրթվել ու կրթել, հնարավորություն ունենալով` չօգտագործեց, դարձյալ ապացուցելով, որ ինքն ուրիշ է, ինքն այլ արժեհամակարգի կրողն է։

Հերոսի մայրը հպարտությամբ հայտնեց, որ աշխարհի տարբեր երկրներում ամեն օր Ալեններ են ծնվում։

Նազելի Տերտերյանը նաև  խոսեց «Ալեն Մարգարյան» բարեգործական հասարակական-կազմակերպության հետագա առաքելության մասին` տեղեկացնելով, որ շուտով կհիմնվի «Ալեն Մարգարյանի» անունը կրող կրթահամալիր, որտեղ սովորելը կլինի պարտավորեցնող, բայց միևնույն ժամանակ, հաճելի ու պատվաբեր։

Խոսեց նաև «Ալեն մոլորակը մեր մոլորակում» գրքի հեղինակ, ՀՊՄՀ հենակետային վարժարանի 10-րդ դասարանի սան Արման Վարդանյանը։

-Այս գրքի էջերը անվերջ են, ինչպես Ալեն մոլորակը, ինչպես Ալենի երազանքները, սերը։

Արմանը նշեց, որ չնայած գիրքը պատերազմում անմահացած հերոսի վառ հիշատակին է նվիրված, սակայն ոչ պատերազմի մասին է, ոչ մահվան։

-Գիրքը ներքին բոլոր պատերազմները հաղթահարելու և որակյալ աշխարհաքաղաքացի լինելու մասին է,-հավելեց հեղինակը։

Խոսելու և հիշողություններով կիսվելու հնարավորություն ընձեռվեց նաև Ալենի կուրսընկերներից Էլեն Խաչատրյանին։

-Նա մեր մոտիվացիան էր, ոգևորում ու մոտիվացնում էր բոլորիս, անգամ այն ժամանակ, երբ տրամադրություն չունեինք ոչնչի համար։ Ալենը լույս էր, գրկելու մեծ տաղանդ ուներ և իր գրկախառնությամբ կարող էր մոռացնել տալ ցանկացած տխուր պահ։ Գիտեի, որ գալու է մի օր, երբ խոսելու եմ նրա մասին, բայց այն ժամանակ, երբ ֆիլմերից մեկը Օսկար կստանար… Սակայն նա ընտրեց հերոսանալու այլ տարբերակ։

Էլենը խոսքը եզրափակեց.

-Ալենը միշտ ներկա է ու միշտ մեր կողքին։

Հուշ-ցերեկույթի ավարտին ցուցադրվեց հերոսի անցած ուղու մասին պատմող կարճամետրաժ ֆիլմ, որից հետո ներկաները այցելեցին Եռաբլուր պանթեոն։

«Կյանքի իմաստը վաղվա օրվա ավելի լավը լինելու հավատի մեջ է»։

Anna Harutyunyan

Ո՞վ է հայը

Անժխտելի փաստ է՝ հայն աշխարհի հնագույն ազգություններից մեկն է։ Դրա մասին վկայում են ոչ միայն հայոց, այլև համաշխարհային պատմության վկայությունները։ Իսկ ո՞վ է հայը, ի՞նչ ճանապարհ է անցել, ո՞րն է նրան ճանաչելու բանաձևը։ Մի՞թե բավական է միայն քրիստոնյա կոչվելը, հայերեն խոսելը, ազգանվան վերջում «յան» մասնիկ կրելը կամ Հայաստանում ապրելը հայ կոչվելու համար։ Իհարկե ոչ…

Հայը Հայաստանում ապրելուց զատ, այն համարում է իր հայրենիքը, որտեղ ինչպես առաջ իր, այնպես էլ հիմա նրա զավակների պատմությունն է կերտվում։ Հայը գիտի՝ այստեղ մի թիզ հողի վրա որքա՛ն արյուն, արցունք ու քրտինք է թափվել, որն իսկական հայը չգնահատել չի կարող։

Հայի ազգանունը կարող է չունենալ «յան» վերջավորություն, բայց նրա դեմքը կմտանի նրա հայությունը։ Դիմագծերը, փոքր-ինչ կեռ քիթը, խոշոր, կրակոտ, բայց և թախծոտ աչքերը։

Մի՞թե թշնամին վատ գիտի մեզանից մեր լեզուն: Նա չէ՞, որ հաճախ մեզանից ճիշտ ու անսխալ է խոսում կամ գրում։ Ստացվո՞ւմ է, որ նա էլ է հայ։ Իհարկե ոչ… Միայն հայը կարող է սրտանց ասել անթարգմանելի «ջան»-ն ու «ցավդ տանեմ»-ը։ Միայն հայը կարող է տարօրինակ բան տեսնելուց երեք մատը ծալել ու ցուցամատը բարձրացնել՝ անպայման ինչ-որ տեղի-անտեղի մեկնաբանությամբ։

Հայը փորձում է ոչ միայն անունով, այլև գործով քրիստոնյա լինել։ Նրա համար հայրենիքն ու հավատքը ամեն ինչից վեր են, դրանք նրա սրբություններն են, որոնց համար նա պատրաստ է կյանքը տալ: Ինքնազոհություն, այ թե որն է հայի հոմանիշը։

Հայրենասեր, աշխատանքի գինն իմացող, ազնիվ, բայց միևնույն ժամանակ խիստ ու պատվախնդիր հայ տղամարդն ու ընտանիքին նվիրվող, աստվածավախ ու բարոյական հայ կինը միասին ստեղծում են հայ ընտանիքը, որտեղից էլ սկսվում է հայի ինքնությունը։

Anahit Arshakyan

Դու` դու, ես` ես

Դու փակել ես էջը, ես՝ գիրքն եմ այրել:

Ես աշխարհում կամ ու չկամ՝ քոնում: Դու էն աշխարհում ես վաղուց, որ իմն է:

Դու գտել ես աշխարհ ու այն կառուցել, ես ստեղծել եմ ավազից:

Դու անցել ես աշխարհներ, ես բանտարկված եմ իրականությանս մեջ:

Դու բախտավոր ես, որ ես քո բախտը չէի, ես ունեմ բախտ՝ քեզնից նվեր, որ դժբախտությունս էր:

Մոռացումը քեզ հարկավոր չէ, իսկ ես մոռացված եմ հիշողությանս մեջ:

Դու նույնն ես, անցորդները քեզ չեն փոխել: Ես չկամ անցորդների հետ. էլի նույնն եմ ես:

Աշխարհում կան շատ ճանապարհներ, իսկ ճանապարհներում աշխարհներ՝ շատ քիչ:

Դու տգեղ ես, անսահման տգեղ, բայց դա ինձ չի խանգարել երբեք: Ես գեղեցիկ եմ, անսահման գեղեցիկ, իսկ դա քեզ խանգարեց:

Դու խոսում էիր ինձ հետ, ես՝ քեզ հետ: Մենք խոսում էինք այնքա՜ն հարմար, այնքա՜ն ճիշտ, այնքա՜ն հեշտ: Ես խոսում էի, հասկանու՞մ ես, ես խոսում էի, ինչպես ոչ միշտ, ինչպես երբեք:

Ես այն մեկն եմ, ում ձեռքը անդունդի եզրից չքաշեցիր ու կողքիդ չգցեցիր, թողեցիր գնամ ու դու մենակ մնացիր: Քո աշխարհը քանդել ինձնով դու չուզեցիր:

Դու չթողեցիր ինձ մոտ, դու ինձ չսպանեցիր: Ես քեզ չսպանեցի, որովհետև ուժ դու ինձ չտվեցիր, թույլ չտվեցիր: Դու մեռած ես երևի ու ապրել չուզեցիր:

Դու հորինվածք ես ու մի քանի րոպեներ: Ես խփնված եմ, որ գրում եմ քո մասին այսպես:

Դու կյանքից հոգնել ես ու այնքան պարզ ես այդպես: Ես այնքան դժվար եմ, բայց կյանքից չեմ հոգնել, կյանքն է ինձ ուժասպառ արել:

Ես թանտրոն չգնացի էդպես էլ ու մոռացա  քեզ: Քանզի ես միայն ստեղծեցի շարունակություն ու չպահեցի այն, ինչ իրապես էր եղել:

Որովհետև դու ներկայացում ես ու անցորդ: Իսկ ես ուղղակի՝ անծանոթ: Իսկ թե նման ես ինձ, դու էլ ես իմ պես, ապա ես ֆիլմ եմ ու վեպիդ մի գլուխն արդեն: Տես, նույնիսկ սա՛ չգիտեմ:

Դու տեսնում ես ինձ քո գույնի մեջ: Իմ գույները կորչում են քեզ հետ:

Դու գտել ես ինձ քո հետ, ես փնտրում եմ քեզ իմ մեջ:

Դու չես լսում ինձ, բայց մտածում ես, որ տեսնում ես ու գիտես: Ես լսում եմ քեզ, բայց չեմ տեսնում ու չեմ էլ տեսնի երևի երբեք, որովհետև դու միշտ գիտես, իսկ ես՝ երբեք:

Դու հարվածներ ես ստանում բազում ու ինձ պատմում ես, թե հարցնեմ: Ես հարվածներ երևի նույնպես ստացել եմ, բայց այնքա՜ն կուզեի լռեիր ինձ լսելու պես ու երևի ես կխոսեի, երևի չէի գոռա հիմարի պես:

Դու քնքշանքս ու հանգիստս ես մեկ-մեկ:

Ես քեզ չեմ տա ինձ երևի երբեք:

դու՝ Դու, Ես ՝ ես: