Ազատ տարածք խորագրի արխիվներ

Գյուղս. համերի, հիշողությունների ու մարդկանց մասին

Գյուղը մշտապես համերի, հիշողությունների ու մարդկանց մասին է:

Լիքը տխրություն ու կարոտ կա ամեն պահի մեջ: Մեծանում ես և հետո զգում, թե ինչքան է յուրաքանչյուր ձևավորված մասնիկդ կյանք առած այս ամենից:

Քայլում ես գյուղում, Անիկ տատը կանչում հարցնում է, թե ով եմ ու անվերջ կարոտած համբույրներ թողնում այտիս: Ինձ գուցե մեկ-երկու անգամ տեսած լինի, ես նրան չէի հիշում, բայց նույնն էի զգում: Կարծես իր մեջ ամփոփված լիներ ողջ հավաքական գյուղը, կարծես նրա աչքերը պատմեին իմ կարոտած հիշողությունների մասին:

Մորական կողմի պապիս տուն գնացի, որը վաղուց լքված է, արդեն տեղափոխվել են: Մինչև հիմա հիշում եմ դրսի խոհանոցից եկող տաք հացի հոտը, որից հետո միշտ ալյուրի շերտով էին պատվում ձեռքերս, ու ես մատներս լայն տարածած գրկում էի տատիս, որ չսպիտակեցնեմ իրեն: Բայց դե ժամանակը սպիտակեցրեց տատիս, խոհանոցի դուռն էլ հավերժ փակեց իր ետևում սպիտակ հեքիաթով լցված մանկությունս:

Գյուղը շատ էր դատարկվել, շատ դռներ էին հավերժ փակվել, որ էլ երբեք սպիտակ թարմ ներկի խեղդող անուշահոտը չէին զգալու:

Մանկությունից տպավորված անվերջ ակտիվությունը, շարժը, աշխատանքը կարծես կանգ առած լիներ, կարծես գյուղը հոգնած լիներ ու մտած լիներ հավերժ հանգստի մեջ: Ես էլ զգուշորեն էի քայլում ու շշուկով խոսում, որ չխանգարեմ նրա անդորրը:

Լուռ քայլում էի` կանգ առնելով ու վերապրելով յուրաքանչյուր անկյունում կատարվածը, բարևում ծանոթ-անծանոթին` հետևում թողնելով կիսազննող հայացքները, որ փորձում էին բացահայտել անծանոթի ինքնությունը:

Երևի ժամանակը անծանոթ է դարձնում մեզ, ու կյանքի մեկ ուրիշ փուլում նույն տեղում հայտնվելով մենք նորից ենք ծանոթանում կամ անխոս հիշեցնում մեր մասին` վերապրելով այնպիսի պահեր, որ միայն մեզ է պատկանում:

Ուրիշ` առանց քեզ

Բարև:

Եկել եմ, որ խոսեմ:

Քեզ սպասման ճանապարհի կեսը անցանք, առանց քեզ կամ քեզ հետ, միգուցե:

Մենք քեզ կարոտում ենք մեր միասին ապրած վայրկյաններից ավելի:

 

Գիտե՞ս, երբ ասում են` ընկերություն, գլխումս մանր տառերով անունդ է գրվում:

Իսկ քեզ հետ ունեցած պահերը հիշելիս

Էլ ապագայի մասին մտածելու կարիք էլ չենք զգում:

 

Ինչքան կարելի է գոռալ ողջ աշխարհին, որ դու այն ուրիշն էիր,

Այն մաքուրը, որ կարող էր երբևէ պատահել մեզ, այս կեղտոտ աշխարհում:

 

Ու գրկում ենք քեզ մտովի:

Գրկում ենք ոսկորներդ ջարդելու չափ ամուր:

Քեզ հետ ունեցած ընկերության չափ ամուր:

Հավատարմության չափ ամուր:

 

Աշխարհում չկան հավերժություններ:

Աշխարհում կան հավերժություն պարունակող մաքրություններ:

Ու ես,

Մենք գտել էինք

ՔԵԶ:

 

Գտել էինք, որ ունենայինք հավետ,

որ չկորցնեինք երբեք,

Որ չսպասեինք հավերժ:

 

Տարօրինակ ուրիշ ենք առանց քեզ,

Կամ տարօրինակ ուրիշ է առանց քեզ ամեն ինչ:

Օրը նորից բացվելու սովորություն ունի, իսկ ամեն բացվող օրվա հետ դու նորից չկաս, չկաս ու չես լինելու ոչ հիմա, ոչ հետո:

 

Բարև:

Վեց հազար հինգ հարյուր յոթանասուներորդ չասված բարևի,

կամ պարզապես երբեք չմեռնող կարոտի մասին`

ԱնՔեզ ու Քեզնով, կիսատ ենք…

 

Հ.Գ. Մխիթար Գրիգորյանին, զոհվել է Հադրութի Վանք գյուղի մոտակայքում` զինակից ընկերոջ կյանքը փրկելիս…

davit shahbazyan

Մեր դիրքի փոքրիկ պաշտպանները

Քոթոն մեր դիրքի միակ շունն է, ամբողջ օրը չկա, բայց հենց սկսում ենք հաց ուտել, մեկ էլ հայտնվում է: Մեզ հետ է նախաճաշում, ճաշում ու ընթրում, իսկ մնացած ժամանակ չկա: Հիմա կասեք` էս ի՞նչ շուն է, մենակ ուտելիս է գալիս, բայց չէ, Քոթոն իրականում ինքն իրեն հարմար դիրք է ընտրել ու մնացած ժամանակ զգոն ու ուշադիր նստած հետևում է անցուդարձին, ու երբ մի անսովոր բան է նկատում, հաչոցով ահազանգում է մեզ, որ ստուգենք: Թե որտեղից է Քոթոն հայտնվել մեր դիրքերում, էդ պատմությունը ես չգիտեմ, բայց մի ավելի սիրուն պատմություն գիտեմ:

Մի օր մեր Քոթոն չի երևում ոչ նախաճաշին, ոչ ճաշին ու ոչ էլ ընթրիքին, ինչը մեզ, իհարկե, անհանգստացրեց: Առանց Քոթոյի ո՞նց հաց ուտենք: Ես ինձ վերապահեցի գնալ ու Քոթոյին գտնել, մի բանով կերակրել: Երկար փնտրեցի, բայց ինչքան էլ տարօրինակ էր, Քոթոն տարածքում չէր… Տխուր լուրը ես պիտի հայտնեի տղերքին:

-Տղեք, Քոթոյին չգտա:

-Հաստատ գայլերն են տարել, – ասաց մեկը:

-Խելքդ են գայլերը տարել, – ասաց մյուսը` հակադարձելով առաջինին, – մի տեղ ընկել քնել է:

Քոթոյին երեք օր չտեսնելուց հետո կարծես թե բոլորը մոռացան նրա մասին, ու այնպիսի տպավորություն էր, թե նա այստեղ  չէր էլ եղել, բայց իմ հոգում դեռ չէր մարել հույսը, որ Քոթոն վերադառնալու է ողջ ու առողջ…

Հուրախություն ինձ` հույսերս արդարացան: Չորրորդ օրը, երբ պառկած էի վրանում, հանկարծ շան ձայներ լսեցի: Դուրս վազելով, տեսա Քոթոյին. ուրախությունը պատեց ներսս, կյանքը վերադարձավ իր նախկին տեսքին:

Անցնելով երկու-երեք շաբաթ` Քոթոյի կրծքերից պարզ դարձավ, թե որտեղ էր կորել այդ երեք օրերը. զուգավորման շրջանն էր: Քոթոն իրեն հարմար զուգընկեր էր գտել ոչ հեռու գտնվող գյուղում ու երևի լավ ժամանակ էր անցկացրել:

Հիմա անցել է արդեն մոտ երկու ամիս, ու Քոթոն մի քանի օր առաջ լույս աշխարհ բերեց միանգամից ութ ձագուկ: Սպիտակ ու սև մորթի տակ թաքնված մեր փոքրիկ քոթոների անմեղ աչքերում շատ բան կարող եք տեսնել:

Հիմա մեր ընտանիքը նոր անդամներով համալրվեց, ու դիրքերում մենք արդեն ավելի շատ ենք:

Marianna Mayilyan

Դիվանագիտության նուրբ արվեստը

Հակամարտությունները իրենց բնույթով լինում են ինքնորոշման և ոչ ինքնորոշման։ Ղարաբաղյան հակամարտությունը ինքնորոշման հակամարտություն է։ Ղարաբաղյան հակամարտությունը իր բնույթով տարբերվում է հայկական և ադրբեջանական կողմերի պաշտոնական դիրքորոշումներում։ Հայկական կողմի նպատակը ազգերի ինքնորոշման խնդրի լուծումն է, այնինչ Ադրբեջանի խնդիրը զուտ տարածքային ամբողջականության հետ է կապված։ Ադրբեջանը խնդիրը դիտարկում է բացառապես տարածքային ամբողջականության համատեքստում՝ անտեսելով ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Ազգերի ինքնորոշման իրավունքը, ժողովուրդների հիմնարար իրավունքն է, ազգերի պետական կազմավորման իրավակարգի, արտաքին քաղաքականության, մշակութային, կրոնական, տնտեսական հարցերն ինքնուրույնաբար տնօրինելու, ընդհուպ մինչև այլ ազգերից անջատվելու և անկախ պետություն կազմելու համար։ Դա ժամանակակից միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքն է։

«Արցախը Հայաստան է և վերջ» բովանդակությամբ հայտարարությունը Ղարաբաղյան հակամարտությանը հաղորդում է տարածքային բնույթ, ինչը իհարկե, չի բխում հայկական կողմի քաղաքական շահերից և ջուր է լցնում ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին։ ՀՀ-ն և ԼՂՀ-ն երկու առանձին անկախ հանրապետություններ են, և նմանատիպ հայտարարություններով ՀՀ-ին ագրեսսոր դարձնելը բնավ չի բխում մեր պետականության շահերից։ Մեր նպատակը ոչ թե ԼՂՀ  տարածքների միացնում էր ՀՀ տարածքին, այլ Արցախում դարեր շարունակ բնակվող հայության համար արժանապատիվ և անվտանգ կյանքի երաշխավորումն ու ապահովումը։ Հայկական կողմի համար հակամարտությունը կրում էր մարդասիրական բնույթ և իրենից ենթադրում էր Արցախում դարեր շարունակ բնակվող հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության երաշխավորումը ՀՀ կողմից։ Հայկական կողմի դիրքորոշմանը չպետք է տրվեր էքսպանսիոնիստական բնույթ։

Ինչ վերաբերվում է խնդրի մյուս կողմին, այս ամենը բնավ չի ժխտում այն փաստը, որ Արցախը մեր հայրենիքն ու պատմական հողն է։ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարության ոչ հայանպաստ բնույթի մասին խոսելը բնավ չի նշանակում, որ Արցախը հայերի պատմական հայրենիքը չէ։ Դա բացարձակապես չի նշանակում, որ Արցախը դիտարկվում է որպես թշնամու տարածքային միավոր։ Սակայն քաղաքականության մեջ հայտարարություններ անելուց և տարածելուց պետք է շեշտը դնել բացառապես քաղաքական ասպեկտի վրա և դիտարկել Հայաստանն ու Արցախը որպես առանձին անկախ հանրապետություններ։ Հայաստանի արտաքին քաղաքական շահերից բացառապես չի բխել և չի բխում ՀՀ-ին որպես ագրեսոր և էքսպանսիոնիստական միտումներ ունեցող պետություն ներկայացնելը։ Հայաստանի խնդիրը Արցախում բնակվող հայ ժողովրդի անվտանգությունը երաշխավորելն էր, և ոչ բնավ՝ տարածքային էքսպանսիան։

seyran soghoyan

Ճամփաբաժանին

Լուսնի լույսով էինք լուսացնում։

Մեկ` դըմփ, երկու` դըմփ, երեք` դըմփ, ու երբ դադարում էր դմփալ, միանգամից հայտնվում էի տանը՝ տաք, կուշտ, ուրախ, անհոգ։ Մորս մոտ նստած  էի՝ հենց նոր սիրածս թխվածքը թխած տաք ձեռքերը բռնած, բայց… Մի պահ, հենց նայում էի վերև, էլի նույն սառած տանկս էր, ես էլ նստած էի սառը գետնին՝ գիշերվա սառնությունը հավաքած զենքը բռնած։

Սառնությունը երևի զգոնություն էր հաղորդում, բայց միևնույն ժամանակ կտրում էր մեզ մեր տներից, մեր հույսերից, մեր ճանապարհներից։ Երբ ընկերոջս՝ մեր տանկի մեխանիկին, ասում էի` տեսնես վերջը ողջ կմնա՞նք, ասում էր. «Մեր վրա ատոմային ռումբ էլ ընկնի, ողջ ենք մնալու, չմտածես»։

Ու այդպես էլ եղավ. երկուսս էլ փրկվեցինք։ Փրկվեցինք մի քանի ժամերի տարբերությամբ: Ես նրան վերջին անգամ տեսա վիրավորված, իսկ հետո արդեն հիվանդանոցում՝ իմ կողքին նստած։

Երևի հավատը փրկեց մեզ: Հավատում էինք, որ մի քանի օրից վերջանալու է, ու ամեն մեկս գնալու ենք մեր ճանապարհով։

Վերջացավ: Ու ամեն մեկս գնացինք մեր ճանապարհով։ Ոմանք ստանձնեցին հավերժ ճամփորդի պաշտոնը, ոմանք էլ արդեն հասել են ճանապարհի վերջին։ Ես էլ դեռ գնում եմ, գնում եմ, որ գտնեմ այն, ինչի համար ճանապարհ եմ ընկել։

Աստված օգնական բոլորիս։

Ներսես Ներսիսյանի անվան ռազմազգային ճամբար

Դեռևս 7 տարի առաջ ոսկեհատցի երիտասարդների ջանքերով հիմնադրվեց «Երիտասարդ Ոսկեհատ» երիտասարդական նախաձեռնությունը, որը գյուղում ծավալում էր ակտիվ գործունեություն։ Հենց այդ երիտասարդների շնորհիվ 2018 թվականի ամռանը Ոսկեհատում առաջին անգամ տեղի ունեցավ ազգային-բակային ճամբար, որն այժմ ամենամյա բնույթ է կրում։

-Ճամբար կազմակերպելու հիմնական նպատակն այն էր, որ երեխաներն ունենան ավելի հետաքրքիր առօրյա, անցկացնեն ամառն այնպես, ինչպես մենք չենք անցկացրել, ծանոթ լինեն իրենց ազգային արժեքներին,- պատմում է ճամբարի համակարգող Մարինե Մխիթարյանը։

Նրա խոսքով ճամբարի կենտրոնում կանգնած է եղել Ոսկեհատի երիտասարդներից Ներսեսը։ Նա միակ տղան էր, ով կանգնեց այդքան աղջիկների կողքին ու աջակցեց ամեն հարցում։

2020 թվականի 44-օրյա պատերազմը խլեց նաև Ներսեսի կյանքը։ Այդ պատճառով ազգային-բակային ճամբարը այս տարի վերանվանվեց, վերափոխվեց և դարձավ  «Ներսիսյան Ներսեսի անվան ռազմազգային ճամբար»։

-Ամեն տարի անուն էինք փնտրում ճամբարի համար, բայց այսուհետ այն ունի իր հստակ անվանումը, որն առավել քան պարտավորեցնող է։ Ճիշտ է, այս տարի, հաշվի առնելով բոլորի հոգեվիճակը, ճամբարը կազմակերպելն ավելի դժվար էր, սակայն սա Ներսեսին կենդանի հիշելու տարբերակներից մեկն էր,- պատմում է Մարինեն:

Ճամբարին այս տարի մասնակցել է 5-17 տարեկան ավելի քան 120 երեխա։ Նրանք ըստ տարիքի բաժանված էին 5 խմբի, որոնցից յուրաքանչյուրը ուներ իր ջոկատավարը։ Ջոկատավարները գյուղի 18 տարին լրացած երիտասարդներն էին։

-Սկզբում թվում էր, թե ընդհանրապես չեմ կարողանալու երեխաների հետ լեզու գտնել, բայց հետո այնքան լավ հարաբերություններ ստեղծվեցին, որ նույնիսկ երեխաները իրենց պատրաստածն էին ինձ նվիրում,- պատմում է փոքրերի խմբի հետ աշխատող Սյուզին։

Այս տարի ճամբարը հատկապես յուրահատուկ էր ավագ խմբի համար, քանի որ կամավոր հիմունքներով ճամբարին էին միացել «Ողջ մնալու արվեստը» ռազմահայրենասիրական կազմակերպության չորս հրահանգիչներ։ Նրանք ճամբարային հինգ օրերի ընթացքում սովորեցրին ավագ խմբի ապագա զինվորներին և զինվորուհիներին զենքի հետ վարվելու ձևերը, առաջին օգնության հիմունքները, մի խոսքով, այն ամենը, ինչն անհրաժեշտ է ռազմի դաշտում։

-Առաջին օրը՝  համեմատած մյուս օրերին, ավելի բարդ էր, որովհետև  թվում էր, թե երեխաներին չի հետաքրքրում այն, ինչ սովորեցնում ենք, սակայն երբ անցանք գործնական հատվածին, երբ իրենք ինքներն էին ցուցաբերում առաջին օգնություն, հասկացանք, որ դա ոչ միայն հետաքրքիր է նրանց, այլ նաև դա անում են մեծերից ավելի լավ,- ասում է ՈՄԱ-ի առաջին բուժօգնության հրահանգիչ Իզաբելլան։

-Սակայն մենք կցանկանայինք նրանց սովորեցնել առաջին օգնությունը առօրյայում, այլ ոչ թե ռազմի դաշտում,- ավելացնում է մյուս հրահանգիչը՝ Նանեն։

Իսկ ըստ ՈՄԱ-ի մյուս ներկայացուցիչների, 5 օրը բավական մեծ ժամանակահատված էր պատանիներին ռազմական գիտելիքներ փոխանցելու համար։ Վստահ են, որ երեխաները սերտել են իրենց փոխանցածը և կարող են կիրառել պետք եղած դեպքում։ Ինչ վերաբերում է իրենց, ապա շատ են սիրել գյուղը, երեխաներին և հաջորդ տարիներին նույնպես պատրաստ են աջակցելու ճամբարին:

Գյուղում կազմակերպված ճամբարը ուրախություն և բավականություն էր պատճառել ոչ միայն երեխաներին, որոնք սովորում էին ազգային երգ ու պար, նկարչություն ու տեխնոլոգիական աշխատանք, այլ նաև իրենց ծնողներին։

-Աղջիկս մեծ ոգևորությամբ վերադառնում էր ճամբարից և անհամբեր սպասում հաջորդ օրվան,- ասում էր ծնողներից մեկը։ Նրանք անչափ գոհ և երախտապարտ են, որ գյուղում կազմակերպվում են նման միջոցառումներ։

Այսպիսով Ներսես Ներսիսյանի անվան ռազմազգային ճամբարը կլինի շարունակական, կլցնի Ոսկեհատի փոքրիկների առօրյան և ամեն նոր սերնդի կպատմի Ներսեսի մասին։

Լուսանկարները` Անի Ավետիսյանի

Իմ սեր Արցախ

Պատերազմից հետո Արցախ գնալը  մարդիկ  դժվար են պատկերացնում.

վախ… տագնապ… հուզմունք…

Նշեմ, որ միայն հպարտություն  և  հիացմունք  պետք  է ապրել Արցախ գնալուց։

…Եթե մինչև տրանսպորտ նստելը մի պահ մտածել էի, որ  ինչ-որ իրողություն կխանգարի, և չեմ գնա Արցախ, ապա տրանսպորտ նստելուց՝ կարևորագույն փուլը հաղթահարեցի։

Հինգով էինք: Վարորդը  կատակում էր, ասելով՝  նախորդ օրն այնքան ուղևորներ  կային, որ քիչ էր մնում գլխիս նստեն։

Չնայած սպիտակ  փոխադրամիջոցի  կիսադատարկ լինելուն՝ զգացմունքներս ամբողջությամբ լցնում էին այն։

Ճանապարհը  միայնակ էր ու տխուր,  մշտական բնակիչները լքել էին նրան…

Իսկ  Շուշիի կողքով անցնելուց, ամեն ինչ այնքան անհավատալի էր, որ այդ պահին ասես  ոչ  մի  զգացողություն չկար։  Հետ գալուց միայն ուշքի եկա, տեսա Շուշիի տխրությունն ու դատարկությունը. նկարագրել չի լինի…

Շուտով հասանք, ես անհամբեր սպասում էի այդ պահին։ Ընկերուհիս՝ Տաթևը, դիմավորեց, գնացինք տուն, հանգստացանք, դուրս եկանք վայելելու Ստեփանակերտը։

Արցախն  այնքան լուսավոր է, գունեղ, չքնաղ, որ ես պարզապես հիացած եմ,  չնայած նրան, որ շատ եմ եղել այնտեղ։

Անդադար քայլել էի ուզում, ցանկանում էի շրջել բոլոր փողոցներով, զգալ նրա ողջ  հզորությունն ու ջերմությունը, որն արդեն  մի բուռ դարձած Արցախից էր փոխանցվում։

Մինչև ուշ երեկո քայլում էինք, չնայած նրան, որ հողը փախչում էր ոտքերիս տակից, բայց հասցրեցի  ապրել Արցախը։

Առավոտներն արթնանում էի արևածագից շուտ՝ պատուհանից վայելելով  Արցախում բացվող հերթական խաղաղ լուսաբացը…

Հաջորդ կայարանն  Ասկերանն էր, որտեղ գնալու ճանապարհը կիսեցինք  զինվորների հետ։

Ասկերանում  իր  ամբողջ  վեհությամբ  մեզ էր սպասում Մայրաբերդը։ Իսկ այնտեղի փողոցներով անցնելուց՝ նկատում էի պատերազմի դեմ պայքարած բերքատու ծառերի պտուղներ… Մի կին իր բակի դարպասը բացեց, հարցրեց, թե որտեղից ենք, հետո ասաց, որ չնայած քիչ  մասն է մնացել, սակայն կարող ենք զգալ ողջ յուրահատկությունը…

Գնալ Արցախ և չհամտեսել ժենգյալով հացը՝ աններելի  է։  Ինձ հաջողվեց վայելել  իմ պատրաստած ժենգյալով հացը, ինչն առանց արցախցի տիկնոջ օգնության՝ անհնարին  կլիներ։

Տուն վերադաձա, սակայն  չշտապեցի  հրաժեշտ տալ  հարազատ  Արցախին։ Ինձնից մի մասնիկ մնաց Արցախում, իսկ Արցախից մի մասնիկ  հասավ Սյունիք։

Արցախը ծաղկում է, այնտեղ չգիտեն, թե ինչ է հանձնվել ասվածը… Ե՛կ Արցախ։

Լուսանկարները` հեղինակի

aniharutyunyanarm

Կարևորը

Գյուղում, եթե ուշադիր շուրջդ նայելով չքայլես, փոփոխություններ չես նկատի: Եթե ուշադիր չնայես Գևորգենց բակին, դարպասի նոր գույնը գուցե չնկատես, տասնամյակներով կանգնած հսկա թթենու բացակայությունը կնկատես միայն արևից այրվելիս: Գևորգին, եթե հեռվից նայես, հազիվ թե փոփոխություն նկատես. շորերը նույնն են, քայլվածքը մի քիչ ավելի խոնարհ` դեպի գետինը, դեպի հողը, որի վրա տարիներ շարունակ կռացած է ու տեսնում է ամենից շատ:

Երբ գյուղ ես գալիս միայն երեկոյան մթին ու տանեցիներին տեսնել ես հազիվ հասցնում, փոփոխություններ երբեք չես զգա: Գևորգին դեռ տեսնում եմ մանկության աչքերով, պապիս մոտ ընկերն է ու անընդհատ մեր բակում է, մեկ-մեկ էլ պապս է էնտեղ: Պապս ջահել է, հայրս էլ 19 էր` եղբայրս ծնվեց, պապիս ընկերներն էլ մեծ չէին, ու ես նրանց հիշում եմ առույգ, առանց սպիտակ մազերի ու կնճիռների: Երբ ես մեծացա, իրենք էլ, սկսեցին մեր բակ չգալ, գնացին երկրից, իրենց մեծանալը ես չտեսա, ու մնացին հիշողությանս մեջ պապիս` անկնճիռ ու սևահեր ընկերները:

Ինձ թվում էր` գյուղում փոփոխություններ չեն լինում. ովքեր չեն մահանում, միշտ մնում են մանկությանս հիշողությունների տեսքով, իրենց նույն բակում, նույն բազկաթոռին ու նույն շորերով: Հազվադեպ եմ դուրս գալիս գյուղում քայլելու: Քայլելն էլ երբեք աննպատակ չի լինում. պատճառը խանութ գնալն է: Գյուղում զբոսնելն ընդունված չէ. դաշտերում քայլելու շատ ժամանակ ունեն, երեկոն էլ հանգստինն է: Խանութի բակում Գևորգին տեսա: Մթությունից ու կարճատեսությունիցս ճիշտ կլինի ասել` նկատեցի, որ ինքն է: Բարևեցինք իրար: Պապիս ընկերներից իմ սիրելին է, միշտ ջերմ, հարգանքով:

Ներս մտա լուսավորված խանութ, Գևորգն էլ եկավ, կանգնեց կողքիս` դրամարկղի մոտ, նորից հարցրեց` լա՞վ ես, Անի ջան, բարձրացրի հայացքս` պապիս սևահեր ու անկնճիռ ընկերոջը տեսնելու. աչքիս առաջ կնճիռներն էին, սպիտակ մազեր: Շփոթվեցի, մի պահ առևտուրս մոռացա: Գյուղի գլխավոր փոփոխությունը մի վայրկյանում նկատեցի, հասկացա, որ դա բնավ ասֆալտը չի լինելու, ավելի շատ լուսավորությունը` նույնպես: Մարդիկ են գյուղի գլխավոր փոփոխությունը, նրանց վրա ես զգալու, ինքդ քո վրա ես զգալու, մանկությանդ մարդկանց ծերանալով ես զգալու: Հետո արդեն հորդ ու իր ընկերների ծերանալով ես զգալու: Ու ասֆալտն ու նոր տները գուցե երբեք  էլ չտեսնես. փոփոխությունը մարդկանց վրա ես զգալու: